Կենսագրություն
Իմանալով, թե որն է ճիշտը՝ վարվում եմ դրա համաձայն
ՊԱՏՄՈՒՄ Է ՀԵՅԴԻՆ ՍԱՆԴԵՐՍՈՆԸ
Մի առիթով Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք» (Յովհաննէս 13։17)։ Այո, հնարավոր է, որ մենք գիտենք, թե որն է ճիշտը, սակայն երբեմն դժվարանում ենք վարվել դրա համաձայն։ Այնուհանդերձ, իմ կյանքի 80 տարիներից քառասունը անցկացնելով միսիոներական ծառայության մեջ՝ ես համոզվել եմ, թե որքան ճշմարիտ են Հիսուսի խոսքերը։ Իրոք, Աստծու խոսքերի համաձայն վարվելը իսկական երջանկություն է բերում։ Թույլ տվեք բացատրել, թե ինչու եմ այդպես ասում։
ՀԱԶԱՐ ինը հարյուր քսանհինգ թվականին, երբ ես երեք տարեկան էի, ծնողներս ներկա եղան աստվածաշնչյան մի ելույթի, որը ներկայացվեց մեր հարազատ Նյուքասլ քաղաքում (Ավստրալիա)։ «Այսօր ապրող միլիոնավոր մարդիկ մահ չեն տեսնելու» ելույթը հավաստիացրեց մայրիկիս, որ նա գտել է ճշմարտությունը, ուստի մայրս սկսեց կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Սակայն հայրս շատ շուտ կորցրեց իր հետաքրքրությունը։ Նա հակառակվում էր մորս իր նոր հավատի պատճառով և սպառնում, որ կհեռանա նրանից, եթե նա չհրաժարվի իր հավատից։ Սակայն մայրս սիրում էր հորս և չէր ցանկանում, որ մեր ընտանիքը քայքայվի։ Մյուս կողմից նա գիտեր, որ Աստծուն հնազանդվելը ավելի կարևոր է և վճռել էր անել այն, ինչ ճիշտ է Աստծու տեսակետից (Մատթէոս 10։34–39)։ Հայրս լքեց մեզ, և դրանից հետո ես նրան հազվադեպ էի տեսնում։
Հիշելով անցյալը՝ ես հիանում եմ Աստծու հանդեպ ունեցած մորս նվիրվածությամբ։ Նրա կայացրած որոշումը ավագ քրոջս՝ Բյուլային, և ինձ հոգևոր օրհնություններ բերեց։ Այդ որոշումը նաև կարևոր դաս սովորեցրեց մեզ, այն է՝ երբ գիտենք, թե որն է ճիշտը, պետք է ձգտենք վարվել դրա համաձայն։
Հավատս փորձվում է
Աստվածաշունչ ուսումնասիրողները, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները, միշտ օգնում էին մեր ընտանիքին։ Որոշ ժամանակ անց տատիկս տեղափոխվեց մեր տուն և նույնպես ընդունեց ճշմարտությունը։ Նա և մայրս անբաժան համագործակիցներ դարձան քարոզչական ծառայության մեջ։ Նրանց արժանապատիվ կեցվածքը և ջերմ վերաբերմունքը շահում էին մարդկանց հարգանքը։
Միևնույն ժամանակ քրիստոնյա եղբայրները ինձ իրենց թևի տակ առան և արժեքավոր օգնություն ցուցաբերեցին։ Օրինակ՝ տնետուն ծառայության ժամանակ պարզ մատուցումներ ներկայացնելու համար ես սովորեցի օգտագործել վկայության քարտը։ Նաև գրամոֆոնով հնչեցնում էի աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ և մասնակցում էի քաղաքի գլխավոր փողոցով ընթացող պլակատներով երթերի։ Դա դժվար էր ինձ համար, քանի որ պայքարում էի մարդավախության դեմ։ Սակայն իմանալով, թե որն է ճիշտը՝ ես վճռել էի վարվել դրա համաձայն։
Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի աշխատել բանկում։ Աշխատանքի բերումով ես պետք է այցելեի Նոր Հարավային Ուելսում գտնվող բանկի բոլոր մասնաճյուղերը։ Եվ չնայած երկրի այդ մասում քիչ Վկաներ կային, ժամանակին ինձ ցուցաբերած հոգևոր օգնության շնորհիվ ես կարողացա հավատս վառ պահել։ Մայրս քաջալերական նամակներ էր գրում, որոնք հոգևորապես զորացնում էին ինձ։
Այդ նամակները կարծես ժամանակին տրված օգնություն լինեին։ Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և ինձ կանչեցին զինվորական ծառայության։ Բանկի մենեջերը կանոնավորաբար եկեղեցի էր հաճախում։ Նա նաև տեղի բանակի հրամանատարն էր։ Երբ նրան բացատրեցի, որ ես՝ որպես քրիստոնյա, չեզոք դիրք եմ պահում, նա իմ առջև խիստ պայման դրեց՝ կամ թողնել իմ կրոնը, կամ հեռանալ բանկից։ Հարցն ավելի սրվեց, երբ ես ներկայացա տեղի հավաքակետը։ Մենեջերը ներկա էր և մեծ հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես եմ մոտենում արձանագրության սեղանին։ Երբ հրաժարվեցի ստորագրել համապատասխան թղթերը, պաշտոնյաները խիստ զայրացան։ Իրավիճակը լարված էր, բայց ես վճռել էի անել այն, ինչ ճիշտ է։ Եհովայի օգնությամբ ես պահպանեցի խաղաղությունս և վճռականությունս։ Ավելի ուշ, երբ իմացա, որ որոշ վարձու մարդասպաններ փնտրում էին ինձ, արագորեն հավաքեցի իրերս և առաջին իսկ պատահած գնացքով հեռացա քաղաքից։
Նյուքասլ վերադառնալուց հետո յոթ եղբայրների հետ միասին, որոնք նույնպես հրաժարվել էին զինվորական ծառայությունից, ինձ դատարան կանչեցին։ Երեք ամսով մեզ դատապարտեցին հարկադիր աշխատանքի։ Թեև բանտում լինելը տհաճ էր, սակայն ճիշտ վարվելը օրհնություններ բերեց։ Երբ ազատ արձակվեցինք, իմ բանտակիցներից մեկը՝ Հիլտոն Ուիլկինսոն անունով մի վկա, հրավիրեց ինձ աշխատել իր ֆոտոստուդիայում, որտեղ ես հանդիպեցի իմ ապագա կնոջը՝ Մելոդիին. այդ ստուդիայում նա աշխատում էր որպես քարտուղար։ Բանտից ազատվելուց կարճ ժամանակ անց ես մկրտվեցի։
Ձգտում եմ լիաժամ ծառայության
Մեր ամուսնությունից հետո ես և Մելոդին Նյուքասլում բացեցինք մեր սեփական ֆոտոստուդիան։ Շուտով մենք այնքան շատ գործ ունեցանք, որ մեր ֆիզիկական և հոգևոր վիճակը աստիճանաբար վատթարացավ։ Այդ ընթացքում Թեդ Յարաչը, որն այդ ժամանակ ծառայում էր Եհովայի վկաների՝ Ավստրալիայի մասնաճյուղում, և որն այժմ Կառավարիչ մարմնի անդամ է, զրուցեց մեզ հետ մեր հոգևոր նպատակների մասին։ Այդ զրույցից հետո մենք որոշեցինք վաճառել ֆոտոստուդիան և պարզեցնել մեր կյանքը։ 1954 թ.–ին գնեցինք մի փոքր շարժատնակ, տեղափոխվեցինք Վիկտորիա նահանգի Բալլարաթ քաղաքը և սկսեցինք ծառայել որպես լիաժամ քարոզիչներ։
Բալլարաթ քաղաքի փոքր ժողովի հետ միասին ծառայելով՝ մենք զգում էինք, որ Եհովան օրհնում էր մեր ջանքերը։ 18 ամիս անց ժողովի անդամների թիվը 17–ից հասավ 70–ի։ Այնուհետև մեզ հրավիրեցին շրջագայական ծառայություն կատարելու Հարավային Ավստրալիայում։ Հաջորդ երեք տարիների ընթացքում մենք մեծ բավականություն էինք ստանում՝ այցելելով այն ժողովները, որոնք գտնվում էին Ադելաիդա քաղաքի և Մուրեյ գետի մոտակայքում՝ խաղողի և ցիտրուսի մշակման շրջաններում։ Որքա՜ն էր փոխվել մեր կյանքը։ Մենք երջանիկ էինք, որ ուս–ուսի տված ծառայում էինք մեր սիրառատ եղբայրների և քույրերի հետ միասին։ Ինչպիսի՜ վարձատրություն այն բանի համար, որ մենք գիտեինք, թե որն է ճիշտը և վարվում էինք դրա համաձայն։
Միսիոներական ծառայության նշանակում
1958 թվականին մենք տեղեկացրեցինք Ավստրալիայի մասնաճյուղին, որ ցանկանում ենք ներկա գտնվել այդ տարի Նյու Յորքում տեղի ունենալիք միջազգային համաժողովին, որի խորագիրն էր՝ «Աստծու կամքը»։ Մասնաճյուղի պատասխանի հետ միասին մենք ստացանք նաև Միացյալ Նահանգներում անցկացվող Գաղաադ դպրոցի դիմումները։ Մենք մտածում էինք, թե Գաղաադ դպրոցի համար մեր տարիքն անցել է, քանի որ մոտ 30 տարեկան էինք։ Չնայած դրան՝ մենք ուղարկեցինք դիմումները և հրավիրվեցինք սովորելու Գաղաադ դպրոցի 32–րդ դասարանում։ Դասընթացների ժամանակ տեղեկացանք, որ նշանակվել ենք ծառայելու Հնդկաստանում։ Չնայած սկզբում մի փոքր անհանգստացած էինք, սակայն ուզում էինք անել այն, ինչ ճիշտ է, ուստի ուրախությամբ ընդունեցինք մեր նշանակումը։
1959 թվականն էր։ Նավով ճանապարհորդելով՝ վաղ առավոտյան ժամանեցինք Բոմբեյ (այժմ՝ Մումբայ)։ Հարյուրավոր բանվորներ նավակայանի շրջակայքում գետնին պառկած քնել էին։ Օդը հագեցած էր անսովոր հոտով։ Երբ ծագեց արևը, մենք հասկացանք, թե ինչ էր մեզ սպասվում։ Նախկինում մենք երբեք այդպիսի տոթ չէինք տեսել։ Մեզ դիմավորեցին միսիոներներ Լինտոն և Ջենի Դաուերները, որոնք երկար ժամանակ Բալլարաթում մեզ հետ միասին եղել են լիաժամ ծառայության մեջ։ Նրանց հետ մենք գնացինք Հնդկաստանի մասնաճյուղ. դա մի բնակարան էր, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Այնտեղ ապրում էին վեց բեթելցիներ։ Եղբայր Էդվին Սքիները, որը 1926 թվականից ի վեր որպես միսիոներ ծառայել է Հնդկաստանում, խորհուրդ տվեց մեզ մեր նշանակման վայր մեկնելուց առաջ գնել թիթեղյա ճամպրուկներ։ Դրանք հարմար էին, քանի որ ճանապարհորդները այդ պայուսակներով կարող էին փոխադրել ամեն ինչ։ Այդ պայուսակները, որոնք հաճախ կարելի էր տեսնել մարդկանց ձեռքին Հնդկաստանի գնացքներում, ծառայեցին մեզ հետագա ճանապարհորդությունների ընթացքում։
Երկու օր գնացքով ճանապարհորդելուց հետո մենք հասանք մեր նշանակման վայրը՝ Տիրուչչիրապալլի քաղաքը, որը գտնվում է Մադրասի հարավային նահանգում (այժմ՝ Թամիլնադ)։ Այնտեղ մենք միացանք երեք հնդիկ հատուկ ռահվիրաների, որոնք ծառայում էին այդ քաղաքում, որի բնակչությունը հասնում էր 250 000–ի։ Քաղաքում ապրող մարդկանց կենսապայմանները խղճուկ էին։ Մի անգամ, չորս ամերիկյան դոլարից քիչ գումար էր մնացել, սակայն երբ այդ գումարն էլ ծախսվեց, Եհովան, միևնույն է, չթողեց մեզ։ Մի մարդ, որն Աստվածաշունչ էր ուսումնասիրում, պարտքով գումար տվեց մեզ, որպեսզի կարողանանք ժողովի հանդիպումներն անցկացնելու համար հարմար տուն վարձել։ Իսկ մի անգամ էլ, երբ ուտելիք չունեինք, հարևաններից մեկը կարի կոչվող հնդկական մի ճաշատեսակ հյուրասիրեց մեզ։ Ինձ դուր եկավ այն, բայց այնքա՛ն կծու էր, որ սկսեցի զկռտալ։
Քարոզչական ծառայության մեջ
Տիրուչչիրապալլի քաղաքում քչերն էին անգլերեն խոսում, մեծամասնությունը խոսում էր թամիլերեն։ Հետևաբար մենք ջանքեր էինք թափում, որպեսզի այդ լեզվով պարզ մատուցումներ սովորենք։ Այդպես վարվելով՝ մենք արժանանում էինք տեղացիներից շատերի հարգանքին։
Մենք մեծ բավականություն էին ստանում տնետուն ծառայությունից։ Հնդիկները հյուրասեր մարդիկ են, և ծառայության ժամանակ նրանցից շատերը հրավիրում էին մեզ իրենց տուն և զովացուցիչ ըմպելիքներ առաջարկում։ Հաճախ օդի ջերմաստիճանը հասնում էր 40°C, ուստի մենք մեծապես գնահատում էինք նրանց հյուրասիրությունը։ Քանի որ այդ քաղաքում ընդունված էր զրուցել անձնական բնույթի հարցերի մասին, նախքան բարի լուրի մասին խոսելը մենք մի փոքր զրուցում էինք մարդկանց հետ։ Տանտերերը հաճախ էին ինձ ու կնոջս հարցնում՝ որտեղի՞ց եք, ունե՞ք երեխաներ, իսկ ինչո՞ւ ոչ։ Նույնիսկ մեզ խորհուրդ էին տալիս լավ բժշկի մոտ գնալ։ Այնուհանդերձ, այդ զրույցները հնարավորություն էին ստեղծում ծանոթանալու նրանց հետ և բացատրել մեր քարոզչական գործի կարևորությունը։
Շատերը, ում վկայություն էինք տալիս, պատկանում էին հնդուականությանը, որի հավատալիքները շատ էին տարբերվում քրիստոնեական հավատալիքներից։ Հնդուականության վերաբերյալ խրթին բանավեճերի մեջ ընկնելու փոխարեն՝ մենք պարզապես քարոզում էինք Թագավորության բարի լուրը, և դա հրաշալի արդյունքներ էր բերում։ Վեց ամիս անց մոտ 20 հոգի սկսեցին հաճախել միսիոներական տանն անցկացվող ժողովի հանդիպումներին։ Օրինակ՝ նրանցից մեկը Նալաթամբին էր, որը բարեկիրթ ինժեներ էր։ Ավելի ուշ, նա և իր որդին՝ Վիջայալան, օգնեցին մոտ 50 մարդկանց դառնալ Եհովայի վկաներ։ Վիջայալան նաև ժամանակավորապես ծառայել է Հնդկաստանի մասնաճյուղում։
Շարունակաբար շրջագայում ենք
Վեց ամիս Հնդկաստանում ծառայելուց հետո նոր նշանակում ստացա. ես դարձա այդ երկրի առաջին մարզային վերակացուն։ Դա դժվար գործ էր։ Ես պետք է շրջագայեի ամբողջ Հնդկաստանում, կազմակերպեի համաժողովներ և համագործակցեի ինը տարբեր օտարախոս խմբերի հետ։ Մենք դասավորեցինք մեր ունեցած իրերը երեք թիթեղյա ճամպրուկների մեջ և գնացքով դուրս եկանք Մադրասից (այժմ՝ Չենայ)։ Մարզի տարածքը մոտավորապես 6500 կմ էր կազմում, ուստի մենք մշտապես շրջագայության մեջ էինք։ Մի անգամ՝ կիրակի օրը, համաժողով ունեցանք Բանգալորի հարավային մասում։ Այնուհետև ճանապարհորդեցինք դեպի հյուսիս՝ Դարջիլինգ, որը գտնվում է Հիմալայների նախալեռնային շրջանում, որպեսզի հաջորդ շաբաթ մասնակցեինք մեկ ուրիշ համաժողովի։ Այնտեղ ուղևորվելու համար պետք է անցնեինք 2700 կմ և հինգ անգամ գնացք փոխեինք։
Մեր շրջագայական ծառայության սկզբում մենք բավականություն էինք ստանում՝ ցույց տալով «Նոր Աշխարհի Ընկերությունը գործում է» շարժական ֆիլմը։ Այն ծանոթացնում էր մարդկանց Եհովայի երկրային կազմակերպության գործունեությանը։ Այդ ֆիլմը դիտելու համար շատ հաճախ գալիս էին հարյուրավոր մարդիկ։ Մի անգամ մենք ցույց տվեցինք այդ ֆիլմը մի խումբ մարդկանց, որոնք կանգնած էին ճանապարհի եզրին։ Ֆիլմը դիտելու ընթացքում թուխպ ամպեր կուտակվեցին երկնքում։ Քանի որ մարդկանց մեջ իրարանցում տեղի ունեցավ, երբ ընդհատեցինք ֆիլմը, ես որոշեցի այն ցույց տալ արագացված կերպով։ Բարեբախտաբար, անձրևը սկսվեց ֆիլմը դիտելուց անմիջապես հետո։
Հաջորդ տարիների ընթացքում Մելոդին և ես ճանապարհորդեցինք Հնդկաստանի այլ քաղաքներ։ Յուրաքանչյուր շրջան ուներ հատուկ սնունդ, հագուստ, լեզու և նույնիսկ հատուկ տեսարաններ, որոնք բնորոշ էին միայն այդ տարածքին, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես ճանապարհորդելիս լինեինք մի երկրից մեկ ուրիշ երկիր։ Որքա՜ն բազմազան է Եհովայի ստեղծագործությունը, այդ թվում նաև Հնդկաստանի կենդանական աշխարհը։ Մի անգամ, երբ ճամբարում էինք Նեպալի ջունգլիներում, առիթ ունեցանք մի մեծ վագր տեսնելու։ Դա մի զարմանահրաշ կենդանի էր։ Նրան տեսնելը զորացրեց մեր ցանկությունը դրախտում լինելու, որտեղ ի վերջո մարդկանց և կենդանիների մեջ խաղաղություն կտիրի։
Կազմակերպչական փոփոխություններ
Սկզբնական շրջանում եղբայրները Հնդկաստանում կարիք ունեին ավելի ճշգրտորեն հետևելու Եհովայի սահմանած կազմակերպչական կառույցին։ Որոշ ժողովներում տղամարդիկ նստում էին սենյակի մի կողմում, իսկ կանայք՝ մյուս կողմում։ Ժողովի հանդիպումները հազվադեպ էին սկսվում ճիշտ ժամանակին։ Իսկ մի վայրում էլ քարոզիչներին ժողովի հանդիպումներին կանչում էին զանգի բարձր հնչյունով։ Այլ վայրերում քարոզիչները ժողովը սկսելու ժամը որոշում էին նրանով, թե արևը երկնքի որ մասում էր գտնվում։ Շրջանային համաժողովները և շրջագայող վերակացուների այցելությունները կանոնավոր չէին տեղի ունենում։ Եղբայրները ցանկանում էին անել այն, ինչ ճիշտ է, սակայն հատուկ կրթության կարիք ունեին։
1959–ին Եհովայի կազմակերպությունը հիմնեց Թագավորական ծառայության դպրոցը։ Աշխարհածավալ կրթության այս ծրագիրը օգնեց շրջանային վերակացուներին, հատուկ ռահվիրաներին, միսիոներներին և երեցներին ավելի արդյունավետ կերպով կատարել իրենց պատասխանատվությունները։ 1961թ. դեկտեմբերին, երբ Հնդկաստանում սկսվեց անցկացվել այդ դպրոցը, ես դասավանդում էի այնտեղ։ Այդ կրթությունը աստիճանաբար օգուտներ բերեց ժողովներին, ինչն էլ իր հերթին նպաստեց մեծ առաջընթացի։ Եղբայրները իմացան, թե որն է ճիշտը, և Աստծու ոգին օգնեց նրանց վարվել դրա համաձայն։
Մեծ համաժողովները նույնպես քաջալերեցին և միավորեցին եղբայրներին։ Ամենանշանավոր համաժողովը 1963 թվականի Նյու Դելիում տեղի ունեցած «Հավիտենական Բարի Լուր» խորագրով միջազգային համաժողովն էր։ Ամբողջ Հնդկաստանից Վկաները ճանապարհորդեցին հազարավոր կիլոմետրեր՝ այդ համաժողովին ներկա գտնվելու համար, իսկ շատերը այդ միջոցառմանը ներկա գտնվելու համար ծախսեցին խնայված ողջ գումարը։ Տեղի Վկաները կարողացան հանդիպել և ընկերակցել բազմաթիվ այլ եղբայրների հետ, քանի որ համաժողովին ներկա գտնվելու համար 27 երկրից եկել էին նաև 583 պատվիրակներ։
1961թ.–ին Մելոդին և ես հրավիրվեցինք ծառայելու Բոմբեյի Բեթելում, որտեղ ավելի ուշ սկսեցի ծառայել որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Սակայն ինձ այլ նշանակումներ էին սպասվում։ Օրինակ՝ երկար տարիներ ծառայել եմ որպես զոնալ վերակացու Ասիայում և Միջին Արևելքում։ Քանի որ քարոզչական գործը այդտեղի երկրներից շատերում արգելքի տակ էր, տեղի քարոզիչները պետք է լինեին ‘խորագետ ինչպես օձեր և միամիտ ինչպես աղավնիներ’ (Մատթէոս 10։16)։
Մասնաճյուղի ընդարձակումն ու փոփոխությունները
1959–ին, երբ առաջին անգամ եկանք Հնդկաստան, երկրում ակտիվ քարոզիչների թիվը հասնում էր 1514–ի։ Այսօր այնտեղ ծառայում է ավելի քան 24 000 քարոզիչ։ Դրա պատճառով մենք երկու անգամ տեղափոխվել ենք Բեթելի նոր շենքեր, որոնք գտնվում են թե՛ Բոմբեյում, թե՛ Բոմբեյի շրջակայքում։ Իսկ 2002–ի մարտին նոր Բեթել հիմնվեց Հնդկաստանի հարավում՝ Բանգալորի մերձակայքում։ Այս ժամանակակից շինություններում ծառայում են 240 բեթելցիներ, որոնցից մի քանիսը Աստվածաշնչյան գրականություն են թարգմանում 20 լեզուներով։
Մելոդին և ես մեծ ցանկությամբ սպասում էինք այն պահին, երբ կտեղափոխվենք Բանգալոր, սակայն վատ առողջությունը ստիպեց մեզ 1999–ին վերադառնալ Ավստրալիա։ Այժմ ծառայում ենք Սիդնեյի Բեթելում։ Թեև հեռացել ենք Հնդկաստանից, այնուհանդերձ, սիրելի ընկերների և հոգևոր երեխաների հանդեպ ունեցած մեր սերը վառ է մնում։ Որքա՜ն հաճելի է նրանցից նամակներ ստանալ։
Հետադարձ հայացք գցելով լիաժամ ծառայության ավելի քան 50 տարիներին՝ ես և Մելոդին զգում ենք, որ մեծապես օրհնվել ենք։ Նախկինում աշխատում էինք մարդկանց պատկերները պահպանել թղթի վրա, սակայն մարդկանց օգնելը, որ պահպանվեն Աստծու հիշողության մեջ, ավելի լավ ընտրություն է։ Ի՜նչ արժեքավոր դեպքեր տեղի ունեցան մեր կյանքում այն բանի շնորհիվ, որ որոշեցինք Աստծու կամքը դնել առաջին տեղում։ Այո՛, անելով այն, ինչ Աստված ճիշտ է համարում՝ երջանկություն ես ստանում։
[քարտեզներ 15-րդ էջի վրա]
Նյու Դելի
Դարջիլինգ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Բոմբեյ (Մումբայ)
Բանգալոր
Մադրաս (Չենայ)
Տիրուչչիրապալլի
[նկարներ 13-րդ էջի վրա]
Հեյդին և Մելոդին 1942 թվականին
[նկար 16-րդ էջի վրա]
Հնդկաստանի Բեթելի ընտանիքը 1975 թվականին