Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ct գլ. 7 էջ 103–119
  • Ի՞նչ կարելի է Ստեղծիչի մասին իմանալ մի գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ կարելի է Ստեղծիչի մասին իմանալ մի գրքից
  • Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իրագործված կանխագուշակումներ
  • Իրական մարգարեություննե՞ր
  • Մոտիկից ճանաչել Հեղինակին
  • Նրա նպատակը և ձեր կյանքի իմաստը
  • Կարելի՞ է Նրան գտնել
  • Աստվածաշնչի գիրք համար 23. Եսայիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ճանաչեք, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը
    1999 Դիտարան
  • Մարգարեությունների գիրք
    Գիրք բոլորի համար
  • Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
ct գլ. 7 էջ 103–119

Գլուխ յոթերորդ

Ի՞նչ կարելի է Ստեղծիչի մասին իմանալ մի գրքից

Թերևս համամիտ եք, որ բովանդակալից և հետաքրքրաշարժ գիրքն իրոք արժեք ունի։ Աստվածաշունչն այդպիսի գիրք է։ Այն պարունակում է հափշտակիչ պատմություններ, որոնք արտացոլում են բարձր բարոյական արժեքներ։ Աստվածաշնչում կան նաև կարևոր ճշմարտությունների վառ օրինակներ։ Նրա գրողներից մեկի մասին, որն աչքի էր ընկնում իր իմաստությամբ, ասվում է, որ «ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են» (Ժողովող 12։10)։

Գիրքը, որը մենք կոչում ենք «Աստվածաշունչ», վաթսունվեց փոքր գրքերի ժողովածու է և գրվել է ավելի քան 1 500 տարվա ընթացքում։ Օրինակ՝ մ.թ.ա. 1513–1473 թվականներն ընկած ժամանակահատվածում Մովսեսը գրի է առել «Ծննդոց»–ից սկսած առաջին հինգ գրքերը։ Հիսուսի առաքյալներից մեկը՝ Հովհաննեսը, Աստվածաշնչի վերջին գիրքը գրողն է եղել։ Նա արձանագրել է Հիսուսի կյանքի պատմությունը (Ավետարան ըստ Յովհաննէսի), ինչպես նաև կարճ թղթեր և «Յայտնութիւն» գիրքը, որը շատ Աստվածաշնչերում հանդես է գալիս որպես եզրափակիչ գիրք։

Մովսեսից մինչև Հովհաննեսը, այսինքն՝ այդ 1 500 տարիների ընթացքում շուրջ քառասուն մարդ է մասնակցել Աստվածաշնչի գրությանը։ Նրանք անկեղծ և բարեպաշտ մարդիկ են եղել, որոնք ցանկացել են օգնել ուրիշներին ճանաչելու Արարչին։ Նրանց գրությունների շնորհիվ մենք էլ գիտություն ենք ձեռք բերում Աստծո ինչպիսի անձնավորություն լինելու մասին և սովորում, թե ինչպես հաճեցնենք իրեն։ Աստվածաշունչն օգնում է նաև հասկանալ, թե ինչու է չարությունը ծաղկում, և թե ինչպես է վերջ դրվելու դրան։ Աստվածաշնչի գրողները կանխագուշակել են այն ժամանակների մասին, երբ մարդկությունը կապրի Աստծո անմիջական իշխանության ներքո, ինչպես նաև նկարագրել են այն հրաշալի պայմանները, որոնք հնարավոր կլինի այդ ժամանակ վայելել (Սաղմոս 37։10, 11; Եսայիա 2։2–4; 65։17–25; Յայտնութիւն 21։3–5)։

Ինչ խոսք, թերևս նկատած լինեք, որ շատերն անտեսում են Աստվածաշունչը՝ վերջինս համարելով սոսկ անտիկ ժամանակների մարդկային իմաստությունների ժողովածու։ Միևնույն ժամանակ, միլիոնավոր մարդիկ վստահ են, որ նրա հեղինակն Աստված է, և որ Նա է առաջնորդել գիրքը գրի առնողների մտքերը (Բ Պետրոս 1։20, 21)։ Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ այն, ինչը գրվել է Աստվածաշնչի գրողների կողմից, իրականում Աստծուց ստացված տեղեկություն է։

Գոյություն ունեն մի շարք զուգադեպ ապացույցներ, որոնք կարող եք նկատի առնել։ Բազում անհատներ, մինչև եզրակացնելը, որ Աստվածաշունչը մարդկանց ձեռքով գրված լինելուց ավելին է և որ գերմարդկային աղբյուրից է, այդ քայլին են դիմել։ Այժմ դա ներկայացնենք ընդամենը մեկ ապացույցով, որը մեզ թույլ կտա Տիեզերքի Ստեղծիչի՝ մարդկության կյանքի Աղբյուրի մասին ավելին իմանալ։

Իրագործված կանխագուշակումներ

Աստվածաշնչի գրողներից շատերն են մարգարեություններ արձանագրել։ Ապագան գուշակելու կարողությունն իրենց վերագրելու փոխարեն՝ նրանք փառքը տվել են Աստծուն։ Օրինակ՝ Եսայիան ներկայացնում է Աստծուն որպես Նա, ով «պատմում [է] առաջուց վերջինը» (Եսայիա 1։1; 42։8, 9; 46։8–11)։ Տասնամյակներ և նույնիսկ դարեր հետո տեղի ունենալիք իրադարձությունները գուշակելու կարողությունը բնութագրում է Եսայիայի Աստծուն՝ որպես եզակի Աստված, որն անհամեմատ տարբերվում է անցյալում և ներկայումս մարդկանց պաշտած կուռքերից։ Մարգարեությունը համոզիչ փաստարկն է այն բանի, որ Աստվածաշունչը մարդկային հեղինակության արդյունք չէ։ Տեսնենք, թե ինչպես է դա հաստատում Եսայիայի գիրքը։

Պատմական տվյալների հետ գրքի բովանդակության համեմատումը ցույց է տալիս, որ այն գրվել է մոտավորապես մ.թ.ա. 732–ին։ Եսայիան մարգարեացել էր, որ Երուսաղեմի ու ամբողջ Հուդայի բնակիչներին իրենց արյունապարտության և կռապաշտության պատճառով աղետ է սպասում։ Նա կանխագուշակել էր, որ երկիրն ամայացվելու է, Երուսաղեմն ու տաճարն ավերվելու են, իսկ ողջ մնացածները գերի են տարվելու Բաբելոն։ Սակայն Եսայիան գուշակել էր նաև այն մասին, որ Աստված չի մոռանալու գերի ընկած իր ժողովրդին, այլ՝ Կյուրոս անունով օտարերկրացի մի թագավոր նվաճելու է Բաբելոնն ու ազատ արձակելու հրեաներին՝ թույլ տալով նրանց վերադառնալ հայրենիք։ Եսայիայի միջոցով հնչում են Աստծո խոսքերը. «Ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր» (Եսայիա 2։8; 24։1; 39։5–7; 43։14; 44։24–28; 45։1)։

Եսայիայի օրերում՝ մ.թ.ա. ութերորդ դարում, նման կանխագուշակությունը, գուցե, անհավանական թվար։ Այդ ժամանակաշրջանում Բաբելոնն իրենից ռազմական հզոր ուժ չէր ներկայացնում, այլ, ընդհակառակը, գտնվում էր ասորական կայսրության իշխանության ներքո։ Նմանապես տարօրինակ կթվար նվաճված ժողովրդի մասին ասել, թե, հեռավոր երկրում աքսորված, երբևիցե կազատագրվի և կվերագտնի իր հողերը։ «Ո՞վ է այսպիսի բան լսել»,— գրել էր Եսայիան (Եսայիա 66։8)։

Բայց ի՞նչ ենք հայտնաբերում դրանից երկու դար անց։ Հին հրեաների հետագա պատմությունը հաստատում է, որ Եսայիայի մարգարեությունը կատարվել է մանրամասնորեն։ Բաբելոնը հզորացավ և իրո՛ք ավերեց Երուսաղեմը։ Պարսիկ թագավորի անունը (Կյուրոս), վերջինիս կողմից Բաբելոնի նվաճումը և հրեաների վերադարձը՝ բոլորն էլ պատմական անառարկելի փաստեր են։ Մարգարեության այս մանրամասնություններն այնքան ճշգրտորեն են կատարվել, որ 19–րդ դարում քննադատները պնդում էին, թե Եսայիայի գիրքը խաբեություն է. նրանք ասում էին. «Հնարավոր է, որ Եսայիան գրած լիներ գրքի առաջին գլուխները, իսկ ավելի ուշ՝ Կյուրոս թագավորի ժամանակ, որևէ գրողի կողմից գրվեր շարունակությունը, այնպես որ արդյունքում կստացվեր մարգարեություն»։ Մարդիկ կարող են նման հայտարարություններ անել, սակայն ի՞նչ են ասում փաստերը։

Իրական մարգարեություննե՞ր

Եսայիայի գրքի մարգարեությունները Կյուրոսի և հրեաների աքսորման հետ կապված դեպքերի նկարագրությամբ չեն եզրափակվում։ Եսայիան տալիս է նաև Բաբելոնի վախճանի մասին մարգարեությունը, ինչպես նաև շատ մանրամասնություններ գալիք Մեսիայի՝ Փրկչի վերաբերյալ, որը պետք է չարչարվեր, ապա՝ փառավորվեր։ Հնարավո՞ր է հաստատել, որ այս գուշակությունները գրի են առնվել դեպքերից շատ առաջ, ուստի և կարող են համարվել կատարված մարգարեություններ։

Քննարկենք հետևյալը։ Եսայիան մարգարեացել էր Բաբելոնի կործանման մասին. «Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։ Նա երբէք չէ շենանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ» (Եսայիա 13։19, 20; գլուխ 47)։ Իսկ ինչպե՞ս ընթացան դեպքերը։

Փաստերը վկայում են, որ Բաբելոնը ոռոգման բարդ համակարգ է ունեցել, որը բաղկացած է եղել Տիգրիս և Եփրատ գետերի միջև գտնվող ամբարտակներից ու ջրանցքներից։ Ըստ երևույթին, այդ ջրի համակարգը վնասվել էր և հիմնովին ավերվել մ.թ.ա. մոտ 140 թ.–ին՝ պարթևների կործանարար նվաճման ժամանակ։ Ինչի՞ էր դա հանգեցրել։ Հետևանքների մասին տեղեկացնում է մի հանրագիտարան. «Հողը հագեցել էր հանքային աղերով և արդյունքում ծածկվել ալկալու հաստ կեղևով, որի առկայության դեպքում հողագործական աշխատանքների մասին խոսք անգամ լինել չէր կարող» («The Encyclopedia Americana»)։ Այդ ժամանակից շուրջ երկու հարյուր տարի անց Բաբելոնը դեռ բնակեցված էր, սակայն դա երկար չտևեց (համեմատեք Ա Պետրոս 5։13)։ Մ.թ. երրորդ դարի պատմիչ Դիոն Կասսիոսը (մ.թ. մոտ 150–235 թթ.) նկարագրում է մի այցելուի, որը Բաբելոնում եղած ժամանակ «բլուրներից, քարերից ու ավերակներից» բացի ուրիշ ոչինչ չի գտել այնտեղ (LXVIII, 30)։ Կարևոր հանգամանք է այն իրողությունը, որ Եսայիան այդ ժամանակ վաղուց արդեն մահացել էր և նրա ամբողջացված գիրքը դարեր շարունակ ձեռքից ձեռք էր անցել։ Եվ եթե այսօր ինքներդ այցելեք Բաբելոն, դուք ևս այդ երբեմնի փառահեղ քաղաքի միայն ավերակները կգտնեք։ Թեև հնագույն քաղաքներից Հռոմը, Երուսաղեմը և Աթենքը հասել են մինչև մեր օրերը, Բաբելոնն առ այսօր մնում է ամայի, ավերակ՝ ճիշտ այնպես, ինչպես նախագուշակել էր Եսայիան։ Նրա մարգարեությունն իրագործվել է։

Այժմ տեսնենք, թե ինչպես է Եսայիան նկարագրում գալիք Մեսիային։ Եսայիա 52։13 խոսքի համաձայն՝ Աստծո յուրահատուկ ծառան մի օր պետք է ‘բարձրանար եւ շատ փառավորվեր’։ Սակայն հաջորդ գլխում (Եսայիա 53) մարգարեացվել էր, որ իր փառավորվելուց առաջ Մեսիան պետք է բոլորովին այլ կյանքով ապրեր։ Ընթերցողին ուղղակի ապշեցնում են այդ գլխում ներկայացված մանրամասնությունները, որոնք հանրաճանաչ են որպես Մեսիային վերաբերող մարգարեություններ։

Գլխում արձանագրված է, որ Մեսիան պետք է իր հայրենակիցների կողմից անարգվեր։ Վստահ լինելով, որ այդպես էլ պիտի կատարվեր՝ Եսայիան այդ մասին գրել էր այնպես, կարծես թե այն արդեն տեղի էր ունեցել. «Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած.... եղաւ» (3–րդ խոսք)։ Մեսիայի հանդեպ նման վերաբերմունքը բացարձակ անարդար էր լինելու, քանի որ նա միայն բարիք էր գործելու մարդկանց համար։ «Նա մեր ցաւերը վեր առաւ». ահա թե Եսայիան ինչպես նկարագրեց Մեսիայի կատարած բուժումները (4–րդ խոսք)։ Բացի այդ, Մեսիան փորձության էր ենթարկվելու և անարդարացիորեն դատապարտվելու էր՝ մինչև վերջ լուռ մնալով իրեն մեղադրողների առաջ (7–րդ, 8–րդ խոսքեր)։ Նա հոժարակամորեն հանձնվելու էր և հանցագործների հետ միասին մահվան դատապարտվելու, իսկ մահից հետո նրա մարմինը խոցվելու էր (5–րդ [ԷԹ], 12–րդ խոսքեր)։ Չնայած Մեսիային մահապատժի էին ենթարկելու որպես ոճրագործի, սակայն նրան թաղելու էին հարուստների գերեզմանում (9–րդ խոսք)։ Եսայիան նաև նշել էր, որ Մեսիայի անարդարացի մահը քավիչ ուժ է ունենալու և ծածկելու է մարդկության մեղքերը (5–րդ, 8–րդ, 11–րդ, 12–րդ խոսքեր)։

Այդ բոլոր մանրամասնությունները կատարվել են։ Հիսուսի ժամանակակիցների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ձեռքով արձանագրված պատմությունները հաստատում են, որ Եսայիայի գուշակած բոլոր դեպքերը տեղի են ունեցել։ Իրադարձությունների մի մասը կատարվել է Հիսուսի մահից հետո, որից ակներև է դառնում, որ նա չէր կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա (Մատթէոս 8։16, 17; 26։67; 27։14, 39–44, 57–60; Յովհաննէս 19։1, 34)։ Մեսիային վերաբերող՝ Եսայիայի մարգարեության ամբողջական կատարումը դարեր շարունակ խոր ազդեցություն է գործել Աստվածաշնչի անկեղծ ընթերցողների և ժամանակին անգամ Հիսուսին մերժողների վրա։ Պրոֆեսոր Վիլյամ Էրուիքը գրում է. «Շատ հրեաներ, որոնց խնդրում էին պատճառաբանել, թե ինչու էին դարձել քրիստոնյա, խոստովանում էին, որ պատճառներից մեկը հենց այս գլխի [Եսայիա 53 գլխի] ուշադիր ընթերցումն է եղել, որը հարված է հասցրել իրենց նախկին դավանանքին և վարդապետների հանդեպ ունեցած հավատին» («The Servant of Jehovah»)։a

Էրուիքն այդ մեկնաբանությունը տվեց 1800–ականներին, երբ ոմանք, հավանաբար, դեռ կասկածում էին, թե Եսայիա 53 գլուխը գրվել է Հիսուսի ծնունդից դարեր առաջ։ Սակայն այդ ժամանակից հետո արված հայտնագործությունները վերացրել են դրա վերաբերյալ բոլոր կասկածները։ 1947 թ.–ին մի բեդվին հովիվ Մեռյալ ծովի մոտակայքում հայտնաբերեց հին մագաղաթ՝ Եսայիայի գիրքը։ Հնագույն ձեռագրերի փորձագետները մագաղաթը վերագրեցին մ.թ.ա. 125–100 թվականներին։ Ապա՝ 1990 թ.–ին, ածխածին 14–ով մագաղաթի տարրալուծման օգնությամբ որոշվեց գրության թվականը՝ մ.թ.ա. 202–107 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Այո՛, Եսայիայի այդ մագաղաթն արդեն բավականին հին էր, երբ ծնվեց Հիսուսը։ Ի՞նչ է ցույց տալիս ժամանակակից Աստվածաշնչերի հետ նրա համեմատումը։

Եթե երբևէ այցելեք Երուսաղեմ, ձեզ հնարավորություն կընձեռվի տեսնել Մեռյալ ծովի մագաղաթներից հատվածներ։ Հնագետ պրոֆեսոր Յիգել Յադինը մի տեղեկագրության մեջ բացատրում է հետևյալը. «Եսայիայի կողմից նշված խոսքերը գրի առնելու ժամանակներից մինչև մ.թ.ա. երկրորդ դարը, երբ արտագրվել էր մագաղաթը, անցել էր մոտավորապես հինգ կամ վեց հարյուր տարի։ Զարմանահրաշ երևույթ է այն, որ, չնայած թանգարանային այս բնագիր մագաղաթի հնությանը՝ ավելի քան 2 000 տարի, այնուամենայնիվ, նրա բովանդակությունը խիստ մոտ է Աստվածաշնչում գտնվող տեքստին՝ թե՛ եբրայերեն լեզվով, և թե՛ բնագրից արված թարգմանություններում»։

Ինչ խոսք, այս փաստը չի կարող մեզ անտարբեր թողնել։ Ի՞նչ առումով։ Պետք է որ վանվեն բոլոր կասկածները այն հարցի վերաբերյալ, թե Եսայիայի գիրքն ընդամենը կեղծիք է, և որը գրի է առնվել դեպքերը տեղի ունենալուց հետո միայն։ Այսօր կա գիտական ապացույց, որ Եսայիայի գրքի ձեռագրերը պատկանում են Հիսուսի ծնվելուց և Բաբելոնի ամայանալուց հարյուրավոր տարիներ առաջվա ժամանակներին։ Հետևաբար, ինչպե՞ս կարելի է, որ Եսայիայի գրություններում Բաբելոնի վախճանի, Մեսիայի անարդարացի տառապանքների, մահվան ու նրա հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի մասին մարգարեությունների վերաբերյալ որևիցե կասկած մնա։ Իսկ ինչ վերաբերում է հրեաների Բաբելոնում գերության մեջ գտնվելու և այնտեղից ազատագրվելու մասին Եսայիայի կանխագուշակության ճշմարտացիությանը, ապա պատմական փաստերը լիովին լռեցնում են վիճաբանությունները։ Կատարված մարգարեություններն ընդամենը մի մասն են այն մի շարք ապացույցների, որ Աստվածաշնչի իսկական Հեղինակն Արարիչն է, և որ Աստվածաշունչն Աստծուց է ներշնչված (Բ Տիմոթէոս 3։16)։

Գոյություն ունեն շատ ուրիշ ազդակներ էլ, որոնք ցույց են տալիս, որ Սուրբ գրքի հեղինակն Աստված է։ Դրանց մեջ են մտնում աստղագիտության, երկրաբանության և բժշկության տեսանկյունից Աստվածաշնչի ճշգրտությունը, հարյուրավոր տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց կողմից գրված նրա գրքերի ներքին ներդաշնակությունը, պատմական և հնագիտական շատ փաստերի հետ վերջիններիս համաձայնեցվածությունը, նրա բարոյական օրենքները, որոնք գերազանցում են այն ժամանակվա մյուս ժողովուրդների բարոյական օրենքներին և որոնք այժմ էլ ընդունված են որպես հավասարը չունեցող։ Այս և մի շարք ուրիշ փաստեր վստահություն են ներշնչել անթիվ–​անհամար ջանասեր, ազնիվ մարդկանց, որ Աստվածաշնչի Հեղինակը իրականում հենց ինքը՝ մեր Արարիչն է։b

Սա ևս կօգնի մեզ Ստեղծիչի մասին ծանրակշիռ եզրակացություններ անելուն, կօգնի մեզ տեսնել, թե ինչպիսի հատկությունների տեր անձնավորություն է նա։ Մի՞թե ժամանակի առումով դեպի առաջ նայելու նրա կարողությունը չի խոսում այն մասին, որ իր խորաթափանցությունն անհամեմատելի է մարդկանց դրսևորած այդ հատկության հետ։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է պատահելու մոտ ապագայում, ոչ էլ կարող են ղեկավարել ապագան։ Բայց Արարիչը կարող է։ Նա կարող է և՛ տեսնել ապագան, և՛ դեպքերն այնպես առաջնորդել, որպեսզի ի կատար ածվի իր կամքը։ Պատահական չէ, որ Եսայիայի գրքում Ստեղծիչը ներկայացված է հետևյալ կերպ. «Պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։10; 55։11)։

Մոտիկից ճանաչել Հեղինակին

Սովորաբար մարդու հետ ծանոթանում ենք՝ զրուցելով նրա հետ և տեսնելով, թե ինչպես է արձագանքում տարբեր հանգամանքներում։ Այս մեթոդները կարելի է կիրառել մարդկանց հետ ծանոթանալիս. իսկ ինչպե՞ս ծանոթանալ Արարչի հետ։ Մենք չենք կարող անմիջական զրույցի մեջ մտնել նրա հետ։ Հոգ չէ սակայն, քանի որ, ինչպես արդեն տեսանք, Աստվածաշնչում նա բավականին շատ տեղեկություններ է տվել իր մասին՝ այն, թե ի՛նչ է խոսել, և թե ինչպե՛ս է գործել։ Եվ, դեռ ավելին, այս եզակի գիրքը հրավիրում է մեզ փոխհարաբերություններ զարգացնել Ստեղծիչի հետ։ Այն հորդորում է. «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ» (Յակոբոս 2։23; 4։8)։

Նախ՝ տեսնենք, թե որն է առաջին քայլը. եթե ցանկանում եք որևէ մեկի հետ մտերմանալ, բնականաբար, առաջին հերթին նրա անունը կհարցնեք։ Իսկ ի՞նչ է Արարչի անունը, և այդ անունն ի՞նչ է հուշում իր մասին։

Աստվածաշնչի եբրայերեն լեզվով գրված հատվածը (սովորաբար կոչվում է Հին Կտակարան) մեզ հայտնում է Արարչի անզուգական անունը։ Հին ձեռագրերում այն ներկայացված է եբրայերեն չորս բաղաձայն տառերով, որոնք հնչում են՝ ՅՀՎՀ։ Ստեղծիչի անունը հանդիպում է շուրջ 7 000 անգամ, ավելի շատ, քան «Աստված» կամ «Տեր» տիտղոսները։ Դարեր շարունակ Աստվածաշունչը եբրայերեն լեզվով ընթերցողները գործածել են Աստծո այս անձնական անունը։ Ժամանակի ընթացքում, սակայն, սնոտիապաշտական երկյուղից ելնելով, շատ հրեաներ դադարեցին արտասանել Աստծո անունը, ինչի հետևանքով էլ անվան արտասանությունը չպահպանվեց։

«Սկզբնական արտասանությունն աստիճանաբար մոռացության մատնվեց, իսկ վերականգնման ժամանակակից փորձերը հիմնված են զուտ ենթադրությունների վրա»,— նշվում է «Ելից» գրքի վերաբերյալ մի մեկնաբանության մեջ։ Հարկավոր է ընդունել այն իրողությունը, որ հայտնի չէ, թե Մովսեսն ինչպես է ճիշտ արտասանել Աստծո անունը, որը գտնում ենք Ելից 3։16 և 6։3 խոսքերում։ Սակայն, եթե անկեղծ լինենք, մեր օրերում ո՞վ է անհրաժեշտ համարում ճիշտ նույն ձևով արտասանել Մովսեսի կամ Հիսուսի անունները, ինչպես որ դրանք արտասանվել են իրենց կենդանության օրոք։ Բայց և այնպես, բոլորովին չենք խուսափում նրանց անուններն արտասանելուց։ Բանն ան է, որ, մտահոգվելու փոխարեն, թե հնագույն մի ժողովուրդ մեկ այլ լեզվով խոսելիս ինչպես է արտաբերել Աստծո անունը, ինչո՞ւ չօգտագործենք մեր լեզվում այդ անվան ընդունված ձևը։ Օրինակ՝ հայերենում արդեն դարեր շարունակ օգտագործվում է «Եհովա» անունը և այժմ էլ Աստծո անվան լայնորեն ընդունված ձևն է։

Սակայն անվան արտասանությունից մեկ այլ ավելի կարեվոր մանրամասնություն գոյություն ունի՝ այդ անվան նշանակությունը։ Եբրայերեն լեզվում «Եհովա» անունը «հավահ» (դառնալ) բայի պատճառական ձևն է (Ելից 4։9)։ Հետևաբար Արարչի անձնական անունը բառացի նշանակում է «Նա դարձնում է» կամ «Նա պատճառում է լինել»։ Անհրաժեշտ է նշել, որ անունը չի ընդգծում հեռավոր անցյալում Արարչի ունեցած գործունեությունը, ինչպես ոմանք են կարծում «Սկզբնապատճառ» տերմինը գործածելիս։ Իսկ ինչո՞ւ ոչ։

Պատճառն այն է, որ Աստծո անունը ապագայի նկատմամբ ունեցած Արարչի նպատակների հետ է կապված։ Գոյություն ունի եբրայերեն բայերի միայն երկու ձև, իսկ Աստծո անվան կազմության մեջ մտնող անկատար ձևը «ցույց է տալիս.... զարգացման ընթացքում գտնվող գործողություն։ Այն արտահայտում է ոչ միայն գործողության շարունակությունը, այլև զարգացումը՝ նրա սկզբից մինչև ավարտը» («Short Account of the Hebrew Tenses»)։ Այո՛, իր անվամբ Եհովան ներկայանում է որպես գործունյա նպատակադրող։ Մենք իմանում ենք, որ գործողության առաջընթացով նա դառնում է իր խոստումների Կատարողը։ Ստեղծիչի կողմից իր նպատակների մշտական իրագործումը շատերի համար բավարար և վստահություն ներշնչող տեղեկություն է։

Նրա նպատակը և ձեր կյանքի իմաստը

Աստծո անունը իր նպատակի մասին է խոսում, իսկ շատերը դժվարանում են որևէ իմաստ տեսնել իրենց կյանքում։ Նրանք ականատես են լինում այն բանին, թե ինչպես է մարդկությունը մի ճգնաժամային վիճակից՝ պատերազմներից, բնական աղետներից, համաճարակներից, չքավորությունից ու հանցագործությունից ընկնում մյուսի մեջ։ Նույնիսկ երջանիկ փոքրամասնությանը, որոնց հաջողվում է խույս տալ նման դժբախտություններից, հաճախ են տանջում ապագայի և իրենց կյանքի իմաստի շուրջ պտտվող կասկածները։

Աստվածաշունչը հետևյալ մեկնաբանությունն է տալիս. «Ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։20, 21)։ «Ծննդոց» գրքից իմանում ենք, որ կար ժամանակ, երբ մարդը խաղաղ փոխհարաբերությունների մեջ էր գտնվում Ստեղծիչի հետ։ Որպես արձագանք մարդկանց սխալ արարքին՝ Աստված մարդկությանը արդարացիորեն ենթարկեց մի իրավիճակի, որն ինչ–​որ տեղ ունայնություն առաջ բերեց։ Եկեք տեսնենք, թե ինչպես զարգացան դեպքերը, ի՛նչ է դա ցույց տալիս Արարչի վերաբերյալ, և ի՛նչ կարող ենք ակնկալել ապագայից։

Համաձայն այս արձանագրության, որը շատ հարցերում փաստել է իր վավերականությունը, առաջին ստեղծված մարդկանց Ադամ ու Եվա անունները տրվեց։ Տեղեկանում ենք, որ նրանք լքված՝ Աստծո նպատակներից և կամքից անտեղյակ չէին։ Ինչպես սիրող և հոգատար հայրը կվարվեր, Ստեղծիչն օգտակար հրահանգներ տվեց մարդկությանը։ Նա ասաց նրանց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վրայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։

Կարելի է եզրակացնել, որ առաջին մարդիկ իրենց կյանքում իմաստալի նպատակ ունեին։ Դրա մեջ էր մտնում Երկրի էկոլոգիայի մասին հոգալը և երկրագունդը պատասխանատվության բարձր զգացում ունեցող մարդկանցով լցնելը (համեմատեք Եսայիա 11։9)։ Ոչ մեկը հիմք չունի Արարչին մեղադրելու աղտոտված մոլորակի ներկա վիճակի համար՝ ասելով, թե նա արդարացնում է մարդկանց կողմից երկրագնդի շահագործումն ու կործանումը։ «Տիրեցէք» բառով շահագործման արտոնություն չէր տրվել։ Դա նշանակում էր, որ Երկիր մոլորակը պետք է մշակվեր և նրա մասին հոգ տարվեր, իսկ այդ գործը վստահված էր մարդկանց (Ծննդոց 2։15)։ Բացի այդ, նրանց հարատև ապագա էր սպասում, որի ընթացքում կարող էին կատարել իրենց տրված այդ իմաստալից առաջադրանքը։ Նրանք հավիտյան ապրելու հեռանկարն ունեին. դա համապատասխանում է այն իրողությանը, որ մարդու գլխուղեղի կարողությունները ոչ մի կերպ հնարավոր չէ ամբողջովին օգտագործել յոթանասուն, ութսուն կամ նույնիսկ հարյուր տարվա ընթացքում։ Գլխուղեղը ստեղծված է անվերջ գործածության համար։

Կյանքի ստեղծիչ և առաջնորդ Եհովա Աստված հարաբերական ազատություն էր տվել իր արարածներին Երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակն ի կատար ածելու հարցում։ Նա ո՛չ չափազանց պահանջկոտ էր, ո՛չ էլ՝ չափից դուրս սահմանափակումներ դնող։ Օրինակ՝ Ադամին տրվել էր մի գործ, որն, ինչ խոսք, կենսաբանին հիացմունք կպատճառեր. նա պետք է ուսումնասիրեր կենդանիներին և նրանց անուններ տար։ Նրանց վարքագծերին հետևելուց հետո Ադամն այդ կենդանիներին տվեց անուններ, որոնց մեծ մասը նկարագրական բնույթ էին կրում (Ծննդոց 2։19)։ Սա միայն մեկ օրինակն է այն բանի, թե մարդիկ ինչպես կարող էին իրենց ընդունակությունները Ստեղծիչի նպատակի հետ ներդաշնակ օգտագործել։

Անշուշտ հասկանալի է, որ Տիեզերքի իմաստուն Արարիչը հեշտությամբ կարող էր իր հսկողության ներքո պահել ցանկացած իրավիճակ, անգամ այն դեպքում, եթե մարդիկ անմիտ կամ վնասաբեր ընթացք բռնեին։ Պատմական արձանագրությունը տեղեկացնում է, որ Աստված Ադամի վրա միայն մեկ սահմանափակում էր դրել՝ ասելով. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։

Այդ պատվիրանը մարդկանց պարտավորեցնում էր ճանաչել իրենցից հնազանդություն պահանջելու Աստծո իրավունքը։ Ադամի ժամանակներից առ այսօր ապրած մարդկությունն ընդունում է Տիեզերքի ձգողության ուժի օրենքը և ապրում դրա հետ ներդաշնակ. անմտություն և վնասաբեր կլիներ այդ օրենքին հակառակ գնալը։ Ինչո՞ւ, ուրեմն, մարդիկ պետք է մերժեն մեր մեծահոգի Արարչի կողմից սահմանված մեկ այլ օրենքի կամ պատվիրանի հետ ներդաշնակ ապրելը։ Ստեղծիչն Ադամին ու Եվային տեղյակ պահեց իր օրենքը մերժելու հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, կամավոր հնազանդության հնարավորություն տվեց։ Դժվար չէ պատմության այդ վաղ ժամանակաշրջանի հաղորդագրությունից տեսնել, որ Ստեղծիչն ընտրության ազատություն է տալիս մարդկանց։ Այս ամենի հետ մեկտեղ նա կամենում է, որ իր ստեղծագործությունները մեծապես երջանիկ լինեն, ինչը և իր տված բարի օրենքների համաձայն ապրելու հետևանքն է։

Նախորդ գլխում նշվեց այն մասին, որ Ստեղծիչն արարել էր բանական, անտեսանելի էակներ՝ ոգեղեն արարածներ։ Մարդկության սկզբի մասին պատմությունը հայտնում է, որ այդ ոգեղեն էակներից մեկի մոտ միտք հղացավ գրավել Աստծո տեղը (համեմատեք Եզեկիէլ 28։13–15)։ Նա չարաշահեց Աստծո շնորհած ընտրության ազատությունը և, խաբելով առաջին մարդկանց, դրդեց նրանց, այսպես ասած, բացահայտ ապստամբության։ Անհնազանդության իր հանդուգն արարքով՝ «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» ուտելով, այդ առաջին զույգը հայտարարեց Աստծուց իր անկախությունը։ Դեռ ավելին, այդ քայլով նրանք կողմ կանգնեցին այն պնդմանը, թե Ստեղծիչը մարդուց թաքցնում է բարին։ Դա նման էր նրան, կարծես թե Ադամն ու Եվան պահանջ էին ներկայացրել ինքնուրույն որոշելու՝ ինչն է լավ և ինչն է վատ՝ անկախ այն բանից, թե ինչպես էր նայում դրան իրենց Ստեղծողը։

Որքան անխոհեմ կթվար, եթե մարդիկ չհավանեին ձգողության ուժի օրենքը և խախտեին այն։ Նույնքան անտրամաբանական էր Ադամի ու Եվայի համար Ստեղծիչի բարոյական չափանիշները մերժելը։ Բնականաբար, մարդիկ պետք է գիտակցեն, որ հնազանդություն պահանջող Աստծո պարզ օրենքը խախտելու արդյունքները կործանարար կլինեն, ինչպես ձգողականության օրենքն արհամարհելու պատճառով առաջացած տխուր հետևանքները։

Աստվածաշնչի պատմությունից իմանում ենք, որ Եհովան պատասխան քայլերի անցավ։ Այն «օրը», երբ Ադամն ու Եվան մերժեցին Աստծո կամքը, նրանք կանգնեցին մահվան տանող զառիթափ ճանապարհին, ինչպես որ նախազգուշացրել էր Աստված (համեմատեք Բ Պետրոս 3։8)։ Այստեղ ի հայտ է գալիս Ստեղծիչի անձնավորության մեկ այլ առանձնահատկությունը։ Նա արդարության Աստված է և իր կողմից անզորություն չի ցուցաբերում՝ անտեսելով բացահայտ անհնազանդությունը։ Նա իմաստուն և արդար չափանիշների տեր է և միշտ բարձր է պահում դրանք։

Իր աչքի ընկնող հատկությունների հետ ներդաշնակ՝ նա գթասրտություն դրսևորեց՝ անմիջապես վերջ չդրեց մարդկային կյանքին։ Ինչո՞ւ։ Պատճառը նրա հոգատարությունն էր Ադամի ու Եվայի ապագա սերնդի հանդեպ. սերունդ, որը նույնիսկ դեռ գոյություն չուներ և անմիջական պատասխանատվություն չէր կրում իր նախածնողների մեղավոր ընթացքի համար։ Աստծո մտահոգությունը դեռ չծնված մարդկանց համար շատ բան է ասում նրա մասին։ Նա որևէ զգացումից զուրկ, դաժան դատավոր չէ, այլ ազնիվ է՝ բոլորին ապրելու հնարավորություն ընձեռելու պատրաստ, նաև հարգանք է տածում մարդկային կյանքի սրբության հանդեպ։

Բայց սա չի նշանակում, որ հետագա սերունդները առաջին զույգի նման պետք է վայելեին տիրող հաճելի պայմանները։ Ադամի սերնդի լույս աշխարհ գալը թույլատրելու արդյունքը եղավ այն, որ «ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին»։ Սակայն դա վերջնական ունայն և հուսահատ վիճակ չէր։ Մտաբերեք, որ Հռովմայեցիս 8։20, 21 համարներում նաև ասվում է, թե Ստեղծիչը հույս է տվել «որ ստեղծուածներն իրենք էլ [մի օր] ազատուեն»։ Այս մասին, ինչ խոսք, լավ կլիներ ավելին իմանալ։

Կարելի՞ է Նրան գտնել

Մարդկային առաջին զույգին ապստամբության դրդող թշնամին Աստվածաշնչում կոչված է Բանսարկու Սատանա. այս բառերն ունեն «զրպարտիչ» և «հակառակորդ» նշանակությունները։ Ապստամբության գլխավոր սադրիչի նկատմամբ ազդարարված դատավճռում Աստված նրան թշնամի հայտարարեց, սակայն ապագա մարդկանց հույս ունենալու հնարավորություն թողեց։ Աստված ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո [Սատանայի] եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը պատկերավոր լեզվով էր արված։ Այդ ի՞նչ «սերունդ» էր, որ պիտի գար։

Աստվածաշնչի ուրիշ համարներում լուսաբանվում են հետաքրքրություն առաջացնող այս խոսքերը։ Համարները ցույց են տալիս, որ խոսքը կապված է այն բանի հետ, թե ինչպես է Եհովան իր անվան նշանակության հետ ներդաշնակ գործում, նաև, թե ինչպես է «դառնում» այն, ինչն անհրաժեշտ է մարդկության նկատմամբ ունեցած իր նպատակն իրագործելու համար։ Ուստի Եհովան մի առանձնահատուկ ժողովուրդ ընտրեց և նրան գործածեց. այդ ժողովրդի հետ ունեցած Նրա փոխհարաբերության պատմությունն Աստվածաշնչում մեծ տեղ է գրավում։ Եկեք համառոտակի աչքի անցկացնենք այդ կարևոր պատմությունը։ Ընթացքում հնարավորություն կունենանք ավելին իմանալու մեր Արարչի հատկությունների մասին։ Եվ իրոք, մարդկությանը շնորհված գրքի՝ Աստվածաշնչի մեր հետագա ուսումնասիրության օգնությամբ դեռ շատ ավելի անգին բաներ կարելի է սովորել Նրա մասին։

[Ծանոթագրություններ]

a Համեմատեք Գործք 8։26–38–ի հետ, որտեղ վկայակոչված են Եսայիա 53։7, 8 խոսքերը։

b Աստվածաշնչի գրության մանրամասնություններին տեղեկանալու համար տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը և «Աստվածաշունչը Աստծո՞ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։

[Նկար 107–րդ էջի վրա]

Աստվածաշնչի կանխագուշակությունից դարեր անց հզոր Բաբելոնը վերածվեց ամայի ավերակների և առ այսօր մնում է այդպիսին

[Նկար 110–րդ էջի վրա]

Մ.թ.ա. երկրորդ դարում ընդօրինակված Եսայիայի այս մագաղաթը հայտնաբերվել է Մեռյալ ծովին մերձակա մի քարանձավում։ Վերջինս մարգարեության այնպիսի մանրամասնություններ է պարունակում, որոնք կատարվել են գրի առնվելուց հարյուրավոր տարիներ անց։

[Նկար 115–րդ էջի վրա]

Խեցու վրա հին եբրայերենով գրված այս նամակը հայտնաբերվել է Լաքիսի պեղումների ժամանակ։ Նամակում երկու անգամ նշվում է Աստծո անունը (նշված սլաքներով), ինչը ցույց է տալիս, որ մարդիկ իմացել և օգտագործել են Ստեղծիչի անունը։

[Նկար 117–րդ էջի վրա]

Իսահակ Նյուտոնը ձևակերպել է Տիեզերքի ձգողության օրենքը։ Արարիչը ողջամիտ օրենքներ է սահմանել, և դրանց համաձայն ապրելը մեր օգտի համար է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը