Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 7/15 էջ 17–21
  • Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՆՊԱՏԱԿ, ՈՐԻՆ ԻՎԵՐՋՈ ՀԱՍԱ
  • ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՏԱՍՄԱՆԻԱՅՈՒՄ
  • ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԳԱՂԱԱԴ»
  • ՀԻՇԱՐԺԱՆ ԴԵՊՔ
  • ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ
  • ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
    2007 Դիտարան
2012 Դիտարան
w12 7/15 էջ 17–21

Կենսագրություն

Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը

Պատմում է Մաքս Լոյդը

1955 թվականն էր։ Ես ու միսիոներական ծառայության մեջ իմ ընկերակիցը Պարագվայում էինք (Հարավային Ամերիկա)՝ մեր նշանակման վայրում։ Ուշ գիշեր էր։ Կատաղած ամբոխը շրջապատեց տունը՝ բղավելով. «Մեր աստվածը արյունախում աստված է և այս գրինգոների արյունն է ուզում»։ Ինչպե՞ս եղավ, որ մենք՝ գրինգոներս (օտարերկրացիներ), հայտնվեցինք այստեղ։

ԱՄԵՆ ինչ սկսվեց տարիներ առաջ Ավստրալիայում, որտեղ ես մեծացել եմ ու որտեղ Եհովան սկսել է սովորեցնել ինձ կատարել իր կամքը։ 1938​թ.-ին հայրս մի Վկայից վերցրեց «Թշնամիներ» գիրքը։ Նա և մայրս դժգոհ էին տեղի քահանաներից, որոնք աստվածաշնչյան որոշ հատվածներ առասպել էին համարում։ Մոտ մեկ տարի անց ծնողներս մկրտվեցին՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Այդ ժամանակից սկսած՝ Եհովայի կամքը կատարելը դարձավ մեր ընտանիքի ամենակարևոր նպատակը։ Իմ ծնողներից հետո մկրտվեց քույրս՝ Լեսլին, որը ինձնից հինգ տարով մեծ էր։ Իսկ ես մկրտվեցի 1940​թ.-ին, երբ ինը տարեկան էի։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Ավստրալիայում արգելվեց աստվածաշնչյան գրականության տպագրումն ու տարածումը։ Ուստի դեռ փոքրուց սովորեցի հիմնավորել իմ հավատալիքները միայն Աստվածաշնչով։ Սովորություն դարձրի Աստվածաշունչս հետս դպրոց տանել, որ ցույց տամ, թե ինչու պատիվ չեմ տալիս դրոշին կամ թիկունք չեմ կանգնում պատերազմին (Ելք 20։4, 5; Մատթ. 4։10; Հովհ. 17։16; 1 Հովհ. 5։21)։

Դպրոցում շատերը չէին շփվում ինձ հետ և «գերմանացի լրտես» էին անվանում։ Այդ ժամանակ դպրոցում ֆիլմեր էին ցուցադրվում։ Նախքան ֆիլմը սկսվելը բոլորը պետք է ոտքի կանգնեին ու երգեին ազգային հիմնը։ Ես նստած էի մնում։ Երկու-երեք տղա մազերիցս քաշում էին, որ տեղից վեր կենամ։ Աստվածաշնչյան հավատալիքների պատճառով, ի վերջո, ինձ հեռացրին դպրոցից։ Սակայն ես կարողացա տանը հեռակա կրթություն ստանալ։

ՆՊԱՏԱԿ, ՈՐԻՆ ԻՎԵՐՋՈ ՀԱՍԱ

Նպատակ էի դրել 14 տարեկանից լիաժամ ծառայություն սկսել։ Սակայն երբ ծնողներս ասացին, որ նախևառաջ պետք է աշխատանք գտնեմ, շատ հուսահատվեցի։ Նրանք պնդեցին, որ, տանը ապրելով, փող տամ սենյակի ու սնունդի համար, բայց խոստացան, որ երբ 18 տարեկան դառնամ, թույլ կտան, որ ռահվիրայություն սկսեմ։ Անընդհատ խոսակցություններ էին լինում իմ վաստակած գումարի հետ կապված։ Ես ասում էի, որ ուզում եմ փող խնայել ռահվիրայության համար, սակայն նրանք վերցնում էին այն։

Երբ եկավ ռահվիրայություն սկսելու ժամանակը, ծնողներս զրուցեցին ինձ հետ ու ասացին, որ իմ տված փողը դրել են խնայողության հաշվի մեջ։ Այդ ամբողջ գումարը նրանք վերադարձրին ինձ, որ հագուստ և ռահվիրա ծառայելու համար այլ անհրաժեշտ իրեր գնեմ։ Նրանք սովորեցրին, որ ինքս հոգ տանեմ իմ մասին ու չակնկալեմ, որ ուրիշները անեն դա։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ շատ արժեքավոր բան են սովորեցրել ինձ։

Մեր տանը հաճախ էին ռահվիրաներ մնում։ Մենք մեծ հաճույք էին ստանում նրանց հետ ծառայելուց։ Շաբաթ-կիրակի օրերը նվիրում էինք տնից տուն ծառայությանը, փողոցում վկայություն տալուն ու աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնելուն։ Այդ տարիներին քարոզչի նպատակն էր ամեն ամիս ծառայել 60 ժամ։ Մայրս գրեթե միշտ հասնում էր այդ նպատակին՝ այդպիսով հրաշալի օրինակ թողնելով ինձ ու Լեսլիին։

ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՏԱՍՄԱՆԻԱՅՈՒՄ

Ռահվիրայական ծառայության մեջ իմ առաջին նշանակումը Ավստրալիայի Տասմանիա կղզին էր, որտեղ միացա քրոջս ու նրա ամուսնուն։ Սակայն կարճ ժամանակ անց նրանք մեկնեցին այդտեղից, որ սովորեն «Գաղաադի» 15-րդ դասարանում։ Ես շատ ամաչկոտ էի ու երբեք տանից հեռու չէի եղել։ Ոմանք կարծում էին, թե ընդամենը երեք ամիս կդիմանամ, բայց մեկ տարի անց՝ 1950-ին, նշանակվեցի ժողովի ծառայող (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր)։ Հետո նշանակվեցի հատուկ ռահվիրա։ Իմ համագործակիցը մի երիտասարդ եղբայր էր։

Մեր նշանակումը պղնձի հանքարդյունաբերական մի հեռավոր փոքր քաղաք էր, որտեղ Վկաներ չկային։ Ավտոբուսով կեսօրին տեղ հասանք։ Առաջին օրը մի հին հյուրանոցում գիշերեցինք։ Հաջորդ օրը տնից տուն վկայություն տալիս տանտերերին հարցրինք, թե արդյոք ազատ սենյակի տեղ գիտեն։ Օրվա վերջում մի մարդ ասաց, որ պրեսբիտերական եկեղեցու մոտ գտնվող սարկավագի տունը ազատ է, և խորհուրդ տվեց խոսել տանտիրոջ հետ։ Սարկավագը սիրալիր էր և թույլ տվեց, որ մնանք այդ տանը։ Անսովոր էր ամեն օր դուրս գալ հոգևորականի տնից ու գնալ քարոզելու։

Տարածքը շատ պտղաբեր էր։ Հետաքրքիր զրույցներ ունեցանք ու աստվածաշնչյան բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցինք։ Երբ մայրաքաղաքում եկեղեցականներն իմացան դա, ինչպես նաև այն, որ Եհովայի վկաները ապրում են սարկավագի տանը, պահանջեցին, որ վերջինս անմիջապես դուրս անի մեզ։ Եվ կրկին մնացինք առանց կացարանի...

Հաջորդ օրը մինչև կեսօր ծառայելուց հետո սկսեցինք գիշերելու տեղ փնտրել։ Լավագույն վայրը, որ կարողացանք գտնել, մարզադաշտի տրիբունան էր։ Ճամպրուկները թաքցրինք այնտեղ ու նորից գնացինք վկայություն տալու։ Մթնում էր, բայց որոշեցինք մի քանի տուն էլ այցելել, որ քարոզենք այդ փողոցի բոլոր տներում։ Տանտերերից մեկը կացարան առաջարկեց իր սեփական տարածքի հետնամասում գտնվող երկու սենյականոց փոքր տանը։

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԳԱՂԱԱԴ»

Մոտ ութ ամիս այդ նշանակման մեջ լինելուց հետո Ավստրալիայի մասնաճյուղից հրավեր ստացա ծառայելու շրջանային վերակացու։ Ես ցնցվել էի, քանի որ ընդամենը 20 տարեկան էի։ Մեկ-երկու շաբաթ մարզում ստանալուց հետո սկսեցի այցելել ժողովները ու քաջալերել նրանց։ Տարիքով ավելի մեծ ու փորձառու անհատները, այսինքն՝ ժողովում գրեթե բոլորը, հարգանքով էին վերաբերվում իմ կատարած աշխատանքին։ Նրանք վերևից չէին նայում ինձ։

Ժողովից ժողով գնում էի ամենատարբեր կերպերով. մի շաբաթ՝ ավտոբուսով, մի շաբաթ՝ տրամվայով, հետո՝ մեքենայով կամ մոտոցիկլետով՝ ուշադիր լինելով, որ ճամպրուկս ու պայուսակս չընկնեն։ Իսկական ուրախություն էի ստանում հավատակիցների հետ մնալուց։ Ժողովի մի ծառայող շատ էր ուզում, որ իր տանը մնամ, չնայած նրա տունը կիսակառույց էր։ Թեև այդ շաբաթվա ընթացքում քնեցի վաննայի մեջ, բայց ուրախ ու հոգևոր առումով կերտիչ ժամանակ անցկացրինք միասին։

Մեկ այլ անակնկալ էր այն, որ 1953-ին «Գաղաադ» դպրոցի 22-րդ դասարանում սովորելու դիմում ստացա։ Բայց իմ ուրախությանը միախառնվել էր անհանգստության զգացումը։ Բանն այն է, որ 1950​թ. հուլիսի 30-ին «Գաղաադը» ավարտելուց հետո քույրս ու նրա ամուսինը նշանակվել էին Պակիստան։ Մեկ տարի էլ չէր անցել, երբ քույրս հիվանդացել ու մահացել էր այնտեղ։ Եվ հիմա մտածում էի, թե ինչ կզգային ծնողներս, եթե այդ դեպքից շատ չանցած՝ մեկնեի հայտնի չէ՝ ուր։ Սակայն նրանք ասացին. «Գնա ու ծառայիր Եհովային այնտեղ, որտեղ նա կառաջնորդի քեզ»։ Դրանից հետո հորս այլևս չտեսա. նա մահացավ 1950-ականների վերջին։

Շուտով հինգ ավստրալիացի քույր-եղբայրների հետ նավով ուղևորվեցի Նյու Յորք։ Ճանապարհորդությունը տևեց վեց շաբաթ։ Ճանապարհին Աստվածաշունչ էինք կարդում և ուսումնասիրում, ինչպես նաև վկայություն էինք տալիս ուղևորներին։ Նախքան դպրոց հասնելը, որը գտնվում էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք), ներկա եղանք «Յանկի» մարզադաշտում անցկացվող միջազգային համաժողովին, որը տեղի ունեցավ 1953​թ. հուլիսին։ Ներկաների բարձրագույն թիվը կազմեց 165829։

Աշխարհի ամեն անկյունից ուսանողներ կային մեր դասարանում, ընդհանուր առմամբ՝ 120 հոգի։ Միայն ավարտականի օրը մեզ ասվեց, թե որտեղ ենք նշանակվել ծառայելու։ Ծրագրի ավարտից հետո վազեցինք «Գաղաադի» գրադարան, որ տեղեկություն գտնենք այն երկրների մասին, որտեղ նշանակվել էինք։ Ես նշանակում էի ստացել ծառայել Պարագվայում՝ մի երկիր, որի պատմության էջերը լի են քաղաքական հեղաշրջումներով։ Այնտեղ հասնելուց կարճ ժամանակ անց մի առավոտ մյուս միսիոներներին հարցրի, թե ինչ «տոնախմբություն» էր գիշերը։ Նրանք ժպտացին ու պատասխանեցին. «Դու առաջին անգամ հեղաշրջման ականատես եղար։ Ապա դուրս նայիր»։ Ամեն անկյունում զինվորներ էին։

ՀԻՇԱՐԺԱՆ ԴԵՊՔ

Մի անգամ շրջանային վերակացուի հետ այցելեցինք մի հեռավոր ժողով՝ ցուցադրելու «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» ֆիլմը։ Ութից ինը ժամ ճանապարհորդեցինք. նախ՝ գնացքով, հետո՝ ձիակառքով, իսկ վերջում՝ եզներին լծած սայլով։ Մեզ հետ տանում էինք գեներատոր ու կինոպրոյեկտոր։ Վերջապես տեղ հասանք։ Հաջորդ օրը այցելեցինք ֆերմաներն ու բոլորին հրավիրեցինք երեկոյան ներկա լինելու ֆիլմի ցուցադրմանը։ Եկավ մոտ 15 մարդ։

Ֆիլմի ցուցադրումը սկսվելուց 20 րոպե անց մեզ ասացին, որ արագ տուն մտնենք։ Վերցրինք կինոպրոյեկտորն ու ներս գնացինք։ Հենց այդ ժամանակ էր, որ կատաղած ամբոխը շրջապատեց տունը։ Նրանք սկսեցին ատրճանակներից կրակել ու բղավել. «Մեր աստվածը արյունախում աստված է և այս գրինգոների արյունն է ուզում»։ Այնտեղ միայն երկու գրինգո կար, և նրանցից մեկը ես էի։ Ֆիլմի ցուցադրմանը եկած մարդիկ ամբոխին հետ պահեցին ու չթողեցին տուն ներխուժել։ Բայց գիշերը՝ մոտ ժամը երեքին, հակառակորդները վերադարձան։ Նրանք կրակում էին ատրճանակներից ու սպառնում, որ մեզ կբռնեն քաղաք վերադառնալու ճանապարհին։

Եղբայրները կապ հաստատեցին շերիֆի հետ, և կեսօրին նա եկավ՝ իր հետ բերելով երկու ձի, որ մեզ քաղաք տանի։ Հետդարձի ճանապարհին ամեն անգամ որևէ թփուտի կամ ծառաշատ վայրի մոտենալիս շերիֆը հանում էր ատրճանակն ու ձիով առաջ անցնում տարածքը խուզարկելու համար։ Հետագայում ինձ համար մի ձի գնեցի, քանի որ, ինչպես հասկացա, այն կարևոր փոխադրամիջոց էր։

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ

Չնայած հոգևորականության անդադար հակառակությանը՝ քարոզչական աշխատանքը շարունակում էր լավ արդյունքներ բերել։ 1955-ին հինգ նոր միսիոներներ եկան։ Նրանց մեջ էր Էլսի Սվանսոնը՝ մի երիտասարդ կանադացի քույր, որը ավարտել էր «Գաղաադի» 25-րդ դասարանը։ Մի որոշ ժամանակ միասին ծառայեցինք մասնաճյուղում, բայց հետո նա նշանակվեց մեկ ուրիշ քաղաք։ Էլսին իր կյանքը նվիրել էր Եհովային ծառայելուն, իսկ նրա ծնողները, որոնք այդպես էլ չընդունեցին ճշմարտությունը, գրեթե չէին օգնում նրան։ 1957​թ. դեկտեմբերի 31-ին մենք ամուսնացանք ու սկսեցինք ապրել Պարագվայի հարավում գտնվող միսիոներական տանը, որտեղ, մեզնից բացի, ոչ ոք չէր ապրում։

Հոսող ջուր չունեինք, բայց տան հետևի մասում ջրհոր կար։ Տանը ո՛չ ցնցուղ կար, ո՛չ զուգարան, ո՛չ լվացքի մեքենա և ո՛չ էլ նույնիսկ սառնարան։ Շուտ փչացող սննդամթերքը ամեն օր էինք գնում՝ միայն այդ օրվա համար։ Սակայն դա մեր ամուսնական կյանքում շատ երջանիկ ժամանակահատված էր, քանի որ ապրում էինք պարզ կյանքով ու ժողովի եղբայրների և քույրերի հետ մտերիմ փոխհարաբերություններ էինք վայելում։

1963​թ.-ին վերադարձանք Ավստրալիա՝ մորս տեսնելու։ Մայրս շատ ուրախացավ ու հուզվեց, քանի որ տասը տարի չէր տեսել որդուն։ Բայց, ցավոք, կարճ ժամանակ անց նա ինֆարկտ տարավ։ Երբ մոտեցավ Պարագվայում մեր նշանակմանը վերադառնալու ժամանակը, կանգնեցինք կյանքում ամենադժվար որոշումներից մեկի առաջ. թողնե՞լ մորս հիվանդանոցում ինչ-որ մեկի խնամակալության տակ ու վերադառնալ Պարագվայ՝ մեր սիրած նշանակմանը, թե՞ ոչ։ Շատ աղոթելուց հետո ես ու Էլսին որոշեցինք մնալ ու հոգ տանել մորս։ Մենք կարողանում էինք խնամել նրան ու միևնույն ժամանակ լիաժամ ծառայել։ 1966​թ.-ին մայրս մահացավ։

Առանձնաշնորհում էր մի քանի տարի շարունակ Ավստրալիայում շրջանային ու մարզային ծառայության մեջ լինել և դասավանդել Թագավորական ծառայության դպրոցում՝ նախատեսված երեցների համար։ Դրանից հետո մեկ այլ փոփոխություն եղավ մեր կյանքում։ Ես նշանակվեցի ծառայելու Ավստրալիայում որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ, որը նոր էր կազմավորվել։ Հետո երբ պետք է նոր մասնաճյուղ կառուցեինք, նշանակվեցի շինարարական կոմիտեի նախագահող։ Համագործակցության ոգի ունեցող բազում փորձառու աշխատողների օգնությամբ մի գեղեցիկ մասնաճյուղ կառուցվեց։

Դրանից հետո նշանակվեցի ծառայողական բաժին, որը վերահսկում է տվյալ երկրի քարոզչական գործը։ Նաև առանձնաշնորհում ստացա որպես զոնալ վերակացու այցելել ամբողջ աշխարհում գտնվող այլ մասնաճյուղեր՝ աջակցելու և քաջալերելու քույրերին ու եղբայրներին։ Հավատս հատկապես զորացավ, երբ որոշ երկրներում այցելեցի նրանց, ովքեր տարիներ, նույնիսկ տասնամյակներ բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում են անցկացրել Եհովային հավատարիմ ու հնազանդ լինելու համար։

ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Երբ 2001​թ.-ին զոնալ այցելություն անելուց հետո հոգնած վերադարձանք մեր երկիր, մի նամակ ստացա, որում հրավիրվում էի գնալ Բրուքլին (Նյու Յորք)՝ ծառայելու որպես Միացյալ Նահանգների նորաստեղծ մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Աղոթելուց և այդ հրավերը ծանրութեթև անելուց հետո ես ու Էլսին ուրախությամբ ընդունեցինք նշանակումը։ Ավելի քան 11 տարի է՝ ծառայում ենք Բրուքլինում։

Անչափ երջանիկ եմ, որ այնպիսի կին ունեմ, որն ուրախությամբ անում է այն ամենը, ինչ Եհովան ասում է։ Ես ու Էլսին այժմ 81 տարեկան ենք ու դեռևս բավականին առողջ։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ ողջ հավիտենության ընթացքում կվայելենք Եհովայի տված կրթությունը, ինչպես նաև այն առատ օրհնությունները, որոնք բաժին կհասնեն նրանց, ովքեր կշարունակեն կատարել նրա կամքը։

[մեջբերում 19-րդ էջի վրա]

Մի շաբաթ ավտոբուսով էի գնում, մի շաբաթ՝ տրամվայով, հետո՝ մեքենայով կամ մոտոցիկլետով՝ ուշադիր լինելով, որ ճամպրուկս ու պայուսակս չընկնեն

[մեջբերում 21-րդ էջի վրա]

Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ ողջ հավիտենության ընթացքում կվայելենք Եհովայի տված կրթությունը

[նկարներ 18-րդ էջի վրա]

Ձախ կողմում՝ Ավստրալիայում շրջանային ծառայության ժամանակ

Աջ կողմում՝ ծնողներիս հետ

[նկար 20-րդ էջի վրա]

Մեր ամուսնության օրը (1957​թ., դեկտեմբերի 31)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը