«Երախտագե՛տ եղեք»
1 Հիսուսը բուժեց տասը բորոտների, սակայն նրանցից միայն մեկը վերադարձավ՝ իր երախտագիտությունը հայտնելու։ Ուստի Հիսուսը հարցրեց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Այդ դեպքում որտե՞ղ են մնացած ինը» (Ղուկ. 17։11–19)։ Մեզ համար անչափ կարևոր է լինել երախտագետ և շնորհակալ ամեն բարի պարգևի և ամեն կատարյալ նվերի համար, որ տալիս է մեզ մեր առատաձեռն ու սիրառատ երկնային Հայրը՝ Եհովան (Կող. 3։15; Հակ. 1։17)։
2 Ո՞ր բաների համար մենք պետք է երախտապարտ լինենք։ Օրինակ՝ փրկանքի, որը Աստծու մեծագույն նվերն է մարդկանց (Հովհ. 3։16)։ Մենք նաև շնորհապարտ ենք Եհովային, որ նա մեզ մոտեցրեց իրեն (Հովհ. 6։44)։ Երախտապարտ լինելու մեկ այլ պատճառ է մեր համաշխարհային քրիստոնեական միասնությունը (Սաղ. 133։1–3)։ Անկասկած, դու կարող ես մտածել Եհովայի տված բազում այլ նվերների մասին։ Մենք երբեք չենք ցանկանա դառնալ ապերախտ իսրայելացիների նման, ովքեր մոռացել էին Եհովայի գործերը, որոնք նա արել էր իրենց համար (Սաղ. 106։12, 13)։
3 Ցույց տվեք ձեր երախտագիտությունը։ Թեև բոլոր տասը բորոտներն էլ, հավանաբար, երախտապարտ էին Հիսուսի արածի համար, սակայն նրանցից միայն մեկը ցույց տվեց իր երախտագիտությունը (Ղուկ. 17։15)։ Նմանապես, մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը՝ խանդավառությամբ մասնակցելով ծառայությանը։ Եթե մենք իսկապես երախտապարտ ենք մեր սիրառատ Հոր արած բոլոր բաների համար, ապա մեր սրտերը կմղեն մեզ ընդօրինակելու նրա սերն ու առատաձեռնությունը և սրտանց պատմելու մարդկանց նրա մասին (Ղուկ. 6։45)։ Իսկ պատմելով ուրիշներին Եհովայի «սքանչելի գործերի և մեր մասին ունեցած նրա մտածմունքների մասին»՝ կաճի մեր սերը նրա նկատմամբ (Սաղ. 40։5, ՆԱ)։
4 Մղեք ուրիշներին երախտագիտություն դրսևորելու։ Մենք պետք է ամեն հարմար առիթ օգտագործենք օգնելու մեր երեխաներին և Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ երախտագիտություն զարգացնեն։ Ծնողները շատ հնարավորություններ ունեն դա անելու։ Օրինակ՝ նրանք կարող են զարգացնել երեխաների երախտագիտությունը՝ նրանց հետ Եհովայի ստեղծագործությունների մասին հիացմունքով խոսելով (Հռոմ. 1։20)։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողին կարող ենք այսպիսի հարց տալ. «Ի՞նչ է սա մեզ հայտնում Եհովայի անձնավորության մասին»։ Երբ աճի ուսումնասիրողի երախտագիտությունը, նա ավելի շատ կսիրի Աստծուն և կվճռի հաճեցնել նրան։
5 Այս վերջին օրերում շատ մարդիկ դարձել են երախտամոռ ու անշնորհակալ (2 Տիմոթ. 3։1, 2)։ Սակայն Եհովայի նվիրված ծառաները երախտագիտություն են ցույց տալիս՝ եռանդորեն մասնակցելով ծառայությանը, իսկ դա մեր Աստծուն մեծ հաճույք է պատճառում (Հակ. 1։22–25)։