Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հոկտեմբեր էջ 2–5
  • Հարյուր տարի առաջ. 1925

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարյուր տարի առաջ. 1925
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՁԳՁԳՎՈՂ ԱԿՆԿԱԼԻՔ
  • ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
  • ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
  • ՎԿԱՅՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐԱՅՑԵԼՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻՆ
  • ԱՌՋԵՎՈՒՄ ՄԵԾ ԳՈՐԾ ԷՐ ՍՊԱՍՎՈՒՄ
  • Հարյուր տարի առաջ. 1924
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հռչակե՛ք Թագավորին ու Թագավորությունը (1919–1941)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Քարոզում են հրապարակորեն և տնից տուն
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Հարյուր տարի առաջ. 1922
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հոկտեմբեր էջ 2–5
1925 թ. Ինդիանայի Ինդիանապոլիս քաղաքում անցկացվող համաժողովին եղբայրների ու քույրերի մի մեծ խումբ լուսանկարվում է։

Համաժողով Ինդիանայի Ինդիանապոլիս քաղաքում, 1925 թ.

1925​. Հարյուր տարի առաջ

«ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ մեծ ակնկալիքով են սպասել այս տարվան»,– գրված էր 1925 թ. հունվարի 1-ի «Դիտարանում»։ Բայց հոդվածում նաև նշվում էր. «Քրիստոնյաները չպետք է մտահոգված լինեն, թե այս տարին ինչ կբերի իր հետ, որպեսզի չկորցնեն ուրախությունը և չդադարեն կատարել Տիրոջ կամքը»։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ ակնկալիքներ ունեին 1925-ից։ Ինչպե՞ս նրանք զբաղված մնացին Տիրոջ գործում՝ չնայած հիասթափություններին։

ՁԳՁԳՎՈՂ ԱԿՆԿԱԼԻՔ

Բազմաթիվ Աստվածաշունչ ուսումնասիրողներ սպասում էին, որ 1925-ին դրախտը երկրի վրա կվերականգնվի։ Եղբայր Ալբերտ Շրյոդերը, ով հետագայում ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ, բացատրեց, թե որն էր դրա պատճառը. «Մենք հավատում էինք, որ այդ տարի երկրի վրա մնացած օծյալները կգնան երկինք, իսկ անցյալում ապրած հավատարիմ մարդիկ, այդ թվում՝ Աբրահամը և Դավիթը, հարություն կառնեն՝ դառնալով իշխաններ, ու կղեկավարեն երկիրը որպես Աստծու թագավորության ներկայացուցիչներ»։ Տարին մոտենում էր ավարտին, բայց հույսերն այդպես էլ չէին իրականանում, ուստի բնական է, որ ոմանք հիասթափվեցին (Առակ. 13։12)։

Չնայած հիասթափությանը՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծամասնությունը շարունակում էր ակտիվորեն քարոզել՝ օր օրի ավելի շատ գիտակցելով Եհովայի մասին ուրիշներին հայտնելու պատասխանատվությունը։ Տեսնենք, թե նրանք ինչ արեցին, որպեսզի ճշմարտությունը հասցնեն հեռավոր վայրեր։

ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Հաշվի առնելով, որ նախորդ տարի WBBR ռադիոկայանի գործունեությունը արդյունավետ էր եղել, Աստվածաշունչ ուսումնասիրողները մեկ այլ հզոր ռադիոկայան կառուցեցին, այս անգամ՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մոտակայքում։ Նոր ռադիոկայանը անվանեցին «ԽՈՍՔ»։ Ռալֆ Լեֆլերը, ով ռադիոինժեներ էր և մասնակցել էր ռադիոկայանի կառուցմանը, պատմել է. «Ձմեռային ցուրտ գիշերները «ԽՈՍՔ»-ը լսվում էր հեռավոր վայրերում»։ Մի անգամ մի ընտանիք, որն ապրում էր կայանից ավելի քան 5000 կմ (3000 մղոն) հեռու՝ Ալյասկայի Փայլթ Սթեյշն քաղաքում, ունկնդրեց առաջին հեռարձակումներից մեկը։ Այն լսելուց հետո այդ ընտանիքը ռադիոկայանում աշխատողներին շնորհակալական նամակ գրեց հոգևոր քաջալերական ծրագրի համար։

Ձախ կողմում։ Բատավիայում գտնվող «ԽՈՍՔ» ռադիոկայանի աշտարակները (Իլինոյս)

Աջ կողմում։ Ռալֆ Լեֆլերը աշխատում է ռադիոկայանում

«ԽՈՍՔ»-ի ռադիոծածկույթի վերաբերյալ 1925 թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» նշվում էր. ««ԽՈՍՔ»-ը Միացյալ Նահանգների առաջատար ռադիոկայաններից է, որն աշխատում է 5000 Վտ հզորությամբ։ Կայանի ռադիոալիքները հասնում են Միացյալ Նահանգների թե՛ արևելյան, թե՛ արևմտյան ափերը, ինչպես նաև Կուբա և Ալյասկայի հյուսիս։ Շատերը, ովքեր երբեք չէին լսել ճշմարտությունը, ունկնդրելով այս կայանի հեռարձակումները՝ սկսել են հետաքրքրություն ցույց տալ»։

Ջորջ Նեշը

Դրան զուգահեռ Աստվածաշունչ ուսումնասիրողները ջանքեր էին ներդնում, որ ավելի շատ օգտագործեին ռադիոն՝ բարի լուրը Կանադայում քարոզելու համար։ 1924 թ.-ին Սասկաչևան նահանգի Սասկատուն քաղաքում կառուցվեց CHUC ռադիոկայանը։ Այն Կանադայում կրոնական թեմաներով հաղորդումներ հեռարձակող առաջին ռադիոկայաններից էր։ 1925-ին կայանը տեղափոխելու կարիք առաջացավ։ Ուստի Դիտարանի ընկերությունը ձեռք բերեց դրա սեփականության իրավունքը և հեռարձակման ստուդիաները տեղափոխեց Սասկատունում գտնվող թատրոնի հին շենք՝ «Ռիջենթ Բիլդինգ», որը գնվել և վերանորոգվել էր այս նպատակով։

Այս կայանի շնորհիվ Սասկաչևանի նոսր բնակեցված շրջաններում ապրող շատ մարդիկ առաջին անգամ լսեցին բարի լուրը։ Օրինակ՝ մեկուսի մի քաղաքում ապրող տիկին Գրեմը հեռարձակումներից մեկը լսելուց հետո նամակ գրեց և աստվածաշնչյան գրականություն խնդրեց։ Եղբայր Ջորջ Նեշը պատմել է. «Նրա աղաչանքը՝ «Սովորեցրեք մեզ», այնքան բարձր էր ու հստակ, որ մենք նրան ուղարկեցինք «Գրությունների ուսումնասիրություն» գրքի բոլոր հատորները»։ Շուտով տիկին Գրեմը սկսեց քարոզել Թագավորության մասին լուրը, և այն տարածվեց ավելի հեռու վայրերում։

ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

«Դիտարանի»՝ 1925 թ. մարտի 1-ի համարում մի նշանակալից հոդված էր տպագրվել «Ազգի ծնունդը» վերնագրով։ Իսկ ինչո՞վ էր այս հոդվածը առանձնահատուկ։ Մի որոշ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողները հավատում էին, որ Սատանան ունի կազմակերպություն, որը բաղկացած է երկնքում գտնվող անտեսանելի չար ոգեղեն արարածներից և երկրի վրա գտնվող կրոնական, առևտրային և քաղաքական տարրերից։ Այս հոդվածի միջոցով «հավատարիմ և իմաստուն ծառան» օգնեց հավատակիցներին հասկանալ, որ Եհովան նույնպես կազմակերպություն ունի, որը միանգամայն տարբերվում է Սատանայի կազմակերպությունից և դրան հակառակ է գործում (Մատթ. 24։45)։ Ծառան նաև բացատրեց, որ Աստծու թագավորությունը հիմնվել է 1914 թ.-ին, և որ այդ թվականին «երկնքում պատերազմ բռնկվելուց» հետո Սատանան ու նրա դևերը ցած են գցվել երկնքից և այժմ երկրի վրա են (Հայտն. 12։7-9)։

Ոմանց համար դժվար էր ընդունել այս նոր բացատրությունը։ Սա կանխատեսելով՝ հոդվածում նաև ասվում էր. «Եթե «Դիտարանի» ընթերցողներից ոմանք չհամաձայնեն նշված մտքերին, հորդորում ենք նրանց համբերությամբ և զգոնությամբ սպասել Տիրոջը՝ միշտ մաքուր սիրտ պահպանելով»։

Թոմ Էյրը, ով Բրիտանիայում գրքեր տարածող էր (այժմ կոչվում է ռահվիրա), պատմել է, թե Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծամասնությունը ինչ կարծիք ուներ այդ հոդվածի վերաբերյալ. «Եղբայրները անչափ տպավորվել էին Հայտնություն 12-րդ գլխի բացատրությամբ։ Հենց որ հասկացանք, որ Թագավորությունը հաստատվել է երկնքում, սկսեցինք մեծ եռանդով քարոզել բարի լուրը։ Եվ անկասկած, դա մղեց մեզ ավելի ակտիվ լինել ծառայության մեջ ու օգնեց տեսնել, որ Եհովան ուղղորդում է իր ժողովրդին, որպեսզի մեծամեծ բաներ իրագործեն»։

ՎԿԱՅՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ

Այսօր Եհովայի վկաները քաջածանոթ են Եսայիա 43։10 համարին, որում ասվում է. «Դուք իմ վկաներն եք,– ասում է Եհովան,– Այո՛, իմ ծառան, որին ընտրել եմ»։ Սակայն նախքան 1925 թ. այս համարը հազվադեպ էր քննվում մեր հրատարակություններում, բայց դա փոխվեց։ 1925 թ. ընթացքում Եսայիա 43։10 և 12 համարները արծարծվեցին «Դիտարանի» 11 թողարկումներում։

1925 թ. օգոստոսի վերջին Աստվածաշունչ ուսումնասիրողները համաժողով անցկացրին Ինդիանապոլիսում (Ինդիանա)։ Համաժողովի ծրագրում տպված էին Ջոզեֆ Ռադերֆորդի ողջույնի խոսքերը. «Մենք եկել ենք այս համաժողով, որ.... Տիրոջից զորություն ստանանք և նոր եռանդով վերադառնանք դաշտ որպես նրա վկաներ»։ Համաժողովի ութ օրերի ընթացքում ներկաներին հորդոր տրվեց ամեն առիթ օգտագործել Եհովայի մասին վկայելու համար։

Օգոստոսի 29-ին՝ շաբաթ, եղբայր Ռադերֆորդը «Գործի անցնելու կոչ» վերնագրով ելույթ ներկայացրեց։ Ելույթում նա ընդգծեց քարոզչական գործի կարևորությունը այս խոսքերով. «Եհովան ասում է իր ժողովրդին.... «Դուք իմ վկաներն եք.... որ ես եմ Աստված»։ Այնուհետև նրանց մի հստակ պատվեր է տալիս հետևյալ ազդեցիկ կոչով. «Ժողովուրդների համար նշանասյո՛ւն կանգնեցրեք»։ Երկրի վրա ուրիշ ոչ ոք չի կարող ժողովուրդների համար նշանասյուն, կամ՝ նշան կանգնեցնել՝ բացի [իր ժողովրդից]՝ նրանցից, ովքեր ունեն Տիրոջ ոգին և հետևաբար նրա վկաներն են» (Ես. 43։12; 62։10)։

Թերթիկ, որում «Հույսի պատգամ» բանաձևն է։

«Հույսի պատգամ» թերթիկը

Եղբայր Ռադերֆորդի ելույթից հետո ունկնդիրները միաձայն ընդունեցին «Հույսի պատգամ» վերնագրով բանաձևը, որով նրանք համաձայնում էին, որ Աստծու թագավորությունը միակ իրական հույսն է, որը կբերի «օրհնություններ՝ խաղաղություն, բարգավաճություն, առողջություն, կյանք, ազատություն և հարատև երջանկություն»։ Այս բանաձևը ավելի ուշ թարգմանվեց մի քանի լեզվով և տպագրվեց թերթիկում։ Այդ թերթիկի 40 միլիոն օրինակ տարածվեց։

Աստվածաշունչ ուսումնասիրողները մի քանի տարի հետո էին պաշտոնապես սկսելու կրել «Եհովայի վկաներ» անունը։ Բայց նրանք օր-օրի ավելի լավ էին հասկանում, որ պատասխանատվություն ունեն քարոզելու և լինելու Եհովայի վկաները։

ՎԵՐԱՅՑԵԼՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻՆ

Որքան ողջ աշխարհում ավելանում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը, այնքան կազմակերպությունը ավելի շատ էր հորդորում վերայցելել բարի լուրով հետաքրքրված մարդկանց։ «Հույսի պատգամ» թերթիկով քարոզարշավն ավարտելուց հետո «Տեղեկագիր»a ձեռնարկում գրվեց. «Պլանավորեք կրկին այցելել այն տներ, որտեղ մշակները գրականություն չեն թողել, այլ թողել են «Հույսի պատգամ» թերթիկը»։

1925 թ. հունվարի «Տեղեկագրում» գրված էին Տեխաս նահանգի Պլանո քաղաքում ապրող մի Աստվածաշունչ ուսումնասիրողի հետևյալ խոսքերը. «Մենք տպավորված ենք այն հանգամանքով, որ մի քանի անգամ մշակված տարածքում ծառայությունը ավելի արդյունավետ է լինում, քան նոր տարածքում։ Մեր տարածքում գտնվող մի փոքր քաղաք վերջին տասը տարիների ընթացքում հինգ անգամ մշակվել է.... Վերջերս մայրս և քույր Հենդրիկսը կրկին գնացին այդ քաղաք և ավելի շատ գրքեր տարածեցին, քան [երբևէ] այնտեղ տարածվել էր»։

Իսկ Պանամայում ապրող մի գրքեր տարածող գրել է. «Շատերն, ովքեր առաջին հանդիպման ժամանակ հրաժարվել էին ինձ լսելուց, երբ երկրորդ անգամ այցելեցի, այլ վերաբերմունք ցուցաբերեցին։ Այս տարի ծառայությունս կենտրոնացած էր հիմնականում այն բանի վրա, որ այցելում էի նրանց, ում նախկինում այցելել էի, և բավականին լավ զրույցներ եմ ունեցել նրանցից ոմանց հետ»։

ԱՌՋԵՎՈՒՄ ՄԵԾ ԳՈՐԾ ԷՐ ՍՊԱՍՎՈՒՄ

Բոլոր գրքեր տարածողներին ուղղած իր տարեկան նամակում եղբայր Ռադերֆորդը ամփոփեց այդ տարվա գործունեությունը և նրանց ուշադրությունը հրավիրեց առջևում սպասվող գործի վրա։ Նա գրում էր. «Նախորդ տարվա ընթացքում մեծ պատիվ եք ունեցել մխիթարելու վշտացած մարդկանց։ Դա մեծ ուրախությամբ է լցրել ձեր սրտերը.... Առաջիկա տարին ձեր առջև հնարավորություններ կբացի Աստծու և նրա թագավորության մասին քարոզելու, ինչպես նաև ժողովուրդների համար նշանասյուն կանգնեցնելու համար.... Եկե՛ք շարունակենք միասին բարձրաձայն գովերգել մեր Աստծուն ու Թագավորին»։

Մինչ 1925 թ. մոտենում էր իր ավարտին, եղբայրները ծրագրեր էին կազմում, որպեսզի մեծացնեին Բրուքլինի Բեթելի շինությունները։ Հաջորդ՝ 1926 թ.-ին, զարկ էր տրվելու մեր կազմակերպության կողմից երբևէ ձեռնարկված ամենամեծ շինարարական նախագծին։

Շինհրապարակ, որտեղ եղբայրները նոր նախագծի սկզբնական աշխատանքներն են անում։

Շինարարություն՝ Ադամս փողոցում (Բրուքլին, Նյու Յորք), 1926 թ.

a Այժմ՝ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը