Ինչ ենք սովորում Հիսուսից
Հույս մահացածների համար
Հիսուսը հարություն է տվել ամենաքիչը երեք հոգու՝ այդպիսով ցույց տալով, որ հարության հույս կա մահացածների համար (Ղուկաս 7։11–17; 8։49–56; Հովհաննես 11։1–45)։ Սակայն որպեսզի իմանանք, թե ինչ հույս է դա, նախ պետք է հասկանանք, թե ինչու են մարդիկ մահանում, և որտեղից առաջ եկավ մահը։
Ինչո՞ւ ենք հիվանդանում և մահանում
Երբ Հիսուսը ներում էր մարդկանց մեղքերը, նրանք բուժվում էին։ Օրինակ՝ երբ մի անդամալույծ մարդու բերեցին Հիսուսի մոտ, նա ասաց. «Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ «քո մեղքերը ներվա՛ծ են», թե՞ ասել՝ «վե՛ր կաց և քայլի՛ր»։ Սակայն որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու,— դիմելով անդամալույծին՝ ասաց,— վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և տո՛ւնդ գնա» (Մատթեոս 9։2–6)։ Հետևաբար հիվանդության և մահվան պատճառը մեղքն է։ Մենք մեղքը ժառանգել ենք առաջին մարդուց՝ Ադամից (Ղուկաս 3։38; Հռոմեացիներ 5։12)։
Ինչո՞ւ Հիսուսը մահացավ
Հիսուսը երբեք մեղք չի գործել։ Ուստի նա արժանի չէր մահվան։ Իրականում, իր կյանքը տալով՝ նա վճարեց մարդկության մեղքերի դիմաց։ Աստծու Որդին ասաց, որ իր արյունը «թափվելու է շատերի համար՝ նրանց մեղքերի ներման համար» (Մատթեոս 26։28)։
Բացի այդ, Հիսուսն ասաց. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Մեր մեղքերի դիմաց վճարվելիք գինը նա անվանեց «փրկանք», քանի որ դրա միջոցով մենք ազատվելու ենք մահից։ Նա նաև ասաց. «Ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան, և այն առատությամբ ունենան» (Հովհաննես 10։10)։ Որպեսզի լիովին հասկանանք, թե ինչ հույս կա մահացածների համար, պետք է իմանանք, թե ինչ վիճակում են նրանք։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է
Հիսուսի ընկեր Ղազարոսը մահացել էր։ Այդ առնչությամբ նա իր աշակերտներին բացատրեց, թե ինչ է տեղի ունենում մահից հետո՝ ասելով. «Մեր ընկեր Ղազարոսը ննջեց, բայց ես գնում եմ [Բեթանիա], որ նրան քնից արթնացնեմ.... նրանք կարծում էին, թե նա խոսում է քնով ննջելու մասին։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Ղազարոսը մահացավ»»։ Այս խոսքերից հասկանում ենք, որ մահացածները քնած են, անգիտակից վիճակում են (Հովհաննես 11։1–14)։
Հիսուսը Ղազարոսին հարություն տվեց, երբ արդեն չորս օր էր, ինչ նա մահացած էր։ Հետաքրքիր է՝ Աստվածաշնչում չի նշվում, որ Ղազարոսը որևէ բան է պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Այդ ժամանակ նա եղել է անգիտակից վիճակում և ոչ մի բան չի իմացել (Ժողովող 9։5, 10; Հովհաննես 11։17–44)։
Ի՞նչ հույս կա մահացածների համար
Մահացածները կյանքի կվերադառնան հավիտյան ապրելու հեռանկարով։ Այդ մասին կարդում ենք. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։
Վստահ կարող ենք ասել, որ հարության հույսը Աստծու սիրո դրսևորումն է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16; Հայտնություն 21։4, 5)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6–րդ գլուխըa։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։