Կենսագրություն
Վճռականորեն տրամադրված ենք՝ ծառայելու Եհովային
ՊԱՏՄՈՒՄ Է ՌԱՅՄՈ ԿՈՒՈԿԿԱՆԵՆԸ
Հազար ինը հարյուր երեսունինը թվականին, երբ Եվրոպայում բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խորհրդային Միությունը հարձակվեց Ֆինլանդիայի՝ իմ հայրենի երկրի վրա։ Հայրս մեկնեց ֆիննական բանակ։ Շուտով ռուսական ռազմական ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել այն քաղաքը, որտեղ մենք ապրում էինք, ուստի մայրս ուղարկեց ինձ ավելի ապահով վայր՝ տատիս տուն։
ՀԱԶԱՐ ինը հարյուր յոթանասունմեկ թվականին ես ծառայում էի որպես միսիոներ Ուգանդայում՝ Աֆրիկայի արևելքում։ Մի օր, երբ քարոզում էի տնից տուն, մի խումբ վախեցած մարդիկ վազելով անցան իմ կողքով։ Ես կրակոցներ լսեցի և սկսեցի վազել դեպի մեր տան կողմը։ Կրակոցների ձայնը գնալով մոտենում էր։ Ես ցատկեցի ճանապարհի երկայնքով ձգվող առվի մեջ և գնդակների տարափի տակ սողալով՝ հասա տուն։
Հնարավոր չէր խուսափել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներից։ Բայց ինչո՞ւ էինք ես ու կինս այդ անհանգիստ ժամանակներում գտնվում Աֆրիկայում։ Պատճառը Եհովային ծառայելու մեր որոշումն էր։
Առաջին սերմերը
Ես ծնվել եմ 1934 թ.–ին Հելսինկիում (Ֆինլանդիա)։ Հայրս ներկարար էր։ Այնպես ստացվեց, որ մի օր աշխատանքի բերումով նա գնաց ներկելու Եհովայի վկաների Ֆինլանդիայի մասնաճյուղի շենքը։ Վկաները նրան պատմեցին ժողովի հանդիպումների մասին։ Տուն վերադառնալով՝ նա այդ մասին պատմեց մորս։ Մայրս անմիջապես չսկսեց հաճախել հանդիպումներին, սակայն հետագայում սկսեց աստվածաշնչյան թեմաներով զրուցել իր աշխատակցուհիներից մեկի հետ, որը Վկա էր։ Մայրս լուրջ էր վերաբերվում իր սովորած բաներին, և 1940 թ.–ին նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։
Դրանից կարճ ժամանակ առաջ տատս ինձ տարել էր իրենց գյուղ, որ ես այնտեղ մնայի մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Մայրս Հելսինկիից սկսեց նամակներ գրել տատիս ու կրտսեր մորաքրոջս, որոնցում պատմում էր Եհովայի վկաների համոզմունքների մասին։ Նրանք երկուսն էլ հետաքրքրություն ցույց տվեցին և իրենց իմացածի մասին սկսեցին պատմել ինձ։ Մենք մեծ քաջալերություն ստացանք, երբ մեզ այցելեցին մի քանի Եհովայի վկաներ, որոնք շրջագայական ծառայություն էին կատարում, բայց ես դեռ չէի որոշել ծառայել Աստծուն։
Սկսում եմ աստվածապետական կրթություն ստանալ
Երբ 1945 թ.–ին պատերազմն ավարտվեց, ես վերադարձա Հելսինկի, և մայրս սկսեց ինձ իր հետ տանել Եհովայի վկաների հանդիպումներին։ Երբեմն հանդիպումների գնալու փոխարեն՝ գնում էի կինոթատրոն։ Բայց մայրս ինձ պատմում էր ժողովի հանդիպումների ժամանակ իր լսած ելույթների մասին և կրկին ու կրկին շեշտում էր մի միտք. Արմագեդոնը շատ մոտ է։ Համոզվելով դրանում՝ սկսեցի բաց չթողնել հանդիպումները։ Որքան շատ էի հասկանում աստվածաշնչյան ճշմարտությունը, այնքան ավելի էր մեծանում ժողովի գործունեությանը մասնակցելու ցանկությունս։
Ես ուրախություն էի ստանում հատկապես համաժողովներին ներկա լինելուց։ 1948 թ.–ին ներկա եղա մի մարզային համաժողովի, որն անցկացվում էր տատիս տանից (որտեղ ես անցկացնում էի իմ ամառային արձակուրդները) ոչ հեռու։ Ընկերներիցս մեկը այդ համաժողովին պատրաստվում էր մկրտվել և ինձ էլ առաջարկեց նույնն անել։ Ես նրան ասացի, որ լողազգեստ չեմ բերել, սակայն նա պատասխանեց, որ կարող եմ նրա մկրտվելուց հետո վերցնել իր լողազգեստը։ Ես համաձայնվեցի և մկրտվեցի 1948 թ. հունիսի 27–ին՝ 13 տարեկան հասակում։
Համաժողովից հետո մորս ընկերներից ոմանք նրան ասացին, որ ես մկրտվել եմ։ Երբ մենք հանդիպեցինք, մայրս ցանկացավ իմանալ, թե ինչու եմ նման կարևոր քայլ կատարել՝ առանց իր հետ խորհրդակցելու։ Ես ասացի, որ հասկանում եմ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և գիտեմ, որ իմ վարքի համար պատասխանատու եմ Եհովայի առջև։
Ավելի վճռական եմ դառնում
Մեր ժողովի եղբայրներն օգնեցին ինձ, որ ավելի վճռական դառնամ Եհովային ծառայելու հարցում։ Նրանք ինձ հետ մասնակցում էին տնետուն ծառայության, ինչպես նաև ժողովում հանձնարարություններ էին տալիս։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումների որոշ մասը ես էի անցկացնում (Գործք 20։20)։ 16 տարեկան հասակում ներկայացրեցի իմ առաջին հանրային ելույթը։ Դրանից կարճ ժամանակ անց մեր ժողովում նշանակվեցի որպես Աստվածաշնչի ուսումնասիրությունների ծառայող։ Այդ հոգևոր գործունեությունը օգնեց ինձ հոգևորապես հասունանալ։ Սակայն ես դեռ պետք է հաղթահարեի մարդավախության զգացումը։
Այն օրերում մարզային համաժողովի հանրային ելույթի մասին մենք ազդարարում էինք մեծ ցուցանակներով։ Դրանցից յուրաքանչյուրը պատրաստված էր երկու ազդագրերից, որոնք իրար էին միանում ուսակապերով, և մենք հագուստի պես (առջևից ու ետևից) դրանք կրում էինք մեզ վրա։ Այդ պատճառով մարդիկ մեզ անվանում էին «սենդվիչներ»։
Մի անգամ, երբ ցուցանակը հագիս՝ կանգնած էի փողոցի անկյունում, տեսա դասընկերներիցս մի քանիսին, որ գալիս էին դեպի իմ կողմը։ Երբ նրանք կողքովս անցան, նրանց հայացքն ինձ վախեցրեց։ Ես աղոթեցի, որ Եհովան ինձ զորացնի ու շարունակեցի կանգնած մնալ իմ տեղում։ Այդ պահին մարդավախության զգացումը հաղթահարելը օգնեց ինձ, որ պատրաստ լինեմ պահպանելու քրիստոնեական չեզոքությունս ավելի մեծ փորձությունների ժամանակ։
Հետագայում իշխանությունները ինձ և մի քանի այլ երիտասարդ Վկաների կանչեցին զինվորական ծառայության։ Մենք գնացինք զինվորական կոմիսարիատ, ինչպես որ մեզ ասվել էր, սակայն հարգալից ձևով հրաժարվեցինք զինվորական համազգեստ հագնելուց։ Սպաները մեզ պահեցին կոմիսարիատում։ Կարճ ժամանակ անց դատարանը մեզ դատապարտեց վեց ամիս ազատազրկման։ Իսկ զինվորական ծառայություն կատարելու փոխարեն՝ մենք բանտում անցկացրեցինք ևս ութ ամիս։ Քրիստոնեական չեզոքություն պահպանելու պատճառով մենք բանտում անցկացրեցինք ընդհանուր առմամբ 14 ամիս։
Բանտի բարաքներում մենք ամեն օր հանդիպում էինք եղբայրների հետ՝ Աստվածաշնչի մասին զրուցելու համար։ Այդ ամիսների ընթացքում մեզանից շատերը երկու անգամ կարդացին ամբողջ Աստվածաշունչը։ Երբ ազատազրկման ժամկետը լրացավ, եղբայրների մեծ մասը բանտից դուրս եկավ Եհովային ծառայելու ավելի մեծ վճռականությամբ լցված։ Մինչ օրս այդ Վկաներից շատերը շարունակում են հավատարմորեն կատարել իրենց ծառայությունը։
Բանտից դուրս գալուց հետո ես վերադարձա ծնողներիս մոտ։ Շուտով ծանոթացա Վերայի՝ մի նախանձախնդիր, նորերս մկրտված քրոջ հետ։ Մենք ամուսնացանք 1957 թ.–ին։
Երեկո, որն ամբողջովին փոխեց մեր կյանքը
Մի երեկո, երբ այցելեցինք Ֆինլանդիայի մասնաճյուղի պատասխանատու եղբայրներից մի քանիսին, նրանցից մեկը հարցրեց, թե արդյոք կցանկանայինք շրջանային ծառայություն կատարել։ Ամբողջ գիշեր աղոթելուց հետո ես զանգահարեցի մասնաճյուղ և ասացի, որ համաձայն եմ։ Լիաժամ ծառայության անցնելը նշանակում էր, որ պետք է թողնեի իմ եկամտաբեր աշխատանքը, սակայն մենք վճռականորեն տրամադրված էինք Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնել։ Ես 23 տարեկան էի, իսկ Վերան 19–ը, երբ 1957 թ. դեկտեմբերին սկսեցինք մեր շրջագայական ծառայությունը։ Երեք տարի շարունակ մենք այցելում էինք ու քաջալերում Ֆինլանդիայի՝ Եհովայի վկաների ժողովներին։
1960 թ. վերջին հրավիրվեցին սովորելու Բրուքլինում (Նյու Յորք) անցկացվող «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում։ Ինձ և ուրիշ երկու եղբայրների հրավիրել էին մասնակցելու մասնաճյուղի գործունեությանն առնչվող տասնամսյա հատուկ դասընթացների։ Մեր կանայք մնացին Ֆինլանդիայում և այդ ընթացքում աշխատեցին այնտեղի Բեթելում։
Դասընթացների ավարտից կարճ ժամանակ առաջ ինձ ասացին, որ գնամ Նաթան Նորի աշխատասենյակ։ Այն ժամանակ նա վերահսկում էր Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը։ Եղբայր Նորը ինձ ու կնոջս առաջարկեց ծառայել որպես միսիոներներ Մալագասական Հանրապետությունում (այժմ՝ Մադագասկար)։ Ես նամակ գրեցի Վերային ու հարցրեցի, թե ինչ է նա մտածում այդ մասին։ Վերան անմիջապես պատասխանեց՝ համաձայն եմ։ Երբ վերադարձա Ֆինլանդիա, մենք սկսեցինք պատրաստություններ տեսնել Մադագասկար տեղափոխվելու համար։
Ե՛վ ուրախություն, և՛ հիասթափություն
1962 թ. հունվարին մենք Ֆինլանդիայից մեկնեցինք Անտանանարիվու՝ Մադագասկարի մայրաքաղաք։ Քանի որ Ֆինլանդիայում ցուրտ ձմեռ էր, մենք ծանր վերարկուներ էինք հագել և մորթե գլխարկներ դրել։ Մադագասկարի արևադարձային տապը ստիպեց մեզ մի կողմ դնել մեր տաք հագուստները։ Մեր առաջին միսիոներական տունը մեկ ննջարան ունեցող մի փոքրիկ բնակատեղի էր։ Այնտեղ արդեն ապրում էր մի միսիոներական զույգ, ուստի ես ու Վերան քնում էինք ծածկապատշգամբում։
Մենք սկսեցինք սովորել ֆրանսերեն՝ Մադագասկարի պետական լեզուն։ Դա բավականին դժվար էր, քանի որ մենք ու մեր ուսուցչուհին՝ քույր Կարբոնոն, ընդհանուր լեզու չգիտեինք։ Նա անգլերեն լեզվով էր խոսում մեզ ֆրանսերեն սովորեցնելու համար, սակայն Վերան անգլերեն չգիտեր։ Ուստի ես քույր Կարբոնոյի ասածները Վերայի համար թարգմանում էի ֆիններեն։ Հետո պարզվեց, որ Վերան քերականության հետ կապված հարցերը շվեդերեն ավելի լավ է հասկանում, ուստի ես սկսեցի ֆրանսերենի քերականությունը շվեդերեն բացատրել նրան։ Կարճ ժամանակ անց մենք արդեն որոշ չափով տիրապետում էին ֆրանսերենին, ուստի սկսեցինք սովորել մալգաշերենը՝ տեղացիների լեզուն։
Մադագասկարում առաջին անձնավորությունը, որի հետ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, մի տղամարդ էր, որը միայն մալգաշերեն գիտեր։ Սուրբգրային համարները ես նախ գտնում էի իմ ֆիններեն Աստվածաշնչում, իսկ հետո դրանք գտնում էինք նաև մալգաշերեն Աստվածաշնչում։ Թեև չէի կարողանում աստվածաշնչյան համարները լիարժեքորեն բացատրել նրան, սակայն ճշմարտությունը խոր արմատներ գցեց նրա սրտում, և նա մկրտվեց։
1963 թ.–ին Միլթոն Հենշելը Եհովայի վկաների Բրուքլինի գլխավոր վարչությունից եկավ Մադագասկար։ Կարճ ժամանակ անց Մադագասկարում հիմնվեց մասնաճյուղ, և ես նշանակվեցի որպես մասնաճյուղի վերակացու։ Դրանից բացի, ծառայում էի նաև որպես շրջանային ու մարզային վերակացու։ Եհովան առատորեն օրհնում էր մեզ։ 1962–1970 թթ.–ին Մադագասկարում Թագավորության քարոզիչների թիվը 85–ից հասավ 469–ի։
1970 թ.–ին մի օր, ծառայությունից տուն վերադառնալով, մենք մի գրություն գտանք մեր տան դռան առջև, որում ասվում էր, որ Եհովայի վկա բոլոր միսիոներները ներկայանան ներքին գործերի նախարարություն։ Այնտեղ մի պաշտոնյա մեզ ասաց, որ կառավարության հրամանով մենք պետք է անմիջապես հեռանանք Մադագասկարից։ Երբ հարցրեցի, թե ինչ հանցանք եմ գործել երկրից արտաքսվելու համար, նա պատասխանեց. «Պարոն Կուոկկանեն, դուք ոչ մի սխալ թույլ չեք տվել»։
Ես շարունակեցի. «Մենք արդեն ութ տարի է, ինչ այստեղ ենք։ Սա մեր տունն է դարձել։ Մենք չենք կարող հենց այնպես հեռանալ այստեղից»։ Չնայած մեր գործադրած ջանքերին՝ բոլոր միսիոներները մեկ շաբաթվա ընթացքում ստիպված եղան հեռանալ Մադագասկարից։ Մասնաճյուղը փակվեց, սակայն քարոզչական գործունեությունը սկսեց վերահսկել տեղի Վկաներից մեկը։ Նախքան Մադագասկարի մեր սիրելի եղբայրներին հրաժեշտ տալը մենք նոր նշանակում ստացանք. այս անգամ ծառայելու էինք Ուգանդայում։
Նոր նշանակում
Մադագասկարից հեռանալուց մի քանի օր անց հասանք Կամպալա՝ Ուգանդայի մայրաքաղաք։ Մենք անմիջապես սկսեցինք սովորել լուգանդա լեզուն, որը հնչում է գեղեցիկ մեղեդու նման, սակայն շատ դժվար է սովորել։ Միսիոներները օգնեցին Վերային սովորել անգլերեն, որով մենք կարողացանք արդյունավետորեն քարոզել։
Կամպալայի շոգ ու խոնավ կլիման բացասականորեն անդրադարձավ Վերայի առողջության վրա։ Ուստի մեզ նշանակեցին ծառայելու Մբարարայում՝ Ուգանդայի մեկ ուրիշ քաղաքում, որտեղ կլիման ավելի մեղմ է։ Մենք այնտեղի առաջին Վկաներն էինք։ Հենց առաջին օրը ծառայության ժամանակ մի քաջալերական դեպք տեղի ունեցավ։ Երբ զրուցում էի մի տղամարդու հետ, խոհանոցից դուրս եկավ նրա կինը։ Նրա անունը Մարգարիտ էր։ Նա լսել էր իմ մատուցումը։ Վերան Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց Մարգարիտի հետ, և նա հոգևորապես առաջադիմեց։ Մարգարիտը մկրտվեց ու դարձավ Թագավորության եռանդուն քարոզիչ։
Քաղաքացիական ընդհարումներ փողոցներում
1971 թ.–ին քաղաքացիական պատերազմը վերջ դրեց Ուգանդայի խաղաղությանը։ Մի օր ընդհարումներից մեկը տեղի ունեցավ Մբարարայի մեր միսիոներական տան մոտակայքում։ Հենց այդ ժամանակ էր, որ ինձ հետ տեղի ունեցավ այն դեպքը, որի մասին նշեցի հոդվածի սկզբում։
Վերան արդեն տանն էր, երբ ես, զինվորներից թաքնվելով և առվի միջով սողալով, հասա տուն։ Տան մի անկյունում մենք ներքնակներից ու կահույքից մի «ամրոց» պատրաստեցինք։ Մեկ շաբաթ շարունակ մենք տանից դուրս չեկանք. սպասում էինք, թե ռադիոյով ինչ նորություններ կասեն։ Երբեմն երբ կուչ եկած թաքնվում էինք մեր «ամրոցում», փամփուշտները, հարվածելով տան պատերին, դեպի մեր կողմ էին գալիս։ Գիշերները մենք ընդհանրապես լույս չէինք միացնում, որ չերևա, որ տանն ենք։ Մի անգամ զինվորները մոտեցան մեր տանը և բարձրաձայն ինչ–որ բան ասացին։ Մենք անշարժ մնացինք՝ լուռ աղոթելով Եհովային։ Երբ այդ պայքարն ավարտվեց, մեր հարևանները եկան ու շնորհակալություն հայտնեցին այն բանի համար, որ իրենց ոչինչ չի պատահել։ Նրանք համոզված էին, որ Եհովան էր պաշտպանել բոլորիս. մենք ասացինք, որ նույնպես այդ կարծիքին ենք։
Իրավիճակը խաղաղ էր այնքան ժամանակ, մինչև մի առավոտ ռադիոյով լսեցինք, որ Ուգանդայի կառավարությունը արգելք է դրել Եհովայի վկաների գործունեության վրա։ Հաղորդավարն ասաց, որ բոլոր Եհովայի վկաները պետք է վերադառնան իրենց նախկին կրոնին։ Ես փորձեցի բանակցություններ վարել կառավարության պաշտոնյաների հետ, բայց ապարդյուն։ Այնուհետև գնացի նախագահ Իդի Ամինի աշխատավայրը և տեսակցություն խնդրեցի։ Ընդունարանի աշխատողն ինձ ասաց, որ նախագահը զբաղված է։ Ես նորից ու նորից գնացի նրա աշխատավայր, բայց այդպես էլ չկարողացա հանդիպել նախագահին։ Ի վերջո, 1973 թ. հուլիսին մենք հեռացանք Ուգանդայից։
Մեկ տարին դարձավ տասը տարի
Ուգանդայի մեր սիրելի եղբայրներին հրաժեշտ տալիս մեզ նորից համակեց այն տխրությունը, որ մենք ունեինք Մադագասկարից արտաքսվելիս։ Նախքան Սենեգալում մեր նոր նշանակմանն անցնելը մեկնեցինք Ֆինլանդիա։ Այնտեղ մեզ ասացին, որ այլևս հարկավոր չէ գնալ Աֆրիկա, և որ կարող ենք մնալ Ֆինլանդիայում։ Թվում էր, թե այդպիսով մեր միսիոներական ծառայությունն ավարտվեց։ Ֆինլանդիայում մենք ծառայեցինք որպես հատուկ ռահվիրաներ, իսկ հետո դարձյալ անցանք շրջանային ծառայության։
1990 թ.–ին, երբ Մադագասկարում մեր գործունեության վրա դրված արգելքը հանվեց, Բրուքլինի վարչությունից մեզ հարցրեցին, թե արդյոք կգնանք այնտեղ մեկ տարով ծառայելու։ Մենք շատ էինք զարմացել։ Ցանկանում էինք գնալ, սակայն երկու մեծ դժվարություն ունեինք. տարեց հայրս խնամքի կարիք ուներ, իսկ Վերան՝ առողջական խնդիրներ։ Ես տխրեցի, երբ 1990 թ. նոյեմբերին հայրս մահացավ։ Իսկ Վերայի առողջությունը վերականգնվեց, ու դա մեզ հույս տվեց կրկին սկսելու միսիոներական ծառայությունը։ Մենք վերադարձանք Մադագասկար 1991 թ. սեպտեմբերին։
Մեր ծառայությունը Մադագասկարում պետք է տևեր մեկ տարի, սակայն տևեց տասը տարի։ Այդ ժամանակահատվածում քարոզիչների թիվը 4 000–ից հասավ 11 600–ի։ Ես մեծ բավականություն էի ստանում միսիոներական ծառայությունից։ Սակայն երբեմն ընկճվում էի՝ մտածելով, որ բավական չափով չեմ հոգում իմ սիրելի կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները։ Եհովան երկուսիս էլ ուժ տվեց շարունակելու մեր ծառայությունը։ 2001 թ.–ին մենք վերադարձանք Ֆինլանդիա և սկսած այդ ժամանակից՝ ծառայում ենք Ֆինլանդիայի մասնաճյուղում։ Մեր եռանդը Թագավորության հանդեպ դեռ այրվում է մեր սրտերում, և հաճախ ենք երազում Աֆրիկայի մասին։ Մենք վճռականորեն տրամադրված ենք կատարելու Եհովայի կամքը, ուր էլ որ նա մեզ նշանակի (Եսայիա 6։8)։
[քարտեզ 12-րդ էջի վրա]
(ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ՖԻՆԼԱՆԴԻԱ
ԵՎՐՈՊԱ
[քարտեզ 14-րդ էջի վրա]
(ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՖՐԻԿԱ
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
[քարտեզ 15-րդ էջի վրա]
(ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՖՐԻԿԱ
ՈՒԳԱՆԴԱ
[նկար 14-րդ էջի վրա]
Մեր ամուսնության օրը
[նկար 15-րդ էջի վրա]
1960–ական թվականներին շրջանային ծառայություն կատարելիս
[նկար 15-րդ էջի վրա]
1962 թ.–ին Մադագասկարում որպես միսիոներներ ծառայելիս
[նկար 16-րդ էջի վրա]
Վերայի հետ՝ այսօր