Պատանինե՛ր, առաջնորդվեք Աստծու Խոսքով
«Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն» (ԱՌԱԿ. 4։5)։
1, 2. ա) Ի՞նչն օգնեց Պողոս առաքյալին հաղթանակած դուրս գալու ներքին պայքարից։ բ) Ինչպե՞ս կարող ես իմաստություն և հասկացողություն ձեռք բերել։
«ԵՐԲ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է»։ Գիտե՞ս, թե ով է ասել այս խոսքերը՝ Պողոս առաքյալը։ Թեև նա սիրում էր Եհովային, երբեմն պայքարում էր ճիշտն անելու համար։ Ի՞նչ էր նա զգում այս ներքին պայքարի ժամանակ։ «Ի՜նչ թշվառ մարդ եմ ես»,— գրեց նա (Հռոմ. 7։21–24)։ Ծանո՞թ են քեզ Պողոսի զգացումները։ Քեզ է՞լ է երբեմն դժվար լինում անել այն, ինչ ճիշտ է։ Այդ պատճառով հուսահատվո՞ւմ ես, ինչպես Պողոսը։ Եթե այո, մի՛ վհատվիր։ Առաքյալը կարողացավ հաղթանակած դուրս գալ, դու նույնպես կարող ես։
2 Պողոսին դա հաջողվեց, քանի որ նա թույլ տվեց, որ «առողջ խոսքերը» առաջնորդեն իրեն (2 Տիմոթ. 1։13, 14)։ Արդյունքում առաքյալը անհրաժեշտ իմաստություն ու հասկացողություն ստացավ դժվարությունները հաղթահարելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Եհովա Աստված կարող է օգնել քեզ ստանալու իմաստություն և հասկացողություն (Առակ. 4։5)։ Նա իր Խոսքում՝ Աստվածաշնչում, արձանագրել է լավագույն խորհուրդները (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16, 17)։ Եկ քննենք, թե աստվածաշնչյան սկզբունքներն ինչպես կարող են օգնել քեզ, երբ ծնողների հետ ես առնչվում, տնօրինում ես փողը և երբ մենակ ես։
Ընտանիքում
3, 4. Ինչո՞ւ կարող է քեզ համար դժվար լինել հնազանդվել ծնողներիդ սահմանած կանոններին, բայցևայնպես, ինչո՞ւ են նրանք կանոններ սահմանում։
3 Քեզ համար դժվա՞ր է ապրել ծնողներիդ սահմանած կանոններով։ Եթե այո, ապա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ դու ավելի մեծ ազատության ես ձգտում։ Գիտե՞ս, այսպիսի ցանկությունը բնական է։ Այն բնորոշ է անցումային շրջանին։ Սակայն քանի դեռ ծնողներիդ հետ ես ապրում, պարտավոր ես հնազանդվել նրանց (Եփես. 6։1–3)։
4 Երբ հասկանաս, թե ինչու են ծնողներդ կանոններ և պահանջներ դնում քո առաջ, ավելի հեշտությամբ կենթարկվես դրանց։ Երբեմն գուցե ունենաս այն նույն զգացումները, որն ուներ 18-ամյա Բրիելըa, որն իր ծնողների մասին հետևյալն ասաց. «Նրանք մոռանում են, թե ինչ է նշանակում լինել իմ տարիքին։ Չեն ուզում, որ իմ կարծիքն ասեմ, ինքս որոշումներ կայացնեմ և չափահաս մարդ դառնամ»։ Բրիելի նման՝ դու էլ գուցե այնպիսի զգացում ունենաս, թե ծնողներդ քեզ քիչ ազատություն են տալիս, քան քո կարծիքով՝ պիտի տան։ Այնուհանդերձ, նրանք կանոններ են սահմանում գլխավորապես այն պատճառով, որ հոգ են տանում քո մասին։ Ավելին, քրիստոնյա ծնողները գիտեն, որ իրենք հաշվետու են Եհովային այն բանի համար, թե ինչպես են հոգ տանում քո մասին (1 Տիմոթ. 5։8)։
5. Ծնողներիդ հնազանդվելն ինչպե՞ս կարող է օգտակար լինել քեզ համար։
5 Ծնողներիդ կանոններին հնազանդվելը նման է այն բանին, որ խանութից պարտքով ապրանք ես վերցնում։ Որքան վստահելի լինես փողը վճարելու հարցում, այնքան խանութի աշխատողները ավելի հակված կլինեն քեզ ընդառաջելու։ Նմանապես, կարելի է ասել, որ դու ծնողներիդ պարտք ես հարգանք և հնազանդություն (կարդա՛ Առակներ 1։8)։ Որքան հնազանդ լինես, այնքան ծնողներդ ավելի հակված կլինեն քեզ վստահելու և շատ ազատություն տալու (Ղուկ. 16։10)։ Ինչ խոսք, եթե շարունակաբար խախտես ծնողներիդ կանոնները, չպետք է անակնկալի գաս, երբ նրանք այլևս թույլ չտան քեզ «խանութից պարտքով ապրանք վերցնել»։
6. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել պատանիներին հնազանդ լինելու։
6 Միջոցներից մեկը, թե ինչպես ծնողները կարող են օգնել պատանիներին հնազանդվելու կանոններին, իրենց անձնական օրինակն է։ Եհովայի պահանջներին նրանց պատրաստակամ հնազանդությունը ցույց կտա, որ Աստծու կանոնները ողջամիտ են։ Դա կօգնի պատանիներին հասկանալու, որ ողջամիտ է հնազանդվել ծնողների դրած կանոններին (1 Հովհ. 5։3)։ Ուրախալի է, որ Աստվածաշնչում կան արձանագրված դեպքեր, երբ Եհովան իր ծառաներին նույնիսկ հնարավորություն է տվել արտահայտելու այն, ինչ մտածում են որոշ հարցերի մասին (Ծննդ. 18։22–32; 1 Թագ. 22։19–22)։ Մի՞թե ծնողներն էլ չպետք է ժամանակ առ ժամանակ երեխաներին հնարավորություն տան արտահայտելու իրենց կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ։
7, 8. ա) Ի՞նչ դժվարության են բախվում որոշ պատանիներ։ բ) Ի՞նչ գիտակցելը կօգնի քեզ օգուտ քաղելու խրատից։
7 Պատանիները կարող են նաև քննադատության ենթարկվել իրենց ծնողների կողմից, ինչն իրենց թերևս անարդարացի թվա։ Երբեմն կարող ես ունենալ այն նույն զգացումները, որ ունի Քրեյգ անունով մի պատանի։ Նա ասում է. «Մայրս ոնց որ գլխիս ոստիկան լինի, միշտ սխալներ է փնտրում»։
8 Հաճախ մեզ ուղղում կամ խրատում են քննադատելով։ Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ տեղին տրված խրատը դժվար է ընդունել (Եբր. 12։11)։ Ի՞նչը կօգնի քեզ օգուտներ քաղելու խրատից։ Կարևոր է հիշել, որ ծնողներդ խորհուրդ են տալիս սիրուց մղված (Առակ. 3։12)։ Նրանք ուզում են քեզ պաշտպանել վատ սովորություններից և օգնել զարգացնելու լավ սովորություններ։ Ծնողներդ հավանաբար գիտակցում են, որ եթե չեն խրատում, ուրեմն ատում են քեզ (կարդա՛ Առակներ 13։24)։ Նաև հասկացիր, որ դու սովորում ես դասեր քաղել քո սխալներից։ Ուստի երբ քեզ ուղղում են, փորձիր կենտրոնանալ ասված խոսքերի իմաստուն մտքերի վրա։ «Իմաստություն ձեռք բերելն ավելի լավ է, քան արծաթ ձեռք բերելը, և նրանից ստացած շահույթը ավելին է, քան ոսկուց ստացածը» (Առակ. 3։13, 14)։
9. Փոխարեն մտածելու, թե իրենց հետ անարդարացի են վարվել՝ ի՞նչ կարող են անել պատանիները։
9 Մի՛ մոռացիր, որ ծնողներդ էլ են սխալներ թույլ տալիս (Հակ. 3։2)։ Երբ խրատում են քեզ, երբեմն գուցե անմտածված խոսքեր ասեն (Առակ. 12։18)։ Ի՞նչը կարող է դրդել նրանց այդպես վարվելու։ Հնարավոր է՝ սթրեսի մեջ լինեն կամ էլ քո սխալը համարեն իրենց թերացումը։ Փոխարեն մտածելու, թե քեզ հետ անարդարացի են վարվել՝ փորձիր երախտագետ լինել քեզ օգնելու համար թափած նրանց անկեղծ ջանքերի համար։ Խրատն ընդունելը օգուտներ կբերի քեզ, երբ չափահաս դառնաս։
10. Ինչպե՞ս կարող ես ավելի արդյունավետորեն արձագանքել ծնողներիդ խրատներին ու նրանց դրած կանոններին։
10 Կուզեի՞ր, որ քեզ համար ավելի հեշտ լիներ ընդունել և օգուտներ քաղել ծնողներիդ խրատներից և նրանց դրած կանոններից։ Եթե այո, ուրեմն պետք է բարելավես հաղորդակցվելու հմտություններդ։ Իսկ ինչպե՞ս։ Առաջին քայլը լսելն է։ «Արագ եղեք լսելու մեջ,— ասում է Աստվածաշունչը,— դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակ. 1։19)։ Արագ արդարանալու փոխարեն՝ փորձիր ղեկավարել էմոցիաներդ և լսել ծնողներիդ։ Կենտրոնացիր նրանց ասածների և ոչ թե ասելու ձևի վրա։ Այնուհետև հարգալից կերպով քո բառերով կրկնիր ծնողներիդ ասածը՝ ցույց տալով, որ հասկացել ես նրանց։ Եթե այդպես վարվես, կվստահեցնես, որ լսել ես նրանց ասածները։ Իսկ եթե ցանկանում ես բացատրություն տալ ասածիդ կամ արածիդ համար, շատ դեպքերում իմաստուն կլինի «շուրթերդ հսկել», մինչև որ կատարես ծնողներիդ ցանկությունները (Առակ. 10։19)։ Եթե նրանք տեսնեն, որ լսում ես իրենց, ավելի շատ հակված կլինեն լսելու քեզ։ Այսպիսի հասուն մոտեցումը կապացուցի, որ առաջնորդվում ես Աստծու Խոսքով։
Փողը տնօրինելիս
11, 12. ա) Ի՞նչ է քաջալերում մեզ Աստծու Խոսքը փողի առնչությամբ և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս կարող են ծնողներդ օգնել քեզ տնօրինելու փողը։
11 «Փողը պաշտպանություն է տալիս»,— ասում է Աստվածաշունչը։ Սակայն նույն համարում ասվում է նաև, որ իմաստությունը փողից ավելի արժեքավոր է (Ժող. 7։12)։ Աստծու Խոսքը քաջալերում է մեզ ոչ թե սիրել փողը, այլ ճիշտ տեսակետ ունենալ դրա հանդեպ։ Իսկ ինչո՞ւ պետք է խուսափես փողի հանդեպ սեր զարգացնելուց։ Մտածիր այս օրինակի շուրջ. հմուտ խոհարարի ձեռքում սուր դանակը օգտակար գործիք է։ Մինչդեռ լինելով անփույթ ու անզգույշ մարդու ձեռքին՝ այն կարող է լուրջ վնասներ հասցնել։ Եթե հմտորեն օգտագործենք փողը, այն օգտակար կլինի։ Այնուհանդերձ, նրանք, ովքեր «որոշում են հարստանալ», հաճախ զոհում են ընկերությունը, ընտանիքը և նույնիսկ Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները։ Արդյունքում խոցում են իրենց «շատ ցավերով» (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։
12 Ինչպե՞ս կարող ես հմտորեն տնօրինել փողերդ։ Կարո՞ղ ես խնդրել ծնողներիդ, որ խորհուրդ տան քեզ այդ հարցում։ «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը, և հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում»,— գրեց Սողոմոնը (Առակ. 1։5)։ Աննա անունով մի երիտասարդ կին խնդրել էր ծնողներին, որ իրեն հմուտ առաջնորդություն տան։ Նա ասում է. «Հայրս սովորեցրել էր ինձ, թե ինչպես բյուջե կազմեմ, նաև ասել էր, թե որքան կարևոր է կազմակերպված լինել, երբ ընտանիքի փողերն ես ծախսում»։ Աննայի մայրը նույնպես նրան գործնական խորհուրդներ էր տվել։ «Նա ասել էր ինձ, թե որքան օգտակար է գնումներ անելուց առաջ համեմատել գները»,— պատմում է Աննան։ Իսկ ի՞նչ օգուտներ ստացավ նա։ «Այժմ կարողանում եմ տնօրինել իմ ֆինանսները։ Հետևում եմ, թե ինչ ծախսեր եմ անում, և դրա շնորհիվ խուսափում եմ անտեղի պարտքերից, ունեմ ազատություն, միտքս էլ խաղաղ է»,— պատասխանում է նա։
13. Ինչպե՞ս կարող ես զսպել քեզ, երբ ծախսում ես փողդ։
13 Գուցե արագ ես պարտքի տակ ընկնում, քանի որ առանց մտածելու իրեր ես գնում կամ փող ես ծախսում, որ պարզապես տպավորես ընկերներիդ։ Ինչպե՞ս կարող ես խուսափել այդ ծուղակներից։ Պետք է սովորես զսպել քեզ։ Այդպես է վարվում Էլենը, որը մոտ 20 տարեկան է։ «Երբ ընկերներիս հետ ինչ-որ տեղ եմ գնում,— ասում է նա,— նախօրոք պլանավորում և հաշվարկում եմ, թե որքան եմ ծախսելու.... Նաև ճիշտ եմ համարում գնումների գնալ միայն իմ այն ընկերների հետ, ովքեր ճիշտ են տնօրինում իրենց փողը, խրախուսում են ինձ համեմատել գները ու չգնել առաջին իսկ պատահած իրը»։
14. Ինչո՞ւ պետք է զգուշանաս «հարստության հրապույրից»։
14 Ինչ խոսք, գումար վաստակելն ու այն տնօրինելը կարևոր են։ Սակայն Հիսուսն ասաց, որ իրականում երջանիկ են նրանք, ովքեր «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Նա զգուշացրեց, որ այնպիսի բաները, ինչպիսին «հարստության հրապույրն» է, կարող են խեղդել հոգևոր բաների հանդեպ անհատի հետաքրքրությունը (Մարկ. 4։19)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ հավասարակշռված տեսակետ ունենաս փողի հանդեպ և թույլ տաս, որ Աստծու Խոսքն առաջնորդի քեզ։
Երբ մենակ ես
15. Ավելի շատ ե՞րբ է հավանական, որ Աստծու հանդեպ քո նվիրվածությունը կփորձվի։
15 Ի՞նչ ես կարծում, ե՞րբ է Աստծու հանդեպ քո նվիրվածությունը ավելի շատ փորձվում, երբ ուրիշների հե՞տ ես, թե՞ երբ մենակ ես։ Իրականում, դպրոցում կամ աշխատավայրում ավելի զգոն ես լինում հնարավոր հոգևոր վնասների նկատմամբ։ Բայց պիտի հիշես, որ բարոյական չափանիշները պահելու հարցում ավելի խոցելի ես դառնում, երբ հանգստանում ես և թուլացնում ես զգոնությունդ։
16. Ինչո՞ւ պետք է ցանկանաս հնազանդվել Եհովային, նույնիսկ երբ մենակ ես։
16 Ինչո՞ւ պետք է ցանկանաս հնազանդվել Եհովային, երբ մենակ ես։ Հիշիր հետևյալը. դու կարող ես կա՛մ տխրեցնել, կա՛մ ուրախացնել Եհովայի սիրտը (Ծննդ. 6։5, 6; Առակ. 27։11)։ Աստված անտարբեր չէ քո արարքների հանդեպ, քանի որ «հոգ է տանում քո մասին» (1 Պետ. 5։7)։ Նա ցանկանում է, որ լսես իրեն, որպեսզի օգուտներ ստանաս (Ես. 48։17, 18)։ Երբ հին Իսրայելում Եհովայի որոշ ծառաներ արհամարհեցին նրա տված խորհուրդը, նա ցավ զգաց (Սաղ. 78։40, 41)։ Սակայն մյուս կողմից՝ Եհովան խոր սեր էր տածում Դանիել մարգարեի նկատմամբ, և դա երևում է այն բանից, որ հրեշտակը նրան անվանեց «թանկագին մարդ» (Դան. 10։11)։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ Դանիելը նվիրված մնաց Աստծուն ոչ միայն մարդկանց մեջ, այլև երբ մենակ էր (կարդա՛ Դանիել 6։10)։
17. Ինչպիսի՞ հարցեր կարող ես տալ ինքդ քեզ, երբ զվարճության որևէ ձև ես ընտրում։
17 Որպեսզի նվիրված մնաս Աստծուն, երբ մենակ ես, պետք է զարգացնես «ըմբռնողականությունդ.... ճիշտն ու սխալը զանազանելու համար», այնուհետև մարզես այն՝ «գործադրելով»՝ անելով այն, ինչը գիտես, որ ճիշտ է (Եբր. 5։14)։ Օրինակ՝ երբ ընտրում ես, թե ինչ երաժշտություն լսել, ինչ ֆիլմ դիտել կամ Ինտերնետի որ կայքերից օգտվել, հետևյալ հարցերը տուր քեզ, որ ճիշտն անես և խուսափես սխալ արարքներից. «Այս նյութը կօգնի՞ ինձ կարեկից լինելու, թե՞ հակառակը՝ կդրդի, որ «ուրիշի փորձանքի վրա» ուրախանամ» (Առակ. 17։5)։ «Կօգնի՞ ինձ «սիրել բարին», թե՞ դրա պատճառով դժվար կլինի «ատել չարը»» (Ամոս 5։15)։ Այն, ինչով զբաղվում ես, երբ մենակ ես, ցույց է տալիս, թե ինչն ես իրականում գնահատում (Ղուկ. 6։45)։
18. Ի՞նչ պետք է անես, եթե գաղտնաբար սխալ արարք ես գործել, և ինչո՞ւ։
18 Ի՞նչ պետք է անես, եթե գաղտնաբար մի արարք ես գործել, որը գիտես՝ սխալ է։ Հիշի՛ր, որ «իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակ. 28։13)։ Որքա՜ն անխոհեմ կլինի շարունակել սխալ ընթացքը և «տրտմեցնել Աստծու սուրբ ոգին» (Եփես. 4։30)։ Թե՛ Աստծու, թե՛ ծնողներիդ և թե՛ ինքդ քո առաջ պատասխանատվություն ես կրում խոստովանել ցանկացած սխալ արարք։ Այս առնչությամբ «ժողովի երեցները» մեծապես կարող են օգնել քեզ։ Հակոբոս աշակերտն ասում է. «Թող նրանք աղոթեն [սխալ գործողի] համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան։ Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հակ. 5։14, 15)։ Իհարկե, սխալ արարքդ խոստովանելը կարող է քեզ դժվարին վիճակի մեջ գցել, և հետևանքներն էլ գուցե տհաճ լինեն։ Բայց եթե օգնություն խնդրելու քաջություն ունենաս, կխուսափես հետագա վնասներից և թեթևություն կզգաս, քանի որ խիղճդ մաքուր կլինի (Սաղ. 32։1–5)։
Ուրախացրու Եհովայի սիրտը
19, 20. Ի՞նչ է Եհովան ցանկանում քեզ, և ի՞նչ պետք է դու անես։
19 Եհովան «երջանիկ Աստված» է և ուզում է, որ դու էլ երջանիկ լինես (1 Տիմոթ. 1։11)։ Նա անկեղծորեն հետաքրքրված է քեզանով։ Նույնիսկ եթե ոչ ոք չի նկատում այն ջանքերը, որ ներդնում ես ճիշտն անելու համար, Աստված նկատում է։ Ոչինչ չի վրիպում նրա աչքից։ Նա նայում է ոչ թե սխալ գտնելու, այլ ճիշտն անելու հարցում քեզ աջակցելու համար։ Աստծու «աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։
20 Ուստի թո՛ւյլ տուր, որ Աստծու Խոսքը առաջնորդի քեզ, և կիրառի՛ր նրանում գրված խորհուրդները։ Այդպիսով անհրաժեշտ իմաստություն ու հասկացողություն կստանաս դժվարությունները հաղթահարելու և կյանքում բարդ որոշումներ կայացնելու համար։ Դու ոչ միայն կհաճեցնես ծնողներիդ ու Եհովային, այլև երջանիկ կյանք կունենաս։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ կարող են անել պատանիները, որ ընդունեն ծնողների խրատներն ու նրանց դրած կանոնները և օգուտներ ստանան դրանցից։
• Ինչո՞ւ է կարևոր հավասարակշռված տեսակետ ունենալ փողի հանդեպ։
• Ինչպե՞ս կարող ես նվիրված մնալ Աստծուն, նույնիսկ երբ մենակ ես։
[Նկար 6-րդ էջի վրա]
Նվիրված կմնա՞ս Աստծուն, երբ մենակ լինես