ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26
ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը
Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
«Ամենակարողի մասին ամեն ինչ ըմբռնելը մեր կարողությունից վեր է» (ՀՈԲ 37։23)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ապագայի վերաբերյալ շատ բաներ մեզ համար անորոշ են։ Որպեսզի կարողանանք հաղթահարել դրա հետ կապված դժվարությունները, պետք է համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք, կենտրոնանանք նրա վրա, ինչ արդեն գիտենք, և վստահենք Եհովային։
1. Ի՞նչ ունակություններով է Եհովան օժտել մեզ և ինչո՞ւ։
ԵՀՈՎԱՆ մեզ ստեղծել է մտածելու, գիտելիքներ ձեռք բերելու, հասկացողություն զարգացնելու և իմաստություն դրսևորելու ունակություններով, քանի որ ցանկանում է, որ «[իր] մասին գիտելիքներ գտնենք» և ծառայենք իրեն՝ գործի դնելով մեր բանականությունը (Առակ. 2։1-5; Հռոմ. 12։1)։
2. ա) Ի՞նչ պետք է գիտակցենք (Հոբ 37։23, 24; տես նաև նկարը)։ բ) Ի՞նչ օգուտներ ենք քաղում, երբ ընդունում ենք, որ մեր կարողությունները սահմանափակ են։
2 Թեև մենք օժտված ենք շատ բաներ սովորելու ունակությամբ, սակայն պետք է գիտակցենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք (կարդա Հոբ 37։23, 24)։ Ուշադրություն դարձնենք Հոբի օրինակին։ Նրա գլխում մի շարք հարցեր ծագեցին, որոնք բացահայտեցին, թե որքան բան նա չգիտի։ Այդ փաստի գիտակցումը խոնարհեցրեց նրան և օգնեց շտկել իր մտածելակերպը (Հոբ 42։3-6)։ Մենք նույնպես օգուտներ կքաղենք, եթե համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք։ Համեստությունը կմղի մեզ վստահ լինել, որ Եհովան կբացահայտի այն, ինչ մեզ իսկապես անհրաժեշտ է իմաստուն որոշումներ կայացնելու համար (Առակ. 2։6)։
Հոբի պես՝ օգուտներ կքաղենք, եթե համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք (տես պարբերություն 2)
3. Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում կխոսենք որոշ բաների մասին, որոնք մենք չգիտենք, և այն դժվարությունների մասին, որոնք գուցե ունենանք դրա հետևանքով։ Նաև կտեսնենք, թե ինչու է լավ, որ որոշ բաներ չգիտենք։ Այս մտքերը քննելը կօգնի մեզ ամրացնել մեր վստահությունն այն բանում, որ Եհովան, «ով կատարելապես ամեն ինչ գիտի», ասում է մեզ այն, ինչ իրականում պետք է իմանանք (Հոբ 37։16)։
ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԵՐԲ Է ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԳԱԼՈՒ
4. Ըստ Մատթեոս 24։36-ի՝ ի՞նչ չգիտենք։
4 Կարդա Մատթեոս 24։36։ Մենք չգիտենք, թե երբ է գալու այս աշխարհի վերջը։ Նույնիսկ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ չգիտեր դրա «օրն ու ժամը»։a Մի անգամ նա առաքյալներին ասաց, որ կան իրադարձություններ, որոնց կատարման ժամանակը Եհովան՝ ժամանակների ու ժամկետների Աստվածը, իր իրավասության, կամ՝ «իշխանության տակ» է պահում (Գործ. 1։6, 7)։ Նա արդեն որոշել է, թե երբ է գալու այս աշխարհի վերջը, բայց մենք չենք կարող ճշգրտորեն իմանալ, թե դա երբ է լինելու։
5. Այն, որ չգիտենք, թե երբ է վերջը գալու, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։
5 Հաշվի առնելով Հիսուսի ասածը՝ մենք չգիտենք, թե որքան երկար պիտի սպասենք վերջին։ Այդ պատճառով գուցե անհամբեր դառնանք կամ ընկճվենք, հատկապես եթե արդեն տևական ժամանակ է՝ սպասում ենք Եհովայի օրվան։ Կամ գուցե մեզ համար դժվար լինի դիմանալ ընտանիքի անդամների կամ ուրիշների ծաղրանքին (2 Պետ. 3։3, 4)։ Հնարավոր է՝ մտածենք, որ եթե իմանայինք կոնկրետ օրը, ավելի հեշտ կլիներ համբերատար լինել և դիմանալ ծաղրանքներին։
6. Ի՞նչ օգուտ կա այն բանից, որ մենք չգիտենք, թե երբ է գալու վերջը։
6 Եհովան, չբացահայտելով, թե երբ է գալու վերջը, մեզ հնարավորություն է տալիս փաստելու, որ նրա հանդեպ սերն ու վստահությունն են մղում մեզ ծառայել նրան։ Մենք չենք ծառայում Եհովային՝ մեր մտքում վերջնաժամկետ ունենալով, ասես նրա հանդեպ մեր հավատը պիտանելիության ժամկետ ունի, որը մի օր սպառվելու է։ «Եհովայի օրվա» գալու վրա կենտրոնանալու փոխարեն լավ կանենք, եթե կենտրոնանանք այն հիանալի բաների վրա, որոնք իրագործվելու են այդ օրը։ Այդպես ավելի ու ավելի շատ կզարգացնենք Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը և ամեն ինչ կանենք նրան հաճեցնելու համար (2 Պետ. 3։11, 12)։
7. Ի՞նչ գիտենք։
7 Ճիշտ վարված կլինենք, եթե կենտրոնանանք այն բանի վրա, ինչ գիտենք, օրինակ, որ վերջին օրերը սկսվել են 1914 թ.-ին։ Եհովան տվել է մարգարեություններ, որոնք ոչ միայն մատնանշում են այդ թվականը, այլև մանրամասնորեն նկարագրում են դրան հաջորդող իրադարձությունները։ Այդ մարգարեությունների կատարումը տեսնելով՝ մենք համոզվում ենք, որ «մոտ է Եհովայի մեծ օրը» (Սոփ. 1։14)։ Բացի այդ՝ գիտենք, թե Եհովան ինչ է ակնկալում մեզնից՝ «Թագավորության մասին.... բարի լուրը» քարոզել հնարավորինս շատ մարդկանց (Մատթ. 24։14)։ Այս լուրը հռչակվում է մոտ 240 երկրներում ավելի քան 1 000 լեզուներով։ Այս կենսական գործը եռանդորեն անելու համար կարիք չկա, որ իմանանք «օրն ու ժամը»։
ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ՄԵԶ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՀՈՎԱՆ ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
8. Ինչի՞ն է վերաբերում «ճշմարիտ Աստծու գործը» արտահայտությունը (Ժողովող 11։5)։
8 Միշտ չէ, որ գիտենք «ճշմարիտ Աստծու գործը» (կարդա Ժողովող 11։5)։ Այս արտահայտությունը վերաբերում է այն բանին, ինչ Եհովան անում է կամ թույլ է տալիս, որ լինի իր կամքը իրականացնելու համար։ Ուստի մենք չենք կարող հաստատ իմանալ, թե Եհովան ինչու է թույլ տալիս, որ այս կամ այն բանը տեղի ունենա, կամ թե կոնկրետ ինչպես է օգնելու մեզ (Սաղ. 37։5)։ Այս բաները անըմբռնելի են մեզ համար, ճիշտ ինչպես անըմբռնելի է մոր արգանդում երեխայի զարգացումը, մի բան, ինչը լիովին հասկանալու համար գիտնականներն առայսօր գլուխ են կոտրում։
9. Ի՞նչ զգացումներ գուցե առաջացնի մեր մեջ այն, որ չգիտենք, թե Եհովան ինչպես է գործելու։
9 Այն, որ չգիտենք, թե Եհովան ինչպես է գործելու հօգուտ մեզ, կարող է մեր վճռականությունը թուլացնել։ Թերևս վարանենք ծառայության մեջ ավելին անելու համար զոհողություններ անել, օրինակ՝ կյանքը պարզեցնել կամ տեղափոխվել այնպիսի տարածք, որտեղ բարի լուրի քարոզիչների մեծ կարիք կա։ Կամ գուցե մտածենք, թե չունենք Աստծու հավանությունը, եթե չենք հասնում մեր հոգևոր նպատակներին, ծառայության մեջ տպավորիչ արդյունքներ չենք տեսնում կամ աստվածապետական գործերում խոչընդոտների ենք հանդիպում։
10. Ի՞նչ կենսական հատկություններ կարող ենք զարգացնել այն բանի շնորհիվ, որ չգիտենք, թե Եհովան ինչպես է գործելու։
10 Այն, որ չգիտենք, թե Եհովան ինչպես է գործելու, օգնում է այնպիսի կարևոր հատկություններ զարգացնել, ինչպիսիք են խոնարհությունն ու համեստությունը։ Մենք հասկանում ենք, որ Եհովայի «ճանապարհները բարձր են մեր ճանապարհներից, ու նրա մտքերը՝ մեր մտքերից» (Ես. 55։8, 9)։ Նաև սովորում ենք լիարժեքորեն վստահել Եհովային՝ բոլոր հարցերում հույսը նրա վրա դնելով։ Երբ մեր ծառայության մեջ կամ այլ աստվածապետական գործերում հաջողություն ենք ունենում, փառքն ըստ արժանվույն Եհովային ենք ուղղում (Սաղ. 127։1; 1 Կորնթ. 3։7)։ Եվ նույնիսկ եթե դեպքերը մեր պատկերացրած ձևով չեն զարգանում, միևնույն է, հիշում ենք, որ Եհովան լիարժեքորեն վերահսկում է իրավիճակը (Ես. 26։12)։ Մենք անում ենք մեր ձեռքից եկածը՝ վստահ լինելով, որ Եհովան կանի իր բաժինը։ Համոզված ենք, որ նա ցույց կտա ճիշտ ճանապարհը, անգամ եթե դա չանի հրաշքով, ինչպես երբեմն արել է անցյալում (Գործ. 16։6-10)։
11. Ի՞նչ կարևոր բաներ գիտենք։
11 Մտածենք այն մասին, ինչ գիտենք, օրինակ, որ Եհովան սիրող է, արդար և իմաստուն։ Նաև գիտենք, որ նա բարձր է գնահատում այն, ինչ անում ենք մեր հավատակիցների ու իր համար։ Եվ իհարկե, նա միշտ վարձատրում է իր բոլոր հավատարիմ ծառաներին (Եբր. 11։6)։
ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ
12. Համաձայն Հակոբոս 4։13, 14 համարների՝ ի՞նչ չգիտենք։
12 Կարդա Հակոբոս 4։13, 14։ Մի կարևոր ճշմարտություն կա. մենք չգիտենք, թե ինչ կբերի վաղվա օրը։ Այս աշխարհում կարող են «անսպասելի ժամանակ անկանխատեսելի դեպքեր» տեղի ունենալ (Ժող. 9։11)։ Ուստի չգիտենք, թե արդյոք մեր ծրագրերը կհաջողվեն, կամ կապրենք այնքան, որ տեսնենք դրանց իրականացումը։
13. Ապագայի վերաբերյալ անորոշությունը ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։
13 Անորոշությունը կարող է բարդացնել մեր կյանքը։ Գուցե անհանգստանանք՝ չիմանալով, թե ինչ կարող է պատահել, և դա խլի մեր ուրախությունը։ Թերևս անսպասելի ողբերգական դեպքեր կամ աղետալի իրադարձություններ լինեն, որոնց պատճառով վշտանանք, և մեր ներաշխարհը տակնուվրա լինի։ Իսկ երբ մեր ակնկալիքները չարդարանան, հնարավոր է՝ թևաթափ լինենք ու ընկճվենք (Առակ. 13։12)։
14. Ինչի՞ց է կախված իսկական երջանկությունը (տես նաև նկարները)։
14 Դժվարությունների բախվելիս հնարավորություն ունենք փաստելու, որ անկախ նրանից, թե ինչի միջով ենք անցնում, մենք մեր երկնային Հորը ծառայում ենք սիրուց մղված, ոչ թե եսասիրաբար։ Աստվածաշնչյան արձանագրությունները ցույց են տալիս, որ Եհովան չի կանխորոշել մեր ապագան, և որ մենք չպետք է ակնկալենք, որ նա կպաշտպանի մեզ բոլոր դժվարություններից։ Նա գիտի, որ մեր երջանկությունը կախված է ոչ թե ապագան իմանալ-չիմանալուց, այլ իր խորհուրդներին հետևելուց և իրեն հնազանդվելուց (Երեմ. 10։23)։ Եթե որոշումներ կայացնելիս հաշվի ենք առնում Աստծու տեսակետը, ըստ էության, ասում ենք. «Եթե Եհովան կամենա, կապրենք և այս կամ այն բանը կանենք» (Հակ. 4։15)։
Եհովային հնազանդվելն ու նրա խորհուրդներին հետևելը ամուր պաշտպանություն են մեզ համար (տես պարբերություններ 14-15)b
15. Ապագայի վերաբերյալ ի՞նչ գիտենք։
15 Թեպետ չգիտենք, թե ինչ կբերի վաղվա օրը, սակայն գիտենք, որ Եհովան խոստացել է հավիտենական կյանք տալ մեզ՝ լինի դա երկնքում, թե երկրի վրա։ Մենք գիտենք, որ անհնար է՝ Եհովան ստի, և որ ոչինչ չի կարող նրան հետ պահել իր խոստումներն իրագործելուց (Տիտոս 1։2)։ Միայն նա կարող է «հենց սկզբից ասել այն, ինչ լինելու է վերջում, շատ վաղօրոք հայտնել այն, ինչը դեռ չի եղել»։ Այդպես է եղել անցյալում, այդպես էլ կլինի ապագայում (Ես. 46։10)։ Մենք համոզված ենք, որ բացարձակապես ոչինչ չի կարող զրկել մեզ Եհովայի սիրուց (Հռոմ. 8։35-39)։ Նա իմաստություն կտա մեզ, կմխիթարի ու կզորացնի, որպեսզի դիմանանք ցանկացած դժվարության։ Թող որ կասկածի նշույլ անգամ չունենանք, որ Եհովան կօգնի ու կօրհնի մեզ (Երեմ. 17։7, 8)։
ԵՀՈՎԱՆ ՄԵԶ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ, ՔԱՆ ՄԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆՔ
16. Համաձայն Սաղմոս 139։1-6 համարների՝ Եհովան ի՞նչ գիտի մեր մասին, և ի՞նչ ես զգում՝ այդ մասին խորհելով։
16 Կարդա Սաղմոս 139։1-6։ Մեր Ստեղծիչը գիտի մեր մասին ամեն բան՝ մեր էությունը ձևավորած ամեն մանրուք՝ այն, ինչ կա մեր սրտում ու մտքում։ Նա ամեն բան գիտի. ինչ ենք ասում, ինչ նկատի ունենք, ինչ ենք անում և ինչու։ Աստված միշտ հետաքրքրված է մեզնով։ Դավիթ թագավորը նշեց, որ Եհովան պարուրում է մեզ իր հոգատարությամբ և իր աչքը միշտ մեզ վրա է պահում։ Ի՞նչ ես զգում՝ խորհելով այն մասին, որ տիեզերքի Գերիշխանը՝ երկնքի ու երկրի ամենակարող Ստեղծիչը, այդքան մեծ ուշադրության է արժանացնում մեզ։ Այս առնչությամբ Դավիթն ասաց. «Իմ մասին քո իմացությունը վեր է իմ պատկերացումից, այնքան վեր, որ չեմ կարող ըմբռնել» (Սաղ. 139։6)։
17. Ինչո՞ւ թերևս դժվարանանք հավատալ, որ Եհովան մեզ շատ լավ է ճանաչում։
17 Մեր դաստիարակության, մշակույթի կամ նախկինում ունեցած հավատալիքների պատճառով թերևս դժվարանանք հավատալ, որ Եհովան հոգատար Հայր է, ով հետաքրքրված է մեզնով։ Կամ հնարավոր է՝ համակվենք նույնպիսի զգացումներով, որոնք Դավիթ թագավորն է ունեցել, և եզրակացնենք, թե անցյալում մեր գործած լուրջ սխալների պատճառով Եհովան երբեք չի ցանկանա ճանաչել մեզ (Սաղ. 38։18, 21)։ Կամ էլ գուցե անբարո կյանքով ապրող մարդը, ով անկեղծորեն ջանում է փոխել իր ընթացքն ու ապրել Աստծուն հաճելի ձևով, մտածի. «Եթե Աստված իսկապես հասկանում է ինձ, ինչո՞ւ է պահանջում, որ փոխեմ իմ ապրելակերպը, որը միանգամայն նորմալ է ինձ համար»։
18. Ինչո՞ւ է կարևոր ընդունել, որ Եհովան մեզ ավելի լավ է ճանաչում, քան մենք ինքներս (տես նաև նկարները)։
18 Հարկավոր է սովորել ընդունել այն փաստը, որ Եհովան մեզանից լավ է ճանաչում մեզ և մեր մեջ այնպիսի լավ բաներ է տեսնում, որոնք ինքներս չենք տեսնում։ Թեև նրա աչքից չեն վրիպում մեր թերացումները, և նա գիտի, թե ինչու ենք այս կամ այն կերպ զգում ու վարվում, սակայն գիտի նաև, թե ինչպիսի մարդ կարող ենք դառնալ, ուստի և շարունակում է սիրել մեզ (Հռոմ. 7։15)։ Այո՛, Եհովան տեսնում է մեր ներուժը և այն, թե որքան լավը կարող ենք լինել։ Եթե խորապես հասկանանք այս փաստը, ապա նրան հավատարմորեն և ուրախությամբ ծառայելու մեծ եռանդով կլցվենք։
Եհովան օգնում է, որ ամրացնենք իր խոստացած չքնաղ կյանքի հանդեպ մեր հավատը, ինչն էլ ուժ է տալիս դիմանալու անսպասելի դժվարություններին (տես պարբերություններ 18-19)c
19. Ո՞ր բաներում ենք համոզված։
19 Եհովան սեր է, և դրանում մենք ոչ մի կասկած չունենք (1 Հովհ. 4։8)։ Համոզված ենք, որ նրա արդար չափանիշները արտացոլում են մեր հանդեպ նրա ունեցած սերը, և ցույց են տալիս, որ նա միշտ մեր լավն է ուզում։ Մենք գիտենք, որ Եհովան ցանկանում է՝ հավիտյան ապրենք, և դա հնարավոր դարձնելու համար տվել է փրկագինը։ Այդ պարգևը վստահեցնում է մեզ, որ կարող ենք Եհովային հաճեցնել՝ չնայած մեր անկատարության դրսևորումներին (Հռոմ. 7։24, 25)։ Համոզված ենք նաև, որ «Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն ինչ գիտի» (1 Հովհ. 3։19, 20)։ Եհովան ամեն բան գիտի մեր մասին, և վստահ է, որ մենք կարող ենք կատարել իր կամքը։
20. Ի՞նչը կօգնի խուսափել անտեղի մտահոգությունից։
20 Եհովան մեզանից չի թաքցնում այնպիսի տեղեկություններ, որոնք մենք իրոք պետք է իմանանք։ Եթե համեստորեն ընդունենք սա, անհարկի չենք անհանգստանա մեր վերահսկողությունից դուրս գտնվող բաների համար և կկենտրոնանանք իսկապես կարևոր բաների վրա։ Այդպես ցույց կտանք, որ լիարժեքորեն վստահում ենք Եհովային, «ով ամեն ինչ գիտի կատարելապես» (Հոբ 36։4)։ Այո՛, որոշ բաներ հիմա մեր հասկացողությունից վեր են, բայց մենք անհամբեր սպասում ենք գալիք հավիտենական կյանքին, երբ նոր բաներ կսովորենք մեր Մեծ Աստծուց և մեր Մեծ Աստծու մասին (Ժող. 3։11)։
ԵՐԳ 104 Սուրբ ոգին Աստծու պարգևն է
a Հիսուսը առաջնորդելու է Սատանայի ու նրա չար աշխարհի դեմ մղվող պատերազմը, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ այժմ նա գիտի Արմագեդոնի օրը և այն, թե երբ է «վերջնական հաղթանակ տանելու» (Հայտն. 6։2; 19։11-16)։
b ՆԿԱՐ։ Հայրն ու որդին հավաքում են աղետի պայուսակը, որպեսզի ընտանիքը պատրաստ լինի արտակարգ իրավիճակի։
c ՆԿԱՐ։ Եղբայրը, ով դժվարություններ ունի, մտորում է այն ուրախության մասին, որ վայելելու է նոր աշխարհում։