Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 10/1 էջ 21–25
  • Քաջություն, որը զորանում է սիրով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քաջություն, որը զորանում է սիրով
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Սէրն Աստուածանից է»
  • Դրսևորենք քաջություն և սեր
  • Թույլ մի տվեք, որ ձեր սերը սառչի
  • Անձնական փորձությունները քաջությամբ դիմագրավենք
  • Սերն օգնում է մեղք գործողներին վերադառնալ դեպի Եհովան
  • «Քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քաջ սիրտ տուր ինձ
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր»
    2012 Դիտարան
  • «Ուժովացէք եւ քաջ եղէք»
    2003 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 10/1 էջ 21–25

Քաջություն, որը զորանում է սիրով

«Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան» (Բ ՏԻՄՈԹԷՈՍ 1։7)։

1, 2. ա) Սերն ի՞նչ գործերի կարող է մղել անհատին։ բ) Ինչո՞վ էր Հիսուսի քաջությունը բացառիկ։

ՆՈՐԱՊՍԱԿ ամուսնական մի զույգ Ավստրալիայի արևելյան ափին ակվալանգով լողում էր։ Նրանք արդեն պատրաստվում էին դուրս գալ ջրից, երբ մի հսկայական սպիտակ շնաձուկ հարձակվեց կնոջ վրա։ Ամուսինը հերոսաբար մի կողմ հրեց կնոջը և թույլ տվեց, որ շնաձուկն իրեն ուտի։ «Նա իր սեփական կյանքը տվեց ինձ համար»,— ասաց այրին թաղման արարողության ժամանակ։

2 Այո, սերը կարող է մղել մարդկանց բացառիկ քաջություն դրսևորել։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Յովհաննէս 15։13)։ Այս խոսքերն ասելուց մոտ 24 ժամ հետո Հիսուսը իր կյանքը տվեց ոչ միայն մեկ մարդու համար, այլև ամբողջ մարդկության (Մատթէոս 20։28)։ Ավելին, այն, որ Հիսուսը իր կյանքը զոհաբերեց մարդկանց համար, քաջության ակնթարթային դրսևորում չէր։ Նա նախապես գիտեր, որ իրեն ծաղրելու են, վիրավորելու են, անարդարացիորեն դատապարտելու են և տանջանքի ցցի վրա մահվան են ենթարկելու։ Նա նույնիսկ պատրաստեց իր աշակերտներին այդ բանին՝ ասելով. «Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։ Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան» (Մարկոս 10։33, 34)։

3. Ի՞նչը նպաստեց, որ Հիսուսը բացառիկ քաջություն դրսևորի։

3 Ինչի՞ շնորհիվ Հիսուսը բացառիկ քաջություն դրսևորեց։ Դրանում մեծ դեր խաղացին հավատն ու աստվածավախությունը (Եբրայեցիս 5։7; 12։2)։ Սակայն Հիսուսի քաջության պատճառը առավելապես սերն էր Աստծու և մարդկանց հանդեպ (Ա Յովհաննէս 3։16)։ Եթե մենք հավատի և աստվածավախության հետ մեկտեղ նման սեր զարգացնենք, ապա նույնպես կկարողանանք Քրիստոսի նման քաջություն դրսևորել (Եփեսացիս 5։2)։ Ինչպե՞ս կարող ենք այդպիսի սեր զարգացնել։ Դա անելու համար մենք պետք է իմանանք, թե ով է սիրո Աղբյուրը։

«Սէրն Աստուածանից է»

4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան է սիրո Աղբյուրը։

4 Եհովան և՛ սիրո անձնավորումն է, և՛ այդ սիրո Աղբյուրը։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է, եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։7, 8)։ Անհատը կարող է Աստծու սիրո նման սեր զարգացնել միայն այն դեպքում, երբ մոտենում է Եհովային՝ ստանալով ճշգրիտ գիտություն և սրտանց կիրառում է այդ գիտելիքները (Փիլիպպեցիս 1։9; Յակոբոս 4։8; Ա Յովհաննէս 5։3)։

5, 6. Ի՞նչը օգնեց Հիսուսի առաջին դարի հետևորդներին անձնազոհ սեր զարգացնել։

5 Իր 11 հավատարիմ առաքյալների հետ վերջին անգամ աղոթելիս Հիսուսը ցույց տվեց Աստծուն ճանաչելու և սեր զարգացնելու միջև եղած կապը՝ ասելով. «Ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում» (Յովհաննէս 17։26)։ Հիսուսն օգնեց իր աշակերտներին զարգացնել այնպիսի սեր, որը գոյություն ունի իր և իր Հոր միջև։ Թե՛ խոսքերով և թե՛ օրինակով նա ցույց տվեց, որ Աստծու անունը իրականում ներկայացնում է նրա հրաշալի հատկությունները։ Ուստի Հիսուսը կարող էր ասել. «Ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Յովհաննէս 14։9, 10; 17։8)։

6 Այդպիսի սերը Աստծու սուրբ ոգու պտուղն է (Գաղատացիս 5։22)։ Երբ վաղ քրիստոնյաները ստացան խոստացված սուրբ ոգին մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, նրանք ոչ միայն հիշեցին Հիսուսի սովորեցրած բաները, այլ նաև Գրությունների իմաստը ավելի լավ ըմբռնեցին։ Այս ավելի խորը հասկացողությունը ակներևաբար ամրացրեց Աստծու հանդեպ նրանց սերը (Յովհաննէս 14։26; 15։26)։ Ո՞րն էր արդյունքը։ Նույնիսկ իրենց կյանքի գնով նրանք քաջաբար և եռանդորեն քարոզեցին բարի լուրը (Գործք 5։28, 29)։

Դրսևորենք քաջություն և սեր

7. Իրենց միսիոներական շրջագայության ժամանակ ի՞նչ փորձությունների դիմացան Պողոսը և Բառնաբասը։

7 Պողոս առաքյալը գրեց. «Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան» (Բ Տիմոթէոս 1։7)։ Պողոսն իր անձնական օրինակից էր դա ասում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ փորձությունների միջով անցան նա և Բառնաբասը իրենց միսիոներական ճանապարհորդության ընթացքում։ Նրանք քարոզեցին շատ քաղաքներում, այդ թվում նաև Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Յուրաքանչյուր քաղաքում որոշ մարդիկ դառնում էին հավատացյալներ, իսկ ոմանք էլ՝ ատելավառ հակառակորդներ (Գործք 13։2, 14, 45, 50; 14։1, 5)։ Լյուստրայում գազազած ամբոխը նույնիսկ քարկոծեց Պողոսին և կարծելով, թե մեռած է՝ հեռացավ նրանից։ Սակայն «երբոր աշակերտները նորան շրջապատեցին, վեր կացաւ մտաւ քաղաքը. եւ հետեւեալ օրը Բառնաբասի հետ դուրս եկաւ գնաց Դերբէ» (Գործք 14։6, 18, 19)։

8. Պողոսի և Բառնաբասի դրսևորած քաջությունը ինչպե՞ս էր ցույց տալիս նրանց սերը մարդկանց հանդեպ։

8 Մի՞թե այս մահափորձի պատճառով Պողոսը և Բառնաբասը որոշեցին այլևս չքարոզել։ Ընդհակառակը։ Դերբեում այս երկու առաքյալները «շատերին աշակերտ շինեցին», այնուհետև «ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք»։ Ինչո՞ւ։ Որպեսզի նոր աշակերտներին քաջալերեին ամուր մնալ հավատի մեջ։ Պողոսն ու Բառնաբասը ասացին. «Շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը»։ Հստակ է, որ նրանց քաջությունը բխում էր Քրիստոսի «գառներ[ի]» հանդեպ խոր սիրուց (Գործք 14։20–22; Յովհաննէս 21։15–17)։ Յուրաքանչյուր նոր ձևավորված ժողովում երեցներ նշանակելուց հետո երկու եղբայրները աղոթեցին և «նորանց հանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին»։

9. Ինչպե՞ս արձագանքեցին Եփեսոսի երեցները Պողոսի սիրուն։

9 Պողոսն այնքա՜ն հոգատար և քաջ անձնավորություն էր, որ առաջին դարի քրիստոնյաներից շատերը խորապես սիրեցին նրան։ Հիշիր, թե ինչ տեղի ունեցավ մի հանդիպման ժամանակ, որը Պողոսն անցկացրեց Եփեսոսի երեցների հետ. այնտեղ նա երեք տարի էր մնացել և շատ հակառակությունների էր բախվել (Գործք 20։17–31)։ Երեցներին քաջալերելով, որ հովվեն Աստծու կողմից իրենց վստահված հոտը՝ Պողոսը ծնկի եկավ նրանց հետ միասին և աղոթեց։ Այնուհետև «ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին։ Ցաւում էին մանաւանդ այն խօսքի համար՝ որ ասում էր, թէ նորա երեսը այլեւս պիտի չ’տեսնեն»։ Որքա՜ն էին սիրում այս եղբայրները Պողոսին։ Երբ հրաժեշտ տալու ժամանակը եկավ, Պողոսն ու իր հետ շրջագայող ընկերները մի կերպ բաժանվեցին նրանցից, քանի որ տեղի երեցները չէին ուզում, որ նրանք հեռանային (Գործք 20։36–21։1)։

10. Ինչպե՞ս են Եհովայի ներկայիս վկաները քաջաբար սեր դրսևորել միմյանց հանդեպ։

10 Այսօր շրջագայող վերակացուները, ժողովի երեցները և բազմաթիվ այլ քրիստոնյաներ խորապես սիրված են այն բանի համար, որ քաջություն են դրսևորում հանուն Եհովայի գառների։ Օրինակ՝ քաղաքացիական պատերազմներով բռնկված երկրներում կամ այնտեղ, ուր քարոզչական գործը արգելքի տակ է, շրջագայող վերակացուները և նրանց կանայք վտանգի են ենթարկում իրենց կյանքը և ազատությունը, որպեսզի ժողովներ այցելեն։ Նմանապես, շատ Վկաներ տառապել են դաժան կառավարիչների և նրանց կողմնակիցների պատճառով, քանի որ չեն մատնել իրենց հավատակիցներին և ոչ էլ ասել են, թե որտեղից են հոգևոր կերակուր ձեռք բերել։ Հազարավոր Վկաներ հալածանքներ ու տանջանքներ են կրել, նույնիսկ սպանվել, քանի որ չեն դադարել քարոզել բարի լուրը և ընկերակցել իրենց հավատակիցների հետ քրիստոնեական հանդիպումների միջոցով (Գործք 5։28, 29; Եբրայեցիս 10։24, 25)։ Թող որ մենք էլ ընդօրինակենք այդ քաջ եղբայրների ու քույրերի հավատն ու սերը (Ա Թեսաղոնիկեցիս 1։6)։

Թույլ մի տվեք, որ ձեր սերը սառչի

11. Ինչպե՞ս է Սատանան հոգևոր պատերազմ մղում Եհովայի ծառաների դեմ, և ի՞նչ է նրանցից պահանջվում։

11 Երբ Սատանան նետվեց երկրի շրջակայքը, նա նպատակ ուներ Եհովայի ծառաների վրա թափել իր ամբողջ բարկությունը, քանի որ նրանք «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին» (Յայտնութիւն 12։9, 17)։ Բանսարկուի գործիքներից մեկը հալածանքն է։ Սակայն հաճախ այդ գործիքը իր նպատակին չի հասնում, քանի որ հալածանքն ավելի է ամրացնում Աստծու ծառաների քրիստոնեական սերը և մղում նրանցից շատերին ավելի մեծ նախանձախնդրություն դրսևորել։ Սատանայի մյուս գործիքը մարդու մեղավոր հակումներից օգտվելն է։ Այս ծուղակը չընկնելու համար այլ տեսակի քաջություն է պահանջվում, քանի որ պայքարը ներքին է։ Այն մղվում է մեր ‘խորամանկ և ապականված’ սրտի անպատշաճ ցանկությունների դեմ (Երեմիա 17։9; Յակոբոս 1։14, 15)։

12. Ինչպե՞ս է Սատանան օգտագործում այս ‘աշխարհի ոգին’՝ փորձելով թուլացնել Աստծու հանդեպ մեր սերը։

12 Իր զինանոցում Սատանան մեկ այլ հզոր զենք ունի, որը ‘աշխարհի ոգին’ է, այսինքն աշխարհում գերիշխող նախապատվությունները և ձգտումները, որոնք հակառակ են Աստծու սուրբ ոգուն (Ա Կորնթացիս 2։12)։ Աշխարհի ոգին խրախուսում է ագահություն և նյութապաշտություն, այսինքն՝ «աչքերի ցանկութիւնը» (Ա Յովհաննէս 2։16; Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Թեև նյութական իրերը և փողը ինքնին վնասակար չեն, սակայն եթե նրանց հանդեպ սերը գերազանցում է Աստծու հանդեպ սիրուն, ուրեմն Սատանան հաղթանակ է տարել մեր հանդեպ։ Աշխարհի ոգու զորությունը կամ ‘իշխանությունը’ մղում է մեզ տեղի տալ մարմնի մեղավոր ցանկություններին։ Այն խորամանկ է, դաժան և ներթափանցում է ամենուր։ Թույլ մի՛ տուր, որ աշխարհի ոգին ազդեցություն գործի սրտիդ վրա (Եփեսացիս 2։2, 3; Առակաց 4։23)։

13. Ինչպե՞ս կարող է մեր քաջությունը փորձվել։

13 Աշխարհի ոգուն հակառակվելու և այն մերժելու համար քաջություն է հարկավոր։ Օրինակ՝ քաջություն է պահանջվում, որպեսզի վեր կենանք և դուրս գանք թատրոնից, անջատենք համակարգիչը կամ հեռուստացույցը, երբ անպատշաճ պատկերներ կամ տեսարաններ են ցուցադրվում։ Քաջություն է պահանջվում հասակակիցների բացասական ճնշմանը դիմադրելու և վատ ընկերակցությունները դադարեցնելու համար։ Նմանապես, քաջություն է պահանջվում Աստծու օրենքները և սկզբունքները պահելու համար, երբ ծաղրանքի ենք ենթարկվում դասընկերների, աշխատակիցների, հարևանների կամ բարեկամների կողմից (Ա Կորնթացիս 15։33; Ա Յովհաննէս 5։19)։

14. Ի՞նչ պետք է անենք, եթե աշխարհի ոգին ազդեցություն է գործում մեզ վրա։

14 Որքա՜ն կարևոր է, որ ամրացնենք մեր սերը Աստծու և մեր հոգևոր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Ժամանակ տրամադրիր քննելու, թե ինչ նպատակներ ունես և ինչ ապրելակերպ ես վարում, որպեսզի պարզես, թե արդյոք աշխարհի ոգին ինչ–որ կերպ ազդում է քեզ վրա։ Եթե այն ազդում է քեզ վրա նույնիսկ չնչին կերպով, ապա աղոթիր Եհովային, որպեսզի քաջություն ունենաս արմատախիլ անել այդ ոգին և այլևս թույլ չտալ, որ այն ազդի քեզ վրա։ Եհովան չի անտեսի նման անկեղծ խնդրանքները (Սաղմոս 51։17)։ Բացի այդ, նրա ոգին շատ ավելի զորեղ է, քան աշխարհի ոգին (Ա Յովհաննէս 4։4)։

Անձնական փորձությունները քաջությամբ դիմագրավենք

15, 16. Ինչպե՞ս կարող է Քրիստոսի սիրո նման սեր դրսևորելը օգնել մեզ հաղթահարելու անձնական փորձությունները։ Բեր օրինակ։

15 Եհովայի ծառաները պետք է պայքարեն նաև այլ դժվարությունների դեմ, ինչպիսիք են՝ անկատարության և ծերության հետևանքները, որոնք հիվանդությունների, հաշմանդամության, դեպրեսիայի և այլ խնդիրների պատճառ են դառնում (Հռովմայեցիս 8։22)։ Քրիստոսի սիրո նման սեր դրսևորելը կարող է օգնել մեզ պայքարել այս փորձությունների դեմ։ Քննարկենք Նամանգոլուայի օրինակը։ Նա մեծացել է Զամբիայում քրիստոնեական ընտանիքում։ Երբ երկու տարեկան էր, դարձավ հաշմանդամ։ Նա պատմում է. «Ես դարձա շատ անվստահ. մտածում էի, թե իմ արտաքինը մարդկանց կվանի։ Սակայն հոգևոր եղբայրներս ինձ օգնեցին այլ կերպ նայել իրերին։ Դրա շնորհիվ ես հաղթահարեցի թերարժեքության զգացումը և ժամանակի ընթացքում մկրտվեցի»։

16 Թեև Նամանգոլուան հաշմանդամի սայլակ ունի, սակայն ավազոտ և ցեխոտ փողոցներում հաճախ ստիպված է քայլել ձեռքերի և ծնկների վրա։ Այնուամենայնիվ, նա ամեն տարի առնվազն երկու ամիս ծառայում է որպես ենթառահվիրա։ Մի տանտիկին արտասվեց, երբ Նամանգոլուան վկայություն տվեց իրեն։ Ինչո՞ւ։ Քանի որ նա շատ էր տպավորվել՝ մեր քրոջ հավատն ու քաջությունը տեսնելով։ Եհովայի առատ օրհնությունները երևում են այն բանից, որ Նամանգոլուայի ուսուցումներից հինգը մկրտվել են, իսկ նրանցից մեկը ծառայում է որպես ժողովի երեց։ «Ոտքերս հաճախ սարսափելի ցավում են,— ասում է նա,— սակայն ես թույլ չեմ տալիս, որ դա ինձ կանգնեցնի»։ Այս քույրը աշխարհի բազմաթիվ Վկաներից մեկն է, ովքեր տկար են մարմնով, բայց զորավոր են ոգով, քանի որ սիրում են Աստծուն և իրենց դրացուն։ Որքա՜ն ցանկալի են այս բոլոր անհատները Եհովայի աչքում (Անգէ 2։7)։

17, 18. Ի՞նչն է օգնում շատերին տոկալ հիվանդությունների և այլ փորձությունների ժամանակ։ Բեր օրինակներ։

17 Քրոնիկական հիվանդությունը նույնպես կարող է վհատեցնել, նույնիսկ դեպրեսիայի պատճառ դառնալ։ Մի երեց պատմում է. «Գրքի ուսումնասիրության այն խմբում, որտեղ ես եմ հաճախում, մի քույր տառապում է շաքարախտով և երիկամային անբավարարություն ունի, մեկ ուրիշը՝ քաղցկեղ ունի, երկուսը՝ սուր հոդաբորբ, իսկ մեկը՝ ֆիբրոմիալգիա և մաշկի տուբերկուլյոզ։ Երբեմն նրանք ընկճվում են։ Սակայն ժողովի հանդիպումները բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ շատ ծանր վիճակում են կամ գտնվում են հիվանդանոցում։ Բոլորն էլ կանոնավորաբար մասնակցում են քարոզչական ծառայությանը։ Նրանք ինձ հիշեցնում են Պողոսին, որն ասաց. «Երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»։ Ես հիանում եմ նրանց դրսևորած սիրով և քաջությամբ։ Թերևս այդ իրավիճակում նրանք ավելի սթափ են նայում կյանքին և կենտրոնանում են իսկապես կարևոր բաների վրա» (Բ Կորնթացիս 12։10)։

18 Եթե դու հաշմանդամ ես, որևէ հիվանդություն ունես կամ մեկ ուրիշ խնդրի դեմ ես պայքարում, ‘անդադար աղոթիր’, որպեսզի չդառնաս վհատության զոհը (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, 17)։ Իհարկե, շատ հավանական է, որ էմոցիոնալ առումով վերելքներ ու անկումներ կունենաս, սակայն ձգտիր կենտրոնանալ դրական, հոգևոր բաների, հատկապես Թագավորության անգին հույսի վրա։ «Ինձ համար քարոզչական ծառայությունը սպեղանի է»,— ասում է մի քույր։ Բարի լուրը ուրիշներին պատմելը օգնում է, որ նա դրական տրամադրվածություն պահպանի։

Սերն օգնում է մեղք գործողներին վերադառնալ դեպի Եհովան

19, 20. ա) Ի՞նչը կարող է օգնել նրանց, ովքեր մեղք են գործել, քաջություն ձեռք բերել և վերադառնալ դեպի Եհովան։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

19 Շատերն, ովքեր հոգևորապես թուլացել են կամ մեղք են գործել, չեն կարծում, որ հեշտ է վերադառնալ դեպի Եհովան։ Սակայն նրանք կունենան անհրաժեշտ քաջություն, եթե անկեղծորեն զղջան և վերագտնեն իրենց սերը Աստծու հանդեպ։ Օրինակ՝ Մարիոն,a որն ապրում է Միացյալ Նահանգներում, հեռացավ քրիստոնեական ժողովից, դարձավ հարբեցող ու թմրամոլ և 20 տարի անց հայտնվեց բանտում։ Նա պատմում է. «Ես սկսեցի խորապես մտածել իմ ապագայի մասին և կարդալ Աստվածաշունչը։ Ժամանակի ընթացքում սկսեցի գնահատել Եհովայի հատկությունները, հատկապես նրա ողորմածությունը, և հաճախ էի նրան աղոթում, որպեսզի ինձ ողորմի։ Երբ ազատվեցի բանտից, հին ընկերներիս հետ կապերս խզեցի, սկսեցի հաճախել քրիստոնեական հանդիպումներին և ի վերջո ժողովում վերականգնվեցի որպես Եհովայի վկա։ Ֆիզիկապես ես քաղում եմ այն, ինչ ցանել եմ, սակայն այժմ հրաշալի հույս ունեմ։ Բառեր չեմ գտնում, որ մինչև վերջ արտահայտեմ երախտագիտությունս Եհովայի գթառատության և ներողամտության համար» (Սաղմոս 103։9–13; 130։3, 4; Գաղատացիս 6։7, 8)։

20 Իհարկե, Մարիոյի իրավիճակում գտնվող անհատները շատ ջանք պետք է թափեն, որպեսզի վերադառնան դեպի Եհովան։ Սակայն այն սերը, որը նրանք կվերագտնեն Աստվածաշնչի ուսումնասիրության, աղոթքի և խորհրդածելու արդյունքում, նրանց կտա անհրաժեշտ քաջություն ու վճռականություն։ Մարիոյին նաև զորացրել է Թագավորության հույսը։ Այո՛, սիրո, հավատի և աստվածավախության հետ մեկտեղ հույսը կարող է դառնալ այն զորեղ ուժը, որը մեծապես կօգնի մեզ։ Հաջորդ հոդվածում ավելի մանրամասն կքննենք այս թանկագին հոգևոր հատկությունը։

[ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

Կարո՞ղ եք պատասխանել

• Ինչպե՞ս սերը օգնեց Հիսուսին բացառիկ քաջություն ցուցաբերել։

• Եղբայրների հանդեպ սերը ինչպե՞ս օգնեց Պողոսին ու Բառնաբասին ակնառու քաջություն դրսևորել։

• Ի՞նչ կերպերով է Սատանան փորձում քայքայել քրիստոնեական սերը։

• Եհովայի հանդեպ սերը կարող է մեզ քաջություն տալ, որ ի՞նչ փորձությունների տոկանք։

[նկար 23-րդ էջի վրա]

Մարդկանց հանդեպ սերը քաջություն տվեց Պողոսին՝ շարունակելու ծառայությունը

[նկար 24-րդ էջի վրա]

Քաջություն է անհրաժեշտ Աստծու չափանիշները պահելու համար

[նկար 24-րդ էջի վրա]

Նամանգոլուա Սուտուտուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը