Տոկալով սպասենք Եհովայի օրվան
«Ձեր հավատին ավելացրեք.... տոկունություն» (2 ՊԵՏՐՈՍ 1։5, 6)։
1, 2. Ի՞նչ է տոկունությունը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ քրիստոնյաներին։
ԵՀՈՎԱՅԻ մեծ օրը շատ մոտ է (Յովէլ 1։15; Սոփոնիա 1։14)։ Մենք՝ քրիստոնյաներս, վճռելով պահել Աստծու հանդեպ մեր անարատությունը, փափագով սպասում ենք այն ժամանակին, երբ կարդարացվի նրա գերիշխանությունը։ Բայց քանի դեռ այդ ժամանակը չի եկել, մենք այսօր ատվում ենք, նախատվում, հալածվում։ Աստծու ծառաներից ոմանք նույնիսկ իրենց կյանքն են տալիս հանուն հավատի (Մատթեոս 5։10–12; 10։22; Հայտնություն 2։10)։ Այո՛, մեզ տոկունություն է անհրաժեշտ։ Այս հատկությունն օգնում է դիմակայելու հակառակությանը։ Պետրոս առաքյալը մեզ հորդորում է. «Ձեր հավատին ավելացրեք.... տոկունություն» (2 Պետրոս 1։5, 6)։ Հիսուսը նույնպես շեշտեց տոկունության կարևորությունը՝ ասելով. «Ով որ մինչև վերջ համբերի [«տոկա», ծնթ.], նա՛ կփրկվի» (Մատթեոս 24։13)։
2 Նաև այսօր մենք դիմագրավում ենք հիվանդությունների, վշտի և այլ փորձությունների։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան կուրախանար Սատանան, եթե այդ ամենի պատճառով կորցնեինք մեր հավատը (Ղուկաս 22։31, 32)։ Սակայն Եհովայի օգնությամբ կարող ենք տոկալ ցանկացած փորձության ժամանակ (1 Պետրոս 5։6–11)։ Քննենք իրական օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ մենք կարող ենք սպասել Եհովայի օրվան՝ դրսևորելով տոկունություն և ամուր հավատ։
Հիվանդությունը խոչընդոտ չէ
3, 4. Պատմիր մի օրինակ, որը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած հիվանդությանը։
3 Աստված այժմ հրաշքով չի բուժում մեզ, սակայն ուժ է տալիս, որ տոկանք (Սաղմոս 41։1–3)։ Շարոն անունով մի քրիստոնյա կին պատմում է. «Ես ինձ ինչ հիշում եմ, միշտ հաշմանդամի սայլակի մեջ եմ եղել։ Գլխուղեղի կաթվածի պատճառով ծնվածս օրվանից զրկվել եմ մանկական ուրախություններից»։ Սակայն Շարոնը լցվեց հույսով, երբ սովորեց Եհովայի մասին և իմացավ, որ նա խոստացել է կատարյալ առողջություն պարգևել մարդկանց։ Թեև նա դժվարությամբ է խոսում և քայլում, բայց ուրախություն է գտնում քրիստոնեական ծառայության մեջ։ Մոտ 15 տարի առաջ նա ասաց. «Առողջական վիճակս գուցե գնալով վատանա, բայց երբեք Աստծու հանդեպ իմ վստահությունը չի թուլանա և փոխհարաբերություններս նրա հետ ամուր կմնան։ Որքա՜ն երջանիկ եմ, որ Եհովայի ժողովրդի մեջ եմ և վայելում եմ Աստծու մշտական աջակցությունը»։
4 Պողոս առաքյալը թեսաղոնիկեցի քրիստոնյաներին հորդորեց «սփոփել վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Վհատության պատճառ կարող է լինել խոր հիասթափությունը։ 1993 թ.–ին Շարոնը գրեց. «Ես ինձ կատարյալ ձախողակ էի համարում.... Ընկա խոր դեպրեսիայի մեջ, որը տևեց երեք տարի.... Երեցները խորհուրդներ էին տալիս և մխիթարում.... Որքա՜ն շնորհակալ եմ Եհովային, որ «Դիտարան» պարբերագրի մեջ դեպրեսիայի մասին հոդվածներ տպագրվեցին։ Այո՛, նա հոգ է տանում իր ժողովրդին և հասկանում է մեր զգացմունքները» (1 Պետրոս 5։6, 7)։ Շարոնը մինչև այժմ էլ հավատարմորեն ծառայում է Եհովային և սպասում նրա մեծ օրվան։
5. Ի՞նչ ապացույցներ կան, որ քրիստոնյաները կարող են տոկալ տառապանքների ժամանակ։
5 Որոշ քրիստոնյաներ տառապում են անցյալում տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Օրինակ՝ Հարլին ականատես է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան կռիվներին և գիշերները տանջվում էր պատերազմական հիշողություններից։ Քնած ժամանակ նա գոչում էր. «Զգո՛ւյշ։ Ուշադի՛ր»։ Նա արթնանում էր քրտինքի մեջ կորած։ Հարլին ընդունեց ճշմարտությունը, և ժամանակի ընթացքում մղձավանջային երազները քչացան ու պակաս սարսափելի դարձան։
6. Ինչպե՞ս էր մի քրիստոնյա պայքարում հուզական խնդիրների դեմ։
6 Մի քրիստոնյայի համար, որի մոտ երկբևեռ խանգարում էր հայտնաբերվել, խիստ դժվար էր մասնակցել տնից տուն ծառայությանը։ Սակայն նա չնահանջեց, քանի որ գիտակցում էր, որ ծառայությունը կյանք կտա թե՛ իրեն և թե՛ իրեն լսողներին (1 Տիմոթեոս 4։16)։ Երբեմն նա նույնիսկ ի վիճակի չէր լինում սեղմելու դռան զանգի կոճակը։ Եղբայրն ասում է. «Ես ինձ հավաքում էի և մոտենում հաջորդ դռանը։ Չթողնելով ծառայությունս՝ կարողացել եմ ուժերիս ներածին չափով հոգևոր առողջությունս պահպանել»։ Ժողովի հանդիպումներին հաճախելը նույնպես դժվար էր, բայց մեր սիրելի եղբայրը համոզված էր, որ հոգևոր շփումը բարերար ազդեցություն է թողնում մարդու վրա։ Այդ իսկ պատճառով նա ամեն ջանք թափում էր ներկա լինելու հանդիպումներին (Եբրայեցիներ 10։24, 25)։
7. Թեև ոմանք վախենում են հանրության առջև խոսելուց կամ որևէ հավաքույթի ներկա լինելուց, ինչպե՞ս են նրանք տոկունություն ցուցաբերում։
7 Որոշ քրիստոնյաներ ունեն ֆոբիա՝ չափազանց մեծ վախ որոշակի իրավիճակներից կամ առարկաներից։ Օրինակ՝ ոմանք վախենում են հանրության առջև խոսելուց կամ նույնիսկ որևէ հավաքույթի ներկա լինելուց։ Պատկերացրու, թե որքան դժվար է նրանց համար քրիստոնեական հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալ կամ Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունենալ։ Սակայն նրանք տոկում են, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ներկայությունն ու մասնակցությունը։
8. Հատկապես ի՞նչն է օգտակար հուզական դժվարությունները հաղթահարելու համար։
8 Այն անհատը, որը հուզական դժվարություններ ունի, թերևս կարիք ունի ավելի շատ հանգստանալու և քնելու։ Գուցե հարկավոր լինի բժշկի դիմել։ Սակայն հատկապես օգտակար կլինի աղոթքով ապավինել Աստծուն։ Սաղմոս 55։22–ում ասվում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը»։ Ուստի անպայման «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը» (Առակաց 3։5, 6)։
Երբ մահանում է հարազատը
9–11. ա) Ի՞նչը կարող է օգնել դիմանալու վշտին։ բ) Աննայի օրինակն ինչպե՞ս է օգնում մեզ դիմանալու հարազատի մահվանը։
9 Երբ մահը բաժանում է ընտանիքի անդամներին, դա խոր ցավ է պատճառում։ Աբրահամը սգաց իր սիրելի կնոջ՝ Սառայի մահը (Ծննդոց 23։2)։ Նույնիսկ կատարյալ մարդու՝ Հիսուսի աչքերից «արցունքներ հոսեցին», երբ նրա ընկեր Ղազարոսը մահացավ (Հովհաննես 11։35)։ Այսպիսով՝ բնական է վիշտ զգալ, երբ հարազատը մահանում է։ Այնուամենայնիվ, քրիստոնյաները գիտեն, որ մահացածների հարություն է լինելու (Գործեր 24։15)։ Ուստի նրանք «չեն տխրում, ինչպես մյուսները, որ հույս չունեն» (1 Թեսաղոնիկեցիներ 4։13)։
10 Ինչպե՞ս կարող ենք դիմանալ հարազատի կորստին։ Քննենք մի այսպիսի օրինակ։ Երբ մեր ընկերը երկարատև ճանապարհորդության է գնում, մեր տխրությունը սովորաբար կարճ է տևում, քանի որ ակնկալում ենք նրան դարձյալ տեսնել, երբ վերադառնա։ Հավատարիմ քրիստոնյայի մահվանը կարելի է նույն ձևով նայել, և դա գուցե մեղմացնի վիշտը, քանի որ գիտենք, որ նա անպայման հարություն է առնելու (Ժողովող 7։1)։
11 «Ամենայն մխիթարության Աստծուն» լիովին ապավինելը կօգնի դիմանալ հարազատի մահվանը (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Առաջին դարում ապրած մի այրի կնոջ՝ Աննայի օրինակի շուրջ խորհրդածելը նույնպես կարող է օգնել։ Ամուսնությունից ընդամենը յոթ տարի անց Աննայի կողակիցը մահացավ։ Սակայն անգամ 84 տարեկան հասակում նա շարունակում էր Եհովային սուրբ ծառայություն մատուցել տաճարում (Ղուկաս 2։36–38)։ Անկասկած, աստվածանվեր կյանքով ապրելն օգնեց նրան հաղթահարել վիշտն ու միայնության զգացումը։ Քրիստոնեական գործունեությանը, այդ թվում Թագավորության քարոզչության գործին կանոնավորաբար մասնակցելը կարող է օգնել մեզ դիմանալու հարազատի կորստին։
Տոկանք զանազան փորձությունների ժամանակ
12. Որոշ քրիստոնյաներ ի՞նչ փորձության են բախվում ընտանիքում։
12 Որոշ քրիստոնյաներ փորձությունների են բախվում ընտանիքում։ Օրինակ՝ եթե կողակիցներից մեկը դավաճանում է մյուսին, հետևանքները շատ դառն են լինում։ Անմեղ կողակիցը մեծ ցավ ու վիշտ է զգում. նա գուցե չկարողանա քնել և անդադար լաց լինի։ Հասարակ գործեր անելիս անգամ նա կարող է սխալվել, և գուցե դժբախտ պատահար տեղի ունենա։ Հնարավոր է՝ նրա ախորժակը փակվի, նա նիհարի, էմոցիոնալ դժվարություններ կրի։ Գուցե դժվարանա մասնակցել քրիստոնեական գործունեությանը։ Ինչ խոսք, երեխաները նույնպես կրում են ամուսնական դավաճանության դառը հետևանքները։
13, 14. ա) Ինչո՞ւ է քեզ քաջալերում Սողոմոնի աղոթքը։ բ) Ինչո՞ւ ենք աղոթում սուրբ ոգու համար։
13 Եհովան օգնում է մեզ նման և այլ փորձությունների ժամանակ (Սաղմոս 94։19)։ Աստված լսում է իր ծառաների աղոթքները. դա երևում է Սողոմոն թագավորի աղոթքից, որը նա ասաց տաճարի հանդիսավոր բացմանը։ Սողոմոնը աղոթեց. «Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ, որ իր սրտի ցաւը գիտէ, իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը, այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ ներիր, եւ կատարիր, եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտես նորա սիրտը. որովհետեւ դու միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սիրտը. որպէս զի քեզանից վախենան իրանց բոլոր օրերումը այն երկրի վերայ որ տուել ես մեր հայրերին» (Գ Թագաւորաց 8։38–40)։
14 Հատկապես օգտակար կարող է լինել սուրբ ոգու համար անդադար աղոթելը (Մատթեոս 7։7–11)։ Ոգու պտղի մեջ են մտնում ուրախությունն ու խաղաղությունը (Գաղատացիներ 5։22, 23)։ Ի՜նչ թեթևացում ենք զգում, երբ մեր երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին. ուրախությունը փոխարինում է վշտին, խաղաղությունը՝ տառապանքին։
15. Ո՞ր սուրբգրային համարները կարող են օգնել մեզ, որ այլևս չանհանգստանանք։
15 Բնական է, երբ անհանգստանում ենք ինչ–որ խնդրի պատճառով։ Այդ անհանգստությունից որոշ չափով կարող ենք ազատվել, եթե հիշենք Հիսուսի խոսքերը. «Այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ի՛նչ պիտի ուտեք և ի՛նչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ի՛նչ պիտի հագնեք.... Ուրեմն, շարունակեք նախ թագավորությունը և [Աստծու] արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթեոս 6։25, 33, 34)։ Պետրոս առաքյալը հորդորում է մեզ «մեր ամբողջ հոգսը Աստծու վրա գցել, որովհետև նա հոգ է տանում մեր մասին» (1 Պետրոս 5։6, 7)։ Իհարկե, խնդիրը լուծելու համար պետք է ջանքեր թափենք։ Սակայն եթե ամեն ինչ արել ենք, բայց այն չի լուծվում, ապա անհանգստանալու փոխարեն՝ լավ կլինի աղոթել։ «Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ»,— ասաց սաղմոսերգուն (Սաղմոս 37։5)։
16, 17. ա) Ինչո՞ւ չենք կարող լիովին ազատվել անհանգստությունից։ բ) Ի՞նչ կզգանք, եթե կիրառենք Փիլիպպեցիներ 4։6, 7–ը։
16 Պողոսը գրեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Բնականաբար, Ադամի անկատար սերունդները չեն կարող լիովին ազատվել անհանգստությունից (Հռոմեացիներ 5։12)։ Օրինակ՝ Եսավի քետացի կանայք «հոգու դառնութիւն» եղան նրա աստվածավախ ծնողների՝ Իսահակի և Ռեբեկայի համար (Ծննդոց 26։34, 35)։ Հիվանդությունը, ըստ ամենայնի, անհանգստություն էր պատճառում Տիմոթեոսին և Տրոֆիմոսին (1 Տիմոթեոս 5։23; 2 Տիմոթեոս 4։20)։ Պողոսը մտահոգվում էր իր հավատակիցների համար (2 Կորնթացիներ 11։28)։ Բայց «աղոթք Լսողը» միշտ պատրաստ է օգնելու իրեն սիրողներին (Սաղմոս 65։2)։
17 «Խաղաղության Աստվածը» մեզ թիկունք է կանգնում և մխիթարում է, մինչ մենք սպասում ենք նրա օրվան (Փիլիպպեցիներ 4։9)։ Եհովան «ողորմած եւ գթած» է, «բարի է և ներող», «յիշում է որ հող ենք մենք» (Ելից 34։6; Սաղմոս 86։5; 103։13, 14)։ Այնպես որ, եկեք «մեր խնդրանքները հայտնի դարձնենք Աստծուն», և Աստված մեզ կտա իր խաղաղությունը՝ հանդարտություն, որ վեր է մարդկային ըմբռնումից։
18. Համաձայն Յոբ 42։5–ի՝ ինչպե՞ս է հնարավոր «տեսնել» Աստծուն։
18 Ստանալով մեր աղոթքների պատասխանները՝ իմանում ենք, որ Աստված մեզ հետ է։ Երբ Հոբի փորձություններն ավարտվեցին, նա ասաց. «Ականջի լսելով ես լսել էի քո [Եհովայի] մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ» (Յոբ 42։5)։ Հասկացողության, հավատի ու երախտագիտության աչքերով մենք կարող ենք խորհրդածել այն մասին, թե ինչ է արել Աստված մեզ համար. այդպիսով կարող ենք ավելի լավ «տեսնել» նրան։ Ի՜նչ խաղաղություն է տիրում մեր սրտում և մտքում, երբ մտերիմ ենք Աստծու հետ։
19. Ի՞նչ կզգանք, եթե «մեր ամբողջ հոգսը գցենք Եհովայի վրա»։
19 Եթե «մեր ամբողջ հոգսը գցենք Եհովայի վրա», ապա կկարողանանք ներքին հանդարտությամբ դիմագրավել փորձություններին, ինչն էլ կպահպանի մեր միտքն ու սիրտը։ Մեր սրտում չեն լինի անհանգստություն, վախ և տագնապ, իսկ մեր միտքը պարզ կլինի՝ զերծ մտահոգությունից ու խառնաշփոթությունից։
20, 21. ա) Ստեփանոսի դեպքն ինչպե՞ս է փաստում, որ հալածանքի ժամանակ կարող ենք խաղաղություն ունենալ։ բ) Պատմիր դեպքեր, որ փորձությունների ժամանակ հնարավոր է հանդարտություն պահպանել։
20 Ստեփանոս աշակերտը հանդարտություն պահպանեց հավատի ծանր փորձության ժամանակ։ Նա դեռ չէր տվել իր վերջին վկայությունը, երբ «բոլոր նրանք, որ նստած էին Սինեդրիոնում.... տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր» (Գործեր 6։15)։ Նրա երեսին կար խաղաղություն, ինչպիսին որ հրեշտակի՝ Աստծու պատգամաբերի երեսին է լինում։ Երբ Ստեփանոսը մերկացրեց նրանց հանցանքը Հիսուսի մահվան մեջ, դատավորներն «իրենց սրտերում խորապես վրդովվեցին ու սկսեցին իրենց ատամները կրճտացնել նրա վրա»։ «Սուրբ ոգով լցված»՝ Ստեփանոսը «աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի, որը կանգնած էր Աստծու աջ կողմում»։ Տեսիլքը զորացրեց Ստեփանոսին, և նա մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն (Գործեր 7։52–60)։ Իհարկե, մենք տեսիլքներ չենք տեսնում, սակայն հալածանքի ժամանակ կարող ենք Աստծու խաղաղությունն ունենալ։
21 Ահա թե ինչ են ասել որոշ քրիստոնյաներ, ովքեր նացիստների կողմից մահվան են դատապարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրանցից մեկը իր նամակում գրեց. «Մահվան դատավճիռ կայացվեց։ Ես այն լսեցի, հետո ասացի «հավատարիմ եղիր մինչև մահ» ու մեր Տիրոջ խոսքերից ևս մի քանիսը, այնուհետև ամեն ինչ ավարտվեց.... Բայց մի անհանգստացեք։ Որովհետև իմ սրտում տիրում է մի այնպիսի խաղաղություն, անդորր, որ չեք կարող պատկերացնել»։ Մի երիտասարդ քրիստոնյա, որին սպասում էր մահապատիժ գլխատումով, իր ծնողներին գրեց. «Արդեն կեսգիշերն անց է։ Ես դեռ ժամանակ ունեմ փոխելու միտքս։ Բայց մի՞թե կարող եմ երջանիկ լինել այս աշխարհում, եթե ուրանամ մեր Տիրոջը։ Ամենևի՛ն։ Այժմ դուք կարող եք վստահ լինել, որ ես՝ երջանիկ ու խաղաղ, թողնում եմ այս աշխարհը»։ Ոչ մի կասկած լինել չի կարող, որ Եհովան թև ու թիկունք է լինում իր հավատարիմ ծառաներին։
Դու կարո՛ղ ես տոկալ
22, 23. Ինչո՞ւմ կարող ես վստահ լինել, մինչ տոկալով սպասում ես Եհովայի օրվան։
22 Հնարավոր է՝ քեզ բաժին չընկնեն այնպիսի դժվարություններ, որոնց մասին խոսվեց այս հոդվածում։ Բայցևայնպես, ինչպես աստվածավախ Հոբն է ասում, «կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Եթե ծնող ես, ապա թերևս մեծ ջանքեր ես գործադրում քո երեխաներին հոգևոր կրթություն տալու համար։ Օրինակ՝ նրանք դպրոցում տոկում են փորձությունների ներքո։ Որքա՜ն ես ուրախանում, երբ նրանք վճռականորեն Եհովայի ու նրա արդար սկզբունքների կողմն են բռնում։ Իսկ գուցե դժվարությունների կամ գայթակղությունների ես բախվում աշխատանքի վայրում։ Այս և այլ իրավիճակներ դու կկարողանաս դիմագրավել միայն այն պատճառով, որ «Եհովան օրեցօր կրում է քո բեռը» (Սաղմոս 68։19, ՆԱ)։
23 Գուցե կարծում ես, որ առանձնապես ոչ մի բանով աչքի չես ընկնում, բայց հիշիր, որ Եհովան երբեք չի մոռանա քո աշխատանքը և այն սերը, որ ցույց ես տալիս նրա սուրբ անվան համար (Եբրայեցիներ 6։10)։ Նրա օգնությամբ կարող ես տոկալ հավատի փորձությունների ժամանակ։ Ուստի նպատակ դիր կատարելու Աստծու կամքը։ Աղոթիր այդ մասին։ Այդ դեպքում կարող ես վստահ լինել, որ Աստված կօրհնի ու կաջակցի քեզ, մինչ տոկալով սպասում ես նրա օրվան։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է տոկուն լինեն։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ դիմանալ հիվանդությանն ու վշտին։
• Ինչպե՞ս է աղոթքն օգնում, որ տոկանք փորձությունների ժամանակ։
• Ինչո՞ւ կարող ենք տոկունություն դրսևորել, մինչ սպասում ենք Եհովայի օրվան։
[նկար 29–րդ էջի վրա]
Եհովային ապավինելով՝ կկարողանանք դիմանալ վշտին
[նկար 31–րդ էջի վրա]
Սրտաբուխ աղոթքը օգնում է դիմագրավել հավատի փորձություններին