Մեր Մեծ Ստեղծիչը հոգ է տանում մեր մասին
1 Փորձելով խրատել անհնազանդ Իսրայելին՝ Եհովան հետևյալ հարցերն ուղղեց. «Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը» (Եսայիա 40։28)։ Մենք ճանաչում ենք մեր Մեծ Ստեղծիչին և տեսնում նրա սիրալիր հոգատարությունը մեր հանդեպ։ Այնուհանդերձ, միլիոնավոր մարդիկ կասկածում են, որ Աստված գոյություն ունի, կամ էլ նրա մասին այնպիսի պատկերացում ունեն, որը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անհատներին։
2 «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը նախատեսված է այդպիսի մարդկանց օգնելու համար։ Այն մտածող անհատներին կոչ է անում տրամաբանել փաստերի շուրջ։ Գրքում տեղ գտած հետաքրքիր նյութն ու համոզիչ փաստարկները կհրապուրեն ընթերցողներին։
3 Ծանոթացիր «Ստեղծիչ» գրքին։ Հիշիր գրքի բովանդակության հիմնական մտքերը։ 2–5-րդ գլուխներում քննարկվում է Տիեզերքի, կյանքի և մարդու ծագման մասին, նաև այն, թե ով է կանգնած այդ ամենի ետևում։ 6–9-րդ գլուխներն անդրադառնում են Աստվածաշնչին և նրա Հեղինակին, մասնավորապես, քննարկվում է այն հարցը, թե արդյոք կարելի է վստահել ստեղծագործության վերաբերյալ «Ծննդոց» գրքում զետեղված հաղորդագրություններին։ 10–րդ գլուխը բավարարող պատասխան է տալիս մի հարցի, որը մարդկանց ամենաշատն է հուզում, այն է՝ եթե գոյություն ունի հոգատար Ստեղծիչ, ապա ինչո՞ւ է թույլատրում տառապանքը։
4 Փորձիր տրամաբանել այն մարդկանց հետ, ովքեր կասկածներ ունեն։ «Ստեղծիչ» գրքի 78–79 էջերում ներկայացվում են մի շարք փաստեր, որոնք կարող ես գործածել՝ օգնելով ուրիշներին Աստծո մասին ճիշտ եզրակացության հանգելու։ Հարցրու նրանց. «Տիեզերքը սկիզբ ունեցե՞լ է»։ Շատերը կհամաձայնեն այդ մտքի հետ։ Այդ դեպքում հաջորդ հարցը տուր. «Այդ սկիզբը պատճառ ունե՞ր, թե՞ առանց պատճառի էր»։ Շատերն ընդունում են, որ սկզբնապատճառ եղել է։ Պատասխանը հանգեցնում է վերջին հարցին. «Տիեզերքը ծագել է հավիտենական ինչ–որ մի բանի՞ց, թե՞ հավիտենական ինչ–որ Մեկից»։ Այսպիսի մոտեցումը կարող է շատերին մղել ընդունելու Ստեղծիչի գոյության փաստը։
5 «Ստեղծիչ» գրքի անհրաժեշտությունը շատերն են զգում։ Առաջարկիր այն քո բարեկամներին, աշխատակիցներին, համադասարանցիներին և ծանոթներին։ Ծառայության ժամանակ այդ գրքից քեզ մոտ ունեցիր, որպեսզի առաջարկես այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ Աստված գոյություն ունի։ Որքան ավելի լավ ծանոթանանք այս գրքին, այնքան ավելի մեր սերը կզորանա մեր Ստեղծիչի հանդեպ և կմղի մեզ շարունակ ընթանալ նրա վեհ չափանիշներին համապատասխան (Եփես. 5։1; Յայտն. 4։11)։