Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 3/1 էջ 24–25
  • «Ես երբեք նման սեր չեմ զգացել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ես երբեք նման սեր չեմ զգացել»
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ասա նրանց, որ սիրում ես
    Դեպքեր ծառայությունից
2008 Դիտարան
w08 3/1 էջ 24–25

Նամակ Դոմինիկյան Հանրապետությունից

«Ես երբեք նման սեր չեմ զգացել»

ՆԻՈՒՐԿԱՆ այս շաբաթ առաջին անգամ աստվածաշնչյան թեմայով ելույթ ներկայացրեց մեր ժողովում։ Իր ելույթը պատրաստելիս նա Բրայլի գրատիպով գրի էր առել այն, ինչ պետք է ասեր, այնուհետև մտապահել էր նյութը։ Ես ելույթ էի ունենում նրա հետ և կատարում էի մի մարդու դեր, որն ուզում է իմանալ Աստվածաշնչի ճշմարտությունները։ Քանի որ նա գրեթե չէր լսում, ես խոսում էի նրա ականջակալներին միացված բարձրախոսով։ Երբ ավարտեցինք, ունկնդիրները, ելույթից տպավորված, այնքան բարձր ծափահարեցին, որ նա լսեց ծափահարությունների ձայնը։ Նիուրկայի ժպիտը արտահայտում էր մեծ ուրախություն ու բավարարվածություն։ Ես նույնպես ուրախ էի։ Ի՜նչ մեծ վարձատրություն կա միսիոներական ծառայության մեջ։

Հիշում եմ Նիուրկայի հետ մեր առաջին հանդիպումը։ Դա երկու տարի առաջ էր։ Գյուղի փոշոտ ճանապարհներով կես ժամ մեքենայով անցնելուց հետո առաջին անգամ տեսա նրան։ Նա նստած էր մի համեստ գյուղական տան պատշգամբում։ Տունը կառուցված էր փայտից ու խարամաբետոնե աղյուսներից և թիթեղյա ժանգոտած տանիք ուներ։ Լսվում էին այծերի, ճագարների ու շների ձայները։ Օդում տարածված էր նրանց հոտը։ Նիուրկան գլուխը կախ նստած էր՝ միայնակ և ընկճված։ Նա 34 տարեկան էր, սակայն իր տարիքից շատ ավելի մեծ էր երևում։

Ձեռքս զգուշորեն դրեցի նրա ուսին, և նա գլուխը վեր բարձրացրեց. 11 տարի առաջ նա կորցրել էր իր տեսողությունը։ Նրա ականջին գոռալով՝ ներկայացրեցի ինձ և իմ ծառայակցին։ Ավելի ուշ իմացանք, որ Նիուրկան տառապում է Մարֆանի հիվանդությամբ։ Դա գեներով փոխանցվող հիվանդություն է և մեծ դժվարություններ էր պատճառել նրան։ Նիուրկան նաև տառապում էր շաքարախտով, որի պատճառով նա պետք է մշտապես հետևեր իր արյան մեջ շաքարի մակարդակի անկայուն փոփոխություններին։

Երբ Աստվածաշունչը դրեցի նրա ձեռքերի մեջ, նա հասկացավ, թե ինչ գիրք է դա, և ասաց, որ նախքան իր տեսողությունը կորցնելը մեծ հաճույքով է ընթերցել Գրությունները։ Սակայն ինչպե՞ս պետք է Աստծու Խոսքի թարմացնող ճշմարտությունները սովորեցնեի այս միայնակ, խոնարհ ու փխրուն անձնավորությանը։ Քանի որ նա գիտեր այբուբենը, սկսեցի նրան սովորեցնել՝ նրա ձեռքերի մեջ դնելով պլաստմասսայե տառեր։ Շուտով Նիուրկան սկսեց ճանաչել տառերը։ Հետո շոշափելով իմ ձեռքերը՝ նա հասկանում էր, թե ինչ ժեստեր եմ անում, և այդպիսով սովորեց յուրաքանչյուր տառ համապատասխանեցնել ամերիկյան ժեստերի լեզվի տառերին։ Աստիճանաբար նա ուրիշ ժեստեր էլ սովորեց։ Քանի որ ես ինքս նոր էի սկսել սովորել ժեստերի լեզուն, ամեն ուսումնասիրության պատրաստվելը ժամեր էր պահանջում։ Սակայն երկուսս էլ սովորելու մեծ ցանկություն ունեինք, ուստի արագ առաջադիմեցինք։

Նիուրկան շատ արագ առաջադիմություններ կատարեց, երբ բարեգործական մի կազմակերպություն նրան լսողական ապարատներ նվիրեց։ Չնայած դրանք ժամանակակից ապարատներ չէին, բայց մեծապես օգնեցին նրան։ Ավելի քան տասը տարի ապրելով առանց տեսողության և գրեթե կատարյալ լռության մեջ՝ նա մեկուսացել էր։ Սակայն Եհովայի ոգին արթնացրեց թե՛ նրա միտքը, թե՛ սիրտը՝ գիտություն, սեր և հույս տալով նրան։ Շուտով ձեռնափայտի օգնությամբ Նիուրկան քայլում էր իր շրջակայքում՝ մարդկանց պատմելով աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։

Նիուրկան Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում իր մորաքրոջ հետ, նաև մորաքրոջ աղջկա և հարսի հետ։ Նա նախապես լավ պատրաստվում է՝ մտապահելով յուրաքանչյուր դաս։ Ուսումնասիրողները կարդում են պարբերությունը, իսկ Նիուրկան կարդում է հարցը իր գրքից՝ գրված Բրայլի գրատիպով։ Նրա ծառայակիցը պատասխանները փոխանցում է նրան՝ բարձրաձայն կրկնելով դրանք նրա ականջին կամ շոշափողական ժեստերի միջոցով։

Ժողովի բոլոր անդամները օգնում են ու քաջալերում Նիուրկային։ Եղբայրներից մի քանիսը օգնում են նրան գալ ժողովի հանդիպումներին և համաժողովների։ Մյուսները օգնում են նրան ծառայության մեջ։ Վերջերս Նիուրկան ասաց ինձ. «Ես երբեք նման սեր չեմ զգացել»։ Նա պատրաստվում է հաջորդ մարզային համաժողովին մկրտվել։

Երբ անցնում ենք Նիուրկայի տան մոտով, տեսնում ենք նրան արևի տակ պատշգամբում նստած՝ գլուխը վեր և ժպիտը դեմքին։ Մի անգամ հարցրի նրան, թե ինչու է ժպտում։ Նա պատասխանեց. «Մտածում էի ապագայի մասին, երբ երկիրը դրախտ կլինի։ Եվ պատկերացնում էի, որ ես արդեն այնտեղ եմ»։

[նկար 25–րդ էջի վրա]

Նիուրկան ժողովի անդամներից մի քանիսի հետ՝ Թագավորության սրահի առջև

[նկար 25–րդ էջի վրա]

Նիուրկան իր սովորած բաների մասին պատմում է ուրիշներին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը