Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/1 էջ 18–23
  • Նոր Կտակարանը և Եհովա անունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոր Կտակարանը և Եհովա անունը
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թարգմանչական խնդիր
  • Ինչպե՞ս են թարգմանիչները լուծել այս հարցը
  • Երկու համոզիչ պատճառներ
  • Կանչել «Եհովայի անունը»
  • Ա5 Աստծու անունը՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Ինչո՞ւ է դժվար իմանալ Աստծու անունը
    2010 Դիտարան
  • Հռովմայեցիս 10:13. «Ով որ Տիրոջ անունը կանչէ կապրի»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ա4 Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ավելին
2008 Դիտարան
w08 8/1 էջ 18–23

Նոր Կտակարանը և Եհովա անունը

ԱՐԴՅՈՔ կարևո՞ր է, որ Աստծու անունը գրվի Աստվածաշնչում։ Ակնհայտ է, որ դա Աստծու կամքն է, քանի որ Եբրայերեն Գրությունների՝ Հին Կտակարանի բնագրում այդ անունը գրված է եղել մոտ 7000 անգամ եբրայերեն չորս տառերով, որ սովորաբար կոչվում է քառագիրa։

Աստվածաշնչագետները ընդունում են, որ Աստծու անձնական անունը գրված է Հին Կտակարանում։ Սակայն շատերը կարծում են, որ այն չի գրվել Նոր Կտակարանի հունարեն բնագիր ձեռագրերում։

Իսկ ի՞նչ են արել Նոր Կտակարանի գրողները, երբ մեջբերել են Հին Կտակարանից, որտեղ գրված է եղել Աստծու անունը։ Թարգմանիչների մեծամասնությունը Աստծու անձնական անվան փոխարեն օգտագործել է «Տեր» բառը։ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» չի հետևել այս սովորությանը և Նոր Կտակարանում 237 անգամ օգտագործել է Եհովայի անունը։

Ի՞նչ խնդիրների են բախվում թարգմանիչները, երբ պետք է որոշեն՝ օգտագործել Աստծու անունը Նոր Կտակարանում, թե՝ ոչ։ Սուրբ Գրությունների այս հատվածում Աստծու անունն օգտագործելու ի՞նչ հիմքեր կան։ Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն, որ Աստվածաշնչում գործածված է Աստծու անունը։

Աստծու անունը Աստվածաշնչի բնագիր տեքստում

Թարգմանչական խնդիր

Նոր Կտակարանի ձեռագրերը, որոնք առկա են այսօր, բնագիր ձեռագրերը չեն։ Մատթեոսի, Հովհաննեսի, Պողոսի և ուրիշների կողմից գրված բնագիր ձեռագրերը շատ են օգտագործվել և անկասկած արագ մաշվել են։ Ուստի կրկնօրինակներ են պատրաստվել, և երբ դրանք էլ են մաշվել, ուրիշ կրկնօրինակներ են արվել։ Այսօր առկա Նոր Կտակարանի հազարավոր կրկնօրինակները պատրաստվել են բնագրերը գրվելուց առնվազն երկու դար հետո։ Ըստ երևույթին, այդ ժամանակ նրանք, ովքեր արտագրում էին ձեռագրերը, քառագիրը փոխարինել են հունարեն Kuʹri·os կամ Kyʹri·os (Կո՛ւրիոս կամ Կի՛րիոս՝ «Տեր») բառերով կամ արտագրել են այնպիսի ձեռագրերից, որտեղ արդեն այդպես է գրված եղելb։

Սա իմանալով՝ թարգմանիչը պետք է մտածի, թե արդյոք հիմնավոր պատճառներ եղել են, որ բնագիր Հունարեն ձեռագրերում գրվել է քառագիրը։ Իսկ կա՞ն արդյոք փաստեր։ Քննենք հետևյալը։

  • Երբ Հիսուսը մեջբերում կամ կարդում էր Հին Կտակարանից, նա օգտագործում էր Աստծու անունը (Բ Օրինաց 6։13, 16; 8։3; Սաղմոս 110։1; Եսայիա 61։1, 2; Մատթեոս 4։4, 7, 10; 22։44; Ղուկաս 4։16–21)։ Ինչպես այսօր, այնպես էլ Հիսուսի և իր աշակերտների օրերում քառագիրը գրված էր Հին Կտակարանի եբրայերեն կրկնօրինակների տեքստում։ Այնուամենայնիվ, դարեր շարունակ աստվածաշնչագետները մտածել են, որ քառագիրը ինչպես Հին Կտակարանի հունարեն «Յոթանասնից» թարգմանության ձեռագրում, այնպես էլ Նոր Կտակարանի ձեռագրերում չի եղել։ Հետագայում երբ 20–րդ դարի կեսերին հայտնաբերվեցին հունարեն «Յոթանասնից» թարգմանության որոշ պատառիկ ձեռագրեր, որոնք գոյություն են ունեցել Հիսուսի օրերում, աստվածաշնչագետների ուշադրությունը գրավեց յուրօրինակ մի բան. այս պատառիկ ձեռագրերում եբրայերեն տառերով գրված էր Աստծու անունը։

  • Հիսուսը օգտագործեց Աստծու անունը և հայտնի դարձրեց այն ուրիշներին (Հովհաննես 17։6, 11, 12, 26)։ Նա հստակ ասաց. «Ես եկա իմ Հոր անունով»։ Նաև ասաց, որ ամեն բան անում է «[իր] Հոր անունով»։ Հետաքրքիր է, որ Հիսուսի անունը նշանակում է «Եհովան է փրկությունը» (Հովհաննես 5։43; 10։25)։

  • Հունարեն Գրություններում Աստծու անունը օգտագործվում է կրճատ ձևով։ Հայտնություն 19։1, 3, 4, 6 (ԱԹ) համարներում Աստծու անունը հանդիպում է «ալելուիա» բառի մեջ։ Այս արտահայտությունը բառացի նշանակում է «գովաբանե՛ք Յահին, ով դուք մարդիկ»։ Յահը Եհովա անվան կրճատ ձևն է։

  • Վաղ հրեական գրությունները ցույց են տալիս, որ հրեա քրիստոնյաները օգտագործել են Աստծու անունը իրենց գրվածքներում։ «Տոսեֆթա»–ն, որը բանավոր օրենքների գրավոր հավաքածու է, և ամբողջացվել է մոտավորապես մ.թ. 300 թ.–ին շաբաթ օրը այրված քրիստոնեական գրությունների վերաբերյալ նշում է հետևյալը. «Ավետարանիչների և մինիմների [հավանաբար հրեա քրիստոնյաների] գրքերը չեն պահպանվել կրակից։ Ինչ–որ մարդիկ դրանք չեն փրկել կրակից.... այրվել են գրքերը և դրանց մեջ եղած Աստծու անվան հիշատակումները»։ Այս նույն աղբյուրը մեջբերում է գալիլեացի ռաբբի Յոսեն, որն ապրել է մ.թ. 2–րդ դարի սկզբին։ Նա ասել է, որ շաբաթվա մյուս օրերին «ինչ–որ մեկը այդ գրքերում եղած [Քրիստոնեական Գրություններում] Աստծու անվան հիշատակումները կտրել է և պահել, իսկ մնացածը այրել է»։ Այսպիսով՝ մ.թ. 2–րդ դարում ապրող հրեաները հիմքեր ունեին հավատալու, որ քրիստոնյաները օգտագործել են Եհովայի անունը իրենց գրություններում։

Աստծու անունը Աստվածաշնչի բնագիր տեքստում

Ինչպե՞ս են թարգմանիչները լուծել այս հարցը

Արդյո՞ք «Նոր աշխարհ թարգմանությունը» միակ Աստվածաշունչն է, որ վերականգնել է Աստծու անունը Հունարեն Գրությունները թարգմանելիս։ Ո՛չ։ Հիմնվելով վերը նշված փաստերի վրա՝ Աստվածաշնչի շատ թարգմանիչներ եկել են այն եզրակացության, որ Աստծու անունը պետք է վերականգնել Նոր Կտակարանը թարգմանելիս։

Օրինակ՝ Նոր Կտակարանի աֆրիկյան, ամերիկյան, ասիական և Խաղաղ օվկիանոսի լեզուներով թարգմանված տարբերակներում շատ է օգտագործվում Աստծու անունը (տե՛ս աղյուսակը, էջ 21)։ Այս թարգմանություններից մի քանիսը վերջերս են լույս տեսել, օրինակ՝ Ռոթման Աստվածաշունչը (1999 թ.), որը օգտագործում է Ջիհովա անունը 51 անգամ Նոր Կտակարանի 48 համարներում, և Բատակ–Տոբա տարբերակը (1989 թ., Ինդոնեզիա), որի միայն Նոր Կտակարանում 110 անգամ օգտագործվում է Յահովա անունը։ Աստծու անունը հանդիպում է նաև ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն թարգմանություններում։ Օրինակ՝ 20–րդ դարի սկզբին Պաբլո Բեսոնը Նոր Կտակարանը թարգմանեց իսպաներեն։ Նրա թարգմանության մեջ Եհովայի անունը օգտագործվում է Հուդա 14–րդ համարում և մոտ 100 ծանոթագրություններում նշվում է, որ դրանցում հավանաբար պետք է գրվի Աստծու անունը։

Ստորև բերված են Նոր Կտակարանի անգլերեն թարգմանության մի քանի օրինակներ, որտեղ օգտագործվել է Աստծու անունը՝

  • Նոր Կտակարանի բառացի թարգմանություն... Վատիկանյան ձեռագրից, Հերման Հայնֆեթեր (1863 թ.)

  • «Էմֆաթիք դայագլոթ», Բենյամին Ուիլսոն (1864 թ.)

  • Պողոսի նամակները արդի անգլերենով, Ջորջ Բարկր Ստիվենս (1898 թ.)

  • Սուրբ Պողոսի նամակը՝ հռոմեացիներին, Ուիլյամ Ռադերֆորդ (1900 թ.)

  • Քրիստոնյայի Աստվածաշունչ, Նոր Կտակարան, Ջորջ Լե Ֆեյվր (1928 թ.)

  • Նոր Կտակարանի նամակներ, Ուիլյամ Ուոնդ, Լոնդոնի եպիսկոպոս (1946 թ.)

2004 թ.–ին հրատարակված հայտնի մի թարգմանության («New Living Translation») նախաբանում՝ «Աստծու անվան փոխանցումը» ենթավերնագրի տակ, հետևյալ մեկնաբանությունն էր տրված. «Սովորաբար քառագիրը (ՅՀՎՀ) մենք հետևողականորեն թարգմանել ենք որպես «ՏԵՐ»՝ մեծատառերով։ Սա ընդունված է անգլերեն թարգմանությունների մեջ։ Այդպիսով կզանազանվի Ադոնայ անունից, որը մենք թարգմանել ենք «Տեր»» («New Living Translation»)։ Իսկ Նոր Կտակարանի մասին մեկնաբանելիս ասում է. «Հունարեն «kurios» («կուրիոս») բառը հետևողականորեն թարգմանվել է «Տեր»։ Բայց երբ Նոր Կտակարանը ակնհայտորեն մեջբերում է արել Հին Կտակարանից, այս բառը թարգմանվել է «ՏԵՐ»՝ մեծատառերով» (ընդգծումները մերն են)։ Հետևաբար այս Աստվածաշնչի թարգմանիչները ընդունում են, որ քառագիրը (ՅՀՎՀ) Նոր Կտակարանի այս մեջբերումներում պետք է գրվի «ՏԵՐ»՝ մեծատառերով։

Հետաքրքրիր է, որ մի գիրք «Քառագիրը Նոր Կտակարանում» ենթավերնագրի տակ մեկնաբանում է այսպես. «Որոշ փաստեր կան, որ քառագիրը՝ Աստծու անունը՝ Եհովա, հանդիպում է Հ[ին] Կ[տակարանի] որոշ կամ բոլոր համարներում, որոնք մեջբերվել են Ն[որ] Կ[տակարանում], երբ այն առաջին անգամ գրվել է»։ Աստվածաշնչագետ Ջորջ Հովարդն ասում է. «Քանի որ քառագիրը դեռևս գրված էր Հունարեն Աստվածաշնչի [«Յոթանասնից»] կրկնօրինակներում, որը օգտագործվում էր վաղ եկեղեցու կողմից, տրամաբանական է, որ Ն[որ] Կ[տակարանի] գրողները Գրություններից մեջբերում անելիս աստվածաշնչային տեքստում պահել են քառագիրը»։

Երկու համոզիչ պատճառներ

Ուստի պարզ է, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» առաջին Աստվածաշունչը չէ, որ պահել է Աստծու անունը Նոր Կտակարանում։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն ուշադրությամբ վերլուծել է գործին առնչվող բոլոր ապացույցները, ինչպես որ դատավորը ուշադրությամբ կքններ ականատես վկաներ չունեցող դատական գործի ապացույցները։ Հիմնվելով փաստերի վրա՝ կոմիտեն որոշել է գրել Եհովայի անունը Քրիստոնեական Հունարեն Գրությունների այս թարգմանության մեջ։ Նկատի առնենք երկու համոզիչ փաստ, թե ինչու են նրանք այդպես վարվել։

1) Թարգմանիչները մտածել են՝ եթե Քրիստոնեական Հունարեն Գրությունները Եբրայերեն Գրությունների ներշնչված լրացումն են, ուստի տեքստից Եհովայի անվան անսպասելի անհետացումը անտրամաբանական է և հակասական։

Ինչո՞ւ է խելամիտ նման եզրակացությունը։ Մ.թ. առաջին դարի կեսերին Հակոբոս աշակերտը Երուսաղեմի երեցներին ասաց. «Շմավոնը մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործեր 15։14)։ Տրամաբանակա՞ն է արդյոք, որ Հակոբոսը այսպիսի բան կասեր, եթե առաջին դարում ոչ ոք չիմանար կամ չօգտագործեր Աստծու անունը։

2) Երբ «Յոթանասնից»–ի կրկնօրինակները հայտնաբերվեցին, որտեղ կի՛րիոս («Տեր») բառի փոխարեն օգտագործվում էր Աստծու անունը, թարգմանիչների համար պարզ դարձավ, որ Հիսուսի օրերում գոյություն ունեցող ավելի վաղ շրջանի թե՛ հունարեն, թե՛ եբրայերեն լեզուներով կրկնօրինակներում իսկապես գրվել է Աստծու անունը։

Ակներևաբար, Հունարեն ձեռագրերից Աստծու անունը վերացնելու աստվածանարգ սովորությունը առաջ է եկել հետագայում։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ արդյոք Հիսուսը և նրա առաքյալները կքաջալերեի՞ն մարդկանց հետևել այսպիսի սովորության (Մատթեոս 15։6–9)։

Կանչել «Եհովայի անունը»

Իրականում Սուրբ Գիրքն անհերքելի վկայություն է պարունակում, որ վաղ քրիստոնյաները օգտագործել են Եհովայի անունը իրենց գրություններում, հատկապես երբ նրանք մեջբերում են արել Հին Կտակարանից, որտեղ գրված է այդ անունը։ Անկասկած, «Նոր աշխարհ թարգմանությունը» հիմնավոր պատճառներ ունի Քրիստոնեական Հունարեն Գրություններում Աստծու՝ Եհովա անունը վերականգնելու համար։

Ի՞նչ ազդեցություն պետք է թողնի այս ամենը ձեզ վրա։ Եբրայերեն Գրություններից մեջբերում անելով՝ Պողոս առաքյալը Հռոմի քրիստոնյաներին հիշեցնում է հետևյալը. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի»։ Այնուհետև նա ասում է. «Ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատացել։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել» (Հռոմեացիներ 10։13, 14; Յովէլ 2։32)։ Աստվածաշնչի այն թարգմանությունները, որտեղ օգտագործվել է Աստծու անունը, կարող են օգնել ձեզ մոտենալու Աստծուն (Հակոբոս 4։8)։ Ինչ խոսք, մեզ համար մեծ պատիվ է իմանալ և կանչել Աստծու անձնական անունը՝ Եհովա։

Թարգմանիչ, որը հարգանք դրսեվորեց Աստծու անվան հանդեպ

Հիրամ Բինգհամ II

Հիրամ Բինգհամ II

1857 թ. նոյեմբերին Հիրամ Բինգհամ II–ը՝ 26–ամյա մի միսիոներ, իր կնոջ հետ մեկնեց Գիլբերտի կղզիներ (այժմ՝ Կիրիբատի)։ Այն միսիոներական նավը, որով նրանք ճանապարհորդեցին, հովանավորվում էր ամերիկյան կիրակնօրյա դպրոցի երեխաների փոքր նվիրաբերություններով։ Հովանավորները այն կոչել էին «Առավոտյան աստղ»՝ այդպիսով ցույց տալով իրենց հավատը գալիք Հազարամյակի հանդեպ։

«Բինգհամը վատառողջ էր,— նշում է Բարի Մաքդոնալդը իր գրքում։— Նա ուներ աղիքային և կոկորդի քրոնիկ հիվանդություններ։ Այդ պատճառով չէր կարողանում հանրության առջև խոսել։ Նրա տեսողությունը այնքան թույլ էր, որ օրվա մեջ կարողանում էր միայն երկու կամ երեք ժամ ընթերցել» (Cinderellas of the Empire)։

Սակայն Բինգհամը վճռել էր սովորել գիլբերտերեն, իսկ դա հեշտ չէր։ Սկզբում գիլբերտերենով խոսող մարդկանց նա ցույց էր տալիս առարկաներ և հարցնում էր դրանց անունները։ Երբ նա կազմեց մոտավորապես երկու հազար բառերի ցուցակ, հավատափոխներից մեկին վճարեց մեկ դոլար՝ ամեն անգամ հարյուր նոր բառ ցուցակին ավելացնելու համար։

Բինգհամի Աստվածաշունչը գիլբերտերենով

Բինգհամի Աստվածաշունչը գիլբերտերենով

Բինգհամի հաստատակամությունը վարձատրվեց։ Երբ իր վատառողջության պատճառով 1865–ին պետք է հեռանար Գիլբերտի կղզիներից, նա ոչ միայն ստեղծել էր գիլբերտերենի գրելաձևը, այլ նաև թարգմանել էր Մատթեոսի և Հովհաննեսի Ավետարանները։ 1873–ին կղզիներ վերադառնալով՝ նա իր հետ բերեց Նոր Կտակարանի թարգմանությունը գիլբերտերենով։ Հաջորդ 17 տարիների ընթացքում Բինգհամը շարունակեց իր թարգմանչական գործը և 1890–ին ավարտին հասցրեց ամբողջ Աստվածաշնչի թարգմանությունը գիլբերտերենով։

Բինգհամի Աստվածաշնչի թարգմանությունը մինչև օրս օգտագործվում է Կիրիբատիում։ Ընթերցողները կնկատեն, որ նա Հին Կտակարանում Եհովայի անունը օգտագործել է հազարավոր անգամներ, իսկ Նոր Կտակարանում՝ ավելի քան հիսուն անգամ։ Իրոք, Հիրամ Բինգհամը այնպիսի թարգմանիչ էր, որը հարգանք դրսևորեց Աստծու անվան հանդեպ։

99 ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ. ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԳՐՎԵԼ Է ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ

ՉԵՀՈՎԱ չոքթո

ՅԱՀՎԵ պորտուգալերեն

ԵՀՈՈՒԱ մեր

ԵՀՈՎԱ գիլբերտերեն, հավայական լեզու, հիրի մոտու, կերեվո, կիվայ, մարգկուեսաս, մոտու պանաետի (միսիմա), ռարոտոնգա, սանտո (Հագ Հարբոր), թաիթերեն, թոարիփի

ԵՀՈՎԱՆ սայբայ

ԵՈՎԱ կուանուա, վեդաու

ԻՀՈՎԱ անետյում

ԻՀՎՀ ֆրանսերեն

ԻՕՎԱ մալեկուլա (կուլիվիու), մալեկուլա (փանգկումու), մալեկուլա (ուրիպիվ)

ՅԱՀՈՎԱ բատակ (տոբա)

ՅԱՀՈՒԵ չակոբո

ՅԱԿՎԵ (կի) սուկում

ՅԱՀՎԵ հունգարերեն

ՋԵՀՈԲԱ կիպսիգիս, մենտավայ

ՋԵՀՈՖԱ թսվանա

ԵՀՈՎԱ խորվաթերեն, գերմաներեն, (գաբոն), լելե (Մանուս կղզի), նանդի, նաուրու, նուկուորո

ԵՀՈՎԱ իսպաներեն

ՋԵՀՈՎԱ ֆանգ, թսիմիհետի

ՋԵՀՈՎԱՀ հոլանդերեն, էֆիկ, անգլերեն, քալենջին, մալգաշերեն, նարրինյերի, օջիբվա

ՋԵՈՎԱ կուսայիեն (կոսրայեն)

ՋԻՀՈՎԱ նագա (անգամի), նագա (կոնյակ), նագա (լոտե), նագա (մաո), նագա (նթենյեի), նագա (սանգտամ), ռոթման

ՋԵՀՈՎԱ մորթլոկ

ՋԻՈՎԱ ֆիջի

ՋՎԵՅՎԱ գու (ալադա)

ՍԻՀՈՎԱ թոնգա

ՅՈՒՅԵՀՈՎԱ զուլու

ՅԱՀՈՎԱ թաի

ՅԱՀՎԵ իլա

ՅԱՎԵ կոնգո

ՅԱՈՒՎԵ բոբանգի, բոլիա, դլուո, լինգալա, մոնգո (լոլո), (լո) նգանդու, (լո) նտումբա, (քե) սենգելե

ԵՀՈԱ ավաբակալ

ԵՀՈՖԱ հարավային սոտո

ԵՀՈՎԱ չոկվե, չուանա (թլափի), (քի) քալանգա, լոգո, լուբա, լուգբարա, (չի) լուիմբի, (չի) լունդա (նդեմբու), (չի) լուվալե, սանտո (Հոգ Հարբոր), տիվ, ումբունդու, (իսի) կոսա

ԵՀՈՎԱՀ բուբի, մոհավկ, նգունա (էֆատե), նգունա (թոնգա)

ԵՀՈՎԱ գա, լաոթյան, (քի) սոնգե, չիլուբա

ԵԿՈՎԱ զանդե

ԵՈԲԱ կուբա (ինկոնգո)

ՅԵՈՀՈՎԱ կորեերեն

ՅՀՎՀ եբրայերեն

ՅԱՎՈ լամվե

ԶԱՀՈՎԱ չին (հակա–լայ)

a Քառագիրը եբրայերեն այն չորս տառերն են, որոնք ներկայացնում են Աստծու անունը (ՅՀՎՀ)։ Այն սովորաբար հայերեն լեզվով թարգմանվում է Եհովա։

b Այս մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Աստծու անունը հավիտյան կմնա» գրքույկը, էջ 23–27 (ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը