Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 137
  • Ի՞նչ է նշանակում սուրբ լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է նշանակում սուրբ լինել
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Անկատար մարդը կարո՞ղ է սուրբ լինել
  • Հնարավո՞ր է, որ մարդն այլևս Աստծու աչքին սուրբ չհամարվի
  • Սխալ կարծիքներ սուրբ լինելու վերաբերյալ
  • «Սուրբ եղեք»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ունե՞ս Եհովայի տեսակետը սուրբ բաների վերաբերյալ
    2006 Դիտարան
  • «Ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ»
    2009 Դիտարան
  • «Սուրբ, սուրբ, սուրբ է» Եհովան
    Մոտեցիր Եհովային
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 137
Մովսեսը և այրվող թուփը

Ի՞նչ է նշանակում սուրբ լինել

Աստվածաշնչի պատասխանը

Սուրբ լինել նշանակում է պղծությունից զատված լինել։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն բառը ծագել է մի բառից, որն ունի «առանձնացնել» իմաստը։ Այսպիսով՝ սուրբ բանը առանձնացված է սովորաբար գործածվող բաներից և պահվում է որպես սրբություն հատկապես այն պատճառով, որ մաքուր և անարատ է։

Աստծու սրբությունը անգերազանցելի է։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի նման սուրբ չկա» (1 Սամուել 2։2)։a Ուստի Աստված է իրավամբ սահմանում սրբության չափանիշը։

«Սուրբ» բառը կարող է կիրառվել ցանկացած բանի առնչությամբ, ինչը ուղղակիորեն կապ ունի Աստծու հետ, հատկապես այն բաների, որոնք առանձնացված են բացառապես երկրպագության մեջ գործածվելու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է հետևյալ բաների մասին։

  • Սուրբ վայրեր։ Աստված Մովսեսին, որը կանգնած էր այրվող թփի մոտ, ասաց. «Այն տեղը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է» (Ելք 3։2–5)։

  • Սուրբ իրադարձություններ։ Հին իսրայելացիները Եհովային երկրպագություն էին մատուցում կանոնավորաբար անցկացվող կրոնական տոների ժամանակ, որոնք կոչվում էին «սուրբ հավաքույթներ» (Ղևտական 23։37)։

  • Սուրբ իրեր։ Այն առարկաները, որոնք Երուսաղեմում գտնվող հին տաճարում գործածվում էին Աստծուն մատուցվող երկրպագության մեջ, կոչվում էին «սուրբ իրեր» (1 Թագավորներ 8։4)։ Այդ սուրբ իրերին մարդիկ պետք է մեծ հարգանքով վերաբերվեին, թեև երբեք չպետք է երկրպագեին դրանց։b

Անկատար մարդը կարո՞ղ է սուրբ լինել

Այո՛։ Աստված քրիստոնյաներին հետևյալ պատվերն է տալիս. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (1 Պետրոս 1։16)։ Ինչ խոսք, անկատար մարդիկ երբեք չեն կարող համապատասխանել սրբության վերաբերյալ Աստծու սահմանած կատարյալ չափանիշին։ Այնուամենայնիվ, Աստծու արդար օրենքներին հնազանդվողները կարող են համարվել «սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ Եթե մարդը ձգտում է սրբության, դա ցույց է տալիս իր խոսքերով և գործերով։ Օրինակ՝ նա հետևում է աստվածաշնչյան հետևյալ խորհուրդներին՝ «սրբացվեք, որ հեռու մնաք պոռնկությունից», և «սուրբ եղեք ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3; 1 Պետրոս 1։15)։

Հնարավո՞ր է, որ մարդն այլևս Աստծու աչքին սուրբ չհամարվի

Այո՛։ Եթե ինչ-որ մեկը դադարում է վարքի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշներին հետևելուց, Աստված այլևս նրան սուրբ չի համարում։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գիրքը, որն ուղղված է «սուրբ եղբայրներին», զգուշացնում է, որ «կենդանի Աստծուց հեռանալով»՝ նրանք կարող են «չար ու անհավատ սիրտ զարգացնել» (Եբրայեցիներ 3։1, 12)։

Սխալ կարծիքներ սուրբ լինելու վերաբերյալ

Սխալ կարծիք։ Սրբության կարելի է հասնել՝ ապրելով ինքնամերժ կյանքով։

Փաստ։ Աստվածաշունչը հայտնում է, որ «մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքը», այսինքն՝ ճգնավորությունը, «ոչ մի արժեք չունի» Աստծու համար (Կողոսացիներ 2։23)։ Ընդհակառակը՝ Աստված ուզում է, որ մենք վայելենք կյանքի բարիքները։ «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։

Սխալ կարծիք։ Կուսակրոնությունը մարդուն ավելի սուրբ է դարձնում։

Փաստ։ Քրիստոնյան կարող է որոշել չամուսնանալ։ Սակայն կուսակրոնությունն ինքնին անհատին սուրբ չի դարձնում Աստծու աչքում։ Ինչ խոսք, նրանք, ովքեր ամուրի են մնում, կարող են լիովին կենտրոնանալ Աստծուն երկրպագելու վրա (1 Կորնթացիներ 7։32–34)։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ամուսնացածները նույնպես կարող են սուրբ լինել։ Փաստն այն է, որ Հիսուսի առաքյալներից առնվազն մեկը՝ Պետրոսը, ամուսնացած էր (Մատթեոս 8։14; 1 Կորնթացիներ 9։5)։

Որտեղի՞ց է ծագել «Սուրբ Գիրք» արտահայտությունը

Դարեր շարունակ Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ գրված գրքերի ամբողջական հավաքածուն կոչվել է «Սուրբ Գիրք» հետևյալ պատճառներով։

  • Ծագումը։ «Մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։

  • Բովանդակությունը։ «Եհովայի պատվիրանը մաքուր է, լույս է տալիս աչքերին։ Եհովայի հանդեպ վախը մաքուր է, մնում է հավիտյան» (Սաղմոս 19։8, 9)։

Այսպիսով՝ Աստվածաշունչը կարող է սուրբ համարվել։ Այն առանձնացված է այլ գրվածքներից, քանի որ ունի մաքուր բովանդակություն և գործածվում է երկրպագության մեջ։

a «Եհովան» Աստծու անունն է։ Աստվածաշնչյան հարյուրավոր համարներում նրա անունը գործածված է «սուրբ» և «սրբություն» բառերի հետ։

b Աստվածաշունչը դատապարտում է կրոնական մասունքների երկրպագությունը (1 Կորնթացիներ 10:14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը