Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս հասկանալ Սաղմոս 12։7-րդ համարը
Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Սաղմոս 12։7-ի ձևակերպումը տպավորություն է ստեղծում, թե Եհովան պաշտպանում է իր խոսքերը։ Բայց համատեքստը ցույց է տալիս, որ խոսքը կեղեքված մարդկանց պաշտպանելու մասին է։
Սաղմոս 12։1-4 համարներում կարդում ենք, որ «հավատարիմներն անհայտացել են մարդկանց որդիների միջից»։ Այնուհետև Սաղմոս 12։5-7 համարներում հետևյալն է ասվում.
««Կեղեքվածների զրկանքի և աղքատների հեծեծանքի պատճառով
Ես կելնեմ հիմա,— ասում է Եհովան։—
Կպաշտպանեմ նրանց այն մարդուց, ով արհամարհում է նրանց»։
Եհովայի խոսքերը մաքուր խոսքեր են,
Ինչպես արծաթը՝ երկրի վրա հնոցի մեջ զտված և յոթ անգամ մաքրված։
Ո՜վ Եհովա, դու կպաշտպանես նրանց,
Դու ամեն մեկին հավիտյան կպահպանես այս սերնդից»։
5-րդ համարում ասվում է, թե ինչպես է Աստված վարվելու «կեղեքվածների» հետ. նա փրկելու է նրանց։
6-րդ համարում նշվում է, որ «Եհովայի խոսքերը մաքուր խոսքեր են», ինչպես զտված արծաթը։ Որպես քրիստոնյաներ՝ մենք լիովին համաձայն ենք այս մտքի հետ (Սաղ. 18։30; 119։140)։
Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Սաղմոս 12։7-ը հետևյալ կերպ է թարգմանված. «Դու կպաշտպանես դրանք»։ Եվ քանի որ «Եհովայի խոսքերը» արտահայտությունը գրված է անմիջապես դրան նախորդող համարում, ոմանք եկել են այն եզրակացության, որ Սաղմոս 12։7 համարը այն մասին է, որ Աստված «պաշտպանում է» իր խոսքերը։ Մենք գիտենք, որ Եհովան պահպանել է Աստվածաշունչը՝ չնայած որ հակառակորդները ամեն բան արել են, որպեսզի արգելեն և ոչնչացնեն այն (Ես. 40։8; 1 Պետ. 1։25)։
Սակայն Եհովան պաշտպանում է նաև կեղեքված մարդկանց, որոնց մասին խոսվում է 5-րդ համարում։ Նա օգնել և փրկել է «կեղեքվածներին» և «հարստահարվածներին», և կշարունակի այդպես վարվել (Հոբ 36։15; Սաղ. 6։4; 31։1, 2; 54։7; 145։20)։
Այսպիսով՝ Սաղմոս 12։7-ի համաձայն՝ Եհովան ո՞ւմ է պաշտպանում՝ մարդկա՞նց, թե՞ իր խոսքերը։
Այս սաղմոսի ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքը մարդկանց մասին է։
12-րդ սաղմոսի սկզբում Դավիթը խոսում է այն մասին, որ չար մարդիկ խաբում են Եհովայի հավատարիմ ծառաներին։ Իսկ 3-րդ համարից տեսնում ենք, որ Եհովան դուրս կգա նրանց դեմ, ովքեր սխալ են օգտագործում իրենց լեզուն։ Այս սաղմոսը հավաստիացնում է մեզ, որ Աստված կգործի հօգուտ իր ժողովրդի, քանի որ իր խոսքերը մաքուր են։
Ուստի 7-րդ համարում խոսվում է այն մասին, որ Եհովան պաշտպանելու է մարդկանց, նրանց, ում չարերը կեղեքում են։
Այդ դեպքում ինչո՞ւ է որոշ աստվածաշնչյան թարգմանություններում այս համարը հետևյալ կերպ ձևակերպված. «Դու կպաշտպանես դրանք»։ Նման ձևակերպումը համապատասխան է Եբրայերեն Գրվածքների որոշ վստահելի կրկնօրինակներին։ Բայց «Յոթանասնից» թարգմանության մեջ այդ համարի խոսքերը հետևյալ կերպ են հնչում՝ «Նա կպաշտպանի մեզ» և «Նա կպահպանի մեզ»։ Հետևաբար՝ այդ համարի խոսքերը վերաբերում են այն հավատարիմներին, ովքեր կեղեքված են ու հարստահարված։ Աստված կպահպանի նրանց «այս սերնդից»՝ այն մարդկանցից, ովքեր «ստորությունն են մեծարում» (Սաղ. 12։7, 8)։ Իսկ թարգումում՝ Եբրայերեն Գրվածքների արամերեն թարգմանությունում, այս համարը հետևյալ կերպ է հնչում. «Ո՛վ Տեր, դու կպահպանես արդարներին, դու կպաշտպանես նրանց չար սերնդից հավիտյան»։ Սա ևս մեկ ապացույց է, որ Սաղմոս 12։7-րդ համարը չի վերաբերում Աստծու խոսքերին։
Այսպիսով՝ այս համարը «հավատարիմներին» հույսով է լցնում, որ Աստված կգործի հօգուտ իրենց։