Մենք բարձր ենք գնահատում մեր առանձնաշնորհումները
1 Բոլոր ժամանակներում Եհովան իր ծառաներին տարբեր առանձնաշնորհումներ է վստահել։ Նա դրանք տվել է՝ անկախ նրանց սեռից, տարիքից կամ դիրքից (Ղուկ. 1։41, 42; Գործեր 7։46; Փիլիպ. 1։29)։ Իսկ ի՞նչ առանձնաշնորհումներ է նա տալիս մեզ այսօր։
2 Մեր ունեցած առանձնաշնորհումներից մի քանիսը։ Մենք առանձնաշնորհում ունենք Եհովայից կրթվելու (Մատթ. 13։11, 15)։ Առանձնաշնորհում է նաև ժողովի հանդիպումների ժամանակ Եհովային մեկնաբանություններով փառաբանելը (Սաղ. 35։18)։ Երբ հնարավորություն ենք ունենում մեկնաբանություն տալու, դա անում ենք եռանդորեն։ Նաև եթե մենք ժողովում ստացած յուրաքանչյուր հանձնարարություն պատիվ համարենք, ապա դա կատարելու համար գործի կդնենք մեր բոլոր կարողությունները։ Օրինակ՝ կանոնավորաբար մասնակցո՞ւմ ենք Թագավորության սրահը մաքուր ու լավ վիճակում պահելու գործին, որը առանձնաշնորհում է։
3 Միլիոնավոր մարդիկ վստահ չեն, թե արդյոք Աստված լսում է իրենց աղոթքները։ Սակայն մենք մեծ պատվի ենք արժանացել, քանի որ տիեզերքի ամենաբարձր Անձնավորությունը՝ Եհովան, լսում է մեր աղոթքները (Առակ. 15։29)։ Նա անձամբ է լսում իր ծառաների աղոթքները (1 Պետ. 3։12)։ Եհովան սահմանափակումներ չի դնում մեզ վրա, թե որքան հաճախ կարող ենք աղոթել իրեն։ Ի՜նչ հրաշալի պարգև է մեզ համար այն, որ կարող ենք «ամեն առիթով աղոթել» Աստծուն (Եփես. 6։18)։
4 «Մենք Աստծու համագործակիցներն ենք»։ Որպես «Աստծու համագործակիցներ»՝ մենք մի հրաշալի առանձնաշնորհում էլ ունենք՝ հռչակել Աստծու Թագավորության բարի լուրը (1 Կորնթ. 3։9)։ Այդ գործը բավականություն ու թարմություն է բերում մեզ (Հովհ. 4։34)։ Այն իրականացնելու համար Եհովան մարդկանց օգնության կարիքը չունի։ Սակայն նա այդ գործը մեզ է հանձնարարել, քանի որ սիրում է մեզ (Ղուկ. 19։39, 40)։ Եհովան այդ առանձնաշնորհումը չի տալիս ցանկացած անհատի։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել քարոզչական ծառայությանը, պետք է որոշակի հոգևոր հատկություններ զարգացնեն (Ես. 52։11)։ Ցույց տալի՞ս ենք, որ բարձր ենք գնահատում այդ առանձնաշնորհումը՝ մեր շաբաթական գրաֆիկում ծառայությանը առաջնային տեղ տալով։
5 Եհովայից ստացած առանձնաշնորհումները հարստացնում են մեր կյանքը (Առակ. 10։22)։ Թող որ երբեք դրանք սովորական բան չդառնան մեզ համար։ Բարձր գնահատելով ծառայության մեր առանձնաշնորհումները՝ մենք հաճեցնում ենք մեր երկնային Հորը՝ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» Տվողին (Հակ. 1։17)։