Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w24 օգոստոս էջ 8–13
  • Եհովան ուզում է, որ բոլորը զղջան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան ուզում է, որ բոլորը զղջան
  • 2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԶՂՋՄԱՆ ՄԱՍԻՆ Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ
  • ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ ՄԵՂՍԱԳՈՐԾՆԵՐԻՆ, ՈՐ ԶՂՋԱՆ
  • ԶՂՋՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՆ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ
  • Ի՞նչ է արել Եհովան մեղավոր մարդկանց փրկելու համար
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս են երեցները սեր և գթասրտություն ցուցաբերում մեղք գործած մարդու հանդեպ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընդունիր, որ Եհովան ներել է քեզ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զղջալ
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w24 օգոստոս էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք

Եհովան ուզում է, որ բոլորը զղջան

«Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 ՊԵՏ. 3։9)։

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ է զղջումը, ինչո՞ւ է այն կարևոր, և ի՞նչ է արել Եհովան, որ օգնի մարդկանց զղջալ։

1. Ինչպե՞ս է արտահայտվում զղջումը։

ԵՐԲ ինչ-որ սխալ բան ենք անում, շատ կարևոր է, որ զղջանք դրա համար։ Ըստ Աստվածաշնչի՝ իր արածի համար զղջացող անհատը փոխում է իր մտայնությունը, դադարում է գործել տվյալ սխալը և վճռում է այլևս չկրկնել այն («Աստվածաշնչի բառարանում» տես «Զղջում»)։

2. Ինչո՞ւ է Եհովան մեզ սովորեցնում զղջման մասին (Նեեմիա 8։9-11)։

2 Բոլոր մարդիկ էլ կարիք ունեն իմանալու զղջման մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ լինելով Ադամի ու Եվայի սերունդները՝ մենք բոլորս նրանցից մեղք ու մահ ենք ժառանգել (Հռոմ. 3։23; 5։12)։ Ոչ ոք բացառություն չէ։ Անգամ մեծ հավատի տեր մարդիկ, ինչպիսին էր Պողոս առաքյալը, պայքարել են մեղքի դեմ (Հռոմ. 7։21-24)։ Բայց մի՞թե դա նշանակում է, որ մեր մեղքերի պատճառով պետք է միշտ վհատված վիճակում լինենք։ Ո՛չ։ Մեր Աստված Եհովան գթառատ է և ուզում է, որ մենք ուրախ լինենք։ Քննենք Նեեմիայի օրերում ապրող հրեաների օրինակը (կարդա Նեեմիա 8։9-11)։ Եհովան չէր ցանկանում, որ նրանք շարունակ վշտացած լինեին անցյալում գործած իրենց մեղքերի պատճառով, այլ ուզում էր, որ ուրախությամբ պաշտեին իրեն։ Եհովան գիտի, որ զղջումը ուրախություն է բերում, ուստի սովորեցնում է մեզ դրա մասին։ Կարող ենք համոզված լինել, որ եթե զղջանք մեր մեղքերի համար, մեր գթառատ Հայրը կների մեզ։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այժմ ավելին իմանանք զղջման մասին։ Նախ՝ կքննենք, թե դրա վերաբերյալ ինչ է Եհովան սովորեցրել իսրայելացիներին։ Հետո՝ կտեսնենք, թե ինչպես է նա օգնել մեղսագործներին, որ զղջան։ Եվ վերջում կխոսենք այն մասին, թե զղջման վերաբերյալ Հիսուսն ինչ է սովորեցրել իր հետևորդներին։

ԶՂՋՄԱՆ ՄԱՍԻՆ Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ

4. Զղջման մասին ի՞նչ է Եհովան սովորեցրել Իսրայել ազգին։

4 Երբ Եհովան կազմավորեց Իսրայել ազգը, նրանց հետ ուխտ կապեց, այլ կերպ ասած՝ պաշտոնական մի համաձայնագիր կնքեց։ Եթե նրանք պահեին դրանում նշված օրենքները, Աստված կպաշտպաներ ու կօրհներ նրանց։ Այդ օրենքների հետ կապված Եհովան հետևյալն էր ասել. «Այս պատվիրանը, որ այսօր փոխանցում եմ ձեզ, դժվար չէ պահել, և անհասանելի չէ ձեզ համար» (2 Օրենք 30։11, 16)։ Իսկ եթե նրանք ըմբոստանային նրա դեմ, օրինակ, որոշեին ուրիշ աստվածների պաշտել, Եհովան կզրկեր նրանց իր օրհնությունից, և նրանք կտառապեին։ Բայց դա չէր նշանակում, որ իսրայելացիները այլևս չէին կարող ձեռք բերել Եհովայի հավանությունը։ Նրանք հնարավորություն ունեին «հետ դառնալու դեպի իրենց Աստված Եհովան.... [և] հնազանդվելու նրան» (2 Օրենք 30։1-3, 17-20)։ Այսինքն՝ իսրայելացիները կարող էին զղջալ։ Եթե նրանք այդպես վարվեին, Եհովան կմտերմանար նրանց հետ և նորից կօրհներ։

5. Եհովան ինչպե՞ս է ցույց տվել, որ երես չի թեքում իր ժողովրդից (2 Թագավորներ 17։13, 14)։

5 Եհովայի ընտրյալ ազգը անընդհատ ըմբոստանում էր նրա դեմ։ Նրանք ոչ միայն կուռքերի էին պաշտում, այլ նաև ուրիշ գարշելի գործեր էին անում, ինչի արդյունքում տառապում էին։ Բայց Եհովան երես չէր թեքում իր անհնազանդ ժողովրդից։ Նա իր մարգարեների միջոցով շարունակ հորդորում էր իսրայելացիներին զղջալ ու վերադառնալ իր մոտ (կարդա 2 Թագավորներ 17։13, 14)։

6. Ինչպե՞ս է Եհովան իր մարգարեների միջոցով սովորեցրել իսրայելացիներին զղջալու կարևորության մասին (տես նաև նկարը)։

6 Եհովան հաճախ իր մարգարեների միջոցով ուղղում էր իսրայելացիներին և զգուշացնում, թե ինչ կլինի, եթե չփոխվեն։ Օրինակ՝ Երեմիայի միջոցով նա հետևյալն էր ասել. «Հե՛տ դարձիր, ո՛վ անհավատարիմ Իսրայել.... Քեզ վրա զայրույթով չեմ նայի, որովհետև ես նվիրված եմ.... Ես հավիտյան բարկացած չեմ մնալու։ Միայն թե ընդունիր մեղքդ, քանի որ ըմբոստացել ես Եհովայի.... դեմ» (Երեմ. 3։12, 13)։ Իսկ Հովելի միջոցով Եհովան նրանց հորդորել էր. «Վերադարձե՛ք ինձ մոտ ամբողջ սրտով» (Հովել 2։12, 13)։ Եսայիա մարգարեին էլ պատվիրել էր հռչակել. «Մաքրվե՛ք, ձեր չար գործերը աչքիցս հեռացրե՛ք, վատ բաներ այլևս մի՛ արեք» (Ես. 1։16-19)։ Իսկ Եզեկիել մարգարեի միջոցով ասել էր. «Մի՞թե ինձ ուրախացնում է մեղսագործի մահը.... Ո՛չ, ես ուզում եմ, որ նա դադարի մեղք գործելուց ու ապրի։ Ոչ մեկի մահը ինձ չի ուրախացնում.... Ուստի դարձի՛ եկեք և ապրե՛ք» (Եզեկ. 18։23, 32)։ Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ մարդիկ զղջում են, քանի որ ուզում է՝ նրանք հավիտյան ապրեն։ Ուստի պարզապես չի սպասում՝ մարդիկ փոխվեն, որ հետո միայն օգնի նրանց։ Քննենք ևս մի քանի օրինակ։

Համակցված նկարներ։ Մարգարեներ, որոնց Եհովան ուղարկել էր շտկելու իր անհնազանդ ժողովրդին։ 1. Հովել։ մ.թ.ա. մոտ 820 թ.։ 2. Օսեե։ մ.թ.ա. 745 թ.-ից հետո։ 3. Եսայիա։ մ.թ.ա. 732 թ.-ից հետո։ 4. Եզեկիել։ մ.թ.ա. մոտ 591 թ.։ 5. Երեմիա։ մ.թ.ա. 580 թ.։

Եհովան հաճախ իր մարգարեների միջոցով հորդորում էր իր անհնազանդ ժողովրդին զղջալ (տես պարբերություն 6-7)


7. Եհովան ի՞նչ սովորեցրեց իր ժողովրդին Օսեե մարգարեի և նրա կնոջ մասին պատմության միջոցով։

7 Տեսնենք, թե Եհովան ինչ սովորեցրեց իր ժողովրդին կյանքից վերցված մի օրինակի միջոցով։ Օսեե մարգարեի կինը՝ Գոմերը, դավաճանեց նրան և ուրիշ տղամարդու հետ հեռացավ։ Մի՞թե Եհովան ձեռք քաշեց Գոմերից։ Ո՛չ։ Սրտեր կարդացող Աստված Օսեեին ասաց. «Գնա ու նորից սիրիր ուրիշի կողմից սիրված ու քեզ դավաճանող այդ կնոջը, ինչպես որ ես՝ Եհովաս եմ սիրում Իսրայելի ժողովրդին, թեև նրանք գնում են ուրիշ աստվածների մոտ» (Օս. 3։1; Առակ. 16։2)։ Նկատի առնենք, որ Գոմերը շարունակում էր լուրջ մեղք գործել, բայց Եհովան Օսեեին ասաց, որ գնա նրա մոտ, ասի, որ ներում է, և հաշտվի նրա հետ։a Նույն կերպով էլ Եհովան հույսը չէր կտրում իր համառ ժողովրդից։ Թեև նրանք սարսափելի մեղքեր էին գործում, նա շարունակում էր սիրել նրանց և իր մարգարեների միջոցով օգնել, որ զղջան և փոխեն իրենց սխալ ընթացքը։ Արդյո՞ք այս օրինակը ցույց է տալիս, որ Եհովան՝ «սրտեր քննողը», օգնության ձեռք կմեկնի այն անհատին, ով դեռ լուրջ մեղք է գործում, և կփորձի մղել նրան զղջալու (Առակ. 17։3)։ Տեսնենք։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ ՄԵՂՍԱԳՈՐԾՆԵՐԻՆ, ՈՐ ԶՂՋԱՆ

8. Եհովան ինչպե՞ս փորձեց օգնել Կայենին, որ զղջա (Ծննդոց 4։3-7; տես նաև նկարը)։

8 Ադամի ու Եվայի առաջնեկը՝ Կայենը, արատավոր հակումներ էր ժառանգել իր ծնողներից։ Բացի այդ՝ Աստվածաշնչում ասվում է, որ «նրա գործերը չար էին» (1 Հովհ. 3։12)։ Թերևս դա էր պատճառը, որ Եհովան «Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց»։ Ուղղվելու փոխարեն «Կայենը խիստ բարկացավ ու մռայլվեց»։ Իսկ ի՞նչ արեց Եհովան։ Նա խոսեց Կայենի հետ (կարդա Ծննդոց 4։3-7)։ Ուշադրություն դարձնենք, որ Եհովան բարությամբ մղեց Կայենին մտածելու։ Նա ասաց, որ կօրհնի վերջինիս, եթե նա ճիշտ վարվի և զգուշացրեց, որ բարկությունը կարող է նրան մեղքի տանել։ Ցավոք, Կայենը չլսեց Եհովային։ Նա թույլ չտվեց, որ Եհովան օգնի իրեն զղջալ։ Արդյո՞ք Կայենի բացասական արձագանքից հետո Եհովան մեղավոր մարդկանց այլևս չփորձեց օգնել զղջալ։ Իհարկե ո՛չ։

Կայենը, մահակը ձեռքին, գնում է Աբելին սպանելու։ Նա շրջվել է, որ լսի Եհովայի ձայնը։

Եհովան բարությամբ մղեց Կայենին մտածելու։ Նա ասաց, որ կօրհնի վերջինիս, եթե ճիշտ վարվի, և զգուշացրեց, որ բարկությունը կարող է նրան մեղքի տանել (տես պարբերություն 8)


9. Ինչպե՞ս Եհովան օգնեց Դավթին զղջալ։

9 Եհովան շատ էր սիրում Դավիթ թագավորին։ Նա նրան նույնիսկ իր «սրտին հաճելի մարդ» անվանեց (Գործ. 13։22)։ Բայց Դավիթը լուրջ մեղքեր գործեց, ինչպիսիք են անբարոյությունն ու սպանությունը։ Ըստ Մովսիսական օրենքի՝ նա մահվան էր արժանի (Ղևտ. 20։10; Թվեր 35։31)։ Բայց Եհովան, բարություն դրսևորելով, միջամտեց։b Թեև Դավիթը դեռ զղջման ոչ մի նշույլ չէր ցուցաբերել, Եհովան նրա մոտ ուղարկեց Նաթան մարգարեին, ով Դավթի սրտին հասնելու համար մի օրինակ բերեց։ Հասկանալով, թե ինչ մեծ ցավ է պատճառել Եհովային, Դավիթը զղջաց (2 Սամ. 12։1-14)։ Նա մի սրտառուչ սաղմոս գրեց, որից տեսնում ենք, թե որքան էր ափսոսում իր արածի համար (Սաղ. 51, խորագիր)։ Այդ սաղմոսը մեղք գործած շատ անհատների է մխիթարել և մղել նրանց զղջալու։ Մենք անչափ ուրախ ենք, որ Եհովան սիրառատ կերպով օգնել է իր ծառա Դավթին զղջալ։

10. Ի՞նչ զգացումներ են արթնանում քո մեջ, երբ մտածում ես, թե որքան համբերատար ու ներողամիտ է Եհովան մեղավոր մարդկանց հանդեպ։

10 Եհովան ատում է մեղքը իր բոլոր դրսևորումներով (Սաղ. 5։4, 5)։ Բայց նա գիտի, որ բոլորս մեղավորներ ենք, և սիրուց մղված՝ օգնում է մեզ պայքարել մեղքի դեմ։ Նա անգամ ծանր մեղքեր գործած անհատներին է փորձում օգնել, որ զղջան ու մտերմանան իր հետ։ Որքա՜ն մխիթարական է իմանալ դա։ Երբ խորհրդածում ենք Եհովայի համբերության և ներողամտության մասին, մղվում ենք հավատարիմ մնալու նրան, իսկ մեղք գործելու դեպքում չենք հապաղում զղջալ։ Այժմ տեսնենք, թե զղջման վերաբերյալ Հիսուսը ինչ սովորեցրեց իր աշակերտներին։

ԶՂՋՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՆ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ

11-12. Հիսուսն ի՞նչ սովորեցրեց իր Հոր ներողամտության մասին (տես նկարը)։

11 Երբ ժամանակը եկավ, որ Մեսիան հայտնվի, Եհովան Հովհաննես Մկրտչի միջոցով սկսեց հորդորել իր ժողովրդին զղջալ։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը նույնպես սովորեցրեց մարդկանց զղջման կարևորության մասին (Մատթ. 3։1, 2; 4։17)։

12 Նա սովորեցնում էր, որ իր Հայրը անչափ ներողամիտ է։ Մի անգամ Հիսուսը մի տպավորիչ առակ պատմեց, որում գեղեցիկ կերպով նկարագրեց Եհովայի ներողամտությունը։ Դա կորած որդու մասին առակն էր։ Այնտեղ նշված երիտասարդը տնից հեռանում է և սխալ ընթացք է բռնում։ Բայց որոշ ժամանակ հետո նա «խելքի է գալիս» և վերադառնում տուն։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում նրա հայրը։ Հիսուսն ասում է. «Հայրը դեռ հեռվից տեսավ նրան, ու կարեկցանքից սիրտը ճմլվեց։ Վազելով որդուն ընդառաջ՝ գրկեց նրան ու համբուրեց»։ Որդին որոշել էր հորը հարցնել, թե կարող է արդյոք դառնալ նրա ծառաներից մեկը, բայց հայրը նրան «որդիս» կոչեց և հետ ընդունեց ընտանիք։ Հայրն ասաց. «Որդիս.... կորած էր, բայց գտնվել է» (Ղուկ. 15։11-32)։ Նախքան երկիր գալը Հիսուսն, անկասկած, բազմիցս ականատես էր եղել, թե ինչպես է իր Հայրը նման կարեկցանք դրսևորում զղջացող մեղավորների հանդեպ։ Մեր սրտերը ջերմությամբ են լցվում, և մենք անչափ մխիթարվում ենք՝ կարդալով մեր երկնային Հոր՝ Եհովայի գթառատությունը նկարագրող այս ազդեցիկ պատմությունը։

Հիսուսի առակում նշված կորած որդին խոնարհվել է իր հոր առաջ, ով վազելով եկել է, որ գրկի նրան։

Կորած որդու մասին Հիսուսի առակում նշված հայրը վազելով եկել է, որ գրկի իր որդուն, ով վերադարձել է տուն (տես պարբերություն 11-12)


13-14. Պետրոս առաքյալն ինչպե՞ս սովորեց, թե ինչ է զղջումը, և նա ի՞նչ սովորեցրեց ուրիշներին այդ մասին (տես նաև նկարը)։

13 Պետրոս առաքյալը զղջման և ներողամտության մասին կարևոր բաներ սովորեց Հիսուսից։ Նա հաճախ էր սխալներ թույլ տալիս, բայց Հիսուսը միշտ մեծահոգաբար ներում էր նրան։ Հիշենք այն դեպքը, երբ Պետրոսը երեք անգամ ուրացավ իր Տիրոջը, ինչի պատճառով խիստ տրտմեց (Մատթ. 26։34, 35, 69-75)։ Բայց Հիսուսը հարություն առնելուց հետո հայտնվեց նրան, ակներևաբար, երբ վերջինս մենակ էր (Ղուկ. 24։33, 34; 1 Կորնթ. 15։3-5)։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսը զղջացել է, և անկասկած հավաստիացրեց, որ ներել է նրան։

14 Պետրոսը անձամբ զգաց, թե ինչ է նշանակում զղջալ և ներում ստանալ, ուստի կարող էր ուրիշներին սովորեցնել այդ մասին։ Պենտեկոստեի տոնից որոշ ժամանակ անց Պետրոսը անհավատ հրեաների մի մեծ բազմության առջև ելույթ ներկայացրեց՝ բացատրելով, որ նրանք Մեսիային են մահվան մատնել։ Բայց նա նաև սիրառատ կերպով հորդորեց նրանց. «Ուրեմն զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Եհովան թարմություն տա ձեզ» (Գործ. 3։14, 15, 17, 19)։ Այդպիսով Պետրոսը ցույց տվեց, որ զղջումը մղում է մեղսագործին դարձի գալու, այսինքն՝ փոխելու սխալ մտածելակերպն ու վարվելակերպը, և այդուհետ ապրելու Աստծուն հաճելի կյանքով։ Առաքյալը նաև ընդգծեց, որ Եհովան ամբողջությամբ է ներելու նրանց մեղքերը, ասես ջնջելու է, որ դրանց հետքն անգամ չմնա։ Տասնամյակներ անց Պետրոսը քրիստոնյաներին հետևյալ հավաստիացումը տվեց. «Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Անչափ մխիթարական է իմանալ, որ երբ զղջում ենք մեր մեղքերի համար, նույնիսկ եթե դրանք շատ լուրջ են, Եհովան ամբողջությամբ ներում է մեզ։

Համակցված նկարներ։ 1. Պետրոս առաքյալը դառնապես լաց է լինում։ 2. Հարություն առած Հիսուսը մխիթարում է Պետրոսին։

Հիսուսը գիտեր, որ Պետրոսը զղջացել է, և սիրառատ կերպով հավաստիացրեց, որ ներել է նրան (տես պարբերություն 13-14)


15-16. ա) Պողոս առաքյալն ինչպե՞ս սովորեց, թե ինչ է ներողամտությունը (1 Տիմոթեոս 1։12-15)։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

15 Քչերն են այնքան շատ զղջալու ու ներման կարիք ունեցել, որքան տարսոնացի Սողոսը։ Նա կատաղի կերպով հալածում էր Քրիստոսի հետևորդներին։ Քրիստոնյաների մեծ մասը թերևս նրան անուղղելի մարդ էր համարում, մեկը, ով ունակ չէ զղջալու։ Բայց Հիսուսը անկատար մարդկանց պես չէր մտածում։ Նա և նրա Հայրը տեսնում էին Սողոսի լավ հատկությունները։ Հիսուսը նրա մասին ասաց. «Ես ընտրել եմ այդ մարդուն» (Գործ. 9։15)։ Նա նույնիսկ հրաշք գործեց, որ Սողոսին օգնի զղջալ (Գործ. 7։58-8։3; 9։1-9, 17-20)։ Քրիստոնյա դառնալուց հետո Սողոսը, ով հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ, հաճախ էր գնահատանքով արտահայտվում այն մասին, թե ինչպես են Եհովան ու Հիսուսը իր հանդեպ բարություն և ողորմածություն դրսևորել (կարդա 1 Տիմոթեոս 1։12-15)։ Մի առիթով երախտագետ առաքյալը իր հավատակիցներին հետևյալը գրեց. «Իր բարությամբ [Աստված] օգնում է քեզ զղջալ» (Հռոմ. 2։4)։

16 Իսկ ինչպե՞ս վարվեց Պողոսը, երբ իմացավ Կորնթոսի ժողովում ծագած մի լուրջ խնդրի մասին։ Անբարոյություն գործող մի անհատ չէր հեռացվել ժողովից։ Պողոսի արձագանքից շատ բան կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես է Եհովան իր ծառաներին խրատելիս սիրով վարվում և գթասրտություն դրսևորում զղջացողների հանդեպ։ Այս պատմությունը ավելի մանրամասնորեն կուսումնասիրենք հաջորդ հոդվածում։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Զղջման մասին ի՞նչ է Եհովան սովորեցրել իսրայելացիներին։

  • Ինչպե՞ս է Եհովան օգնում մեղսագործներին, որ զղջան։

  • Զղջման վերաբերյալ ի՞նչ սովորեցին Հիսուսի հետևորդները։

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

a Սա բացառիկ դեպք էր։ Մեր օրերում Եհովան չի պահանջում, որ անմեղ կողակիցը շարունակի ապրել իրեն դավաճանած կողակցի հետ։ Սիրուց մղված՝ Նա իր Որդու միջոցով հայտնեց, որ շնություն գործած անհատի կողակիցը կարող է ամուսնալուծվելու որոշում կայացնել (Մատթ. 5։32; 19։9)։

b Տես «Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար» հոդվածը «Դիտարանի» 2012 թ. նոյեմբերի 15-ի համարում (էջ 21-23, պրբ. 3-10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը