Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրեն հրաշքները
«Հրաշքները հակասում են գիտության օրենքներին» (ՌԻՉԱՐԴ ԴՈԿԻՆԶ, ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊՐՈՖԵՍՈՐ)։
«Հրաշքների հավատալը միանգամայն տրամաբանական է, և դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ավելին, հրաշքները փաստում են Աստծու սերը և այն, որ նա հետաքրքրված է իր ստեղծագործությամբ» (ՌՈԲԵՐՏ ԼԱՐՄԵՐ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ)։
ՊԵ՞ՏՔ է հավատալ հրաշքների։ Ինչպես վերոնշյալ մեջբերումներն են ցույց տալիս, կարծիքները խիստ տարբերվում են իրարից։ Իսկ դու հավատո՞ւմ ես հրաշքների։
Գուցե վարանես ասել «այո»՝ թերևս մտածելով, որ սնոտիապաշտի կամ տգետի տպավորություն կթողնես։ Շատերն այդ մտավախությունն ունեն։
Մյուս կողմից՝ գուցե վստահ ես, որ հրաշքներ լինում են. հավատում ես Աստվածաշնչում գրված հրաշքներին, օրինակ, որ Մովսեսը բացել է Կարմիր ծովը, և նույնիսկ հավատում ես, որ այսօր էլ են հրաշքներ կատարվում։ Վերջերս տպագրված մի հաշվետվության մեջ նշվում էր, որ «Արևմուտքի բնակչության մեծ մասը, օրինակ՝ Միացյալ Նահանգների մոտ երեք քառորդը և Մեծ Բրիտանիայի 38 տոկոսը հավատում է հրաշքների» (The Cambridge Companion to Miracles)։ Սակայն միայն քրիստոնյաները չէ, որ հավատում են հրաշքների։ Ըստ մի հանրագիտարանի տեղեկության՝ հրաշքների հավատալը «գրեթե բոլոր կրոնների առանձնահատկությունն է» (Britannica Encyclopedia of World Religions)։
Կամ հնարավոր է՝ դու պատկանում ես այն մարդկանց խմբին, ովքեր պատասխանում են. «Չգիտեմ, դա ինձ չի հետաքրքրում։ Իմ կյանքում հրաշքներ չեն լինում»։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է քեզ հետաքրքրեն հրաշքները։
Պատկերացրու՝ անբուժելի հիվանդություն ունես։ Մի շատ վստահելի բժշկական ամսագրում կարդում ես նոր դեղամիջոցի մասին, որը կարող է բուժել քո հիվանդությունը։ Ժամանակ չե՞ս հատկացնի դրա մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար։ Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով զարմանալի հրաշքներ են լինելու։ Դրանք առնչվելու են յուրաքանչյուր մարդու։ Մի՞թե չարժե ժամանակ տրամադրել տեսնելու համար, թե արդյոք վստահելի են այդ խոստումները։
Սակայն մինչ կիմանանք, թե ինչ հրաշքներ են դրանք, տեսնենք, թե ինչ պատասխաններ են տրվում հրաշքների հետ կապված երեք հիմնական առարկություններին։
[շրջանակ 3-րդ էջի վրա]
Ի՞ՆՉ Է ՀՐԱՇՔԸ
Հրաշքը մի երևույթ է, որը գերազանցում է մարդկային և բնության ուժերը, և որին սովորաբար գերբնական զորություն են վերագրում։