Չարության աղբյուրը բացահայտված է
ԱՌԱՋԻՆ դարում հրեաներից շատերը սպասում էին խոստացված Մեսիայի գալստյանը (Հովհաննես 6։14)։ Երբ Հիսուսը երկիր եկավ, նա մխիթարություն բերեց և օգնեց մարդկանց ավելի խորը հասկանալ Աստծու Խոսքը։ Նա բուժեց հիվանդներին, կերակրեց քաղցածներին, հնազանդեցրեց տարերային ուժերը և նույնիսկ հարություն տվեց մահացածներին (Մատթեոս 8։26; 14։14–21; 15։30, 31; Մարկոս 5։38–43)։ Հիսուսը նաև պատմեց Եհովայի խոսքերը և հավիտենական կյանք խոստացավ (Հովհաննես 3։34)։ Իր խոսքերով ու գործերով Հիսուսը ամբողջությամբ ցույց տվեց, որ ինքն էր Մեսիան, այն անձնավորությունը, որը պետք է ազատեր մարդկությանը մեղքից և նրա աղետալի հետևանքներից։
Տրամաբանական է, որ առաջինը հրեա կրոնական առաջնորդները պետք է ընդունեին Հիսուսին, լսեին նրան և ուրախությամբ հնազանդվեին նրա առաջնորդությանը։ Մինչդեռ նրանք այդպես չարեցին։ Ընդհակառակը՝ ատեցին նրան, հալածեցին և դավադրաբար սպանեցին (Մարկոս 14։1; 15։1–3, 10–15)։
Հիսուսը արդարացիորեն դատապարտեց մեղադրանքի արժանի այդ մարդկանց (Մատթեոս 23։33–35)։ Սակայն նա գիտեր, որ մեկ ուրիշն էլ է պատասխանատու այդ մարդկանց չար մտքերի ու արարքների համար։ Հիսուսը ասաց նրանց. «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից, և ուզում եք ձեր հոր ցանկությունները կատարել։ Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։ Չնայած Հիսուսը գիտեր, որ մարդիկ ընդունակ են չար գործեր անելու, սակայն նա մատնանշեց հենց չարության աղբյուրին՝ Բանսարկու Սատանային։
Ասելով, որ Սատանան «ճշմարտության մեջ հաստատ չմնաց»՝ Հիսուսը բացահայտեց, որ այս ոգեղեն արարածը մի ժամանակ եղել է Աստծու հավատարիմ ծառան, սակայն շեղվել է այդ ճիշտ ուղուց։ Իսկ ինչո՞ւ Սատանան ըմբոստացավ Եհովայի դեմ։ Քանի որ նա այն աստիճան կարևորություն տվեց իր անձին, որ ագահորեն ցանկացավ ստանալ այն երկրպագությունը, որը պատկանում էր միմիայն Աստծունa (Մատթեոս 4։8, 9)։
Սատանայի ըմբոստությունը ի հայտ եկավ Եդեմի պարտեզում, երբ նա խաբեց Եվային, որպեսզի վերջինս ուտի արգելված պտուղը։ Ասելով առաջին սուտը և զրպարտելով Եհովային՝ Սատանան ինքն իրեն «ստության հայրը» դարձրեց։ Դեռ ավելին, Ադամին ու Եվային դրդելով անհնազանդության՝ նա պատճառ եղավ, որ մեղքը իշխի նրանց վրա և ի վերջո առաջին մարդկային զույգին ու նրանց ապագա սերունդներին առաջնորդի մահվան։ Ուստի Սատանան ինքն իրեն նաև «մարդասպան» դարձրեց, իրականում բոլոր ժամանակների ամենահրեշավոր մարդասպանը (Ծննդոց 3։1–6; Հռոմեացիներ 5։12)։
Սատանայի չար ազդեցությունը նույնիսկ մինչև ոգեղեն ոլորտ հասավ։ Այնտեղ նա իր ազդեցության տակ գցեց նաև ուրիշ հրեշտակների, որոնք ըմբոստության մեջ իրեն միացան (2 Պետրոս 2։4)։ Սատանայի նման՝ այս չար ոգիները այնպիսի հետաքրքրություն ցուցաբերեցին մարդկանց հանդեպ, որը տեղին չէր։ Դա այլասերված սեռական հետաքրքրություն էր, որը աղետաբեր և կործանարար հետևանքներ ունեցավ։
Երկիրը չարությամբ է լցվում
Աստվածաշունչը պատմում է մեզ. «Երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում» (Ծննդոց 6։1, 2)։ Ովքե՞ր էին «Աստուծոյ որդիքը»։ Դրանք ոգեղեն արարածներ էին և ոչ թե մարդիկ (Յոբ 1։6; 2։1)։ Որտեղի՞ց գիտենք։ Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ արդեն 1 500 տարի էր, ինչ ամուսնանում էին, բայց այդ հանգանմանքը առանձնահատուկ ձևով չէր շեշտվում Աստվածաշնչում։ Ուստի ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ Աստծու որդիները, նյութական մարմիններ առնելով, սեռական կապի մեջ էին մտել «մարդկանց աղջկերանց» հետ՝ Գրությունները հստակորեն ցույց են տալիս, որ դա իր նախադեպը չունեցող անբնական երևույթ էր։
Այդ անբնական բանը նրանց միությունից առաջ եկած սերունդն էր։ Առաջ գալով հիբրիդային խաչասերումից՝ նրանք դարձան հսկաներ, որոնք կոչվում էին նեֆիլիմ։ Այդ հսկաները նաև վայրագ խուլիգաններ էին։ Իրականում «նեֆիլիմ» նշանակում է «տապալողներ»՝ նրանք, ովքեր գետին էին տապալում մարդկանց։ Այս դաժան արարածները նկարագրվում են որպես «զօրաւորներ, որ վաղուց անուանի մարդիկ էին» (Ծննդոց 6։4)։
Այդ հսկաները և իրենց հայրերը դարձան աննկարագրելի չար մարդիկ։ Ծննդոց 6։11–ում նշվում է. «Երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ.... անօրէնութեամբ լցուեցաւ»։ Այո, մարդիկ բռնություն էին գործում՝ ապականելով իրենց միջավայրում ապրող նորեկներին։
Ինչպե՞ս էին այդ հսկաները և իրենց հայրերը այդպիսի չար ազդեցություն բանեցնում մարդկանց վրա։ Նրանք մարդկանց մեջ մեղավոր հակումներ ու ցանկություններ էին առաջացնում։ Արդյո՞ւնքը։ «Ամեն մարմին իր ճանապարհը ապականեց երկրի վերայ»։ Ի վերջո Եհովան կործանեց այդ ժամանակվա աշխարհը. նա համաշխարհային Ջրհեղեղ բերեց, որի ժամանակ փրկեց միայն արդար Նոյին ու նրա ընտանիքին (Ծննդոց 6։5, 12–22)։ Սակայն նյութական մարմիններ առած հրեշտակները՝ ստորացված և նվաստացած, վերադարձան ոգեղեն ոլորտ։ Դառնալով դևեր՝ նրանք շարունակեցին հակառակվել Աստծուն և նրա նվիրված հրեշտակների արդար ընտանիքին։ Դա երևում է այն բանից, որ այդ ժամանակից ի վեր Աստված թույլ չի տվել այս չար ոգիներին նյութական մարմիններ հագնել (Հուդա 6)։ Այնուհանդերձ, նրանք զորեղ ազդեցություն ունեն մարդկանց վրա։
Չարը ամբողջությամբ բացահայտվել է
Այն, թե ինչ տարածում ունի Սատանայի չար ազդեցությունը, երևում է 1 Հովհաննես 5։19 համարից, որտեղ կարդում ենք. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»։ Բանսարկուն տարբեր խորամանկ միջոցներով մարդկանց տանում է դեպի գնալով ավելի հաճախակի դարձող աղետների հորձանուտը։ Իրականում նա այժմ ավելի վճռական է դարձել մարդկանց վնաս պատճառելու հարցում, քան երբևէ։ Ինչո՞ւ։ Որովհետև Սատանան և դևերը վտարվեցին երկնքից, երբ այնտեղ 1914 թ.–ին հաստատվեց Աստծու Թագավորությունը։ Այդ մասին Աստվածաշնչում կանխագուշակվել էր. «Վա՜յ երկրին...., որովհետև Բանսարկուն ցած իջավ ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։7–12)։ Ուստի ինչպե՞ս է այսօր Սատանան ազդեցություն բանեցնում ողջ մարդկության վրա։
Նախևառաջ Սատանան դա անում է՝ մարդկանց հաղորդելով այնպիսի տրամադրվածություն, որը ղեկավարում է նրանց մտածելակերպն ու արարքները։ Այդ պատճառով էլ Եփեսացիներ 2։2–ում ասվում է. «Օդի իշխանության իշխանի կամքի համաձայն, այն ոգու [կամ գերակշռող տրամադրվածության], որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ»։ Աստվածավախություն և բարություն խրախուսելու փոխարեն՝ այս դիվային «օդը» Աստծու և նրա չափանիշների հանդեպ ըմբոստության է հրահրում։ Ուստի Սատանան և նրա դևերը նպաստում են այն բանին, որ մարդկանց կողմից գործված չարությունը էլ ավելի սաստկանա։
«Սիրտդ պահէ»
Այս «օդի» դրսևորումներից մեկը պոռնկագրական «համաճարակն» է, որը անպատշաճ սեռական ցանկություններ է բորբոքում մարդու մեջ և այլասերված արարքները նրա համար ցանկալի ու գրավիչ է դարձնում (1 Թեսաղոնիկեցիներ 4։3–5)։ Բռնաբարությունը, սադիզմը, խմբակային բռնաբարությունը և մանկապղծությունը ընդամենը մի քանիսն են այն արարքներից, որոնք պոռնկագրության կողմից ներկայացվում են որպես զվարճալի բաներ։ Նույնիսկ եթե ինչ–որ տեղ պոռնկագրությունը քիչ վնասակար զբաղմունք է համարվում, սակայն այն կարող է հրապուրիչ սովորություն դառնալ և վնասել այն անհատներին, ովքեր դիտում կամ կարդում են նման բաներ, ինչի արդյունքում էլ նրանք սեռական հաճույք ստանալու նպատակով մոլի դիտորդներ են դառնում։b Դա չարիք է, որը վնասում է թե՛ մարդկանց միջև փոխհարաբերությունները և թե՛ անհատի փոխհարաբերությունը Աստծու հետ։ Պոռնկագրությունը արտացոլում է դևերի ստոր մտածելակերպը. նրանք ըմբոստներ են, որոնք խրախուսում են նման բաներ, և որոնց անպատշաճ սեռական ցանկությունները սկսվեցին դեռևս Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ։
Հիմնավոր պատճառներ ունենալով՝ Սողոմոն իմաստունը զգուշացրեց. «Ամէն զգուշութիւնով քու սիրտդ պահէ, քանզի կեանքի աղբիւրները անկէ են» (Առակաց 4։23, ԱԱ)։ Ժամանակակից լեզվով ասած՝ սիրտը պոռնկագրության ծուղակից պաշտպանել նշանակում է փոխել հեռուստացույցի ալիքները կամ անջատել համակարգիչը, հենց որ կրքեր բորբոքող տեսարաններ են հայտնվում էկրանի վրա։ Այդպիսի պահերին վճռականորեն ու արագ գործելը շատ կարևոր է։ Պատկերացրու, որ դու զինվոր ես ու փորձում ես պաշտպանվել թշնամու կործանիչ գնդակից, որը սուրալով թռչում է քո սրտի ուղղությամբ։ Նույն ձևով էլ, Սատանան ուզում է ծուղակի մեջ գցել քո փոխաբերական սիրտը, այսինքն՝ այն տեղը, որտեղ քո մղումներն ու ցանկություններն են ծնվում, և փորձում է ապականել դրանք։
Դու նաև պետք է քո սիրտը պաշտպանես բռնության հանդեպ սեր ունենալուց, քանի որ Բանսարկուն գիտի, որ «[Եհովան] կ’ատէ բռնութիւն սիրողին» (Սաղմոս 11։5, ԱԱ)։ Պարտադիր չէ, որ Սատանան քեզ դարձնի բռնություն գործող արյունարբու հանցագործ և, հետևաբար, Աստծու թշնամի. պարզապես նա ձգտում է քո մեջ սեր զարգացնել բռնության հանդեպ։ Ուստի պատահական չէ, որ բռնությունը, հաճախ ուղեկցվելով ոգեհարցական թեմաներով, ողողել է հանրահայտ հեռուստահաղորդումներն ու կինոֆիլմերը։ Նեֆիլիմ կոչվող հսկաները վաղուց գոյություն չունեն, սակայն նրանց բնորոշ հատկություններն ու վարքը շարունակում են ցայտուն կերպով դրսևորվել մարդկանց մեջ։ Արդյոք ձեր ընտրած զվարճությունը ցույց տալի՞ս է, որ դուք հակառակվում եք Սատանայի ծրագրերին (2 Կորնթացիներ 2։11)։
Ինչպես ընդդիմանալ Սատանայի չար ազդեցությանը
Չար ուժերի դեմ պայքարելը շատ դժվար է։ Աստվածաշնչում նշվում է, որ նրանք, ովքեր ջանում են հաճեցնել Աստծուն, պայքարում են «ոգեղեն չար ուժերի դեմ», ինչպես նաև իրենց սեփական անկատար մարմնի դեմ։ Այդ պայքարից հաղթանակով դուրս գալու և Աստծու հավանությունն ունենալու համար մենք պետք է օգտվենք այն բոլոր միջոցներից, որոնք Աստված է տալիս (Եփեսացիներ 6։12; Հռոմեացիներ 7։21–25)։
Այդ միջոցներից է Աստծու սուրբ ոգին՝ տիեզերքի ամենահզոր ուժը։ Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին գրեց. «Մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 Կորնթացիներ 2։12)։ Նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծու ոգով, սեր են զարգացնում այն ամենի հանդեպ, ինչ որ Աստված սիրում է, և ատում են այն, ինչ որ նա է ատում (Ամովս 5։15)։ Ինչպե՞ս կարող ենք սուրբ ոգին ստանալ։ Աղոթելով Աստծուն, ուսումնասիրելով Աստվածաշունչը (քանի որ այն սուրբ ոգու ներշնչմամբ է գրվել), ինչպես նաև առողջ ընկերակցություն վայելելով նրանց հետ, ովքեր իսկապես սիրում են Աստծուն (Ղուկաս 11։13; 2 Տիմոթեոս 3։16; Եբրայեցիներ 10։24, 25)։
Օգտվելով Աստծու տված այս միջոցներից՝ դուք կհագնեք «Աստծու ամբողջ սպառազինությունը»՝ միակ վստահելի պաշտպանությունը «Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6։11–18)։ Այս միջոցներից լիարժեքորեն օգտվելը այսօր ավելի հրատապ է, քան երբևէ։ Ինչո՞ւ։
Չարության վերջը մո՛տ է
«Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից»,— ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 92։7)։ Ինչպես Նոյի օրերում, այնպես էլ այսօր չարության տարածումը ապացույցն է այն բանի, որ Աստծու դատաստանը գալու է ոչ միայն չար մարդկանց վրա, այլև Սատանայի ու նրա դևերի։ Վերջիններս գցվելու են անդունդը կամ անգործության են մատնվելու, որով էլ սկսվելու է նրանց վերջնական կործանումը (2 Տիմոթեոս 3։1–5; Հայտնություն 20։1–3, 7–10)։ Ո՞վ է իրագործելու այդ դատաստանը. ոչ այլ ոք, եթե ոչ Հիսուս Քրիստոսը, որի մասին կարդում ենք. «Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհաննես 3։8)։
Իսկ դուք անհամբերությամբ սպասո՞ւմ եք չարության վախճանին։ Եթե այո, ապա Աստվածաշնչի խոստումները կարող են մխիթարել ձեզ։ Ուրիշ ոչ մի գիրք չի բացահայտում չարության աղբյուրին՝ Սատանային, և ուրիշ ոչ մի գրքում ցույց չի տրվում, թե Սատանան ու նրա բոլոր չար գործերը ինչպես պետք է վերջնականապես ոչնչացվեն։ Մենք հորդորում ենք ձեզ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչից, որպեսզի ինքներդ ձեզ պաշտպանեք Սատանայի չար ազդեցությունից և ամուր պահեք չարությունից զերծ աշխարհում ապրելու հույսը (Սաղմոս 37։9, 10)։
[ծանոթագրություններ]
a Սատանա դարձած այս հրեշտակի սկզբնական անունը հայտնի չէ։ «Սատանա» և «Բանսարկու» բառերը նշանակում են «Հակառակորդ» և «Զրպարտիչ»։ Որոշ առումով՝ Սատանան այն նույն ընթացքն էր բռնել, ինչ որ վաղեմի Տյուրոսի թագավորը (Եզեկիէլ 28։12–19)։ Երկուսն էլ անթերի սկսեցին իրենց ընթացքը, սակայն հետագայում իրենց բարձրամտության զոհը դարձան։
b Տե՛ս «Պոռնկագրություն՝ վնասակա՞ր, թե՞ անվնաս» հոդվածաշարը «Արթնացե՛ք»–ի 2003 թ. հուլիսի 22–ի համարում՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից (ռուս.)։
[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Լեգենդների մեջ ճշմարտության մասնիկ կա
Աստվածությունների, հսկաների և կործանիչ ջրհեղեղի մասին պատմություններ կարելի է գտնել աշխարհի հնագույն ժողովուրդների առասպելների մեջ։ Օրինակ՝ Գիլգամեշի մասին աքքադական էպոսում նշվում է ջրհեղեղի, նավի և վերապրողների մասին։ Գիլգամեշն ինքը նկարագրվում էր որպես հեշտասեր ու դաժան մեկը, որը կեսմարդ, կիսաստված էր։ Ացտեկների առասպելաբանության մեջ պատմվում է մի հին աշխարհի մասին, որտեղ հսկաներ են բնակվել, ինչպես նաև նշվում է, որ մեծ ջրհեղեղ է եղել։ Իսկ նորվեգական մի լեգենդում պատմվում է, որ գոյություն են ունեցել հսկաների ցեղ ու Բարգելմիր անունով մի իմաստուն մարդ, որը մեծ նավ էր կառուցել և փրկել էր իրեն ու կնոջը։ Այս և ուրիշ շատ լեգենդների նման հիշատակումները հաստատում են Աստվածաշնչի վկայությունը այն մասին, որ բոլոր մարդիկ առաջ են եկել հին ու չար աշխարհը կործանող ջրհեղեղից վերապրող մարդկանցից։
[նկար 6–րդ էջի վրա]
Հուշատախտակ, որի վրա փորագրված է Գիլգամեշի էպոսը
[թույլտվությամբ]
The University Museum, University of Pennsylvania (neg. # 22065)
[նկար 5–րդ էջի վրա]
Նեֆիլիմ կոչվող հսկաների հատկությունները ակնհայտ են այսօրվա մարդկանց մեջ
[նկար 7–րդ էջի վրա]
Ճշգրիտ գիտելիքները պաշտպանում են մեզ չար ազդեցություններից