Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 մայիս էջ 14–20
  • Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ ԳՈՒՑԵ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԼԻՆԻ
  • ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐԵԼ
  • ԻՆՉՊԵ՞Ս ՄԽԻԹԱՐԵՆՔ
  • Մխիթարիր «բոլոր սգավորներին»
    2011 Դիտարան
  • Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են
    2003 Դիտարան
  • Վստահիր Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն»
    2011 Դիտարան
  • Ինչպես է Աստված մխիթարում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 մայիս էջ 14–20

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին (մաս 4)

«Ամենայն մխիթարության Աստվածը.... մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 ԿՈՐՆԹ. 1։3, 4)։

ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1–2. ա) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ մարդիկ ծնվելու օրվանից մխիթարության կարիք ունեն և միևնույն ժամանակ օժտված են ուրիշներին մխիթարելու ունակությամբ։ բ) Որոշ երեխաներ ի՞նչ վերքեր են ստանում։

ՄԱՐԴԻԿ ծնվելու օրվանից մխիթարության կարիք ունեն։ Նրանք նաև օժտված են ուրիշներին մխիթարելու զարմանալի ունակությամբ։ Օրինակ, երբ փոքր երեխան խաղալիս ընկնում է և քերծում է ծունկը, սովորաբար անմիջապես վազում է մայրիկի կամ հայրիկի մոտ ու լաց է լինում։ Ճիշտ է, ծնողները ի վիճակի չեն բուժելու նրա վերքը, բայց կարող են մխիթարել նրան։ Նրանք կհարցնեն, թե ինչ է պատահել, կսրբեն երեխայի արցունքները, հանգստացնող ջերմ խոսքեր կասեն, իսկ վերքի վրա, հնարավոր է, ինչ-որ դեղ քսեն ու վիրակապ դնեն։ Մի քանի րոպե հետո երեխան թերևս դադարի լաց լինել ու նորից սկսի խաղալ։ Վերքն էլ ժամանակի ընթացքում կլավանա։

2 Սակայն ցավալի է, որ երբեմն որոշ երեխաներ շատ ավելի վատ վերքեր են ստանում։ Խոսքը սեռական բռնության մասին է։ Դա կարող է տեղի ունենալ մեկ անգամ կամ շարունակվել երկար ժամանակ։ Ինչևէ, այդպիսի բռնությունը կարող է էմոցիոնալ խոր վերքեր թողնել։ Որոշ դեպքերում հանցագործին բռնում ու պատժում են։ Որոշ դեպքերում էլ գուցե թվա, թե մանկապիղծը այդպես էլ չի կանգնի արդար դատաստանի առաջ։ Սակայն նույնիսկ եթե նրան անմիջապես ձերբակալեն ու պատժեն, բռնության ցավալի հետևանքները, հնարավոր է, չվերանան, երբ երեխան չափահաս դառնա։

3. 2 Կորնթացիներ 1։3, 4 համարների համաձայն՝ Եհովան ի՞նչ է ցանկանում, և ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

3 Եթե քրիստոնյան, որը երեխա ժամանակ բռնության է ենթարկվել, չափահաս տարիքում շարունակում է ցավ զգալ իր սրտում, ի՞նչը կարող է օգնել նրան (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Եհովան, անկասկած, ցանկանում է, որ իր գառները ջերմ սեր ու մխիթարություն գտնեն։ Ուստի եկեք երեք հարց քննարկենք։ 1) Այն մարդիկ, որոնք փոքր ժամանակ մանկապղծության զոհ են դարձել, ինչո՞ւ գուցե մխիթարության կարիք ունենան։ 2) Ովքե՞ր կարող են մխիթարել նրանց։ 3) Ի՞նչ կարելի է անել այդ մարդկանց մխիթարելու համար։

ԻՆՉՈ՞Ւ ԳՈՒՑԵ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԼԻՆԻ

4–5. ա) Երեխաների առնչությամբ ի՞նչ է կարևոր հասկանալ և ինչո՞ւ։ բ) Բռնությունը ի՞նչ մնայուն հետևանք կարող է թողնել։

4 Որոշ չափահասներ, որոնք փոքր ժամանակ մանկապղծության զոհ են դարձել, հնարավոր է, շատ տարիներ անց էլ մխիթարության կարիք ունենան։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ երեխաները շատ են տարբերվում մեծերից։ Վատ վերաբերմունքը հասուն մարդկանց վրա գուցե այնպիսի խոր ազդեցություն չթողնի, ինչպես երեխաների վրա։ Ուստի եկեք քննենք, թե երեխաներն ինչ առանձնահատկություններ ունեն։

5 Երեխաները կարիք ունեն վստահության վրա հիմնված մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու նրանց հետ, ովքեր հոգ են տանում իրենց մասին։ Այդպիսի փոխհարաբերությունների շնորհիվ փոքրերը իրենց պաշտպանված են զգում, նաև սովորում են վստահել իրենց սիրող մյուս մարդկանց (Սաղ. 22։9)։ Սակայն շատ ցավալի է, որ ամենից հաճախ երեխաները հենց իրենց տանն են սեռական բռնության ենթարկվում. սովորաբար հանցագործը ընտանիքի անդամն է կամ հարազատներից մեկի ընկերը։ Երբ երեխայի վստահությունը այսպես խորտակում են, հնարավոր է՝ շատ տարիներ անց էլ նրա համար դժվար լինի վստահել ինչ-որ մեկին։

6. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մանկապղծությունը դաժան հանցագործություն է։

6 Երեխաները չեն կարող իրենց պաշտպանել, ուստի մանկապղծությունը դաժան հանցագործություն է, որը մեծ վնաս է պատճառում նրանց։ Հետևանքները կարող են ցավալի լինել, երբ երեխային ներքաշում են սեռական բնույթի գործողությունների մեջ։ Չէ՞ որ դեռ շատ տարիներ պետք է անցնեն, մինչև որ նա ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առումով պատրաստ լինի ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու։ Բռնության հետևանքով նրա մեջ գուցե սխալ պատկերացումներ ձևավորվեն սեռական հարաբերությունների մասին, և թերարժեքության զգացում առաջանա։ Հնարավոր է նաև՝ նա չկարողանա վստահել նրանց, ովքեր ուզում են ընկերանալ իր հետ։

7. ա) Մանկապիղծների համար ինչո՞ւ է հեշտ խաբել երեխաներին, և նրանք սովորաբար ի՞նչ ստեր են ասում։ բ) Այդ ստերը ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ։

7 Երեխաները դեռ չեն կարող լավ տրամաբանել ու ճիշտ որոշումներ կայացնել կամ բնորոշել վտանգը և խուսափել դրանից (1 Կորնթ. 13։11)։ Ուստի խորամանկ մանկապիղծների համար շատ հեշտ է խաբել նրանց։ Այդ չարագործները երեխաներին վտանգավոր ստեր են ասում, օրինակ՝ ասում են, որ կատարվածի համար երեխան է մեղավոր, որ դրա մասին չի կարելի ոչ ոքի պատմել, որ եթե պատմի, իրեն չեն հավատա և չեն օգնի, կամ որ չափահասների ու երեխաների սեռական հարաբերությունները անկեղծ սիրո նորմալ դրսևորումներ են։ Հնարավոր է՝ շատ տարիներ անցնեն, մինչև երեխան հասկանա, որ այս ամենը սուտ է։ Նույնիսկ երբ նա մեծանա, մեղավորության զգացումը գուցե շարունակի տանջել իրեն. նա գուցե կարծի, որ ինքն անմաքուր է և արժանի չէ սիրո ու մխիթարության։

8. Ինչո՞ւ ենք վստահ, որ Եհովան կարող է մխիթարել նրանց, ովքեր ցավ են զգում իրենց սրտում։

8 Այսպիսով՝ պետք չէ զարմանալ, երբ սեռական բռնության ցավալի հետևանքները երկար տարիներ չեն անցնում։ Իրոք որ, մանկապղծությունը ծայրահեղ դաժան հանցագործություն է։ Այդ արատավոր երևույթի տարածվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ապրում ենք վերջին օրերում՝ այնպիսի ժամանակներում, երբ շատերը «բնական կապվածություն չունեն», երբ «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ» (2 Տիմոթ. 3։1–5, 13)։ Սատանան, ինչ խոսք, չար ծրագրեր ունի, և ցավալի է, որ մարդիկ նրա ուզածն են անում։ Բայց Եհովան Սատանայից ու նրա կամակատարներից շատ ավելի ուժեղ է։ Նա քաջատեղյակ է, թե այդ նենգ էակը ինչեր է անում։ Վստահ եղիր. մեր երկնային Հայրը լիովին հասկանում է այն ցավը, որ զգում ենք մեր սրտում, և կարող է մխիթարել մեզ։ Մենք երջանիկ ենք, որ ծառայում ենք «ամենայն մխիթարության Աստծուն, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին կարողանանք մխիթարել այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց» (2 Կորնթ. 1։3, 4)։ Իսկ ո՞ւմ միջոցով է Եհովան սփոփում մեզ։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐԵԼ

9. Ինչպես գրված է Սաղմոս 27։10-ում, Եհովան ի՞նչ կանի նրանց համար, ովքեր ծնողական հոգատարություն չեն տեսել։

9 Մխիթարության կարիք ունեն հատկապես նրանք, ովքեր ծնողական հոգատարություն չեն տեսել կամ մտերիմների կողմից են բռնության ենթարկվել։ Սաղմոսերգու Դավիթը գիտեր, որ ամենավստահելի ու ամենալավ մխիթարիչը Եհովան է (կարդա Սաղմոս 27։10)։ Նա համոզված էր, որ մեր երկնային Հայրը գրկաբաց ընդունում է նրանց, ում հետ հարազատները վատ են վարվել։ Իսկ ինչպե՞ս է Եհովան մխիթարություն տալիս։ Նա դա անում է իր հավատարիմ ծառաների միջոցով։ Հավատակիցները մեր հոգևոր ընտանիքն են։ Մի անգամ Հիսուսն ասաց, որ իր հետ Եհովային երկրպագող մարդիկ իր համար եղբայր են, քույր և մայր (Մատթ. 12։48–50)։

10. Պողոս առաքյալն ինչպե՞ս է նկարագրել երեցի իր գործը։

10 Քննենք մի օրինակ, թե քրիստոնեական ժողովը ինչպես կարող է ջերմ ընտանիք լինել մեզ համար։ Պողոս առաքյալը ջանասիրաբար ծառայող հավատարիմ երեց էր։ Լավ օրինակ լինելով՝ նա Աստծու ներշնչմամբ ուրիշներին գրեց, որ ընդօրինակեն իրեն, ինչպես որ ինքն է ընդօրինակում Քրիստոսին (1 Կորնթ. 11։1)։ Ուշադրություն դարձրու, թե իր նամակներից մեկում Պողոսն ինչպես է նկարագրում երեցի իր գործը. «Մենք քնքշորեն էինք վարվում ձեզ հետ, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում իր երեխաներին» (1 Թեսաղ. 2։7)։ Մեր ժողովների երեցները նույնպես կարող են մեղմ ու բարի խոսքերով թև տալ նրանց, ում Աստվածաշնչի միջոցով մխիթարում են։

Մի հասուն քույր մխիթարում է մեկ ուրիշ քրոջ, որն էմոցիոնալ ցավ է ապրում

Հասուն քույրերը կարող են մեծապես օգնել մխիթարության կարիք ունեցող քույրերին (տես պարբերություն 11)c

11. Արդյո՞ք միայն երեցները կարող են մխիթարել վհատվածներին։ Բացատրիր։

11 Արդյո՞ք միայն երեցները կարող են մխիթարել բռնության զոհ դարձածներին։ Ո՛չ։ Բոլորիս պարտականությունն է՝ «շարունակել մխիթարել միմյանց» (1 Թեսաղ. 4։18)։ Այն կանայք, որոնք հասուն քրիստոնյաներ են, կարող են մեծապես օգնել քաջալերության կարիք ունեցող քույրերին։ Իզուր չէ, որ Եհովան ինքն իրեն համեմատում է երեխային մխիթարող մոր հետ (Ես. 66։13)։ Աստվածաշնչում հիշատակվում են կանայք, որոնք կարեկցել ու սփոփել են վհատվածներին (Հոբ 42։11)։ Եհովան շատ է ուրախանում՝ տեսնելով, որ քրիստոնյա կանայք մխիթարում են էմոցիոնալ ցավ ապրող քույրերին։ Որոշ դեպքերում, հնարավոր է, մեկ կամ երկու երեց առանձին մոտենան որևէ հասուն քրոջ և խնդրեն օգնել այն քրոջը, որը տառապում է այդպիսի ցավից։b

ԻՆՉՊԵ՞Ս ՄԽԻԹԱՐԵՆՔ

12. Հավատակցին օգնելիս ի՞նչ չպետք է անենք։

12 Երբ ուզում ենք օգնել մեր հավատակցին, պետք է զգույշ լինենք, որ հարցեր չտանք այնպիսի բաների մասին, որոնք նա չէր ուզի ինչ-որ մեկին հայտնել (1 Թեսաղ. 4։11)։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք օգնել ու մխիթարել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը և ցանկանում են օգնություն ստանալ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եկեք քննենք հինգ ձև, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչում։

13. 1 Թագավորներ 19։5–8 համարների համաձայն՝ Եհովայի հրեշտակը ի՞նչ արեց Եղիայի համար, և ի՞նչ կարող ենք սովորել այդ դրվագից։

13 Ինչ-որ հաճելի կամ օգտակար բան արա վհատված հավատակցիդ համար։ Երբ Եղիա մարգարեն իր կյանքը փրկելու համար փախչում էր թշնամիներից, այնքան հուսահատված էր, որ ուզում էր մեռնել։ Ուստի Եհովան նրա մոտ ուղարկեց իր զորեղ հրեշտակին, որը նրա համար արեց այն, ինչի կարիքը նա այդ պահին ուներ։ Հրեշտակը մարգարեին տաք կերակուր տվեց և հորդորեց ուտել (կարդա 1 Թագավորներ 19։5–8)։ Այս դրվագից կարևոր բան ենք սովորում. երբեմն հասարակ բարի արարքը կարող է մեծ օգուտ բերել։ Օրինակ, եթե ընկճված եղբորը կամ քրոջը ճաշի հրավիրենք, համեստ նվեր տանք կամ ջերմ խոսքեր գրենք, նա կզգա, որ իրեն սիրում են և իր մասին մտահոգվում են։ Նույնիսկ եթե մեզ համար դժվար է խոսել խիստ անձնական կամ ցավոտ հարցերի շուրջ, այս ձևերով կարող ենք օգնել նրան։

14. Եղիայի պատմությունից է՞լ ինչ կարող ենք սովորել։

14 Այնպես արա, որ հավատակիցդ իրեն ապահով ու ազատ զգա։ Եղիայի պատմությունից ուրիշ բան էլ ենք սովորում։ Եհովան հրաշքով օգնեց իր մարգարեին երկար ճանապարհ անցնել ու հասնել Քորեբ լեռը։ Հավանաբար, այդ հեռավոր վայրում, որտեղ Աստված դարեր առաջ ուխտ էր կապել իր ժողովրդի հետ, Եղիան իրեն ապահով էր զգում։ Համենայնդեպս, այդտեղ նա հեռու էր նրանցից, ովքեր ուզում էին սպանել իրեն։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Եթե ցանկանում ենք մխիթարել բռնության զոհ դարձած մարդուն, նախ պետք է այնպես անենք, որ նա իրեն հանգիստ զգա։ Օրինակ՝ երեցները պետք է հիշեն, որ վհատված քույրը գուցե իրեն ավելի ապահով ու ազատ զգա, եթե իր հետ զրուցեն ոչ թե Թագավորության սրահում, այլ տանը՝ անկաշկանդ միջավայրում, ասենք՝ սուրճի սեղանի շուրջ։ Սակայն մեկ ուրիշին գուցե ավելի հարմար լինի Թագավորության սրահում զրուցել։

Երկու երեց այցելում են ընկճված քրոջը։ Վերջինս հրավիրել է նաև իրեն մխիթարական խոսքեր ասած հասուն քրոջը, որ այդ ընթացքում իր կողքին լինի

Ուշադրությամբ ու սրտացավությամբ լսելով մեր հավատակցին, նրա հետ ջերմագին աղոթելով և մխիթարական խոսքեր ասելով՝ կարող ենք բուժել նրա սիրտը (տես պարբերություն 15–20)d

15–16. Ի՞նչ է նշանակում ուշադիր ու սրտացավ լսող լինել։

15 Ուշադիր ու սրտացավ լսող եղիր։ Աստվածաշունչը այսպիսի խորհուրդ է տալիս. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակ. 1։19)։ Իսկ մենք այդպե՞ս ենք լսում, երբ դիմացինը խոսում է։ Գուցե կարծենք, թե դրա համար բավական է ուշադիր նայել մարդուն և ոչինչ չասել։ Սակայն հարկավոր է ավելին անել։ Օրինակ, երբ Եղիան իր սիրտը դատարկեց Եհովայի առաջ ու պատմեց իր անհանգստությունների մասին, Բարձրյալը իսկապես ուշադրությամբ ու սրտացավությամբ լսեց նրան։ Նա հասկացավ, որ մարգարեն վախեցած է, իրեն մենակ է զգում, մտածում է, որ իր ողջ աշխատանքը զուր է եղել։ Եվ Աստված քնքշորեն փարատեց նրա բոլոր անհանգստությունները։ Եհովան փաստեց, որ իսկապես լսել է Եղիայի ամեն մի խոսքն ու հառաչանքը (1 Թագ. 19։9–11, 15–18)։

16 Իսկ ինչպե՞ս կարող ենք հավատակցին լսելիս ցույց տալ մեր կարեկցանքն ու սրտացավությունը, որոնք վկայում են մեր սիրո մասին։ Օրինակ՝ երբեմն կարող ենք նրբանկատորեն ասված ջերմ խոսքերով արտահայտել մեր զգացմունքները։ Գուցե ասենք. «Սիրտս մղկտում է քո պատմածից։ Ոչ մի երեխա չպե՛տք է այդպիսի բանի միջով անցնի»։ Կարող ենք մեկ-երկու հարց տալ, որ ավելի լավ հասկանանք, թե դիմացինը ինչ է զգում։ Գուցե ասենք. «Քո խոսքերից հասկացա, որ... Ճի՞շտ եմ հասկացել»։ Սիրո այսպիսի դրսևորումները մեր հավատակցին կհավաստիացնեն, որ ուշադիր լսում ենք իրեն և ուզում ենք հասկանալ իր ցավը (1 Կորնթ. 13։4, 7)։

17. Ինչո՞ւ պետք է լինենք համբերատար ու «դանդաղ՝ խոսելու մեջ»։

17 Մենք պետք է նաև «դանդաղ [լինենք] խոսելու մեջ»։ Չպետք է ընդհատենք մարդուն, որ խորհուրդ տանք կամ ուղղենք նրա մտածելակերպը։ Բացի այդ, պետք է շատ համբերատար լինենք։ Երբ Եղիան իր սիրտը դատարկեց Եհովայի առաջ, դառնությամբ արտահայտեց իր խոր ցավը։ Ավելի ուշ, երբ Աստված ամրապնդեց իր մարգարեի հավատը, նա նորից նույն խոսքերով արտահայտեց իր ալեկոծ զգացմունքները (1 Թագ. 19։9, 10, 13, 14)։ Ի՞նչ ենք սովորում այս դրվագից։ Վհատված մարդը գուցե կարիք ունենա նորից ու նորից դատարկելու իր սիրտը։ Մենք ուզում ենք ընդօրինակել Եհովային ու համբերությամբ լսել։ Լուծումներ առաջարկելու փոխարեն՝ ավելի լավ է խոր կարեկցանք ու սրտացավություն արտահայտել (1 Պետ. 3։8)։

Երեցն աղոթում է էմոցիոնալ ցավ ապրող քրոջ համար. աղոթքը լսում են նաև մյուս երեցը և հասուն քույրը

18. Մեր աղոթքներն ինչպե՞ս կարող են մխիթարել ընկճված հավատակցին։

18 Ջերմագին աղոթիր հավատակցիդ հետ։ Նա, ով շատ ընկճված է, գուցե չկարողանա աղոթել։ Այդպիսի մարդը, հնարավոր է, իրեն անարժան համարի մոտենալու Եհովային։ Ուստի նրան մխիթարելու համար լավ կլինի՝ միասին աղոթենք՝ հիշատակելով իր անունը։ Աղոթքում կարող ենք ասել Աստծուն, թե մենք և մեր ամբողջ ժողովը որքան ենք սիրում այդ մարդուն։ Կարող ենք խնդրել մեր երկնային Հորը, որ հանգստացնի ու սփոփի իր թանկարժեք գառնուկին։ Այդպիսի աղոթքները կարող են շատ մխիթարական լինել (Հակ. 5։16)։

19. Նախքան մեկին մխիթարելը ինչպե՞ս կարող ենք պատրաստվել։

19 Այնպիսի բառեր ընտրիր, որոնք կսփոփեն ու կբուժեն։ Մի բան ասելուց առաջ լավ մտածիր։ Անմտածված խոսքերը կարող են խոցել, իսկ մեղմ ու բարի խոսքերը, ընդհակառակը, բուժել (Առակ. 12։18)։ Ուստի աղոթիր Եհովային, որ քեզ օգնի բարի, մխիթարական, ամոքիչ խոսքեր գտնել։ Հիշիր, որ ոչինչ չի կարող այնքան զորեղ ազդեցություն ունենալ, որքան հենց Եհովայի խոսքերը՝ գրված Աստվածաշնչում (Եբր. 4։12)։

20. Մանկապղծության զոհ դարձած որոշ եղբայրներ ու քույրեր ի՞նչ կարծիք ունեն իրենց մասին, ուստի ի՞նչ պետք է հիշեցնենք նրանց։

20 Որոշ եղբայրներ ու քույրեր, որոնք փոքր ժամանակ սեռական բռնության են ենթարկվել, հավատացած են, որ իրենք անմաքուր են, ոչ մի արժեք չունեն, նույնիսկ արժանի չեն սիրո։ Որքա՜ն սարսափելի է այս սուտը։ Ուստի Աստվածաշնչի միջոցով հիշեցրու նրանց, թե իրենք ինչ մեծ արժեք ունեն Եհովայի աչքում (տես «Մխիթարություն Աստվածաշնչից» շրջանակը)։ Հիշիր, թե Աստծու հրեշտակը ինչպիսի ջերմությամբ զորացրեց Դանիել մարգարեին, որն ընկճված էր ու թույլ։ Եհովան իր սիրելի ծառային հայտնեց, թե որքան թանկ է նա իր համար (Դան. 10։2, 11, 19)։ Ցավ ապրող մեր սիրելի եղբայրներն ու քույրերը նույնպես շատ թանկ են մեր սիրառատ Հոր աչքում։

Մխիթարություն Աստվածաշնչից

Աստվածաշնչի ո՞ր հատվածներն են հատկապես մխիթարական եղել նրանց համար, ովքեր փոքր ժամանակ սեռական բռնության են ենթարկվել։ Սփոփիչ շատ համարներ կարելի է հիշել։ Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը։ Յուրաքանչյուրի տակ բերված է մեկնաբանություն կամ ինչ-որ մեկի ասած խոսքեր, որոնք օգնում են հասկանալ, թե ինչպես կարելի է այդ սուրբգրային համարների միջոցով մխիթարել ուրիշներին։

Քույրը Աստվածաշունչ է կարդում

ՀՈԲ 34։22–28

Որոշ դեպքերում գուցե թվա, թե մանկապիղծները անպատիժ են մնում։ Սակայն Եհովան լսում է նրանց զոհերի աղաղակը։ Ուստի այս մեղսագործները չեն կարող թաքնվել նրանից։ Եթե ապավինենք Աստծուն և վստահ լինենք, որ նա կվերականգնի արդարությունը, խաղաղություն կգտնենք։

ՍԱՂՄՈՍ 62։8

«Հետևելով այս համարում տրված հորդորին՝ սիրտս դատարկում էի Եհովայի առաջ, աղաչում էի սփոփել ինձ և հանգստացնել սիրտս ու միտքս։ Մշտապես աղոթելով՝ աստիճանաբար մխիթարվեցի և ներքին խաղաղություն գտա»,— ասում է մի երեց, որը ինը տարեկանում սեռական բռնության է ենթարկվել (տես նաև Սաղմոս 56։8–13)։

ԵՍԱՅԻԱ 41։10, 13

Այս մխիթարական համարներից իմանում ենք, որ Եհովան սիրառատ Հայր է։ Դժվար պահերին նա պաշտպանում և օգնում է իր ծառաներին։ Այս խոսքերի ճշմարտացիության մեջ շատերն են համոզվել, այդ թվում՝ նրանք, ովքեր բռնության զոհ են դարձել։

ԵՍԱՅԻԱ 32։1, 2

«Օգնության համար դիմեցի երեցներին։ Նրանք ժամանակ տրամադրեցին ու մի քանի անգամ զրուցեցին ինձ հետ։ Այդ մարդիկ հոգատար եղան իմ հանդեպ և ուշադիր լսեցին։ Նրանք աղոթեցին ինձ հետ և ինձ համար»,— ասում է մի քույր, որը մոտ վեց տարեկանում մանկապղծության զոհ է դարձել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 13։4, 7

Հիշիր այս համարները, երբ ինչ-որ մեկը պատմում է, որ անցյալում բռնության զոհ է դարձել։ Այնպիսի խոսքեր մի՛ ասա, որ թվա, թե այնքան էլ չես հավատում նրա ասած ինչ-որ բանի։ Շատ մանկապիղծներ երեխաներին ասում են, որ եթե կատարվածի մասին պատմեն ուրիշներին, ոչ ոք չի հավատա իրենց։ Որոշ երեխաներ, չափահաս դառնալով, շարունակում են հավատալ այդ ստին։ Ուստի կենտրոնացիր այն ցավի վրա, որ հավատակիցդ զգում է, և ձգտիր մխիթարել նրան։

2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10։4, 5

Սեռական բռնության հետևանքով երեխաները գուցե սկսեն որոշ ստերի հավատալ, սակայն Աստծու Խոսքը կարող է քանդել ցանկացած ամրություն, այդ թվում՝ Սատանայի ամենադաժան ստերը։

1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։19, 20

Եթե մեր սիրտը անարդարացիորեն դատապարտում է մեզ, պետք է հիշենք, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի»։ Աստծու Խոսքը օգնում է մեզ համոզվել, որ մենք թանկ ենք նրա համար։

Տես «Մոտեցիր Եհովային» գրքի 24-րդ գլուխը։

21. Ի՞նչ է սպասում չզղջացող բոլոր չարագործներին, բայց մինչ այդ ի՞նչ պետք է անենք։

21 Ուրիշներին մխիթարելիս մենք հիշեցնում ենք, որ Եհովան շատ է սիրում նրանց։ Սակայն չպետք է նաև մոռանանք, որ Եհովան արդարադատ Աստված է։ Ոչ մի բռնարարք չի վրիպում նրա աչքից։ Նա ամեն ինչ տեսնում է և չզղջացող ոչ մի չարագործի անպատիժ չի թողնի (Թվեր 14։18)։ Իսկ մինչ այդ եկեք ամեն ինչ անենք, որ մեր սերը ցույց տանք բռնության զոհ դարձած հավատակիցներին։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ շուտով մեր երկնային Հայրը ընդմիշտ կբուժի նրանց, ում հետ վատ են վարվել Սատանան ու նրա աշխարհը։ Մոտ է այն ժամանակը, երբ ցավ պատճառող ոչ մի բան «չի հիշվի և ոչ էլ սրտում կմնա» (Ես. 65։17)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Մանկապղծության զոհ դարձածները ինչո՞ւ գուցե տարիներ անց էլ մխիթարության կարիք ունենան։

  • Ովքե՞ր կարող են սփոփել էմոցիոնալ ցավ ապրող եղբայրներին ու քույրերին։

  • Ի՞նչ կարող ենք անել, որ մխիթարենք վհատված հավատակցին։

ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

a Մանկապղծության զոհ դարձածներից ոմանք շատ տարիներ անց էլ շարունակում են իրենց սրտում կրել դրա պատճառած ցավը։ Այս հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչու է այդպես լինում։ Կխոսենք նաև այն մասին, թե ովքեր կարող են մխիթարել այդ մարդկանց։ Բացի այդ, կքննարկենք, թե ինչ կարելի է անել նրանց մխիթարելու համար։

b Բռնության զոհ դարձած յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ ստանալ մասնագիտական օգնություն, թե ոչ։

c ՆԿԱՐ։ Մի հասուն քույր մխիթարում է էմոցիոնալ ցավ ապրող քրոջը։

d ՆԿԱՐ։ Երկու երեց այցելում են ընկճված քրոջը։ Վերջինս հրավիրել է նաև իրեն մխիթարական խոսքեր ասած հասուն քրոջը, որ այդ ընթացքում իր կողքին լինի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը