Ատելության շղթան մեկընդմիշտ փշրվելու է
Եթե նույնիսկ հաջողվի ատելությունը արմատախիլ անել մեր սրտից, միևնույն է, մենք չենք կարող փոխել մյուսներին։ Անմեղ մարդիկ շարունակում են ատելության զոհ դառնալ։ Այդ դեպքում ո՞րն է այս խնդրի վերջնական լուծումը։
Միայն Եհովա Աստված կարող է վերջնականապես փշրել ատելության շղթան։ Աստվածաշնչում գրված է նրա այդ խոստման մասին (Առակներ 20։22)։
ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
- 1. ԲԱՆՍԱՐԿՈՒ ՍԱՏԱՆԱ։ Աշխարհում տիրող ատելության գլխավոր պատճառը Սատանան է՝ ըմբոստ հրեշտակը։ Աստված վերացնելու է Սատանային և բոլոր նրանց, ովքեր, նրա ազդեցությանը ենթարկվելով, ատելություն են դրսևորում (Սաղմոս 37։38; Հռոմեացիներ 16։20)։ 
- 2. ՍԱՏԱՆԱՅԻ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԸ։ Աստված կվերացնի այն ամենը, ինչը ատելություն է սերմանում, այդ թվում՝ քաղաքական և կրոնական ապականված համակարգերը։ Աստված նաև վերացնելու է առևտրային համակարգը, որը շահագործում է մարդկանց (2 Պետրոս 3։13)։ 
- 3. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշունչը ասում է, որ բոլոր մարդիկ անկատարություն են ժառանգել, այսինքն՝ չար բաներ անելու և մտածելու հակում (Հռոմեացիներ 5։12)։ Այդպիսի հակումներից են ատելը և ատելություն դրսևորելը։ Երբ Աստծու օգնությամբ մարդիկ ձերբազատվեն բոլոր վատ հակումներից, ատելությունը իսպառ կվերանա (Եսայիա 54։13)։ 
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԱՇԽԱՐՀ
- 1. ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ։ Երկրի վրա կիշխի Աստծու Թագավորությունը։ Այն կիշխի երկնքից և հարատև արդարություն կբերի (Դանիել 2։44)։ Նախապաշարումներն ու անհանդուրժողականությունը իսպառ կվերանան։ Աստված կվերականգնի արդարությունը (Ղուկաս 18։7)։ 
- 2. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ։ Ոչ ոք բռնության կամ պատերազմի զոհ չի դառնա (Սաղմոս 46։9)։ Երկիրը ապահով վայր կլինի, որտեղ կբնակվեն միայն խաղաղասեր մարդիկ (Սաղմոս 72։7)։ 
- 3. ՄԱՐԴԻԿ ՀԱՎԻՏՅԱՆ ԿԱՊՐԵՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։ Երկրի վրա ապրող բոլոր մարդիկ միմյանց հանդեպ անկեղծ սեր կդրսևորեն (Մատթեոս 22։39)։ Ոչ ոք այլևս չի տառապի, նույնիսկ տանջող մտքեր ու հիշողություններ չեն լինի (Եսայիա 65։17)։ Այդ ժամանակ ատելության կապանքներից ազատված մարդիկ «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։ 
Կցանկանայի՞ք ապրել այդպիսի աշխարհում։ Այսօր իսկ բազմաթիվ մարդիկ, կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները, սովորում են ձերբազատվել ատելության զգացումից (Սաղմոս 37։8)։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր Եհովայի վկաներ այդպես են վարվում։ Թեև նրանք տարբեր մշակույթ և ծագում ունեն, բայց միավորված են ջերմ սիրո կապերով (Եսայիա 2։2–4)։
Եհովայի վկաները Աստվածաշնչից սովորել են, թե ինչ անել անարդարության կամ խտրականության բախվելիս։ Նրանք ուրախ կլինեն ձեզ էլ պատմել այդ մասին։ Այն, ինչ կիմանաք, կօգնի, որ աստիճանաբար արմատախիլ անեք ատելությունը ու դրա փոխարեն սիրո սերմեր աճեցնեք ձեր սրտում։ Նաև կիմանաք, թե ինչպես կարող եք բարություն դրսևորել բոլոր մարդկանց հանդեպ, անգամ նրանց, ովքեր անշնորհակալ են թվում կամ ատելություն են դրսևորում։ Արդյունքում դուք ավելի ուրախ կլինեք, և ուրիշների հետ ունեցած ձեր փոխհարաբերությունները կբարելավվեն։ Իսկ որ ամենակարևորն է՝ դուք կիմանաք, թե ինչ կարող եք անել Աստծու Թագավորության ներքո ապրելու համար, որտեղ ատելություն չի լինի (Սաղմոս 37։29)։