Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/15 էջ 13–16
  • Իտալերեն Աստվածաշունչ. փոթորկուն պատմություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իտալերեն Աստվածաշունչ. փոթորկուն պատմություն
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի առաջին մասնակի թարգմանությունները
  • Առաջին իտալերեն Աստվածաշունչը
  • Աստվածաշունչ՝ «անծանոթ գիրք»
  • Արգելքը թուլանում է
  • Աստծու Խոսքը պահել են մարդկանցից
    2011 Արթնացե՛ք
  • Անգամ մեռած լեզվով Աստծու Խոսքը կենդանի է
    2009 Դիտարան
  • Աստվածաշնչի թարգմանություններ. ինչո՞ւ են այդքան շատ
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2005 Դիտարան
w05 12/15 էջ 13–16

Իտալերեն Աստվածաշունչ. փոթորկուն պատմություն

«ՄԵՐ երկրում [Իտալիայում] Աստվածաշունչը ամենամեծ տպաքանակն ունեցող գրքերից է, բայց նաև թերևս ամենաքիչ ընթերցվողներից։ Հավատացյալներն առաջվա պես քիչ քաջալերանք և օգնություն են ստանում Աստվածաշնչին ավելի լավ ծանոթանալու և այն որպես Աստծու Խոսք կարդալու համար։ Աստվածաշունչն իմանալ ցանկացողներ կան, բայց հաճախ չկա մեկը, որ այդ Խոսքի հացից կտրի և նրանց տա»։

Այս հայտարարությունը, որ 1995 թ.–ին արվեց Իտալիայի եպիսկոպոսների կոնֆերանսում, մի շարք հարցեր է առաջ բերում։ Անցած դարերում որքանո՞վ էր տարածված Աստվածաշնչի ընթերցանությունն Իտալիայում։ Ինչո՞ւ էր այդ երկրում Աստվածաշնչի քանակը շատ քիչ՝ համեմատած մյուս երկրների։ Ինչո՞ւ է Աստվածաշունչը շարունակում մնալ ամենաքիչ կարդացվող գրքերից մեկը Իտալիայում։ Այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ՝ քննելով Աստվածաշնչի իտալերեն թարգմանությունների պատմությունը։

Դարեր անցան, մինչև որ ռոմանական լեզուները՝ ֆրանսերենը, իտալերենը, պորտուգալերենը, իսպաներենը և այլն, զարգացան լատիներենի հիմքի վրա։ Այդ լեզուները, որով խոսում էին հասարակ մարդիկ, աստիճանաբար ձեռք բերեցին նոր արժեք և նույնիսկ սկսեցին օգտագործվել գրական երկերում։ Մայրենի լեզվի զարգացումն իր ուղղակի ազդեցությունը թողեց Աստվածաշնչի թարգմանության վրա։ Ինչպե՞ս դա եղավ։ Գնալով խորանում էր անդունդը լատիներենի՝ սրբազան եկեղեցական լեզվի, ու մայրենի լեզվի (իր բարբառներով և տեղի խոսվածքներով հանդերձ) միջև, ու եկավ մի պահ, որ կրթություն չստացած մարդիկ լատիներեն լեզուն այլևս չէին հասկանում։

1000 թվականին Ապենինյան թերակղզու բնակիչների մեծամասնությունն արդեն դժվարանում էր ընթերցել Աստվածաշնչի լատիներեն «Վուլգատա» թարգմանությունը, իհարկե, եթե ընդհանրապես ի վիճակի էին լինում այն ձեռք բերել։ Դարեր շարունակ եկեղեցականները հաստատել էին իրենց մենաշնորհը կրթության ասպարեզում, այդ թվում նաև գոյություն ունեցող մի քանի համալսարաններում։ Կրթվել կարող էին միայն սակավաթիվ առանձնաշնորհյալները։ Նման պայմաններում Աստվածաշունչը, փաստորեն, դարձավ «անծանոթ գիրք»։ Բայցևայնպես, շատերը ցանկանում էին ունենալ Աստծու Խոսքը և այն կարդալ մայրենի լեզվով։

Ընդհանուր առմամբ, հոգևորական դասը հակառակվում էր Աստվածաշնչի թարգմանությանը՝ վախենալով, որ դրա պատճառով կտարածվի, այսպես կոչված, հերետիկոսությունը։ Պատմաբան Մասսիմո Ֆիրպոն ասում է, որ «մայրենի լեզվի գործածությունը մահ [կնշանակեր] արգելք հանդիսացող լեզվի [լատիներենի] համար, որի շուքի տակ հոգևորականությունը գործադրում էր իր բացառիկ իշխանությունը կրոնական հարցերում»։ Մշակութային, կրոնական և սոցիալական գործոնների համակցությունը ընկած է այն բանի հիմքում, որ մինչև օրս Իտալիայում մարդկանց մեծ մասը սուրբգրային գիտելիքներ չունի։

Աստվածաշնչի առաջին մասնակի թարգմանությունները

13–րդ դարում կատարվեցին Աստվածաշնչի գրքերի առաջին թարգմանությունները լատիներենից իտալերեն։ Այդ մասնակի թարգմանությունները ձեռագիր էին և շատ թանկ։ 14–րդ դարում թարգմանությունների թիվը գնալով աճում էր, և Աստվածաշունչը գրեթե ամբողջությամբ թարգմանվեց իտալերեն, չնայած որ առանձին գրքեր թարգմանել էին տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում և վայրերում։ Այդ թարգմանությունների մեծ մասը, որ արել էին անհայտ թարգմանիչները, ձեռք էր բերվում հարուստ կամ կրթված մարդկանց կողմից. միայն նրանք էին ի վիճակի հայթայթել դրանք։ Նույնիսկ երբ տպագրության գյուտի շնորհիվ գրքերի գներն իջան, Աստվածաշնչերը, ինչպես նշում է պատմաբան Ջիլիոլա Ֆրանյիտոն, «քչերին էին մատչելի»։

Դարեր ի վեր բնակչության ճնշող մեծամասնությունն անգրագետ էր։ Նույնիսկ 1861 թ.–ին, երբ Իտալիան միավորվեց, բնակչության 74,7 տոկոսը շարունակում էր մնալ անգրագետ։ Հետաքրքրական է, որ երբ Իտալիայի նոր կառավարությունը պատրաստվեց կրթությունը դարձնել անվճար և պարտադիր՝ բոլորի համար մատչելի, Պիոս IX պապը 1870 թ.–ին նամակ գրեց թագավորին՝ կոչ անելով խափանել օրենքի ընդունումը։ Պապը օրենքն անվանեց մի «պատուհաս», որի նպատակն է «հիմնահատակ ավերել կաթոլիկական դպրոցները»։

Առաջին իտալերեն Աստվածաշունչը

Իտալերեն առաջին ամբողջական Աստվածաշունչը տպագրվեց 1471 թ.–ին Վենետիկում՝ Եվրոպայում շարժական տառերի գյուտից մոտ 16 տարի անց։ Թարգմանությունը ութ ամսվա ընթացքում կատարեց Նիկոլո Մալերբին՝ մի կամալդոլիացի վանական։ Նա հիմնականում օգտվեց առկա թարգմանություններից՝ խմբագրելով դրանք լատիներեն «Վուլգատայի» հիման վրա և որոշ բառեր փոխելով իր բնակավայրում՝ Վենետիկում, տարածված բառերով։ Նրա թարգմանությունը իտալերեն Աստվածաշնչի առաջին տպագիր հրատարակությունն էր, որը բավական տարածում գտավ։

Անտոնիո Բրուչոլի անունով մի մարդ նույնպես թարգմանեց Աստվածաշունչը Վենետիկում։ Թեև նա հումանիստ էր և բողոքական հայացքներ ուներ, բայց երբեք չխզեց իր կապերը կաթոլիկ եկեղեցու հետ։ 1532 թ.–ին Բրուչոլին Աստվածաշունչը թարգմանեց եբրայերեն և հունարեն բնագրերից։ Սա բնագրից թարգմանված առաջին իտալերեն Աստվածաշունչն էր։ Ճիշտ է, այդ թարգմանությունը աչքի չէր ընկնում փայլուն գրական իտալերենով, այնուամենայնիվ ուշագրավ է, որ թարգմանիչը հավատարիմ էր մնացել բնագրին, եթե հաշվի առնենք, որ այն օրերում հին լեզուների վերաբերյալ սակավ գիտելիքներ կային։ Որոշ համարներում և հրատարակություններում Բրուչոլին «Եովա» ձևով վերականգնեց Աստծու անունը։ Չանցած մեկ հարյուրամյակ՝ նրա Աստվածաշունչն արդեն մեծ ժողովրդականություն էր վայելում իտալացի բողոքականների և կրոնական այլախոհների շրջանում։

Լույս տեսան իտալերեն ուրիշ թարգմանություններ ևս, դրանցից մի քանիսը՝ կաթոլիկների կողմից։ Դրանք իրականում Բրուչոլիի Աստվածաշնչի վերամշակումներ էին։ Այդ թարգմանություններից և ոչ մեկը էական տարածում չգտավ։ 1607 թ.–ին Ժնևում հրատարակվեց բնագիր լեզուներից իտալերեն թարգմանված մեկ այլ Աստվածաշունչ. նրա հեղինակը կալվինական պաստոր Ջովաննի Դիոդատին էր, որի ծնողները կրոնական հալածանքի պատճառով փախել էին Շվեյցարիա։ Իտալացի բողոքականները դարեր ի վեր օգտվեցին այդ Աստվածաշնչից։ Հրատարակվելու ժամանակաշրջանում Դիոդատիի Աստվածաշունչը համարվում էր գերազանց իտալերեն թարգմանություն։ Այն օգնեց իտալացիներին ըմբռնելու Աստվածաշնչի ուսմունքները։ Սակայն եկեղեցական գրաքննությունը խոչընդոտեց այս և մյուս թարգմանությունների տարածմանը։

Աստվածաշունչ՝ «անծանոթ գիրք»

«Եկեղեցին միշտ կատարել է գրքերը հսկողության տակ պահելու իր պարտականությունը, բայց մինչև տպագրության գյուտը նա հարկ չէր համարում արգելված գրքերի ցուցակ կազմել, որովհետև վտանգավոր համարվող գրքերը այրվում էին»,— ասվում է կաթոլիկական հանրագիտարանում («Enciclopedia Cattolica»)։ Նույնիսկ բողոքական Ռեֆորմացիայի սկզբնավորումից հետո եվրոպական մի քանի երկրների հոգևորականները ամեն ինչ արեցին, այսպես կոչված, հերետիկոսական գրքերի տարածումը սահմանափակելու համար։ Էական փոփոխություն տեղի ունեցավ, երբ 1546 թ.–ին Տրիդենտի եկեղեցաժողովում քննվեց մայրենի լեզվով թարգմանությունների հարցը։ Երկու տարբեր հայեցակետեր առաջ եկան։ Ովքեր կողմ էին արգելքին, պնդում էին, որ հասարակ լեզվով գրված Աստվածաշունչը «ամեն հերետիկոսության մայրն ու արմատն է»։ Արգելքին դեմ եղողները պնդում էին, որ իրենց «հակառակորդները»՝ բողոքականները, կասեն, թե եկեղեցին արգելում է մայրենի լեզվով Աստվածաշունչը, որպեսզի ծածկի «խարդախությունն ու խաբեությունը»։

Եկեղեցաժողովը այդ հարցի վերաբերյալ համաձայնության չեկավ, և ոչ մի կոնկրետ որոշում չկայացվեց։ Միայն հաստատվեց, որ «Վուլգատա» թարգմանությունն է վավերական. կաթոլիկ եկեղեցին այն դարձրեց իր հիմնական Աստվածաշունչը։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Սալեսիանումի պապական համալսարանի (Հռոմ) ուսուցիչ Կարլո Բուձետին, «Վուլգատան» «վավերական» հռչակելով՝ եկեղեցին «փաստորեն պնդեց, որ միայն Աստվածաշնչի այդ թարգմանությունը պետք է համարվի օրինական»։ Դեպքերի հետագա զարգացումը բացահայտեց եկեղեցու այս դիրքորոշումը։

1559 թ.–ին Պողոս IV պապը հրապարակեց արգելված գրքերի առաջին ցուցակը. կաթոլիկները չպետք է դրանք կարդային, վաճառեին, թարգմանեին կամ ունենային։ Այդ գրքերը համարվում էին չար և հավատի ու բարոյական անարատություն պահելու տեսանկյունից՝ վտանգավոր։ Ցուցակով արգելվում էր մայրենի լեզվով թարգմանված Աստվածաշնչերի, այդ թվում Բրուչոլիի թարգմանության ընթերցանությունը։ Չենթարկվողներին հեռացնում էին եկեղեցուց։ 1596 թ.–ին ցուցակը նույնիսկ ընդլայնվեց։ Այլևս մայրենի լեզվով Աստվածաշնչեր թարգմանելու կամ տպագրելու իրավունք չէր տրվում։ Այդպիսի Աստվածաշնչերը ենթակա էին ոչնչացման։

Արդյունքում 17–րդ դարի սկզբներին հաճախացան եկեղեցական հրապարակներում Աստվածաշնչերի այրման դեպքերը։ Մարդկանց ուղեղներում Աստվածաշունչը դարձավ հերետիկոսների գիրք, և այս պատկերը կենդանի է մնում մինչև օրս։ Հանրային և մասնավոր գրադարանների գրեթե բոլոր Աստվածաշնչերը և աստվածաշնչային աշխատությունները ոչնչացվեցին, և հաջորդ 200 տարիներին ոչ մի կաթոլիկ Աստվածաշունչը չթարգմանեց իտալերեն։ Ապենինյան թերակղզում շրջանառության մեջ էին (այն էլ գաղտնի՝ բռնագանձումից խուսափելու համար) միայն այն Աստվածաշնչերը, որոնք թարգմանել էին բողոքականները։ Պատմաբան Մարիո Չինյոնին ամփոփում է. «Դարերով աշխարհական դասի մարդիկ փաստորեն բոլորովին դադարել էին Աստվածաշունչ ընթերցելուց։ Աստվածաշունչը դարձավ անծանոթ գիրք, և միլիոնավոր իտալացիներ իրենց ամբողջ կյանքում այդպես էլ չկարդացին գոնե մեկ էջ»։

Արգելքը թուլանում է

Հետագայում Բենեդիկտոս XIV պապը, փոփոխելով նախկինում եղած հրամանագիրը, 1757 թ. հունիսի 13–ով թվագրված ցուցակի վերաբերյալ արձակեց մի հրաման, որը, «թույլ էր տալիս սուրբ աթոռի հավանությանն արժանացած ու եպիսկոպոսների առաջնորդությամբ հրատարակված մայրենի լեզվով թարգմանությունների ընթերցանությունը»։ Ուստի զարմանալի չէ, որ Անտոնիո Մարտինին, որն ավելի ուշ դարձավ Ֆլորենցիայի արքեպիսկոպոսը, ձեռնարկեց «Վուլգատայի» թարգմանությունը։ Առաջին մասը հրատարակվեց 1769 թ.–ին, իսկ ամբողջությամբ՝ 1781 թ.–ին։ Մարտինիի թարգմանությունը, համաձայն մի կաթոլիկական աղբյուրի, «առաջինն էր, որ իսկապես արժանի էր հատուկ հիշատակման»։ Մինչ այդ այն կաթոլիկները, ովքեր լատիներեն չէին հասկանում, անկարող էին կարդալ եկեղեցու կողմից երաշխավորված Աստվածաշունչը։ Հաջորդ 150 տարիներին Մարտինիի Աստվածաշունչը իտալացի կաթոլիկների համար հավանության արժանացած միակ թարգմանությունն էր։

Շրջադարձային պահ եղավ Վատիկանի 2–րդ տիեզերական ժողովը։ 1965 թ.–ին «Դեի վերբում» փաստաթղթում առաջին անգամ խրախուսվեցին «համապատասխան և ճշգրիտ թարգմանությունները.... այլ լեզուներով, հատկապես [նրանք, որոնք արվում են] սուրբ գրքերի բնագրերից» («Dei Verbum»)։ Դրանից մի որոշ ժամանակ առաջ՝ 1958 թ.–ին, Պապական աստվածաշնչային ինստիտուտը հրատարակել էր «առաջին ամբողջական կաթոլիկական թարգմանությունը բնագրից»։ Այս թարգմանությունը մի քանի տեղերում վերականգնեց Աստծու անվան «Յահվե» ձևը։

Մայրենի լեզվով Աստվածաշնչերի դեմ ուղղված հակառակությունը կործանարար հետևանքներ ունեցավ, և դրանք մինչև օրս զգացվում են։ Ինչպես նշել է Ջիլիոլա Ֆրանյիտոն, դա «հավատացյալների մեջ դրոշմել է անվստահություն իրենց խղճի և մտքի ազատության հանդեպ»։ Բացի այդ, մարդկանց վզին են փաթաթվել կրոնական ավանդություններ, որոնք շատ կաթոլիկներ Աստվածաշնչից ավելի կարևոր են համարում։ Այս ամենը մարդկանց հեռացրել է Սուրբ գրքից, չնայած որ անգրագիտությունը գործնականում վերացել է։

Սակայն Եհովայի վկաների ավետարանչական գործունեությունը նոր հետաքրքրություն է առաջացրել իտալերեն Աստվածաշնչի հանդեպ։ 1963 թ.–ին Վկաները հրատարակեցին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» իտալերեն լեզվով։ 1967 թ.–ին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը մատչելի եղավ ամբողջությամբ։ Միայն Իտալիայում տարածվել է այդ թարգմանության ավելի քան 4 000 000 օրինակ։ «Նոր աշխարհ թարգմանությունը», որի էջերում վերականգնվել է Աստծու «Եհովա» անունը, առանձնահատուկ է նրանով, որ խստորեն կառչած է մնում բնագիր տեքստի իմաստին։ 

Եհովայի վկաները գնում են տնից տուն և լսել ցանկացող բոլոր մարդկանց համար Աստվածաշնչից կարդում և բացատրում են մի հուսատու պատգամ (Գործք 20։20)։ Եթե հաջորդ անգամ հանդիպեք Եհովայի վկաներին, ինչո՞ւ նրանց չխնդրեք, որ ցույց տան, թե ինչ է գրված ձեր իսկ Աստվածաշնչում Աստծու այն չքնաղ խոստման վերաբերյալ, համաձայն որի՝ Աստված շուտով կհաստատի ‘նոր երկիր’, որում «արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։

[Քարտեզ 13–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Վենետիկ

ՀՌՈՄ

[նկար 15–րդ էջի վրա]

Բրուչոլիի թարգմանությունը պարունակում է Աստծու անունը «Եովա» ձևով

[նկար 15–րդ էջի վրա]

Իտալերեն թարգմանված Աստվածաշնչերը համարվում էին վտանգավոր, ուստիև հայտնվել էին արգելված գրքերի ցուցակում

[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Bible title page: Biblioteca Nazionale Centrale di Roma

[նկար 15–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Brucioli’s translation: Biblioteca Nazionale Centrale di Roma; Index: Su concessione del Ministero per i Beni e le Attività Culturali

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը