Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/1 էջ 8–12
  • Տոկացի ինչպես Քրիստոսի զինվոր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տոկացի ինչպես Քրիստոսի զինվոր
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բանտարկություն՝ հեռավոր վայրերում
  • Հոգևոր սնունդ՝ մեր մեկուսացած վայրում
  • Անդադար քարոզում եմ
  • Քաջալերանք՝ անսպասելի աղբյուրից
  • Նորից բանտում, նորից ծառայության մեջ
  • Քրիստոսի զինվոր
  • Բանտի ճաղերն ինձ չբաժանեցին Եհովայից
    Եհովայի վկաների կենսագրությունները
  • Վճռել եմ Քրիստոսի զինվոր լինել
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2005 Դիտարան
w05 9/1 էջ 8–12

Կենսագրություն

Տոկացի ինչպես Քրիստոսի զինվոր

ՊԱՏՄՈՒՄ Է ՅՈՒՐԻ ԿԱՊՏՈԼԱՆ

«Հիմա վստահ եմ, որ հավատ ունես»։ Այս խոսքերն ասաց մեկը, որից նման բան չէի ակնկալում։ Դա խորհրդային բանակում ծառայող մի սպա էր։ Նրա խոսքերը, որ ուժ տվեցին ինձ, հնչեցին ճիշտ ժամանակին։ Ինձ երկարաժամկետ բանտարկություն էր սպասում, ու ես անընդհատ օգնություն էի աղերսում Եհովայից։ Իմ առջև դժվարություններով լի մի երկար ճանապարհ էր, որն անցնելու համար տոկունություն ու վճռականություն էր հարկավոր։

ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1962 թ. հոկտեմբերի 19–ին ու մեծացել Ուկրաինայի արևմտյան մասում։ Նույն թվին հայրս, որի անունը նույնպես Յուրի էր, սկսեց հաղորդակցվել Եհովայի վկաների հետ։ Կարճ ժամանակ անց նա դարձավ Եհովայի առաջին երկրպագուն մեր գյուղում։ Հորս գործունեությունը գրավեց պետական ծառայողների ուշադրությունը, որոնք դեմ էին Եհովայի վկաներին։

Այնուամենայնիվ, մեր հարևանների մեծ մասը հարգանքով էր վերաբերվում ծնողներիս նրանց քրիստոնեական հատկությունների, ինչպես նաև ուրիշների հանդեպ հոգատարության համար։ Ծնողներս յուրաքանչյուր առիթ օգտագործում էին, որպեսզի իմ ու երեք քույրերիս սրտում Աստծու հանդեպ սեր սնուցանեն։ Նրանք դա անում էին՝ սկսած իմ վաղ տարիքից, ինչի շնորհիվ կարողացա հաղթահարել այն բազմաթիվ դժվարությունները, որոնց հանդիպեցի դպրոցական տարիներին։ Դրանցից մեկը ծագեց այն ժամանակ, երբ աշակերտները հոկտեմբերիկներ դարձան ու սկսեցին կրել Լենինի պատկերով կրծքանշանը. մի բան, որ պահանջվում էր բոլորից։ Լինելով քրիստոնյա՝ ես չեզոքություն էի պահում, ուստիև չէի կրում այդ կրծքանշանը և այդպիսով տարբերվում էի մյուս երեխաներից (Յովհաննէս 6։15; 17։16)։

Երրորդ դասարանում բոլոր աշակերտները պետք է միանային մանկական կոմունիստական կազմակերպությանը՝ դառնալով պիոներներ։ Անդամագրման օրը ամբողջ դասարանին դուրս բերեցին դպրոցի հրապարակ։ Ես շատ անհանգիստ էի, քանզի սպասում էի, որ ինձ ծաղրուծանակի կենթարկեն ու կհանդիմանեն։ Բոլոր երեխաները, բացի ինձանից, իրենց հետ պիոներական կարմիր փողկապներ էին բերել։ Աշակերտներին երկար շարք կանգնեցրին։ Նրանց դիմաց կանգնած էին տնօրենը, ուսուցիչներն ու բարձր դասարանցիները։ Երբ վերջիններիս պատվիրեցին մեր վզին կապել փողկապները, ես իջեցրի գլուխս՝ հուսալով, որ ոչ ոք ինձ չի նկատի։

Բանտարկություն՝ հեռավոր վայրերում

18 տարեկանում ինձ դատապարտեցին եռամյա ազատազրկման քրիստոնեական չեզոքություն պահելու պատճառով (Եսայիա 2։4)։ Առաջին տարին անցկացրի Տրուդովոյե քաղաքում, որը գտնվում է Վիննիցայի մարզում (Ուկրաինա)։ Այնտեղ կային մոտ 30 ուրիշ Վկաներ։ Մենք զույգ–​զույգ աշխատում էինք տարբեր ջոկատներում, քանզի իշխանությունները չէին ցանկանում, որ հաղորդակցվենք իրար հետ։

1982 թ. օգոստոսին ինձ և Էդուարդ անունով մեկ ուրիշ Վկայի մի խումբ բանտարկյալների հետ գնացքով ուղարկեցին Ուրալյան լեռների հյուսիսային մասը։ Կալանավորներով լեփ–​լեցուն, տոթ վագոններում ճանապարհորդեցինք 8 օր, մինչև որ հասանք Սոլիկամսկի գաղութը (Պերմի մարզ)։ Ինձ ու Էդուարդին նստեցրին տարբեր խցերում։ Երկու շաբաթ անց ինձ ուղարկեցին հյուսիս՝ Վյոլս գյուղը (Կրասնովիշերսկի շրջան)։

Մենք տեղ հասանք գիշերվա կեսին։ Շուրջբոլորը անթափանց խավար էր։ Չնայած դրան՝ սպաներից մեկը հրամայեց նավակով անցնել գետը, մինչդեռ մենք ո՛չ գետ էինք տեսնում, ո՛չ էլ նավակ։ Այդուհանդերձ, շոշափելով սկսեցինք որոնել նավակը, մինչև որ գտանք այն, և ապա վախվխելով լողացինք դեպի գետի մյուս կողմը։ Հասնելով ափին՝ շարժվեցինք մոտակա բլրից երևացող լույսի ուղղությամբ։ Այնտեղ գտանք մի քանի վրաններ։ Դա լինելու էր մեր նոր տունը։ Ես ապրում էի համեմատաբար մեծ վրանում մոտ 30 բանտարկյալների հետ։ Ձմռանը ջերմաստիճանը երբեմն իջնում էր մինչև 40°C, իսկ վրանները չէին պահում ջերմությունը։ Բանտարկյալները գլխավորապես ծառեր էին կտրում։ Սակայն ես աշխատում էի բարաքների շինարարության վրա, որ կառուցվում էին կալանավորների համար։

Հոգևոր սնունդ՝ մեր մեկուսացած վայրում

Այդ վայրում ես միակ Վկան էի։ Բայց Եհովան չէր թողել ինձ։ Մի օր մորիցս ծանրոց ստացա (նա դեռ շարունակում էր ապրել արևմտյան Ուկրաինայում)։ Երբ պահակներից մեկը բացեց այն, առաջին բանը, որ նկատեց, մի փոքրիկ Աստվածաշունչ էր։ Նա վերցրեց գիրքը և սկսեց արագ թերթել։ Ես մտածում էի, թե ինչ ասեմ, որպեսզի ինձնից չբռնագրավեն այդ հոգևոր գանձը։ «Սա ի՞նչ է»,— կտրուկ հարցրեց պահակը։ Մինչև կհասցնեի որևէ պատասխան գտնել, նրա կողքին կանգնած հսկիչն ասաց. «Ինչ–​որ բառարան է»։ Ես լռեցի (Ժողովող 3։7)։ Հսկիչը զննեց ծանրոցի մեջ դրված մյուս բաները և այն հանձնեց ինձ՝ անգին Աստվածաշնչի հետ միասին։ Ցնծալով ուրախությունից՝ նրան ընկույզ հյուրասիրեցի, որ ուղարկել էր մայրս։ Այդ ծանրոցը ստանալով՝ հասկացա, որ Եհովան ինձ չէր մոռացել։ Նա մեկնել էր իր շռայլ ձեռքը՝ հոգ տանելով իմ հոգևոր կարիքների մասին (Եբրայեցիս 13։5)։

Անդադար քարոզում եմ

Մի քանի ամիս անց մի քրիստոնյա եղբորից նամակ ստացա, որն ինձ շատ զարմացրեց։ Այդ եղբայրը նույնպես բանտարկված էր և գտնվում էր մեզանից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Նա գրում էր, որ մեր ճամբարում Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն ցույց տված մի մարդ պետք է լինի, և խնդրում էր գտնել նրան։ Քանի որ մեր բոլոր նամակներն ընթերցվում էին, խելամիտ չէր բացահայտորեն նման բան գրել։ Զարմանալի չէ, որ սպաներից մեկը կանչեց ինձ և խստիվ արգելեց քարոզել։ Ապա նա հրամայեց ստորագրել մի փաստաթուղթ, որով պարտավորվում էի չքարոզել ուրիշներին իմ համոզմունքների մասին։ Ես պատասխանեցի, որ չեմ հասկանում, թե ինչու պետք է նման բան ստորագրեմ։ Չէ՞ որ բոլորն արդեն գիտեն, որ ես Եհովայի վկա եմ։ Նաև նշեցի, որ մյուս բանտարկյալները ցանկանում են իմանալ, թե ինչու եմ ընկել կալանքի տակ։ Ի՞նչ պետք է պատասխանեմ նրանց (Գործք 4։20)։ Սպան հասկացավ, որ չի կարող վախեցնել ինձ, ուստի որոշեց ինձնից ձերբազատվել։ Ես ուղարկվեցի մեկ ուրիշ ճամբար։

Ինձ տեղափոխեցին նախկին վայրից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վայա գյուղը։ Այնտեղի հսկիչները, հարգելով իմ քրիստոնեական դիրքորոշումը, ինձ զինվորական գործ չտվեցին։ Սկզբում արհեստավորի աշխատանք էի կատարում, հետո՝ էլեկտրիկի։ Բայց այս աշխատանքները իրենց դժվարություններն ունեին։ Մի անգամ ինձ ասացին, որ վերցնեմ գործիքներս ու գնամ գյուղի ակումբը։ Երբ տեղ հասա, այնտեղ հավաքված զինվորականները ուրախությամբ ողջունեցին ինձ։ Փչացել էին զինվորական խորհրդանիշները զարդարող լույսերը։ Զինվորներն ուզում էին, որ օգնեմ նորոգել դրանք, քանզի պատրաստվում էին տոնել Կարմիր բանակի օրը։ Ես սկսեցի աղոթել՝ մտածելով, թե ինչ անեմ։ Ապա ասացի, որ չեմ կարող այդպիսի աշխատանք կատարել։ Ես նրանց տվեցի իմ գործիքները և հեռացա։ Իմ մասին զեկուցեցին պետի տեղակալին, բայց վերջինս, ի զարմանս ինձ, բողոքները լսելուց հետո ասաց. «Ես հարգում եմ նրան այդ բանի համար։ Նա սկզբունքային մարդ է»։

Քաջալերանք՝ անսպասելի աղբյուրից

1984 թ. հունիսի 8–ին, երբ լրացավ բանտարկությանս երրորդ տարին, ինձ ազատ արձակեցին։ Ուկրաինա վերադառնալուն պես պետք է հաշվառման կանգնեի միլիցիայի բաժանմունքում՝ որպես նախկին բանտարկյալ։ Պետական ծառայողներն ասացին, որ վեց ամիս անց իմ դեմ նորից քրեական գործ է բացվելու, և որ ինձ համար լավ կլինի ընդհանրապես հեռանալ այդ մարզից։ Ես մեկնեցի Ուկրաինայից և ի վերջո աշխատանք գտա Լատվիայում։ Որոշ ժամանակ կարողանում էի ծառայել Վկաների մի փոքր խմբի հետ։ Վերջիններս ապրում էին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում և նրա մերձակայքում։ Բայց դա տևեց ընդամենը մեկ տարի։ Ապա ինձ նորից կանչեցին զինվորական ծառայության։ Ես ներկայացա զինկոմիսարիատ և ասացի, որ նախկինում հրաժարվել եմ ծառայությունից։ Լսելով այդ մասին՝ սպան բղավեց. «Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում։ Տեսնենք, թե ինչ կասես փոխգնդապետին»։

Նա տարավ ինձ մի սենյակ, որը գտնվում էր երկրորդ հարկում։ Այնտեղ՝ երկար սեղանի մոտ, նստած էր փոխգնդապետը։ Վերջինս ուշադրությամբ լսեց իմ բացատրությունները և ասաց, որ դեռ ժամանակ ունեմ փոխելու որոշումս, նախքան կներկայանամ զինվորական հանձնաժողովին։ Երբ դուրս եկանք փոխգնդապետի գրասենյակից, այն սպան, որը սկզբում բղավում էր ինձ վրա, անկեղծորեն ասաց. «Հիմա վստահ եմ, որ հավատ ունես»։ Երբ կանգնեցի զինվորական հանձնաժողովի առջև, կրկին հայտնեցի չեզոքություն պահելու վերաբերյալ իմ որոշման մասին, և ինձ որոշ ժամանակով ազատ արձակեցին։

Ես ապրում էի հանրակացարանում։ Մի գիշեր դուռս թեթևակի թակեցին։ Բացելով այն՝ տեսա կոստյում հագած մի տղամարդու, որի ձեռքին պայուսակ կար։ Նա ասաց.

— Ես Պետական անվտանգության կոմիտեից եմ։ Մեզ հայտնի է, որ դու դժվարություններ ունես, և շուտով քո դեմ քրեական գործ է բացվելու։

— Այդպես էլ կա,— պատասխանեցի։ Տղամարդը շարունակեց.

— Մենք կարող ենք օգնել քեզ, եթե համաձայնվես աշխատել մեզ համար։

— Դա անհնար է։ Ես հավատարիմ եմ մնալու իմ քրիստոնեական համոզմունքներին։

Տղամարդը չփորձեց որևէ ձևով տարհամոզել ինձ և հեռացավ։

Նորից բանտում, նորից ծառայության մեջ

1986 թ. օգոստոսի 26–ին, Ռիգայի ազգային դատարանի որոշմամբ, չորս տարով դատապարտվեցի հարկադրական աշխատանքների։ Ինձ ուղարկեցին Ռիգայի կենտրոնական բանտ։ Իմ խցում կային նաև 40 ուրիշ բանտարկյալներ։ Ես փորձում էի քարոզել նրանցից յուրաքանչյուրին։ Ոմանք ասում էին, որ հավատում են Աստծուն, ոմանք էլ ծաղրում էին ինձ։ Ես նկատեցի, որ բանտարկյալները բաժանվում էին խմբերի։ Երկու շաբաթ անց այդ խմբերի առաջնորդները ինձ արգելեցին քարոզել, քանի որ ես չէի ապրում նրանց չգրված օրենքներով։ Ես բացատրեցի, որ դա է իմ բանտ ընկնելու պատճառը. ես ապրում եմ ուրիշ օրենքներով։    

Չնայած այս ամենին՝ շարունակում էի զգուշորեն քարոզել, հատկապես երբ գտնում էի հոգևորի հանդեպ հետաքրքրություն ունեցող անհատների։ Ինձ հաջողվեց Աստվածաշնչի չորս ուսումնասիրություն անցկացնել։ Մեր քննարկումների ժամանակ ուսումնասիրողները տետրի մեջ գրի էին առնում Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Մի քանի ամիս անց ինձ ուղարկեցին Վալմիերա քաղաքի հատուկ խստության գաղութը, որտեղ էլեկտրիկի գործ էի կատարում։ Այնտեղ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցի մեկ ուրիշ էլեկտրիկի հետ, որը չորս տարի հետո դարձավ Եհովայի վկա։

1988 թ. մայիսի 24–ին հատուկ խստության գաղութից ինձ ուղարկեցին մոտակա բնակավայրում գտնվող ճամբարը։ Դա իսկական օրհնություն էր, քանի որ մի փոքր ավելի ազատություն ստացա։ Ես աշխատում էի տարբեր շինհրապարակներում և քարոզելու առիթներ էի փնտրում։ Հաճախ այնպես էր պատահում, որ դուրս էի գալիս ճամբարից։ Այդ դեպքերում քարոզում էի մինչև ուշ երեկո, բայց ճամբար վերադառնալիս երբեք խնդիրներ չէի ունենում։

Եհովան օրհնեց իմ ջանքերը։ Այդ տարածքում ապրում էին մի քանի Վկաներ։ Բայց հենց քաղաքում կար ընդամենը մի տարեց քույր՝ Վիլմա Կրումինյա անունով։ Ես և քույր Կրումինյան բազմաթիվ ուսումնասիրություններ էինք անցկացնում երիտասարդների հետ։ Ծառայության մեջ մեզ աջակցելու համար ժամանակ առ ժամանակ Ռիգայից եղբայրներ ու քույրեր էին գալիս, իսկ որոշ ընդհանուր ռահվիրաներ գալիս էին նույնիսկ Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Եհովայի օգնությամբ մենք Աստվածաշնչի մի շարք ուսումնասիրություններ սկսեցինք։ Շուտով ես դարձա ռահվիրա՝ յուրաքանչյուր ամիս 90 ժամ նվիրելով ծառայությանը։    

1990 թ. ապրիլի 7–ին իմ գործը վերանայվեց Վալմիերայի ժողովրդական դատարանում։ Դատավարության ժամանակ ճանաչեցի դատախազին։ Դա մի երիտասարդ էր, որի հետ ժամանակին զրույցներ էի ունեցել աստվածաշնչյան թեմաներով։ Նա ճանաչեց ինձ, ժպտաց, բայց ոչինչ չասաց։ Մինչև օրս հիշում եմ դատավորի խոսքերը. «Յո՛ւրի, չորս տարի առաջ ձեզ ազատազրկելու որոշումը անօրինական էր։ Դուք չպետք է հանցավոր ճանաչվեիք»։ Անսպասելիորեն ես ազատություն ստացա։

Քրիստոսի զինվոր

1990 թ. հունիսին հարկ եղավ, որ նորից հաշվառման կանգնեմ զինկոմիսարիատում, որպեսզի Ռիգայում բնակություն հաստատելու թույլտվություն ստանամ։ Ես մտա նույն գրասենյակը՝ նույն երկար սեղանով։ Հենց այնտեղ էր, որ չորս տարի առաջ փոխգնդապետի առջև հրաժարվել էի զինծառայությունից։ Այս անգամ նա ոտքի կանգնեց, որ ինձ բարևի։ Փոխգնդապետը սեղմեց ձեռքս և ասաց. «Շատ ափսոս, որ ստիպված եղաք անցնել այսքան բաների միջով։ Ցավում եմ, որ ամեն բան այսպես դասավորվեց»։

«Ես Քրիստոսի զինվորն եմ,— պատասխանեցի,— և պետք է ապրեմ իմ կոչման համաձայն։ Աստվածաշնչի օգնությամբ դուք նույնպես հնարավորություն կունենաք վայելելու այն, ինչ Քրիստոսը խոստացել է իր հետևորդներին՝ երջանիկ կյանք և հավիտենական ապագա» (Բ Տիմոթէոս 2։3, 4)։ Փոխգնդապետը պատասխանեց. «Վերջերս Աստվածաշունչ եմ գնել և հիմա ընթերցում եմ այն»։ Ինձ մոտ կար «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում»a գիրքը։ Ես բացեցի այն գլուխը, որում խոսվում է վերջին օրերի նշանի մասին, և ցույց տվեցի, թե ինչպես է Աստվածաշնչի այդ մարգարեությունը կատարվում մեր օրերում։ Փոխգնդապետը խորը երախտագիտությամբ կրկին սեղմեց ձեռքս և հաջողություն մաղթեց իմ գործում։

Այդ ժամանակ լատվիական դաշտն իրոք ‘սպիտակել էր և հասել հնձին’ (Յովհաննէս 4։35)։ 1991 թ.–ից սկսեցի ծառայել որպես երեց։ Այդ ժամանակ ամբողջ երկրում ընդամենը երկու երեց կար։ Մեկ տարի անց Լատվիայի միակ ժողովը կիսվեց լատվիախոս և ռուսախոս ժողովների։ Ես սկսեցի ծառայել ռուսախոս ժողովում։ Աճն այնքան արագ էր ընթանում, որ արդեն հաջորդ տարի մեր ժողովը բաժանվեց երեք մասի։ Վերհիշելով այդ ամենը՝ պարզ տեսնում եմ, որ Եհովան էր իր գառներին ուղղում դեպի իր կազմակերպությունը։

1998 թ.–ին ինձ հատուկ ռահվիրա նշանակեցին Ելգավա քաղաքում, որ գտնվում է Ռիգայից 40 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ–​արևմուտք։ Այդ տարի ինձ նաև հրավիրեցին սովորելու Ծառայության կատարելագործման դպրոցում, որ անցկացվելու էր ռուսերեն լեզվով Սոլնեչնոյեում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։ Ես Լատվիայից հրավիրված առաջին եղբայրների թվում էի։ Դասընթացների ժամանակ հասկացա, թե որքան կարևոր է սիրել մարդկանց՝ ծառայության մեջ հաջողության հասնելու համար։ Դպրոցում ստացած գիտելիքներիցս առավել ինձ տպավորեցին այն ուշադրությունն ու սերը, որ մեր հանդեպ ցուցաբերեցին Բեթելի ընտանիքն ու դպրոցի ուսուցիչները։

2001 թ.–ին իմ կյանքում մեկ ուրիշ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. ես ամուսնացա Կարինայի՝ մի հիանալի քրիստոնյա քրոջ հետ։ Մենք միասին շարունակեցինք հատուկ լիաժամ ծառայությունը։ Ամեն օր, երբ կինս վերադառնում է քարոզչական ծառայությունից, նրա դեմքը ուրախությունից փայլում է, և դա ինձ շատ է քաջալերում։ Իրոք, մեծ ուրախություն է ծառայել Եհովային։ Այն դժվարությունները, որ կրեցի կոմունիստական վարչակարգի ժամանակ, սովորեցրին ինձ ամբողջովին ապավինել նրան։ Եթե մարդը ցանկանում է լինել Եհովայի բարեկամը և նրա գերիշխանության կողմնակիցը, ապա պատրաստ կլինի գնալ ցանկացած զոհողության։ Շնորհիվ այն բանի, որ ուրիշներին սովորեցնում եմ մեր Աստծու մասին, կյանքս իմաստ է ձեռք բերել։ Ինձ համար աննկարագրելի պատիվ է ծառայել Եհովային «ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր» (Բ Տիմոթէոս 2։3)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Տպագրվել է նաև արևմտահայերեն ու ռուսերեն լեզուներով։

[նկար 10–րդ էջի վրա]

Ինձ չորս տարով դատապարտեցին հարկադրական աշխատանքների և ուղարկեցին Ռիգայի կենտրոնական բանտ

[նկար 12–րդ էջի վրա]

Կարինայի հետ ծառայելիս

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը