Սուրբ ոգու դերը Եհովայի նպատակի մեջ
«Իմ բերանից դուրս եկած խօսքը, պիտի.... յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (ԵՍ. 55։11)։
1. Ի՞նչ տարբերություն կա ծրագրեր կազմելու և նպատակ դնելու միջև։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ երկու մարդ պատրաստվում են ճանապարհորդել իրենց մեքենաներով։ Նրանցից մեկը մանրամասնորեն կազմում է իր երթուղու պլանը։ Իսկ մյուսը այդպես չի վարվում, քանի որ իր նպատակակետին հասնելու մի քանի ճանապարհներ գիտի և անհրաժեշտության դեպքում կարող է փոխել իր ուղին։ Այս օրինակն օգնում է հասկանալու, թե ինչ տարբերություն կա ծրագրեր կազմելու և նպատակ դնելու միջև։ Որևէ բան ծրագրելիս մարդը մանրամասնորեն պլանավորում է իր յուրաքանչյուր քայլը։ Մինչդեռ նպատակադրելիս նա մտքում պահում է իր նպատակը և գործում է հանգամանքներից ելնելով։
2, 3. ա) Ո՞րն էր Եհովայի նպատակը, և ի՞նչ քայլեր ձեռնարկեց նա, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին։ բ) Ինչո՞ւ պետք է ուշադրությամբ հետևենք, թե ինչպես է Եհովան իրագործում իր նպատակը։
2 Իր կամքը կատարելու համար Աստված նախապես ծրագիր չի կազմում։ Նա ունի նպատակ և այն իրականացնում է աստիճանաբար (Եփես. 3։11)։ Ի սկզբանե Եհովան նպատակադրել էր, որ կատարյալ մարդիկ երկիրը վերածեն դրախտի և ապրեն հավիտյան՝ վայելելով խաղաղություն ու երջանկություն (Ծննդ. 1։28)։ Սակայն երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Եհովան համապատասխան քայլեր ձեռնարկեց այդ նպատակն իրագործելու համար (կարդա՛ Ծննդոց 3։15)։ Նա հայտնեց, որ իր այլաբանական կինը մի «սերունդ», կամ՝ Որդի է ունենալու, որն ի վերջո ոչնչացնելու է չարության սկզբնաղբյուրին՝ Սատանային, և վերացնելու է նրա պատճառած վնասը (Եբր. 2։14; 1 Հովհ. 3։8)։
3 Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա չկա մի ուժ, որը կարող է խանգարել Եհովային իրագործելու իր նպատակը (Ես. 46։9–11)։ Բանն այն է, որ Աստված իր նպատակն իրագործում է սուրբ ոգու միջոցով։ Այդ անհաղթահարելի զորությունը երաշխիքն է այն բանի, որ Նրա խոսքը կհաջողվի (Ես. 55։10, 11)։ Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։ Հարկավոր է ամենայն ուշադրությամբ հետևել, թե Եհովան ինչպես է իրագործում իր նպատակը, և վարվել նրա կամքին ներդաշնակ։ Չէ՞ որ դրա իրականացումից է կախված մեր ապագան։ Մյուս կողմից՝ մեր հավատը ամրանում է, երբ տեսնում ենք, թե ինչպես է Աստված գործի դնում սուրբ ոգին։ Ուստի եկեք քննենք սուրբ ոգու դերը Եհովայի նպատակի իրագործման մեջ անցյալում, ներկայում և ապագայում։
Սուրբ ոգու դերը անցյալում
4. Ինչպե՞ս էր Եհովան աստիճանաբար բացահայտում իր նպատակը։
4 Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան աստիճանաբար էր բացահայտում իր նպատակը։ Սկզբում խոստացյալ Սերնդի ով լինելը «սրբազան գաղտնիք էր» (1 Կորնթ. 2։7)։ Սակայն մոտ 2 000 տարի անց Աստված հավելյալ տեղեկություններ հայտնեց (կարդա՛ Ծննդոց 12։7; 22։15–18)։ Իր ծառա Աբրահամին նա մի խոստում տվեց, որն ավելի մեծ կատարում էր ունենալու։ «Քո սերնդով» արտահայտությունը ցույց է տալիս, որ Սերունդը պետք է լիներ Աբրահամի ժառանգներից մեկը։ Կարող ենք վստահ լինել, որ դա անչափ հետաքրքրեց նաև Սատանային, քանի որ նա ցանկանում էր ոչնչացնել կամ ապականել Աբրահամի ժառանգներին ու այդպիսով խափանել Աստծու նպատակը։ Սակայն դա նրան չհաջողվեց և ինչպե՞ս կարող էր հաջողվել, երբ գործի էր դրվել Գերիշխանի անտեսանելի ուժը։
5, 6. Ինչպե՞ս է Եհովան իր ոգով պաշտպանել Սերնդի տոհմաբանական ճյուղը։
5 Եհովան իր սուրբ ոգու միջոցով պաշտպանում էր այն անհատներին, ովքեր Սերնդի շառավղից էին։ Նա ասաց Աբրամին (Աբրահամին). «Ես քեզ համար վահան եմ» (Ծննդ. 15։1)։ Սրանք դատարկ խոսքեր չէին։ Հիշենք, օրինակ, թե ինչ տեղի ունեցավ մ.թ.ա. 1919թ.–ին, երբ Աբրահամն ու Սառան ժամանակավորապես բնակություն հաստատեցին Գերարում։ Չիմանալով, որ Սառան Աբրահամի կինն է՝ այդ քաղաքի թագավոր Աբիմելեքը ցանկացավ ամուսնանալ նրա հետ։ Կարելի՞ է ասել, որ Սատանան էր ջանում խանգարել Սառային Աբրահամի համար սերունդ բերել։ Հայտնի չէ։ Աստվածաշունչը պարզապես ասում է, որ Եհովան միջամտեց ու պաշտպանեց Սառային։ Նա երազում հայտնվեց Աբիմելեքին ու հրամայեց ձեռք չտալ Սառային (Ծննդ. 20։1–18)։
6 Սա միակ դեպքը չէ։ Եհովան բազմիցս պաշտպանել է իր հավատարիմ ծառային ու նրա ընտանիքի անդամներին (Ծննդ. 12։14–20; 14։13–20; 26։26–29)։ Աբրահամի ու նրա ժառանգների մասին սաղմոսերգուն գրեց. «[Եհովան] թոյլ չ’տուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. եւ թագաւորներ պատժեց նորանց համար. մի դիպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք» (Սաղ. 105։14, 15)։
7. Ինչպե՞ս էր Եհովան պաշտպանում Իսրայել ազգին։
7 Եհովայի ոգին պաշտպանում էր Իսրայել ազգին, որից պետք է սերվեր խոստացյալ Սերունդը։ Աստված սուրբ ոգու միջոցով իսրայելացիներին տվեց իր Օրենքը, որպեսզի նրանք ճիշտ ձևով երկրպագեն իրեն, ինչպես նաև պաշտպանված լինեն հոգևոր, բարոյական ու ֆիզիկական ապականությունից (Ելից 31։18; 2 Կորնթ. 3։3)։ Հետագայում նա իր ոգով դատավորներ նշանակեց, որպեսզի նրանք Իսրայելին ազատագրեն թշնամիներից (Դատ. 3։9, 10)։ Սուրբ ոգին կարևոր դեր խաղաց նաև նախքան Հիսուսի՝ Աբրահամի սերնդի գլխավոր մասի ծնվելը։ Այն հարյուրամյակներ շարունակ պաշտպանում էր Երուսաղեմը, Բեթլեհեմը և տաճարը։ Հակառակ դեպքում Հիսուսի հետ կապված բազմաթիվ մարգարեություններ պարզապես չէին կատարվի։
8. Ի՞նչ դեր խաղաց սուրբ ոգին Հիսուսի կյանքում և ծառայության մեջ։
8 Սուրբ ոգին մեծ դեր խաղաց Հիսուսի կյանքում և ծառայության մեջ։ Այդ ոգու միջոցով կատարվեց նախադեպը չունեցող մի հրաշք. Մարիամ անունով անկատար մի կին հղիացավ և ծնեց կատարյալ որդի, որը մահվան դատապարտության տակ չէր (Ղուկ. 1։26–31, 34, 35)։ Հետագայում ոգին պաշտպանեց երեխային վաղաժամ մահից (Մատթ. 2։7, 8, 12, 13)։ Իսկ երբ Հիսուսը 30 տարեկան էր, Աստված օծեց նրան սուրբ ոգով ու հանձնարարեց քարոզել, ինչպես նաև նրան տվեց Դավիթ թագավորի աթոռը (Ղուկ. 1։32, 33; 4։16–21)։ Սուրբ ոգու զորությամբ Հիսուսը նաև կարողանում էր հրաշքներ գործել։ Նա բուժում էր հիվանդներին, կերակրում էր բազմաթիվ մարդկանց և հարություն էր տալիս մահացածներին։ Այս զորավոր գործերը նախապատկերն էին այն բոլոր օրհնությունների, որ կստանանք Հիսուսի թագավորության ժամանակ։
9, 10. ա) Ի՞նչն էր վկայում, որ Հիսուսի առաջին դարի աշակերտներն ունեին Աստծու սուրբ ոգին։ բ) Առաջին դարում ի՞նչ նոր ուղի ընտրեց Եհովան իր նպատակն իրականացնելու համար։
9 Մ.թ. 33թ. Պենտեկոստեից սկսած՝ Եհովան իր սուրբ ոգով օծեց սերնդի երկրորդական մասի անդամներին, որոնցից շատերը Աբրահամի ժառանգներ չէին (Հռոմ. 8։15–17; Գաղ. 3։29)։ Ի՞նչն էր վկայում, որ առաջին դարի աշակերտներն ունեին Աստծու սուրբ ոգին։ Նրանք կարողանում էին եռանդորեն քարոզել և զորավոր գործեր անել (Գործ. 1։8; 2։1–4; 1 Կորնթ. 12։7–11)։ Այդ ամենից երևում էր, որ Եհովան մի նոր ուղի է ընտրել իր նպատակն իրականացնելու համար։ Նա այլևս չէր ընդունում երկրպագության հին ձևը և չէր ցանկանում, որ իրեն երկրպագեն Երուսաղեմի տաճարում։ Ուստի հիմնեց քրիստոնեական ժողովը, որը վայելում էր իր հավանությունը։ Այդ ժամանակվանից Եհովան սկսեց իր նպատակներն իրագործել այդ ժողովի միջոցով։
10 Ինչպես տեսանք, հնում Աստված իր նպատակն իրականացնելու համար մի քանի ձևերով է օգտագործել սուրբ ոգին. նա պաշտպանել, զորացրել և օծել է իր ոգով։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Ինչպե՞ս է այսօր Աստված օգտագործում սուրբ ոգին իր նպատակին հասնելու համար։ Անշուշտ, մենք պետք է իմանանք այս հարցերի պատասխանները, քանի որ ցանկանում ենք վարվել Աստծու ոգուն ներդաշնակ։ Ուստի եկեք քննենք, թե որ չորս միջոցներով է Եհովան օգտագործում իր սուրբ ոգին այսօր։
Սուրբ ոգու դերն այսօր
11. Ինչի՞ց է երևում, որ սուրբ ոգին օգնում է Աստծու ժողովրդին մաքուր լինելու, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ այն ներգործում է մեզ վրա։
11 Առաջին՝ սուրբ ոգին օգնում է Աստծու ժողովրդին մաքուր լինելու։ Նրանք, ովքեր ծառայում են Եհովային, պետք է բարոյապես մաքուր լինեն (կարդա՛ 1 Կորնթացիներ 6։9–11)։ Որոշ անհատներ նախքան ճշմարտությունն իմանալը այնպիսի արարքներ են գործել, ինչպիսիք են պոռնկությունը, շնությունը և համասեռամոլությունը։ Մեղավոր ցանկությունները գուցե արմատացած են եղել նրանց մեջ (Հակ. 1։14, 15)։ Սակայն այդ մարդիկ «լվացվել են»՝ ցույց տալով, որ անհրաժեշտ փոփոխություններ են կատարել Աստծուն հաճեցնելու համար։ Ի՞նչն է օգնում աստվածավախ մարդկանց դիմադրելու սխալ ցանկություններին։ «Մեր Աստծու ոգին»,— ասվում է 1 Կորնթացիներ 6։11–ում։ Բարոյապես մաքուր մնալով՝ թույլ կտանք, որ սուրբ ոգին ազդի մեզ վրա։
12. ա) Ըստ Եզեկիելի տեսիլքի՝ ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր կազմակերպությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք գործել սուրբ ոգուն ներդաշնակ։
12 Երկրորդ՝ Եհովան սուրբ ոգով առաջնորդում է իր կազմակերպությունը։ Եզեկիել մարգարեի տեսիլքում նկարագրված կառքը խորհրդանշում է Աստծու կազմակերպության երկնային մասը։ Այն սրընթաց առաջ է շարժվում Եհովայի նպատակն իրականացնելու համար։ Սակայն ինչի՞ շնորհիվ՝ սուրբ ոգու (Եզեկ. 1։20, 21)։ Հիշենք, որ Աստծու կազմակերպությունը բաղկացած է երկու մասից՝ երկնային և երկրային։ Եթե Աստծու կազմակերպության երկնային մասն առաջնորդվում է սուրբ ոգով, ապա տրամաբանական է, որ երկրային մասը նույնպես առաջնորդվում է այդ ոգով։ Ուստի եթե հնազանդվում և հավատարիմ ենք մնում Աստծու կազմակերպության երկրային մասին, ապա համաքայլ ենք ընթանում Եհովայի երկնային կառքի հետ և գործում ենք նրա սուրբ ոգուն ներդաշնակ (Եբր. 13։17)։
13, 14. ա) Ովքե՞ր են մտնում «այս սերնդի» մեջ։ բ) Ինչպե՞ս են սուրբ ոգու միջոցով բացահայտվում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Բե՛ր օրինակ (տե՛ս «Ընդունո՞ւմ ես նոր ճշմարտությունները» շրջանակը)։
13 Երրորդ՝ Եհովան իր սուրբ ոգու միջոցով օգնում է մեզ հասկանալու աստվածաշնչյան ճշմարտությունները (Առակ. 4։18)։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» երկար տարիներ է, ինչ օգտագործում է այս պարբերագիրը որպես գլխավոր միջոց՝ աստիճանաբար բացահայտվող ճշմարտությունները տպագրելու համար (Մատթ. 24։45)։ «Դիտարան» պարբերագրում, օրինակ, բացատրվել է «այս սերունդը» արտահայտության իմաստը (կարդա՛ Մատթեոս 24։32–34)։ «Քրիստոսի ներկայությունը ի՞նչ է նշանակում քեզ համար» հոդվածում գրված էր, որ Հիսուսը, «այս սերունդը» ասելով, նկատի չուներ չար աշխարհի մարդկանց։ Նա խոսում էր իր աշակերտների մասին, որոնք շուտով պետք է օծվեին սուրբ ոգովa։ Ինչպես առաջին դարում, այնպես էլ մեր օրերում օծյալ քրիստոնյաները ոչ միայն տեսնելու էին նշանը, այլև ըմբռնելու էին դրա իմաստը. նրանք լիովին հասկանալու էին, որ Հիսուսը «դռան շեմին է»։
14 Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Թեև մենք չենք կարող ճշգրիտ որոշել «այս սերնդին» առնչվող ժամանակահատվածի տևողությունը, այդուհանդերձ, տեղին կլինի հիշել այդ արտահայտության հետ կապված որոշ մանրամասներ։ Սովորաբար այն օգտագործվում է նույն ժամանակամիջոցում ապրող տարբեր տարիքի մարդկանց առնչությամբ, ունի սկիզբ ու վերջ և չափազանց երկար չի տևում (Ելից 1։6)։ Ուստի ինչպե՞ս պետք է հասկանանք «այս սերնդի» վերաբերյալ Հիսուսի խոսքերը։ Նա նկատի ուներ օծյալների խումբը։ Հետաքրքիր է, որ օծյալներից ոմանք, ովքեր տեսել են նշանի սկիզբը 1914 թ.–ին, անպայման չէ, որ կենդանի լինեն, երբ վերջը գա։ Գուցե նրանց մեծ մասը կամ բոլորը մահացած լինեն մինչև մեծ նեղությունը։ Սակայն մեծ նեղության ժամանակ կենդանի կլինեն այն օծյալները, ովքեր թեև չեն տեսել նշանի սկիզբը, սակայն մի որոշ ժամանակ տեսել են այդ նշանը տեսնող օծյալներին։ «Այս սերունդը» նույնպես ունեցել է սկիզբ և, անշուշտ, կունենա նաև վերջ։ Վերջին օրերի նշանի տարբեր երեսակների կատարումը հստակորեն վկայում է այն մասին, որ մեծ նեղությունը մոտ է։ Ընդունելով աստվածաշնչյան նոր ճշմարտությունները՝ կպահպանենք հրատապության ոգի և արթուն կմնանք, ինչպես նաև ցույց կտանք, որ հետևում ենք սուրբ ոգու առաջնորդությանը (Մարկ. 13։37)։
15. Ինչո՞ւ կարելի է ասել, որ բարի լուրը հնարավոր է քարոզել միայն սուրբ ոգու օգնությամբ։
15 Չորրորդ՝ սուրբ ոգին օգնում է մեզ հռչակելու Թագավորության լուրը (Գործ. 1։8)։ Ի վերջո, էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ բարի լուրը քարոզվում է ողջ աշխարհով մեկ։ Խորհիր. շատերի նման դու էլ գուցե չափից շատ ամաչկոտ լինելու կամ վախի պատճառով թերևս մտածել ես. «Ես երբեք չեմ կարողանա քարոզել տնից տուն»։ Սակայն հիմա եռանդորեն մասնակցում ես այդ գործինb։ Բազմաթիվ Եհովայի վկաներ էլ շարունակում են հավատարմորեն քարոզել՝ չնայած հակառակությանն ու հալածանքին։ Այո՛, միայն սուրբ ոգին կարող է զորացնել մեզ, որ հաղթահարենք ահ ներշնչող խոչընդոտները և անենք այնպիսի գործեր, որոնք երբեք սեփական ուժերով չէինք կարողանա անել (Միք. 3։8; Մատթ. 17։20)։ Ինչ խոսք, լիարժեքորեն մասնակցելով քարոզչության գործին՝ մենք հետևում ենք սուրբ ոգու առաջնորդությանը։
Սուրբ ոգու դերը ապագայում
16. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպաշտպանի իր ծառաներին մեծ նեղության ժամանակ։
16 Ապագայում նույնպես Եհովան կօգտագործի սուրբ ոգին իր նպատակը կատարելու համար։ Ինչպես տեսանք, անցյալում նա իր ոգով պաշտպանել է թե՛ առանձին անհատների և թե՛ մի ամբողջ ազգի։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ այդ նույն զորավոր ոգին կօգտագործի նաև ապագայում՝ պաշտպանելով իր ծառաներին մոտեցող մեծ նեղության ընթացքում։ Հարկ չկա ենթադրություններ անելու այն մասին, թե մեզ օգնելու համար կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկի Եհովան այդ ժամանակ։ Դրա փոխարեն՝ եկեք վստահությամբ նայենք ապագային՝ համոզված լինելով, որ Եհովան իր աչքը կպահի իրեն սիրողների վրա, և ինչ հանգամանքներում էլ որ հայտնվենք, սուրբ ոգին կօգնի մեզ (Բ Մնաց. 16։9; Սաղ. 139։7–12)։
17. Ինչպե՞ս է Եհովան օգտագործելու իր սուրբ ոգին նոր աշխարհում։
17 Ինչպե՞ս է Եհովան օգտագործելու իր սուրբ ոգին գալիք նոր աշխարհում։ Օրինակ՝ սուրբ ոգով ներշնչված նոր գրքեր են բացվելու (Հայտն. 20։12)։ Ակներևաբար, դրանք մանրամասն տեղեկություններ կպարունակեն Եհովայի պահանջների մասին, որոնց պետք է հետևենք Հազարամյակի ընթացքում։ Սրտի թրթիռո՞վ ես սպասում նոր աշխարհին, երբ կքննես այդ գրքերը։ Ինչևէ, մենք չենք կարող լիովին պատկերացնել, թե ինչպես ենք ապրելու այդ օրհնված ժամանակներում և թե ինչպես է Եհովան սուրբ ոգու միջոցով իրականացնելու իր նպատակը երկրի ու մարդկանց առնչությամբ։
18. Ի՞նչ ես վճռել անել։
18 Եկեք միշտ հիշենք, որ Եհովան անպայման կիրականացնի իր նպատակը, քանի որ միշտ գործի է դնում տիեզերքի ամենազորեղ ուժը՝ սուրբ ոգին։ Այդ նպատակը առնչվում է նաև քեզ։ Ուստի աղերսիր Աստծուն, որ տա իր սուրբ ոգին, և գործիր ոգու առաջնորդության համաձայն (Ղուկ. 11։13)։ Այսպես վարվելով՝ դու հնարավորություն կունենաս հավիտյան ապրելու դրախտային երկրում, ինչպես նպատակադրել էր Եհովան։
[Ծանոթագրություններ]
b «Դիտարանի» 1993 թ.–ի սեպտեմբերի 15–ի համարում (էջ 19, անգլ., ռուս.) կարող եք ընթերցել մի քրոջ մասին, որը հաղթահարել է ծայրաստիճան ամաչկոտությունը և դարձել է եռանդուն ծառայող։
Հիշո՞ւմ ես
• Իր նպատակը իրականացնելու համար Եհովան ինչպե՞ս է օգտագործել սուրբ ոգին անցյալում։
• Ինչպե՞ս է Եհովան օգտագործում սուրբ ոգին այսօր։
• Ինչպե՞ս է Եհովան օգտագործելու սուրբ ոգին ապագայում։
[Շրջանակ 10–րդ էջի վրա]
Ընդունո՞ւմ ես նոր ճշմարտությունները
Եհովան շարունակում է ճշմարտության լույսը սփռել իր ժողովրդի վրա։ Ուստի ժամանակի ընթացքում «Դիտարան» պարբերագրում որոշ ճշգրտումներ են մտցվել։ Ահա դրանցից մի քանիսը։
▪ Ի՞նչ է սովորեցնում Հիսուսի պատմած թթխմորի առակը հոգևոր աճի մասին (Մատթ. 13։33; 2008 թ. հուլիսի 15, էջ 19–20)։
▪ Ե՞րբ է քրիստոնյաների երկնային կանչը ավարտվելու (2007 թ. մայիսի 1, էջ 30–31)։
▪ Ի՞նչ է նշանակում երկրպագել Եհովային «ոգով» (Հովհ. 4։24; 2002 թ. հուլիսի 15, էջ 15)։
▪ Տաճարի ո՞ր մասում է «մեծ բազմությունը» ծառայություն մատուցում (Հայտն. 7։15; 2002 թ. մայիս 1, էջ 30–31)։
▪ Ե՞րբ է տեղի ունենալու «ոչխարների ու այծերի» բաժանումը (Մատթ. 25։31–33; 1999 թ. մայիսի 1, էջ 20)։