Յոթ միջոց Աստվածաշնչի ընթերցանությունը արդյունավետ դարձնելու համար
«Աստվածաշունչը երբևէ ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն է եղել։ Ներկայումս էլ այն տարեցտարի ավելի շատ է վաճառվում, քան ցանկացած ուրիշ գիրք» («ԹԱՅՄ» ՀԱՆԴԵՍ)։
«Ես երբեմն կարդում եմ Աստվածաշունչ, բայց այն ինձ համար չափազանց ձանձրալի է» (ՔԻՏ, ԱՆԳԼԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏ)։
ԱՅՍՕՐ շատերն են Աստվածաշունչ ընթերցում։ Ոմանք իրենց ընթերցանությունից քիչ օգուտներ են քաղում։ Սակայն ոմանց համար էլ շատ թանկ է այն, ինչ կարդում են Աստվածաշնչում։ Օրինակ՝ Նենսի անունով մի կին պատմում է. «Ինչ սկսել եմ ամեն առավոտ Աստվածաշունչ կարդալ և խորհրդածել կարդացածիս շուրջ, ինձ ավելի վստահ եմ զգում, որ կկարողանամ դիմագրավել ցանկացած դժվարություն, որին գուցե բախվեմ օրվա ընթացքում։ Այդ սովորությունն ինձ օգնեց պայքարելու դեպրեսիայի դեմ, ինչը չեմ կարողացել անել ավելի քան 35 տարի»։
Եթե դու դեռ չես ընթերցել Աստվածաշունչը, մի՞թե հետաքրքիր չէ իմանալ, թե ոմանք ինչ օգուտներ են քաղել դրանից։ Իսկ եթե արդեն ընթերցում ես, չե՞ս ցանկանա ավելի մեծ օգուտներ քաղել Աստվածաշնչի քո ընթերցանությունից։ Փորձիր կիրառել հետևյալ յոթ միջոցները, որոնք անկասկած կօգնեն քեզ այդ հարցում։
1 Ճիշտ մղումներով ընթերցիր
◼ Հնարավոր է՝ մարդիկ Աստվածաշունչն ընթերցեն որպես գեղարվեստական գիրք կամ գուցե պարտավորված զգան այն կարդալու։ Կամ էլ գուցե այն կարդան միայն այն նպատակով, որ այս դժվար ժամանակներում լավ առաջնորդություն գտնեն։ Սակայն ավելի մեծ օգուտներ կքաղես, եթե քո նպատակը լինի Աստծու մասին ճշմարտությունն իմանալը։ Մեծապես կօրհնվես, եթե ձգտես տեսնել, թե Աստվածաշնչի պատգամը ինչպես կարող է ներգործել քո կյանքի վրա։
Աստվածաշունչն ընդգծում է ճիշտ մղումներով ընթերցելու կարևորությունը՝ ինքն իրեն համեմատելով հայելու հետ. «Եթե մեկը խոսքը լսող է և ոչ թե կատարող, նա նման է մի մարդու, որը հայելու մեջ իր բնական դեմքին է նայում։ Որովհետև նա նայում է իրեն ու հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր ինքը։ Բայց նա, ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքի մեջ և հարատևում է նրանում, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող, երջանիկ կլինի՝ այն կատարելով» (Հակոբոս 1։23–25)։
Այս օրինակում մարդը հայելու մեջ նայում է իր դեմքին, բայց ոչինչ չի անում իր արտաքինը փոխելու համար։ Գուցե պատճառն այն է, որ նա պարզապես մի հայացք է նետում հայելու մեջ կամ էլ չի ուզում որևէ բան փոխել։ Նույն կերպով էլ Աստվածաշնչի մեր ընթերցանությունից օգուտ չենք ստանա, եթե այն անուշադիր կարդանք կամ մեր կարդացածը չկիրառենք։ Իսկ եթե ձգտենք հասկանալ Աստվածաշունչը և ցանկանանք խոսքը «կատարող» լինել, այսինքն՝ թույլ տանք, որ Աստված ձևավորի մեր մտածելակերպն ու գործերը, իսկական երջանկություն կգտնենք։
2 Վստահելի թարգմանություն ընտրիր
◼ Ամենայն հավանականությամբ քո մայրենի լեզվով Աստվածաշնչի մի քանի թարգմանություններ կան։ Իհարկե, Աստծու Խոսքի ցանկացած թարգմանություն կարող է օգտակար լինել, սակայն որոշ թարգմանություններում օգտագործված լեզուն հնացած է և դժվարհասկանալի «հասարակ մարդկանց» համար (Գործեր 4։13)։ Որոշ թարգմանություններում նույնիսկ փոխված է Աստվածաշնչի պատգամը և համաձայնեցված ընդունված ավանդույթներին։ Օրինակ՝ ինչպես տեսանք այս պարբերագրի առաջին հոդվածներում, որոշ թարգմանություններում Աստծու անունը՝ Եհովա, փոխարինվել է «Աստված» կամ «Տեր» տիտղոսներով։ Ուստի լավ կլինի ընտրել Աստվածաշնչի այնպիսի թարգմանություն, որը ճշգրիտ է, հասկանալի լեզվով է գրված և հաճելի է ընթերցել։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր ընթերցողներ կարող են հաստատել, որ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը հենց այդպիսին էa։ Տեսնենք, թե ինչ է ասում Բուլղարիայում ապրող մի տարեց մարդ։ Մի անգամ նա գնացել էր Եհովայի վկաների ժողովի հանդիպումներից մեկը, և նրան Աստվածաշնչի այս թարգմանության մի օրինակ էին նվիրել։ Նա պատմում է. «Ես երկար տարիներ Աստվածաշունչ եմ կարդացել, բայց երբեք այսպիսի դյուրըմբռնելի և սրտին մոտ թարգմանության չեմ հանդիպել»։
3 Աղոթիր
◼ Աստվածաշունչը ավելի լավ հասկանալու համար հարկավոր է դիմել այդ գրքի Հեղինակի օգնությանը, ինչպես որ սաղմոսերգուն արեց։ Նա խնդրեց Աստծուն. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119։18)։ Ամեն անգամ Աստվածաշունչը կարդալուց առաջ աղոթիր Աստծուն, որ օգնի քեզ հասկանալու իր Խոսքը։ Կարող ես նաև շնորհակալություն հայտնել Աստծուն իր Խոսքի համար, քանի որ առանց այդ գրքի անհնար կլիներ ճանաչել նրան (Սաղմոս 119։62)։
Իսկ Աստված լսո՞ւմ է այդպիսի աղոթքները։ Քննարկենք Ուրուգվայում բնակվող երկու հարազատ քույրերի օրինակը։ Այդ երիտասարդ աղջիկները Աստվածաշնչից կարդացել էին Դանիել 2։44-ը և ցանկանում էին հասկանալ այդ խոսքերի իմաստը։ Ուստի աղոթեցին Աստծուն, որ ինչ-որ մեկին ուղարկի իրենց օգնելու։ Նրանք դեռ չէին փակել իրենց Աստվածաշունչը, երբ երկու Եհովայի վկաներ թակեցին նրանց դուռը, Աստվածաշնչից կարդացին հենց այդ համարը և բացատրեցին, որ մարդկային կառավարություններին շուտով փոխարինելու է Աստծու Թագավորությունըb։ Այդ քույրերը հասկացան, որ դա իրենց աղոթքի պատասխանն էր։
4 Կարդա ամեն օր
◼ Շատերը օգնության համար դիմում են Աստծու Խոսքին միայն այն ժամանակ, երբ նեղության մեջ են ընկնում։ Օրինակ՝ մի հրատարակիչ նշում է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին Միացյալ նահանգներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի շատ Աստվածաշնչեր սկսեցին վաճառվել։ Սակայն հենց ինքը Աստվածաշունչը խորհուրդ է տալիս կարդալ այն ամեն օր։ Այնտեղ ասվում է. «Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես» (Յեսու 1։8)։
Թե մեզ համար որքան արժեքավոր կարող է լինել Աստվածաշունչն ամեն օր կարդալը, կարելի է պարզաբանել օրինակով։ Պատկերացրու մի մարդու, որը սրտամկանի ինֆարկտից հետո որոշում է ավելի առողջարար կերակուր ուտել։ Սակայն այդ կերակուրը կօգնի՞ նրան, եթե ուտի միայն այն ժամանակ, երբ կրծքավանդակում սուր ցավ զգա։ Իհարկե ոչ։ Նա պետք է կանոնավորաբար առողջ սննդակարգի հետևի, որպեսզի լավագույն օգուտները ստանա։ Նմանապես, Աստվածաշունչը ամեն օր ընթերցելով է, որ կկարողանաս քո «ճանապարհները յաջողակ անել»։
5 Բազմազանություն մտցրու
◼ Աստվածաշնչի գրքերը հերթականությամբ՝ Ծննդոցից մինչև Հայտնություն կարդալուց բացի, կան նաև ընթերցանության այլ ծրագրեր, որոնք կարող են թարմություն պատճառել քեզ։ Ահա մի քանի օրինակներ։
Որևէ կերպարի ուսումնասիրություն։ Կարդա բոլոր այն հատվածները, որոնք խոսում են Աստծու երկրպագուներից կոնկրետ մեկի մասին։ Օրինակ՝
• Հովսեփ. Ծննդոց 37–50 գլուխներ
• Հռութ. Հռութ 1–3 գլուխներ
• Հիսուս. Մատթեոս 1–28, Մարկոս 1–16, Ղուկաս 1–24, Հովհաննես 1–21 գլուխներc։
Թեմատիկ ուսումնասիրություն։ Քեզ հետաքրքրող մի թեմա ընտրիր և գտիր Աստվածաշնչի բոլոր այն հատվածները, որոնք խոսում են այդ մասին։ Օրինակ՝ եթե ընտրել ես աղոթքի թեման, այդ թեմայի շուրջ փնտրտուքներ արա և կարդա Աստվածաշնչում արձանագրված աղոթքներն ու այն հատվածները, որտեղ ասվում է, թե ինչպես է հարկավոր աղոթելd։
Բարձրաձայն ընթերցանություն։ Աստվածաշունչը բարձրաձայն կարդալով՝ մեծ օգուտներ կստանաս (Հայտնություն 1։3)։ Կարող ես կարդալ ընտանիքիդ հետ միասին՝ կա՛մ պարբերությունները հերթով կարդալով, կա՛մ էլ դերերը իրար մեջ բաժանելով։ Ոմանց համար էլ հարմար է լսել Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրությունը։ Մի կին պատմում է. «Ինձ համար դժվար էր սկսել Աստվածաշունչը կարդալ, ուստի սկսեցի լսել ձայնագրությունը։ Այժմ հասկանում եմ, որ Աստվածաշունչը ավելի հետաքրքիր գիրք է, քան ցանկացած գեղեցիկ վեպ»։
6 Խորհրդածիր
◼ Այսօրվա կյանքի տեմպը թույլ չի տալիս կանգ առնել ու որևէ բանի շուրջ խորհրդածել։ Սակայն ինչպես որ կերակուրն է հարկավոր մարսել, որպեսզի մեր օրգանիզմը սնունդ ստանա, այնպես էլ հարկավոր է խորհրդածել Աստվածաշնչից մեր ընթերցածի շուրջ, որպեսզի օգուտներ քաղենք։ Մենք անում ենք դա՝ մտովի վերլուծելով մեր կարդացածը և ինքներս մեզ հարցնելով. «Ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Ինչպե՞ս է սա ինձ վերաբերում։ Ինչպե՞ս կարող եմ այս տեղեկությունն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։
Այսպիսի մտածելակերպը թույլ կտա, որ Աստվածաշնչի պատգամը հասնի մեր սրտին, և ավելի մեծ ուրախություն կստանանք Աստծու Խոսքն ընթերցելուց։ Սաղմոս 119։97-ում գրված է. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը»։ Ընթերցածի շուրջ խորհրդածելու շնորհիվ սաղմոսերգուի սրտում ուժգին սեր էր առաջացել Աստծու Խոսքի հանդեպ։
7 Հասկանալու համար օգնության դիմիր
◼ Աստված չի ակնկալում, որ մենք ինքնուրույն իր Խոսքը լիովին կհասկանանք։ Նույնիսկ Աստվածաշնչում է գրված, որ այնտեղ որոշ «դժվարհասկանալի բաներ կան» (2 Պետրոս 3։16)։ «Գործեր» գրքում նկարագրվում է մի դեպք, երբ եթովպացի մի պաշտոնյա Աստվածաշնչից մի հատված էր կարդում և չէր հասկանում իմաստը։ Աստված իր ծառաներից մեկին օգնության ուղարկեց, և այդ եթովպացին «ուրախանալով շարունակեց իր ճանապարհը» (Գործեր 8։26–39)։
Քեզ նույնպես կարող են օգնել հասկանալու Աստվածաշնչից ընթերցածդ և օգուտներ ստանալու։ Կապ հաստատիր քո տարածքում բնակվող Եհովայի վկաների հետ կամ գրիր 4-րդ էջում նշված քեզ հարմար հասցեով, և նրանք Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն կանցկացնեն քեզ հետ։
[Ծանոթագրություններ]
a «Նոր աշխարհ» թարգմանությունը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից, ամբողջությամբ կամ մասամբ տպագրվել է 83 լեզուներով և www.watchtower.org ինտերնետային կայքում առկա է 17 լեզուներով։
b Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, թե ինչ է Աստծու Թագավորությունը և ինչ է այն անելու, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։
c Եթե պատրաստվում ես առաջին անգամ ընթերցել Աստվածաշունչը, կարող ես սկսել Հիսուսի ծառայության մասին պատմող Մարկոսի Ավետարանից, քանի որ այդ գիրքը արագ ու հեշտ է ընթերցվում։
d «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը շատերին է օգնել, որպեսզի թեմատիկ ուսումնասիրություն կատարեն։ Օրինակ՝ այդ գրքի 17-րդ գլուխը ամբողջությամբ խոսում է աղոթքի մասին։