Կենսագրություն
Վերջապես մեր ընտանիքը միավորվեց
ՊԱՏՄՈՒՄ Է ՍՈՒՄԻԿՈ ՀԻՐԱՆՈՆ
Ես գտել էի կյանքիս լավագույն ուղին և ցանկանում էի, որ ամուսինս էլ միանա ինձ։ Սակայն դա լինելու էր քառասուներկու տարի անց։
ԵՍ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ եմ 1951 թ.–ին, երբ 21 տարեկան էի։ Չորս տարվա ընթացքում երկու որդի ունեցանք, և կյանքը երջանիկ էր թվում։
1957 թ.–ին մի Եհովայի վկա միսիոներ այցելեց ավագ քրոջս։ Թեև քույրս բուդդայական էր, սակայն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել այդ միսիոների հետ և ինձ էլ քաջալերեց նույնը անել։ Ես համաձայնվեցի։ Հաճախելով բողոքական եկեղեցի՝ կարծում էի, որ կկարողանամ Եհովայի վկաներին ցույց տալ, որ իրենց ուսմունքները սխալ են։
Շուտով հայտնաբերեցի, թե որքան քիչ բան գիտեմ Աստվածաշնչի մասին։ Ես ստիպված էի հարցնել միսիոներին. «Ո՞վ է Եհովան»։ Իմ եկեղեցում ես երբեք չէի լսել այդ անունը։ Միսիոները՝ Դաֆնի Քուքը (հետագայում՝ Փեթիթ), ցույց տվեց ինձ Եսայիա 42։8 համարը, որտեղ պարզ ասվում է, որ Եհովան Բարձրյալ Աստծու անունն է։ Դաֆնին իմ բոլոր հարցերին պատասխանում էր Աստվածաշնչի օգնությամբ։
Ես այդ նույն հարցերը տվեցի իմ քահանային, սակայն նա պատասխանեց. «Հարցեր տալը մեղք է։ Պարզապես հավատա այն ամենին, ինչ քեզ ասում են»։ Թեև ես չէի կարծում, որ հարցեր տալը սխալ է, սակայն ամեն կիրակի առավոտյան հաճախում էի եկեղեցի, իսկ ցերեկը՝ Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։
Ազդեցությունը իմ ամուսնության վրա
Այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից, շատ էր տպավորում ինձ, և ես պատմում էի իմացածս ամուսնուս՝ Կազուհիկոյին։ Աստվածաշնչի յուրաքանչյուր ուսումնասիրությունից և ժողովի հանդիպումից հետո պատմում էի նրան, ինչ որ սովորել էի։ Հետևանքը եղավ այն, որ մեր միջև անդունդ առաջացավ։ Նա չէր ցանկանում, որ դառնայի Եհովայի վկա։ Բայց ես այնպիսի բավարարվածություն էի ստանում Աստվածաշնչի ուսումնասիրությունից, որ շարունակեցի Վկաների օգնությամբ այն ուսումնասիրել։
Այն երեկոներին, երբ պետք է ժողով գնայի, պատրաստում էի Կազուհիկոյի սիրած ուտելիքը, բայց նա տանը չէր ընթրում։ Երբ տուն էի վերադառնում, Կազուհիկոն վատ տրամադրության մեջ էր լինում և հրաժարվում էր ինձ հետ խոսել։ Երկու–երեք օրից նրա տրամադրությունը նորից լավանում էր, բայց արդեն գալիս էր հաջորդ ժողով գնալու ժամանակը։
Մոտավորապես այդ ժամանակ ես հիվանդացա տուբերկուլյոզով, որի պատճառով ամուսնուս բարեկամներից արդեն մի քանի մարդ էր մահացել։ Կազուհիկոն շատ անհանգստացավ և ասաց, որ երբ ես լավանամ, կարող եմ անել այն, ինչ ցանկանամ։ Իսկ իմ միակ ցանկությունն էր, որ նա թույլ տար ինձ ամեն շաբաթ գնալ ժողովի հանդիպումներին։ Ամուսինս համաձայնվեց։
Իմ ապաքինումը տևեց վեց ամիս, և այդ ընթացքում արագորեն ուսումնասիրեցի Աստվածաշունչը։ Ես փորձում էի հակասություններ գտնել Վկաների ուսմունքների մեջ՝ մտածելով, որ եթե գտնեմ նույնիսկ մեկը, կդադարեցնեմ իմ ուսումնասիրությունը։ Սակայն չկարողացա գտնել և ոչ մի հակասություն։ Հակառակը՝ ակնառու դարձան բողոքական եկեղեցու սխալները։ Ես սովորեցի Եհովայի սիրո և արդարության մասին, ինչպես նաև հասկացա, թե ինչ օգուտներ է բերում նրա օրենքների համաձայն ապրելը։
Երբ առողջացա, ամուսինս կատարեց իր խոստումը և չհակառակվեց իմ ժողովներ գնալուն։ Ես հոգևորապես առաջադիմեցի և 1958 թ. մայիսին մկրտվեցի։ Ես շատ էի ցանկանում, որ իմ ընտանիքը միանա ինձ ճշմարիտ Աստծու երկրպագության մեջ։
Օգնում եմ երեխաներիս հոգևորապես առաջադիմել
Երեխաներս միշտ ինձ հետ գալիս էին ժողովի հանդիպումներին և մասնակցում քարոզչական ծառայությանը։ Սակայն որոշ դեպքեր օգնեցին ինձ տեսնել, որ Աստվածաշնչյան գիտությունը նրանց սրտում արմատացել էր։ Մի օր իմ վեց տարեկան որդին՝ Մասահիկոն, խաղում էր բակում։ Հանկարծ լսեցի աղմուկ և ինչ–որ մեկի սուր ճիչը։ Հարևանս ներխուժեց մեր տուն՝ բղավելով, որ որդիս մեքենայի տակ է ընկել։ Մի՞թե նա մահացել էր։ Փորձեցի հանգստություն պահպանել և դուրս վազեցի։ Ես սարսռեցի՝ նկատելով նրա կոտրված հեծանիվը, բայց հետո տեսա, որ նա մոտենում է ինձ՝ մի քիչ վնասված։ Փաթաթվելով՝ նա ասաց. «Մայրի՛կ, Եհովան օգնեց ինձ, չէ՞»։ Տեսնելով, որ նա կենդանի է և լսելով այդ գեղեցիկ խոսքերը՝ ես արտասվեցի։
Մեկ ուրիշ օր իմ ութամյա Թոմոյոշիի հետ ծառայության ժամանակ մի ծեր մարդու հանդիպեցինք, որը գոռալով ասաց. «Գոնե այդ փոքր երեխային հանգիստ թողեք։ Մե՛ղք է»։ Մինչ փորձեցի պատասխանել, որդիս միջամտեց. «Պարո՛ն, իմ մայրիկը չի ստիպում ինձ քարոզել։ Ես քարոզում եմ, որովհետև ուզում եմ ծառայել Եհովային»։ Ծեր մարդը զարմացավ և ոչինչ չկարողացավ ասել։
Սակայն հոգևոր առումով որդիներս առանց հայր էին մեծանում։ Միայն ես էի նրանց սովորեցնում աստվածաշնչյան ճշմարտությունը, թեև ինքս սովորելու դեռ շատ բան ունեի։ Ես իմ մեջ սեր, հավատ և եռանդ էի զարգացնում ու փորձում էի լավ օրինակ թողնել նրանց։ Ամեն օր շնորհակալություն էի հայտնում Եհովային երեխաների ներկայությամբ։ Պատմում էի դեպքեր իմ ծառայությունից։ Դա քաջալերում էր նրանց։ Հետագայում, երբ տղաներիս հարցրեցին, թե ինչու են նրանք դարձել ռահվիրա, կամ՝ լիաժամ ծառայող, նրանք պատասխանեցին. «Մենք տեսնում էինք, որ մեր մայրիկը երջանիկ է՝ ծառայելով որպես ռահվիրա և նույնպես ուզում էինք լինել երջանիկ»։
Ես շատ զգույշ էի լինում, որպեսզի արհամարհանքով չխոսեմ նրանց հոր կամ ժողովի որևէ անդամի մասին։ Գիտակցում էի, որ բացասական զրույցները կարող էին վատ անդրադառնալ երեխաներիս վրա։ Նրանք կարող էին իրենց հարգանքը կորցնել ոչ միայն այն անհատի հանդեպ, ում մասին խոսվում էր, այլ նաև խոսողի հանդեպ։
Խոչընդոտների հաղթահարումը բերում է առաջադիմության
1963 թ.–ին ամուսնուս աշխատանքի պատճառով մենք տեղափոխվեցինք Տայվան։ Նա ասաց ինձ, որ եթե այնտեղ քարոզեմ ճապոնացիներին, դա խնդիրներ առաջ կբերի. մեզ ետ կուղարկեն Ճապոնիա, և իր ընկերության համար դա դժվարություններ կհարուցի։ Նա ցանկանում էր ինձ հեռու պահել Վկաներից։
Տայվանում, որտեղ բոլոր ժողովները չինարեն լեզվով էին անցկացվում, Վկաները մեզ շատ ջերմ ընդունեցին։ Ես որոշեցի չինարեն սովորել, որպեսզի ճապոնացիներին քարոզելու փոխարեն՝ կարողանամ վկայություն տալ տեղացիներին։ Այդպես կարող էի խուսափել այն խնդիրներից, որոնց մասին զգուշացրել էր ամուսինս։
Մեր ընկերությունը Տայվանի Վկաների հետ ամրացրեց մեզ։ Հարվի և Կատի Լոգան միսիոներական զույգը մեզ շատ օգնեց։ Եղբայր Լոգանը դարձավ տղաներիս հոգևոր հայրը։ Նա ցույց տվեց նրանց, որ Եհովային ծառայել չի նշանակում ապրել տխուր և միապաղաղ կյանքով։ Վստահ եմ, որ հենց Տայվանում տղաներս որոշեցին ծառայել Եհովային։
Թոմոյոշին և Մասահիկոն հաճախում էին ամերիկյան դպրոց, որտեղ սովորում էին անգլերեն, ինչպես նաև չինարեն։ Այդ կրթությունը հետագայում օգնեց նրանց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, ծառայելու մեջ։ Ես խորապես երախտապարտ եմ Եհովային, որ մեզ համար դժվարին եղող ժամանակը նա փոխեց տևական օրհնությունների ժամանակի։ Տայվանում անցկացրած երեք ու կես հիշարժան տարիներից հետո մեր ընտանիքը վերադարձավ Ճապոնիա։
Տղաներն արդեն պատանի էին և ցանկանում էին անկախանալ։ Ես շատ ժամանակ էի անցկացնում երեխաներիս հետ՝ խորհրդածելով Գրությունների սկզբունքների շուրջ, և Եհովան օգնեց նրանց հաղթահարել այդ դժվարությունները։ Դպրոցն ավարտելուց հետո Թոմոյոշին սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Ռահվիրայության առաջին մի քանի տարիների ընթացքում նա կարողացավ օգնել չորս անհատների նվիրվել Եհովային և մկրտվել։ Մասահիկոն հետևեց եղբոր օրինակին և միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նույնպես սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Առաջին չորս տարիների ընթացքում նա օգնեց չորս երիտասարդների դառնալ Վկա։
Եհովան շատ էր օրհնում երեխաներիս։ Թոմոյոշին ուսումնասիրություն սկսեց մի տղամարդու հետ, որի կնոջը ես օգնել էի սովորել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նրանց երկու աղջիկները նույնպես դարձան Վկաներ։ Հետագայում Թոմոյոշին ամուսնացավ նրանց ավագ դստեր՝ Նոբուկոյի, իսկ Մասահիկոն՝ կրտսեր դստեր՝ Մասակոյի հետ։ Թոմոյոշին և Նոբուկոն այժմ ծառայում են Բրուքլինում (Նյու Յորք)՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում։ Իսկ Մասահիկոն և Մասակոն ծառայում են որպես միսիոներներ Պարագվայում։
Ամուսինս աստիճանաբար փոխվում է
Այդ տարիների ընթացքում ամուսինս կարծես անտարբեր էր մեր հավատի նկատմամբ, սակայն որոշ բաներ ցույց էին տալիս, որ նա փոխվում է։ Երբ ուրիշները հակառակվում էին ինձ, նա պաշտպանում էր իմ հավատալիքները և այդպիսով առանց գիտակցելու թիկունք կանգնում աստվածաշնչյան ճշմարտությանը։ Նա նյութական օգնություն էր ցուցաբերում կարիքավոր Վկաներին։ Մեր տղաներից մեկի հարսանիքի ժամանակ իր կարճ խոսքում նա ասաց. «Սովորեցնել մարդկանց ճիշտ կյանքով ապրել ամենալավ և ամենադժվար աշխատանքն է, որ կարելի է կատարել։ Իմ տղաները և նրանց կանայք ընտրել են ամենադժվար ուղին որպես իրենց աշխատանք։ Խնդրում եմ, օգնեք նրանց»։ Այս ամենը վստահեցնում էր ինձ, որ նա անպայման կմիանա մեզ Եհովային ծառայելու մեջ։
Ես հոգ տարա, որպեսզի նա ընկերակցի Վկաների հետ։ Ուստի Կազուհիկոյին հրավիրեցի քրիստոնեական հանդիպումների և համաժողովների, ինչպես նաև Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Երբ աշխատանքը թույլ էր տալիս, նա հաճախում էր այս հանդիպումներին, թեև առանց ցանկության։ Հաճախ ինձ թվում էր, որ նա կցանկանա Աստվածաշունչ ուսումնասիրել և տուն էի հրավիրում երեցներին։ Բայց ամեն անգամ նա հրաժարվում էր ուսումնասիրությունից։ Մտածում էի, թե որն էր պատճառը։
Ես հիշեցի Պետրոս առաքյալի խոսքերը. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։ Հասկացա, որ ոչ միշտ եմ հետևել այդ խորհրդին։ Որպեսզի լիովին հնազանդվեի դրան, ես պետք է բարելավեի իմ հոգևոր վիճակը։
1970 թ.–ին սկսեցի ծառայել որպես ռահվիրա՝ նպատակ ունենալով դառնալ ավելի հոգևոր անձնավորություն։ Անցավ տասը տարի, հետո՝ քսան։ Սակայն դեռևս չէի տեսնում հոգևոր փոփոխություններ ամուսնուս մեջ։ Մի անգամ Աստվածաշունչ ուսումնասիրող մի կին ասաց. «Երևի թե դժվար է ուրիշներին օգնել, երբ նույնիսկ սեփական ամուսնուդ չես կարող օգնել»։ Այդ խոսքերը հուսահատեցնող էին, բայց ես չհանձնվեցի։
1980–ականների վերջին մեր ծնողները մահամերձ վիճակում էին։ Նրանց խնամելը և իմ մյուս պարտականությունները կատարելը հոգնեցնում և ուժասպառ էին անում ինձ։ Տարիներ շարունակ նրանք բոլորը հակառակվել էին Եհովայի հանդեպ իմ հավատին, սակայն ես փորձում էի հնարավորին չափ սեր ցույց տալ նրանց նկատմամբ։ Իր մահից առաջ 96–ամյա մայրս ասաց ինձ. «Սումի՛կո, եթե ես հարություն առնեմ, կընդունեմ քո կրոնը»։ Ես հասկացա, որ իմ ջանքերը զուր չէին եղել։
Իմ ամուսինը նկատում էր այն ամենը, ինչ ես անում էի մեր ծնողների համար։ Իր գնահատանքը ցույց տալու համար նա սկսեց կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Տարիներ շարունակ Կազուհիկոն այդպես էր վարվում, սակայն իսկական հոգևոր առաջադիմություն չէր կատարում։ Ես շարունակում էի նրան գոհացնել։ Ճաշի էի հրավիրում նրա ընկերներին և նույնիսկ գործընկերներին։ Երբ Կազուհիկոն գնում էր հանգստանալու, ես միանում էի նրան։ Իսկ երբ ռահվիրաներից պահանջվող ժամերի աքանակը նվազեց մինչև ամսական 70 ժամ, ես ավելի շատ ժամանակ էի անցկացնում նրա հետ։
Թոշակի անցնելը փոփոխություն է բերում
1993 թ.–ին ամուսինս թոշակի անցավ։ Ես մտածեցի, որ վերջապես հիմա Կազուհիկոն ժամանակ կունենա ուսումնասիրել Աստվածաշունչը։ Սակայն նա ասաց, որ անհարգալից կլինի Աստծուն երկրպագել զուտ այն պատճառով, որ մարդը ժամանակ ունի։ Եվ ավելացրեց, որ կերկրպագի Աստծուն, երբ իր սիրտը մղի, և որ ես չպետք է իրեն ստիպեմ։
Մի օր Կազուհիկոն հարցրեց ինձ, թե արդյոք կնվիրեմ կյանքիս մնացած տարիները իրեն։ Իր խոսքերը ցավ պատճառեցին ինձ, քանի որ մեր ամուսնությունից ի վեր ես հնարավոր ամեն բան արել եմ ամուսնուս համար։ Ես այնքան ջանք էի գործադրել նրան երջանիկ դարձնելու, իսկ նա կարծում էր, որ ավելի շատ Եհովայի համար եմ ապրել, քան իր։ Այդ մասին մի փոքր խորհելուց հետո ես ասացի, որ ավելին չեմ կարող անել։ Բայց եթե նա միանա ինձ այն գործում, որ կատարում եմ, մենք կկարողանանք միասին սկսել հրաշալի նոր կյանք, որը կտևի ոչ թե մի քանի տարի, այլ հավիտյան։ Մի քանի օր ամուսինս չէր պատասխանում։ Վերջապես նա հարցրեց. «Դե ինչ, դու կուսումնասիրե՞ս ինձ հետ Աստվածաշունչ»։ Ամեն անգամ, երբ մտածում եմ այս խոսքերի մասին, սիրտս ուրախությունից սկսում է ավելի արագ բաբախել։
Սկզբում ես պայմանավորվեցի մի երեցի հետ, որպեսզի նա ուսումնասիրություն սկսի ամուսնուս հետ, բայց Կազուհիկոն ասաց. «Ես ուզում եմ, որ միայն դու ուսումնասիրես ինձ հետ»։ Այսպիսով մենք ամեն օր սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Քանի որ ես չինական ժողովից եմ, և ամուսինս լավ գիտի այդ լեզուն, մենք ուսումնասիրում էինք չինարենով։ Նաև միասին ամբողջությամբ կարդացինք Աստվածաշունչը մոտ մեկ տարում։
Այդ ընթացքում չինական ժողովից մի երեց իր կնոջ հետ միասին հետաքրքրություն էր ցույց տալիս մեր երկուսի հանդեպ։ Չնայած նրանք մեր երեխաներից ավելի երիտասարդ էին, սակայն մեզ համար դարձան իսկական ընկերներ։ Շատ ուրիշ Վկաներ նույնպես հատուկ հետաքրքրություն էին ցույց տալիս ամուսնուս հանդեպ։ Նրանք հյուրասիրություն էին ցուցաբերում և Կազուհիկոյին վերաբերվում էին որպես իրենց հոր։ Դա ինձ շատ էր երջանկացնում։
Մի օր մենք մեր ժողովից հարսանիքի հրավեր ստացանք, որը հասցեագրված էր ամուսնուս։ Կազուհիկոյի վրա մեծ ազդեցություն գործեց իրեն որպես ընտանիքի գլուխ ընդունելը, և նա որոշեց գնալ։ Շուտով Կազուհիկոն ընկերացավ Վկաների հետ և մի երեցի օգնությամբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, հանդիպումներին հաճախելը, ինչպես նաև ժողովներում տիրող սերը օգնեցին նրան հոգևորապես առաջադիմել։
Վերջապես միավորված ընտանիք
2000 թ. դեկտեմբերին ամուսինս մկրտությամբ խորհրդանշեց իր նվիրումը Եհովային։ Մեր որդիները և նրանց կանայք ժամանել էին շատ հեռվից՝ ականատես լինելու ժամանակակից «հրաշքի»։ 42 տարի անց մենք վերջապես դարձանք միավորված ընտանիք։
Հիմա ամեն առավոտ երկուսով քննարկում ենք օրվա խոսքը և Աստվածաշունչ կարդում։ Ամեն օր մենք հոգևոր զրույցներ ենք ունենում և մասնակցում հոգևոր գործերի։ Ամուսինս այժմ ժողովում ծառայում է որպես ծառայող օգնական և վերջերս չինարենով հանրային ելույթ ունեցավ։ Ես երախտապարտ եմ Եհովային մեզ միավորելու համար։ Բոլոր իմ հարազատների և սիրելիների հետ ես պատրաստվում եմ սրբացնել նրա անունը և թիկունք կանգնել նրա գերիշխանությանը հավիտյան։
[քարտեզ 13-րդ էջի վրա]
(Տեքստի ամբողջական ձևի համար տե՛ս հրատարակությունը)
ՉԻՆԱՍՏԱՆ
ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ճապոնական ծով
ՃԱՊՈՆԻԱ
Տոկիո
Արևելաչինական ծով
ՏԱՅՎԱՆ
Թայբեյ
[նկար 12-րդ էջի վրա]
Ընտանիքիս հետ 1958 թ.–ին՝ այն տարի, երբ մկրտվեցի
[նկարներ 13-րդ էջի վրա]
Հարվի և Կատի Լոգանի պես ընկերները հոգևորապես ամրապնդեցին մեզ, երբ մենք Տոկիոյից տեղափոխվեցինք Թայբեյ
[նկար 15-րդ էջի վրա]
Այսօր իմ ընտանիքը միավորված է ճշմարիտ երկրպագության մեջ