Եհովան մեր Հովիվն է
«Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ» (ՍԱՂՄՈՍ 23։1)։
1–3. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Դավիթը Եհովային համեմատում է հովվի հետ։
ԵԹԵ հարկ լիներ բացատրել, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ժողովրդին, ի՞նչ խոսքեր կընտրեիր։ Ի՞նչ համեմատություն կանեիր՝ ցույց տալու համար նրա քնքշությունն ու հոգատարությունը իր հավատարիմ ծառաների հանդեպ։ Ավելի քան 3 000 տարի առաջ Դավիթ թագավորը սաղմոսներից մեկում մի շատ գեղեցիկ համեմատություն արեց, որը հարազատ էր իր սրտին։
2 Երիտասարդ տարիքում Դավիթը հովիվ էր եղել։ Ուստի նա շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում հոգ տանել ոչխարներին։ Նրան նաև հայտնի էր, որ անուշադրության մատնվելու դեպքում ոչխարները հեշտությամբ կարող են կորչել և դառնալ ավազակների կամ գազանների զոհը (Ա Թագաւորաց 17։34–36)։ Առանց հոգատար հովվի՝ նրանք չէին կարողանա գտնել իրենց արոտավայրը։ Դավիթն, անկասկած, լավ հուշեր էր պահպանել այն մասին, թե ինչպես էր ինքը առաջնորդել, պաշտպանել ու կերակրել իր ոչխարներին։
3 Զարմանալի չէ, որ Դավիթը վերհիշեց հովվի գործը, երբ նկարագրում էր Եհովայի հոգատարությունը իր ժողովրդի հանդեպ։ 23–րդ սաղմոսը, որն արձանագրել է հենց ինքը, սկսվում է այսպիսի խոսքերով. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ»։ Եկեք տեսնենք, թե ինչու կարելի է ասել, որ այս համեմատությունը հաջող է։ Ապա քննենք 23–րդ սաղմոսը, որպեսզի հասկանանք, թե ինչ կերպերով է Եհովան սիրառատ հովվի նման հոգ տանում իր երկրպագուներին (Ա Պետրոս 2։25)։
Հաջող համեմատություն
4, 5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում ոչխարների վարքագիծը։
4 Սուրբ Գրություններում Եհովան հանդես է գալիս բազմաթիվ տիտղոսներով։ Սակայն «Հովիվը» այն տիտղոսներից մեկն է, որն ամենից շատ է արտացոլում Աստծու քնքշությունը (Սաղմոս 80։1)։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է պատշաճ Եհովային համեմատել հովվի հետ, պարզենք երկու բան. նախ՝ ի՞նչ վարքագիծ են դրսևորում ոչխարները, ապա՝ ի՞նչ հատկություններ պետք է ունենա լավ հովիվը և ի՞նչ պարտականություններ պետք է նա կատարի։
5 Աստվածաշնչում հաճախ է նկարագրվում ոչխարների վարքագիծը. նրանք անմիջապես արձագանքում են իրենց հովվի սիրուն (Բ Թագաւորաց 12։3), ագրեսիվ չեն (Եսայիա 53։7) և չեն կարող պաշտպանել իրենց (Միքիա 5։8)։ Մի գրող, որը երկար տարիներ զբաղվել է ոչխարաբուծությամբ, նշում է. «Շատերը ենթադրում են, թե ոչխարները կարող են ինքնուրույն հոգ տանել իրենց։ Սակայն դա այդպես չէ։ Նրանք, ցանկացած ընտանի կենդանուց առավել, մեծ ուշադրություն և խնամք են պահանջում»։ Որպեսզի այդ անօգնական արարածները կենդանի մնան, նրանց հոգատար հովիվ է անհրաժեշտ (Եզեկիէլ 34։5)։
6. Ինչպե՞ս է մի աստվածաշնչյան բառարանում նկարագրվում հովվի առօրյան։
6 Ինչպիսի՞ն էր հնում ապրող հովվի առօրյան։ Մի աստվածաշնչյան բառարանում բացատրվում է. «Վաղ առավոտյան [հովիվը] փարախից հանում էր ոչխարներին՝ առաջնորդելով դեպի արոտավայր։ Ապա ամբողջ օրվա ընթացքում հսկում էր նրանց և հետևում, որ ոչ մեկը չհեռանա հոտից։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը որոշ ժամանակ կորչում էր տեսադաշտից կամ ետ էր ընկնում, նա ջանադրաբար այնքան էր փնտրում, մինչև որ գտներ։ .... Երեկոյան հովիվը տուն էր բերում հոտը, ապա հաշվում էր ոչխարներին՝ անցկացնելով նրանց իր ցուպի տակով։ Այդպես նա համոզվում էր, որ ոչ մեկը չի կորչել։ .... Հաճախ նա նույնիսկ գիշերներն էր հսկում հոտը, որպեսզի պաշտպաներ վայրի գազանների հարձակումից կամ գողերից, որոնք կարող էին նենգաբար սողոսկել փարախ»։a
7. Ինչո՞ւ պետք է հովիվը երբեմն հատուկ քնքշություն և համբերատարություն ցուցաբերի։
7 Ոչխարներին, մանավանդ հղի մաքիներին կամ փոքրիկ գառնուկներին խնամելիս երբեմն հատուկ քնքշության և համբերատարության կարիք է զգացվում (Ծննդոց 33։13)։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ ասվում է. «Հաճախ գառնուկները ծնվում են [գյուղից] հեռու՝ սարերում։ Հովիվը մեծ հոգատարությամբ խնամում է անօգնական մաքիին, վերցնում է նորածին գառնուկին և դնում իր քղանցքի մեջ։ Քանի դեռ նորածին գառնուկը քայլել չի սովորել, հովիվը մի քանի օր նրան կրում է իր գրկում կամ իր վերնազգեստի լայն ծալքերում» (Եսայիա 40։10, 11)։ Ինչպես տեսնում ենք, լավ հովիվը պետք է միաժամանակ և՛ զորեղ, և՛ նուրբ հատկություններ ունենա։
8. Եհովային վստահելու ի՞նչ հիմնավոր պատճառներ է բերում Դավիթը։
8 «Տէրն է իմ հովիւը»։ Մի՞թե սա հաջող համեմատություն չէ։ Քննարկելով 23–րդ սաղմոսը՝ կտեսնենք, թե ինչպես է Աստված հոգ տանում մեր մասին՝ հովվի պես դրսևորելով և՛ զորեղ, և՛ նուրբ հատկություններ։ Առաջին համարում Դավիթն արտահայտում է իր համոզվածությունը, որ Աստված իր ոչխարների համար կանի ամեն ինչ, որպեսզի նրանք ոչ մի բանի ‘կարոտություն չունենան’։ Հաջորդ համարներում Դավիթը Եհովային վստահելու երեք հիմնավոր պատճառ է բերում. առաջին՝ Եհովան առաջնորդում է իր հոտը, երկրորդ՝ պաշտպանում է այն և երրորդ՝ կերակրում է իր ոչխարներին։ Եկեք առանձին–առանձին քննարկենք այս պատճառները։
«Ինձ առաջնորդում է»
9. Ի՞նչ խաղաղ տեսարան է նկարագրում Դավիթը, և ոչխարներն ինչպե՞ս կարող էին հայտնվել այդպիսի վայրում։
9 Նախ՝ Եհովան առաջնորդում է իր ժողովրդին։ Դավիթը գրում է. «Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար» (Սաղմոս 23։2, 3)։ Միայն պատկերացրու. պարարտ արոտավայր, խաղաղ միջավայրում արածող ոչխարներ... Ահա այսպես է Դավիթը նկարագրում ոչխարների գոհունակ, հանգիստ և ապահով վիճակը։ ‘Կանաչ տեղեր’ թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել «հաճելի վայր»։ Անշուշտ, ոչխարներն ինքնուրույն չէին կարողանա այդպիսի վայր գտնել։ Նրանց պետք է այնտեղ տաներ հովիվը։
10. Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս իր վստահությունը մեր հանդեպ։
10 Իսկ ինչպե՞ս է Եհովան առաջնորդում մեզ այսօր։ Առաջին հերթին՝ իր օրինակով։ Աստվածաշունչը մեզ հորդորում է ‘նմանող լինել Աստծուն’ (Եփեսացիս 5։1)։ Այս խոսքերի համատեքստում հիշատակվում են գթառատությունը, ներողամտությունն ու սերը (Եփեսացիս 4։32; 5։2)։ Այդ հրաշալի հատկությունները ցուցաբերելու հարցում Եհովան, անկասկած, լավագույն օրինակն է։ Իսկ Աստծուն նմանվելու խորհուրդը իրատեսակա՞ն է արդյոք։ Իհա՛րկե։ Վերոհիշյալ խորհուրդը տալով՝ Եհովան, ըստ էության, իր վստահությունն է արտահայտում մեր հանդեպ։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։ Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով, այսինքն՝ օժտված ենք բարոյական հատկություններով և հոգևորն ըմբռնելու կարողությամբ (Ծննդոց 1։26)։ Ուստի Եհովան գիտի, որ անկատար լինելով հանդերձ՝ մենք ունակ ենք զարգացնելու այն նույն հատկությունները, որոնք նա է ցուցաբերում։ Պատկերացնո՞ւմ ես, մեր սիրառատ Աստվածը վստահ է, որ կարող ենք նմանվել իրեն։ Եթե հետևենք Եհովայի օրինակին, նա կառաջնորդի մեզ դեպի «հաճելի վայր»։ Բռնությամբ ողողված այս աշխարհում մենք ‘ապահովությամբ կբնակվենք’ և խաղաղություն կվայելենք այն բանի գիտակցումից, որ Աստված հավանություն է տալիս մեզ (Սաղմոս 4։8; 29։11)։
11. Իր ոչխարներին առաջնորդելիս ի՞նչ է հաշվի առնում Եհովան, և ինչպե՞ս է դա երևում նրա պահանջներից։
11 Մեզ առաջնորդելիս Եհովան քնքշություն և համբերություն է դրսևորում։ Սովորաբար հովիվը հաշվի է առնում իր ոչխարների հնարավորությունները, ուստիև քայլում է «անասունների ոտքովը», այսինքն՝ նրանց արագությամբ (Ծննդոց 33։14)։ Եհովան նույնպես իր ոչխարներին առաջնորդում է «[նրանց] ոտքովը»։ Նա հաշվի է առնում մեր կարողություններն ու հանգամանքները։ Աստված, այսպես ասած, քայլում է մեր արագությամբ՝ երբեք չպահանջելով այն, ինչ մեր ուժերից վեր է։ Նա պարզապես ցանկանում է, որ մենք ամեն բան «սրտանց» անենք (Կողոսացիս 3։23)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե դու արդեն ծեր ես և չես կարող անել այնքան, որքան նախկինում, կամ եթե հնարավորություններդ սահմանափակ են որևէ լուրջ հիվանդության պատճառով։ Ահա այստեղ է երևում սրտանց ծառայելու մասին պատվերի ողջ գեղեցկությունը։ Գոյություն չունեն իրար ամբողջապես նման երկու մարդիկ. յուրաքանչյուր մարդ իր հնարավորություններն ունի։ Ուստի սրտանց ծառայել նշանակում է ծառայության մեջ ուժն ու եռանդը ներդնել այնքան, որքան թույլ են տալիս քո հնարավորությունները։ Եհովան գնահատում է մեր սրտաբուխ ծառայությունը՝ անկախ այն բանից, թե մեր թերությունները որքան կարող են դանդաղեցնել մեր «քայլերը» (Մարկոս 12։29, 30)։
12. Մովսիսական օրենքից վերցված ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Եհովան քայլում է իր ոչխարների «ոտքովը»։
12 Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է Եհովան քայլում իր ոչխարների «ոտքովը», քննարկենք, թե Մովսիսական օրենքում ինչ էր ասվում հանցանքի պատարագների մասին։ Եհովան ընդունում էր միայն լավ պատարագը, որը տրվում էր երախտագիտությամբ լի սրտից։ Միևնույն ժամանակ, պատարագները կարող էին լինել տարբեր տեսակի՝ կախված դրանք մատուցողի նյութական հնարավորություններից։ Օրենքում ասվում էր. «Եթէ նորա ձեռքը չ’հասնէ ոչխար կամ այծ բերելու, ....երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ»։ Իսկ եթե մարդը ի վիճակի չլինե՞ր անգամ երկու աղավնի բերել։ Այդ դեպքում նա կարող էր բարձրորակ «ալիւր» մատուցել Եհովային (Ղեւտացոց 5։7, 11)։ Ակներևաբար, Աստված չէր պահանջում, որ մարդը տար ավելին, քան ի վիճակի էր։ Աստված չի փոխվում, և դա շատ մխիթարական է մեզ համար, քանզի հասկանում ենք, որ նա մեր ուժերից վեր ոչինչ չի պահանջում։ Եհովան ուրախությամբ է ընդունում այն ամենը, ինչ անում ենք մեր հնարավորության սահմաններում (Մաղաքիա 3։6)։ Որքա՜ն հաճելի է քայլել նման կարեկից Հովվի առաջնորդությամբ։
«Չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես»
13. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Սաղմոս 23։4–ում Դավիթն ավելի ջերմ է խոսում Եհովայի հետ, և ինչո՞ւ դա զարմանալի չէ։
13 Երկրորդ պատճառը, որը մղում էր Դավթին վստահություն ունենալ Եհովայի հանդեպ, հետևյալն է. Աստված պաշտպանում է իր ոչխարներին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։4)։ Դավթի խոսքերն այստեղ ավելի ջերմ երանգ են ստանում, ու դա երևում է այն բանից, որ Եհովային դիմելիս նա օգտագործում է «դու» դերանունը։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ Դավիթը խոսում է այն մասին, թե ինչպես է Աստված օգնել իրեն դժվար պահերին։ Նա անցել էր բազում «մթին ձորերով»՝ եղել էր այնպիսի իրավիճակներում, երբ վտանգի էր ենթարկվել անգամ իր կյանքը։ Սակայն Դավիթը թույլ չէր տվել, որ վախը համակի իրեն. նա համոզված էր, որ Աստված իր ‘գավազանով’ ու ‘ցուպով’ պատրաստ կանգնած էր իր կողքին։ Զգալով Եհովայի պաշտպանությունը՝ Դավիթն, անկասկած, ավելի ու ավելի էր մտերմացել նրա հետ։b
14. Ի՞նչ հավաստիացում է տալիս Աստվածաշունչը Եհովայի պաշտպանության վերաբերյալ, սակայն դա ի՞նչ չի նշանակում։
14 Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ոչխարներին այսօր։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ ոչ մի հակառակորդ՝ լինի դա մարդ թե ոգեղեն անձնավորություն, չի կարողանա երկրի երեսից ջնջել Աստծու ոչխարներին։ Եհովան երբեք նման բան թույլ չի տա (Եսայիա 54։17; Բ Պետրոս 2։9)։ Սակայն սա չի նշանակում, թե մեր Հովիվը զերծ կպահի մեզ բոլոր փորձություններից։ Մենք կրում ենք այնպիսի դժվարություններ, որ ունեն բոլոր մարդիկ։ Բացի այդ, բախվում ենք հակառակության, որի միջով պետք է անցնի յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա (Բ Տիմոթէոս 3։12; Յակոբոս 1։2)։ Երբեմն մենք կարող ենք քայլել «մահի շուքի ձորո[վ]»։ Օրինակ՝ հալածանքի կամ ծանր հիվանդության պատճառով կարող ենք կանգնել մահվան սպառնալիքի առջև։ Հնարավոր է նաև, որ մեր հարազատներից որևէ մեկը հայտնվի մահամերձ վիճակում կամ նույնիսկ մահանա։ Ամենածանր պահերին մեր Հովիվը մեզ հետ կլինի ու կպաշտպանի մեզ։ Իսկ ինչպե՞ս։
15, 16. ա) Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաղթահարելու փորձությունները։ բ) Պատմիր մի դեպք այն մասին, թե ինչպես է Եհովան օգնում մեզ փորձության ժամանակ։
15 Եհովան չի խոստանում հրաշքով միջամտել մեր գործերին։c Սակայն կարող ենք համոզված լինել, որ Աստված կօգնի մեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։ Նա կարող է օժտել մեզ իմաստությամբ, որի շնորհիվ կանցնենք տարբեր փորձությունների միջով (Յակոբոս 1։2–5)։ Սովորաբար հովիվը իր ցուպով, կամ՝ գավազանով ոչ միայն պաշտպանում է իր ոչխարներին, այլև ցույց է տալիս ճիշտ ուղղությունը։ Նմանապես, Եհովան կարող է ցույց տալ ճիշտ ուղղությունը՝ մղելով մեզ կիրառելու աստվածաշնչյան այն խորհուրդը, որի շնորհիվ ելք կգտնենք ստեղծված իրավիճակից։ Նա այդ բանը կարող է անել, օրինակ, որևէ հավատակցի միջոցով։ Բացի այդ, Եհովան կզորացնի մեզ, որ դիմանանք (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Իր սուրբ ոգու օգնությամբ նա ‘զորության գերազանցություն’՝ սովորականից ավելի զորություն, կտա մեզ (Բ Կորնթացիս 4։7)։ Իսկ Աստծու ոգու աջակցությամբ կհաղթահարենք ցանկացած փորձություն, որի մեջ հնարավոր է ընկնենք Սատանայի պատճառով (Ա Կորնթացիս 10։13)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Եհովան միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մեզ։
16 Այո՛, ինչպիսի «մթին ձորում» էլ հայտնվեք, երբեք մենակ չենք մնա։ Մեր Հովիվը միշտ մեզ հետ կլինի և այնպիսի օգնություն ցույց կտա, որը չենք էլ կարող պատկերացնել։ Քննենք մի օրինակ. քրիստոնյա մի երեցի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք էին հայտնաբերել։ Նա պատմում է. «Պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում անընդհատ մտածում էի, թե գուցե Եհովան բարկացել է ինձ վրա կամ այլևս չի սիրում ինձ։ Սակայն ես վճռել էի ոչ մի դեպքում չհեռանալ նրանից։ Փոխարենը՝ աղոթում էի Աստծուն՝ նրա վրա գցելով իմ բոլոր հոգսերը։ Իսկ Եհովան օգնում էր ինձ՝ հաճախ մխիթարելով քույրերի ու եղբայրների միջոցով։ Շատերն իրենց կյանքից քաջալերական դեպքեր էին պատմում այն մասին, թե ինչպես են լուրջ հիվանդություններ հաղթահարել։ Նրանց հավասարակշռված տեսակետը օգնում էր ինձ հասկանալու, որ իմ դեպքը բացառություն չէ։ Հավատակիցներիս բարի վերաբերմունքն ու աջակցությունը ինձ վստահեցնում էին այն բանում, որ Եհովան իմ կողքին է։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է դադարեմ պայքարել հիվանդությանս դեմ, թեև չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս պայքարը։ Այնուամենայնիվ, համոզված եմ, որ Եհովան ինձ հետ է և ուժ կտա դիմանալու այս փորձությանը»։
«Դու իմ առաջին սեղան ես պատրաստում»
17. Սաղմոս 23։5–ում Դավիթն ո՞ւմ հետ է համեմատում Եհովային, և ինչո՞ւ դա չի հակասում հովվի մասին համեմատությանը։
17 Երրորդ պատճառը, որը Դավթին մղում էր վստահություն ունենալ իր Հովվի նկատմամբ, հետևյալն է. Եհովան կերակրում է իր ոչխարներին և դա անում է առատաձեռնորեն։ Դավիթը գրում է. «Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է» (Սաղմոս 23։5)։ Այստեղ սաղմոսերգուն իր Հովվին համեմատում է տանտիրոջ հետ, որն առատաձեռնորեն ուտելիք ու խմիչք է հյուրասիրում։ Հոգատար հովվի և առատաձեռն տանտիրոջ մասին համեմատությունները չեն հակասում միմյանց։ Ի վերջո, լավ հովիվը պետք է իմանա բուսականությամբ հարուստ, ջրառատ արոտավայրերի տեղը, որպեսզի իր հոտը ոչ մի բանի ‘կարոտություն չունենա’ (Սաղմոս 23։1, 2)։
18. Ինչի՞ց է երևում, որ Եհովան ամենաառատաձեռն տանտերն է։
18 Արդյոք կարելի՞ է ասել, որ մեր Հովիվը նույնպես առատաձեռն տանտեր է։ Անկասկա՛ծ։ Բավական է միայն մտածել նրա կողմից մատակարարվող հոգևոր սննդի քանակի, որակի և բազմազանության մասին։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով Եհովան հոգ է տանում, որ ունենանք ուսանելի գրականություն և օգուտներ քաղենք ժողովների ու համաժողովների հարուստ ծրագրից։ Այս ամենը բավարարում է մեր հոգևոր կարիքները (Մատթէոս 24։45–47)։ Մենք հոգևոր սննդի պակաս ամենևին չենք զգում։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» լույս է ընծայել միլիոնավոր Աստվածաշնչեր ու սուրբգրային հրատարակություններ, որոնք այժմ առկա են 413 լեզուներով։ Եհովայի կողմից մատակարարվող այս հոգևոր սնունդը խիստ բազմազան է՝ սկսած ‘կաթից’՝ Աստվածաշնչի հիմնական ուսմունքներից, վերջացրած ‘հաստատ կերակրով’՝ խորը հոգևոր մտքերով (Եբրայեցիս 5։11–14)։ Եվ երբ որևէ խնդիր լուծելու կամ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջանում, մենք սովորաբար կարողանում ենք գտնել այն խորհուրդները, որոնց կարիքն ունենք։ Ի՞նչ կանեինք առանց այս հոգևոր սննդի։ Իրոք որ, մեր Հովիվն ամենաառատաձեռն անձնավորությունն է (Եսայիա 25։6; 65։13)։
«Տիրոջ տանը կ’բնակուիմ»
19, 20. ա) Ըստ Սաղմոս 23։6–ի՝ ինչո՞ւմ էր վստահ Դավիթը, և ինչպե՞ս մենք կարող ենք նման վստահություն ունենալ։ բ) Ինչի՞ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
19 Խորհելով այն մասին, թե ինչպես է գործում իր Հովիվն ու Կերակրողը՝ Դավիթը այսպիսի եզրակացություն է անում. «Հէնց բարիք եւ ողորմութիւն կը գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ ժամանակ» (Սաղմոս 23։6)։ Երբ Դավիթն ասում էր այս խոսքերը, նրա սիրտը լի էր երախտագիտությամբ ու հավատով. նա երախտագիտություն էր զգում անցյալը հիշելիս և հավատով լցվում ապագային նայելիս։ Դավիթը, որ նախկինում հովիվ էր եղել, ապահով էր զգում իրեն։ Նա հասկանում էր, որ Եհովան սիրով հոգ կտանի իր մասին այնքան ժամանակ, քանի դեռ նա մոտ է իր երկնային Հովվին, այսպես ասած՝ բնակվում է նրա տանը։
20 Որքա՜ն երախտապարտ ենք Սաղմոս 23–ում արձանագրված այս գեղեցիկ մտքերի համար։ Դավիթը հազիվ թե ավելի հարմար խոսքեր գտներ նկարագրելու, թե ինչպես է Եհովան առաջնորդում, պաշտպանում և կերակրում իր ոչխարներին։ Նրա այս ջերմ խոսքերը պահպանվել են Աստվածաշնչում, ինչի շնորհիվ ամրապնդվում է մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ մենք նույնպես կարող ենք ապավինել Եհովային՝ մեր Հովվին։ Այո՛, քանի դեռ մտերիմ ենք Եհովայի հետ, նա սիրառատ Հովվի նման հոգ կտանի մեզ «շատ ժամանակ»՝ ողջ հավիտենության ընթացքում։ Սակայն անհրաժեշտ է, որ մենք՝ որպես նրա ոչխարներ, քայլենք մեր մեծագույն Հովվի՝ Եհովայի հետ։ Իսկ թե ինչ է դա նշանակում, կիմանանք հաջորդ հոդվածից։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս Ծննդոց 29։7; Յոբ 30։1, ԱԱ; Երեմիա 33։13; Ղուկաս 15։4; Յովհաննէս 10։3, 4 համարները։
b Դավիթը գրի է առել մի շարք այլ սաղմոսներ, որոնցում գովաբանում է Եհովային՝ իրեն վտանգից ազատելու համար. տե՛ս Սաղմոս 18–ի, 34–ի, 56–ի, 57–ի, 59–ի և 63–ի ենթախորագրերը։
c Տե՛ս «Ինչպիսի՞ միջամտություն կարող ենք ակնկալել Աստծուց» հոդվածը «Դիտարանի»՝ 2003 թ. հոկտեմբերի 1–ի համարում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովային հովվի նմանեցնելով՝ Դավիթը հաջող համեմատություն արեց։
• Հասկացողություն ցուցաբերելով՝ ինչպե՞ս է Եհովան առաջնորդում մեզ։
• Ի՞նչ կերպերով է Եհովան օգնում մեզ դիմանալու փորձություններին։
• Ինչի՞ց է երևում, որ Եհովան առատաձեռն տանտեր է։
[նկար 18–րդ էջի վրա]
Հին Իսրայելում ապրող հովիվների նման՝ Եհովան առաջնորդում է իր ոչխարներին