Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հունիս էջ 26–31
  • Ողջ կյանքում սովորում ենք մեր Մեծագույն Ուսուցչից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ողջ կյանքում սովորում ենք մեր Մեծագույն Ուսուցչից
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԾՆՈՂՆԵՐԻՍ ՕՐԻՆԱԿԸ
  • «ՀԱՄՏԵՍՈՒՄ» ԵՄ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
  • ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՄԻՍԻՈՆԵՐ
  • ԵՎՐՈՊԱ, ԱՊԱ ԱՖՐԻԿԱ
  • ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ
  • ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԱՖՐԻԿԱ
  • Վճռել եմ չթուլացնել ձեռքերս
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Եհովայի օրհնությունները գերազանցել են իմ բոլոր սպասելիքները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան միշտ «ուղղել է իմ շավիղները»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հունիս էջ 26–31
Ֆրանկո Դագոստինի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ողջ կյանքում սովորում ենք մեր Մեծագույն Ուսուցչից

ՊԱՏՄՈՒՄ Է ՖՐԱՆԿՈ ԴԱԳՈՍՏԻՆԻՆ

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ կողմից հսկվող անցակետեր, այրվող բարիկադներ, ցիկլոններ, քաղաքացիական պատերազմներ և տարհանումներ։ Սրանք մի քանիսն են այն վտանգավոր իրավիճակներից, որոնց ես ու կինս բախվել ենք ռահվիրայության և միսիոներական ծառայության տարիներին։ Այնուամենայնիվ, մենք ոչ մի բանի հետ չենք փոխի դրանք։ Այդ ողջ ընթացքում Եհովան միշտ աջակցել ու օրհնել է մեզ և որպես Մեծագույն Ուսուցիչ՝ կարևոր դասեր է սովորեցրել (Հոբ 36։22; Ես. 30։20)։

ԾՆՈՂՆԵՐԻՍ ՕՐԻՆԱԿԸ

1950-ականների վերջին ծնողներս Իտալիայից տեղափոխվեցին Կանադա՝ Սասկաչևան նահանգի Կինդերսլի քաղաք։ Կարճ ժամանակ անց նրանք լսեցին ճշմարտությունը, և մեր կյանքում ամեն բան սկսեց դրա շուրջ պտտվել։ Հիշում եմ, երբ փոքր էի, ընտանիքիս հետ շատ ժամանակ էի անցկացնում քարոզչության մեջ։ Երբեմն կատակով ասում եմ, որ ութ տարեկանում ենթառահվիրա եմ ծառայել։

Փոքրիկ Ֆրանկոն՝ ծնողների և քույր-եղբայրների հետ։

Ընտանիքիս հետ, մոտ 1966թ.

Ծնողներս աղքատ էին, այդուհանդերձ, նրանք շատ լավ օրինակ են եղել Եհովային ծառայելու համար զոհողությունների գնալու հարցում։ Օրինակ՝ 1963-ին նրանք իրենց ունեցվածքից որոշ բաներ վաճառեցին, որ կարողանան գնալ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում անցկացվող միջազգային համաժողով։ 1972-ին մոտ 1000 կմ (մոտ 620 մղոն) ճանապարհ անցանք և տեղափոխվեցինք Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Թրեյլ քաղաք, որպեսզի ծառայենք իտալախոս դաշտում։ Հայրս մաքրության գործ էր անում։ Նա աշխատանքի շատ առաջարկներից էր հրաժարվել, որ կենտրոնացած մնար Եհովային ծառայելու վրա։

Շնորհակալ եմ ծնողներիս, որ հրաշալի օրինակ են եղել ինձ և քույր-եղբայրներիս համար։ Իրենց լավ օրինակով նրանք սկիզբ դրեցին իմ աստվածապետական կրթությանը։ Նրանք սովորեցրին մի բան, ինչը ես երբեք չեմ մոռանա. եթե Եհովայի թագավորությունը իմ կյանքում առաջին տեղում դնեմ, նա միշտ հոգ կտանի ինձ համար (Մատթ. 6։33)։

«ՀԱՄՏԵՍՈՒՄ» ԵՄ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1980-ին ամուսնացա Դեբիի հետ՝ մի գեղեցիկ քրոջ, ով հոգևոր նպատակներ ուներ։ Մենք ցանկանում էինք լիաժամ ծառայել, ուստի Դեբին մեր հարսանիքից երեք ամիս անց ռահվիրայություն սկսեց։ Ամուսնանալուց մեկ տարի հետո տեղափոխվեցինք մի փոքր ժողով, որտեղ ավելի շատ քարոզիչների կարիք կար, և ես էլ սկսեցի որպես ռահվիրա ծառայել։

Ֆրանկոն և Դեբին իրենց ամուսնության օրը։

Մեր ամուսնության օրը, 1980թ.

Որոշ ժամանակ անց մենք թևաթափ եղանք և ուզում էինք հեռանալ։ Սակայն նախ խոսեցինք շրջանային վերակացուի հետ, ով սիրալիր կերպով, բայց և ազնվորեն ասաց. «Խնդիրը նաև ձեր մեջ է։ Դուք կենտրոնանում եք ստեղծված իրավիճակի բացասական կողմերի վրա։ Բայց եթե դրական բաներ փնտրեք, կգտնեք»։ Սա այն խորհուրդն էր, որի կարիքն ունեինք (Սաղ. 141։5)։ Ընդունեցինք այն և շուտով սկսեցինք նկատել դրականը. ժողովում ոմանք, այդ թվում՝ երիտասարդներն ու ոչ Վկա կողակից ունեցողները, ցանկանում էին ավելին անել Եհովայի համար։ Դա շատ կարևոր դաս էր մեզ համար։ Սովորեցինք լավը փնտրել և սպասել, որ Եհովան շտկի իրավիճակը, անգամ եթե այն շատ բարդ է թվում (Միք. 7։7)։ Մենք կրկին ուրախ էինք. ամեն բան կարգավորվեց։

Մեր առաջին ռահվիրայական դպրոցի դասավանդողները ծառայել էին տարբեր երկրներում։ Նրանք նկարներ էին ցույց տալիս և պատմում էին իրենց դժվարությունների և օրհնությունների մասին, ու դա մեր մեջ որպես միսիոներ ծառայելու ցանկություն բոցավառեց։ Ուստի մեր առաջ դրեցինք այդ նպատակը։

Թագավորության սրահի՝ ձնից մաքրված կայանատեղին՝ առատ տեղումներից հետո։

Բրիտանական Կոլումբիայում՝ Թագավորության սրահի մոտ, 1983թ.

Քայլերից մեկն այն էր, որ 1984-ին տեղափոխվեցինք Քվեբեկ, որի բնակչությունը ֆրանսիախոս էր, և որը Բրիտանական Կոլումբիայից ավելի քան 4000 կմ (2485 մղոն) հեռու էր։ Այնտեղ պետք է նոր լեզու սովորեինք և հարմարվեինք նոր մշակույթին։ Մեկ այլ խնդիր էր այն, որ հաճախ մեր նյութական միջոցները սուղ էին լինում։ Որոշ ժամանակ անգամ ստիպված էինք մի ֆերմերի դաշտից հավաքել բերքահավաքից մնացած կարտոֆիլները։ Դեբին այդ կարտոֆիլով տարբեր համեղ կերակրատեսակներ էր պատրաստում։ Չնայած այդ դժվարություններին՝ ուզում էինք ամեն գնով պահպանել մեր ուրախությունը։ Ավելին՝ մենք հստակ տեսնում էինք Եհովայի ձեռքը մեր կյանքում (Սաղ. 64։10)։

Մի օր անսպասելի զանգ ստացանք։ Մեզ հրավիրեցին ծառայելու Կանադայի Բեթելում։ Մինչ այդ «Գաղաադ» դպրոցում սովորելու դիմում էինք լրացրել, ուստի խառը զգացումներով համակվեցինք։ Այնուամենայնիվ, ընդունեցինք հրավերը և, երբ ժամանեցինք Բեթել, եղբայր Քենետ Լիթլին, ով մասնաճյուղի կոմիտեի անդամ էր, հարցրինք. «Ի՞նչ ենք անելու, եթե «Գաղաադ» հրավիրվենք»։ Նա պատասխանեց. «Երբ որ հասնենք կամրջին, այդ ժամանակ էլ կանցնենք այն»։

Մեկ շաբաթ անց մենք «հասանք կամրջին». ինձ ու Դեբիին հրավիրեցին «Գաղաադ»։ Դժվար որոշման առաջ էինք կանգնած։ Եղբայր Լիթլն ասաց մեզ. «Ինչ որոշում էլ կայացնեք, գուցե մի օր մտածեք, որ մյուսը պետք է ընտրեիք։ Մի որոշումը մյուսից ավելի լավը չէ։ Որն էլ ընտրեք, Եհովան կօրհնի»։ Մենք ընդունեցինք «Գաղաադում» սովորելու հրավերը։ Տարիների ընթացքում բազմիցս համոզվել ենք, թե որքան տեղին էր եղբայր Լիթլի խորհուրդը։ Հաճախ ենք մեջբերել նրա խոսքերը այն մարդկանց հետ զրույցում, ովքեր նմանատիպ ընտրության առաջ են կանգնած եղել։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՄԻՍԻՈՆԵՐ

(ձախ կողմում) Յուլիսիզ Գլաս

(աջ կողմում) Ջեկ Ռեդֆորդ

1987 թվականի ապրիլին Նյու Յորքում պատիվ ունեցանք լինելու «Գաղաադի» 83-րդ դասարանի 24 ուսանողների թվում։ Շատ ոգևորված էինք։ Մեր հիմնական դասավանդողները եղբայրներ Յուլիսիզ Գլասն ու Ջեկ Ռեդֆորդն էին։ Ուսանելու հինգ ամիսները մի ակնթարթում անցան։ Դպրոցն ավարտեցինք 1987թ. սեպտեմբերի 6-ին և Ջոն ու Մերի Գուդերի հետ նշանակվեցինք ծառայելու Հայիթիում։

Ֆրանկոն և Դեբին ծառայում են ծովափին՝ Հայիթիում։

Հայիթիում, 1988թ.

1962 թվականին վերջին միսիոներների արտաքսվելուց ի վեր «Գաղաադից» միսիոներներ այնտեղ չէին ուղարկվել։ Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց մենք արդեն ծառայում էինք Հայիթիի լեռներում գտնվող 35 քարոզչից բաղկացած մի փոքրիկ ժողովում։ Երիտասարդ էինք ու անփորձ և միսիոներական տանը միայն մենք էինք ապրում։ Տեղի բնակիչները ծայրաստիճան աղքատ էին, և նրանցից շատերը կարդալ չգիտեին։ Այնտեղ ականատես եղանք քաղաքական խռովությունների, պետական հեղաշրջման, այրվող բարիկադների ու ցիկլոնների։

Մենք շատ բան ունեինք սովորելու Հայիթիի աննկուն ոգով, կենսուրախ մեր եղբայրներից ու քույրերից։ Նրանցից շատերը հեշտ կյանք չունեին, բայց սիրում էին Եհովային և ուրախությամբ էին ծառայում նրան։ Մի տարեց քույր, ով կարդալ չէր կարողանում, 150 աստվածաշնչյան համար էր անգիր սովորել։ Այնտեղ տիրող իրավիճակը ամրացնում էր մեր վճռականությունը քարոզելու, որ միայն Աստծու թագավորությունը կարող է լուծել մարդկանց խնդիրները։ Մեր սրտերը ջերմանում են, երբ տեսնում ենք, որ այն մարդիկ, ում մենք Աստվածաշունչ ենք ուսուցանել, ծառայում են որպես ռահվիրաներ, հատուկ ռահվիրաներ ու երեցներ։

Հայիթիում հանդիպեցի Թրեվոր անունով մի երիտասարդ մորմոնի, ով միսիոներ էր, և մի քանի անգամ առիթ ունեցա նրա հետ զրուցելու Աստվածաշնչից։ Տարիներ անց նրանից մի անսպասելի նամակ ստացա։ Նա գրել էր. «Առաջիկա համաժողովին մկրտվում եմ։ Ուզում եմ վերադառնալ Հայիթի և ծառայել որպես հատուկ ռահվիրա այն տարածքում, որտեղ միսիոներ եմ ծառայել, երբ մորմոն էի»։ Երկար տարիներ նա կնոջ հետ այդ տարածքում որպես հատուկ ռահվիրա ծառայեց։

ԵՎՐՈՊԱ, ԱՊԱ ԱՖՐԻԿԱ

Ֆրանկոն՝ աշխատասեղանի մոտ նստած։

Ծառայում եմ Սլովենիայում, 1994թ.

Մենք նշանակվեցինք ծառայելու Եվրոպայի այն հատվածում, որտեղ Թագավորության գործը զարկ էր առնում։ 1992-ին ժամանեցինք Լյուբլյանա (Սլովենիա)։ Մինչ Իտալիա տեղափոխվելը ծնողներս ապրել էին դրա մոտակայքում։ Նախկին Հարավսլավիայի տարածքում դեռևս մոլեգնում էր պատերազմը։ Այդ տարածաշրջանում մեր գործունեությունը վերահսկում էին Վիեննայի մասնաճյուղը (Ավստրիա), ինչպես նաև Զագրեբում (Խորվաթիա) և Բելգրադում (Սերբիա) գտնվող գրասենյակները։ Այդուհետ այդ անկախ պետություններից յուրաքանչյուրն իր Բեթելը պետք է ունենար։

Դա նշանակում էր, որ պետք է կրկին նոր լեզու սովորեինք և հարմարվեինք նոր մշակույթի։ Տեղացիներն ասում էին՝ «Յեզիկ յե տեժիկ», ինչը նշանակում է «լեզուն բարդ է», և այն իրոք բարդ էր։ Մենք հիանում էինք մեր եղբայրների ու քույրերի նվիրվածությամբ, ովքեր պատրաստակամորեն ընդունում էին կազմակերպչական փոփոխությունները, և տեսնում էինք, թե ինչպես է Եհովան օրհնում նրանց։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Եհովան միշտ սիրառատ կերպով շտկում է իրավիճակը և դա անում է ճիշտ ժամանակին։ Այն դասերը, որ մինչ այդ քաղել էինք, օգնեցին մեզ հաղթահարել խնդիրները Սլովենիայում, և այնտեղ անցկացրած տարիներին նաև շատ նոր բաներ սովորեցինք։

Առջևում ավելի շատ փոփոխություններ էին սպասվում։ 2000թ.-ին նշանակվեցինք Կոտ դ’Իվուար (Արևմտյան Աֆրիկա)։ Այնուհետև՝ 2002թ. նոյեմբերին, քաղաքացիական պատերազմի պատճառով մեզ տարհանեցին Սիեռա Լեոնե, որտեղ նոր էր ավարտվել 11 տարի տևած քաղաքացիական պատերազմը։ Շատ դժվար էր անսպասելիորեն հեռանալ Կոտ դ’Իվուարից։ Սակայն մեր սովորած դասերը օգնեցին մեզ ուրախ մնալ։

Մենք կենտրոնացանք բարի լուրի հանդեպ մարդկանց դրական արձագանքի վրա և մեր սիրառատ եղբայրների ու քույրերի օրինակի, ովքեր դիմացել են պատերազմի ծանր տարիներին։ Նրանք աղքատ էին, բայց ցանկանում էին իրենց ունեցածը կիսել ուրիշների հետ։ Մի քույր Դեբիին հագուստ առաջարկեց, ու երբ Դեբին վարանեց ընդունել այն, քույրն ասաց. «Պատերազմի ժամանակ ուրիշ երկրներում ապրող մեր հավատակիցներն օգնում էին մեզ։ Իսկ հիմա մեր հերթն է օգնելու»։ Մենք վճռեցինք ընդօրինակել նրանց։

Ի վերջո վերադարձանք Կոտ դ’Իվուար, բայց քաղաքական լարվածության պատճառով կրկին դաժան բախումներ բռնկվեցին։ Ուստի 2004թ. նոյեմբերին մեզ ուղղաթիռով տարհանեցին։ Մեզ հետ վերցրել էինք 10 կիլոգրամանոց (22 ֆունտ) մեկական պայուսակ։ Գիշերն անցկացրինք ֆրանսիական ռազմաբազայի հատակին, իսկ հաջորդ օրը մեկնեցինք Շվեյցարիա։ Երբ կեսգիշերին ժամանեցինք մասնաճյուղ, մասնաճյուղի կոմիտեն և Ծառայության կատարելագործման դպրոցի դասավանդողներն իրենց կանանց հետ մեզ ընդունեցին ջերմ գրկախառնություններով և տաք կերակուրներ ու շվեյցարական շոկոլադ հյուրասիրեցին։ Մինչև հոգու խորքը տպավորված էինք։

Ֆրանկոն ժողովում ելույթ է ներկայացնում Կոտ դ’Իվուարում։

Կոտ դ’Իվուարում ելույթ եմ ներկայացնում փախստականների համար, 2005թ.

Մեզ ժամանակավորապես նշանակեցին Գանա, իսկ երբ քաղաքացիական խռովությունները հանդարտվեցին, կրկին նշանակեցին Կոտ դ’Իվուար։ Այդ սթրեսային տարհանումների ժամանակ և մեր փոփոխվող նշանակումներում մեզ շատ օգնեց մեր եղբայրների ցուցաբերած բարությունը։ Թեև նման եղբայրական սեր ցուցաբերելը արտասովոր բան չէ Եհովայի ժողովրդի մեջ, բայց ես ու Դեբին դա երբեք սովորական բան չենք համարի։ Անգամ այդ դժվար ժամանակներում մենք շատ արժեքավոր բաներ սովորեցինք։

ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

Ֆրանկոն և Դեբին Արևելքի երկրներից մեկում այցելել են հնագույն ավերակներ։

Արևելքի երկրներից մեկում, 2007թ.

2006թ.-ին գլխավոր վարչությունից մի նամակ ստացանք, որտեղ ասվում էր, որ նշանակվել ենք Արևելքի երկրներ։ Կրկին մեզ սպասում էին նոր արկածներ, նոր խնդիրներ, նոր լեզուներ ու մշակույթներ։ Մենք շատ բան ունեինք սովորելու այնտեղ, որտեղ մարդիկ քաղաքական ու կրոնական խիստ հայացքներ ունեին։ Մեզ դուր էր գալիս, որ ժողովում տարբեր ազգերից մարդիկ կային, և տեսնում էինք, թե ինչ միասնություն է տիրում կազմակերպության ցուցումներին հնազանդվելու արդյունքում։ Մենք հիանում էինք մեր եղբայրներով, քանի որ նրանցից շատերը քաջաբար դիմանում էին ընտանիքի անդամների, համադասարանցիների, աշխատակիցների և հարևանների հակառակությանը։

2012թ.-ին ներկա եղանք Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող հատուկ համաժողովին։ 33թ. Պենտեկոստեից ի վեր այս տարածաշրջանում Եհովայի ժողովուրդը առաջին անգամ էր նման մասշտաբի հանդիպում անցկացնում։ Դա իսկապես հիշարժան իրադարձություն էր։

Այդ տարիներին մեզ ուղարկեցին մի երկիր՝ այցելության, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։ Մենք որոշ հրատարակություններ տարանք։ Այնտեղ մասնակցեցինք քարոզչական ծառայությանը և այցելեցինք փոքր խմբերով անցկացվող համաժողովներ։ Ամենուր մինչև ատամները զինված զինվորներ և անցակետեր կային, բայց մեզ զգուշորեն ուղեկցում էին մի քանի քարոզիչներ, և մենք մեզ ապահով էինք զգում։

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԱՖՐԻԿԱ

Ֆրանկոն աշխատում է իր նոթբուքով։

Ելույթ եմ պատրաստում, 2014թ. (Կոնգո)

2013թ.-ին մենք բոլորովին այլ նշանակում ստացանք՝ ծառայել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի մասնաճյուղում։ Հարուստ ու չքնաղ բնություն ունեցող այդ երկրում մարդիկ ծայրահեղ աղքատ էին և հաճախ տառապում էին զինված հակամարտությունների պատճառով։ Սկզբում մտածեցինք. «Մենք ծանոթ ենք Աֆրիկային, մենք պատրաստ ենք»։ Բայց դեռ շատ բան ունեինք սովորելու, հատկապես այն տարածքներ ճամփորդելու մասին, որոնք ճանապարհներ ու կամուրջներ չունեին։ Մենք բազմաթիվ դրական բաներ տեսանք, որոնց վրա կարելի էր կենտրոնանալ։ Մեր եղբայրները, չնայած տնտեսական խնդիրներին, դիմացկուն էին և ուրախ, սիրում էին ծառայությունը և ջանք չէին խնայում, որպեսզի ներկա լինեին ժողովներին ու համաժողովներին։ Մենք մեր աչքով տեսանք, թե ինչպես է Թագավորության գործն առաջընթաց ապրում միայն այն բանի շնորհիվ, որ Եհովան աջակցում և օրհնում է այն։ Կոնգոյում լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիները մեր սրտերում անջնջելի հետք թողեցին և պարգևեցին շատ ընկերներ, որոնք դարձան մեր ընտանիքը։

Ֆրանկոն ծառայության ժամանակ մի խումբ հավատակիցների հետ մոտենում է մի գյուղի։

Քարոզում ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունում, 2023թ.

2017թ. վերջին մեկ ուրիշ վայր նշանակվեցինք՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Երբեք այսքան մեծ մասնաճյուղում չէինք ծառայել, անգամ Բեթելում մեզ հանձնարարված գործերն էին նոր մեզ համար։ Կրկին պետք է շատ բան սովորեինք, բայց անցյալի դասերը մեզ օգնեցին այդ հարցում։ Մենք սիրում ենք մեր այն բազմաթիվ եղբայրներին ու քույրերին, որոնք տասնամյակներ շարունակ նվիրվածությամբ դիմացկունություն են դրսևորում։ Որքա՜ն ենք հիանում՝ տեսնելով, որ Բեթելի ընտանիքը, որը բաղկացած է տարբեր ռասաների ու մշակույթների մարդկանցից, ծառայում է միասնաբար։ Եհովայի տված խաղաղությունն ակնհայտ է, քանի որ նրա ժողովուրդը կիրառում է աստվածաշնչյան սկզբունքներն ու նոր անձնավորություն է կերտում։

Տարիների ընթացքում ես ու Դեբին ոգևորիչ նշանակումներ ենք ունեցել, հարմարվել ենք տարբեր մշակույթների և սովորել ենք նոր լեզուներ։ Հաճախ հեշտ չի եղել, բայց մենք միշտ զգացել ենք Եհովայի հավատարիմ սերը իր կազմակերպության և մեր համաշխարհային եղբայրության միջոցով (Սաղ. 144։2)։ Մենք համոզված ենք, որ լիաժամ ծառայության ընթացքում մեր սովորածը մեզ ավելի լավ ծառաներ է դարձրել Եհովայի համար։

Ես թանկ եմ գնահատում ծնողներիս տված դաստիարակությունը, սիրելի կնոջս՝ Դեբիի աջակցությունը և մեր համաշխարհային հոգևոր ընտանիքի բազմաթիվ անդամների հրաշալի օրինակները։ Վճռել ենք ապագայում էլ շարունակել կրթվել մեր Մեծագույն Ուսուցչի կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը