Աստվածաշունչը փոխում է կյանքերը
Ի՞ՆՉԸ մղեց ծխախոտագործին փոխելու ոչ միայն իր աշխատանքը, այլև խոր կրոնական համոզմունքները։ Ինչպե՞ս ալկոհոլամոլը իր մեջ ուժ գտավ փոխվելու։ Ստորև կարդացեք, թե ինչ են պատմում նրանք։
«Ես անչափ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի անդամ եմ» (ԴԻՆՈ ԱԼԱՅ)
ԾՆՎԵԼ Է՝ 1949թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնողներս 1939-ին Ալբանիայից տեղափոխվեցին Ավստրալիա՝ Քվինսլենդ նահանգի Մարիբա փոքր քաղաք։ Այս կողմերում բնակություն հաստատեցին նաև բազմաթիվ իտալացիներ, սերբեր, բոսնիացիներ և հույներ՝ իրենց հետ բերելով իրենց արժեքները, սովորույթները և մշակույթը։ Մարիբայում մարդիկ հիմնականում զբաղվում էին ծխախոտագործությամբ, և իմ ծնողներն էլ ձեռնարկեցին նույն գործը։
Շուտով ծնվեցինք մենք՝ մեծ քույրս, երկու եղբայրներս և ես։ Երբ մեկ տարեկան էի, հայրս մահացավ ինֆարկտից։ Մայրս նորից ամուսնացավ և ծնեց չորս որդի։ Բոլորս մեծացանք խորթ հորս ծխախոտի ֆերմայում։
Պատանեկան հասակում հեռացա տնից։ 23 տարեկանում ամուսնացա Սայմիի հետ։ Արարողությունը կատարվեց տեղի մզկիթում, քանի որ երկուսս էլ մահմեդական էինք։ Իմ բոլոր քեռիները, հորեղբայրները, մորաքույրները, հորաքույրները և զարմիկները իսլամ էին դավանում։ Ես կարդում էի Ղուրանը և մի գիրք Մուհամեդ մարգարեի մասին։ Միևնույն ժամանակ Աստվածաշունչ էի կարդում։ Սա օգնեց ինձ հասկանալու, թե Ղուրանում նշված այն մարգարեները, որոնք հիշատակվում են նաև Աստվածաշնչում, երբ են ապրել։
Մեր տուն Եհովայի վկաներ էին գալիս և միշտ պարբերագրեր ու գրքեր էին առաջարկում, որոնք ես ու Սայմին հաճույքով կարդում էինք։ Հիշում եմ, թե ինչ հետաքրքիր զրույցներ էինք ունենում նրանց հետ կրոնական թեմաներով։ Ամեն անգամ Վկաները հարցերիս Աստվածաշնչով էին պատասխանում և ոչ թե իրենց անձնական կարծիքն ասում. դա ինձ շատ էր տպավորում։
Վկաներն առաջարկում էին իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել ու հաճախել իրենց հանդիպումներին, բայց ես ամեն անգամ մերժում էի։ Իմ ամենամեծ ցանկությունը սեփական ֆերմա և շատ երեխաներ ունենալն էր։ Ֆերմա չունեցա, բայց ունեցա հինգ երեխա։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Ինը տարի էր արդեն, ինչ շփվում էի Եհովայի վկաների հետ, բայց կրոնական համոզմունքներս չէի փոխում։ Սակայն հաճույքով էի վերցնում նրանց հրատարակությունները։ Ամեն կիրակի ես ու Սայմին միասին ընթերցում էինք այդ գրականությունը։ Մենք ստացած պարբերագրերը չէինք գցում։ Տարիների ընթացքում դրանք արդեն բավականին կուտակվել էին և անչափ օգտակար եղան ինձ, երբ ոմանք սկսեցին փորձել նորածիլ հավատս։
Օրինակ՝ հանդիպեցի մի ավետարանչական քարոզչի, ով ուզում էր, որ ես կուրորեն Հիսուսին համարեմ իմ Փրկիչը։ Նա կարողացել էր Սայմիի եղբորը և իմ եղբորը համոզել հետևելու իրեն։ Շուտով ամենատարբեր կրոնական ուղղությունների հարող ծանոթներս սկսեցին համոզել ինձ, որ միանամ իրենց։ Ոմանք ինձ առաջարկում էին Եհովայի վկաներին փնովող գրականություն։ Ես քննադատողներին առաջարկում էի Աստվածաշնչով հիմնավորել իրենց գաղափարները, բայց նրանք չէին կարողանում։
Այսպիսի հակառակությունն ինձ ստիպեց խորանալ Աստվածաշնչի մեջ և հետազոտել Եհովայի վկաներից ստացած գրականությունը։ Հասկացա, որ արդեն ժամանակն է գործելու սովորածիս համաձայն։
Ես չսկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ, պարզապես սկսեցի հաճախել նրանց հանդիպումներին։ Սկզբում շատ էի անհանգիստ և ամաչում էի, բայց իմ կողքին բարյացակամորեն տրամադրված մարդիկ էին, ու ես հաճույքով էի նոր բաներ սովորում։ Վճռեցի, որ դառնալու եմ Եհովայի վկա։ 1981թ.-ին մկրտվեցի՝ խորհրդանշելով նվիրումս Աստծուն։
Կինս դեմ չէր իմ որոշմանը, թեև երբեմն հարցնում էր, թե արդյոք չեմ խաբվել։ Ինչևէ, նա ներկա եղավ մկրտությանս։ Ես չդադարեցի նրա հետ Աստվածաշնչի ճշմարտությունների մասին խոսելուց։ Մկրտությունիցս մեկ տարի անց, երբ ավտոմեքենայով վերադառնում էինք արձակուրդից, Սայմին ասաց, որ ուզում է Եհովայի վկա դառնալ։ Զարմանքից քիչ մնաց՝ ավտոմեքենան դուրս հանեի ճամփից։ Նա մկրտվեց 1982-ին։
Հեշտ չէր փոփոխություններ անել մեր ապրելակերպում։ Ես այլևս ծխախոտագործությամբ չէի զբաղվում, քանի որ դա հակասում էր Աստվածաշնչի սկզբունքներին (2 Կորնթացիներ 7։1; Հակոբոս 2։8)։ Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև որ գտանք այնպիսի աշխատանք, որը ներդաշնակ էր իմ սկզբունքներին և բավականաչափ եկամուտ կարող էր ապահովել։ Բացի այս, տարիներ շարունակ մեր բարեկամներից ոմանք չէին ուզում այցելել մեզ։ Մենք ձգտում էինք նրանց հետ վարվել քրիստոնեական սիրո սկզբունքներով։ Վերջապես, մեր փոխհարաբերությունները լավացան, և մեր մտերիմներն այլևս չեն խուսափում մեզնից։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Բազմաթիվ փորձություններից (ամաչկոտությունս, ֆինանսական խնդիրներս, բարեկամների հակառակությունը) հասկացել եմ, որ Եհովան շատ համբերատար է եղել իմ հանդեպ և օգնել է հաղթահարելու դրանք։ Օրինակ՝ հիմա ժողովում ծառայում եմ երեց և պետք է հաճախ ուսուցանեմ բեմից։ Բայց քանի որ կակազություն ունեմ, դա դժվար է ինձ համար։ Միշտ աղոթում եմ Եհովային, և նա օգնում է, ուստի կարող եմ ինձ վստահված գործն անել։
Ես ու կինս ավելի ենք մտերմացել։ Ճիշտ է, ժամանակին մեր երեխաների մեջ ջանացել ենք արմատավորել Աստվածաշնչի ճշմարտությունները, բայց, ցավոք, թույլ ենք տվել նաև սխալներ (2 Օրենք 6։6–9)։ Ինչևէ, այսօր ավագ որդիս ու նրա կինը միսիոներներ են։
Մի դեպք տպավորվել է հիշողությանս մեջ։ Մենք ընտանիքով նոր էինք սկսել հաճախել Վկաների հանդիպումներին։ Ավտոմեքենան կանգնեցրի կայանավայրում և նայեցի սրահից ներս, որտեղ շատ մարդ կար։ Ընտանիքիս հարցրի. «Ի՞նչ եք տեսնում այնտեղ»։ Ներսում ամենատարբեր մշակույթ, ծագում և լեզու ունեցող մարդիկ էին՝ ավստրալացիներ, ալբանացիներ, աբորիգեններ, խորվաթներ, որոնք աշխույժ շփվում էին իրար հետ։ Ես անչափ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի անդամ եմ, և ունեմ հոգևոր եղբայրներ և քույրեր ոչ միայն Ավստրալիայում, այլև ամբողջ աշխարհում (1 Պետրոս 5։9)։
«Քույրս երբեք ինձնից երես չթեքեց» (ԵԼԵՆԱ ՎԼԱԴԻՄԻՐՈՎՆԱ ՍՅՈՄԻՆԱ)
ԾՆՎԵԼ Է՝ 1952թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼ, ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ մերձմոսկովյան մի փոքրիկ, հանգիստ քաղաքում՝ Կրասնոգորսկում։ Մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում։ Ես լավ աշակերտ էի և ստացա երաժշտական կրթություն։ Թվում էր՝ պայծառ ապագա է սպասում ինձ։
Ամուսնանալուց հետո տեղափոխվեցի մեկ ուրիշ տեղ. այստեղ սովորական բան էր հայհոյելը, հարբելը և շատ ծխելը։ Թեև այդ ժամանակ չէի գիտակցում, սակայն շրջապատը վատ ազդեցություն թողեց ինձ վրա։ Գնում էի «ընկերական» հավաքույթների՝ սկզբում պարզապես երգելու ու կիթառ նվագելու համար, բայց հետո «ընկերներիս» «շնորհիվ» ծխում ու խմում էի։ Շուտով արդեն առանց խմիչքի չէի կարողանում ապրել։
Խմիչքի հանդեպ սերը սկսեց կյանքս խորտակել։ Որոշ ժամանակ անց խոր դեպրեսիայի մեջ ընկա. գրեթե ոչինչ չէի կարողանում ուտել։ Ուզում էի մեռնել և ինքնասպանության անհաջող փորձ արեցի։ Շատ ուրախ եմ, որ չստացվեց։
Այս ամբողջ ընթացքում քույրս չէր դադարում ինձ այցելելուց։ Նա Եհովայի վկա էր և փորձում էր բացատրել, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ինձ։ Այդ գիրքն ինձ չէր հետաքրքրում, ուստի չէի ուզում, որ նա այցելեր ինձ։ Բայց քույրս երբեք ինձնից երես չթեքեց։ Նրա համբերությունն ու սերը այնքան մեծ էր իմ հանդեպ, որ ես ի վերջո համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, վճռեցի թողնել խմելը։ Մոտավորապես այդ ժամանակ մեր հարևանը, որ հարբած էր, հարձակվեց ինձ վրա և ծեծեց։ Ծանր վնասվածքներով ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Կողոսկրերիցս չորսը ջարդվել էր, մի աչքիս ցանցաթաղանթը վնասվել էր։ Հետաքրքիր է, որ հիվանդանոցում մնալն օգնեց ինձ հետ վարժվելու ալկոհոլից։
Այդ ընթացքում անընդհատ աղոթում էի Եհովային։ Աստվածաշնչի մի հատված՝ «Ողբ» գրքից, ինձ շատ էր մխիթարում. «Ամենախոր գուբի միջից քո անունը կանչեցի, ո՛վ Եհովա։ Լսի՛ր իմ ձայնը։ Մի՛ փակիր ականջդ, երբ թեթևացում եմ խնդրում և օգնության կանչում» (Ողբ 3։55, 56)։
Ես համոզված եմ, որ Եհովան պատասխանեց իմ աղոթքներին։ Նա զորացրեց ինձ, որ չվերադառնամ անցյալիս։ Եղել են պահեր, երբ նորից խմելու գայթակղություն եմ ունեցել, բայց երջանիկ եմ, որ երբեք չեմ տրվել գայթակղությանը։
Աստվածաշնչի ուսումնասիրությունից իմացա, որ պետք է աջակցեմ ամուսնուս, որը, համաձայն Սուրբ Գրքի, ընտանիքի գլուխն է (1 Պետրոս 3։1, 2)։ Դա հեշտ չէր, որովհետև սովոր էի ինքս կարգադրություններ անել ամուսնուս։ Ես օգնություն խնդրեցի Եհովայից։ Ճիշտ է, փոխվելը հեշտ չէր, բայց աստիճանաբար դարձա ավելի լավ, իր ամուսնուն աջակցող կին։
Ամուսինս զարմանում էր՝ իմ մեջ փոփոխություններ տեսնելով։ Մինչև այս պահը Աստվածաշունչը նրան չէր հետաքրքրում, բայց երբ որոշեցի թողնել ծխելը, նա ասաց. «Եթե դու թողնես ծխելը, ես կսկսեմ Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Մենք երկուսս ծխախոտից հրաժարվել ենք նույն օրը։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ամուսինս պահեց իր խոստումը և սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այժմ ամեն օր միասին Աստվածաշունչ ենք կարդում, խորհրդածում ընթերցածի շուրջ, ջանում կիրառել մեր սովորածը։
Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե որքան է մեր ընտանեկան կյանքը լավացել, էլ չեմ ասում, թե անձամբ ես ինչ օգուտներ եմ ստացել։ Երախտապարտ եմ Եհովային, որ ինձ ձգել է դեպի իրեն (Հովհաննես 6։44)։ Շնորհակալ եմ նաև քրոջս, որը երբեք երես չթեքեց ինձնից։ Իսկապես, Աստվածաշունչը փոխում է մարդու կյանքը։
[մեջբերում 11-րդ էջի վրա]
Հասկացա, որ արդեն ժամանակն է գործելու
[մեջբերում 13-րդ էջի վրա]
Քրոջս համբերությունն ու սերը այնքան մեծ էր իմ հանդեպ, որ ի վերջո համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել