2015 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը օգնում է մեզ բարելավելու ուսուցանելու մեր ունակությունը
1 Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ» (Սաղ. 19։14)։ Մենք էլ ենք ուզում մեր խոսքերով գովաբանել Եհովային, քանի որ թանկ ենք գնահատում այն, որ պատիվ ունենք ճշմարտությունը խոսելու ժողովում ու ծառայության ժամանակ։ Աստվածապետական ծառայության դպրոցը կերպերից մեկն է, որի միջոցով Եհովան մարզում է մեզ ծառայության համար։ Այս կրթական ծրագիրը իրականացվում է ամեն շաբաթ ավելի քան 111 000 ժողովներում։ Ողջ աշխարհում տարբեր ծագում ունեցող եղբայրներ ու քույրեր դառնում են բարի լուրի փորձառու և հմուտ քարոզիչներ և ունակ ուսուցանելու համոզվածությամբ, նրբանկատորեն ու համարձակորեն (Գործ. 19։8; Կող. 4։6)։
2 2015 թ. Դպրոցի ծրագիրը ընդգրկում է տարբեր թեմաներ՝ վերցված ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքից, «Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից» գրքույկից, «Նոր աշխարհ» թարգմանության բառարանից, «Դիտարան» ամսագրից։ Ավելին, փոփոխություններ են եղել Աստվածաշնչի ուշագրավ մտքեր բաժնի և 1-ին առաջադրանքի համար նախատեսված ժամանակի մեջ։ Այս փոփոխությունները և այն հրահանգները, թե ինչպես ներկայացնել Դպրոցի առաջադրանքները, նշված են հաջորդ պարբերություններում։
3 Աստվածաշնչի ուշագրավ մտքեր։ Եղբայրները երկու րոպեի ընթացքում կներկայացնեն հետաքրքիր և գործնական մեկ սուրբգրային միտք Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ Լավ նախապատրաստվելը կօգնի ցույց տալու ժողովին տվյալ սուրբգրային մտքի գործնական կիրառությունն ու արժեքը։ Այնուհետև մնացած վեց րոպեների ընթացքում ժողովի անդամները 30 վայրկյան կամ ավելի քիչ տևողության հետաքրքիր մեկնաբանություններ կտան Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ Ինչ խոսք, նախապատրաստվածություն և ինքնակարգապահություն է պահանջվում 30 վայրկյանում իմաստալից մեկնաբանություն պատրաստելու համար, սակայն այդպես վարվելը լավ մարզում է մեզ համար։ Բացի այդ, ժամանակ կմնա, որ ուրիշներն էլ մեկնաբանեն այն մասին, թե ինչ են սովորել փնտրտուք անելիս։
4 Առաջադրանք № 1։ Աստվածաշնչի ընթերցանության համար նախատեսված ժամանակը 3 րոպե է կամ ավելի քիչ։ Հետևաբար, ընթերցանությունը քիչ նյութ կընդգրկի։ Այս առաջադրանքը ստացող եղբայրը պետք է մի քանի անգամ ընթերցի տրված հատվածը բարձրաձայն և ուշադրություն դարձնի ճիշտ արտասանությանը ու վարժ ընթերցանությանը, որպեսզի մտքերը կարդա հասկանալով։ Եհովայի ժողովուրդը պետք է ձգտի սահուն ընթերցել, քանի որ ընթերցանությունը մեր երկրպագության մեջ կարևոր դեր է խաղում։ Որքա՜ն հաճելի է, երբ մեր երեխաները վարժ են ընթերցում։ Այս առնչությամբ ծնողները գովասանքի են արժանի, որ ջանք չեն խնայում, որպեսզի իրենց երեխաները դառնան լավ ընթերցող։
5 Առաջադրանք № 2։ Այս հանձնարարությունը 5-րոպեանոց ցուցադրում է, որը նշանակվում է քրոջ։ Եթե հանձնարարության թեման հիմնված է լինում Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության բառարանի կամ «Դիտարան» ամսագրի վրա, ապա պայմանական իրադրությունը պետք է վերաբերի քարոզչական ծառայության որևէ ոլորտի, որը գործնական է տեղի տարածքում։ Իսկ եթե առաջադրանքի թեման հիմնված է ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքի կամ «Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից» գրքույկի վրա, ապա սովորողը պետք է ընտրի համապատասխան սուրբգրային համարներ և ցույց տա, թե ինչ կարելի է սովորել։ Կարելի է օգտագործել լրացուցիչ սուրբգրային համարներ, որոնք ընդգծում են աստվածաշնչյան այն սկզբունքները, որ կապ ունեն թեմայի հետ։ Օգնականին կնշանակի Դպրոցի վերակացուն։
6 Առաջադրանք № 3։ 5-րոպեանոց այս առաջադրանքը հանձնարարվում է եղբոր կամ քրոջ։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա այն պետք է կատարի այնպես, ինչպես 2-րդ առաջադրանքը։ Առաջադրանքի թեման հիմնված կլինի ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքի, «Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից» գրքույկի, «Նոր աշխարհ» թարգմանության բառարանի կամ «Դիտարան» ամսագրի վրա։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբոր, ապա այն կներկայացվի որպես ելույթ (եթե առաջադրանքի թեման հիմնված է ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքի վրա). եղբայրը պետք է հաշվի առնի ունկնդիրներին։ Սովորողը պետք է զարգացնի տրված թեման, ընտրի համապատասխան սուրբգրային համարներ և ցույց տա, թե ինչ կարելի է սովորել։
7 Նոր առանձնահատկություն Առաջադրանք № 3-ի համար, որը կներկայացնեն եղբայրները։ Եթե նյութը հիմնված է «Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից» գրքույկի, «Նոր աշխարհ» թարգմանության բառարանի կամ «Դիտարան» ամսագրի վրա և հանձնարարված է եղբոր, այն պետք է ներկայացվի որպես ընտանեկան ուսումնասիրության կամ քարոզչական ծառայության ցուցադրում։ Սովորաբար Դպրոցի վերակացուն կնշանակի օգնականին և կընտրի իրադրությունը։ Նրա օգնականը պետք է լինի կա՛մ նրա ընտանիքի անդամը, կա՛մ ժողովից մի եղբայր։ Կարելի է օգտագործել լրացուցիչ սուրբգրային համարներ, որոնք կընդգծեն աստվածաշնչյան այն սկզբունքները, որ կապ ունեն թեմայի հետ։ Ժամանակ առ ժամանակ առաջադրանքը կարող է հանձնարարվել երեցի։ Այդ դեպքում երեցը ինքը կարող է ընտրել իր օգնականին և իրադրությունը։ Անկասկած, ժողովի համար անչափ քաջալերական կլինի տեսնել, թե ինչպես են երեցները ցույց տալիս սովորեցնելու արվեստը ընտանիքի անդամի կամ որևէ եղբոր հետ։
Առաջադիմիր՝ ընդունելով և կիրառելով քեզ տրված խորհուրդը
8 Խորհուրդ։ Յուրաքանչյուր ուսումնական ելույթից հետո վերակացուն երկու րոպե կհատկացնի, որ գովասանքի խոսքեր ասի և քաջալերիչ խորհուրդ տա՝ հիմնվելով «Ծառայության դպրոց» գրքի վրա։ Երբ Դպրոցի վերակացուն ներկայացնում է սովորողին, որ պետք է ելույթ ունենա, չի հայտարարի, թե նա որ դասի վրա է աշխատում։ Յուրաքանչյուր հանձնարարությունից հետո վերակացուն պետք է անկեղծորեն գովի սովորողին, նշի, թե որ դասի վրա է աշխատում նա և կոնկրետ նշի, թե ինչն է լավ արել, կամ նրբանկատորեն բացատրի, թե ինչու լավ կլինի շարունակել ուշադրություն դարձնել այդ դասին։
9 Սովորողի համար նախատեսված ուսումնական բլանկը գտնվում է «Ծառայության դպրոց» գրքի 79–81 էջերում։ Այն բանից հետո, երբ սովորողը կատարի իր առաջադրանքը, Դպրոցի վերակացուն առանձին կհարցնի, թե արդյոք տրված դասի վարժությունը կատարել է, և համապատասխան նշումներ կանի նրա դասագրքում։ Ժողովի հանդիպումից հետո կամ մեկ ուրիշ պատեհ ժամանակ կարելի է գովասանքի խոսքեր ասել, ինչպես նաև օգտակար առաջարկներ անել։ Երբ Դպրոցի վերակացուն մեր ուշադրությունը հրավիրում է այս կամ այն բանի վրա, դա պետք է դիտել հոգևորապես առաջադիմելու հնարավորություն (1 Տիմոթ. 4։15)։
10 Եթե սովորողը անցնում է հատկացված ժամանակը, Դպրոցի վերակացուն կամ նրա օգնականը ուշադիր պետք է լինի, որ ազդանշան տա, օրինակ, զանգակի միջոցով կամ թխկթխկացնելով՝ նրբանկատորեն ցույց տալով, որ ժամանակը լրացել է։ Սովորողը պետք է նկատի ազդանշանը և, նախադասությունն ավարտելով, բեմից հեռանա (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 282, պարբ. 4)։
11 Բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին, կարող են ցուցակագրվել Դպրոցին (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 282, պարբ. 6)։ Այն կրթությունը, որ տալիս է Դպրոցը, օգնում է Եհովայի ժողովրդին համոզվածությամբ, արժանապատվորեն և սեր դրսևորելով քարոզելու Թագավորության բարի լուրը և ուսուցանելու Աստվածաշնչի ճշմարտությունները։ Եհովան, անկասկած, ուրախ է, որ գովաբանվում է բոլոր նրանց կողմից, ովքեր բազում օգուտներ են քաղում աստվածապետական կրթությունից (Սաղ. 148։12, 13; Ես. 50։4)։