Մոտեցեք Աստծուն
Եհովան ատում է անարդարությունը
«ՄԱՐԴԸ մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Մոտ 3000 տարի առաջ գրված այս խոսքերը ճշգրտորեն նկարագրում են ներկայիս աշխարհը։ Մարդիկ հակված են չարաշահելու իրենց իշխանությունը, անկախ նրանից, թե ով են և որտեղ են ապրում։ Եվ շատ հաճախ նրանք հարստահարում են անօգնական, խեղճ մարդկանց։ Ի՞նչ է զգում Եհովան այդպիսի անարդարության նկատմամբ։ Պատասխանը գտնում ենք Եզեկիել 22։6, 7, 31 համարներում (կարդա՛)։
Իսրայելին տված Օրենքում Եհովան հստակ ցույց տվեց, որ առաջնորդները չպետք է սխալ գործադրեն իրենց իշխանությունը։ Աստված միայն այն դեպքում կօրհներ այդ ազգին, եթե նրանք խեղճի ու աղքատի հանդեպ բարությամբ ու հարգանքով վերաբերվեին (2 Օրենք 27։19; 28։15, 45)։ Եզեկիելի օրերում, սակայն, Երուսաղեմի և Հուդայի իշխանները դաժանորեն էին գործադրում իրենց իշխանությունը։
Նրանցից «յուրաքանչյուրն իր բազուկը արյուն թափելուն էր տվել» (համար 6)։ «Բազուկ» բառը նշանակում է իշխանություն, կամ՝ զորություն։ Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է. «Իսրայելի իշխանները.... օգտագործում էին իրենց իշխանությունը արյուն թափելու համար» (The New English Bible)։ Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ առաջնորդները, ովքեր պարտավոր էին պահել Օրենքը և ուրիշներին էլ խրախուսել նույնն անել, չարաշահում էին իրենց իշխանությունը և սպանում անմեղ մարդկանց։
Այս խոսքերն ասելուց հետո Եզեկիելը մեղադրում է ոչ միայն առաջնորդներին, այլև այն մարդկանց, ովքեր, հետևելով նրանց օրինակին, չէին հնազանդվում Եհովայի Օրենքին։ «Անարգում են հորն ու մորը»,— ասում է Եզեկիելը (համար 7)։ Արհամարհելով ընտանիքում ունեցած ծնողի դերը՝ մարդիկ քանդում էին ընտանեկան կառույցը՝ ազգի ամրության հիմքը (Ելք 20։12)։
Այս ապականված մարդիկ շահագործում էին խեղճերին։ Ամեն անգամ չհնազանդվելով Օրենքին՝ նրանք ցույց էին տալիս իրենց արհամարհական վերաբերմունքը Օրենքի հանդեպ, որը հիմնված էր Աստծու սիրո վրա։ Օրինակ՝ ըստ այդ Օրենքի՝ իսրայելացիները պետք է հատուկ ուշադրություն ցույց տային իրենց մեջ ապրող այլազգիներին (Ելք 22։21; 23։9; Ղևտական 19։33, 34)։ Սակայն նրանք «խաբեությամբ էին վարվում» պանդուխտների հետ (համար 7)։
Ժողովուրդը նաև կեղեքում էր նրանց, ովքեր անպաշտպան էին՝ «որբին և այրուն» (համար 7)։ Եհովան հատկապես ուշադիր է այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են ծնող կամ կողակից։ Նա խոստացել է, որ անձամբ է տեսնելու որբին ու այրուն հարստահարողի դատը (Ելք 22։22–24)։
Այս և այլ կերպերով իսրայելացիները արհամարհում էին ու ոտնահարում Աստծու Օրենքը։ Ի՞նչ էր պատրաստվում անելու Եհովան։ «Իմ դատապարտությունը կբերեմ նրանց վրա»,— ասաց նա (համար 31)։ Եհովան կատարեց իր խոստումը. նա թույլ տվեց, որ մ.թ.ա. 607թ.-ին բաբելոնացիները կործանեն Երուսաղեմը և ժողովրդին գերի տանեն։
Եզեկիելի խոսքերից երկու բան ենք սովորում։ Առաջին՝ Եհովան ատում է անարդարությունը, երկրորդ՝ նա կարեկցում է անարդարության զոհ դարձած մարդկանց։ Աստված չի փոխվել (Մաղաքիա 3։6)։ Նա խոստանում է, որ շուտով կվերացնի անարդարությունը և բոլոր նրանց, ովքեր թիկունք են կանգնում դրան (Առակներ 2։21, 22)։ Մի՞թե չարժե ավելին իմանալ այն Աստծու մասին, ով «սիրում է արդարությունը», և ավելի շատ մտերմանալ նրա հետ (Սաղմոս 37։28)։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր օգոստոս ամսվա համար
[մեջբերում 27-րդ էջի վրա]
Եհովան հստակ ցույց տվեց, որ առաջնորդները չպետք է սխալ գործադրեն իրենց իշխանությունը