Սովորենք Աստծու Խոսքից
Կա՞ արդյոք հույս մահացածների համար
Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։
1. Ի՞նչ հույս կա մահացածների համար։
Երբ Հիսուսը եկավ Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղ, իր ընկեր Ղազարոսը արդեն չորս օր էր, ինչ մահացել էր։ Հիսուսը ննջեցյալի քույրերի՝ Մարթայի ու Մարիամի հետ գերեզման գնաց։ Շուտով մի ամբոխ հավաքվեց։ Կարո՞ղ ես պատկերացնել Մարթայի ու Մարիամի ուրախությունը, երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին (կարդա՛ Հովհաննես 11։20–24, 38–44)։
Մինչ այս դեպքը Մարթան հավատում էր, որ մահացածները հարություն են առնելու։ Իրականում, Եհովայի հավատարիմ ծառաները գիտեին, որ ապագայում Աստված մահացածներին հարություն է տալու, որպեսզի նրանք կրկին ապրեն երկրի վրա (կարդա՛ Հոբ 14։14, 15)։
2. Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները։
Մարդը անմահ հոգի չունի (Եզեկիել 18։4)։ Մենք ֆիզիկական արարածներ ենք և փոշուց ենք ստեղծվել (Ծննդոց 2։7; 3։19)։ Երբ մեր ուղեղը մահանում է, կորչում են նաև մեր մտքերը։ Այսպիսով՝ երբ Ղազարոսը հարություն առավ, նա ոչինչ չպատմեց իր մասին, քանի որ մահացածները անգիտակից վիճակում են (կարդա՛ Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 10)։
Հստակ է ուրեմն, որ մահացածները չեն կարող տառապել։ Ուստի այն ուսմունքը, որ Աստված մահից հետո տանջում է մարդկանց, կեղծ է։ Այն անարգում է Աստծուն։ Մարդկանց կրակի մեջ տանջելու գաղափարն անգամ գարշելի է նրան (կարդա՛ Երեմիա 7։31)։
3. Կարո՞ղ ենք խոսել մահացածների հետ։
Մահացածները չեն կարող խոսել (Սաղմոս 115։17)։ Սակայն երբ չար հրեշտակները խոսում են մարդկանց հետ, կարող են մոլորեցնել նրանց՝ համոզելով, որ դա իրենց մահացած հարազատի ոգին է (2 Պետրոս 2։4)։ Եհովան թույլ չի տալիս, որ մահացածների հետ խոսելու նույնիսկ փորձ անենք (կարդա՛ 2 Օրենք 18։10, 11)։
4. Ովքե՞ր են հարություն առնելու։
Գալիք նոր աշխարհում գերեզմաններում գտնվող միլիոնավոր մարդիկ նորից կյանքի կբերվեն։ Նույնիսկ նրանք, ովքեր Եհովային չճանաչելու պատճառով չար գործեր են արել, հարություն կառնեն (կարդա՛ Ղուկաս 23։43; Գործեր 24։15)։
Հարություն առածները հնարավորություն կունենան սովորելու Աստծու մասին ճշմարտությունը և հավատ դրսևորելու Հիսուսի հանդեպ՝ հնազանդվելով նրան (Հայտնություն 20։11–13)։ Նրանք, ովքեր կարթնանան մահվան քնից և բարիք կգործեն, հնարավորություն կունենան հավիտյան վայելելու կյանքը երկրի վրա։ Սակայն հարություն առածներից ոմանք կշարունակեն չար գործեր անել։ Այդ պատճառով էլ նրանց հարությունը կլինի «դատաստանի հարություն» (կարդա՛ Հովհաննես 5։28, 29)։
5. Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին հարության ուսմունքից։
Մարդիկ հարություն են առնելու այն բանի շնորհիվ, որ Աստված ուղարկել է իր Որդուն, որպեսզի վերջինս իր կյանքը տա մեզ համար։ Ուստի սա Եհովայի սիրո և անզուգական բարության դրսևորումն է (կարդա՛ Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ և 7-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 16-րդ էջի վրա]
Ադամը հողի փոշուց է ստեղծվել