Բավականություն ստանո՞ւմ ես Աստծու Խոսքից
«ԵՐԲ սկսեցի կանոնավորաբար Աստվածաշունչ կարդալ, զգացի, որ ավելի շատ ձանձրանում եմ, քան բավականություն ստանում,— ասում է Լորենը։— Դժվարությամբ էի հասկանում այն, դրա համար էլ հաճախ մտքերս թափառում էին»։
Ուրիշները պատմում են, որ իրենք էլ սկզբում հաճույք չէին ստանում Աստվածաշնչի ընթերցանությունից։ Այդուհանդերձ, շարունակում էին կարդալ, քանի որ գիտեին՝ դա ճիշտ է։ Մարկը ասում է. «Հեշտ է ինչ-ինչ պատճառներով Աստվածաշնչի ընթերցանության և անձնական ուսումնասիրության գրաֆիկից շեղվել։ Դրա համար էլ շատ էի աղոթում և ջանքեր գործադրում, որ այն իմ առօրյայի մասը կազմի»։
Ի՞նչ կարող ես անել Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ գնահատանքդ ավելացնելու համար։ Ինչպե՞ս կարող ես հաճույք ստանալ այն ընթերցելուց։ Քննենք հետևյալ առաջարկները։
Նպատակներ և միջոցներ
Աղոթիր և կենտրոնացրու ուշադրությունդ։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ իր Խոսքն ուսումնասիրելու անհագ ցանկություն զարգացնել։ Աղոթիր նրան, որ բաց անի միտքդ ու սիրտդ, որպեսզի խորությամբ ըմբռնես նրա իմաստությունը (Սաղ. 119։34)։ Առանց դրա՝ կսկսես Աստվածաշունչը մեխանիկորեն ընթերցել և գուցե այլևս չցանկանաս շարունակել կարդալ այն։ Լինն ասում է. «Երբեմն շատ արագ կարդալու պատճառով բաց եմ թողնում գլխավոր մտքերը։ Հաճախ էլ չեմ կարողանում ամբողջությամբ հասկանալ դրանք։ Ինքնատիրապետում զարգացնելու համար դիմում եմ Աստծուն, և դա օգնում է, որ միտքս չթափառի»։
Թանկ գնահատիր այն, ինչ սովորում ես։ Հիշիր, որ հավիտենական կյանք ստանալու համար շատ կարևոր է ըմբռնել և կիրառել աստվածաշնչյան ճշմարտությունները։ Ուստի ջանք արա, որ գործնական մտքեր գտնես և կիրառես դրանք։ «Ընթերցելիս փորձում եմ գտնել այնպիսի մտքեր, որոնց օգնությամբ կկարողանամ բացահայտել, թե ինչ սխալ մղումներ ու տեսակետներ ունեմ,— ասում է Քրիսը։— Քաջալերական է տեսնել, թե ինչպես են Աստվածաշնչում և մեր հրատարակություններից շատերում գրված տեղեկությունները օգուտներ բերում ինձ անհատապես, չնայած որ գրողները ինձ երբեք չեն հանդիպել»։
Հասանելի նպատակներ դիր։ Փորձիր մի նոր բան սովորել Աստվածաշնչի կերպարների մասին։ Դու կարող ես շատ հետաքրքիր փաստեր գտնել, եթե օգտվես «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանից (անգլ.) կամ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից» (անգլ., ռուս.)։ Երբ աստվածաշնչյան կերպարներին ընդունես որպես իրական անձնավորությունների, որոնք ունեն իրենց զգացմունքներն ու ապրումները, ապա նրանք շունչ կառնեն և կկենդանանան քո մտքում։
Նոր մեթոդներ սովորիր Աստծու Խոսքի շուրջ տրամաբանելու համար (Գործ. 17։2, 3)։ Սոֆիան ուսումնասիրում է Աստվածաշունչը՝ դա ի մտի ունենալով. «Ուզում եմ նոր մեթոդներ սովորել մարդկանց հետ տրամաբանելու համար, որպեսզի կարողանամ հստակ բացատրել աստվածաշնչյան ճշմարտությունները։ «Դիտարան» պարբերագիրը հրաշալի գործիք է այդ նպատակին հասնելու հարցում»,— ասում է նա (2 Տիմոթ. 2։15)։
Մտովի պատկերացրու աստվածաշնչյան դրվագը։ «Աստծու խոսքը կենդանի է»,— ասվում է Եբրայեցիներ 4։12-ում։ Երբ Աստվածաշունչ ես կարդում, թույլ տուր, որ գրքում տեղ գտած արձանագրությունները կենդանանան քո մտքում. մտովի պատկերացրու այն, ինչ տեսնում են աստվածաշնչյան հերոսները։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Նրանց հետ տեղի ունեցածը կապիր քո կյանքում պատահած որևէ դեպքի հետ։ Դասեր քաղիր այն բանից, թե ինչպես նրանք կարողացան հաղթահարել իրենց դժվարությունները։ Դա կավելացնի քո հասկացողությունը և կօգնի մտապահելու աստվածաշնչյան դրվագը։
Ժամանակ հատկացրու և ուշադրությամբ քննիր դժվարըմբռնելի համարները, որպեսզի կարողանաս հստակ հասկանալ դրանք։ Բավարար ժամանակ հատկացրու յուրաքանչյուր ուսումնասիրությանը։ Գուցե հանդիպես շատ հետաքրքիր հարցերի, որոնք լրացուցիչ փնտրտուքներ են պահանջում։ Փնտրիր անծանոթ բառերի նշանակությունը, կարդա ծանոթագրությունները և ստուգիր զուգահեռ հղումները։ Որքան լավ հասկանաս կարդացածդ ու կիրառես այն, այնքան ավելի մեծ բավականություն կստանաս Աստծու Խոսքից ու սաղմոսերգուի պես դու էլ կասես. «Քո [Եհովայի] հիշեցումները ես հավիտյան ընդունել եմ, որովհետև դրանք իմ սրտի ցնծությունն են» (Սաղ. 119։111)։
Նյութը մեկ շնչով մի՛ ընթերցիր։ Ողջամիտ եղիր անձնական ուսումնասիրությանը ժամանակ հատկացնելիս։ Դրա հետ մեկտեղ ժամանակ տրամադրիր նաև ժողովի հանդիպմանը նախապատրաստվելուն։ «Հաճախ այնպես եմ լարվում, որ չեմ կարողանում կենտրոնանալ,— ասում է Ռաքելը։— Ուստի ինձ համար շատ օգտակար են կարճ ուսումնասիրությունները։ Այդպես ավելի մեծ օգուտներ եմ ստանում»։ Քրիսը խոստովանում է. «Երբ շտապելով եմ որևէ նյութ ուսումնասիրում, խիղճս սկսում է տանջել, քանի որ շատ քիչ բան է մնում մտքիս մեջ և կարդացածս չի հասնում սրտիս»։ Ուրեմն շտապելու կարիք չկա։
Մեծ փափագ զարգացրու Աստծու Խոսքի հանդեպ։ Պետրոս առաքյալն ասաց. «Որպես նորածին մանուկներ՝ փափագ զարգացրեք անխարդախ կաթի հանդեպ, որն Աստծու խոսքից է բխում, որպեսզի դրա միջոցով աճեք և հասնեք փրկության» (1 Պետ. 2։2)։ Նորածինները կարիք չունեն կաթի հանդեպ փափագ զարգացնելու. այդ ցանկությունը բնածին է։ Սակայն Աստծու Խոսքի հանդեպ մենք պետք է փափագ զարգացնենք. այդպես հորդորում է Աստվածաշունչը։ Կարճ ժամանակ անց այդ ցանկությունը կառաջանա քո մեջ, եթե դու ամեն օր գոնե մեկ էջ կարդաս Աստվածաշնչից։ Այն, ինչ սկզբում դժվար էր թվում, հետզհետե հաճելի կդառնա։
Խորհրդածիր ընթերցածիդ շուրջ։ Մեծ օգուտներ կքաղես, եթե խորհրդածես ընթերցածիդ շուրջ։ Դրա շնորհիվ դու իմաստություն ձեռք կբերես և քո գտած հոգևոր մարգարիտը կանցկացնես այն գեղեցիկ շարանի մեջ, որ հավաքել ես ժամանակի ընթացքում։ Այլ խոսքով՝ դու կկապես նոր նյութը այն թեմաների հետ, որոնց շուրջ նախկինում փնտրտուքներ ես արել։ Արդյունքում մի հրաշալի գանձ ձեռք կբերես (Սաղ. 19։14; Առակ. 3։3)։
Ժամանակդ ճիշտ օգտագործիր
Ուսումնասիրության լավ սովորությանը կառչած մնալը ջանքեր է պահանջում, սակայն դա կարող է առատ օրհնություններ բերել։ Օրինակ՝ կավելանա քո հոգևոր հասկացողությունը (Եբր. 5։12–14)։ Աստվածաշնչի շնորհիվ ձեռք կբերես նաև խորաթափանցություն ու իմաստություն, որոնք հնարավորություն կտան քեզ ապրելու երջանիկ, բավարարված ու խաղաղ կյանքով։ Աստծու Խոսքի իմաստությունը «կյանքի ծառ է» բոլոր նրանց համար, ովքեր կառչում են դրանից և կիրառում այն (Առակ. 3։ 13–18)։
Խորը ուսումնասիրության շնորհիվ «հասկացող սիրտ» կունենաս (Առակ. 15։14)։ Դու կկարողանաս Աստվածաշնչի վրա հիմնված լավ խորհուրդներ տալ։ Եթե որոշումներդ կայացնես Աստվածաշնչին ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից տրված գրականությանը ներդաշնակ, ապա կզգաս այն թարմությունն ու խաղաղությունը, որը բխում է Աստծու Խոսքից (Մատթ. 24։45)։ Դու կդառնաս ավելի լավատես մարդ և հոգևոր անձնավորություն։ Ավելին, կամրացնես նաև Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ (Սաղ. 1։2, 3)։
Աստծու հանդեպ սիրով լցված քո սիրտը կմղի քեզ պատմելու նրա մասին ուրիշներին, ինչն էլ քո առաջ անթիվ օրհնությունների դուռ կբացի։ Սոֆիան, որի մասին հիշատակվեց վերևում, ձգտում է մտապահել մի շարք աստվածաշնչյան համարներ և քարոզելիս օգտագործել դրանք, որպեսզի տանտիրոջ մեջ հետաքրքրություն առաջացնի և իր ծառայությունը ավելի արդյունավետ ու թարմացնող դարձնի։ «Այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում աստվածաշնչյան խոսքերին, մեծ ուրախություն է պատճառում ինձ»,— ասում է նա։
Աստվածաշունչը հաճույքով կարդալու ամենամեծ օգուտը Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ձեռք բերելն է։ Այս հրաշալի գիրքը ուսումնասիրելու շնորհիվ կսովորես նրա չափանիշների մասին ու կգնահատես նրա սերը, առատաձեռնությունն ու արդարությունը։ Սա ամենակարևոր և վարձահատույց գործն է։ Կլանված եղիր Աստծու Խոսքի ուսումնասիրությամբ։ Այդպես վարվելով՝ ճիշտ կօգտագործես ժամանակդ (Սաղ. 19։7–11)։
[շրջանակ/նկար 5-րդ էջի վրա]
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ
▪ Աղոթիր և կենտրոնացրու ուշադրությունդ։
▪ Թանկ գնահատիր այն, ինչ սովորում ես։
▪ Հասանելի նպատակներ դիր։
▪ Նոր մեթոդներ սովորիր Աստծու Խոսքի շուրջ տրամաբանելու համար։
▪ Մտովի պատկերացրու աստվածաշնչյան դրվագը։
▪ Ժամանակ հատկացրու և ուշադրությամբ քննիր դժվարըմբռնելի համարները, որպեսզի կարողանաս հստակ հասկանալ դրանք։
▪ Նյութը մեկ շնչով մի՛ ընթերցիր։
▪ Մեծ փափագ զարգացրու Աստծու Խոսքի հանդեպ։
▪ Խորհրդածիր ընթերցածիդ շուրջ։
[նկար 4-րդ էջի վրա]
Աստվածաշնչյան որևէ արձանագրություն կարդալիս մտովի պատկերացրու քեզ նմանատիպ իրավիճակում