Լսիր ներքին ձայնին
«Ազգերի մարդիկ, որ [Աստծու] օրենքը չունեն, բնությամբ օրենքի պահանջներն են կատարում» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 2։14)։
1, 2. ա) Ի՞նչ են արել շատերը հօգուտ ուրիշների։ բ) Սուրբգրային ի՞նչ օրինակներ կան, երբ մարդիկ բարություն են դրսևորել ուրիշների հանդեպ։
ՄԵՏՐՈՅԻ հարթակի վրա կանգնած մի 20–ամյա երիտասարդի մոտ էպիլեպսիայի նոպա սկսվեց, և նա ընկավ ռելսերի վրա։ Սա տեսնելով՝ մի մարդ թողեց իր փոքրիկ աղջիկներին ու ցած նետվեց։ Նա այդ երիտասարդին քաշեց ռելսերի մեջտեղը և իր մարմնով ծածկեց նրան՝ պաշտպանելով մոտեցող գնացքից, որը ճռնչալով արգելակեց նրանց գլխավերևում։ Ոմանք այդ մարդուն հերոս անվանեցին, սակայն նա ասաց. «Հարկավոր է պարզապես ճիշտ վարվել։ Ես դա արեցի՝ բարությունից մղված, և ոչ թե ճանաչում կամ փառք ստանալու նպատակով»։
2 Թերևս ճանաչում ես ինչ–որ մեկին, որը ռիսկի է դիմել ուրիշներին օգնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատերն են այդպես վարվել՝ թաքցնելով օտարականներին։ Կարելի է հիշել նաև այն դեպքը, որ պատահեց Պողոս առաքյալին և նրա հետ եղող 275 հոգուն։ Նրանք նավաբեկության ենթարկվեցին Մալթայում, որը մոտ է գտնվում Սիցիլիային։ Տեղացիները օգնության հասան օտարականներին՝ «արտասովոր մարդասիրություն ցուցաբերելով» նրանց հանդեպ (Գործեր 27։27–28։2)։ Հատկանշական է նաև իսրայելացի աղջկա դեպքը։ Նա բարություն արեց իր ասորի տիրոջը, թեև դրանով գուցե վտանգի չենթարկեց իր կյանքը (Դ Թագաւորաց 5։1–4)։ Բացի այդ, տեղին է հիշատակել բարի սամարացու մասին հռչակավոր առակը, որ պատմել է Հիսուսը։ Քահանան և ղևտացին անտեսեցին իրենց կիսամեռ ազգակցին, իսկ սամարացին ոչ մի ջանք չխնայեց նրան օգնելու համար։ Այս առակը դարեր շարունակ գրավել է ամենատարբեր ազգերի և մշակույթների մարդկանց (Ղուկաս 10։29–37)։
3, 4. Ի՞նչ կապ ունեն այլասիրության բազմաթիվ դրսևորումները էվոլյուցիոն տեսության հետ։
3 Ինչ խոսք, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում»։ Այսօր շատերը «դաժան» են և «բարեգործություն չեն սիրում» (2 Տիմոթեոս 3։1–3)։ Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր բարի գործեր են անում։ Ուրիշներին օգնելու հակումը, նույնիսկ անձնական շահերի հաշվին, բավականին տարածված է։ Ոմանք դա պարզապես անվանում են «մարդկայնություն», «մարդկային վերաբերմունք»։
4 Նույնիսկ անձնական շահերի հաշվին օգնելու ցանկությունը նկատվում է բոլոր ազգերում և մշակույթներում ու հակառակ է այն պնդմանը, թե մարդը զարգացել է ջունգլիների օրենքով, այսինքն՝ «կենդանի է մնում ուժեղագույնը»։ Ծագումնաբան Ֆրանսիս Քոլինսը, որը Միացյալ Նահանգների կառավարության հովանու ներքո ղեկավարել է մարդու գենոմը (ԴՆԹ) վերծանելու աշխատանքները, ասաց. «Անշահախնդիր այլասիրությունը էվոլյուցիոնիստի համար մեծ պրոբլեմ է.... Դա չի կարող բացատրվել նրանով, որ եսասեր գեները ձգտում են պահպանել իրենց գոյությունը»։ Քոլինսը նաև նշեց. «Որոշ մարդիկ իրենց անձը զոհում են հանուն նրանց, ովքեր չեն պատկանում իրենց խմբին, ում հետ նրանք բացարձակապես ընդհանրություն չունեն.... Թվում է՝ դարվինիզմով հնարավոր չէ բացատրել այլասիրությունը»։
«Խղճի ձայնը»
5. Ի՞նչն է հաճախ մարդկանց մղում այլասիրություն դրսևորելու։
5 Դոկտոր Քոլինսը առանձնացնում է այլասիրության մի երեսակ. «Խղճի ձայնը կոչ է անում մեզ օգնել մարդկանց, անգամ եթե դրա դիմաց ոչինչ չենք ստանալու»։a «Խիղճ» բառը մեզ հիշեցնում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ամեն անգամ, երբ ուրիշ ազգերի մարդիկ, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի պահանջներն են կատարում, այդ մարդիկ, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր ցույց են տալիս, որ օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում, մինչ իրենց խիղճը իրենց հետ միասին վկայություն է տալիս, և իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են, կա՛մ նույնիսկ արդարանում» (Հռոմեացիներ 2։14, 15)։
6. Ինչո՞ւ են բոլորը հաշվետու Արարչին։
6 Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը ցույց տվեց, որ մարդիկ հաշվետու են Աստծուն, որովհետև ակնհայտորեն տեսնում են նրա գոյությունն ու հատկությունները։ Դա այդպես է եղել «աշխարհի արարումից ի վեր» (Հռոմեացիներ 1։18–20; Սաղմոս 19։1–4)։ Ճիշտ է, շատերն անտեսում են իրենց Արարչին և անբարո կյանք վարում։ Բայց Աստծու կամքն է, որ մարդիկ գնան իր արդար ճանապարհներով, դադարեն վատ գործեր անելուց և զղջան (Հռոմեացիներ 1։22–2։6)։ Հրեաները բոլոր հիմքերն ունեին այդպես վարվելու. չէ՞ որ Մովսեսի միջոցով նրանց տրվել էր Աստծու Օրենքը։ Այնուհանդերձ, նույնիսկ այն ազգերը, ովքեր չունեին «Աստծու սրբազան պատգամները», պետք է ընդունեին Աստծու գոյությունը (Հռոմեացիներ 2։8–13; 3։2)։
7, 8. Որքա՞ն հաճախ է դրսևորվում արդարության զգացումը, և ի՞նչ է դա վկայում։
7 Ճշտի ու սխալի ներքին զգացողությունը համոզիչ պատճառ է, որ բոլոր մարդիկ ընդունեն Աստծուն և վարվեն համապատասխանաբար։ Արդարության զգացումը փաստում է, որ մենք խիղճ ունենք։ Պատկերացնենք հետևյալը։ Մի քանի երեխա հերթ են կանգնել՝ ճոճանակ նստելու համար։ Հանկարծ մի երեխա գալիս է և ուզում է առանց հերթի ճոճանակ նստել։ Շատերն իսկույն ասում են. «Դա արդարացի չէ»։ Իսկ հիմա հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ են երեխաները ինքնաբերաբար արդարության զգացում դրսևորում»։ Դա վկայում է, որ նրանք բարոյականի ներքին զգացողություն ունեն։ Պողոսը գրում է. «Ամեն անգամ, երբ ուրիշ ազգերի մարդիկ, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի պահանջներն են կատարում»։ Նա չի ասում «երբեմն» կամ «երբ որ», կարծես թե խոսքը հազվադեպ կատարվող բանի մասին է։ Այլ ասում է «ամեն անգամ»՝ նկատի ունենալով մի բան, որը հաճախ է կատարվում։ Այսինքն՝ մարդիկ «բնությամբ օրենքի պահանջներն են կատարում» այն իմաստով, որ նրանք բարոյականի ներքին զգացողությամբ են մղվում վարվելու Աստծու գրավոր օրենքի համաձայն։
8 Բարոյականի նման զգացողությունը նկատվում է աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Քեմբրիջի համալսարանի մի պրոֆեսոր նշում է, որ ըստ բաբելոնացիների, եգիպտացիների, հույների, նաև ավստրալիական աբորիգենների և ամերիկացի բնիկների չափանիշների՝ «դատապարտելի էին համարվում կեղեքումը, սպանությունը, դավաճանությունը, կեղծիքը և խրախուսվում էր բարությունը տարեցների, երեխաների և թույլերի հանդեպ»։ Իսկ դոկտոր Քոլինսը գրում է. «Ճշտի ու սխալի ընկալումը գոյություն ունի ամեն տեսակի մարդկանց մեջ»։ Մի՞թե սա չի հիշեցնում մեզ Հռոմեացիներ 2։14 համարը։
Ինչպե՞ս է գործում քո խիղճը
9. Ի՞նչ է խիղճը, և ինչպե՞ս կարող է այն օգնել նախքան որևէ քայլ կատարելը։
9 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ խիղճը սեփական արարքները դիտելու և գնահատելու ներքին ունակությունն է։ Դա կարծես մեր միջից եկող մի ձայն է, որն ասում է՝ այսինչ արարքը ճիշտ է կամ սխալ։ Պողոսը նշեց, որ իր մեջ այդպիսի ձայն կա. «Իմ խիղճը վկայություն է տալիս ինձ հետ սուրբ ոգով» (Հռոմեացիներ 9։1)։ Օրինակ՝ այդ ձայնը կարող է խոսել, նախքան դու որևէ որոշում կկայացնես։ Խիղճդ կարող է օգնել քեզ ճիշտ կողմնորոշվել՝ անե՞լ տվյալ քայլը, թե՝ ոչ, և պատկերացնել, թե ինչ կզգաս դա անելուց հետո։
10. Ինչպե՞ս է խիղճը հաճախ գործում։
10 Սակայն ավելի հաճախ խիղճը սկսում է խոսել այն ժամանակ, երբ անհատն արդեն ինչ–որ բան արել է։ Օրինակ՝ Դավիթը փախուստի մեջ էր և հնարավորություն ունեցավ Սավուղի՝ Աստծու օծյալ թագավորի հանդեպ ոչ հարգալից կերպով վարվելու։ Նա այդպես էլ արեց։ Սակայն դրանից հետո «Դավթի սիրտը զղջաց» (ԱԱ) (Ա Թագաւորաց 24։2–6; Սաղմոս 32։3, 5)։ Ճիշտ է, «խիղճ» բառն այստեղ չի օգտագործվում, բայց Դավթի մեջ հենց նրա խիղճը խոսեց։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է խղճի խայթը։ Արել ենք մի այնպիսի բան, որի համար հետո անհանգստացել ենք։ Օրինակ՝ որոշ մարդիկ, ովքեր չեն վճարել հարկերը, սկսել են այնքան տանջվել խղճի խայթից, որ ի վերջո վճարել են դրանք։ Խիղճը ոմանց էլ մղել է խոստովանելու իրենց կողակցին, որ դավաճանել են նրան (Եբրայեցիներ 13։4)։ Սակայն երբ անհատն իր խղճի համաձայն է վարվում, նա բավարարվածություն և ներքին խաղաղություն է զգում։
11. Ինչո՞ւ է վտանգավոր առաջնորդվել զուտ խղճի թելադրանքով։ Բացատրի՛ր օրինակով։
11 Հարց է առաջանում. կարո՞ղ ենք առաջնորդվել զուտ խղճով, այսինքն՝ ամեն բան անենք այնպես, ինչպես մեր խիղճն է թելադրում։ Իհարկե, լավ է, երբ լսում ենք խղճի ձայնին։ Այդուհանդերձ, այդ ձայնը կարող է մոլորության մեջ գցել մեզ։ Այո՛, «մեր ներքին մարդը» կարող է սխալ առաջնորդություն տալ (2 Կորնթացիներ 4։16)։ Քննենք մի օրինակ։ Աստվածաշնչում պատմվում է Ստեփանոսի՝ Քրիստոսի ջերմեռանդ հետևորդներից մեկի մասին, որը «լցված էր բարությամբ և զորությամբ»։ Մի քանի հրեաներ Ստեփանոսին դուրս հանեցին Երուսաղեմից և քարկոծելով սպանեցին։ Սողոսը (որը հետագայում դարձավ Պողոս առաքյալ) այդ ժամանակ կանգնած էր նրանց կողքին և «հավանություն էր տալիս Ստեփանոսի սպանությանը»։ Թվում է՝ այդ հրեաները լիովին համոզված էին, որ իրենք ճիշտ են վարվում. նրանց խիղճը չէր անհանգստացնում իրենց։ Հավանաբար այդպես էր զգում նաև Սողոսը, քանի որ այդ դեպքից հետո նա դեռ շարունակում էր «սպառնալիք ու մահ շնչել Տիրոջ աշակերտների վրա»։ Հստակ է՝ նրա խիղճը ճիշտ ձայն չէր հանում (Գործեր 6։8; 7։57–8։1; 9։1)։
12. Ո՞րն է այն գործոններից մեկը, որի ազդեցությամբ գուցե ձևավորվել է մեր խիղճը։
12 Ի՞նչ գործոնների ազդեցությամբ էր ձևավորվել Սողոսի խիղճը։ Հնարավոր է՝ նա սերտ շփում է ունեցել որոշ մարդկանց հետ։ Շատերիս հետ է պատահել, երբ հեռախոսով զրուցել ենք մի երիտասարդի հետ, ում ձայնը շատ նման է եղել նրա հոր ձայնին։ Որոշ չափով այդ ձայնը գուցե ժառանգաբար է փոխանցվել որդուն, սակայն հնչերանգի վրա թերևս ազդել է նաև հոր խոսելաձևը։ Նմանապես, Պողոսի վրա, հնարավոր է, խոր ազդեցություն էր թողել նրա սերտ շփումը այն հրեաների հետ, ովքեր ատում էին Հիսուսին և հակառակվում էին նրա ուսմունքներին (Հովհաննես 11։47–50; 18։14; Գործեր 5։27, 28, 33)։ Այո՛, ըստ ամենայնի, Սողոսի ընկերակիցները ազդեցություն էին թողել նրա խղճի՝ ներքին ձայնի վրա։
13. Ինչպե՞ս կարող է շրջապատը ձևավորել անհատի խիղճը։
13 Խիղճը կարող է նաև ձևավորվել այն մշակույթի կամ շրջապատի ազդեցության ներքո, որում մարդն ապրում է։ Դա նման է այն բանին, որ շրջապատի ազդեցությամբ անհատը ձեռք է բերում որոշակի առոգանություն կամ խոսում է բարբառով (Մատթեոս 26։73)։ Վաղեմի ասորեստանցիները թերևս այդպիսի ազդեցության տակ էին։ Նրանք աչքի էին ընկնում ռազմամոլությամբ։ Օրինակ՝ բարձրաքանդակների վրա նրանք պատկերված են գերիներին տանջելիս (Նաում 2։11, 12; 3։1)։ Հովնանի օրերում ապրող նինվեցիների մասին ասվում է, որ նրանք «չէին հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը», այսինքն՝ չունեին ճշգրիտ հասկացողություն, թե Աստծու տեսանկյունից ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Կարելի է պատկերացնել, թե նման միջավայրն ինչպես կարող էր ազդել Նինվեում մեծացող մարդու խղճի վրա (Յովնան 3։4, 5; 4։11)։ Նույն ձևով էլ այսօր շրջապատը կարող է ազդել անհատի խղճի վրա։
Բարելավենք մեր խղճի ձայնը
14. Ի՞նչ իմաստով ենք մենք Աստծու պատկերով ստեղծված։
14 Եհովան Ադամին ու Եվային տվեց խիղճ, և այդ պարգևը մենք ժառանգել ենք նրանցից։ Ծննդոց 1։27–ում նշվում է, որ մարդը ստեղծված է Աստծու պատկերով։ Դա չի նշանակում, որ մենք ֆիզիկապես նման ենք Աստծուն, քանի որ նա ոգեղեն է, իսկ մենք միս ու արյունից ենք։ Մենք Աստծու պատկերով ենք ստեղծված այն իմաստով, որ օժտված ենք նրա հատկություններով, այդ թվում նաև բարոյականի ներքին զգացողությամբ՝ խղճով։ Այս իրողությունը ցույց է տալիս, որ կարող ենք կրթել մեր խիղճը և այն ավելի վստահելի դարձնել։ Այսինքն՝ պետք է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերենք Ստեղծչի մասին և մտերմանանք նրա հետ։
15. Ի՞նչ օգուտ կստանանք, եթե ճանաչենք մեր երկնային Հորը։
15 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան որոշ իմաստով մեր բոլորիս Հայրն է (Եսայիա 64։8)։ Հավատարիմ քրիստոնյաները, անկախ նրանից՝ հույս ունեն ապրելու երկնքում, թե երկրային դրախտում, կարող են դիմել Աստծուն որպես Հոր (Մատթեոս 6։9)։ Մենք պետք է ձգտենք հնարավորին չափ մտերմանալ մեր երկնային Հոր հետ. այդպիսով նրա տեսակետներն ու չափանիշները մերը կդարձնենք (Հակոբոս 4։8)։ Այսօր շատերը չեն ցանկանում դա անել։ Վերջիններս նման են այն հրեաներին, որոնց մասին Հիսուսն ասաց. «Դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել, ո՛չ էլ նրա կերպարանքն եք տեսել, և նրա խոսքը չի մնում ձեզանում» (Հովհաննես 5։37, 38)։ Մենք բառացիորեն չենք լսում Աստծու ձայնը, սակայն կարող ենք ունենալ նրա «խոսքը մեզանում», և դրանով իսկ նմանվել նրան ու զգալ նրա պես։
16. Հովսեփի պատմությունից ինչպե՞ս է երևում, որ հարկավոր է մարզել խիղճը և ականջ դնել նրա ձայնին։
16 Հետաքրքիր է Հովսեփի պատմությունը։ Նա ապրում էր Պետափրեսի տանը։ Վերջինիս կինը փորձում էր հրապուրել երիտասարդին։ Հովսեփի ժամանակներում Աստվածաշնչի ոչ մի գիրք դեռ չէր գրվել, և Տասը պատվիրանները դեռ գոյություն չունեին։ Նա այդ կնոջը պատասխանեց. «Ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (Ծննդոց 39։9)։ Հովսեփն այդպես արձագանքեց ոչ այն նպատակով, որ իր ընտանիքի անդամներին հաճեցներ. նրանք հեռու էին ապրում։ Նրան ամենից շատ հետաքրքրում էր Աստծուն հաճելի լինելը։ Հովսեփը գիտեր ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշը. մեկ կնոջը՝ մեկ տղամարդ, և երկուսը «մէկ մարմին» են։ Հավանաբար, նա լսել էր, թե ինչպես արձագանքեց Աբիմելեքը՝ իմանալով, որ Ռեբեկան ամուսնացած է։ Աբիմելեքը գիտեր, որ սխալ է վերջինիս վերցնել որպես կին. դա իր ժողովրդի վրա մեղք կբերեր։ Եհովան դեպքերի ընթացքն առաջնորդեց այնպես, որ ամեն ինչ լավ վերջացավ։ Այդպիսով նա ցույց տվեց իր վերաբերմունքը շնության հանդեպ։ Այս ամենն իմանալը թերևս է՛լ ավելի նպաստեց, որ Հովսեփն ականջ դնի իր խղճի ձայնին ու մերժի սեռական անբարոյությունը (Ծննդոց 2։24; 12։17–19; 20։1–18; 26։7–14)։
17. Ինչո՞ւ մենք ավելի շատ հնարավորություններ ունենք նմանվելու Աստծուն, քան Հովսեփը։
17 Ինչ խոսք, մենք Հովսեփից շատ ավելի լավ վիճակում ենք։ Մենք ունենք ամբողջական Աստվածաշունչը։ Նրա օգնությամբ կարող ենք իմանալ, թե ինչ մտածելակերպ և զգացմունքներ ունի մեր երկնային Հայրը, ինչին է նա հավանություն տալիս և ինչն է արգելում։ Որքան ավելի շատ ենք ուսումնասիրում Գրությունները, այնքան ավելի ենք մտերմանում Աստծու հետ և նմանվում նրան։ Եթե այդպես ենք վարվում, ապա մեր խղճի ձայնն ավելի ու ավելի է արտացոլում մեր Հոր մտածելակերպը, ավելի ու ավելի է համապատասխանում նրա կամքին (Եփեսացիներ 5։1–5)։
18. Չնայած անցյալին՝ ի՞նչ կարող ենք անել մեր խղճի ձայնը բարելավելու և այն վստահելի դարձնելու համար։
18 Ի՞նչ ազդեցություն է թողնում շրջապատը անհատի խղճի վրա։ Մեր խղճի վրա կարող են ազդած լինել հարազատների մտածելակերպն ու գործելակերպը և ընդհանրապես այն միջավայրը, որում մեծացել ենք։ Դրա պատճառով այն այսօր գուցե չի կարողանում բավականաչափ ուժգնորեն ձայն հանել, կամ էլ այդ ձայնը աղավաղված է դուրս գալիս. մեր խիղճը «խոսում» է շրջապատի «առոգանությամբ»։ Իհարկե, չենք կարող փոխել մեր անցյալը, սակայն կարող ենք վճռական լինել ընտրելու այնպիսի ընկերներ ու միջավայր, որոնք դրականորեն կազդեն մեր խղճի վրա։ Կարևորը աստվածանվեր քրիստոնյաների հետ մշտապես շփվելն է. նրանք արդեն վաղուց ջանում են նմանվել իրենց Հորը։ Մենք հրաշալի հնարավորություն ունենք շփվելու նրանց հետ ժողովի հանդիպումներին, ինչպես նաև դրանցից առաջ և հետո։ Կարող ենք նկատել, որ նրանց մտածելակերպն ու վերաբերմունքը հիմնված են Աստվածաշնչի վրա, և որ նրանք պատրաստ են լսելու իրենց խղճի ձայնին, որն արտացոլում է Եհովայի տեսակետները ճշտի ու սխալի վերաբերյալ։ Ժամանակի ընթացքում այս ամենը կօգնի մեզ ներդաշնակեցնել մեր խիղճը Աստվածաշնչի սկզբունքներին։ Այդպիսով ավելի կնմանվենք Աստծուն։ Երբ մեր խղճի ձայնը համապատասխանեցնում ենք մեր Հոր սկզբունքներին և սովորում ենք հավատակիցներից, այն ավելի վստահելի է դառնում, և մենք ավելի ենք հակված լինում լսելու նրա ձայնին (Եսայիա 30։21)։
19. Ուշադրության արժանի ուրիշ ի՞նչ հարցեր կան խղճի հետ կապված։
19 Այնուամենայնիվ, ոմանք մշտական պայքար են մղում, որ հետևեն իրենց խղճի առաջնորդությանը։ Հաջորդ հոդվածում կքննարկենք որոշ իրավիճակներ, որոնց մեջ հայտնվում են քրիստոնյաները։ Դրանք ուսումնասիրելով՝ մենք ավելի հստակ կհասկանանք խղճի դերը մեր կյանքում, նաև թե ինչու է մեկի խիղճը տարբերվում մյուսի խղճից, և թե ինչ կարող ենք անել, որ ավելի ընկալունակ լինենք մեր խղճի ձայնի հանդեպ (Եբրայեցիներ 6։11, 12)։
[ծանոթագրություն]
a Հարվարդի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Օուեն Գինգրիչը գրեց. «Այլասիրությունն իսկապես առաջացնում է մի հարց.... որին չի կարելի գիտական պատասխան տալ՝ հիմնվելով կենդանական աշխարհի ուսումնասիրության վրա։ Թերևս այդ հարցի պատասխանը ավելի համոզիչ լինի, եթե այն փնտրենք ուրիշ ոլորտում, և որը կապ ունենա աստվածատուր հատկությունների՝ մարդկայնության հետ, որոնց մեջ մտնում է նաև խիղճը»։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչո՞ւ բոլոր մշակույթների մարդիկ ունեն ճշտի և սխալի զգացողություն, այսինքն՝ խիղճ։
• Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ չառաջնորդվենք զուտ խղճի թելադրանքով։
• Ի՞նչ կերպերով կարող ենք բարելավել մեր ներքին ձայնը։
[նկար 23–րդ էջի վրա]
Դավիթը խղճի խայթ զգաց...
[նկար 23–րդ էջի վրա]
այնինչ նույնը չէր կարելի ասել տարսոնացի Սողոսի մասին
[նկար 24–րդ էջի վրա]
Մենք կարող ենք կրթել մեր խիղճը