Կենսագրություն
Եհովան առատորեն օրհնեց միսիոներ դառնալու Իմ ցանկությունը
Պատմում է Շեյլա Վինֆիլդ Դա Կոնսեսաոն
Աֆրիկայում ծառայող միսիոներներից մեկը մի անգամ պատմեց մեզ, որ այնտեղ բոլորը նրան ներս են հրավիրում և ուշադրությամբ լսում Աստծու Թագավորության բարի լուրը։ Ես մտածեցի. «Որքա՜ն կուզեի ծառայել այդպիսի տարածքում»։ Այդ զրույցը սերմանեց իմ մեջ միսիոներ դառնալու ցանկություն։ Ես 13 տարեկան էի։
ՄԵՐ ընտանիքը Եհովային սկսել էր ճանաչել դրանից բավական ժամանակ առաջ։ 1939 թ.–ին մի առավոտ կոկիկ հագնված երկու տղամարդ թակեցին Հեմել–Հեմպստեդում (Մեծ Լոնդոն, Անգլիա) գտնվող մեր տան դուռը։ Նրանք Եհովայի վկաներ էին։ Այդ ժամանակ ես մեկ տարեկան էի, ուստի չեմ հիշում նրանց այցելությունը։ Նրանցից ազատվելու համար մայրս ասել էր, որ հորս գուցե հետաքրքրի Աստվածաշնչի պատգամը, սակայն նա տուն կգա միայն երեկոյան ժամը 9–ի մոտ։ Որքա՜ն զարմացավ նա, երբ հենց այդ երեկո նրանք վերադարձան։ Այն բանից հետո, երբ հայրս՝ Հենրի Վինֆիլդը, պարզեց, թե ինչ դիրք են բռնում Վկաները քաղաքական և ազգային հարցերում, ներս հրավիրեց նրանց և համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա արագորեն առաջադիմություն կատարեց և մկրտվեց։ Մի քանի տարի անց մայրս՝ Կատլինը, նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա մկրտվեց 1946 թ.–ին։
1948 թ.–ին ես սկսեցի կանոնավորաբար մասնակցել Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու գործին։ Ես մտածում էի, որ ինձ ժամացույց է պետք ծառայության մեջ անցկացրած ժամերիս մասին ճշգրիտ հաշվետվություն հանձնելու համար։ Մեր ծնողները ամեն շաբաթ օր վեց պենսանոց մի մետաղադրամ էին տալիս յուրաքանչյուրիս, եթե մեզ լավ էինք պահում։ Ես իմ դրամները խնայեցի մոտ երկու տարի, որ գնեմ այն ժամանակ գոյություն ունեցող ամենաէժան ժամացույցը։ Իսկ Ռեյը՝ երկու եղբայրներիցս կրտսերը, միշտ հորս խնդրում էր, որ նա երեք պենսանոց երկու մետաղադրամ տա իրեն և ոչ թե վեց պենսանոց մեկ մետաղադրամ։ Մի օր նա այնքան պնդեց, թե իրեն երկու մետաղադրամ է պետք, որ հայրս զայրացավ։ Ռեյը սկսեց լաց լինել և ասաց, որ իրեն երեք պենսանոց երկու մետաղադրամ է հարկավոր, քանի որ իր և Եհովայի միջև մի գաղտնիք կա։ Ի վերջո Ռեյն ասաց. «Երեք պենսանոց մետաղադրամներից մեկը գցում եմ զոհաբերության արկղը, իսկ մյուսը ինձ եմ պահում»։ Մայրս ուրախությունից լաց եղավ, իսկ հայրս անմիջապես երկու մետաղադրամ տվեց։ Ռեյից ես սովորեցի, թե որքան կարևոր է Թագավորության գործին ֆինանսապես աջակցել։
Մոտավորապես այդ նույն ժամանակ հայրս միջոցներ էր ձեռնարկում տեղափոխվելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ 1949 թ.–ին նա վաճառեց իր ագարակը, ավազահանքը և, որպես Եհովայի վկա, սկսեց ծառայել լիաժամ։ Ես մկրտվեցի 1950 թ. սեպտեմբերի 24–ին՝ այդպիսով խորհրդանշելով իմ նվիրումը Եհովային։ Սկսած այդ ժամանակից՝ ամառային արձակուրդների ընթացքում ծառայում էի որպես արձակուրդային ռահվիրա (այժմ՝ ենթառահվիրա)՝ ամեն ամիս ծառայության մեջ անցկացնելով 100 ժամ։ Սակայն դա միայն սկիզբն էր։ Շուտով իմ սրտում մեծ ցանկություն առաջացավ ավելի ակտիվորեն նպաստել մաքուր երկրպագության առաջխաղացմանը։
Ցանկանում եմ դառնալ միսիոներ
1951 թ.–ին հայրս նշանակվեց ծառայելու Բիդֆորդ քաղաքում (Դևոնշիր կոմսության հյուսիսում)։ Այնտեղ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Աֆրիկայում ծառայող միսիոները, որի մասին նշվեց սկզբում, այցելեց մեր ժողով։ Դրանից հետո միսիոներ դառնալու իմ ցանկությունը ազդել է մնացած բոլոր որոշումներիս վրա։ Դպրոցում ուսուցիչներս գիտեին իմ նպատակի մասին և ամեն ինչ անում էին, որպեսզի տարհամոզեին ինձ՝ հուսալով, որ կսկսեմ զբաղվել կարիերայով։ Դպրոցն ավարտելու օրը ես մտա ուսուցչանոց՝ շնորհակալություն հայտնելու ուսուցիչներիս և հրաժեշտ տալու նրանց։ Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց. «Շնորհավորո՛ւմ եմ։ Դու միակ աշակերտն ես, որն իրոք գիտի, թե կյանքում ինչ է ուզում։ Հուսով ենք՝ կհասնես քո նպատակին»։
Առանց ժամանակ կորցնելու՝ ես ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանք գտա և 1955թ. դեկտեմբերի 1–ին դարձա ընդհանուր ռահվիրա։ Հետագայում մայրս և եղբայրներս նույնպես դարձան ռահվիրաներ։ Մի քանի տարի շարունակ մեր ընտանիքում բոլորը ծառայում էին լիաժամ։
Դեպի Իռլանդիա
Մեկ տարի անց ես հրավեր ստացա ծառայելու Իռլանդիայում։ Սա մի քայլ էր միսիոներ դառնալու իմ նպատակին հասնելու համար։ 1957 թ. փետրվարին երկու այլ երիտասարդ ռահվիրաների՝ Ջյուն Նափիերի և Բերիլ Բարքերի հետ ես ժամանեցի Քորկ, որը գտնվում է Իռլանդիայի հարավում։
Իռլանդիայում ծառայելը դժվար էր։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մեծ հակառակություն էր ցույց տալիս։ Ծառայությունը սկսելուց առաջ նախապես հավաստիանում էինք, որ շենքից կամ տանից հնարավոր կլիներ փախչել, եթե անհրաժեշտություն առաջանար։ Սովորաբար որոշ հեռավորության վրա թաքցնում էինք մեր հեծանիվները, սակայն հաճախ ինչ–որ մեկը գտնում էր դրանք և կտրում կամ ծակում անվադողերը։
Մի անգամ, երբ ես և Բերիլը այցելում էինք մի մեծ թաղամասի բնակիչների, մի խումբ երեխաներ սկսեցին բղավել, վիրավորական խոսքեր ասելով, և քարեր գցել մեզ վրա։ Մենք մտանք մոտակայքում գտնվող մի խանութ (որը ինչ–որ մեկի տան մասն էր կազմում), որտեղ կաթ էր վաճառվում։ Դրսում ամբոխ սկսեց հավաքվել։ Քանի որ Բերիլը սիրում էր կաթ, նա դանդաղ խմեց երկու–երեք բաժակ՝ հուսալով, որ ամբոխը կցրվի։ Սակայն այն չցրվեց։ Այնուհետև մի երիտասարդ քահանա մտավ խանութ։ Մտածելով, թե մենք այցելուներ ենք՝ նա ասաց, որ կցանկանար ցույց տալ մեզ շրջակայքը։ Սակայն նախ նա տարավ մեզ մի ուրիշ սենյակ և, մինչ մենք լուռ նստել էինք, սկսեց օրհնել մի ծեր մահամերձ մարդու։ Այնուհետև միասին դուրս եկանք տնից։ Տեսնելով, որ զրուցում ենք նրա հետ՝ ամբոխը ցրվեց։
Դեպի «Գաղաադ»
1958 թ.–ին Նյու Յորքում պետք է անցկացվեր «Աստծու կամքը» միջազգային համաժողովը։ Հայրս պատրաստվում էր մեկնել։ Ես նույնպես ցանկանում էի գնալ, սակայն գումար չունեի։ Բայց այդ ժամանակ տատիկս անսպասելիորեն մահացավ և ինձ 280 դոլար ժառանգություն թողեց։ Համաժողով գնալու ամբողջ ճանապարհածախսը կազմում էր 180 դոլար, ուստի ես անմիջապես պատվիրեցի տոմսերը։
Կարճ ժամանակ անց Եհովայի վկաների Բրիտանիայի մասնաճյուղից մի ներկայացուցիչ այցելեց մեզ և հրավիրեց համաժողով գնացող բոլոր հատուկ ռահվիրաներին լրացնել «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում սովորելու դիմումը. ես չէի կարողանում հավատալ իմ ականջներին։ Նա դիմումներ տվեց բոլորին, բացի ինձանից, քանի որ ես դեռ շատ երիտասարդ էի։ Այնուամենայնիվ, խնդրեցի նրան տալ ինձ դիմումը՝ բացատրելով, որ արդեն թողել եմ իմ հայրենիքը և, փաստորեն, ծառայում եմ որպես միսիոներ։ Տեսնելով իմ վճռականությունը՝ նա ինձ դիմում տվեց։ Որքա՜ն էի աղոթում, որ ինձ հրավիրեն։ Շուտով դրական պատասխան ստացա։
Ի ուրախություն ինձ՝ ես ընդգրկվեցի «Գաղաադի» 33–րդ դասարանը, որտեղ պետք է սովորեին նաև 14 երկրից եկած 81 այլ ռահվիրաներ։ Հնգամսյա դասընթացներն արագ անցան։ Վերջում եղբայր Նաթան Նորը ներկայացրեց չորս ժամ տևողությամբ մի քաջալերական ելույթ։ Նա հորդորեց նրանց, ովքեր կարող էին ամուրի մնալ, չամուսնանալ (Ա Կորնթացիս 7։37, 38)։ Սակայն նրանց, ովքեր ցանկանում էին ապագայում ամուսնանալ, առաջարկեց մի ցուցակ կազմել, որտեղ նրանք գրի կառնեին համապատասխան կողակից գտնելու անձնական պահանջները։ Այնուհետև երբ որևէ թեկնածու հայտնվեր, մենք կարող էինք դիտել նրան այդ պահանջների լույսի ներքո։
Ապագա ամուսնուս համար իմ անձնական պահանջները հետևյալն էին. նա պետք է լիներ միսիոներ, սիրեր Եհովային, իմանար ճշմարտության մասին ավելին, քան ես, չցանկանար երեխա ունենալ մինչև Արմագեդոնը, որպեսզի շարունակեինք լիաժամ ծառայությունը, ազատ խոսեր անգլերեն և տարիքով ինձանից մեծ լիներ։ Այս ցուցակը ինձ՝ 20 տարեկանիս, որը պատրաստվում էր հեռավոր երկրում նշանակում ստանալ, շատ օգնեց։
Դեպի Բրազիլիա
1959 թ. օգոստոսի 2–ին՝ կիրակի օրը, մենք ավարտեցինք «Գաղաադ» դպրոցը, և մեզ հայտնեցին մեր նշանակումները։ Վեհանուշ Յազեդյանը, Սառա Գրեկոն, Ռեյ և Ինգեր Հաթֆիլդները, Սոնյա Սփրինգեյթը, Դորեն Հինզը և ես նշանակվեցինք Բրազիլիա։ Մենք ոգևորված էինք։ Ես պատկերացնում էի, որ այնտեղ կտեսնեմ անտառներ, օձեր, կաուչուկի ծառեր և բնիկ հնդկացիներ։ Սակայն որքան մեծ էր զարմանքս, երբ տեղ հասա։ Ամազոնի խոնավ արևադարձային անտառների փոխարեն՝ ես հայտնվեցի Ռիո դե Ժանեյրոյում՝ արևոտ և ժամանակակից մի քաղաքում, որն այն ժամանակ Բրազիլիայի մայրաքաղաքն էր։
Մեր սկզբնական դժվարությունը պորտուգալերեն սովորելն էր։ Առաջին ամսվա ընթացքում մենք ամեն օր 11 ժամ պորտուգալերեն էինք սովորում։ Ռիո դե Ժանեյրոյում քարոզելուց և մի որոշ ժամանակ Եհովայի վկաների մասնաճյուղում ապրելուց հետո ինձ ուղարկեցին Պիրասիկաբայում (Սան Պաուլու նահանգ) գտնվող միսիոներական տուն, իսկ ավելի ուշ Պորտու Ալեգրիում գտնվող միսիոներական տուն (Ռիու Գրանդի դու Սուլ նահանգ)։
Այնուհետև 1963 թ. սկզբին ես հրավեր ստացա աշխատելու մասնաճյուղի թարգմանչական բաժնում։ Ֆլորիանո Իգնաս դա Կոնսեսաոն, որը մեզ պորտուգալերեն էր սովորեցրել, երբ մենք նոր էինք եկել Բրազիլիա, այդ բաժնի վերակացուն էր։ Նա իմացել էր ճշմարտությունը 1944 թ.–ին, երբ Բրազիլիայում ընդամենը 300 Վկաներ կային, նաև հաճախել էր «Գաղաադ» դպրոցի 22–րդ դասարանը։ Մի քանի ամիս անց եղբայր Կոնսեսաոն խնդրեց ինձ ճաշից առաջ մնալ, քանի որ ցանկանում էր խոսել ինձ հետ։ Սկզբում ես անհանգստացա։ Գուցե ինչ–որ սխալ բա՞ն էի արել։ Երբ զանգը վերջապես տվեց, ես հարցրեցի նրան, թե ինչ էր ուզում ինձ ասել։ Ի պատասխան՝ նա հարցրեց. «Կամուսնանա՞ս ինձ հետ»։ Ես ապշել էի։ Խնդրեցի, որ ինձ մտածելու ժամանակ տա, և վազեցի ճաշի։
Ֆլորիանոն առաջին եղբայրը չէր, որ հետաքրքրություն էր ցույց տալիս իմ հանդեպ։ Սակայն մինչ այս պահը ոչ ոք չէր համապատասխանել կողակից լինելու իմ պահանջներին։ Համոզված եմ, որ իմ ցուցակն օգնեց ինձ ճիշտ որոշում կայացնել։ Ֆլորիանոն տարբերվում էր մյուսներից։ Նա համապատասխանում էր իմ բոլոր պահանջներին։ 1965 թ. մայիսի 15–ին մենք ամուսնացանք։
Բախվում ենք առողջական խնդիրների
Ես ու Ֆլորիանոն երջանիկ էինք, չնայած այն դժվարություններին, որոնց բախվեցինք։ Դժվարություններից մեկը Ֆլորիանոյի առողջական խնդիրներն էին, որոնք սկսել էին անհանգստացնել նրան մինչև մեր ամուսնանալը։ Տարիներ առաջ նրա ձախ թոքը վնասվել էր, և դրա թողած հետևանքները նրան շատ տառապանք պատճառեցին։ Արդյունքում՝ մենք ստիպված եղանք թողնել Բեթելի ծառայությունը և նշանակվեցինք որպես հատուկ ռահվիրաներ Տերեզոպոլիսում, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոի լեռնային շրջանում։ Հույս ունեինք, որ այնտեղի կլիման կօգներ Ֆլորիանոյին բարելավել առողջությունը։
Բացի այդ, 1965 թ.–ին լուր ստացանք, որ մայրս ծանր հիվանդ է քաղցկեղով։ Մենք կանոնավորաբար նամակներ էինք գրում միմյանց, սակայն ես յոթ տարի չէի տեսել նրան։ Ուստի մայրս վճարեց մեր ճանապարհածախսը, որպեսզի մենք մեկնեինք Անգլիա՝ նրան այցելելու։ Նրան վիրահատել էին, սակայն բժիշկները չէին կարողացել հեռացնել ուռուցքը։ Թեև մայրս ծանր հիվանդ էր և գամված էր անկողնուն, բայց մեծ ցանկություն ուներ մասնակցելու քարոզչական գործին։ Իր ննջասենյակում նա տպագրամեքենա ուներ, որպեսզի վկայության նպատակով նամակներ թելադրեր որևէ մեկին։ Նա նաև համառոտ վկայություն էր տալիս այցելուներին։ Մայրս մահացավ 1966 թ. նոյեմբերի 27–ին։ Նույնիսկ այդ ամիս նա 10 ժամ ծառայել էր։ Հայրս հավատարմորեն շարունակեց ռահվիրայական ծառայությունը մինչև մահ՝ 1979 թ.։
Մորս մահից հետո ես ու Ֆլորիանոն վերադարձանք Ռիո դե Ժանեյրո նահանգի այն քաղաքը, որտեղ մինչ այդ ծառայում էինք։ Սկզբում մենք շրջագայական ծառայություն էինք կատարում մայրաքաղաքում, սակայն մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ Ֆլորիանոն կրկին ծանր հիվանդացավ։ Այդ պատճառով մենք վերադարձանք Տերեզոպոլիս որպես հատուկ ռահվիրաներ։
1974 թ.–ին տարիներ շարունակ ցավ պատճառող բուժումներից հետո ի վերջո բժիշկները հեռացրեցին Ֆլորիանոյի ձախ թոքը։ Այդ ժամանակ նա ի վիճակի չէր ծառայելու որպես նախագահող վերակացու կամ հատուկ ռահվիրա, սակայն կարողանում էր Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել այն ժամերին, երբ հիվանդանոցում թույլատրվում էր այցելուներ ընդունել։ Ուսումնասիրություններից մեկը անցկացվում էր թոշակի անցած մի ամերիկացու՝ Բոբի հետ անգլերեն լեզվով։ Վերջինս ընդունեց ճշմարտությունը և հետագայում մկրտվեց։ Ֆլորիանոն աստիճանաբար առողջացավ և այդ ժամանակից սկսած ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա։
Եհովան օրհնել է իմ ծառայությունը
Ես շարունակեցի ծառայել որպես հատուկ ռահվիրա, և Եհովան օրհնեց իմ ծառայությունը։ Տերեզոպոլիսում հիանալի առանձնաշնորհում եմ ունեցել օգնելու ավելի քան 60 մարդու նվիրել իրենց անձը Եհովային։ Նրանց թվում էր նաև Ջուպիրա անունով մի կին, որին ես նաև կարդալ սովորեցրեցի։ Այնուհետև ես ուսումնասիրեցի նրա չափահաս երեխաներից ութի հետ։ Այսօր Ջուպիրան և նրա ընտանիքի անդամներից ու բարեկամներից ավելի քան 20 հոգի ակտիվորեն ծառայում են Եհովային։ Նրանցից մեկը երեց է, երեքը՝ ծառայող օգնական, իսկ երկուսը՝ ռահվիրա։
Ես նաև սովորել եմ դրական տրամադրվածություն պահպանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գուցե հետագայում ցանկանան ընդունել ճշմարտությունը։ Օրինակ՝ մի անգամ, երբ Աստվածաշունչ էի ուսումնասիրում Ալզեմիրա անունով մի երիտասարդ կնոջ հետ, նրա ամուսինը՝ Անտոնիոն, սպառնաց ինձ վրա բաց թողնել իրենց երկու մեծ շներին, եթե անմիջապես չհեռանամ։ Դրանից հետո ես հազվադեպ էի զրուցում Ալզեմիրայի հետ, մինչև որ յոթ տարի անց կարողացա Անտոնիոի թույլտվությունը ստանալ՝ նրա կնոջ հետ կրկին ուսումնասիրություն անցկացնելու համար։ Սակայն Անտոնիոն արգելեց ինձ իր հետ խոսել Աստվածաշնչի մասին։ Այնուամենայնիվ, մի անձրևոտ օր ես հրավիրեցի Անտոնիոին մասնակցել ուսումնասիրությանը։ Պարզվեց՝ նրա խնդիրն այն էր, որ նա գրաճանաչ չէր։ Դրանից հետո Ֆլորիանոն և այլ Վկաներ ուսումնասիրություն անցկացրեցին նրա հետ և կարդալ սովորեցրին։ Այսօր թե՛ Ալզեմիրան և թե՛ Անտոնիոն մկրտված են։ Նա մեծ օգնություն է ժողովի համար և շատ երիտասարդների է ուղեկցում ծառայության մեջ։
Սրանք ընդամենը մի քանիսն են այն հաճելի դեպքերից, որ մեզ հետ տեղի են ունեցել Տերեզոպոլիսում 20 տարի ծառայելու ընթացքում։ 1988 թ.–ին մենք նշանակվեցինք Նիտերոյ, որտեղ ծառայեցինք հաջորդ հինգ տարիներին նախքան Սանտո Ալեքսո տեղափոխվելը։ Այնուհետև տեղափոխվեցինք «Ժապուիբա» ժողով, որը գտնվում էր Ռիո դե Ժանեյրոի կենտրոնում, և առանձնաշնորհում ունեցանք հիմնելու «Ռիբեյրա» ժողովը։
Պարզ, բայց վարձահատույց կյանք
Տարիներ շարունակ ես ու Ֆլորիանոն առանձնաշնորհում ենք ունեցել օգնելու ավելի քան 300 մարդու նվիրել իրենց կյանքը Եհովային։ Ներկայումս նրանցից ոմանք ծառայում են մասնաճյուղում, ոմանք ռահվիրաներ են, երեցներ և ծառայող օգնականներ։ Որքա՜ն շնորհակալ եմ Աստծուն, որ իր սուրբ ոգու միջոցով մեզ օգտագործել է այդքան շատ մարդկանց օգնելու համար (Մարկոս 10։29, 30)։
Ճիշտ է, Ֆլորիանոն լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն չնայած իր վիճակին՝ նա մնում է հաստատակամ, ուրախ և Եհովայի հանդեպ վստահությամբ լի։ Հաճախ նա ասում է. «Այսօր երջանկությունը չի գալիս խնդիրներից զերծ կյանք ունենալուց։ Երջանկությունը գալիս է խնդիրները հաղթահարելու հարցում Եհովայի օգնությունն ունենալուց» (Սաղմոս 34։19)։
2003 թ.–ին իմ ձախ աչքում քաղցկեղ հայտնաբերվեց։ Ինձ վիրահատեցին և աչքս փոխարինեցին արհեստական աչքով, որը օրվա ընթացքում բազմաթիվ անգամ պետք է մաքրեմ։ Չնայած դրան՝ Եհովան ինձ ուժ է տալիս, որպեսզի շարունակեմ ծառայել որպես հատուկ ռահվիրա։
Ինչ վերաբերում է նյութական իրերին, ես պարզ կյանք եմ վարել։ Սակայն Եհովան ինձ օրհնել է իմ նշանակման մեջ և հոգևորապես հարստացրել։ Աֆրիկայում քարոզչական գործի վերաբերյալ այն միսիոներ քրոջ խոսքերը տեղին կերպով նկարագրում են Բրազիլիայում մեր կատարած ծառայությունը։ Իսկապես, Եհովան առատորեն օրհնեց միսիոներ դառնալու իմ ցանկությունը։
[նկար 9-րդ էջի վրա]
Ընտանիքիս հետ 1953 թ.–ին
[նկար 9-րդ էջի վրա]
Իռլանդիայում վկայություն տալիս, 1957 թ.–ին
[նկար 10-րդ էջի վրա]
Բրազիլիայում 1959 թ.–ին մյուս միսիոներների հետ։ Ձախից աջ՝ ես, Ինգեր Հաթֆիլդը, Դորին Հայնսը և Սոնիա Սփրինգեյթը
[նկար 10-րդ էջի վրա]
Ամուսնուս հետ