Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
«Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (ՄԱՏԹԷՈՍ 22։37)
1, 2. Ինչո՞ւ էր հարց առաջացել մեծագույն պատվիրանի վերաբերյալ։
ԱՅԴ հարցը Հիսուսի օրերում ապրող փարիսեցիների միջև թեժ վիճաբանությունների պատճառ էր դարձել։ Մովսիսական օրենքի ավելի քան 600 օրենքներից ո՞րն էր ամենակարևորը։ Արդյո՞ք դա զոհաբերություններին վերաբերող օրենքն էր։ Չէ՞ որ զոհաբերությունները կատարվում էին և՛ մեղքերի թողություն ստանալու, և՛ Աստծուն շնորհակալություն հայտնելու համար։ Թե՞ ամենակարևորը թլփատության օրենքն էր։ Դա նույնպես կարևոր էր, քանի որ թլփատությունն այն ուխտի նշանն էր, որը Եհովան կապել էր Աբրահամի հետ (Ծննդոց 17։9–13)։
2 Պահպանողական հայացքների տեր մարդիկ հավանաբար մտածում էին, որ Աստծու տված յուրաքանչյուր օրենք կարևոր էր (թեև որոշ օրենքներ կարծես ավելի քիչ կարևորություն ունեին), ուստի սխալ կլիներ որևէ օրենք բարձր դասել մյուս օրենքներից։ Փարիսեցիները որոշեցին այդ վիճելի հարցը տալ Հիսուսին։ Գուցե նա կասեր ինչ–որ բան, որի պատճառով մարդիկ կկորցնեին իրենց վստահությունը նրա հանդեպ։ Նրանցից մեկը մոտեցավ Հիսուսին և հարցրեց. «Ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը» (Մատթէոս 22։34–36)։
3. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ո՞րն է մեծագույն պատվիրանը։
3 Հիսուսի տված պատասխանը մեծ նշանակություն ունի մեր օրերի համար։ Նա ամփոփված ձևով ասաց այն, ինչը միշտ էլ կլինի ճշմարիտ երկրպագության հատկանիշը։ Մեջբերելով Բ Օրինաց 6։5 համարը՝ Հիսուսն ասաց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը»։ Չնայած փարիսեցին հարցրել էր ընդամենը մեկ պատվիրանի մասին, Հիսուսը նշեց նաև երկրորդ պատվիրանը։ Մեջբերելով Ղեւտացոց 19։18–ը՝ նա ասաց. «Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։ Այնուհետև նա ցույց տվեց, որ այս երկու օրենքները ճշմարիտ երկրպագության հիմքն են կազմում։ Այլ օրենքների կարևորության մասին հետագա հարցերը կանխելու համար Հիսուսը եզրափակեց՝ ասելով. «Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը» (Մատթէոս 22։37–40)։ Այս հոդվածում մենք կքննարկենք երկու պատվիրաններից մեծագույնը։ Ինչո՞ւ մենք պետք է սիրենք Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր սերը։ Եվ ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդպիսի սեր։ Մեզ համար կարևոր է իմանալ այս հարցերի պատասխանները, քանի որ Եհովային հաճեցնելու համար մենք պետք է սիրենք նրան մեր ամբողջ սրտով, հոգով և մտքով։
Սիրո կարևորությունը
4, 5. ա) Ինչո՞ւ Հիսուսի խոսքերը չզարմացրին փարիսեցուն։ բ) Զոհաբերություններից և նվիրաբերություններից ավելի ի՞նչն է կարևորում Աստված։
4 Թվում է, թե Հիսուսի պատասխանը ո՛չ ապշեցրեց, ո՛չ էլ զարմացրեց փարիսեցուն։ Նա գիտեր, որ Աստծու հանդեպ սեր ունենալը ճշմարիտ երկրպագության կարևոր հատկանիշն է, չնայած որ շատերն էին թերանում դրսևորել այդ հատկությունը։ Ժողովարաններում սովորություն կար բարձրաձայն արտասանել «Շմա» աղոթքը, որը հրեաների հավատի խորհրդանիշն էր. այն ընդգրկում էր Բ Օրինաց 6։4–9 համարները, որտեղից Հիսուսը մեջբերում կատարեց։ Մարկոսի Ավետարանում գտնվող զուգահեռ արձանագրության համաձայն՝ փարիսեցին այնուհետև ասաց Հիսուսին. «Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։ Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձի պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը» (Մարկոս 12։32, 33)։
5 Չնայած նվիրաբերություններն ու զոհաբերությունները պահանջվում էին Օրենքով, սակայն Աստված իրականում կարևորում է սիրով լցված սիրտը։ Սիրուց մղված և նվիրվածություն ցուցաբերելով՝ մի ճնճղուկ զոհաբերելը ավելին էր նշանակում Աստծու համար, քան հազարավոր խոյեր, որոնք զոհաբերվում էին սխալ մղումներով (Միքիա 6։6–8)։ Հիշիր կարիքավոր այրուն, որին Հիսուսը նկատեց Երուսաղեմի տաճարում։ Գանձանակը գցած նրա երկու մետաղադրամով հնարավոր չէր գնել նույնիսկ մեկ ճնճղուկ։ Այնուհանդերձ, Եհովային ի սրտե տրված զոհաբերությունը ավելին էր նշանակում, քան հարուստների առատ նվիրատվությունները, որոնք տրվում էին իրենց ավելցուկից (Մարկոս 12։41–44)։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Եհովան ավելի շատ գնահատում է այն, ինչը բոլորս էլ կարող ենք արտահայտել՝ անկախ մեր հանգամանքներից՝ մեր սերը նրա հանդեպ։
6. Ի՞նչ գրեց Պողոսը սիրո կարևորության մասին։
6 Շեշտելով սիրո կարևորությունը ճշմարիտ երկրպագության մեջ՝ Պողոս առաքյալը գրեց. «Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ» (Ա Կորնթացիս 13։1–3)։ Հստակ է՝ սերը կարևոր է, եթե ցանկանում ենք, որ մեր երկրպագությունը հաճելի լինի Աստծուն։ Սակայն ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր սերը Աստծու հանդեպ։
Ինչպես կարող ենք արտահայտել մեր սերը Եհովայի հանդեպ
7, 8. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Եհովայի հանդեպ։
7 Շատ մարդիկ կարծում են, որ մարդն իշխանություն չունի սիրո վրա. նա կարող է սիրահարվել անկախ իր կամքից։ Սակայն իսկական սերն այն չէ, ինչը մենք պարզապես զգում ենք։ Այն բնորոշվում է գործերով և ոչ թե զգացմունքներով։ Աստվածաշունչը սիրո մասին խոսում է որպես «աւելի գերազանց ճանապարհ[ի]» և մի բանի, որին պետք է «հետեւե[լ]» (Ա Կորնթացիս 12։31; 14։1)։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում. «Չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով» (Ա Յովհաննէս 3։18)։
8 Աստծու հանդեպ սերը մղում է մեզ անել այն, ինչը հաճելի է նրան, և թիկունք կանգնել նրա գերիշխանությանը թե՛ մեր խոսքերով և թե՛ գործերով։ Այն օգնում է մեզ չսիրել աշխարհը և նրա անաստված ճանապարհները (Ա Յովհաննէս 2։15, 16)։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, ատում են չարը (Սաղմոս 97։10)։ Աստծու հանդեպ սերը ներառում է նաև մերձավորի հանդեպ սեր։ Այդ մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։ Սիրել Աստծուն նշանակում է հնազանդվել Նրան։ Աստվածաշունչն ասում է. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք» (Ա Յովհաննէս 5։3)։
9. Ինչպե՞ս Հիսուսը իր սերը դրսևորեց Աստծու հանդեպ։
9 Հիսուսը կատարելապես ցույց տվեց, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Սերը մղեց նրան թողնել իր երկնային բնակավայրը և ապրել երկրի վրա որպես մարդ։ Սիրուց մղված նա իր գործերով և իր սովորեցրած բաներով փառաբանեց իր երկնային Հորը։ Այն մղեց նրան «հնազանդ [լինել] մինչեւ ի մահ» (Փիլիպպեցիս 2։8)։ Հնազանդությունը, որը սիրո արտահայտում է, հնարավորություն տվեց հավատարիմ անհատներին արդար համարվել Աստծու աչքում։ Պողոսը գրեց. «Ինչպէս որ մէկ մարդի [Ադամի] անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի [Հիսուս Քրիստոսի] հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին» (Հռովմայեցիս 5։19)։
10. Ինչո՞ւ է Աստծու հանդեպ սերը հնազանդություն ներառում։
10 Հիսուսի նման՝ մենք սեր ենք ցուցաբերում Աստծու հանդեպ՝ հնազանդություն դրսևորելով։ Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը գրեց. «Սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք» (Բ Յովհաննէս 6)։ Նրանք, ովքեր իրոք սիրում են Եհովային, ցանկանում են ստանալ նրա առաջնորդությունը։ Գիտակցելով, որ չեն կարող հաջողությամբ ուղղել իրենց քայլերը՝ այդ մարդիկ վստահում են Աստծու իմաստությանը և հնազանդվում նրա սիրառատ առաջնորդությանը (Երեմիա 10։23)։ Նրանք նման են Բերիայում ապրող ազնվասիրտ մարդկանց, որոնք Աստծու լուրը ընդունեցին «բոլոր յոժարութեամբ»՝ անկեղծորեն ցանկանալով կատարել Աստծու կամքը (Գործք 17։11)։ Բերիացիներն ուշադրությամբ քննում էին Գրությունները՝ լիարժեքորեն հասկանալու համար Աստծու կամքը, որպեսզի սեր դրսևորեին իրենց գործերով և հնազանդությամբ։
11. Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ։
11 Ինչպես ասաց Հիսուսը, Աստծու հանդեպ սերը ընդգրկում է մեր ամբողջ սիրտը, միտքը, հոգին և զորությունը (Մարկոս 12։30)։ Այսպիսի սերը բխում է սրտից՝ ներառելով զգացմունքները, ցանկություններն ու ծածուկ մտքերը, և մղում ի սրտե հաճեցնել Եհովային։ Մենք նաև սիրում ենք մեր մտքով։ Մեր նվիրվածությունը կույր չէ. մենք ճանաչում ենք Եհովային՝ նրա հատկությունները, չափանիշները և նպատակները։ Մենք սիրում ենք հոգով, այսինքն՝ մեր ամբողջ անձը և կյանքը նվիրում ենք Աստծուն ծառայելուն և նրան փառաբանելուն և դրա համար ներդնում ենք մեր ամբողջ ուժերը։
Ինչու մենք պետք է սիրենք Եհովային
12. Ինչո՞ւ է Աստված պահանջում, որ մենք սիրենք իրեն։
12 Պատճառներից մեկը, թե ինչու պետք է սիրենք Եհովային, այն է, որ նա պահանջում է մեզանից արտացոլել իր հատկությունները։ Աստված սիրո աղբյուրն է և այդ հատկությունը դրսևորելու գերազանց օրինակը։ Հովհաննես առաքյալը ներշնչման ներքո գրեց. «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Մարդիկ ստեղծվել են Աստծու պատկերով, ուստի մենք օժտված ենք սիրելու ունակությամբ։ Եհովայի գերիշխանությունը հիմնված է սիրո վրա։ Նա ցանկանում է, որ իր հպատակները լինեն այն մարդիկ, ովքեր ծառայում են իրեն, քանի որ սիրում և անձկագին սպասում են իր արդար կառավարությանը։ Սերը կարևոր է, որպեսզի բոլոր ստեղծագործությունների միջև խաղաղություն և համերաշխություն տիրի։
13. ա) Ինչո՞ւ էր իսրայելացիներին ասվել. «Սիրիր քո Տէր Աստուծուն»։ բ) Ինչո՞ւ է տրամաբանական, որ Եհովան մեզանից սեր է ակնկալում։
13 Մենք սիրում ենք Եհովային նաև այն պատճառով, քանի որ գնահատում ենք այն, ինչ նա անում է մեզ համար։ Հիշիր, թե Հիսուսն ինչ ասաց հրեաներին. «Սիրիր քո Տէր Աստուծուն»։ Նրանցից չէր պահանջվում սիրել հեռավոր և անծանոթ մի աստծու։ Նրանք պետք է սիրեին մի Անձնավորության, որը արտահայտել էր իր սերը նրանց նկատմամբ։ Նրանց Աստվածը Եհովան էր։ Նա էր, որ իսրայելացիներին Եգիպտոսից բերեց Ավետյաց երկիր, Մեկը, որը պաշտպանեց, հոգ տարավ և սիրեց նրանց, և որը խրատեց սիրով։ Իսկ այսօր Եհովան մեր Աստվածն է, որն իր Որդուն որպես փրկանք տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանքի հեռանկար ունենանք։ Ուրեմն որքա՜ն տրամաբանական է, որ Եհովան ի պատասխան՝ մեզանից սեր է ակնկալում։ Մեր սերը փոխադարձ է. մեզանից պահանջվում է սիրել այն Աստծուն, որը սիրում է մեզ։ Մենք սիրում ենք Նրան, ով ‘առաջինն է սիրել մեզ’ (Ա Յովհաննէս 4։19)։
14. Ի՞նչ առումով է Եհովայի սերը նման ծնողի սիրուն։
14 Եհովան մարդկությանը սիրում է այնպես, ինչպես որ ծնողն է սիրում իր երեխային։ Անկատար լինելով հանդերձ՝ սիրառատ ծնողները տարիներ շարունակ ջանադրաբար աշխատում են, որպեսզի հոգ տանեն իրենց երեխաների մասին՝ գնալով նյութական և այլ մեծ զոհողությունների։ Ծնողները կրթում, քաջալերում, աջակցում և խրատում են իրենց երեխաներին, քանի որ ուզում են, որ նրանք լինեն երջանիկ ու հաջողակ։ Իսկ ի՞նչ են ծնողները ակնկալում ի պատասխան։ Նրանք ցանկանում են, որ երեխաները սիրեն իրենց և կիրառեն այն, ինչ նրանք սերմանել են երեխաների մեջ նրանց բարօրության համար։ Տրամաբանական չէ՞ արդյոք, որ մեր կատարյալ երկնային Հայրը ակնկալում է մեզանից սեր և գնահատանք դրսևորել այն ամեն բաների համար, որ նա անում է հանուն մեզ։
Սեր զարգացնենք Աստծու հանդեպ
15. Ո՞րն է Աստծու հանդեպ սեր զարգացնելու առաջին քայլը։
15 Մենք ո՛չ տեսել ենք Աստծուն, ո՛չ էլ լսել ենք նրա ձայնը (Յովհաննէս 1։18)։ Այնուամենայնիվ, նա մեզ հրավիրում է սիրառատ փոխհարաբերություններ ունենալ իր հետ (Յակոբոս 4։8)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Որևէ մեկին սիրելու համար առաջին հերթին պետք է ճանաչել նրան. դժվար է խոր սեր տածել որևէ մեկի հանդեպ, որին չենք ճանաչում։ Եհովան մեզ տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որպեսզի մենք կարողանանք սովորել իր մասին։ Ահա թե ինչու նա իր կազմակերպության միջոցով մեզ քաջալերում է կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Աստվածաշունչն է, որ սովորեցնում է մեզ Աստծու, նրա հատկությունների, անձնավորության, ինչպես նաև հազարավոր տարիներ ի վեր մարդկանց հետ ունեցած նրա վարվելակերպի մասին։ Երբ խորհրդածում ենք նման արձանագրությունների շուրջ, մեր գնահատանքն ու սերը աճում է նրա հանդեպ (Հռովմայեցիս 15։4)։
16. Ինչպե՞ս է Հիսուսի ծառայության մասին խորհելը խորացնում մեր սերը Աստծու հանդեպ։
16 Եհովայի հանդեպ սերը կարող ենք խորացնել՝ խորհելով Հիսուսի կյանքի և ծառայության շուրջ։ Հիսուսը այնքան կատարյալ ձևով էր ընդօրինակում իր Հորը, որ կարող էր ասել. «Ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Յովհաննէս 14։9)։ Մի՞թե քեզ չի տպավորում, թե ինչպես Հիսուսը կարեկցանք ցուցաբերեց, երբ հարություն տվեց այրի կնոջ միակ որդուն (Ղուկաս 7։11–15)։ Քեզ չի՞ գրավում այն, որ նա, լինելով Աստծու Որդին և երբևէ ապրած մեծագույն մարդը, հեզությամբ լվաց իր աշակերտների ոտքերը (Յովհաննէս 13։3–5)։ Սիրտդ չի՞ լցվում՝ իմանալով, որ թեև նա բոլոր մարդկանցից ավելի մեծ և իմաստուն էր, սակայն մատչելի էր բոլորին՝ նույնիսկ երեխաներին (Մարկոս 10։13, 14)։ Գնահատանքով խորհրդածելով այս բաների շուրջ՝ մենք դառնում ենք այն քրիստոնյաների նման, որոնց մասին Պետրոսը գրեց. «[Հիսուսին] չ’տեսած սիրում էք» (Ա Պետրոս 1։8)։ Երբ մեր սերը աճում է Հիսուսի հանդեպ, այն նաև աճում է Եհովայի հանդեպ։
17, 18. Եհովայի ո՞ր պարգևների շուրջ խորհելը կարող է խորացնել մեր սերը նրա հանդեպ։
17 Աստծու հանդեպ մեր սերը կարող ենք զարգացնել մեկ այլ միջոցով՝ խորհրդածելով այն պարգևների շուրջ, որոնք նա սիրով և առատությամբ տալիս է մեզ՝ կյանքը վայելելու համար. գեղեցիկ ստեղծագործությունները, համեղ ուտելիքների անվերջ բազմազանությունը, լավ ընկերների ջերմ ընկերակցությունը, ինչպեսև անթիվ հաճելի բաներ, որոնք մեզ բավականություն և գոհունակություն են պատճառում (Գործք 14։17)։ Որքան շատ բան ենք սովորում Աստծու մասին, այնքան ավելի շատ պատճառներ ենք ունենում գնահատելու նրա անսահման բարությունն ու առատաձեռնությունը։ Մտածիր այն ամենի մասին, որ Եհովան արել է անձամբ քեզ համար։ Համաձայն չե՞ս, որ նա արժանի է քո սիրուն։
18 Աստծու տված բազմաթիվ պարգևների թվում է նաև նրան ցանկացած ժամանակ աղոթքով մոտենալու հնարավորությունը՝ իմանալով, որ ‘Աղոթք լսողը’ լսում է մեզ (Սաղմոս 65։2)։ Կառավարելու և դատելու լիազորությունը Եհովան տվել է իր սիրելի Որդուն։ Բայց աղոթքներ լսելու լիազորությունը նա չի տվել որևէ մեկին, նույնիսկ իր Որդուն։ Նա անձամբ է լսում մեր աղոթքները։ Այն սիրառատ հոգատարությունը, որ Եհովան ցույց է տալիս մեր հանդեպ անհատապես, մոտեցնում է մեզ իրեն։
19. Եհովայի ո՞ր խոստումներն են մոտեցնում մեզ իրեն։
19 Մենք նաև մոտենում ենք Եհովային, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ է նա նախատեսել մարդկանց համար։ Աստված խոստացել է վերջ դնել հիվանդությանը, վշտին և մահվանը (Յայտնութիւն 21։3, 4)։ Երբ մարդիկ կատարյալ դառնան, այլևս ոչ ոք չի տառապի դեպրեսիայով, չի վհատվի և դժբախտ չի լինի։ Կանհետանան սովը, աղքատությունը և պատերազմները (Սաղմոս 46։9; 72։16)։ Երկիրը կվերածվի դրախտի (Ղուկաս 23։43)։ Եհովան այս օրհնությունները կբերի ոչ թե այն պատճառով, որ պարտավոր է, այլ որովհետև սիրում է մեզ։
20. Ի՞նչ ասաց Մովսեսն Աստծուն սիրելու արդյունքում ստացած օրհնությունների մասին։
20 Ուստի հիմնավոր պատճառներ կան սիրելու մեր Աստծուն և խորացնելու այդ սերը։ Կշարունակե՞ս ամրացնել քո սերը Աստծու հանդեպ՝ թույլ տալով նրան ուղղել քո քայլերը։ Ընտրությունը քոնն է։ Մովսեսը գիտակցում էր Եհովայի հանդեպ սեր զարգացնելու և այն պահպանելու կարևորությունը։ Հնում ապրած իսրայելացիներին նա գրեց. «Կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը» (Բ Օրինաց 30։19, 20)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է կարևոր, որ սիրենք Եհովային։
• Ինչպե՞ս կարող ենք մեր սերը ցուցաբերել Աստծու հանդեպ։
• Եհովային սիրելու ի՞նչ պատճառներ ունենք։
• Ինչպե՞ս կարող ենք Աստծու հանդեպ սեր զարգացնել։
[նկար 20-րդ էջի վրա]
Եհովան իրականում գնահատում է այն, ինչը կարող ենք բոլորս էլ արտահայտել՝ մեր սերը նրա հանդեպ
[նկարներ 23-րդ էջի վրա]
«Ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Յովհաննէս 14։9)