Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 28–էջ 31
  • Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 1)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 1)
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նախաջրհեղեղյան աշխարհը
  • (Ծննդոց 1։1–7։24)
  • Մարդկությունը նոր դարաշրջան է մտնում
  • (Ծննդոց 8։1–11։9)
  • Աստծո Խոսքը զորավոր է
  • Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»
    2013 Դիտարան
  • Նոյի հավատը դատապարտում է աշխարհը
    2001 Դիտարան
  • Ինչու Նոյն արժանացավ Աստծու հաճությանը. ինչու դա պետք է հետաքրքրի մեզ
    2008 Դիտարան
  • Նոյի նավամատյանը. նշանակություն ունի՞ մեզ համար
    2003 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 1/1 էջ 28–էջ 31

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 1)

«ԾՆՆԴՈՑ» գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է տիեզերքի սկիզբը դրվել, ինչպես է երկիրը պատրաստվել մարդկային բնակության համար, և թե ինչպես է մարդը սկսել ապրել այնտեղ։ Մովսեսն այս գիրքը գրեց Սինա անապատում, և այն ամբողջացվեց հավանաբար մ.թ.ա. 1513 թ.–ին։

«Ծննդոց» գիրքը պատմում է նախաջրհեղեղյան աշխարհի մասին, նաև թե ինչ պատահեց հետջրհեղեղյան դարաշրջանը սկսվելուց հետո, և թե ինչ հարաբերություններ ուներ Եհովա Աստված Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու Հովսեփի հետ։ Այս հոդվածում կքննարկվեն ուշագրավ մտքեր Ծննդոց 1։1–11։9-ից մինչև այն ժամանակները, երբ Եհովան սկսեց հարաբերություններ հաստատել Աբրահամ նահապետի հետ։

Նախաջրհեղեղյան աշխարհը

(Ծննդոց 1։1–7։24)

«Ծննդոցի» առաջին բառը՝ «սկզբումն», վերաբերում է մեզանից միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցածին։ Այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել վեց արարչագործական «օրերի», այսինքն՝ հատուկ արարչագործական ժամանակահատվածների ընթացքում, նկարագրված են կարծես թե ականատեսի կողմից։ Վեցերորդ օրվա վերջում Աստված ստեղծեց մարդուն։ Շուտով մարդն իր անհնազանդության պատճառով կորցնում է Դրախտը, բայց Եհովան հույս է թողնում ապագա սերունդների համար։ Աստվածաշնչի հենց առաջին մարգարեությունը խոսում է «սերունդի» մասին, որն ի չիք կդարձնի մեղքի հետևանքները ու կջախջախի Սատանայի գլուխը։

Հաջորդ 16 դարերի ընթացքում Սատանային հաջողվում է ամբողջ մարդկությանը շեղել Աստծուց, բացի մի քանի հավատարիմներից, որոնցից են՝ Աբելը, Ենովքը, Նոյը։ Օրինակ՝ Կայենը սպանում է իր արդար եղբորը՝ Աբելին։ «Սկս[վում է] Եհովայի անունը կանչ[վ]ելը», ակներևաբար՝ անհարգալից ձևով։ Ղամեքը, իր օրերում տիրող բռնության ոգուն համապատասխան, մի բանաստեղծություն է հորինում այն մասին, թե ինչպես է իբրև թե ինքնապաշտպանության նպատակով սպանել մի երիտասարդի։ Պայմաններն է՛լ ավելի են վատանում, երբ Աստծո որդիները՝ հրեշտակները, ամուսնանում են կանանց հետ ու ծնունդ տալիս դաժանաբարո հսկաների։ Չնայած դրան՝ հավատարիմ Նոյը կառուցում է տապանը, խիզախորեն զգուշացնում վերահաս Ջրհեղեղի մասին և ընտանիքով խուսափում կործանումից։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

1։​16 — Ինչպե՞ս կարող էր Աստված լույսը առաջ բերել առաջին օրը, եթե լուսատուները միայն չորրորդ օրը ստեղծվեցին։ 16–րդ համարում «շինեց» թարգմանված եբրայերեն բառը նույնը չէ, ինչ Ծննդոց 1։1, 21, 27 համարներում «ստեղծեց» բառով թարգմանված եբրայերեն բառը։ «Երկինքը», որի մեջ մտնում էին լուսատուները, ստեղծվել էին դեռ շատ վաղուց, նույնիսկ նախքան «առաջին օրը» կսկսվեր։ Սակայն նրանց լույսը չէր հասնում երկրագնդի մակերեսին։ Առաջին օրը «լոյս եղաւ», քանի որ ցրված լույսը թափանցեց ամպերի շերտերը ու տեսանելի դարձավ երկրի վրա։ Այսպես պտտվող երկրագնդի վրա սկսեցին երևան գալ իրար հաջորդող ցերեկն ու գիշերը (Ծննդոց 1։1–3, 5)։ Այդ լույսի աղբյուրները դեռևս մնում են երկրից անտեսանելի։ Բայց չորրորդ արարչագործական օրը ուշագրավ փոփոխություն տեղի ունեցավ։ Արեգակը, լուսինը և աստղերը սկսեցին «երկրի վերայ լոյս տա[լ]» (Ծննդոց 1։17)։ Աստված «շինեց» նրանց այն իմաստով, որ նրանք այժմ կարող էին տեսանելի լինել երկրից։

3։8 — Եհովան անձա՞մբ խոսեց Ադամի հետ։ Աստվածաշունչը հայտնում է, որ երբ Աստված խոսել է մարդկանց հետ, նա դա հաճախ արել է հրեշտակի միջոցով (Ծննդոց 16։7–11; 18։1–3, 22–26; 19։1; Դատաւորաց 2։1–4; 6։11–16, 22; 13։15–22)։ Աստծո գլխավոր խոսնակը իր միածին Որդին էր՝ «Բանը» (Յովհաննէս 1։1)։ Շատ հավանական է, որ Աստված Ադամի ու Եվայի հետ խոսեց ‘Բանի’ միջոցով (Ծննդոց 1։26–28; 2։16; 3։8–13)։

3։​17 — Ի՞նչ իմաստով երկիրը անիծվեց, և այդ անեծքի ազդեցությունը որքա՞ն տևեց։ Երկիրն անիծվեց այն իմաստով, որ հող մշակելն այսուհետ շատ դժվար էր լինելու։ Երկիրը փուշ ու տատասկ բուսցրեց, և այդ անեծքի հետևանքներն այնքան ծանր էին Ադամի հետնորդների համար, որ Նոյի հայր Ղամեքը հետևյալ միտքն արտահայտեց. «Մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց» (Ծննդոց 5։29)։ Ջրհեղեղից հետո Եհովան օրհնեց Նոյին ու նրա որդիներին՝ հայտնելով նրանց իր նպատակը, այն է՝ «լցրէք երկիրը» (Ծննդոց 9։1)։ Ինչպես երևում է, Աստված չեղյալ էր համարել երկրի վերաբերյալ իր տված անեծքը (Ծննդոց 13։10)։

4։​15 — Ինչպե՞ս Եհովան «մի նշան դրաւ Կայէնի վերայ»։ Աստվածաշնչի եբրայերեն բնագրում չի ասվում, թե անձամբ Կայենի վրա մի ինչ–​որ ձևով նշան է դրվել։ Նշանը, հավանաբար, մի խիստ կարգադրություն էր, որն արգելում էր սպանության վրեժ լուծել նրանից, և դրան բոլորը տեղյակ էին ու հետևում էին։

4։​17 — Որտեղի՞ց Կայենը կին գտավ իր համար։ Ադամը «տղերք եւ աղջկերք ծնեց» (Ծննդոց 5։4)։ Ուստի Կայենը կին վերցրեց իր քույրերից մեկին կամ գուցե իր քրոջ կամ եղբոր աղջիկներից մեկին։ Հետագայում Աստծո օրենքը թույլ չէր տալիս իսրայելացիներին ամուսնանալ հարազատ եղբոր կամ քրոջ հետ (Ղեւտացոց 18։9)։

5։​24 — Ի՞նչ իմաստով Աստված ‘առավ Ենովքին’։ Ենովքին ակներևաբար մահացու վտանգ էր սպառնում, և Աստված թույլ չտվեց, որ թշնամիները տանջեն նրան։ «Ենովքը փոխուեցաւ [«փոխադրուեցաւ», ԱԱ] որ մահ չ’տեսնէ»,— գրեց Պողոս առաքյալը (Եբրայեցիս 11։5)։ Սա չի նշանակում, թե Աստված նրան երկինք տարավ, որտեղ նա շարունակեց ապրել։ Հիսուսն էր առաջինը, որ բարձրացավ երկինք (Յովհաննէս 3։13; Եբրայեցիս 6։19, 20)։ Ենովքի ‘փոխադրվելը, որպեսզի մահ չտեսնի’, կարող էր նշանակել, որ Աստված նրան մարգարեական հափշտակության մեջ գցեց, և մինչ Ենովքն այդ վիճակում էր, Աստված վերցրեց նրա կյանքը։ Այսպիսով Ենովքը չսպանվեց՝ ‘մահ չտեսավ’ իր թշնամիների կողմից։

6։6 — Ի՞նչ իմաստով կարելի է ասել, որ Եհովան «զղջաց», որ մարդ էր ստեղծել։ Այստեղ «զղջաց» թարգմանված եբրայերեն բառը վերաբերում է տրամադրվածության կամ մտադրության փոփոխության։ Եհովան կատարյալ է և հետևաբար չի սխալվել մարդ ստեղծելով։ Բայց ինչ վերաբերում է նախաջրհեղեղյան ամբարիշտ սերնդին, նա փոխեց իր տրամադրվածությունը նրա հանդեպ։ Աստված մարդկանց Արարիչը լինելուց փոխվեց ու դարձավ նրանց կործանողը, քանի որ նրանք, ամբարշտություն գործելով, հարուցում էին նրա դժգոհությունը։ Այն փաստը, որ նա խնայեց ոմանց, ցույց է տալիս, որ Աստծո զղջալը վերաբերում էր միայն նրանց, ովքեր ամբարիշտ էին դարձել (Բ Պետրոս 2։5 ԱՆԹ, 9)։

7։2 — Ի՞նչն էր հիմք ծառայում որոշելու համար, թե ո՛ր կենդանին էր մաքուր և ո՛րը՝ անմաքուր։ Դրա համար ակներևաբար հիմք էր ծառայում տվյալ կենդանու օգտագործվել–​չօգտագործվելը զոհաբերություններում և ոչ թե նրա միսը ուտել–​չուտելը։ Ջրհեղեղից առաջ մարդիկ չէին ուտում կենդանու միս։ «Մաքուր» և «անմաքուր» հասկացությունները սննդի հետ կապված սկսեցին գործածվել միայն Մովսիսական օրենքի երևան գալով, և դրանք վերացան այդ Օրենքի ‘խափանումով’ (Գործք 10։9–16; Եփեսացիս 2։15)։ Ըստ ամենայնի, Նոյը գիտեր, թե Եհովային մատուցվող երկրպագության մեջ ո՛ր զոհաբերությունն էր պատշաճ։ Տապանից դուրս գալով՝ նա «մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց» (Ծննդոց 8։20)։

7։​11 — Որտեղի՞ց առաջ եկան համաշխարհային Ջրհեղեղի ջրերը։ Երկրորդ արարչագործական ժամանակահատվածում, կամ՝ ‘օրում’, երբ ձևավորվեց երկրագնդի մթնոլորտը՝ «հաստատութիւնը», կային ինչպես «հաստատութեան տակի ջրեր», այնպես էլ «հաստատութեան վերայ եղող ջրեր» (Ծննդոց 1։6, 7)։ «Հաստատութեան տակի ջրերը» երկրագնդի վրա արդեն գոյություն ունեցող ջրերն էին։ Իսկ «հաստատութեան վերայ եղող ջրեր[ը]» այն վիթխարի ջրային զանգվածներն էին, որոնք գտնվում էին երկրից շատ բարձր և կազմում էին ‘մեծ անդունդի աղբյուրները’։ Այս ջրերը Նոյի օրերում թափվեցին երկրի վրա։

Դասեր մեզ համար

1։​26. Ստեղծված լինելով Աստծո պատկերով՝ մարդիկ ունեն կարողություն արտացոլելու Աստծո հատկությունները։ Անշուշտ, մենք պետք է ջանանք մեր մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, գթություն, քաղցրություն, բարություն և համբերություն՝ դրանով իսկ նմանվելով Նրան, ով մեզ ստեղծել է։

2։​22–​24. Ամուսնությունը Աստծո կառույցն է։ Ամուսնական կապը մշտական է, սուրբ է։ Ընտանիքի գլուխը տղամարդն է։

3։​1–5, 16–​23. Մեր երջանկությունը կախված է այն բանից, թե արդյոք մեր անձնական կյանքում կընդունենք Եհովայի գերիշխանությունը, թե՝ ոչ։

3։​18, 19; 5։5; 6։7; 7։​23. Եհովայի ասածը միշտ կատարվում է։

4։​3–7. Եհովան ընդունեց Աբելի զոհաբերությունը, քանի որ նա արդար, հավատ ունեցող մարդ էր (Եբրայեցիս 11։4)։ Բայց Կայենը, ինչպես նրա կատարած քայլերը ցույց տվեցին, չուներ հավատ։ Նրա գործերը չար էին, և նա աչքի ընկավ նախանձով, ատելությամբ, սպանություն կատարելով (Ա Յովհաննէս 3։12)։ Բացի այդ, հավանաբար, նրա համար շատ քիչ նշանակություն ուներ իր մատուցած ընծան, և նա դա արեց զուտ ձևականորեն։ Չպե՞տք է արդյոք մեր գովաբանության զոհերը Եհովային սրտանց մատուցենք, որոնց ուղեկցում են մեր ճիշտ մտայնությունն ու վարքը։

6։​22. Թեև Նոյից երկար տարիներ պահանջվեցին կառուցելու համար տապանը, նա արեց այն, ինչ Աստված պատվիրել էր։ Ուստի Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին Ջրհեղեղից։ Եհովան մեզ հետ խոսում է իր գրավոր Խոսքի միջոցով ու մեզ առաջնորդություն է տալիս իր կազմակերպության միջոցով։ Մենք միայն օգուտներ կքաղենք, եթե լսենք ու հնազանդվենք նրան։

7։​21–​24. Եհովան արդարներին չարերի հետ չի կործանում։

Մարդկությունը նոր դարաշրջան է մտնում

(Ծննդոց 8։1–11։9)

Նախաջրհեղեղյան աշխարհը կործանված է, և մարդկությունը մտնում է նոր դարաշրջան։ Մարդկանց թույլ է տրվում միս ուտել, բայց միևնույն ժամանակ տրվում է պատվեր հեռու մնալ արյունից։ Եհովան իրավունք է տալիս մահով պատժել սպանություն կատարողին և հաստատում է ծիածանի ուխտը՝ խոստանալով այլևս ջրհեղեղ չբերել։ Նոյի երեք որդիները դառնում են ամբողջ մարդկային ցեղի նախահայրերը, նրա ծոռ Նեբրովթը դառնում է «զօրաւոր որսորդ Եհովայի առաջին [«ընդդեմ Եհովայի», ՆԱ]»։ Փոխանակ տարածվելու ամբողջ երկրով մեկ՝ մարդիկ որոշում են կառուցել Բաբելոն անունով մի քաղաք, ինչպես նաև աշտարակ, որպեսզի հայտնի դարձնեն իրենց անունը։ Նրանց պլանները խափանվում են, երբ Եհովան խառնում է նրանց լեզուները և ցրում նրանց ամբողջ երկրով մեկ։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

8։​11 — Եթե ծառերը Ջրհեղեղի ժամանակ ոչնչացել էին, ապա որտեղի՞ց աղավնին գտավ ձիթենու տերևը։ Երկու տարբերակ կա։ Քանի որ ձիթենին բավական դիմացկուն ծառ է, թերևս կարող էր Ջրհեղեղի ընթացքում ջրերի տակ մի քանի ամիս պահպանվել։ Ջրերի մակարդակի նվազելուն զուգընթաց ձիթենին դարձյալ կարող էր հայտնվել չոր հողում ու տերևներ արձակել։ Աղավնու բերած տերևը նաև կարող էր լինել նորընձյուղ ձիթենուց, որը գուցե աճել էր ջրերի պակասելուց հետո։

9։​20–​25 — Ինչո՞ւ Նոյը անիծեց Քանանին։ Շատ հավանական է, որ Քանանը մեղավոր էր իր պապի դեմ կատարած մի ինչ–​որ այլասերվածության համար։ Թեև Քանանի հայրը՝ Քամը, տեսել էր նրա այդ արարքը, նա չմիջամտեց, այլ, երևում է, այդ մասին պատմեց ուրիշներին։ Այնինչ Նոյի մյուս որդիները՝ Սեմն ու Հաբեթը, իրենց այլ ձևով դրսևորեցին. նրանք ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Այսպես վարվելու համար նրանք օրհնվեցին, բայց Քանանը անիծվեց, իսկ Քամը իր սերունդների վրա ամոթանք բերեց։

10։25 — ​Ի՞նչ իմաստով երկիրը Փաղեկի օրերում «բաժնուեցաւ»։ Փաղեկը ապրեց մ.թ.ա. 2269–ից մինչև 2030–ը։ Նրա «օրերում» էր, որ Եհովան մեծ բաժանում առաջ բերեց՝ խառնելով Բաբելոնի շինարարների լեզուն և նրանց ցրելով այնտեղից «բոլոր երկրի երեսի վերայ» (Ծննդոց 11։9)։ Այսպես «բաժնուեցաւ երկիրը [այսինքն՝ երկրի բնակչությունը]» Փաղեկի օրերում։

Դասեր մեզ համար

9։1; 11։9. Մարդկային ոչ մի մտադրություն կամ ջանք չի կարող խանգարել Եհովային՝ իրականացնելու իր նպատակը։

10։​1–​32. Ջրհեղեղի արձանագրությունից առաջ և հետո տրված տոհմաբանությունները, մեկը՝ 5–րդ գլխում, մյուսը՝ 10–րդ, Նոյի երեք որդիների միջոցով մարդկային ամբողջ ցեղը կապում են առաջին մարդու՝ Ադամի հետ։ Ասորեստանցիները, քաղդեացիները, հրեաները, ասորիները և որոշ արաբական ցեղեր ծագում են Սեմից։ Եթովպացիները, եգիպտացիները, քանանացիները և որոշ աֆրիկական ու արաբական ցեղեր ծագում են Քամից։ Հնդեվրոպական ժողովուրդները ծագում են Հաբեթից։ Բոլոր մարդիկ միմյանց կապված են, և բոլորը հավասար են ծնվում Աստծո առջև (Գործք 17։26)։ Այս ճշմարտությունը պետք է ի նկատի ունենանք այն հարցում, թե ինչպես ենք դիտում մարդկանց ու վարվում նրանց հետ։

Աստծո Խոսքը զորավոր է

«Ծննդոց» գրքի առաջին մասը պարունակում է միակ ճշգրիտ տեղեկությունը մարդկության վաղ շրջանի պատմության մասին։ Կարդալով այդ էջերը՝ մենք իմանում ենք, թե ինչ նպատակով Աստված մարդուն բնակեցրեց երկրի վրա։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ ոչ մի մարդ, ինչպես Նեբրովթը, չի կարող խափանել այդ նպատակի իրագործումը։

Երբ պատրաստվես Աստվածապետական ծառայության դպրոցին՝ կարդալով տվյալ շաբաթվա համար նախատեսված սուրբգրային հատվածները, ուշադրություն դարձրու այն տեղեկությանը, որ տրված է «Սուրբգրային հարցեր և պատասխաններ» բաժնի տակ։ Դա կօգնի քեզ հասկանալ Աստվածաշնչի որոշ դժվարըմբռնելի տեղեր։ «Դասեր մեզ համար» բաժնում տրված մեկնաբանությունները ցույց կտան, թե ինչպես կարող ես օգուտներ քաղել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ Անհրաժեշտության դեպքում դրանցից կարելի է օգտվել ներկայացնելու համար «Տեղական կարիքներ» բաժինը Ծառայողական հանդիպման ժամանակ։ Իսկապես, Եհովայի Խոսքը կենդանի է ու կարող է զորավոր ձևով ներգործել մեր կյանքի վրա (Եբրայեցիս 4։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը