Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/15 էջ 3–7
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սատանան փորձում է Հոբին
  • Հոբը՝ ճնշման ներքո
  • Որքա՞ն խորն է մեր սերը Եհովայի հանդեպ
  • Սատանան ամբարտավան հակառակորդ է և հավատուրաց
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
  • «Չե՛մ թողնի անարատությունս»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
    2006 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Հույսդ Եհովայի վրա դիր»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 4/15 էջ 3–7

Հոբը բարձր պահեց Եհովայի անունը

«Տիրոջ անունը օրհնեալ լինի» (ՅՈԲ 1։21)։

1. Հավանաբար ո՞վ է գրել «Հոբ» գիրքը և ե՞րբ։

ՄՈՎՍԵՍԸ մոտ 40 տարեկան էր, երբ փախավ փարավոնի սաստիկ զայրույթից։ Նա բնակություն հաստատեց Մադիամ երկրում (Գործ. 7։23)։ Հարևան Հուս երկրում ապրում էր Հոբը։ Մադիամում եղած տարիներին Մովսեսը, ըստ ամենայնի, տեղեկացավ Հոբի փորձություններից։ Անցան տարիներ։ Իսրայելացիների անապատային դեգերումները մոտենում էին ավարտին։ Մովսեսը Իսրայել ազգի հետ գտնվում էր Հուս երկրի մոտ։ Նա այդ ժամանակ, հավանաբար, իմացավ Հոբի կյանքի վերջին տարիների մասին։ Ըստ հրեական ավանդության՝ Մովսեսը «Յոբ» գիրքը գրել է նրա մահից որոշ ժամանակ անց։

2. «Յոբ» գիրքն ինչո՞վ է քաջալերական Աստծու ժամանակակից ծառաների համար։

2 «Յոբ» գիրքը ամրացնում է մեր՝ Աստծու ժամանակակից ծառաներիս հավատը։ Ինչպե՞ս։ Այն մեզ օգնում է հասկանալու, որ երկնքում նշանակալից դեպքեր են տեղի ունեցել, և ընդգծում է անչափ կարևոր մի հարց՝ Աստծու գերիշխանության հարցը։ «Յոբ» գրքի շնորհիվ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում լինել անարատ, և թե ինչու է Եհովան երբեմն թույլ տալիս, որ իր ծառաները չարչարանքներ կրեն։ Այն նաև ցույց է տալիս, որ Սատանան Եհովայի գլխավոր Հակառակորդն է և մարդկանց թշնամին, որ անկատար մարդիկ Հոբի պես կարող են հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած ծանր փորձություններին։ Քննենք այս գրքում նկարագրված մի քանի իրադարձություններ և դեպքեր։

Սատանան փորձում է Հոբին

3. Ի՞նչ գիտենք Հոբի մասին, և ինչո՞ւ նա Սատանայի թիրախ դարձավ։

3 Հոբը հարուստ, ազդեցիկ և բարձր բարոյականության տեր մարդ էր։ Ակներևաբար, նա վայելում էր մարդկանց հարգանքը։ Նրանից խորհուրդ էին հարցնում։ Հոբը օգնում էր կարիքավորներին։ Իսկ որ ամենակարևորն է, աստվածավախ էր։ Աստվածաշնչում ասվում է, որ Հոբը «կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից»։ Նա Բանսարկու Սատանայի թիրախ դարձավ ոչ թե այն պատճառով, որ հարուստ էր և ազդեցիկ, այլ որ նվիրված էր Աստծուն (Յոբ 1։1; 29։7–16; 31։1)։

4. Ի՞նչ է անարատությունը։

4 «Յոբ» գրքի սկզբում ասվում է, որ հրեշտակները եկան ու կանգնեցին Եհովայի առաջ։ Սատանան էլ էր նրանց մեջ։ Նա չարախոսեց Հոբին (կարդա՛ Յոբ 1։6–11)։ Ճիշտ է, Սատանան հիշատակեց Հոբի ունեցվածքը, բայց նրա նպատակը այդ մարդու անարատությունը կասկածի տակ դնելն էր։ «Անարատություն» թարգմանված բառը ներառում է «ուղղամիտ», «անբասիր», «արդար» և «անթերի» իմաստները։ Աստվածաշնչում այս բառը մատնանշում է մարդու՝ ամբողջ սրտով Եհովային նվիրված լինելը։

5. Ի՞նչ պնդեց Սատանան Հոբի առնչությամբ։

5 Սատանան պնդեց, որ Հոբը Աստծուն երկրպագում է եսասիրությունից մղված և իրականում անարատ չէ։ Բանսարկուն ասաց, որ Հոբը նվիրված կմնա Աստծուն միայն այն դեպքում, եթե Նա շարունակի պարգևատրել և պաշտպանել նրան։ Սատանային պատասխանելու նպատակով Եհովան նրան թույլ տվեց փորձել իր ծառայի անարատությունը։ Հոբին տեղեկացրին, որ նրա անասունների մի մասը գողացել են, մյուս մասը ոչնչացել է, ծառաները սպանվել են, իսկ տասը երեխաները՝ մահացել։ Եվ այս ամենը՝ ընդամենը մեկ օրում (Յոբ 1։13–19)։ Կարողացա՞վ Սատանան ծնկի բերել Հոբին։ Աստվածաշունչն ասում է, թե ինչպես Հոբը արձագանքեց իր դժբախտությանը. «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ։ Տիրոջ անունը օրհնեալ լինի» (Յոբ 1։21)։

6. ա) Երկնքում տեղի ունեցած մեկ ուրիշ հավաքույթի ժամանակ ի՞նչ եղավ։ բ) Սատանան ո՞ւմ նկատի ուներ, երբ կասկածի ենթարկեց Հոբի անարատությունը։

6 Հետագայում մեկ ուրիշ հավաքույթ եղավ երկնքում։ Սատանան այս անգամ էլ զրպարտեց Հոբին՝ ասելով. «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ»։ Նկատենք, որ Սատանան չսահմանափակվեց միայն Հոբին չարախոսելով։ Ասելով՝ «մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ»՝ Բանսարկուն կասկածի ենթարկեց ոչ միայն Հոբի, այլև Եհովային երկրպագող ցանկացած մարդու անարատությունը։ Դրանից հետո Աստված թույլ տվեց Սատանային, որ Հոբին հարվածի ծանր հիվանդությամբ (Յոբ 2։1–8)։ Բայց դա դեռ Հոբի փորձությունների վերջը չէր։

Հոբը՝ ճնշման ներքո

7. Ինչպե՞ս Հոբի կինը և Հոբին այցելած մարդիկ ճնշում գործադրեցին նրա վրա։

7 Ինչ խոսք, Հոբի կինը անմասն չմնաց այն բոլոր դժբախտություններից, որ պատահեցին նրանց ընտանիքին։ Զավակների մահը և ունեցվածքի կորուստը, անշուշտ, ծանր տառապանքներ պատճառեցին նրան։ Այդ կնոջը, ակներևաբար, ցավ պատճառեց նաև ամուսնու հիվանդությունը։ Նա Հոբին ասաց. «Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը [«անարատությունից», ՆԱ], հայհոյիր Աստուծուն եւ մեռիր»։ Հետո երեք մարդ եկավ Հոբի մոտ՝ իբր թե մխիթարելու նպատակով՝ Եղիփազը, Բաղդատը և Սոփարը։ Այնինչ նրանք անմիտ բաներ խոսեցին ու եղան «ձանձրացուցիչ մխիթարողներ»՝ ավելի խորացնելով նրա վիշտը։ Օրինակ՝ Բաղդատը կարծիք հայտնեց, թե Հոբի երեխաները կյանքից զրկվել են մեղք գործելու պատճառով։ Եղիփազը ակնարկեց, որ Հոբը տառապում է, որովհետև պատժվել է իր նախկին մեղքերի համար։ Նա նույնիսկ միտք հայտնեց, թե Աստված ամենևին չի գնահատում անարատ մարդկանց (Յոբ 2։9, 11; 4։8; 8։4; 16։2; 22։2, 3)։ Այդպիսի ուժեղ ճնշման ներքո Հոբը պահեց իր անարատությունը։ Իհարկե, նա ճիշտ չվարվեց՝ «իր անձն Աստվածանից արդարացնելով», այսինքն՝ իր անձը Աստծուց ավելի արդար համարելով (Յոբ 32։2)։ Այդուհանդերձ, նա մինչև վերջ հավատարիմ մնաց Եհովային։

8. Ի՞նչ օրինակ է Եղիուսը թողել խորհուրդ տալու առնչությամբ։

8 Հետո կարդում ենք Եղիուսի մասին, որը նույնպես այցելել էր Հոբին։ Նա սկզբում լսեց նրան ու նրա երեք ընկերներին։ Թեև Եղիուսը այս չորսից էլ փոքր էր, սակայն ավելի իմաստուն գտնվեց։ Ի տարբերություն մյուս երեքի՝ նա Հոբին դիմեց անունով՝ ցույց տալով իր հարգանքը նրա հանդեպ։ Եղիուսը գովեց նրան անարատ ընթացքի համար։ Բայց նաև ասաց, որ Հոբը չափազանց կենտրոնացել է իր անմեղությունը ապացուցելու վրա։ Հետո վստահեցրեց Հոբին, որ Աստծուն ամեն ժամանակ հավատարմորեն ծառայելը իմաստուն ընթացք է (կարդա՛ Յոբ 36։1, 11a)։ Եղիուսը լավ օրինակ է նրանց համար, ովքեր այսօր խորհուրդ են տալիս ուրիշներին։ Նա դրսևորեց համբերություն, լսեց ուշադիր, գովասանքի տեղին խոսքեր ասաց և կերտիչ խորհուրդներ տվեց (Յոբ 32։6; 33։32, ՆԱ)։

9. Ինչպե՞ս Եհովան օգնեց Հոբին։

9 Վերջապես, Հոբին «այցելեց» մի շատ պատկառազդու անձնավորություն։ Կարդում ենք. «Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը»։ Մի շարք հարցեր տալով՝ Աստված մեղմությամբ, բայցև հաստատակամորեն ուղղեց Հոբի մտածելակերպը։ Հոբը պատրաստակամորեն ընդունեց հանդիմանությունը՝ ասելով. «Ահա ես նուաստ եմ.... Զղջում [եմ] հողի եւ մոխիրի վերայ»։ Հոբի հետ խոսելուց հետո Եհովան իր բարկությունն արտահայտեց նրա երեք ընկերների հանդեպ, քանի որ նրանք «ուղիղ չէին խոսել»։ Հոբը պետք է աղոթեր նրանց համար։ Հետո «Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր ստացուածքը» (Յոբ 38։1; 40։4; 42։6–10)։

Որքա՞ն խորն է մեր սերը Եհովայի հանդեպ

10. Ինչո՞ւ Եհովան չանտեսեց կամ չոչնչացրեց Սատանային։

10 Ինչո՞ւ Եհովան՝ տիեզերքի Արարիչը և ամեն ստեղծագործության Տերն ու Տիրականը, չանտեսեց Սատանայի բարձրացրած հարցը։ Աստված գիտեր, որ Բանսարկուին անտեսելով կամ ոչնչացնելով՝ հարցը չէր լուծվի։ Սատանան պնդել էր, որ Հոբը՝ Աստծու նվիրված ծառան, երես կթեքի Նրանից, եթե զրկվի ունեցվածքից։ Սակայն Հոբը փորձության ներքո պահեց իր հավատարմությունը։ Հետո Բանսարկուն պնդեց, որ ցանկացած մարդ կհրաժարվի Եհովայից, եթե ֆիզիկական տառապանքներ կրի։ Հոբը չարչարվեց, բայց չթողեց իր անարատությունը։ Այսպիսով՝ այդ անկատար, բայց հավատարիմ մարդը փաստեց, որ Սատանան ստախոս է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու մյուս ծառաների մասին։

11. Ինչպե՞ս Հիսուսը փաստեց, որ Սատանայի պնդումը սուտ է։

11 Փաստորեն, Աստծու յուրաքանչյուր ծառա, ով ցանկացած փորձության ներքո պահում է իր անարատությունը, ցույց է տալիս, որ Սատանայի՝ այդ անգութ թշնամու մեղադրանքները անհիմն են։ Հիսուսը մեր նախահայր Ադամի պես կատարյալ մարդ էր։ Մինչև մահ հավատարիմ մնալով՝ նա փաստեց, որ Բանսարկուի պնդումը սուտ է (Հայտն. 12։10)։

12. Ի՞նչ հնարավորություն և պատասխանատվություն ունի Եհովայի յուրաքանչյուր ծառա։

12 Այդուհանդերձ, Սատանան շարունակում է փորձել Եհովայի երկրպագուներին։ Մեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն և պատասխանատվություն՝ իր անարատությամբ փաստելու, որ ինքը Եհովային ծառայում է սիրուց մղված և ոչ թե շահադիտական նկատառումներով։ Մեզ ընձեռված այս հնարավորությունը մենք մեծ պատիվ ենք համարում։ Եհովան մեզ ուժ է տալիս, որ տոկանք փորձությունների ներքո, և, ինչպես Հոբի դեպքում էր, թույլ չի տալիս, որ մեր կարողությունից վեր փորձվենք։ Սա անչափ մխիթարական է (1 Կորնթ. 10։13)։

Սատանան ամբարտավան հակառակորդ է և հավատուրաց

13. Սատանայի մասին ի՞նչ է հայտնում «Յոբ» գիրքը։

13 Եբրայերեն Գրությունները մեզ հայտնում են, թե ինչպես է Սատանան անամոթաբար դուրս եկել Եհովայի դեմ ու մարդկանց շեղել ճշմարիտ ճանապարհից։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները լրացուցիչ տեղեկություններ են հայտնում, թե ինչպես է Սատանան ընդդիմացել Եհովային. մասնավորապես «Հայտնություն» գրքից իմանում ենք Եհովայի գերիշխանության արդարացման և Սատանայի վերջնական ոչնչացման մասին։ Բանսարկուի ըմբոստ ընթացքի մասին հավելյալ մանրամասներ ենք իմանում «Յոբ» գրքից։ Սատանան չէր եկել Եհովային գովաբանելու, երբ ներկա էր երկնքում կայացած հավաքույթներին։ Այդ չարամիտ անձնավորությունը նենգ նպատակ ուներ։ Հոբին չարախոսելուց և նրան փորձելու թույլտվություն ստանալուց հետո «սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը» (Յոբ 1։12; 2։7)։

14. Ինչպե՞ս էր Սատանան վերաբերվում Հոբին։

14 Այսպիսով՝ «Յոբ» գիրքը բացահայտում է, որ Սատանան մարդկության անողորմ թշնամին է։ Մենք չգիտենք, թե Յոբ 1։6–ում հիշատակված հավաքույթից որքան ժամանակ էր անցել մինչև երկրորդ հավաքույթը, որի մասին խոսվում է Յոբ 2։1–ում։ Այդ ընթացքում Հոբը դաժան փորձությունների ենթարկվեց։ Հոբի հավատարմությունը Եհովային հնարավորություն տվեց Սատանային ասելու. «[Հոբը] տակաւին բռնած է իր կատարելութիւնը [«անարատությունից», ՆԱ], թեպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու»։ Բայց Սատանան չընդունեց, որ իր պնդումները անհիմն են։ Ընդհակառակը՝ նա պահանջեց, որ իրեն թույլ տրվի մեկ ուրիշ փորձության ենթարկել Հոբին։ Փաստորեն, Սատանան Հոբին փորձեց և՛ այն ժամանակ, երբ նա ուներ ամեն ինչ, և՛ այն ժամանակ, երբ նա զրկվել էր ամեն ինչից։ Հստակ է, որ Սատանան մի կաթիլ անգամ գութ չունի կարիքավոր և դժբախտ մարդկանց հանդեպ։ Նա ատում է անարատություն պահողներին (Յոբ 2։3–5)։ Չնայած այս ամենին՝ Հոբը մնաց հավատարիմ ու փաստեց, որ Սատանան ստախոս է։

15. Ինչո՞վ են այսօր հավատուրացները նման Սատանային։

15 Սատանան առաջին հավատուրացն է։ Այսօրվա հավատուրացները դրսևորում են նրան բնորոշ գծեր։ Նրանց միտքը թունավորված է քննադատական ոգով. նրանք չարախոսում են ժողովի անդամներին, երեցներին և Կառավարիչ մարմնին։ Որոշ հավատուրացներ դեմ են «Եհովա» անվան գործածությանը։ Հավատուրացները Եհովայի մասին սովորելու կամ նրան ծառայելու ցանկություն չունեն։ Նրանք իրենց հոր՝ Սատանայի պես նշանառության տակ են առնում անարատությամբ գնացողներին (Հովհ. 8։44)։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի ծառաները լիովին խուսափում են նրանցից (2 Հովհ. 10, 11)։

Հոբը բարձր պահեց Եհովայի անունը

16. Ի՞նչ տրամադրվածություն ուներ Հոբը Աստծու հանդեպ։

16 Հոբը գործածեց և գովաբանեց Եհովայի անունը։ Նույնիսկ երբ նրա սիրտը տակնուվրա էր եղել երեխաների մահվան լուրից, նա Աստծուն չմեղադրեց։ Ճիշտ է, նա սխալվեց՝ կարծելով, թե Աստված է իր կորստյան պատճառը, այդուհանդերձ, բարձր պահեց նրա անունը։ Ավելի ուշ նա ասաց. «Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է» (Յոբ 28։28)։

17. Ինչի՞ շնորհիվ Հոբը պահեց իր անարատությունը։

17 Ինչի՞ շնորհիվ Հոբը պահեց իր անարատությունը։ Համոզված կարելի է ասել, որ նախքան իրեն դժբախտություններ կպատահեին, նա Եհովայի հետ արդեն իսկ մտերիմ փոխհարաբերություններ էր զարգացրել։ Արդյո՞ք Հոբը գիտեր, որ Սատանան Եհովայի դեմ է դուրս եկել։ Միանշանակ չենք կարող պատասխանել այս հարցին, բայց գիտենք, որ նա վճռել էր հավատարիմ մնալ Աստծուն։ Հոբն ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։ Ինչպե՞ս էր նա մտերիմ փոխհարաբերություն հաստատել Եհովայի հետ։ Անկասկած, նա լսել էր, թե ինչպես է Աստված վարվել իր հեռավոր ազգականների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, և միշտ խորհրդածել էր իր լսածի շուրջ։ Նաև, Հոբը Եհովայի շատ հատկությունների մասին իմացել էր նրա ստեղծագործություններից (կարդա՛ Յոբ 12։7–9, 13, 16)։

18. ա) Ինչի՞ց է երևում, որ Հոբը նվիրված էր Եհովային։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբին։

18 Այն, ինչ Հոբը սովորել էր Եհովայի մասին, նրա մեջ ցանկություն առաջացրեց հաճեցնելու նրան։ Մտավախություն ունենալով, որ իր ընտանիքի անդամները, ինչ–որ բանով տհաճեցրել են Աստծուն կամ էլ նրան «հայհոյել իրանց սրտումը»՝ նա կանոնավորաբար զոհաբերություններ էր անում (Յոբ 1։5)։ Նույնիսկ ծանր փորձությունների ներքո Հոբը դրականորեն արտահայտվեց Եհովայի մասին (Յոբ 10։12)։ Ինչպիսի՜ օրինակ։ Մենք նույնպես պետք է կանոնավորաբար ճշգրիտ գիտելիքներ ստանանք Եհովայի ու նրա նպատակների մասին։ Պետք է հոգևոր լավ սովորություններ ունենանք ուսումնասիրության, ժողովի հանդիպումների, աղոթքի և բարի լուրը քարոզելու հետ կապված։ Բացի դրանից, ամեն ջանք պետք է գործադրենք՝ Եհովայի անունը հռչակելու համար։ Հոբի անարատությունը հաճելի էր Եհովային։ Մենք էլ կուրախացնենք Եհովայի սիրտը, եթե մնանք անարատ։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Յոբ 36։1, 11. «Եղիուսը շարունակելով ասեց. Եթէ լսեն եւ հնազանդեն [«հնազանդելով՝ անոր ծառայութիւն ընեն», ԱԱ], իրանց օրերը բարիքով կ’վերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով»։

Հիշո՞ւմ ես

• Ինչո՞ւ Բանսարկու Սատանան ուշադրություն դարձրեց Հոբին։

• Ի՞նչ փորձությունների ենթարկվեց Հոբը, և ինչպե՞ս նա արձագանքեց դրանց։

• Ինչպե՞ս կարող ենք Հոբի պես պահել մեր անարատությունը։

• Ի՞նչ ենք իմանում «Յոբ» գրքից Սատանայի մասին։

[նկար 4–րդ էջի վրա]

Հոբի պատմությունից տեղեկանում ենք Աստծու գերիշխանության հարցի մասին

[նկար 6–րդ էջի վրա]

Ի՞նչ հանգամանքներում կարող է քո անարատությունը փորձվել

Հիշո՞ւմ ես

• Ինչո՞ւ Բանսարկու Սատանան ուշադրություն դարձրեց Հոբին։

• Ի՞նչ փորձությունների ենթարկվեց Հոբը, և ինչպե՞ս նա արձագանքեց դրանց։

• Ինչպե՞ս կարող ենք Հոբի պես պահել մեր անարատությունը։

• Ի՞նչ ենք իմանում «Յոբ» գրքից Սատանայի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը