«Հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած»
«Հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած» (Բ Կորնթացիս 5:7)։
1. Ի՞նչ է նշանակում ‘հավատով ընթանալ’։
ԱՄԵՆ անգամ Աստծո Խոսքի համաձայն աղոթելիս՝ ցույց ենք տալիս, որ որոշ չափով հավատ ունենք։ Երբ ուրիշներին Աստծո Թագավորության մասին ենք քարոզում, դա նույնպես մեր հավատի մասին է վկայում։ Եվ երբ նվիրվում ենք Եհովային, դրանով իսկ փաստում ենք, որ դա մեր ցանկությունն է ‘հաւատով ընթանալ’, այսինքն՝ հետևել հավատով ղեկավարվող կյանքի ուղուն (Բ Կորնթացիս 5:7; Կողոսացիս 1:9, 10)։
2. Ինչո՞ւ ժողովի միջոցառումներին մասնակցելն ինքնին ապացույց չէ այն բանի, որ անհատը հավատ ունի։
2 Եթե իրոք պատրաստվում ենք այդպիսի կյանք վարել, հարկավոր է ունենալ լավ հիմնավորված հավատ (Եբրայեցիս 11։1, 6)։ Շատերը հիացած են Եհովայի վկաների բարոյական բարձր չափանիշներով և այն սիրով, որը նկատվում է նրանց միջև։ Այդպիսի համակրանքը դրական տրամադրվածության մասին է խոսում, սակայն ամենևին էլ չի նշանակում, որ նման մարդիկ հավատ ունեն։ Ոմանք, հնարավոր է, մասնակցում են ժողովի որոշ միջոցառումներին՝ հետևելով ամուր հավատի տեր իրենց ամուսնու կամ ծնողի օրինակին՝ միայն նրանց հանդեպ ունեցած սիրուց դրդված։ Նման ազդեցությունն, իրոք, օրհնություն է տան համար, սակայն դա նույնպես չի փոխարինում այն սիրուն և հավատին, որ մարդն անհատապես տածում է Աստծո հանդեպ (Ղուկաս 10։27, 28)։
3. ա) Հիմնավոր հավատ ունենալու համար ինչպիսի՞ համոզվածություն է հարկավոր մեզ ունենալ Աստվածաշնչի նկատմամբ։ բ) Ինչո՞ւ ոմանք ավելի պատրաստակամորեն են ընդունում Աստվածաշնչի ներշնչված լինելու փաստը, քան ուրիշները։
3 Նրանք, ովքեր իսկապես քայլում են հավատով, միանգամայն համոզված են, որ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։ Բազմաթիվ ապացույցներ գոյություն ունեն, որ Սուրբ Գրություններն իրոք ‘գրուած են Աստծու շնչով’a (Բ Տիմոթէոս 3։16)։ Սրանում համոզվելու համար որքա՞ն ապացույցներ են մարդուն հարկավոր։ Դա կախված է տվյալ անձնավորությունից։ Մի բան, որ լիովին բավարարում է մեկին, չի գոհացնում մեկ ուրիշին։ Որոշ դեպքերում, բազմաթիվ անհերքելի ապացույցներից հետո, այնուամենայնիվ, անհատը կարող է հակառակվել տրամաբանական եզրակացությանը։ Ինչո՞ւ. սրտի խորքում թաքնված ցանկությունների պատճառով (Երեմիա 17։9)։ Այսպիսով՝ թեև անհատը հետաքրքրվում է Աստծո նպատակներով, սակայն նրա սիրտը կարող է փափագել ստանալու աշխարհի հավանությունը։ Նա, թերևս, չցանկանա հրաժարվել Աստվածաշնչի նորմերին հակասող ապրելակերպից։ Սակայն ճշմարտությանը ծարավ, անկեղծ ու խոնարհ անհատը ժամանակի ընթացքում կգիտակցի, որ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։
4. Ի՞նչ է անհատից պահանջվում հավատ ձեռք բերելու համար։
4 Աստվածաշունչն ուսումնասիրողները հաճախ ընդամենը մի քանի ամսում իրենց գնահատանքն են արտահայտում, քանի որ հիանալի ապացույցներ են ստացել այն մասին, թե Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։ Եթե այս տեղեկությունը մղում է բանալու իրենց սրտերը Եհովայից կրթվելու համար, ապա նրանց ամենախոր մտքերը, ցանկություններն ու դրդումներն աստիճանաբար կձևավորվեն իրենց իմացածի համաձայն (Սաղմոս 143։10)։ Հռովմայեցիս 10։10 խոսքն ասում է, թե մարդը «սրտով» է հավատում։ Այդպիսի հավատը ցույց է տալիս անհատի մտածելակերպը, և այն կդրսևորվի նրա կյանքում։
Նոյի գործերը ամուր հավատի վրա էին հիմնված
5, 6. Ինչի՞ վրա էր հիմնված Նոյի հավատը։
5 Նոյն ամուր հավատի տեր անձնավորություն էր (Եբրայեցիս 11։7)։ Ինչի՞ վրա էր հիմնված նրա հավատը։ Նոյը չուներ Աստծո գրավոր խոսքը, սակայն անձամբ հաղորդակցվել էր նրա հետ։ Ծննդոց 6։13 խոսքում գրված է. «Աստուած ասեց Նոյին. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է» »։ Եհովան պատվիրեց Նոյին տապան կառուցել և շինարարության վերաբերյալ մանրամասն հրահանգներ տվեց։ Ապա Աստված ավելացրեց. «Ահա երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ, եւ երկրի վերայ ինչ որ կայ պիտի սատկի» (Ծննդոց 6։14—17)։
6 Աստվածաշնչում չի նշվում, թե այդ դեպքերից առաջ երբևիցե եկել էր անձրև։ Ծննդոց 2։5–ում ասվում է. «Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել»։ Ահա այսպես նկարագրեց դեպքերը Մովսեսը, որն ապրել էր Նոյից դարեր անց՝ խոսելով ոչ թե Նոյի օրերի, այլ նրանից առաջ եղած ժամանակների մասին։ Ինչպես տեսնում ենք Ծննդոց 7։4–ում, Եհովան Նոյի հետ խոսում է անձրևի մասին, և Նոյի համար, անշուշտ, ամեն բան հասկանալի է լինում։ Դեռ ավելին, Նոյը հավատում էր չտեսած բաներին։ Պողոս առաքյալը գրեց, որ Նոյը ‘պատգամ ստացավ դեռեւս անտեսանելի բաների մասին’։ Եհովան Նոյին հայտնեց, որ «ջրհեղեղ» պիտի բերի կամ «երկնային օվկիանոս», ինչպես բացատրում է «Նոր աշխարհ» թարգմանության Ծննդոց 6։17–ի ծանոթագրությունը։ Մինչև այդ ժամանակները նման բան երբևէ չէր պատահել։ Նոյի համար տեսանելի բոլոր ստեղծագործություններն ապացույցն էին այն բանի, թե Աստված իրոք ի զորու էր այդպիսի կործանիչ ջրհեղեղ բերելու։ Հավատից մղված՝ Նոյը կառուցեց տապանը։
7. ա) Աստծո պատվերը կատարելու համար ի՞նչ բանի անհրաժեշտությունը չուներ Նոյը։ բ) Ինչպե՞ս ենք օգտվում Նոյի հավատի մասին խորհելուց, և ինչպե՞ս կարող է մեր հավատն օրհնություն լինել ուրիշների համար։
7 Աստված Նոյին չէր զգուշացրել ջրհեղեղը սկսվելու ժամանակի մասին։ Սակայն Նոյի համար դա սպասողական դիրք բռնելու արդարացուցիչ պատճառ չդարձավ՝ կյանքում երկրորդական տեղ դնելով տապանի կառուցումն ու քարոզը։ Աստված ժամանակին Նոյին հայտնեց տապան մտնելու մասին։ Նույն միջոցին «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդոց 6։22)։ Նոյը հավատով էր ընթանում և ոչ թե երևույթով։ Որքա՜ն երախտապարտ ենք նրան այդպես վարվելու համար։ Նրա հավատի շնորհիվ մենք այսօր ապրում ենք։ Ներկայումս էլ մեր դրսևորած հավատը լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն մեր ապագայի, այլ նաև մեր երեխաների և, ընդհանրապես, բոլոր մարդկանց համար։
Աբրահամի հավատը
8, 9. ա) Ի՞նչն էր Աբրահամի հավատի հիմքը։ բ) Ի՞նչ կերպով Եհովան «երեւաց» Աբրահամին։
8 Այժմ նկատի առնենք Աբրահամի օրինակը (Եբրայեցիս 11։8—10)։ Ինչի՞ վրա էր հիմնված նրա հավատը։ Իր ողջ կյանքը նա անցկացրել էր Քանանի Ուր քաղաքի կռապաշտ և նյութապաշտ մարդկանց միջավայրում։ Սակայն Աբրահամի հայացքները ձևավորվեցին այլ ազդեցությունների ներքո։ Անկասկած, Աբրահամը կարող էր ընկերակցել Նոյի որդու՝ իրենից հարյուր հիսուն տարով մեծ Սեմի հետ։ Աբրահամը համոզված էր, որ Եհովան ‘Բարձրեալ Աստուած է, որ Տէր է երկնքի ու երկրի’ (Ծննդոց 14։22)։
9 Մեկ այլ հանգամանք նույնպես խոր ազդեցություն էր թողել Աբրահամի վրա։ Եհովան «երեւաց.... Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ» » (Գործք 7։2, 3)։ Ի՞նչ կերպով Եհովան «երեւաց» Աբրահամին։ Աբրահամը Եհովային ուղղակիորեն չտեսավ (Ելից 33։20)։ Հնարավոր է, որ Եհովան փառավոր, գերբնական կերպով երևաց Աբրահամին երազում կամ իրեն ներկայացնող հրեշտակի ուղարկեց (համեմատել Ծննդոց 18։1—3; 28։10—15; Ղեւտացոց 9։4, 6, 23, 24)։ Ինչպես էլ որ Եհովան երևացած լիներ Աբրահամին, այդ հավատարիմ մարդը վստահ էր, որ Աստված հիանալի առանձնաշնորհում էր տվել իրեն։ Աբրահամը հավատով արձագանքեց Եհովային։
10. Ինչպե՞ս Եհովան ամրացրեց Աբրահամի հավատը։
10 Աբրահամի հավատը կախված չէր այն երկրի մասին մանրամասնություններ ունենալուց, ուր Աստված ուղարկում էր իրեն։ Նաև նրա հավատը կախված չէր այն բանից, թե երբ այդ երկիրն իրեն կտրվեր։ Նա հավատում էր Եհովային, որովհետև ճանաչում էր նրան որպես Ամենակարող Աստված (Ելից 6։3)։ Սակայն Աբրահամը միաժամանակ զարմացավ, երբ Եհովան իրեն՝ արդեն հասակն առած մարդուն հայտնեց ժառանգ ունենալու լուրը (Ծննդոց 15։3, 4)։ Եհովան ամրացրեց Աբրահամի հավատը՝ նրա ուշադրությունը հրավիրելով անթիվ–անհամար աստղերի վրա։ «Այսպէս կ’լինի քո սերունդը»,— ասաց նա։ Աբրահամը խորապես հուզված էր։ Ակնհայտ էր, որ ակնածանք ներշնչող այդ երկնային մարմինների Ստեղծիչն ի վիճակի էր կատարելու իր խոստումը։ Աբրահամը «հաւատաց Եհովային» (Ծննդոց 15։5, 6)։ Սկզբում նրա համար պարզապես դժվար էր լսածին հավատալը, քանի որ այդ տեղեկությունը չափազանց հաճելի էր նրան։ Սակայն նա, ինչ խոսք, ամուր հավատ ուներ։
11. ա) Երբ Աբրահամը մոտ հարյուր տարեկան էր, ինչպե՞ս արձագանքեց Աստծո խոստմանը, թե տարեց Սարրան որդի կծնի։ բ) Ինչպիսի՞ հավատով Աբրահամը դիմավորեց փորձությունը, որն իր որդուն Մորիա սարի վրա զոհաբերելն էր։
11 Երբ Աբրահամը հարյուր տարեկանին մոտ էր, իսկ կինը՝ Սարան, իննսունին, Եհովան կրկին հիշեցրեց իր խոստումը, թե Աբրահամը որդի կունենա, իսկ Սարան մայրը կլինի։ Աբրահամը իրապաշտորեն էր նայում իրենց հանգամանքներին։ «Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է» (Հռովմայեցիս 4։19—21)։ Աբրահամը գիտեր, որ Աստծո խոստումը չի կարող ձախողվել։ Հետագայում, հավատից դրդված, նա հնազանդվեց, երբ Աստված պատվիրեց նրան վերցնել իր որդուն՝ Իսահակին, գնալ Մորիայի երկիրը և ողջակեզ անել նրան (Ծննդոց 22։1—12)։ Աբրահամը լիովին վստահ էր, որ հրաշքով իրեն որդի պարգևած Աստվածը կարող է նաև կյանքի վերադարձնել նրան, որպեսզի կատարի սերնդի հետ կապված իր հետագա խոստումները (Եբրայեցիս 11։17—19)։
12. Որքա՞ն ժամանակ Աբրահամը շարունակեց հավատով ընթանալ, և ի՞նչ պարգև է սպասվում նրան ու ամուր հավատ ցուցաբերած նրա ընտանիքի անդամներին։
12 Աբրահամը ցույց տվեց, որ հավատով ղեկավարվում էր ոչ միայն հատուկենտ դեպքերում, այլ՝ շարունակ։ Իր ողջ կյանքի ընթացքում Խոստացյալ երկրից նա մի մաս անգամ չստացավ որպես ժառանգություն (Գործք 7։5)։ Բայց և այնպես, Աբրահամը չձանձրացավ և ետ չդարձավ քաղդեացիների Ուր քաղաքը։ Շուրջ հարյուր տարի շարունակ այն երկրում, ուր Աստված ուղարկել էր նրան, մինչև մահ ապրեց վրաններում (Ծննդոց 25։7)։ Աբրահամի և նրա կնոջ՝ Սարայի, նրանց որդու՝ Իսահակի և թոռան՝ Հակոբի վերաբերյալ Եբրայեցիս 11։16–ում ասվում է. «Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար»։ Այո, Եհովան իրենց համար տեղ է պատրաստել իր Մեսիական Թագավորության երկրային ոլորտում։
13. Եհովայի ծառաներից այսօր ովքե՞ր են ապացուցում, որ Աբրահամի նման հավատ ունեն։
13 Այսօր Եհովան Աբրահամի նման ծառաներ ունի։ Տարիներ շարունակ նրանք քայլում են հավատով՝ Աստծու շնորհած ուժով հաղթահարելով սարի նման խոչընդոտները (Մատթէոս 17։19)։ Նրանց հավատը չի տատանվում այն բանից, որ ստույգ չգիտեն, թե երբ է Եհովան պատրաստվում նրանց շնորհել խոստացած ժառանգությունը։ Նրանք գիտեն, որ Եհովայի խոսքը չի կարող ձախողվել և անգնահատելի առանձնաշնորհում են համարում նրա Վկաները լինելը։ Իսկ դուք համամի՞տ եք։
Մովսեսին մղող հավատը
14. Ինչպե՞ս էր դրվել Մովսեսի հավատի հիմքը։
14 Հավատի մեկ այլ օրինակն է Մովսեսը։ Ո՞րն էր նրա հավատի հիմքը։ Այն դրվել էր դեռ մանկությունից։ Չնայած որ փարավոնի աղջիկն էր Մովսեսին որդեգրել Նեղոս գետում պապիրուսե արկղի մեջ գտնելուց հետո, սակայն մայրը հրեուհի Հոքաբեդն էր, որը մեծացրեց տղային և խնամեց նրան մանկության վաղ տարիներին։ Հոքաբեդն, ակներևաբար, լավ դաստիարակություն է տալիս Մովսեսին՝ սեր ու բարձր գնահատանք ներշնչելով Եհովայի և Աբրահամին տված նրա խոստումների հանդեպ։ Հետագայում, լինելով փարավոնի տան անդամը, Մովսեսը «եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց» (Գործք 7։20—22; Ելից 2։1—10; 6։20; Եբրայեցիս 11։23)։ Չնայած Մովսեսի արտոնյալ դիրքին՝ նրա սիրտը Աստծո գերված ժողովրդի հետ էր։
15. Մովսեսի համար ի՞նչ էր նշանակում Եհովայի ժողովրդին միանալը։
15 Քառասուն տարեկան հասակում Մովսեսը մի եգիպտացու է սպանում իսրայելացիներից մեկի հետ վերջինիս անարդարացի վերաբերմունքի պատճառով։ Այս դեպքը ցույց է տալիս, թե Մովսեսն ինչպես էր վերաբերվում Աստծո ժողովրդին։ Իսկապես, «հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել»։ Որպես եգիպտական արքունիքի անդամ՝ «միառժամանակ մեղապարտ հաճոյքներ» վայելելու փոխարեն, նա, հավատից դրդված, միացավ Աստծո բազմաչարչար ժողովրդին (Եբրայեցիս 11։24, 25; Գործք 7։23—25)։
16. ա) Ի՞նչ առաջադրանք Եհովան տվեց Մովսեսին և ինչպե՞ս օգնեց նրան։ բ) Իր առաջադրանքը կատարելիս Մովսեսն ինչպե՞ս հավատ ցուցաբերեց։
16 Մովսեսը տենչում էր ազատագրել իր ժողովրդին, սակայն նրանց փրկելու Աստծո ժամանակը դեռ չէր հասել։ Նա ստիպված էր փախչել Եգիպտոսից։ Այդ դեպքից միայն քառասուն տարի հետո Եհովան հրեշտակի միջոցով հանձնարարեց Մովսեսին Եգիպտոս վերադառնալ այդ երկրից իսրայելացիներին դուրս բերելու համար (Ելից 3։2—10)։ Մովսեսն ինչպե՞ս արձագանքեց։ Նա չկասկածեց Իսրայելին ազատագրելու Եհովայի զորության վրա, սակայն սեփական անձն անկարող համարեց Աստծո տված հանձնարարությունը կատարելու համար։ Սիրալիր կերպով Եհովան քաջալերեց Մովսեսին, ինչի շնորհիվ նրա հավատն ամրացավ (Ելից 3։11—4։17)։ Վերադառնալով Եգիպտոս՝ երես առ երես բազմիցս փարավոնին զգուշացնում է Եգիպտոսի վրա գալիք պատուհասների մասին այն պատճառով, որ փարավոնը թույլ չէր տալիս իսրայելացիներին գնալ Եհովային երկրպագելու։ Մովսեսն ինքը չուներ այդ պատուհասները բերելու զորությունը։ Նա հավատով էր գնում, ոչ թե երևույթով։ Նրա հավատն ուղղված էր դեպի Եհովան ու նրա խոսքը։ Փարավոնը սպառնաց Մովսեսին, սակայն Մովսեսը հաստատակամություն հանդես բերեց։ «Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում» (Եբրայեցիս 11։27)։ Մովսեսը կատարյալ չէր, հետևաբար, նա սխալներ գործեց (Թուոց 20։7—12)։ Այնուամենայնիվ, Աստծուց առաջադրանք ստանալուց հետո իր ողջ կյանքը հավատով ղեկավարվեց։
17. Ի՞նչ արդյունքի հասան Նոյը, Աբրահամը և Մովսեսը հավատով ընթանալով՝ չնայած այն բանին, որ նրանք այդպես էլ չտեսան Աստծո նոր աշխարհը։
17 Թող քո հավատն էլ նման լինի Նոյի, Աբրահամի և Մովսեսի դրսևորած հավատին։ Ճիշտ է, նրանք չտեսան Աստծո նոր աշխարհը (Եբրայեցիս 11։39)։ Աստծո սահմանած ժամանակը դեռ չէր հասել. նրա նպատակի այլ երեսակներ էլ դեռ պետք է ամբողջացվեին։ Ու, չնայած դրան, նրանց հավատն Աստծո խոսքի հանդեպ անսասան էր, և նրանց անունները գրված են Աստծո կենաց գրքում։
18. Երկնային կյանքի կանչվողներն ինչո՞ւ պիտի հավատով ընթանային։
18 «Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել»,— գրում է Պողոս առաքյալը։ Այսինքն՝ Աստված ավելի լավն է նախատեսել նրանց համար, ովքեր Պողոսի նման Քրիստոսի հետ երկնային կյանքի են կանչված (Եբրայեցիս 11։40)։ Պողոսը հատկապես այդ կանչվածներին նկատի ուներ, երբ գրեց. «Հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած» (Բ Կորնթացիս 5։7)։ Այս խոսքերը գրվելիս՝ նրանցից ոչ մեկը դեռ չէր ստացել երկնային պարգևը։ Նրանք ի վիճակի չէին այդ պարգևը տեսնելու, սակայն նրանց հավատն այդ հարցում ամուր հիմքերի վրա էր։ Քրիստոսը հարություն առավ մեռելներից՝ երկնային կյանքի ժառանգորդներից անդրանիկը դառնալով։ Մինչ իր երկինք համբարձվելը շուրջ հինգ հարյուր վկաների երևաց (Ա Կորնթացիս 15։3—8)։ Սա բավական էր, որպեսզի իրենց ողջ կյանքում այդ հավատով ղեկավարվեին։ Մենք նույնպես հավատով ընթանալու հիմնավոր պատճառներ ունենք։
19. Ըստ Եբրայեցիս 1։1, 2 խոսքերի՝ Աստված մեզ հետ ո՞ւմ միջոցով է խոսում։
19 Այսօր Եհովան իր ժողովրդի հետ չի խոսում հրեշտակի միջոցով, ինչպես վարվեց Մովսեսի հետ այրվող մորենու մոտ։ Աստված խոսում է իր Որդու միջոցով (Եբրայեցիս 1։1, 2)։ Նրա միջոցով Աստծո բոլոր ասածները արձանագրված են աշխարհի բազմաթիվ լեզուներով թարգմանված Աստվածաշնչում։
20. Ինչո՞վ է մեր դրությունը Նոյի, Աբրահամի և Մովսեսի դրությունից ավելի լավը։
20 Մենք Նոյից, Աբրահամից և Մովսեսից շատ ավելին ունենք։ Ունենք Աստծո Խոսքն ամբողջապես, որի մեծ մասն արդեն կատարվել է։ Նկատի առնելով այն ամենը, ինչ Աստվածաշունչը պատմում է տղամարդկանց և կանանց տարբեր փորձությունների մասին, որոնց ներքո վերջիններս իրենց դրսևորել են որպես Եհովայի հավատարիմ վկաներ, Եբրայեցիս 12։1–ը հորդորում է. «Դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»։ Հավատն անկարելի է ընդունել որպես ինքնաբերաբար պահպանվող մի ընթացք։ «Մեզ դիւրաւ պաշարող մեղքը» հավատի պակասն է։ Եթե ցանկանում ենք շարունակել ‘հավատով ընթանալ’, մեզ հարկավոր է եռանդուն պայքար մղել։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Ի՞նչ է նշանակում ‘հավատով ընթանալ’
◻ Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել Նոյի դրսևորած հավատից
◻ Ինչպե՞ս է Աբրահամի ցուցաբերած հավատն օգնում մեզ
◻ Ինչո՞ւ է Աստվածաշունչը Մովսեսի հավատը մեզ օրինակ բերում
[նկար 10–րդ էջի վրա]
Աբրահամը հավատով էր գնում
[նկար 10–րդ էջի վրա]
Մովսեսն ու Ահարոնը հավատ ցուցաբերեցին փարավոնի առջև