Կյանք մահից հետո. ի՞նչ է ասում Աստվածաշունչը
«Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։
1, 2. ա) Ի՞նչ տարբեր տեսակետներ գոյություն ունեն հանդերձյալ կյանքի վերաբերյալ։ բ) Ի՞նչ պետք է քննարկել հասկանալու համար, թե ի՛նչ է Աստվածաշունչը սովորեցնում հոգու մասին։
«Հավիտենական տանջանքի գաղափարն անհամատեղելի է այն մտքի հետ, թե Աստված սիրում է իր ստեղծագործություններին.... Հավատալ հավիտենական պատժին, որը բաժին է ընկնում հոգուն մի քանի տարում իր գործած սխալների համար, և, ընդ որում, ուղղվելու ոչ մի հնարավորություն նրան չի տրվում, նշանակում է ամբողջովին մերժել բանականության ձայնը»,— ասել է հնդուական փիլիսոփա Նիկիլանանդան։
2 Այսօր էլ Նիկիլանանդայի նման շատերը դժվարանում են ընդունել հավերժական տանջանքի մասին ուսմունքը։ Միևնույն պատճառով ուրիշները չեն կարողանում ըմբռնել Նիրվանային հասնելու և բնությանը միաձուլվելու կոնցեպցիաները։ Նույնիսկ նրանք, ովքեր պնդում են, թե իրենց հայացքներն Աստվածաշնչով են հիմնավորում, իրարից տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ինչ է հոգին և ինչ է կատարվում նրա հետ մարդու մահից հետո։ Սակայն, իրականում, Աստվածաշունչը ի՞նչ է սովորեցնում հոգու մասին։ Դա հասկանալու համար եկեք տեսնենք Աստվածաշնչում «հոգի» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերի նշանակությունները։
Հոգին՝ ըստ Աստվածաշնչի
3. ա) Ո՞ր բառն է Եբրայերեն գրություններում «հոգի» թարգմանված, և ո՞րն է նրա հիմնական նշանակությունը։ բ) Ինչպե՞ս է Ծննդոց 2։7–ը հաստատում, որ «հոգի» բառը մատնանշում է ամբողջ անձնավորությանը։
3 Եբրայերեն «նե՛ֆեշ» բառը, որը թարգմանված է որպես «հոգի», Եբրայերեն գրություններում հանդիպում է 754 անգամ։ Ի՞նչ է նշանակում «նե՛ֆեշը»։ Ըստ «Աստվածաշնչի և կրոնի բառարանի» («The Dictionary of Bible and Religion»)՝ այս բառը «սովորաբար գործածվում է կենդանի արարածին՝ անձնավորությանն ամբողջությամբ ներկայացնելու համար»։ Այս միտքը հաստատում է հոգու վերաբերյալ Աստվածաշնչի տված նկարագրությունը, որը կարելի է գտնել Ծննդոց 2։7–ում. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ»։ Նկատեցե՛ք, որ առաջին մարդը «հոգի եղաւ», այսինքն՝ նա ոչ թե հոգի ուներ, այլ հենց ինքն էր հոգի, ճիշտ այնպես, ինչպես բժիշկ դարձող անհատն է բժիշկ։ Ուստի, «հոգի» բառն այստեղ ամբողջապես ներկայացնում է անձնավորությանը։
4. Ո՞ր բառն է Հունարեն գրություններում «հոգի» բառով թարգմանված, և ի՞նչ է այն նշանակում։
4 «Հոգի» թարգմանված բառը՝ «փսիխե՛», քրիստոնեական Հունարեն գրություններում հանդիպում է ավելի քան հարյուր անգամ։ Ինչպես «նե՛ֆեշը», այս բառը ևս հաճախ վերաբերվում է անձնավորությանն ամբողջովին վերցրած։ Որպես օրինակ՝ նկատի առնենք հետևյալ համարները՝ «արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել» (Մարկոս 3։4, ԱԹ), «հոգիս խռովուած է» (Յովհաննէս 12։27), «կը փրկի նրա հոգին մահուանից» (Յակոբոս 5։20), «այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից» (Ա Պետրոս 3։20), «արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը» (Բ Պետրոս 2։8, ԱԹ)։ Հստակ է, ուրեմն, որ «փսիխե՛ն», ինչպես և «նե՛ֆեշը», որոշակիորեն վերաբերվում են ողջ անձնավորությանը։ Գիտնական Նայջիլ Թըրնըրը նշում է, որ այդ բառով «ներկայացվում է ինքը մարդը՝ նրա նյութական մարմինը, որի մեջ Աստված փչել է «ռուախը» [ոգին].... Խոսքը մարդու ողջ էության մասին է»։
5. Արդյոք կենդանիները հոգինե՞ր են։ Բացատրե՛ք։
5 Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում «հոգի» բառը գործածվում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։ Օրինակ՝ ինչպես կարդում ենք Ծննդոց 1։20–ում, ստեղծելով ծովային կենդանիներին, Աստված կարգադրեց. «Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով [«կենդանի հոգիներով», ՆԱ]»։ Ստեղծագործական հաջորդ օրվա մեջ Աստված ասաց. «Երկիրը շնչաւոր կենդանի [«կենդանի հոգիներ», ՆԱ] հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։24; համեմատեք Թուոց 31։28, ՆԱ)։
6. Ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչում «հոգի» բառի գործածության մասին։
6 Ուստի, կարող ենք եզրակացնել, որ Աստվածաշնչում օգտագործված «հոգի» բառը վերաբերվում է մարդուն կամ կենդանուն, ինչպես նաև կյանքին, որով օժտված են և՛ մարդիկ, և՛ անասունները (տեսեք շրջանակը վերևում)։ Աստվածաշունչը «հոգի» բառը սահմանում է շատ պարզ, հետևողականորեն և չի ծանրաբեռնում մեզ փիլիսոփայական խճճեցնող ուսմունքներով ու մարդկային սնահավատությամբ։ Եթե այդպես է, ապա անչափ կարեվոր հարց է ծագում՝ ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվան պահին։
Մահացածները գտնվում են անգիտակից վիճակում
7, 8. ա) Ի՞նչ են ասում Գրությունները մահացածների վիճակի մասին։ բ) Աստվածաշնչից բերեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ հոգին կարող է մահանալ։
7 Մահացածների վիճակը պարզորոշ նկարագրվում է Ժողովող 9։5, 10 համարներում, որտեղ կարդում ենք. «Մեռածները ոչինչ չգիտեն.... գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն» (ԷԹ)։ Հետևաբար, մահը չգոյության վիճակ է։ Սաղմոսերգուն գրեց այն մասին, որ մահանալով մարդը «դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։ Եվ այսպես՝ մահացածներն անգիտակից և անգործունյա վիճակում են գտնվում։
8 Ադամի նկատմամբ դատավճիռ կայացնելիս՝ Աստված ասաց. «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Մինչ հողի փոշուց Ադամին ստեղծելը և նրան կյանք տալը, Ադամը գոյություն չուներ։ Մահանալով՝ Ադամը վերադարձավ այդ նախկին վիճակին։ Նրա պատիժը մահն էր, ոչ թե գոյության մեկ այլ ոլորտ տեղափոխվելը։ Իսկ ի՞նչ պատահեց Ադամի հոգու հետ, երբ նա մահացավ։ Քանի որ Աստվածաշնչում «հոգի» բառը հաճախ վերաբերվում է «անձին», ուստի, երբ ասում ենք, որ Ադամը մահացավ, նկատի ենք ունենում այն, որ Ադամ անունով հոգին մահացավ։ Թերևս սա անսովոր արտահայտություն թվա նրանց, ովքեր հավատում են հոգու անմահությանը։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչում ասվում է. «Մեղանչող անձը [«հոգին», ՆԱ, եբրայերեն՝ «նե՛ֆեշ»] ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4)։ Յեսու 10։30–ում խոսվում է ‘սրի բերանով զարկված հոգիների’ մասին։ Իսկ ուխտավորներին զգուշացվել էր, որպեսզի չմոտենան «մեռած մարմնի» («մեռած հոգու», ՆԱ) (Թուոց 6։6)։
9. Ինչպե՞ս հասկանալ Աստվածաշնչի այն խոսքերը, թե Ռաքելի հոգին «դուրս էր գալիս» նրանից։
9 Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռաքելի ողբերգական վախճանի մասին, երբ նա մահացավ իր երկրորդ որդուն ծննդաբերելիս։ Ծննդոց 35։18–ում կարդում ենք. «Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան»։ Այս խոսքերն ապացուցո՞ւմ են, որ մահվան պահին Ռաքելից ինչ–որ ներքին էություն անջատվեց։ Բոլորովին էլ ոչ։ Հիշեք, որ «հոգին» նշանակում է նաև կյանք, որով օժտված է մարդը։ Ուստի, տվյալ դեպքում «հոգի» բառը պարզապես նշանակում է Ռաքելի «կյանքը»։ Սա որպես հիմք ընդունելով՝ Աստվածաշնչի այլ թարգմանություններ «հոգին դուրս էր գալիս» նախադասությունը ներկայացրել են հետևյալ կերպ՝ «նրա կյանքը մարեց» («Նոքս»), «իր վերջին շունչը փչեց» («Երուսաղեմի Աստվածաշունչ»), «մահացավ, ծնելով այդ որդուն և մահանալիս տվեց նրան Բենոնի անունը» («Սովրեմեննի պերեվոդ»)։ Այս համարներում ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե Ռաքելից ինչ–որ խորհրդավոր մաս նրա մահից հետո շարունակեց ապրել։
10. Ի՞նչ իմաստով այրի կնոջ վերակենդանացած որդու «հոգին իր մարմնին դարձաւ»։
10 Նույն սկզբունքը կիրառելի է նաև Գ Թագաւորաց 17–րդ գլխի համար, որտեղ պատմվում է այրի կնոջ որդու հարության մասին։ 22–րդ համարում (Արևմտահայերեն Աստվածաշունչ) կարդում ենք, որ երբ Եղիան մահացած երեխայի վրա աղոթեց, «Տէրը Եղիային ձայնը լսեց ու տղուն հոգին իր մարմնին դարձաւ եւ անիկա կենդանացաւ»։ Կրկին անգամ «հոգի» բառը նշանակում է կյանք։ Կրկին ռուսերեն «Սովրեմեննի պերեվոդ»–ում կարդում ենք. «Տղայի կյանքն իրեն վերադարձավ, և նա կենդանացավ»։ Այո՛, խոսքը կյանքի, և ոչ թե ինչ–որ երևութական էության մասին էր, որը ետ վերադարձավ դեպի տղայի մարմինը։ Սա են հաստատում Եղիայի խոսքերը, որը, դիմելով երեխայի մորը, ասաց. «Տես որդիդ [անձնավորությունն ամբողջությամբ] կենդանի է» (Գ Թագաւորաց 17։23)։
Ի՞նչ է «ոգին»
11. Ինչո՞ւ «ոգի» բառը չի վերագրվում մարդու մահը վերապրող անմարմին ինչ–որ մասնիկի։
11 Աստվածաշնչում նշվում է, որ մահանալիս մարդու «ոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա» (Սաղմոս 146։4, ՆԱ)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ անմարմին ոգին բառի բուն իմաստով անջատվում է մարմնից և մարդու մահից հետո շարունակում ապրել։ Ինչպես երևում է սաղմոսերգուի հաջորդ խոսքերից, դա այդպես չէ. «Նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները»,— ասում է նա։ Ի՞նչ է, ուրեմն, ոգին, և ինչպե՞ս է այն ‘դուրս գալիս’ մահվան պահին։
12. Ի՞նչ իմաստ են բովանդակում «ոգի» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը Աստվածաշնչում։
12 Աստվածաշնչում հանդիպող «ոգի» թարգմանված բառի (եբրայերեն՝ ռո՛ւախ, հունարեն՝ պնևմա) հիմնական նշանակությունը «շունչն» է։a Ուստի, «նրա ոգին դուրս կգա» թարգմանելու փոխարեն Ռ. Նոքսն օգտագործում է «շունչը թողնում է մարմինը» արտահայտությունը (Սաղմոս 145։4)։ Սակայն «ոգի» բառն ավելին է ընդգրկում, քան միայն շնչառության պրոցեսը։ Օրինակ՝ համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ մարդկանց և կենդանիների կործանման մասին Ծննդոց 7։22–ն ասում է. «Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ [կամ՝ ոգի, եբրայերեն՝ ռո՛ւախ] կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան»։ Այսպիսով՝ «ոգի» բառը կարող է կրել կենդանության շնչի՝ կյանքի ուժի իմաստը, որը գործում է բոլոր ապրող արարածների՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մեջ և որը պահպանվում է շնչառությամբ։
13. Ի՞նչ իմաստով է ոգին մարդու մահից հետո վերադառնում Աստծո մոտ։
13 Այդ դեպքում ինչո՞ւ ենք Ժողովող 12։7–ում կարդում, որ երբ մարդը մահանում է, նրա «հոգին [եբրայերեն՝ ռո՛ւախ կամ ոգի], որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ» (ԷԹ)։ Ինչպե՞ս հասկանալ այս խոսքերը՝ այն, որ ոգին, կտրել–անցնելով դատարկ տարածությունը, ուղևորվում է Աստծո մո՞տ։ Նման միտք այստեղ ամփոփված չէ։ Քանի որ ոգին կյանքի ուժն է, ապա այն «պիտի վերստին [Աստծո] մօտ գնայ» այն իմաստով, որ մահացածի համար ապագա կյանքի հույսն ամբողջովին կախված է Աստծուց։ Միայն Աստված կարող է վերադարձնել ոգին կամ կյանքի ուժը, որի շնորհիվ մարդը կարող է նորից կյանք ստանալ (Սաղմոս 104։30, ՆԱ)։ Բայց արդյո՞ք Աստված մտադիր է մարդուն կյանքի վերադարձնել։
«Յարութիւն կ’առնի»
14. Ի՞նչ ասաց Հիսուսը Ղազարոսի մահից հետո, որպեսզի մխիթարի նրա քույրերին, և այնուհետև ի՞նչ արեց նա։
14 Երուսաղեմից դեպի արևելք երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեթանիա գյուղում երկու քույրեր՝ Մարթան և Մարիան, ողբում էին իրենց եղբոր՝ Ղազարոսի վաղաժամ մահը։ Հիսուսը մասնակից էր նրանց վշտին, քանի որ Ղազարոսի ու նրա քույրերի մտերիմն էր։ Ինչպե՞ս նա սփոփեց այդ քույրերին. ոչ թե խճճված պատմություններ պատմելով մահացածների մասին, այլ պարզ ճշմարտությունն ասելով. «Քո եղբայրը յարութիւն կ’առնի»,— վստահեցրեց նա։ Ապա մոտեցավ գերեզմանին և հարություն տվեց Ղազարոսին՝ կյանքի վերադարձնելով չորս օրվա մահացած մարդուն (Յովհաննէս 11։18—23, 38—44)։
15. Ինչպե՞ս արձագանքեց Մարթան Հիսուսի խոսքերին և կատարածին։
15 Արդյո՞ք Հիսուսի խոսքերը, թե՝ Ղազարոսը «յարութիւն կ’առնի», զարմացրին Մարթային։ Ըստ երևույթին ոչ, քանի որ վերջինս պատասխանեց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ’առնի»։ Մինչ այդ Մարթան արդեն հավատում էր հարության խոստումին։ Իսկ Հիսուսն ասաց նրան. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ’ապրի» (Յովհաննէս 11։23—25)։ Հրաշքով տեղի ունեցած Ղազարոսի հարությունն ավելի ամրացրեց նրա հավատը և, բացի այդ, ուրիշներին նոր հավատ ներշնչեց (Յովհաննէս 11։45)։ Բայց ի՞նչ է նշանակում «հարություն» բառը։
16. Ի՞նչ է նշանակում «հարություն» բառը։
16 «Հարություն» բառը թարգմանված է հունարեն «անա՛ստասիս» բառից, որը բառացի նշանակում է «կրկին կանգնել»։ Եբրայերենի թարգմանիչները հունարեն «անա՛ստասիս» բառը թարգմանել են «թեխիյա՛տ համմեթի՛մ» արտահայտությամբ, որը նշանակում է «մահացածների վերադարձը դեպի կյանք»։b Սրանից հետևում է, որ հարությունը դա մարդու վերադարձն է մահվան անկենդան վիճակից՝ միևնույն անձնավորության վերակերտումը իր բոլոր առանձնահատկություններով։
17. ա) Ինչո՞ւ մարդկանց հարություն տալը դժվար չէ Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի համար։ բ) Ի՞նչ խոստացավ Հիսուսը նրանց համար, ովքեր գերեզմաններում են գտնվում։
17 Անսահման իմաստության և կատարյալ հիշողության տեր Եհովա Աստված հեշտությամբ կարող է մարդուն հարություն տալ։ Նրան դժվար չէ մտաբերել մահացածի բնավորության գծերը, անցյալը և նրան հատուկ խառնվածքը (Յոբ 12։13; համեմատեք Եսայիա 40։26)։ Բացի դրանից, Ղազարոսի հարության դեպքը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը և՛ կամենում է, և՛ ի վիճակի է հարություն տալու մահացածներին (համեմատեք Ղուկաս 7։11—17; 8։40—56)։ Ահա թե ինչ ասաց նա. «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Այո՛, Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր Եհովայի հիշողության մեջ են, հարություն կառնեն։ Հստակ է, ուրեմն, որ, ըստ Աստվածաշնչի, հոգիները մահանում են, և մահվան կապանքներից ազատվելու միակ ճանապարհը հարությունն է։ Բայց չէ՞ որ միլիարդավոր մարդիկ են ծնվել ու մահացել։ Ովքե՞ր են նրանք, որոնց հարություն տալու համար հիշում է Աստված։
18. Ովքե՞ր են հարություն առնելու։
18 Հարություն կառնեն նրանք, ովքեր ծառայել են Եհովային և քայլել արդարության ճանապարհով։ Բայց միլիոնավոր մարդիկ մահացել են՝ այդպես էլ ցույց չտալով, թե արդյոք կուզեի՞ն ապրել Աստծո արդար չափանիշների համաձայն։ Նրանք կամ անտեղյակ են եղել Եհովայի պահանջներից կամ էլ չեն հասցրել անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց կյանքում։ Այդպիսի անհատներին Աստված նույնպես հիշում է, և նրանք ևս հարություն կառնեն, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։
19. ա) Հարության հետ կապված ի՞նչ տեսիլք ստացավ Հովհաննես առաքյալը։ բ) Ի՞նչն է նետվելու «կրակէ լճի մէջ», և ինչպե՞ս հասկանալ այդ խոսքերը։
19 Հովհաննես առաքյալին տրվեց հրաշք–տեսիլք, որտեղ հարություն առածները կանգնած էին Աստծո գահի առջև։ Նկարագրելով այդ տեսիլքը՝ Հովհաննեսը գրեց. «Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ» (Յայտնութիւն 20։12—14)։ Խորհե՛ք, թե ի՛նչ է դա նշանակում։ Աստծո հիշողության մեջ գտնվող բոլոր անհատները կազատագրվեն շեոլից (եբրայերեն) կամ հադեսից (հունարեն)՝ մարդկության ընդհանուր գերեզմանից (Սաղմոս 16։10; Գործք 2։31)։ Այնուհետև «մահը եւ դժոխքը [«հադեսը», ՆԱ]» կնետվեն, այսպես կոչված, «կրակէ լճի մէջ», որը վերջնական ոչնչացում է խորհրդանշում։ Մարդկության ընդհանուր գերեզմանն այլևս գոյություն չի ունենա։
Չքնաղ հեռանկար
20. Ինչպիսի՞ պայմաններում են հարություն առնելու միլիոնավոր մահացած մարդիկ։
20 Հարության ժամանակ դատարկ Երկրի վրա չէ, որ պիտի վերադառնան միլիոնավոր մարդիկ (Եսայիա 45։18)։ Նրանք կարթնանան հրաշալի միջավայրում, որտեղ նրանց համար արդեն պատրաստի բնակավայր, հագուստեղեն և առատ կերակուր կլինի (Սաղմոս 67։6; 72։16; Եսայիա 65։21, 22)։ Ո՞վ է այս բոլոր նախապատրաստությունները տեսնելու։ Ակներևաբար այն մարդիկ, ովքեր ապրելու են երկրի վրա մինչև երկրային հարության սկսվելը։ Բայց ովքե՞ր են նրանք։
21, 22. Ի՞նչ չքնաղ հեռանկար է սպասվում նրանց, ովքեր ապրում են «վերջին օրերում»։
21 Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ մենք այսօր ապրում ենք իրերի ներկա համակարգի «վերջին օրերում»c (Բ Տիմոթէոս 3։1)։ Եհովա Աստված մտադիր է շատ շուտով միջամտելու մարդկանց գործերին և երկրի երեսից սրբելու չարությունը (Սաղմոս 37։10, 11; Առակաց 2։21, 22)։ Այդ ժամանակ ի՞նչ կպատահի նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են Աստծուն։
22 Եհովան արդարներին չարերի հետ միասին չի կործանելու (Սաղմոս 145։20)։ Նախկինում նա երբեք այդպես չի վարվել և հիմա էլ նման կերպ չի վարվի, երբ Երկիրը մաքրի չարությունից (համեմատեք Ծննդոց 18։22, 23, 26)։ Աստվածաշնչի եզրափակիչ գրքում նկարագրվում է «մի մեծ բազմութիւն, – որին թիւ չկար, – բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից», որոնք դուրս էին եկել «մեծ նեղութիւնիցը» (ԱԹ) (Յայտնութիւն 7։9—14)։ Այո՛, մի մեծ բազմություն է վերապրելու մեծ նեղությունից, որի ժամանակ ներկա չար աշխարհն իր վախճանին կհասնի, իսկ փրկվածները կմտնեն Աստծո նոր աշխարհ։ Այնտեղ հնազանդ մարդիկ լիովին կօգտվեն Աստծո այն հոյակապ կարգադրություններից, որոնք նա նախատեսել է մարդկությանը մեղքից ու մահից ազատագրելու համար (Յայտնութիւն 22։1, 2)։ Այսպիսով՝ «մեծ բազմութիւնը» կարող է երբեք մահ չտեսնել։ Ի՜նչ չքնաղ հեռանկար։
Կյանքն առանց մահի
23, 24. Ի՞նչ պետք է անել Դրախտ–երկրի վրա հավիտյան ապրելու համար։
23 Բայց իրո՞ք արժանահավատ հույս է դա։ Անկասկա՛ծ։ Հիսուս Քրիստոսն ինքը խոստացավ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ երբեք այլևս չեն մահանա։ Իր բարեկամ Ղազարոսին հարություն տալուց առաջ նա ասաց Մարթային. «Ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Յովհաննէս 11։26)։
24 Կցանկանայի՞ք հավիտյան ապրել Դրախտ–երկրի վրա։ Ուզո՞ւմ եք կրկին տեսնել ձեր սիրելի հարազատներին։ «Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան»,— գրում է Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 2։17)։ Այժմ ժամանակն է իմանալու, թե ինչո՛ւմն է կայանում Աստծո կամքը և դրա հետ ներդաշնակ ապրելու համար վճռականություն ցուցաբերելու։ Ապա Աստծո կամքն արդեն կատարող միլիոնավոր այլ մարդկանց հետ միասին կարող եք հավիտյան ապրել Դրախտ–երկրի վրա։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում «ռո՛ւախ» և «պնևմա» բառերը, առանց որևէ խտրականության, թարգմանված են հոգի, շունչ կամ ոգի։
b Թեև «հարություն» բառը չի գործածված Եբրայերեն գրություններում, սակայն հարության հույսը պարզորոշ կերպով երևում է Յոբ 14։13, Դանիէլ 12։13 և Ովսէէ 13։14 համարներում։
c Նայեցե՛ք «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, էջ 98—107, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Հիշո՞ւմ եք
◻ Ո՞րն է «հոգի» թարգմանված բառի հիմնական իմաստը, ինչպես երևում է նրա բնագրային լեզուներից։
◻ Ի՞նչ է հոգու հետ պատահում մահից հետո։
◻ Ըստ Աստվածաշնչի՝ ինչպե՞ս կարելի է ազատվել մահից։
◻ Ի՞նչ չքնաղ հեռանկար է սպասվում հավատարիմ անհատներին։
[շրջանակ 27–րդ էջի վրա]
«Հոգին»՝ որպես կյանք, որով օժտված են ստեղծվածները
Երբեմն «հոգի» բառը վերագրվում է կյանքին, որով օժտված են մարդիկ և կենդանիները։ Սա չի հակասում «հոգի» բառի Աստվածաշնչի սահմանմանը, որը նշանակում է մարդ կամ կենդանի։ Օրինակ, երբ ասում ենք կենդանի մարդ, դա մատնանշում է ապրող արարածին։ Սակայն մարդու համար կարող ենք նաև ասել, որ նա կյանք ունի։ Նմանապես մարդն ինքը հոգի է, և, քանի որ խոսքը ապրող՝ կենդանի մարդու մասին է, կարող ենք ասել, որ մարդ «հոգի» ունի։
Քննարկենք այն դեպքը, երբ Աստված ասաց Մովսեսին. «Մեռան այն ամեն մարդիկ, որ քո հոգին որոնում էին» (Ելից 4։19, ՆԱ)։ Խոսքն այստեղ Մովսեսի թշնամիների մասին է, որոնք փնտրում էին նրա կյանքը։ «Հոգի» բառը նույն իմաստով գործածված է նաև Աստվածաշնչի հետևյալ տեղերում՝ «մարմնի հոգին արիւնումն է» (Ղեւտացոց 17։11), «հեզութեամբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները» (Յակոբոս 1։21)։ Բերված այս բոլոր օրինակներում «հոգի» բառը նշանակում է «կյանք»։
[նկարներ 27–րդ էջի վրա]
Նրանք բոլորը հոգիներ են։
[թույլտվությամբ]
Կոլիբրի. U.S. Fish and Wildlife Service, Washington, D.C./Dean Biggins։
[նկար 29–րդ էջի վրա]
Հիսուսը ցույց տվեց, որ մահից ազատվելու միջոցը հարությունն է։
[նկար 31–րդ էջի վրա]
«Ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Յովհաննէս 11։26)։