Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 հոկտեմբեր էջ 29–31
  • Հարյուր տարի առաջ. 1921

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարյուր տարի առաջ. 1921
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽԻԶԱԽ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ
  • ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
  • ՆՈՐ ԳԻՐՔ
  • ԴԵՌ ՇԱՏ ԳՈՐԾ ԿԱ ԱՆԵԼՈՒ
  • Եհովայի կամքը կատարելը օրհնությունների դուռ է բացում
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հարյուր տարի առաջ. 1922
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
    2007 Դիտարան
  • Քարոզում են հրապարակորեն և տնից տուն
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 հոկտեմբեր էջ 29–31

Հարյուր տարի առաջ. 1921

«Ի՞ՆՉ գործ է մեզ սպասում այս տարի»։ Նման հարց էր ուղղված Աստվածաշունչ ուսումնասիրողներին «Դիտարանի» 1921 թ. հունվարի 1-ի համարում։ Ի պատասխան այդ հարցին՝ մեջբերված էին Եսայիա 61։1, 2 համարները, որոնք հիշեցրին նրանց, որ քարոզելու հանձնարարություն են ստացել. «Տէրը օծել է ինձ.... աղքատներին աւետիք տալու.... Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար»։

ԽԻԶԱԽ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ

Քարոզելու հանձնարարությունը կատարելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է անվախ լինեին։ Նրանք պետք է հեզ մարդկանց «աւետիք» հռչակեին, իսկ չար մարդկանց զգուշացնեին «վրէժխնդրութեան օրվա» մասին։

Եղբայր Ջոն Հոսկինը, ով ապրում էր Կանադայում, անվախորեն քարոզում էր՝ չնայած հակառակությանը։ 1921 թ. գարնանը նա հանդիպեց մեթոդիստական եկեղեցու մի ծառայողի։ Եղբայրն իր զրույցը սկսեց՝ ասելով. «Մենք պետք է համերաշխորեն զրուցենք Աստվածաշնչից և եթե նույնիսկ որոշ հարցերում տարակարծիք լինենք, խաղաղությամբ կավարտենք մեր քննարկումը և ընկերներ կմնանք»։ Բայց հակառակը եղավ։ Եղբայր Հոսկինը պատմում է. «Ընդամենը մի քանի րոպե զրուցելուց հետո [ծառայողը] այնքան ուժգին շրխկացրեց դուռը, որ մտածեցի, թե դռան մեծ ապակին փշուր-փշուր կլինի»։

«Ինչո՞ւ չես գնում հեթանոսների մոտ ու նրանց հետ զրուցում»,— բղավեց ծառայողը։ Եղբայր Հոսկինը ոչինչ չպատասխանեց և այդ մարդու հեռանալուց հետո ինքն իրեն ասաց. «Ինձ թվում էր՝ ես հենց հեթանոսի հետ էլ խոսում էի»։

Հաջորդ օրը, երբ ծառայողը եկեղեցում քարոզում էր, եղբոր հասցեին վատ բաներ ասաց։ Եղբայր Հոսկինը պատմում է. «Նա իր հոտի անդամներին զգուշացնում էր, որ հեռու մնան ինձնից։ Ասում էր, որ ես այդ քաղաք երբևէ այցելած ամենախարդախ մարդն եմ, և որ ինձ սպանել է պետք»։ Բայց դա չկանգնեցրեց եղբորը։ Նա շարունակեց քարոզել և լավ արդյունքների հասավ։ Հոսկինն ասում է. «Ես երբեք այսքան մեծ ուրախություն չէի ստացել քարոզելուց։ Ոմանք նույնիսկ ասում էին՝ «Գիտենք, որ քեզ Աստված է ուղարկել», և հարցնում էին, թե ինչով կարող են օգնել ինձ»։

ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքրվող անձանց օգնելու նպատակով Աստվածաշունչ ուսումնասիրողները «Ոսկե դար»a պարբերագրում Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագրեր հրատարակեցին։ Սկսեց տպագրվել «Աստվածաշնչի ուսումնասիրություն պատանիների համար» վերնագրով խորագիր, որտեղ ներկայացված էին հարցեր, որոնք ծնողները կարող էին քննարկել իրենց երեխաների հետ։ Ծնողները պետք է «այդ հարցերը տային իրենց երեխաներին և օգնեին նրանց Աստվածաշնչում գտնել դրանց պատասխանները»։ Որոշ հարցեր երեխաներին օգնում էին տարրական գիտելիքներ ձեռք բերել, ինչպես, օրինակ, «Քանի՞ գրքից է բաղկացած Աստվածաշունչը»։ Կային նաև հարցեր, որոնք օգնում էին պատանիներին անվախ քարոզիչներ դառնալ, ինչպես, օրինակ, «Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա պատրաստ լինի հալածվելու»։

«Դարերի աստվածային ծրագրի խորացված ուսումնասիրություն» վերնագրով հոդվածաշարը նախատեսված էր այն Աստվածաշունչ ուսումնասիրողների համար, ովքեր արդեն բավականաչափ գիտելիքներ ունեին Աստվածաշնչից։ Այնտեղ քննարկվում էին մտածելու տեղիք տվող հարցեր՝ հիմնված «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի առաջին հատորի վրա։ Հազարավոր ընթերցողներ օգուտներ քաղեցին այս հոդվածաշարերից, սակայն «Ոսկե դար» պարբերագրի 1921 թ. դեկտեմբերի 21-ի համարում նշվեց, որ դրանք այլևս լույս չեն տեսնելու։ Ո՞րն էր այդ անսպասելի փոփոխության պատճառը։

ՆՈՐ ԳԻՐՔ

«Աստծու քնարը» գիրքը

Թերթիկ, որում նշված էր, թե գրքի որ էջերն է հարկավոր ընթերցել

Հարցաթերթիկ

Առաջնորդություն վերցնող եղբայրները հասկանում էին, որ մարդիկ կարիք ունեին Աստվածաշունչը ուսումնասիրելու ավելի կազմակերպված ձևով։ Այդ իսկ պատճառով 1921 թ. նոյեմբերին լույս տեսավ մի նոր գիրք, որի վերնագիրն էր՝ «Աստծու քնարը»։ Այն հետաքրքրվող անհատները, ովքեր վերցնում էին այդ գիրքը, միանում էին «Աստծու քնարը» գրքի օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելու դասընթացին։ Ինքնուրույն ուսումնասիրելու այս մեթոդը օգնում էր ընթերցողներին հասկանալ, որ «Աստված նպատակ ունի օրհնել մարդկությանը՝ տալով նրանց հավիտենական կյանք»։ Տեսնենք, թե ինչպես էր անցկացվում այս դասընթացը։

Երբ անհատը վերցնում էր «Աստծու քնարը» գիրքը, դրա հետ միասին նրան տալիս էին մի թերթիկ, որի մեջ նշված էր, թե գրքի որ էջերն է հարկավոր ընթերցել։ Հաջորդ շաբաթ նրան ուղարկում էին մի հարցաթերթիկ՝ հիմնված ընթերցված նյութի վրա։ Հարցաթերթիկի վերջում նշվում էր, թե հաջորդ շաբաթ գրքի որ էջերն է հարկավոր կարդալ։

12 շաբաթ շարունակ ուսումնասիրողը ամեն շաբաթ փոստով ստանում էր նոր հարցաթերթիկ, որը նրան ուղարկում էր տեղի խմբակը, կամ՝ ժողովը։ Այդ հարցաթերթիկները հաճախ ուղարկում էին ժողովի տարեցները կամ նրանք, ովքեր հանգամանքների պատճառով չէին կարողանում տնետուն գնալ։ Օրինակ՝ Աննա Գարդները, ով ապրում էր Միլվեյլում (ԱՄՆ, Փենսիլվանիա), ասում է. «Երբ լույս տեսավ «Աստծու քնարը» գիրքը, դա հաշմանդամ քրոջս՝ Թայլին, ավելին անելու հնարավորություն տվեց. ամեն շաբաթ նա հարցաթերթիկներ էր ուղարկում մարդկանց»։ Երբ դասընթացն ավարտվում էր, ժողովից ինչ-որ մեկը այցելում էր այդ անհատին, որպեսզի օգնի նրան ավելացնել աստվածաշնչյան իր գիտելիքները։

Թայլ Գարդները՝ հաշմանդամի սայլակի վրա

ԴԵՌ ՇԱՏ ԳՈՐԾ ԿԱ ԱՆԵԼՈՒ

Տարեվերջին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը նամակ ուղարկեց բոլոր խմբակներին։ Այնտեղ ասվում էր, որ «այս տարի Թագավորության մասին վկայելու գործը ավելի լայնամասշտաբ էր և արդյունավետ, քան հնձի նախորդ տարիներին»։ Այնուհետև նշվում էր. «Դեռ շատ բան կա անելու։ Հորդորեք մյուսներին, որ միանան այս օրհնված գործին»։ Ակնհայտ է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները հետևեցին նրա խորհրդին։ 1922 թ.-ին նրանք անվախորեն հռչակեցին Թագավորության մասին լուրը աննախադեպ մասշտաբներով։

Խիզախ ընկերներ

Աստվածաշունչ ուսումնասիրողները եղբայրական սեր էին դրսևորում՝ օգնելով միմյանց։ Նրանք խիզախ ընկերներ էին՝ «նեղ օրվա համար ծնված» (Առակ. 17։17)։

1921 թ. մայիսի 31-ին՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում ռասայական հիմքով անկարգություններ սկսվեցին այն բանից հետո, երբ սևամորթ մի տղամարդ ձերբակալվեց սպիտակամորթ կնոջ վրա հարձակվելու մեղադրանքով։ Այդ անկարգությունները հետագայում հայտնի դարձան «Թալսայի կոտորած» անվանումով։ Ավելի քան 1 000 սպիտակամորթ տղամարդկանց և ավելի քիչ թվով սևամորթ տղամարդկանց միջև բախումներ սկսվեցին։ Այդ անկարգությունները շատ արագ տարածվեցին՝ հասնելով Գրինվուդ կոչվող թաղամաս, որտեղ հիմնականում սևամորթներ էին ապրում։ Ավելի քան 1 400 տներ և բիզնես կետեր թալանվեցին ու հրի մատնվեցին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվածների թիվը 36 էր, սակայն իրականում այն մի քանի հարյուր էր։

Եղբայր Ռիչարդ Հիլը, ով սևամորթ էր և ապրում էր Գրինվուդում, հիշում է, թե ինչ էր տեղի ունեցել։ Նա պատմում է. «Այդ գիշեր, երբ խռովություն բարձրացավ, մենք սովորականի պես ժողովի հանդիպման էինք։ Երբ հանդիպումը վերջացավ, կրակոցի ձայներ լսեցինք քաղաքի կենտրոնից։ Դրանք շարունակվեցին մինչև ուշ գիշեր»։ Հունիսի 1-ին՝ չորեքշաբթի առավոտյան, իրավիճակն ավելի սրվեց։ Եղբայր Հիլը շարունակում է. «Ոմանք ասացին, որ եթե ուզում ենք պաշտպանված լինել, պետք է անմիջապես գնանք թատրոնի շենք»։ Ուստի նա իր կնոջ և հինգ երեխաների հետ փախավ այդ շենք։ Թալսայի թատրոնի շենքում մոտ 3 000 սևամորթ էր ապաստան գտել։ Նրանք գտնվում էին ազգային գվարդիայի հսկողության տակ, որն ուղարկվել էր կարգուկանոն հաստատելու համար։

Արթուր Քլաուսը, ով սպիտակամորթ էր, այդ ընթացքում մի խիզախ որոշում կայացրեց։ Նա պատմում է. «Երբ իմացա, որ խռովարարները ներխուժել են Գրինվուդ և կողոպտում ու հրդեհում են տները, մտածեցի՝ գնամ, տեսնեմ, թե ինչպես է ընկերս՝ եղբայր Հիլը»։

«Աստծու քնարը» գրքի օգնությամբ Արթուր Քլաուսը Աստվածաշնչի դասընթացներ էր անցկացնում 14 երեխաներից բաղկացած մի խմբի հետ

Երբ Արթուրը հասավ եղբայր Հիլի տուն, տեսավ, որ նրա սպիտակամորթ հարևանը հրացանը ձեռքին այնտեղ է։ Այդ մարդը, ով նույնպես եղբայր Հիլի ընկերն էր, մտածեց, թե Արթուրը խռովարար է։ Ուստի բղավեց. «Ի՞նչ գործ ունես այս մարդու բակում»։

Արթուրը պատմում է. «Եթե պատասխանս նրան դուր չգար, նա ինձ կսպաներ։ Ես նրան ասացի, որ Հիլը ընկերս է, և որ ես հաճախ եմ նրա տանը լինում»։ Արդյունքում Արթուրն ու այդ մարդը հաջողությամբ պաշտպանեցին տունը կողոպտիչներից։

Շուտով Արթուրը պարզեց, որ եղբայր Հիլն ու նրա ընտանիքը թատրոնի շենքում են։ Արթուրին ասացին, որ սևամորթները չեն կարող դուրս գալ այնտեղից առանց գեներալ Բարեթի թույլտվության։ Արթուրը պատմում է. «Հեշտ չէր հանդիպել գեներալին։ Բայց երբ ի վերջո դա ինձ հաջողվեց, և ես ասացի, թե ինչ նպատակով եմ եկել, նա ինձ հարցրեց. «Իսկ դու կկարողանա՞ս պաշտպանել նրանց և հոգ կտանե՞ս նրանց մասին»։ Ես շատ ուրախացա և բնականաբար պատասխանեցի՝ այո՛»։

Թույլտվությունը ձեռքին՝ Արթուրը շտապեց դեպի թատրոնի շենք և այն տվեց այնտեղի սպաներից մեկին։ Դա տեսնելով՝ սպան զարմացած բացականչեց. «Սա հենց ինքը՝ գեներալն է ստորագրել։ Գիտե՞ս, որ առաջինն ես, ով այստեղից մարդ է դուրս բերում»։ Շուտով նրանք գտան եղբայր Հիլին ու նրա ընտանիքին։ Վերջիններս խցկվեցին Արթուրի մեքենան և ուղևորվեցին տուն։

«Աստծու ժողովրդի մեջ բոլորը հավասար են»

Եղբայր Քլաուսը հոգ տարավ, որ եղբայր Հիլն ու նրա ընտանիքը ապահով լինեն։ Եղբայրական սեր դրսևորելու հարցում նրա խիզախությունը լավ ազդեցություն ունեցավ մյուսների վրա։ Արթուրը պատմում է. «Եղբայր Հիլի հարևանը, ով օգնեց պաշտպանել նրա տունը, ավելի մեծ հարգանքով լցվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդեպ։ Բացի այդ՝ բազմաթիվ մարդիկ սկսեցին հետաքրքրվել Թագավորության լուրով, քանի որ տեսնում էին, որ մեր մեջ ռասայական խտրականություն չկա, և որ Աստծու ժողովրդի մեջ բոլորը հավասար են»։

a «Ոսկե դար» պարբերագիրը 1937 թ.-ին անվանվեց «Մխիթարություն», իսկ 1946 թ.-ին՝ «Արթնացե՛ք»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը