Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/1 էջ 25–29
  • Վախեցիր Եհովայից և ապրիր երջանիկ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վախեցիր Եհովայից և ապրիր երջանիկ
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու վախենալ Աստծուց
  • Ինչպես աստվածավախություն դրսևորել
  • Աստվածավախությունը առատ օրհնություններ է բերում
  • Խոստումներ, որոնք օգնում են մեզ տոկալ
  • Իմաստո՛ւն եղիր և վախեցի՛ր Եհովայից
    2006 Դիտարան
  • Աստվածավախ սիրտ մշակեք
    2001 Դիտարան
  • Վախեցի՛ր Եհովայից և երջանիկ կլինես
    2006 Դիտարան
  • Եհովայից վախեցիր և նրա պատվիրանները պահիր
    2001 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 3/1 էջ 25–29

Վախեցիր Եհովայից և ապրիր երջանիկ

«Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ» (ՍԱՂՄՈՍ 34:9)։

1, 2. ա) Քրիստոնեական կրոնները ի՞նչ տարբեր կերպերով են ներկայացնում Աստծու հանդեպ վախը։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք։

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ աշխարհի այն քարոզիչները, որոնք սովորեցնում են, որ մարդիկ պետք է վախենան Աստծուց, հաճախ դա անում են՝ հիմնվելով ոչ աստվածաշնչյան ուսմունքի վրա։ Նրանք սովորեցնում են, թե Աստված հավիտյան պատժում է մեղավորներին կրակե դժոխքում։ Այսպիսի ուսմունքը հակասում է Աստվածաշնչին, ըստ որի՝ Եհովան սիրո և արդարության Աստված է (Ծննդոց 3:19; Բ Օրինաց 32:4; Հռովմայեցիս 6:23; Ա Յովհաննէս 4:8)։ Քրիստոնեական կրոնների այլ ներկայացուցիչներ հակառակն են պնդում։ Նրանք երբեք չեն սովորեցնում, որ հարկավոր է վախենալ Աստծուց։ Փոխարենը՝ նրանք սովորեցնում են, թե Աստված հանդուրժող է, և գրեթե բոլորն էլ ընդունելի են նրան՝ անկախ այն բանից, թե ինչպիսի կյանքով են ապրում։ Դա նույնպես չի համապատասխանում Աստվածաշնչի ուսուցումներին (Գաղատացիս 5:19–21)։

2 Իրականում Աստվածաշունչը հորդորում է մեզ վախենալ Աստծուց (Յայտնութիւն 14:7)։ Այս ճշմարտությունը հարցեր է առաջացնում։ Ինչո՞ւ է սիրառատ Աստվածը ցանկանում, որ մենք վախենանք իրենից։ Ինչպիսի՞ վախն է նրան ընդունելի։ Աստծու հանդեպ վախը ինչպիսի՞ օգուտներ կարող է բերել մեզ։ Մենք կգտնենք այս հարցերի պատասխանները՝ շարունակելով քննարկել 34–րդ սաղմոսը։

Ինչու վախենալ Աստծուց

3. ա) Ի՞նչ է քեզ համար նշանակում Աստծուց վախենալու պատվերը։ բ) Ինչո՞ւ են Եհովայից վախեցողները երջանիկ։

3 Լինելով տիեզերքի Արարիչը և Գերիշխանը՝ Եհովան արժանի է, որ մարդիկ վախենան իրենից (Ա Պետրոս 2:17)։ Սակայն դա սարսափի զգացում չէ ինչ–որ դաժան աստծու հանդեպ։ Խոսքը ակնածալից վախի մասին է, որը գալիս է այն բանի գիտակցումից, թե ով է Եհովան։ Աստծուց վախենալ նշանակում է նաև վախենալ նրան տհաճություն պատճառելուց։ Աստվածավախությունը ոչ թե ճնշող ու սարսափեցնող զգացում է, այլ վսեմ ու վեհ։ Եհովան «երջանիկ Աստ[ված]» է և ցանկանում է, որ մարդիկ նույնպես երջանիկ լինեն (Ա Տիմոթէոս 1:11)։ Սակայն դրա համար մենք պետք է Աստծու պահանջների համաձայն ապրենք։ Շատերի համար դա նշանակում է փոխել իրենց ապրելակերպը։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ փոփոխություններ, զգում են, թե որքան ճշմարիտ են սաղմոսերգու Դավթի խոսքերը. «Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան: Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ» (Սաղմոս 34:8, 9)։ Բոլոր նրանք, ովքեր վախենում են Եհովայից, մնայուն արժեք ունեցող ոչ մի բանի պակասություն չունեն, քանի որ լավ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ։

4. Ի՞նչ բանում վստահեցրին թե՛ Դավիթը, թե՛ Հիսուսը։

4 Ուշադրություն դարձրու, որ Դավիթը պատվի է արժանացնում իր հետ եղող մարդկանց՝ նրանց կոչելով «սուրբեր», ինչպես ընդունված էր իր օրերում։ Այդ մարդիկ Աստծու սուրբ ազգի մասն էին կազմում։ Նրանք իրենց կյանքը վտանգի էին ենթարկում Դավթին հետևելու համար։ Թեև նրանք փախուստի մեջ էին Սավուղ թագավորի պատճառով, սակայն Դավիթը վստահ էր, որ Եհովան կշարունակի հոգալ նրանց ամենաանհրաժեշտ կարիքները։ Նա գրեց. «Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին» (Սաղմոս 34:10)։ Միևնույն բանում իր հետևորդներին վստահեցրեց նաև Հիսուսը (Մատթէոս 6:33)։

5. ա) Ինչպիսի՞ մարդիկ էին Հիսուսի հետևորդներից շատերը։ բ) Վախի վերաբերյալ ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը։

5 Հիսուսին լսողներից շատերը աղքատ և հասարակության մեջ ցածր դիրք ունեցող հրեաներ էին։ Ուստի Հիսուսը «գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթէոս 9:36)։ Այսպիսի մարդիկ կունենայի՞ն արդյոք քաջություն հետևելու Հիսուսին։ Դա անելու համար նրանք պետք է Եհովայից վախենային և ոչ թե մարդկանցից։ Հիսուսն ասաց. «Մի վախենաք նորանցից՝ որ մարմինն սպանում են, եւ նորանից յետոյ աւելի բան չունին՝ որ անեն: Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք: Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում. եւ նորանցից մէկն էլ Աստուծոյ առաջին մոռացուած չէ: Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. ուրեմն մի վախենաք. որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Ղուկաս 12:4–7)։

6. ա) Հիսուսի ո՞ր խոսքերն են զորացնում քրիստոնյաներին։ բ) Հիսուսն ինչո՞ւ է լավագույն օրինակը աստվածավախություն դրսևորելու հարցում։

6 Երբ թշնամիները ճնշում են գործադրում Եհովայից վախեցողների վրա, որպեսզի վերջիններս դադարեն Աստծուն ծառայելուց, նրանք հիշում են Հիսուսի տված խորհուրդը. «Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին: Եվ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին» (Ղուկաս 12:8, 9)։ Այս խոսքերը զորացնում են քրիստոնյաներին հատկապես այն երկրներում, որտեղ ճշմարիտ երկրպագությունը արգելքի տակ է։ Նրանք խոհեմաբար շարունակում են փառաբանել Եհովային քրիստոնեական հանդիպումների և քարոզչական ծառայության ժամանակ (Գործք 5:29)։ Հիսուսը լավագույն օրինակը թողեց «աստվածավախություն» դրսևորելու հարցում (Եբրայեցիս 5:7, ՆԱ)։ Նրա մասին մարգարեական Խոսքում ասվել էր. «Նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին.... Տիրոջ երկիւղի հոգին: Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է» (Եսայիա 11:2, 3)։ Այսպիսով՝ Հիսուսը հենց այն անձնավորությունն է, որը լավագույնս կարող է սովորեցնել մեզ, թե աստվածավախությունը ինչ օգուտներ կարող է բերել։

7. ա) Ի՞նչ հրավեր է տալիս մեզ Հիսուսը։ բ) Ինչպե՞ս կարող են ծնողները հետևել Դավթի լավ օրինակին։

7 Բոլոր նրանք, ովքեր հետևում են Հիսուսի օրինակին և հնազանդվում են նրա ուսմունքներին, կարելի է ասել, արձագանքում են այն նույն հրավերին, որը տվեց Դավիթը. «Եկէք, որդիք, լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ» (Սաղմոս 34:11)։ Դավիթը կարող էր իր մարդկանց անվանել «որդիք», քանի որ նրանք Դավթին իրենց առաջնորդն էին համարում։ Դավիթն էլ իր հերթին նրանց հոգևոր օգնություն էր ցույց տալիս, որպեսզի իր հետևորդները միասնական լինեին և ունենային Աստծու հաճությունը։ Ի՜նչ հիանալի օրինակ քրիստոնյա ծնողների համար։ Եհովան նրանց լիազորել է իրենց որդիներին և դուստրերին ‘մեծացնել խրատով և Տիրոջ ուսմունքով’ (Եփեսացիս 6:4)։ Երեխաների հետ ամեն օր հոգևոր թեմաներ քննարկելով և կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ ծնողները օգնում են նրանց վախենալ Եհովայից և այդպիսով ապրել երջանիկ կյանքով (Բ Օրինաց 6:6, 7)։

Ինչպես աստվածավախություն դրսևորել

8, 9. ա) Ինչո՞ւ արժե աստվածավախ կյանքով ապրել։ բ) Ի՞նչ է նշանակում հսկել մեր լեզուն։

8 Ինչպես արդեն նշվեց, Եհովայից վախենալը չի զրկում մեզ ուրախությունից։ Դավիթը հարցնում է. «Ո՞վ է այն մարդը որ ապրիլ կ’ուզէ ու շատ օրեր կը սիրէ՝ բարութիւն տեսնելու համար» (Սաղմոս 34:12, ԱԱ)։ Հստակ է, որ Եհովայի հանդեպ վախը երկար ու երջանիկ կյանքի, ինչպես նաև բարին տեսնելու գրավականն է։ Սակայն մի բան է ասել՝ «ես վախենում եմ Աստծուց», մեկ ուրիշ բան է՝ ցույց տալ դա վարքով։ Ուստի Դավիթը բացատրում է, թե ինչպես կարող ենք գործնականում աստվածավախություն դրսևորել։

9 «Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն» (Սաղմոս 34:13)։ Երբ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց միմյանց հանդեպ եղբայրական սեր դրսևորել, նա ներշնչման ներքո մեջբերեց 34–րդ սաղմոսի այս խոսքերը (Ա Պետրոս 3:8–12)։ Լեզուն չար բաներից պահել նշանակում է խուսափել վնասակար բամբասանք տարածելուց։ Դրա փոխարեն՝ մենք միշտ պետք է ձգտենք, որ մեր զրույցները կերտիչ լինեն։ Նաև պետք է ջանանք քաջություն դրսևորել և ճշմարտությունը խոսել (Եփեսացիս 4:25, 29, 31; Յակոբոս 5:16)։

10. ա) Բացատրեք, թե ինչ է նշանակում հեռանալ չարից։ բ) Ի՞նչ է նշանակում բարին գործել։

10 «Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. խնդրիր [«փնտռէ», ԱԱ] խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա» (Սաղմոս 34:14)։ Մենք խուսափում ենք այնպիսի գործերից, որոնք Աստված դատապարտում է։ Դրանցից են՝ սեռական անբարոյությունը, պոռնկագրությունը, գողությունը, ոգեհարցությունը, բռնությունը, հարբեցողությունը և թմրադեղերի գործածությունը։ Մենք նաև հրաժարվում ենք այնպիսի զվարճություններից, որոնց բնորոշ են այդպիսի նողկալի գործերը (Եփեսացիս 5:10–12)։ Դրա փոխարեն՝ մեր ժամանակը օգտագործում ենք բարի գործեր անելու համար։ Ամենաբարի գործը, որ կարող ենք անել, Թագավորությունը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին կանոնավորաբար մասնակցելն է՝ օգնելով ուրիշներին ստանալ փրկության հնարավորություն (Մատթէոս 24:14; 28:19, 20)։ Բարին անել նշանակում է նաև պատրաստվել և հաճախել ժողովի հանդիպումներին, ֆինանսապես աջակցել համաշխարհային գործին, հոգ տանել մեր Թագավորության սրահի մասին և օգնել կարիքավոր քրիստոնյաներին։

11. ա) Ինչպե՞ս Դավիթը կիրառեց խաղաղության վերաբերյալ իր խոսքերը։ բ) Ի՞նչ կարող ես անել, որպեսզի ‘հետևես խաղաղությանը’ ժողովում։

11 Դավիթը լավ օրինակ թողեց խաղաղություն փնտրելու հարցում։ Երկու անգամ նա հնարավորություն ունեցավ սպանելու Սավուղին, սակայն երկու դեպքում էլ խուսափեց բռնություն գործելուց։ Փոխարենը՝ Դավիթը թագավորի հետ հարգալից խոսեց՝ հույս ունենալով վերականգնել խաղաղությունը (Ա Թագաւորաց 24:8–11; 26:17–20)։ Ի՞նչ կարող ենք անել այսօր, երբ ստեղծված իրավիճակը սպառնում է ժողովի խաղաղությանը։ Մենք պետք է ‘խաղաղություն փնտրենք և նրա ետևից գնանք’։ Այսպիսով՝ եթե զգում ենք, որ մեր և մեր հավատակցի միջև հարաբերությունները լարված են, մենք հնազանդվում ենք Հիսուսի խորհրդին. «Առաջ հաշտուիր քո եղբօր հետ»։ Այնուհետև շարունակում ենք կատարել ճշմարիտ երկրպագության մյուս պահանջները (Մատթէոս 5:23, 24; Եփեսացիս 4:26)։

Աստվածավախությունը առատ օրհնություններ է բերում

12, 13. ա) Ի՞նչ օգուտներ են այսօր ստանում այն մարդիկ, ովքեր աստվածավախություն են դրսևորում։ բ) Օգնության համար մեր աղաչանքները ե՞րբ թերևս ավելի շատանան, և ինչպե՞ս Եհովան կարձագանքի։

12 «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34:15)։ Այն, թե ինչպես Աստված վարվեց Դավթի հետ, ապացուցում է այս խոսքերի ճշմարտացիությունը։ Այսօր մենք մեծ ուրախություն և ներքին խաղաղություն ունենք, քանի որ գիտենք, որ Եհովան պաշտպանում է մեզ։ Վստահ ենք, որ նա միշտ կհոգա մեր կարիքները, նույնիսկ երբ մեծ ճնշումներ գործադրվեն մեզ վրա։ Մենք գիտենք, որ շուտով, ինչպես կանխագուշակվել է, Գոգը Մագոգից հարձակում է գործելու բոլոր ճշմարիտ երկրպագուների վրա, և գալու է «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը» (Յովէլ 2:11, 31; Եզեկիէլ 38:14–18, 21–23)։ Սակայն ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվենք այդ ժամանակ, կտեսնենք Դավթի խոսքերի իրականացումը. «Արդարներն աղաղկում են եւ Տէրը լսում է. եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց» (Սաղմոս 34:17)։

13 Որքա՜ն հուզիչ կլինի տեսնել, թե ինչպես է Եհովան փառավորում իր մեծ անունը։ Մեր սրտերը ավելի քան երբևէ կլցվեն մեծ ակնածանքով և երկյուղածությամբ, իսկ բոլոր հակառակորդները նվաստացուցիչ վախճան կունենան։ «Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ» (Սաղմոս 34:16)։ Ի՜նչ մեծ վարձատրություն կլինի տեսնել այդ մեծ ազատագրումը և մտնել Աստծու արդար նոր աշխարհը։

Խոստումներ, որոնք օգնում են մեզ տոկալ

14. Ի՞նչը կօգնի մեզ տոկալ՝ չնայած նեղություններին։

14 Այս այլասերված և թշնամանքով լի աշխարհում Եհովային հնազանդվելը տոկունություն է պահանջում։ Աստվածավախությունը մեծապես կօգնի մեզ հնազանդություն մշակել։ Քանի որ ապրում ենք դժվար ժամանակներում, Եհովայի ծառաներից ոմանք ծայրահեղ դժվարություններ են ունենում, որոնք, այսպես ասած, կոտրում են նրանց սիրտը և փշրում հոգին։ Սակայն նրանք կարող են լիովին վստահ լինել, որ եթե ապավինեն Եհովային, նա կօգնի իրենց տոկալ։ Դավթի խոսքերի մեջ իսկական մխիթարություն ենք գտնում. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34:18)։ Դավիթը շարունակում է քաջալերել մեզ՝ ասելով. «Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34:19)։ Անկախ նրանից, թե ինչ նեղություններ ենք ունենում՝ Եհովան բավականաչափ զորություն ունի ազատելու մեզ դրանցից։

15, 16. ա) Ի՞նչ դժբախտության մասին լուր ստացավ Դավիթը՝ 34–րդ սաղմոսը գրելուց շատ չանցած։ բ) Ի՞նչը կօգնի մեզ տոկալ փորձություններին։

15 34–րդ սաղմոսը գրելուց շատ չանցած՝ Դավթին լուր հասավ այն մասին, որ Նոբի բնակիչներին դժբախտություն էր պատահել. Սավուղը սպանել էր նրանց բոլորին և քահանաների մեծ մասին։ Որքա՜ն պետք է վշտացած լիներ Դավիթը՝ հասկանալով, որ Նոբ կատարած իր այցելությունն էր Սավուղի բարկության պատճառը (Ա Թագաւորաց 22:13, 18–21)։ Դավիթն, անկասկած, դիմեց Եհովայի օգնությանը և մխիթարվեց այն հույսով, որ ապագայում ‘արդարները’ հարություն են առնելու (Գործք 24:15)։

16 Հարության հույսը մեզ նույնպես զորացնում է այսօր։ Մենք գիտենք, որ մեր թշնամիները մնայուն վնաս չեն կարող հասցնել մեզ (Մատթէոս 10:28)։ Դավիթը իր համոզվածությունն արտահայտեց դրանում՝ ասելով. «Տէրը պահում է նորա [արդարի] ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի» (Սաղմոս 34:20)։ Այս խոսքերը բառացիորեն կատարվեցին Հիսուսի վրա։ Թեև Հիսուսին դաժանորեն մահվան դատապարտեցին, սակայն նրա ոսկորներից և ոչ մեկը ‘չփշրվեց’ (Յովհաննէս 19:36)։ Ավելի մեծ կիրառությամբ Սաղմոս 34։20–ը վստահեցնում է մեզ, որ ինչ փորձություններ էլ հանդիպեն օծյալ քրիստոնյաներին և նրանց ուղեկիցներին՝ «ուրիշ ոչխարներ[ին]», նրանց հասցված վնասը անուղղելի չի լինի։ Փոխաբերական իմաստով՝ նրանց ոսկորները երբեք չեն փշրվի (Յովհաննէս 10:16)։

17. Ի՞նչ աղետալի վախճան է սպասվում բոլոր նրանց, ովքեր շարունակում են ատել Եհովայի ժողովրդին։

17 Ամբարիշտների իրավիճակն այլ է։ Շուտով նրանք կհնձեն այն, ինչ ցանել են։ «Չարութիւնը ամբարշտին կ’սպանէ, եւ արդարին ատողները կ’դատապարտուին» (Սաղմոս 34:21)։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են հակառակություն ցույց տալ Աստծու ժողովրդին, աղետալի վախճան կունենան։ Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ նրանք «պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը» (Բ Թեսաղոնիկեցիս 1:9)։

18. Ինչպե՞ս է «մեծ բազմությունը» արդեն ազատագրված, և նրան ի՞նչ է սպասվում ապագայում։

18 Դավթի սաղմոսը եզրափակվում է հետևյալ վստահեցնող խոսքերով. «Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ» (Սաղմոս 34:22)։ Իր 40–ամյա թագավորության վերջում Դավիթ թագավորն ասաց. «[Աստված] իմ կեանքն ազատեց ամեն նեղութիւնից» (Գ Թագաւորաց 1:29)։ Դավթի նման՝ այն մարդիկ, ովքեր վախենում են Եհովայից, շուտով կկարողանան ետ նայել և ուրախանալ, որ ազատվել են մեղքի դատապարտությունից և ամեն տեսակ նեղություններից։ Օծյալ քրիստոնյաների մեծ մասն արդեն ստացել է իր երկնային վարձատրությունը։ Իսկ բոլոր ազգերից հավաքվող «մեծ բազմությունը», Հիսուսի եղբայրների մնացորդի հետ միավորված, այժմ ծառայում է Աստծուն և Նրա առաջ մաքուր է համարվում։ Դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ նրանք հավատ են ընծայում Հիսուսի թափած արյան քավիչ զորության հանդեպ։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում քավիչ զոհաբերությունը լիովին կկիրառվի նրանց նկատմամբ, և նրանք կատարյալ կդառնան (Յայտնութիւն 7:9, 14, 17; 21:3–5)։

19. Ի՞նչ են վճռել անել «մեծ բազմության» անդամները։

19 Ինչո՞ւ է Աստծու երկրպագուների «մեծ բազմությունը» ստանալու այս բոլոր օրհնությունները։ Քանի որ նրանք վճռել են շարունակել վախենալ Եհովայից՝ ծառայելով նրան երկյուղածությամբ և ակնածանքով լի հնազանդությամբ։ Ինչ խոսք, Եհովայի հանդեպ վախը մեր կյանքը այսօր իսկ հաճելի է դարձնում և օգնում է, որ «ամուր բռնե[ն]ք իսկական կյանքը»՝ հավիտենական կյանքը Աստծու նոր աշխարհում (Ա Տիմոթէոս 6:12, 18, 19; Յայտնութիւն 15:3, 4)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ պետք է վախենանք Աստծուց, և ի՞նչ է դա նշանակում։

• Ինչպե՞ս պետք է աստվածավախությունը անդրադառնա մեր վարքի վրա։

• Ինչպիսի՞ օգուտներ է բերում աստվածավախությունը։

• Ո՞ր խոստումներն են օգնում մեզ տոկալ։

[նկար 26–րդ էջի վրա]

Եհովայից վախեցողները խոհեմություն են դրսևորում, երբ արգելքի տակ են գտնվում

[նկար 28–րդ էջի վրա]

Ամենաբարի գործը, որ կարող ենք անել մեր մերձավորների համար, Թագավորության բարի լուրը նրանց քարոզելն է

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը