Արժանի են առաջնորդվելու դեպի կյանքի ջրերի աղբյուրները
«Գառը.... կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրերի աղբյուրները» (ՀԱՅՏՆ. 7։17)։
1. Ինչպե՞ս է Աստծու Խոսքը բնորոշում օծյալ քրիստոնյաներին, և ի՞նչ պատասխանատվություն է Հիսուսը տվել նրանց։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՈՒՄ օծյալ քրիստոնյաները, որոնք Քրիստոսի շահերն են առաջ տանում երկրի վրա, բնորոշվում են որպես «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Երբ 1918–ին Քրիստոսը ստուգեց «ծառային», տեսավ, որ օծյալները հավատարմորեն «ճիշտ ժամանակին [հոգևոր] կերակուր են տալիս»։ Ուստի Հիսուսը՝ Տերը, ցանկացավ նշանակել նրանց «իր ողջ ունեցվածքի վրա» (կարդա՛ Մատթեոս 24։45–47)։ Այսպիսով՝ մինչև երկնային ժառանգություն ստանալը օծյալները ծառայում են Եհովայի մյուս երկրպագուներին այստեղ՝ երկրի վրա։
2. Նկարագրիր Հիսուսի ունեցվածքը։
2 Ունեցվածքի տեր մարդը իշխանություն ունի իր ստացվածքի վրա և կարող է օգտագործել այն, ինչպես ինքն է ցանկանում։ Եհովայի կողմից գահակալված Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի ունեցվածքը ներառում է երկրի վրա Թագավորության հետ կապված բոլոր բաները։ Այն ընդգրկում է «մեծ բազմությունը», որին Հովհաննես առաքյալը տեսավ տեսիլքում և այսպես նկարագրեց. «Ահա մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից՝ կանգնած գահի առջև և Գառան առջև՝ սպիտակ պատմուճաններ հագած, և նրանց ձեռքերում՝ արմավենու ճյուղեր» (Հայտն. 7։9)։
3, 4. Ի՞նչ մեծ առանձնաշնորհումներ ունեն մեծ բազմության անդամները։
3 Մեծ բազմության անդամները այն անհատների թվում են, որոնց Հիսուսն անվանեց «ուրիշ ոչխարներ» (Հովհ. 10։16)։ Նրանք հույս ունեն հավիտյան ապրելու երկրային դրախտում։ Նրանք համոզված են, որ Հիսուսն իրենց «կառաջնորդի դեպի կյանքի ջրերի աղբյուրները», և որ «Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»։ Այդ պատճառով էլ ուրիշ ոչխարները «իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով» (Հայտն. 7։14, 17)։ Նրանք հավատ են դրսևորում Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ, ուստի Աստծու աչքում «սպիտակ պատմուճաններ» են հագած։ Նրանք արդար են հայտարարվել՝ որպես Աստծու ընկերներ, ինչպես Աբրահամը։
4 Դեռ ավելին, քանի որ Աստված ուրիշ ոչխարների՝ գնալով աճող մեծ բազմությանը արդար է համարում, նրանք կարող են հույս ունենալ, որ մեծ նեղության ժամանակ կվերապրեն իրերի այս համակարգի կործանումից (Հակ. 2։23–26)։ Նրանք հնարավորություն ունեն Եհովային մոտենալու և որպես խումբ հիանալի հույս ունեն Արմագեդոնից փրկվելու (Հակ. 4։8; Հայտն. 7։15)։ Ուրիշ ոչխարները անկախ չեն, այլ պատրաստակամորեն ծառայում են երկնային Թագավորի ու երկրի վրա գտնվող նրա օծյալ եղբայրների առաջնորդության ներքո։
5. Ինչպե՞ս են մեծ բազմության անդամներն աջակցում Քրիստոսի օծյալ եղբայրներին։
5 Օծյալ քրիստոնյաները բախվել են և դեռ բախվելու են դաժան հակառակության Սատանայի աշխարհի կողմից։ Այդուհանդերձ, նրանք կարող են ապավինել իրենց ընկերակիցների՝ մեծ բազմության աջակցությանը։ Եվ չնայած այսօր օծյալ քրիստոնյաները քիչ են թվով, մեծ բազմության անդամների թիվը ամեն տարի ավելանում է հարյուր հազարներով։ Օծյալները չեն կարող անմիջականորեն վերահսկել ամբողջ աշխարհում 100 000–ի հասնող ժողովները առանձին–առանձին։ Ուստի ուրիշ ոչխարներից աջակցություն ստանալու միջոցներից մեկն այն է, որ մեծ բազմության միջից համապատասխան որակներ ունեցող տղամարդիկ ծառայում են որպես ժողովի երեցներ։ Նրանք հոգ են տանում միլիոնավոր քրիստոնյաների մասին, որոնք այսօր վստահված են «հավատարիմ և իմաստուն ծառային»։
6. Ինչպե՞ս էր մարգարեացվել, որ ուրիշ ոչխարները աջակցելու են օծյալ քրիստոնյաներին։
6 Այն մասին, որ ուրիշ ոչխարները պատրաստակամորեն պետք է աջակցեին օծյալ քրիստոնյաներին, մարգարեացված էր Եսայիա մարգարեի միջոցով։ Նա գրել է. «Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը [«առանց վարձի աշխատողները», ՆԱ] եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիներին վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. նորանք ման են գալու քո ետեւից» (Ես. 45։14)։ Փոխաբերական իմաստով՝ երկրային հույս ունեցող քրիստոնյաները այսօր գնում են ծառա դասակարգի ու նրան ներկայացնող Կառավարիչ մարմնի հետևից և ընդունում են նրանց առաջնորդությունը։ Որպես «առանց վարձի աշխատողներ»՝ ուրիշ ոչխարները պատրաստակամորեն և սրտանց տրամադրում են իրենց ուժն ու միջոցները՝ աջակցելու համաշխարհային քարոզչական գործին, որը Քրիստոսը հանձնարարել է երկրի վրա ապրող իր օծյալ հետևորդներին (Գործ. 1։8; Հայտն. 12։17)։
7. Ինչի՞ համար է կրթվում մեծ բազմությունը։
7 Քանի որ մեծ բազմության անդամները թիկունք են կանգնում իրենց օծյալ եղբայրներին, նրանք կրթվում են, որպեսզի դառնան հիմքը մարդկային այն նոր հասարակության, որը հաստատվելու է Արմագեդոնից հետո։ Այդ հիմքը պետք է լինի ամուր, իսկ նրա անդամները պետք է ցանկանան և կարողանան հետևել Տիրոջ առաջնորդությանը։ Յուրաքանչյուր քրիստոնյայի հնարավորություն է տրվում ցույց տալու, որ Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգտագործել իրեն։ Այսօր հավատ և նվիրվածություն դրսևորելով՝ քրիստոնյաները ցույց են տալիս, որ պատրաստակամորեն կարձագանքեն, երբ նոր աշխարհում Թագավորը հրահանգներ տա իրենց։
Մեծ բազմությունը փաստում է իր հավատը
8, 9. Ինչպե՞ս են մեծ բազմության անդամները դրսևորում իրենց հավատը։
8 Օծյալ քրիստոնյաների ժողովի ընկերակիցները՝ ուրիշ ոչխարները, դրսևորում են իրենց հավատը տարբեր կերպերով։ Նախ՝ նրանք թիկունք են կանգնում օծյալներին Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակելու գործում (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Երկրորդ՝ նրանք պատրաստակամորեն հպատակվում են Կառավարիչ մարմնի տված հրահանգներին (Եբր. 13։17; կարդա՛ Զաքարիա 8։23)։
9 Երրորդ՝ մեծ բազմության անդամները աջակցում են իրենց օծյալ եղբայրներին՝ ապրելով Եհովայի արդար սկզբունքների համաձայն։ Նրանք ձգտում են զարգացնել «սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղ. 5։22, 23)։ Այսօր ավելի շատ ընդունված է ապրել «մարմնի գործերի» համաձայն, քան դրսևորել այդպիսի հատկություններ։ Մինչդեռ մեծ բազմության անդամները վճռել են հեռու մնալ «պոռնկությունից, անմաքրությունից, անառակ վարքից, կռապաշտությունից, ոգեհարցությունից, թշնամություններից, երկպառակություններից, խանդից, զայրույթի պոռթկումներից, վեճերից, բաժանումներից, աղանդավորությունից, նախանձից, հարբեցողություններից, խրախճանքներից և նման բաներից» (Գաղ. 5։19–21)։
10. Ի՞նչ են վճռել մեծ բազմության անդամները։
10 Քանի որ մենք անկատար ենք, կարող է դժվար լինել դրսևորել քրիստոնեական հատկություններ, հեռու մնալ մարմնի գործերից և դիմադրել Սատանայի աշխարհի ճնշմանը։ Այնուամենայնիվ, մենք վճռել ենք թույլ չտալ, որ անձնական տկարությունները, սահմանափակ կարողությունները կամ այն, որ երբեմն մեզ չի հաջողվում ընդօրինակել Հիսուսին, հուսահատության մեջ գցեն մեզ, և դա ազդի մեր հավատի ամրության վրա կամ թուլացնի մեր սերը Եհովայի հանդեպ։ Մենք գիտենք, որ Եհովան կանի այնպես, ինչպես խոստացել է. նա մեծ բազմությանը կփրկի մեծ նեղությունից։
11. Ի՞նչ մեթոդներ է կիրառում Սատանան՝ քրիստոնյաների հավատը թուլացնելու համար։
11 Այնուամենայնիվ, մենք միշտ զգոն վիճակում ենք, քանի որ գիտենք, որ իրականում մեր թշնամին Բանսարկուն է, և նա հեշտությամբ չի նահանջում (կարդա՛ 1 Պետրոս 5։8)։ Նա փորձում է հավատուրացների և այլ անհատների միջոցով համոզել մեզ, որ այն ուսմունքները, որոնց հավատում ենք, կեղծ են։ Սակայն նրա այս մեթոդը սովորաբար ձախողվում է։ Նաև երբեմն հալածանքը դանդաղեցնում է քարոզչական գործը, բայց իրականում այն հաճախ նպաստում է, որ ամրանա հալածվողների հավատը։ Ուստի Սատանան այնպիսի նորանոր մեթոդներ է կիրառում, որոնք, իր կարծիքով, ավելի հավանական են դարձնում այն, որ մեր հավատը կթուլանա։ Նա օգտագործում է հուսահատության զգացումը։ Առաջին դարի քրիստոնյաներին այս հարցի վերաբերյալ հետևյալ զգուշացումը տրվեց. «Խորությամբ մտածեք նրա [Քրիստոսի] մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին, որ մեղավոր էին՝ ի վնաս իրենց»։ Ինչո՞ւ։ «Որպեսզի չհոգնեք և ուժասպառ չլինեք ձեր հոգով» (Եբր. 12։3)։
12. Ինչպե՞ս է Աստվածաշնչի խորհուրդը օգնում նրանց, ովքեր հուսահատված են։
12 Քեզ երբևէ զգացե՞լ ես թևաթափ եղած։ Ժամանակ առ ժամանակ ընկճվո՞ւմ ես։ Եթե այո, ապա թույլ մի՛ տուր, որ Սատանան օգտագործի այդ զգացումները ու քեզ հետ պահի Եհովային ծառայելուց։ Աստվածաշնչի խոր ուսումնասիրությունը, ջերմեռանդ աղոթքները, ժողովի հանդիպումներին կանոնաբար մասնակցելն ու հավատակիցների հետ շփումը կզորացնեն քեզ և կօգնեն, որ «ուժասպառ չլինես քո հոգով»։ Եհովան խոստացել է օգնել իր ծառաներին վերականգնելու իրենց ուժերը, իսկ նրա խոստումը հաստատ է (կարդա՛ Եսայիա 40։30, 31)։ Զբաղված եղիր աստվածապետական գործունեությամբ։ Խուսափիր ժամանակատար զվարճություններից և կենտրոնացիր ուրիշներին օգնելու վրա։ Այդ ժամանակ դու կլինես ամուր և կտոկաս՝ չնայած հուսահատությանը (Գաղ. 6։1, 2)։
Մեծ նեղությունից փրկված և նոր աշխարհ անցած
13. Ի՞նչ գործ պետք է կատարեն նրանք, ովքեր կվերապրեն Արմագեդոնից։
13 Արմագեդոնից հետո հարություն առած բազմաթիվ անարդար մարդկանց հարկավոր կլինի գիտելիքներ տալ Եհովայի ճանապարհների մասին (Գործ. 24։15)։ Այդ մարդիկ պետք է իմանան Հիսուսի քավիչ զոհաբերության մասին և դեռ ավելին, պետք է սովորեն հավատ դրսևորել այդ զոհաբերության հանդեպ, որպեսզի ստանան փրկանքի բերած օգուտները։ Նրանք պիտի մերժեն նախկինում ունեցած կեղծ կրոնական գաղափարները և հրաժարվեն իրենց նախկին ապրելակերպից։ Նաև պետք է սովորեն հագնել նոր անձնավորությունը, որը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին (Եփես. 4։22–24; Կող. 3։9, 10)։ Ուրիշ ոչխարներից նրանք, ովքեր կվերապրեն Արմագեդոնից, շատ գործ կունենան անելու։ Ի՜նչ մեծ ուրախություն կլինի այսպիսի ծառայություն մատուցել Եհովային՝ ազատված լինելով ներկա չար աշխարհի ճնշումներից և անհանգստություններից։
14, 15. Նկարագրիր, թե ինչպիսի հաղորդակցություն կլինի մեծ նեղությունից փրկվածների և հարություն առած արդարների միջև։
14 Եհովայի հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են նախքան Հիսուսի երկրային ծառայությունը, նույնպես շատ բան կունենան սովորելու այդ ժամանակ։ Նրանք կիմանան, թե ով է եղել խոստացյալ Մեսիան, որին այդքան սպասել են, սակայն այդպես էլ չեն տեսել։ Նախքան մահանալը նրանք արդեն ցույց են տվել, որ պատրաստ են կրթվելու Եհովայի կողմից։ Պատկերացրու, թե մեզ համար ի՜նչ ուրախություն և պատիվ կլինի օգնել նրանց։ Օրինակ՝ Դանիելին կարող ենք բացատրել, թե ինչպես են կատարվել այն մարգարեությունները, որոնք նա գրել է, բայց չի հասկացել (Դան. 12։8, 9)։
15 Ինչ խոսք, հարություն առածները շատ բան կունենան մեզնից սովորելու, սակայն մենք նույնպես շատ հարցեր կունենանք նրանց տալու։ Նրանք կարող են մեզ մանրամասներ պատմել Աստվածաշնչում նշված իրադարձությունների մասին, որոնք մենք չգիտենք։ Մի պահ մտածիր, թե որքա՜ն տպավորիչ կլինի Հիսուսի մասին մանրամասնություններ իմանալ նրա զարմիկից՝ Հովհաննես Մկրտչից։ Անկասկած, անմիջապես այդ հավատարիմ վկաներից տեղեկություններ իմանալը մեզ ավելի մեծ հասկացողություն կտա Աստծու Խոսքի մասին, քան ունենք այսօր։ Եհովայի հավատարիմ ծառաները, այդ թվում նաև մեծ բազմության անդամները, ովքեր մահացել են վերջին օրերի ընթացքում, կստանան «ավելի լավ հարություն»։ Նրանք ծառայել են Եհովային այն ժամանակ, երբ աշխարհի վրա իշխել է Սատանան։ Ինչպիսի՜ ուրախությամբ նրանք կշարունակեն իրենց ծառայությունը նոր աշխարհում շատ ավելի բարենպաստ պայմաններում (Եբր. 11։35; 1 Հովհ. 5։19)։
16. Մարգարեության համաձայն՝ ինչպե՞ս է ընթանալու Դատաստանի օրը։
16 Դատաստանի օրվա ընթացքում կլինի մի պահ, երբ գրքեր կբացվեն։ Աստվածաշնչի և այդ գրքերի հիման վրա բոլոր մարդիկ կդատվեն, և կորոշվի, թե արդյոք նրանք արժանի են ապրելու հավիտյան (կարդա՛ Հայտնություն 20։12, 13)։ Դատաստանի օրվա վերջում յուրաքանչյուր անհատի հնարավորություն կընձեռվի ցույց տալու իր դիրքորոշումը տիեզերական գերիշխանության հարցում։ Արդյոք նա կենթարկվի՞ Աստծու Թագավորությանը և թույլ կտա՞, որ Գառը առաջնորդի իրեն դեպի «կյանքի ջրերի աղբյուրները»։ Թե՞ նա կհակառակվի և չի հնազանդվի Աստծու Թագավորությանը (Հայտն. 7։17; Ես. 65։20)։ Այն ժամանակ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ հնարավորություն կունենան անհատապես որոշում կայացնելու՝ առանց ժառանգած մեղքի և չար միջավայրի ազդեցության։ Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Եհովայի վերջնական դատաստանի արդարացի լինելը։ Միայն չարերը կկործանվեն հավիտյան (Հայտն. 20։14, 15)։
17, 18. Ինչպիսի՞ ուրախությամբ և ակնկալիքներով են օծյալ քրիստոնյաները և ուրիշ ոչխարները սպասում Դատաստանի օրվան։
17 Այսօր օծյալ քրիստոնյաները, որոնք արժանի են համարվել ժառանգելու Թագավորությունը, անհամբերությամբ սպասում են այն ժամանակին, երբ կկառավարեն Դատաստանի օրվա ընթացքում։ Ի՜նչ մեծ պատիվ կլինի նրանց համար։ Հենց այդ հեռանկարն է մղում նրանց հետևելու Պետրոսի կողմից առաջին դարի եղբայրներին տրված խորհրդին. «Ձեր լավագույնն արեք, որ հավաստիանաք ձեր կանչվելու և ընտրվելու մեջ, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի։ Քանի որ այդպիսով ձեզ առատապես մուտք կշնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը» (2 Պետ. 1։10, 11)։
18 Ուրիշ ոչխարները ուրախ են իրենց օծյալ եղբայրների համար։ Նրանք վճռել են թիկունք կանգնել նրանց։ Լինելով Աստծու ընկերները՝ նրանք մղվում են անելու իրենց լավագույնը Աստծու ծառայության մեջ։ Դատաստանի օրվա ընթացքում ուրիշ ոչխարները հաճույքով և ամբողջ սրտով կաջակցեն Աստծու ձեռնարկած միջոցառումներին, մինչ Հիսուսը կառաջնորդի նրանց դեպի կյանքի ջրերի աղբյուրները։ Այս ամենից հետո նրանք, ի վերջո, արժանի կհամարվեն լինելու Եհովայի երկրային ծառաները ամբողջ հավիտենության ընթացքում (Հռոմ. 8։20, 21; Հայտն. 21։1–7)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է մտնում Հիսուսի ունեցվածքի մեջ։
• Ինչպե՞ս են մեծ բազմության անդամները աջակցում իրենց օծյալ եղբայրներին։
• Ի՞նչ առանձնաշնորհումներ և հեռանկար ունեն մեծ բազմության անդամները։
• Ինչպե՞ս ես վերաբերվում Դատաստանի օրվան։
[նկար 25–րդ էջի վրա]
Մեծ բազմության անդամները իրենց պատմուճանները լվացել և սպիտակեցրել են Գառան արյունով
[նկար 27–րդ էջի վրա]
Ի՞նչ ես ցանկանում իմանալ հարություն առած հավատարիմ մարդկանցից