Պահպանենք սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը»
ՊՈՂՈՍ առաքյալը Եփեսոսի քրիստոնյաներին հետևյալ հորդորը տվեց. «Սեր դրսևորելով՝ հանդուրժեք միմյանց թերությունները, ամեն կերպ ջանացեք պահպանել սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը՝ միմյանց հետ խաղաղության մեջ ապրելով, քանի որ դա ձեզ միավորող կապն է» (Եփես. 4։2, 3)։
«Միասնությունը», որը տիրում է մեր մեջ, «սուրբ ոգու միջոցով է ձեռք բերված»։ Սա նշանակում է, որ այն Աստծու գործուն ուժի ազդեցության արդյունքն է։ Բայց, ինչպես նշեց Պողոսը, միասնությունը հարկավոր է պահպանել։ Իսկ ո՞վ պետք է դա անի։ Յուրաքանչյուր քրիստոնյա «սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը» պահպանելու հարցում իր լուման պետք է ներդնի։
Պատկերացրու՝ նոր մեքենա ես նվեր ստացել։ Այն լավ վիճակում պահելը ո՞ւմ պատասխանատվությունն է։ Պատասխանն ակնհայտ է. չես կարող մեղադրել մեքենան նվիրած մարդուն այն բանում, որ քո անուշադրության պատճառով այն փչացել է։
Նմանապես՝ թեև մեր քրիստոնեական միասնությունը Աստծու տված պարգևն է, այն պահպանելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Եթե մեր հավատակիցների հետ չունենք խաղաղ հարաբերություններ, պետք է մտածենք. «Ինձնից ակնկալվող ամեն բան անո՞ւմ եմ, որպեսզի լուծելով տարաձայնությունը՝ պահպանեմ սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը»։
«ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆԱՆՔ» ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես Պողոսը նշեց, երբեմն քրիստոնեական միասնությունը պահպանելու համար գուցե շատ ջանքեր պահանջվեն, հատկապես այն ժամանակ, երբ մեր հավատակիցը վիրավորել է մեզ։ Արդյոք միասնությունը պահպանելու համար հարկավո՞ր է պարտադիր մոտենալ այդ անհատին և խոսել խնդրի մասին։ Ոչ միշտ։ Լավ կլինի՝ մտածենք. «Եթե այս հարցը բարձրաձայնեմ, դա կնպաստի՞ միասնությանը, թե՞ ավելի շատ պառակտում կմտցնի»։ Երբեմն իմաստուն կլինի վիրավորանքը պարզապես անտեսել ու մոռանալ (Առակ. 19։11; Մարկ. 11։25)։
Մտածիր. «Եթե այս հարցը բարձրաձայնեմ, դա կնպաստի՞ միասնությանը, թե՞ ավելի շատ պառակտում կմտցնի»
Եկեք հետևենք Պողոս առաքյալի հորդորին և «սեր դրսևորելով՝ հանդուրժենք միմյանց թերությունները» (Եփես. 4։2)։ Մի ձեռնարկում ասվում է, որ այս արտահայտությունը կարելի է թարգմանել նաև այսպես. «Ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսին որ կան»։ Սա նշանակում է, որ պետք է գիտակցենք, որ մեր հավատակիցները սխալական են, ինչպես և մենք։ Ճիշտ է, մենք փորձում ենք հագնել «նոր անձնավորությունը», սակայն մեզանից ոչ ոք չի կարող դա անել կատարելապես (Եփես. 4։23, 24; Հռոմ. 3։23)։ Եթե ընդունենք այս փաստը, մեզ համար ավելի հեշտ կլինի հանդուրժել միմյանց թերությունները, լինել ներողամիտ և այդպիսով պահպանել սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը։
Երբ ներենք անձնական վիրավորանքները և մոռանանք դրանք, անգամ առանց այդ մասին խոսելու, այդ ժամանակ կշարունակենք «միմյանց հետ խաղաղության մեջ ապրել, քանի որ դա մեզ միավորող կապն է»։ Եփեսացիներ 4։3-ում «միավորող կապ» թարգմանված բառը Կողոսացիներ 2։19-ում թարգմանվել է «կապան»։ Կապանները ամուր հյուսվածքներ են, որոնք ոսկորները միացնում են իրար։ Նմանապես՝ խաղաղությունը, ինչպես նաև մեր եղբայրների հանդեպ սերը օգնում են մեզ պահպանել միմյանց հետ մտերմությունը՝ չնայած մեր միջև եղած տարբերություններին։
Հետևաբար երբ հավատակիցդ վիրավորում է քեզ, նեղացնում կամ նյարդայնացնում, քննադատելու փոխարեն փորձիր կարեկցել նրան (Կող. 3։12)։ Հավանաբար կմտաբերես դեպքեր, երբ դու էլ ես վիրավորել ինչ-որ մեկին, քանի որ բոլորս անկատար ենք։ Դրա մասին հիշելը կմղի քեզ քո ներդրումն ունենալ «սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը» պահպանելու հարցում։