Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 10/15 էջ 22–25
  • Այդ երեք համաժողովները փոխեցին կյանքս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այդ երեք համաժողովները փոխեցին կյանքս
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քաջության դաս
  • Սովորում եմ բավարարված լինելու գաղտնիքը
  • Եվս մի կարևոր դաս ենք սովորում
  • Անակնկալ հանդիպումներ
  • Եհովան միշտ օգնել է ինձ
    2014 Դիտարան
  • Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
    2007 Դիտարան
  • Համաժողովները մեր եղբայրության ապացույցն են
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ինչո՞վ կարող եմ հատուցել Եհովային
    2009 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 10/15 էջ 22–25

Այդ երեք համաժողովները փոխեցին կյանքս

Պատմում է Ջորջ Վորիենչուկը

ՊԱՏԱՀԵ՞Լ է այնպես, որ համաժողովում հնչած որևէ միտք փոխի քո կյանքը։ Ինձ հետ նման բան պատահեց։ Հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ հիմնականում երեք համաժողովներ փոխեցին իմ կյանքը։ Առաջին համաժողովը օգնեց ինձ հաղթահարելու ամաչկոտությունս, երկրորդը՝ բավարարվելու ունեցածով, իսկ երրորդը մղեց ինձ հասկանալու, որ երջանկությունը տալու մեջ է։ Սակայն այդ փոփոխություններին անդրադառնալուց առաջ կցանկանայի մի քանի դեպք պատմել իմ մանկությունից։

Ծնվել եմ 1928 թ.–ին։ Մեր ընտանիքում երրորդ երեխան էի՝ ամենակրտսերը։ Քույրերիս՝ Մարջինի և Օլգայի հետ մանկությունս անցկացրել եմ Սաութ Բոնդ Բրուքում (Նյու Ջերսի, ԱՄՆ), որն ուներ ընդամենը 2 000 բնակիչ։ Թեև աղքատ էինք, մայրս առատաձեռն էր։ Երբ նրա ձեռքը փող էր ընկնում, նա հատուկ ճաշ էր պատրաստում և հյուրասիրում էր հարևաններին։ Երբ ինը տարեկան էի, մեր տուն այցելեց մի Եհովայի վկա, որը խոսում էր մորս մայրենի լեզվով՝ հունգարերենով։ Դա մղեց նրան ընդունելու աստվածաշնչյան պատգամը։ Հետագայում Բերթա անունով մի քույր, որը 20 տարեկան էր, շարունակեց ուսումնասիրել մայրիկիս հետ և օգնեց նրան դառնալու Եհովայի ծառա։

Ի տարբերություն մորս՝ ես բնավորությամբ ամաչկոտ էի և անհամարձակ։ Մայրս էլ միշտ խիստ էր վերաբերվում ինձ։ Դրանից ավելի շատ էի ընկճվում։ Երբ մի անգամ լացակումած հարցրի նրան, թե ինչու է միշտ նախատում, նա ասաց, որ իրականում ինձ սիրում է, սակայն չի ուզում, որ դառնամ հպարտ անձնավորություն։ Մայրս լավ մղումներ ուներ, բայց քանի որ քիչ էր գովում, իմ մեջ թերարժեքության զգացում էր առաջացել։

Այդ պատճառով դժվարություններ էի ունենում։ Մի օր մեր հարևաններից մեկը, որը միշտ լավ էր վերաբերվում ինձ, խնդրեց, որ իր տղաներին տանեմ եկեղեցու կիրակնօրյա դպրոց։ Ես գիտեի, որ դրանով կտհաճեցնեմ Եհովային, բայց նաև չէի ուզում վիրավորել այդ բարեհամբույր մարդուն։ Ուստի ստիպված էի մի քանի ամիս շարունակ գնալ այնտեղ, թեև ինձ շատ վատ էի զգում։ Խնդիրներ ունեի նաև դպրոցում։ Մարդավախության պատճառով խղճիս դեմ էի գնում։ Մեր տնօրենը շատ խիստ անձնավորություն էր։ Նա հետևում էր, որ ուսուցիչները պահանջեն երեխաներից պատիվ տալ դրոշին։ Ու ես մյուս աշակերտների հետ մոտ մեկ տարի պատիվ էի տալիս դրոշին։

Քաջության դաս

1939​թ.–ից մեր տանը Գրքի ուսումնասիրություն էր անցկացվում, որը վարում էր Բեն Միսկալսկին՝ երիտասարդ ռահվիրա։ Նա այնքան բարձրահասակ էր, այնքան հաղթանդամ, որ հիշեցնում էր մեր շքամուտքի բարձր ու լայն դուռը։ Ուստի մենք նրան Հսկա էինք կոչում։ Չնայած նրա ահազդու տեսքին՝ նա անչափ բարի անձնավորություն էր։ Երբ նա ջերմորեն ժպտում էր, ես ինձ անկաշկանդ էի զգում։ Ուստի երբ Բենն ինձ ծառայության հրավիրեց, ես սիրով համաձայնվեցի։ Որոշ ժամանակ անց մենք ընկերացանք։ Երբ տխուր էի լինում, նա հարազատ եղբոր պես խոսում էր ինձ հետ։ Այդ զրույցները շատ թանկ էին ինձ համար, և ես մինչև հոգուս խորքը սիրեցի նրան։

1941​թ.–ին Բենն իր մեքենայով մեր ընտանիքին տարավ համաժողովի, որը տեղի էր ունենալու Սենտ Լուիսում (Միսուրի)։ Ես ցնծում էի։ Երբեք 80 կիլոմետրից ավել չէի հեռացել տնից, իսկ այժմ պատրաստվում էի մեկնել մի վայր, որը հեռու էր 1 500 կիլոմետր։ Երբ հասանք Սենտ Լուիս, որոշ դժվարությունների բախվեցինք։ Հոգևորականները իրենց եկեղեցու անդամներին արգելեցին հյուրընկալել Վկաներին։ Շատերը տեղի տվեցին ճնշմանը։ Բայց այն ընտանիքը, որը պետք է ընդուներ մեզ, չվախեցավ սպառնալիքից։ Տանտերերը ջերմորեն դիմավորեցին և ասացին, որ չէին պատրաստվում խախտելու մեզ հյուրընկալելու իրենց խոստումը։ Նրանց քաջությունը ինձ մեծապես տպավորեց։

Համաժողովին քույրերս մկրտվեցին։ Այդ նույն օրը եղբայր Ռադերֆորդը, որը Բրուքլինի Բեթելից էր, մի հրաշալի թեմա ներկայացրեց։ Ելույթի ընթացքում նա խնդրեց, որ բոլոր երեխաները, ովքեր ուզում են կատարել Աստծու կամքը, ոտքի կանգնեն։ Մոտ 15 000 հոգի ոտքի կանգնեց. նրանց մեջ էի նաև ես։ Հետո եղբայրը հարցրեց, թե ով է ուզում իր լավագույնն անել Թագավորության գործում, թող ասի՝ այո՛։ Մենք բոլորս բացականչեցինք՝ այո՛։ Մարզադաշտը թնդաց ծափերից։ Ես անչափ ոգևորված էի։

Համաժողովից հետո այցելեցինք եղբայրներից մեկին, որն ապրում էր Արևմտյան Վիրջինիայում։ Նա մի դեպք պատմեց իր ծառայությունից։ Գազազած ամբոխը հարձակվել էր նրա վրա, ծեծել, այնուհետև ձյութ էր լցրել և ծածկել փետուրներով։ Շունչս պահած լսում էի։ Ի զարմանս ինձ՝ եղբայրն ասաց, որ նա, միևնույն է, կշարունակի քարոզել։ Այնքան էի քաջալերվել, որ Դավթի պես պատրաստ էի դուրս գալու «Գողիաթի»՝ մեր տնօրենի դեմ։

Երբ գնացի դպրոց, մոտեցա տնօրենին։ Նա զայրացած ինձ էր նայում։ Մտքումս աղոթեցի Եհովային և արագ բացականչեցի. «Ես ներկա եմ եղել Եհովայի վկաների համաժողովին և այլևս չեմ ուզում պատիվ տալ դրոշին»։ Մի պահ լռություն տիրեց։ Զայրույթից կարմրած տնօրենը կամաց վեր կացավ իր տեղից և մոտենալով ինձ՝ գոռաց. «Պատի՛վ տուր դրոշին, այլապես կհեռացնեմ դպրոցից»։ Սակայն այս անգամ ես զիջումների չգնացի։ Երբևէ այդքան ուրախ չէի եղել։

Անհամբեր սպասում էի, թե երբ եմ պատմելու այդ մասին Բենին։ Տեսնելով նրան Թագավորության սրահում՝ բացականչեցի. «Բե՛ն, ինձ հեռացրել են դպրոցից։ Ես պատիվ չեմ տվել դրոշին»։ Բենը ձեռքը դրեց ուսիս և ժպտալով ասաց. «Վստա՛հ եղիր՝ Եհովան սիրում է քեզ» (Բ Օրին. 31։6)։ Այս խոսքերը զորացրին ինձ ու մղեցին գործերի։ 1942 թ. հունիսի 15–ին մկրտվեցի։

Սովորում եմ բավարարված լինելու գաղտնիքը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ–ում տնտեսական վիճակը սկսեց բարելավվել։ Նոր ապրանքները մատչելի դարձան շատերի համար։ Ես լավ վարձատրվող աշխատանք ունեի և կարող էի գնել այնպիսի ապրանքներ, որոնց մասին երազում էի։ Իմ ընկերներից ոմանք վերանորոգեցին իրենց տները, մյուսները մոտոցիկլետ գնեցին, իսկ ես՝ բոլորովին նոր մեքենա։ Շուտով նյութական իրեր ձեռք բերելու տենչը հետին պլան մղեց հոգևորս։ Հասկանում էի, որ սխալ ուղի եմ բռնել։ Բարեբախտաբար, 1950 թ.–ին Նյու Յորքում տեղի ունեցած համաժողովը օգնեց ինձ շտկելու ընթացքս։

Գրեթե բոլոր հռետորները խրախուսում էին ունկնդիրներին կենտրոնանալու քարոզչական գործունեության վրա։ «Հանե՛ք ձեր վրայից ամեն ծանրություն և վազե՛ք մրցավազքը»,— հորդորեց հռետորներից մեկը (Եբր. 12։1)։ Նրա խոսքերը կարծես հենց ինձ ուղղված լինեին։ Ես տեսա նաև «Գաղաադ» դպրոցի շրջանավարտներին, որոնց օրինակը մղեց ինձ մտածելու. «Եթե իմ տարիքի այս Վկաները կարողացել են հրաժարվել հարմարավետ կյանքից և ծառայել օտար երկրներում, չե՞մ կարող արդյոք ես նույնն անել իմ հարազատ երկրում»։ Համաժողովի վերջում արդեն որոշել էի ռահվիրայություն սկսել։

Այդ ժամանակ ես հանդիպում էի էվելին Մոնդակ անունով մի նախանձախնդիր քրոջ հետ, որը մեր ժողովից էր։ Նրա մայրը վեց երեխա էր մեծացրել։ Այդ կինը աչքի էր ընկնում իր քաջությամբ։ Նա սիրում էր ծառայել փողոցում՝ տեղի մեծ կաթոլիկ եկեղեցու մոտ։ Չնայած զայրացած քահանայի արգելքներին՝ այդ քույրը չէր դադարում քարոզելուց։ էվելինը նույնպես մարդավախություն չուներ (Առակ. 29։25)։

1951 թ.–ին մենք ամուսնացանք, թողեցինք մեր աշխատանքը և ռահվիրայություն սկսեցինք։ Մի շրջանային վերակացու հորդորեց մեզ տեղափոխվելու Ամագանսեթ՝ գյուղ, որը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Նյու Յորք քաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Երբ իմացանք, որ տեղի ժողովի քարոզիչները չեն կարող մեզ կացարան տրամադրել, որոշեցինք շարժատնակ գնել, սակայն բավականաչափ փող չունեինք։ Որոշ ժամանակ անց մի շատ հին շարժատնակ գնեցինք, որն արժեր 900 դոլար՝ հենց այնքան, որքան հարսանիքին էինք ստացել։ Մենք վերանորոգեցինք շարժատնակը և տեղափոխվեցինք նոր տարածք։ Փող այլևս չունեինք և չէինք պատկերացնում, թե ինչպես ենք շարունակելու ռահվիրայական ծառայությունը։

Երկուսս էլ աշխատանք գտանք։ էվելինը տներ էր մաքրում, իսկ ես գիշերային ժամերին մաքրություն էի անում մի իտալական ռեստորանում։ Ռեստորանի տերն ասում էր, որ ավելացած կերակուրը կարող եմ տուն տանել։ Երբ գիշերվա երկուսին տուն էի հասնում, մեր շարժատնակը լցվում էր պիցցայի և իտալական այլ ճաշատեսակների հոտով։ Մենք տաքացնում էինք դրանք ու վայելում։ Այդ կերակուրները իսկական հաճույք էին պատճառում, մանավանդ ձմռանը, երբ տան մեջ դողում էինք ցրտից։ Բացի այդ, ժողովի եղբայրները ժամանակ առ ժամանակ մեր տնակի աստիճանների վրա մեծ ձուկ էին թողնում։ Այդ թանկագին եղբայրների հետ ծառայելու տարիներին մենք սովորեցինք բավարարվել անհրաժեշտ բաներով։ Դրանք երջանիկ տարիներ էին։

Եվս մի կարևոր դաս ենք սովորում

1953 թ. հուլիսին մենք դիմավորեցինք հարյուրավոր միսիոներների, որոնք եկել էին օտար երկրներից՝ մասնակցելու Նյու Յորքի միջազգային համաժողովին։ Նրանք հետաքրքիր դեպքեր էին պատմում։ Նրանց ոգևորությունը վարակիչ էր։ Երբ համաժողովի ժամանակ հռետորը նշեց, որ մի շարք երկրներում բարի լուրը դեռ չի քարոզվել, հասկացանք, որ պետք է ընդլայնենք մեր ծառայությունը։ Հենց համաժողովին մենք «Գաղաադի» դիմում լրացրինք։ Նույն տարին հրավիրվեցինք սովորելու այդ դպրոցի 23–րդ դասարանում։ Դասերը սկսվեցին 1954 թ. փետրվարին։ «Գաղաադում» սովորելը մեծ առանձնաշնորհում էր մեզ համար։

Դպրոցն ավարտելուց հետո մեզ նշանակեցին Բրազիլիա։ Անչափ հուզվեցինք, երբ իմացանք այդ մասին։ Մենք պետք է մեկնեինք շոգենավով. ուղևորությունը տևելու էր 14 օր։ Մինչ այդ, Բեթելի վերակացուներից մեկն ասել էր, որ ինը միսիոներ քույրեր մեզ հետ միասին գալու են Բրազիլիա, և խնդրել էր, որ հոգ տանենք նրանց մասին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զարմացած դեմքերով նայեցին նավաստիները, երբ տեսան ինձ տասը երիտասարդ աղջիկների հետ։ Թեև քույրերն իրենց հանգիստ էին զգում, ես լարված էի։ Ու երբ ապահով տեղ հասանք, ես հանգիստ շունչ քաշեցի։

Բրազիլիայում ծառայելու համար մենք սկսեցինք պորտուգալերեն սովորել։ Որոշ ժամանակ անց ես շրջանային վերակացու նշանակվեցի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, որը գտնվում է երկրի հարավում։ Ամուրի շրջանային վերակացուն, ում պետք է փոխարինեինք, ասաց. «Զարմանալի է, որ ամուսնական զույգ են ուղարկել այստեղ։ Քրոջ համար դժվար կլինի ծառայել այս տարածքում, որովհետև ճանապարհները խորդուբորդ են»։ Շուտով մենք համոզվեցինք դրանում։ Ժողովներն անցկացվում էին իրարից հեռու գտնվող գյուղերում։ Ուստի երբեմն մեր ուղևորությունը տևում էր մի ամբողջ օր։ Որոշ ժողովներ կարելի էր հասնել միայն բեռնատար մեքենայով։ Վարորդը թույլ կտար նստել իր բեռնատարը, եթե ուտելիք գնեիր նրա համար, բայց կնստեցներ ոչ թե իր կողքին, այլ թափքի մեջ, որտեղ պարաններով կապկպած տարբեր բեռներ էին դարսած։ Մենք ձիավորների նման նստում էինք այդ բեռների վրա և երկու ձեռքով ամուր բռնում էինք պարաններից։ Երբ մեքենան կտրուկ շրջադարձ էր կատարում, մենք ավելի պինդ էինք բռնվում, քանի որ բարձր բեռները նույնպես թեքվում էին ու մենք համարյա հավասարվում էինք գետնին։ Այդուհանդերձ, երբ տեղ էինք հասնում և տեսնում էինք մեզ անհամբերությամբ սպասող եղբայրներին ու քույրերին, որոնց աչքերը փայլում էին ուրախությունից, մոռանում էինք բոլոր դժվարությունները։

Սովորաբար, կանգ էինք առնում հավատակիցների տներում։ Թեև նրանք աղքատ էին, բայց առատաձեռն էին։ Մի հեռավոր շրջանում բոլոր եղբայրներն աշխատում էին մսամթերքի պահածոների գործարանում։ Նրանց աշխատավարձը այնքան ցածր էր, որ օրվա մեջ մի անգամ էին հաց ուտում։ Եթե մի օր չէին աշխատում, այդ օրը փող չէին ստանում։ Չնայած իրենց հանգամանքներին՝ մեր այցելությունների ժամանակ նրանք երկու օր արձակուրդ էին վերցնում։ Այդ խոնարհ անհատները լիովին ապավինում էին Եհովային։ Նրանց օրինակը մեզ սովորեցրեց զոհողություններ անել հանուն Թագավորության շահերի. դաս, որը երբեք չենք մոռանա։ Ապրելով նրանց հետ՝ մենք այնպիսի կրթություն ստացանք, որը ոչ մի դպրոց չէր կարող տալ։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ եղբայրներին, աչքերս արցունքով են լցվում։

1976 թ.–ին վերադարձանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի խնամենք իմ հիվանդ մորը։ Ինչ խոսք, Բրազիլիայից հեռանալը շատ դժվար էր, բայց երախտապարտ ենք Եհովային, որ ականատես եղանք քարոզչական գործի մեծ աճին այդ երկրում։ Մինչև հիմա, երբ նամակներ ենք ստանում Բրազիլիայից, հաճելի հիշողություններ են արթնանում մեր մեջ։

Անակնկալ հանդիպումներ

Մորս խնամելու ընթացքում մենք ռահվիրա էինք ծառայում և մաքրության հետ կապված տարբեր աշխատանքներ էինք կատարում։ 1980 թ.–ին մայրս մահացավ։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց Եհովային։ Դրանից հետո ինձ հրավիրեցին շրջանային ծառայության Միացյալ Նահանգներում։ 1990 թ.–ին, երբ այցելեցինք Քոնեկտիկուտի ժողովներից մեկը, մեզ հաճելի անակնկալ էր սպասում. ժողովի երեցներից մեկը Բենն էր, այո՛, այն Բենը, որը 50 տարի առաջ օգնեց ինձ հաստատ կանգնելու ճշմարտության մեջ։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էինք զգում գրկախառնվելիս։

1996​թ.–ից էլիզաբեթ քաղաքի (Նյու Ջերսի) պորտուգալախոս ժողովում էվելինի հետ միասին ծառայում ենք որպես սահմանափակ կարողություններ ունեցող հատուկ ռահվիրաներ։ Ես առողջական խնդիրներ ունեմ, բայց թանկագին կնոջս օգնությամբ ուժերիս ներածին չափով մասնակցում եմ ծառայությանը։ էվելինը օգնում է նաև մեր տկար ու ծեր հարևանուհուն։ Եվ գիտե՞ք՝ ով է նա։ Բերթան, որը 70 տարի առաջ օգնեց մայրիկիս դառնալու Եհովայի ծառա։ Մենք ուրախ ենք, որ այժմ հնարավորություն ունենք արտահայտելու մեր երախտագիտությունը նրա հանդեպ։

Ահա թե ինչպես երեք համաժողովներ մղեցին ինձ պարզեցնելու կյանքս և ընդլայնելու ծառայությունս։ Ես շնորհակալ եմ Եհովային, որ դրանց միջոցով օգնեց ինձ փոխելու կյանքս։

[նկար 23–րդ էջի վրա]

Էվելինի մայրը (ձախից) և իմ մայրը

[նկար 23–րդ էջի վրա]

Իմ ընկեր Բենը

[նկար 24–րդ էջի վրա]

Բրազիլիա հասնելուց հետո

[նկար 25–րդ էջի վրա]

Էվելինի հետ՝ այսօր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը