3 Իմացեք ճշմարտութունը Հիսուսի մասին
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։
Ո՞ՐՆ է ԽՆԴԻՐԸ։ Ոմանք ասում են, թե Հիսուսը իրական անձնավորություն չի եղել։ Ուրիշներն էլ հավատում են, որ նա գոյություն է ունեցել, սակայն կարծում են, թե սովորական մարդ է եղել։
Ո՞ՐՆ է ԼՈՒԾՈՒՄԸ։ Նաթանայելa անունով աշակերտը այս հարցում մեզ լավ օրինակ է թողել։ Նրա ընկերը՝ Փիլիպպոսը, ասաց, որ գտել է Մեսիային, որը «Հովսեփի որդի Հիսուսն էր՝ Նազարեթից»։ Սակայն նա միանգամից չհավատաց Փիլիպպոսին։ «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»,— ասաց նա։ Բայց ընդունեց ընկերոջ առաջարկը՝ անձամբ գալ և տեսնել (Հովհաննես 1։43–51)։ Դուք նույնպես կարող եք անձամբ քննել Հիսուսի մասին եղած փաստերը։ Ինչպե՞ս։
Քննեք պատմական փաստերը և համոզվեք, որ Հիսուսը իրական անձնավորություն է եղել։ Հայտնի պատմաբաններ Հովսեպոսը և Տակիտոսը, որոնք ապրել են առաջին դարում, քրիստոնյաներ չէին, սակայն իրենց աշխատություններում նշում են, որ Քրիստոսը իրական անձնավորություն է եղել։ Տակիտոսը պատմում է, որ մ.թ. 64–ին Հռոմի Ներոն կայսրը մեղադրեց քրիստոնյաներին Հռոմը հրդեհելու մեջ։ Նա գրում է. «Ներոնը մեղադրեց և ամենասարսափելի տանջանքների ենթարկեց մարդկանց մի խմբի, ովքեր ատված էին. հասարակությունը նրանց անվանում էր քրիստոնյաներ։ Քրիստուսը [Քրիստոսը], որի անունը նրանք կրում էին, ամենախիստ պատժի արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»։
Հիսուսի և վաղ քրիստոնյաների վերաբերյալ առաջին և երկրորդ դարերում ապրած պատմաբանների աշխատությունների մասին «Բրիտանական հանրագիտարանում» (2002 թ. հրատարակություն, անգլ.) նշվում է. «Իրարից անկախ այս արձանագրությունները ապացուցում են, որ հին ժամանակներում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել։ Առաջին անգամ դա անհիմն կերպով կասկածի տակ դրվեց 18–րդ դարի վերջին։ Այդ կարծիքը տարածված է եղել 19–րդ դարի ընթացքում և 20–րդ դարի սկզբում»։ Իսկ 2002 թ.–ին «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում տպագրված մի հոդվածում գրված էր. «Բացառությամբ որոշ աթեիստների, շատ գիտնականներ ընդունում են, որ Հիսուս նազովրեցին իրական անձնավորություն է եղել»։
Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Հիսուսը հարություն է առել։ Երբ Հիսուսին ձերբակալեցին, նրա առաքյալները լքեցին նրան, Պետրոսը, տրվելով մարդավախությանը, ուրացավ իր ուսուցչին, իսկ մյուս աշակերտները ցրվեցին (Մատթեոս 26։55, 56, 69–75; Մատթեոս 26։31)։ Սակայն շատ չանցած՝ նրանք կրկին գործի անցան։ Պետրոսն ու Հովհաննեսը համարձակորեն խոսում էին այն մարդկանց հետ, ովքեր մահվան դատապարտեցին Մեսիային։ Ավելի ուշ Հիսուսի հետևորդները նրա ուսմունքները տարածեցին Հռոմեական կայսրության ողջ տարածքով։ Նրանք նույնիսկ պատրաստ էին մահանալու, քան թե հավատի հարցում զիջումների գնալու։ Ո՞րն էր պատճառը։
Պողոս առաքյալը բացատրում է, որ Հիսուսը մահացածների միջից հարություն առավ և «երևաց Կեփասին [Պետրոսին], ապա՝ տասներկուսին»։ Նա գրում է. «Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների»։ Ականատեսների մեծ մասը դեռ կենդանի էր, երբ Պողոսը գրում էր այս խոսքերը (1 Կորնթացիներ 15։3–7)։ Սկեպտիկները գուցե կասկածի ենթարկեն մեկ կամ երկու ականատեսների վկայությունը (Ղուկաս 24։1–11)։ Սակայն ավելի քան հինգ հարյուր հոգու վկայությունը դժվար թե հնարավոր լինի հերքել։ Այո՛, Հիսուսն իսկապես հարություն է առել։
Ո՞ՐՆ է ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ։ Նրանք, ովքեր հավատում են Հիսուսին և հնազանդվում են նրան, մեղքերի թողություն կստանան և մաքուր խիղճ կունենան (Մարկոս 2։5–12; 1 Տիմոթեոս 1։19; 1 Պետրոս 3։16–22)։ Հիսուսը խոստանում է, որ եթե անգամ մահանան, «վերջին օրը» հարություն կտա նրանց (Հովհաննես 6։40)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի չորրորդ գլուխը, որը վերնագրված է՝ «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» և հինգերորդ գլուխը՝ «Փրկանք. Աստծու մեծագույն նվերը»b։
[ծանոթագրություններ]
a Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում Նաթանայելը նաև կոչվում է Բարթողոմեոս։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 7–րդ էջի վրա]
Նաթանայելի նման՝ քննեք Հիսուսի մասին եղած փաստերը