Սիրելի՛ տարեցներ, դուք անգնահատելի դեր ունեք ժողովում
«Հետ նայելով՝ ապշում եմ, թե որքան շատ բան էի կարողանում անել։ Հիմա տարիքիս պատճառով շատ եմ խեղճանում» (Կանի, 83 տարեկան)։
Գուցե դու էլ առաջվանը չես և զգում ես ծերության բերած դժվարությունները։ Թեև երկար տարիներ է, ինչ հավատարմորեն ծառայում ես Եհովային, թերևս սահմանափակ կարողություններիդ պատճառով բացասական մտքեր ես ունենում, օրինակ՝ ներկայիս գործերդ համեմատում ես նախկինում արածդ գործերի հետ։ Եթե այդպես է, ի՞նչը կօգնի քեզ պայքարել նման մտքերի դեմ։
ԻՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՔԵԶՆԻՑ
Ինքդ քեզ հարցրու. «Եհովան ի՞նչ է ակնկալում ինձնից»։ Քեզ համար մխիթարական կարող են լինել 2 Օրենք 6։5-ում գրված հետևյալ խոսքերը. «Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով և ձեր ամբողջ ուժով»։
Այս խոսքերի համաձայն՝ Եհովան ակնկալում է, որ նրան ծառայես քո ամբողջ սրտով, հոգով և ուժով։ Այս միտքը կարող է օգնել քեզ չհամեմատվել ուրիշների հետ կամ այսօրվա քո արածը չհամեմատել նախկինում արածդ գործերի հետ։
Տրամաբանենք. երբ երիտասարդ էիր, ի՞նչ էիր անում Եհովայի համար։ Եհովայի ծառաներից շատերը կասեն, որ իրենց լավագույնն էին տալիս նրան։ Դու նույնպես այդ ժամանակ ունեցածդ հանգամանքների ներքո քո լավագույնն էիր անում։ Իսկ ի՞նչ ես հիմա անում Եհովայի համար։ Հավանաբար, այսօր ունեցածդ հանգամանքների ներքո կրկին քո լավագույնն ես անում, այսինքն՝ այն, ինչ ի վիճակի ես անելու հիմա։ Հարցին այս տեսանկյունից նայելով՝ կգաս այն եզրակացության, որ դու Եհովային տալիս ես այն, ինչ տալիս էիր անցյալում։ Անցյալում դու տվել ես նրան քո լավագույնը, և հիմա էլ քո լավագույնն ես տալիս։
Երիտասարդ տարիքում դու Եհովային տվել ես քո լավագույնը և հիմա էլ՝ տարեց հասակում, քո լավագույնն ես տալիս
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
Հարցին մեկ ուրիշ տեսանկյունից նայենք. տարիքդ համարիր ոչ թե սահմանափակում, այլ հնարավորություն։ Լինելով տարեց քրիստոնյա՝ հիմա դու հնարավորություն ունես անելու բաներ, որոնք չէիր կարող անել, երբ երիտասարդ էիր։
Ուրիշների հետ կիսիր փորձդ։ Ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այս արձանագրություններին։
Դավիթ թագավոր. «Երիտասարդությունիցս մինչև ծերություն ես երբևէ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։
Հեսու. «Շուտով ես մահանալու եմ։ Դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Աստված Եհովայի տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեր աչքի առաջ։ Նրա խոսքերից և ոչ մեկը գետին չընկավ» (Հեսու 23։14)։
Հնարավոր է՝ դու էլ ես նման խոսքեր ասել։ Դավթի և Հեսուի խոսքերը հիմնված էին իրենց փորձի վրա։ Եհովայի այս հավատարիմ ծառաները ասացին այն, ինչ տասնամյակներ շարունակ տեսել և լսել էին, ուստի նրանց խոսքերը շատ ազդեցիկ էին։
Եթե երկար տարիներ ծառայում ես Եհովային, դու նույնպես կարող ես քո փորձից պատմել, թե նա ինչպես է վարձատրում իր ծառաներին։ Ակներևաբար կհիշես դեպքեր, երբ տեսել ես, թե ինչպես է Եհովան օրհնել իր ժողովրդին։ Այդ թանկ հուշերի մասին պատմիր ուրիշներին։ Դրանք կարող են ոգևորել նրանց, ինչպես քեզ են ոգևորել։ Հավատակիցներիդ համար դու մեծ քաջալերանքի աղբյուր կլինես, երբ նրանք լսեն Եհովային ծառայելու տարիներին քեզ հետ տեղի ունեցած դեպքերի մասին (Հռոմ. 1։11, 12)։
Ուրիշներին քաջալերելու կերպերից մեկն էլ հնարավորության սահմաններում ժողովներին ֆիզիկապես ներկա լինելն է։ Այդպես օգուտներ կքաղեք թե՛ դու, թե՛ հավատակիցներդ։ Կանին, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Ժողովներին հաճախելը օգնում է, որ չվհատվեմ. ինչպե՞ս կարող եմ վհատվել, երբ Թագավորության սրահում իմ հանդեպ այդքան սեր են դրսևորում։ Փորձում եմ իմ հավատակիցներին երախտագիտությունս հայտնել՝ նրանց փոքրիկ նվերներ տալով և նրանց հետ հոգևոր գործերին մասնակցելով»։
ԵՀՈՎԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Աստվածաշնչում կան բազմաթիվ մարդկանց օրինակներ, ում Եհովան սիրել է, թեպետ նրանք սահմանափակող հանգամանքներ են ունեցել։ Ուշադրություն դարձնենք Սիմեոն անունով մի տարեց իսրայելացու օրինակին, ով դեռ կենդանի էր, երբ Հիսուսը ծնվեց։ Երբ Սիմեոնը գնում էր տաճար, նա հավանաբար տեսնում էր, որ երիտասարդ տղամարդիկ տաճարում կարևոր գործեր են անում։ Իսկ ի՞նքը ինչ էր անում։ Նա կարող էր մտածել, որ զառամյալ տարիքում ինքն այնքան էլ կարևոր չէ Եհովայի համար։ Բայց Եհովան միանգամայն այլ կարծիք ուներ։ Նա Սիմեոնին համարում էր «արդար ու աստվածավախ» մարդ և օրհնեց նրան՝ պատիվ ընձեռելով տեսնելու մանուկ Հիսուսին։ Եհովան նույնիսկ մղեց Սիմեոնին մարգարեանալու, որ Հիսուսն է լինելու Մեսիան (Ղուկ. 2։25-35)։ Հստակ է, որ Եհովան, Սիմեոնին նայելով, տեսնում էր ոչ թե պարզապես մի ծերունու, այլ ամուր հավատի տեր մարդու, ում վրա «սուրբ ոգին ներգործում էր»։
Եհովան օրհնեց Սիմեոնին՝ պատիվ ընձեռելով տեսնելու մանուկ Հիսուսին և մարգարեանալու, որ նա է լինելու Մեսիան
Դու նույնպես կարող ես համոզված լինել, որ Եհովան գնահատում է քո հավատարիմ ծառայությունը՝ չնայած սահմանափակ կարողություններիդ։ Նրա աչքում զոհը հատկապես «հաճելի է», երբ այն տրվում է «ունեցածի սահմաններում, ոչ թե չունեցածի» (2 Կորնթ. 8։12)։
Սա ի մտի ունենալով՝ կենտրոնացիր այն բանի վրա, ինչ կարող ես անել։ Օրինակ՝ ծառայության ո՞ր ձևերին ես դեռևս ի վիճակի մասնակցելու թեկուզ և կարճ ժամանակով։ Կարո՞ղ ես քաջալերել ուրիշներին կարճ հեռախոսազանգով կամ բացիկ նվիրելով։ Սիրո պարզ դրսևորումները կարող են զորեղ ազդեցություն ունենալ հավատակիցների վրա, հատկապես եթե դրանք անում է Եհովային երկար տարիներ ծառայող մեկը։
Ոմանք ֆիզիկական սահմանափակումներ ունեն։ Այս առնչությամբ օգտակար կլինի քննել Արևելյան Աֆրիկայում ապրող քույրերից մեկի օրինակը, որի մասին խոսվում է «Աստվածաշունչը փրկեց նրա կյանքը» շրջանակում։
Հիշիր. քո հավատն ու նվիրվածությունը կարող են ոգևորել ուրիշներին։ Դու դիմացկունության կենդանի օրինակ ես և համոզված եղիր, որ «Աստված անարդար չէ, որ մոռանա քո գործերը և իր անվան հանդեպ քո սերը, որը ցուցաբերել ես՝ ծառայելով սրբերին ու շարունակելով ծառայել մինչև հիմա» (Եբր. 6։10)։
ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱԿՏԻՎ ԵՂԻՐ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ տարեցներ, ովքեր օգնում են ուրիշներին, ավելի առողջ են, սթափ են մտածում և երկար են ապրում։
Ինչ խոսք, բարի գործերը չեն վերացնի ծերության հետ կապված դժվարությունները։ Միայն Աստծու թագավորությունը կանի դա՝ արմատախիլ անելով ծերության ու մահվան իրական պատճառը՝ մեր մեղավոր վիճակը (Հռոմ. 5։12)։
Այնուամենայնիվ, Եհովային ծառայելը, այդ թվում՝ ուրիշներին նրա մասին հայտնելը, ամուր է պահում հույսդ և նույնիսկ դրական կարող է ազդել քո առողջության վրա։ Թանկագի՛ն տարեցներ, խնդրում ենք, համոզված եղեք, որ Եհովան գնահատում է ձեր ծառայությունը, և ժողովի համար թանկ է հավատի ձեր օրինակը։