ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28
Աստվածավախությունը օգուտներ է բերում
«Իր ուղղամտությամբ քայլողը վախենում է Եհովայից» (ԱՌԱԿ. 14։2)։
ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. Ղովտի նման՝ քրիստոնյաները ի՞նչ դժվարության են բախվում այսօր։
ՏԵՍՆԵԼՈՎ, թե բարոյական ինչ չափանիշներով է առաջնորդվում աշխարհը՝ մենք նույն զգացումներն ունենք, ինչ արդար Ղովտը։ Նա գիտեր, որ մեր երկնային Հայրը ատում է սխալ վարքը, ուստի «սաստիկ ընկճվել էր այն պատճառով, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին» (2 Պետ. 2։7, 8)։ Աստծու հանդեպ ունեցած սերն ու խոր հարգանքը մղեցին Ղովտին մերժելու իր շրջապատի մարդկանց ցածր բարոյական արժեքները։ Այսօր մենք նույնպես շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր Եհովայի բարոյական չափանիշների հանդեպ քիչ հարգանք ունեն կամ ընդհանրապես չունեն։ Չնայած դրան՝ մենք կարող ենք բարոյապես մաքուր մնալ, եթե շարունակենք սիրել Եհովային և առողջ վախ զարգացնենք նրա հանդեպ (Առակ. 14։2)։
2 Այդ հարցում մեզ օգնելու համար Եհովան «Առակներ» գրքում գրել է տվել մի շարք քաջալերական և գործերի մղող խորհուրդներ։ Բոլոր քրիստոնյաները, անկախ նրանից տղամարդ են, թե կին, երիտասարդ են, թե տարեց, կարող են օգուտներ քաղել այդ իմաստուն խորհուրդներից։
ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՎԱԽԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Աշխատավայրում մենք պետք է զգույշ լինենք, որ չմտերմանանք նրանց հետ, ովքեր սեր ու հարգանք չունեն Եհովայի հանդեպ, և մերժենք այնպիսի հրավերները, որոնք ընդունելով կտխրեցնենք Եհովային (տես պարբերություն 3)
3. Առակներ 17։3-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է պաշտպանենք մեր այլաբանական սիրտը (տես նաև նկարը)։
3 Մեր այլաբանական սիրտը պաշտպանելու կարևոր պատճառներից մեկն այն է, որ Եհովան քննում է այն։ Դա նշանակում է, որ նա տեսնում է ավելին, քան կարող է տեսնել մարդը, և գիտի, թե իրականում ինչպիսի անձնավորություն ենք մենք ներքուստ (կարդա Առակներ 17։3)։ Մենք կունենանք Եհովայի հավանությունը, եթե մեր միտքը սնենք նրա կենարար իմաստությամբ (Հովհ. 4։14)։ Այդպիսով պաշտպանված կլինենք Սատանայից ու նրա չար աշխարհից, որոնք կարող են բարոյական և հոգևոր առումով թունավորել մեզ (1 Հովհ. 5։18, 19)։ Եհովայի հետ մտերմանալով՝ մենք կսկսենք ավելի շատ սիրել ու հարգել նրան։ Ուստի չենք ցանկանա տխրեցնել մեր երկնային Հորը, և մեղք գործելու միտքն անգամ ատելի կլինի մեզ համար։ Երբ սխալ անելու գայթակղության առաջ կանգնենք, կմտածենք հետևյալ հարցի շուրջ. «Մի՞թե կարող եմ գիտակցաբար ցավ պատճառել մեկին, ով այդքան մեծ սեր է դրսևորել իմ հանդեպ» (1 Հովհ. 4։9, 10)։
4. Եհովայի հանդեպ վախը ինչպե՞ս պաշտպանություն եղավ մի քրոջ համար։
4 Խորվաթիայում ապրող Մարթա անունով մի քույր, ով անբարոյություն գործելու գայթակղության առաջ էր կանգնել, հետևյալն է գրել. «Ինձ համար դժվար էր սթափ դատել և դիմադրել մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու գայթակղությանը։ Բայց Եհովայի հանդեպ վախը պաշտպանություն եղավ ինձ համար»։b Ինչպե՞ս աստվածավախությունը պաշտպանեց Մարթային։ Քույրն ասում է, որ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե սխալ որոշում կայացնի։ Մենք էլ կարող ենք մտածել հետևանքների մասին։ Քրիստոնյայի համար սխալ որոշման ամենավատ հետևանքն այն է, որ այդպիսով նա ցավ կպատճառի Եհովային և կվտանգի նրան հավիտյան պաշտելու իր հեռանկարը (Ծննդ. 6։5, 6)։
5. Ի՞նչ ենք սովորում Լեոյի օրինակից։
5 Եթե վախենանք Եհովայից, զգույշ կլինենք, որ չընկերանանք նրանց հետ, ովքեր վատ գործեր են անում։ Լեոն, ով ապրում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, իր դառը փորձով է համոզվել դրանում։ Մկրտությունից չորս տարի անց Լեոն վատ շրջապատ ընկավ։ Նա մտածում էր, որ քանի դեռ անձամբ վատ գործեր չի անում, մեղք չի գործում։ Շուտով, սակայն, վատ ընկերակցության պատճառով նա սկսեց չարաշահել ալկոհոլը և անբարոյություն գործել։ Որոշ ժամանակ անց Լեոն մտածեց այն ամենի մասին, ինչ իր քրիստոնյա ծնողները սովորեցրել էին իրեն, և թե որքան երջանիկ էր, երբ ծառայում էր Եհովային։ Արդյունքում Լեոն սթափվեց և երեցների օգնությամբ վերադարձավ Եհովայի մոտ։ Այսօր նա շատ երջանիկ է և ծառայում է որպես երեց ու հատուկ ռահվիրա։
6. Ի՞նչ երկու այլաբանական կանանց մասին ենք խոսելու։
6 Այժմ քննենք Առակներ 9-րդ գլուխը, որտեղ կարդում ենք երկու այլաբանական կանանց մասին՝ իմաստության և հիմարության (համեմատիր Հռոմեացիներ 5։14; Գաղատացիներ 4։24)։ Մինչ կուսումնասիրենք աստվածաշնչյան այս հատվածը, հիշիր, որ Սատանայի աշխարհը տարված է անբարոյության և պոռնոգրաֆիայի մոլուցքով (Եփես. 4։19)։ Ուստի անչափ կարևոր է, որ շարունակենք աստվածավախություն զարգացնել և հեռու մնանք չարից (Առակ. 16։6)։ Դրա համար էլ բոլորս՝ լինենք կին, թե տղամարդ, կարող ենք օգուտներ քաղել Առակներ 9-րդ գլխի քննարկումից։ Այլաբանական կանանցից յուրաքանչյուրը անփորձներին, այսինքն՝ «խոհեմ սիրտ չունեցողներին», ասես հետևյալ հրավերն է ուղղում. «Համեցե՛ք իմ տուն ճաշկերույթի» (Առակ. 9։1, 5, 6, 13, 16, 17)։ Այս հրավերներից յուրաքանչյուրն ընդունելու հետևանքները մեծապես տարբերվում են իրարից։
ՄԵՐԺԻՐ ՀԻՄԱՐ ԿՆՈՋ ՀՐԱՎԵՐԸ
«Հիմար կնոջ» հրավերն ընդունելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ (տես պարբերություն 7)
7. Առակներ 9։13-18 համարների համաձայն՝ ի՞նչ է պատահում նրանց, ովքեր ընդունում են «հիմար կնոջ» հրավերը (տես նաև նկարը)։
7 Տեսնենք, թե ինչ հրավեր է ուղղում «հիմար կինը» (կարդա Առակներ 9։13-18)։ Նա անամոթաբար հրավիրում է խոհեմ սիրտ չունեցողներին իր տուն մտնել և մասնակցել խնջույքի։ Ի՞նչ է պատահում այս հրավերն ընդունողներին։ Կարդում ենք. «Այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի ցածր տեղերում են»։ Թերևս միտքդ եկավ «Առակներ» գրքում նշված մեկ այլ համեմատություն։ Այն զգուշացնում է մեզ, որ հեռու մնանք «օտար կնոջից» և «օտարական», այսինքն՝ անբարո կնոջից։ Կարդում ենք. «Նրա տունը մահվան մեջ է խորտակվում» (Առակ. 2։11-19)։ Իսկ Առակներ 5։3-10 համարներում նախազգուշացում է տրվում մեկ այլ «օտար կնոջ» մասին, ում «ոտքերը դեպի մահ են իջնում»։
8. Ի՞նչ որոշում պետք է կայացնենք։
8 «Հիմար կնոջ» հրավերը լսողները պետք է որոշում կայացնեն՝ ընդունել այն, թե մերժել։ Հնարավոր է՝ մենք էլ կանգնենք նմանատիպ ընտրության առաջ։ Օրինակ՝ ի՞նչ որոշում կկայացնես, եթե ինչ-որ մեկը փորձի դրդել քեզ անբարոյության, կամ աչքովդ հանկարծակի պոռնկագրական պատկերներ ընկնեն։
9-10. Նշիր մի քանի պատճառ, թե ինչու պետք է մերժենք սեռական անբարոյությունը։
9 Մենք հիմնավոր պատճառներ ունենք մերժելու անբարո վարքը։ «Առակներ» գրքում նկարագրված «հիմար կինն» ասում է. «Գողացված ջրերը քաղցր են»։ Ի՞նչ «գողացված ջրերի» մասին է խոսքը։ Աստվածաշունչը ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունները համեմատում է թարմացնող ջրի հետ (Առակ. 5։15-18)։ Այսինքն՝ օրինականապես ամուսնացած տղամարդն ու կինը կարող են բավականություն ստանալ սեռական հարաբերությունների պատշաճ ու մաքուր ձևերից։ Որքա՜ն է դա տարբերվում «գողացված ջրերից», որոնք կարող են վերաբերել ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին։ Մարդիկ հաճախ դա անում են թաքուն, ինչպես որ գողերն են գաղտնաբար գործում։ «Գողացված ջրերը» հատկապես քաղցր կարող են թվալ նրանց, ովքեր կարծում են, թե իրենց արածը չի բացահայտվի։ Ինչպիսի՜ մոլորություն. չէ՞ որ Եհովան ամեն ինչ տեսնում է։ Աստծու հավանությունը կորցնելը ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Այդ ողբերգության մեջ ոչ մի «քաղցր» բան չկա (1 Կորնթ. 6։9, 10)։ Բայց սա դեռ ամենը չէ։
10 Սեռական անբարոյության դառը հետևանքներից են նաև ամոթը, թերարժեքության զգացումը, անցանկալի հղիությունները և քանդված ընտանիքները։ Անբարո մարդկանցից շատերը ոչ միայն հոգևորապես են մահանում, այլև ձեռք են բերում այնպիսի հիվանդություններ, որոնք վաղաժամ մահվան պատճառ են դառնում (Առակ. 7։23, 26)։ Առակներ 9-րդ գլուխը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի ցածր տեղերում են»։ Իրոք որ, իմաստուն է հրաժարվել հիմար կնոջ «տուն» մտնելուց և նրա խնջույքին մասնակցելուց։ Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը ընդունում նրա մոլորեցնող հրավերը, որը տանում է կործանման (Առակ. 9։13-18)։
11. Պոռնկագրություն դիտելը ինչո՞ւ է ծայրաստիճան վնասակար։
11 Տարածված ծուղակներից մեկն էլ պոռնկագրությունն է։ Ոմանք կարծում են, թե այն անվնաս զբաղմունք է։ Իրականում, սակայն, պոռնկագրությունը վնասակար, ապականիչ ազդեցություն ունի և կախվածություն է առաջացնում։ Անբարո պատկերները դաջվում են մարդու մտքում, և հետո շատ դժվար է լինում ազատվել դրանցից։ Իսկ որ ավելի վատ է, պոռնկագրությունը ոչ թե սպանում է սխալ ցանկությունները, այլ բորբոքում է դրանք (Կող. 3։5; Հակ. 1։14, 15)։ Իրականում, պոռնկագրություն դիտող մարդկանցից շատերը ի վերջո անբարոյություն են գործում։
12. Ինչպե՞ս կարող ենք զգուշություն ցուցաբերել անբարո ցանկություններ արթնացնող նկարների առնչությամբ։
12 Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե մեր էլեկտրոնային սարքի վրա պատահաբար պոռնկագրական պատկեր հայտնվի։ Մենք պետք է անմիջապես հեռացնենք մեր հայացքը դրանից։ Դա անելը դժվար չի լինի, եթե հիշենք, որ մեր ունեցած ամենաթանկ բանը Եհովայի հետ մտերմությունն է։ Հարկավոր է նաև ի մտի ունենալ, որ կան նկարներ, որոնք թեև պոռնկագրական չեն համարվում, բայց կարող են մեր մեջ անբարո ցանկություններ արթնացնել։ Մենք չպետք է այդպիսի նկարներ դիտենք, քանի որ չենք ցանկանում անգամ մեկ քայլով մոտենալ մեր սրտում շնություն գործելու սահմանին (Մատթ. 5։28, 29)։ Թաիլանդում ապրող Դեյվիդ անունով մի երեց ասում է. «Ես ինքս ինձ հարցնում եմ. «Նույնիսկ եթե այդ նկարները պոռնկագրական բնույթի չեն, մի՞թե կհաճեցնեմ Եհովային, եթե շարունակեմ նայել դրանք»։ Այսպես մտածելն օգնում է, որ իմաստնորեն վարվեմ»։
13. Ի՞նչն է օգնում մեզ իմաստնորեն վարվել։
13 Եհովային տհաճեցնելու վախը օգնում է մեզ իմաստնորեն վարվել։ Աստվածավախությունը «իմաստության սկիզբն է», կամ՝ հիմքը (Առակ. 9։10)։ Դա հստակ երևում է Առակներ 9-րդ գլխի առաջին համարներից։ Դրանք խոսում են «ճշմարիտ իմաստության» մասին, որը բնագիր տեքստում նույնպես ներկայացվում է այլաբանական կնոջ կերպարով։
ԸՆԴՈՒՆԻՐ «ՃՇՄԱՐԻՏ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՎԵՐԸ
14. Ի՞նչ հրավերի մասին ենք կարդում Առակներ 9։1-6 համարներում, որը խիստ տարբերվում է նախորդ հրավերից։
14 Կարդա Առակներ 9։1-6։ Այստեղ կարդում ենք մի հրավերի մասին, որը գալիս է մեր իմաստուն Արարչից, ով ճշմարիտ իմաստության Աղբյուրն է ու Հիմնադիրը (Առակ. 2։6; Հռոմ. 16։27)։ Նկարագրության մեջ խոսվում է մի մեծ տան մասին, որը կանգնած է յոթ սյուների վրա։ Դա ցույց է տալիս, որ Եհովան առատաձեռն է և հրավեր է ուղղում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց կյանքում առաջնորդվել նրա տված իմաստությամբ։
15. Ի՞նչ հրավեր է Աստված ուղղում մեզ։
15 Եհովան առատաձեռն Աստված է և իր ստեղծագործություններին առատորեն ապահովում է ամեն անհրաժեշտ բանով։ Նրա այս հատկությունները արտացոլված են «ճշմարիտ իմաստության»c մեջ, որը Առակներ 9-րդ գլխում նկարագրվում է որպես «կին»։ Կարդում ենք, որ այս այլաբանական կինը մսով համեղ կերակրատեսակներ է պատրաստել, խառնել է իր գինին և ճոխ սեղան է գցել իր տանը (Առակ. 9։2)։ Իսկ 4-րդ և 5-րդ համարներում կարդում ենք. «[Անձնավորված իմաստությունը] խոհեմ սիրտ չունեցողներին ասաց. «Եկեք, կերեք իմ հացը»»։ Իսկ ինչո՞ւ պետք է մտնենք «ճշմարիտ իմաստության» տուն և ուտենք նրա պատրաստածը։ Քանի որ Եհովան ցանկանում է, որ իր զավակները լինեն իմաստուն և ապահովության մեջ բնակվեն։ Նա չի ուզում, որ մեր դառը փորձով կյանքից դասեր քաղենք և շարունակ տանջվենք ափսոսանքի զգացումից։ Ահա թե ինչու է ասվում, որ «ուղղամիտների համար նա իմաստություն կպահի» (Առակ. 2։7)։ Եթե առողջ վախ ունենանք Եհովայի հանդեպ, կցանկանանք հաճեցնել նրան։ Մենք կլսենք նրա իմաստուն խորհուրդները և ուրախությամբ կկիրառենք դրանք (Հակ. 1։25)։
16. Աստվածավախությունն ինչպե՞ս օգնեց Ալենին իմաստուն որոշում կայացնել, և ի՞նչ եղավ արդյունքում։
16 Տեսնենք, թե աստվածավախությունն ինչպես օգնեց Ալեն անունով մի երեցի իմաստուն որոշում կայացնել։ Ալենը դպրոցում ուսուցիչ է։ Նա ասում է. «Իմ աշխատակիցներից շատերը պոռնկագրական ֆիլմեր դիտելը համարում էին սեռական կրթության մի ձև»։ Բայց Ալենը գիտեր, որ դա այդպես չէ։ Նա շարունակում է. «Աստվածավախության շնորհիվ ես կտրականապես հրաժարվեցի դիտել նման ֆիլմեր։ Աշխատակիցներիս էլ բացատրեցի, թե ինչու եմ այդպես վարվում»։ Ալենը կիրառում էր «ճշմարիտ իմաստությունից» եկող խորհուրդը և «ուղիղ քայլում հասկացողության ճանապարհով» (Առակ. 9։6)։ Տեսնելով եղբոր վճռականությունը՝ նրա աշխատակիցներից մի քանիսը այնքան տպավորվեցին, որ այժմ Աստվածաշունչ են ուսումնասիրում և հաճախում են ժողովի հանդիպումներին։
«Ճշմարիտ իմաստության» հրավերն ընդունելը մեզ հավիտենական կյանքի կառաջնորդի (տես պարբերություն 17-18)
17-18. Ի՞նչ օրհնություններ են այսօր վայելում նրանք, ովքեր ընդունում են «ճշմարիտ իմաստության» հրավերը, և ի՞նչ է նրանց սպասում ապագայում (տես նաև նկարը)։
17 Այս երկու այլաբանական կանանց օրինակներով Եհովան ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք երջանիկ ապագայի հիմք դնել։ Նրանք, ովքեր ընդունում են աղմկոտ և «հիմար կնոջ» հրավերը, տարվում են անբարո հաճույքներով։ Նրանք ապրում են տվյալ պահով՝ առանց մտածելու ապագայի մասին։ Նրանց վերջը «գերեզմանի ցածր տեղերում է» (Առակ. 9։13, 17, 18)։
18 Պարագան բոլորովին այլ է նրանց դեպքում, ովքեր ընդունում են «ճշմարիտ իմաստության» հրավերը։ Նրա հյուրերը մասնակցում են լավ կազմակերպված մի ճոխ խնջույքի, որտեղ վայելում են հոգևոր առատ ու սննդարար կերակուրներ (Ես. 65։13)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասում է. «Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք։ Թող ձեր հոգին ընտիր կերակուր վայելի» (Ես. 55։1, 2)։ Մենք սովորում ենք սիրել այն, ինչ Եհովան է սիրում և ատել այն, ինչ նա է ատում (Սաղ. 97։10)։ Եվ մեզ մեծ բավականություն է պատճառում այն, որ մյուսներին էլ ենք հրավիրում օգտվելու «ճշմարիտ իմաստությունից»։ Մենք ասես «քաղաքի բարձունքների գլուխներից կանչում ենք. «Ով անփորձ է, թող այս կողմ շրջվի»»։ Բոլոր նրանք, ովքեր կընդունեն «ճշմարիտ իմաստության» հրավերը, կօրհնվեն ոչ միայն այսօր, այլ նաև ապագայում՝ ապրելով հավիտյան և «ուղիղ քայլելով հասկացողության ճանապարհով» (Առակ. 9։3, 4, 6)։
19. Ժողովող 12։13, 14 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է վճռենք անել (տես նաև «Ի՞նչ օգուտներ է բերում աստվածավախությունը» շրջանակը)։
19 Կարդա Ժողովող 12։13, 14։ Թող որ աստվածավախությունը շարունակի պաշտպանել մեր սիրտը և այս վերջին չար օրերում օգնի մեզ բարոյապես ու հոգևորապես մաքուր մնալ։ Այդ առողջ վախը կմղի մեզ, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրենք փնտրելու «ճշմարիտ իմաստությունը» և օգուտներ քաղելու դրանից։
ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ
a Ճշմարիտ քրիստոնյաները ձգտում են առողջ վախ զարգացնել Աստծու հանդեպ։ Նման վախը կարող է պաշտպանել քրիստոնյայի սիրտը և օգնել նրան հեռու մնալ անբարոյությունից և պոռնկագրությունից։ Հոդվածում կքննենք Առակներ 9-րդ գլուխը, որում խոսվում է երկու այլաբանական կանանց մասին։ Նրանցից մեկը ներկայացնում է հիմարությունը, իսկ մյուսը՝ ճշմարիտ իմաստությունը։ Կիրառելով այս գլխում նշված խորհուրդները՝ մենք հարատև օգուտներ կքաղենք։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Եբրայերենում «իմաստությունը» իգական սեռի բառ է և ներկայացված է որպես այլաբանական կին։