Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 8/1 էջ 9–14
  • Օգնում ենք մարդկանց մոտենալ Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնում ենք մարդկանց մոտենալ Եհովային
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեր քարոզչության նպատակը
  • Մեր դերը Եհովայի գործում
  • Ո՞ւմ է Եհովան իրեն մոտեցնում
  • Աստծո համագործակիցներ
  • Շինություն, որը կանգուն կմնա
  • Սեր «սերմանեք» Աստծո և Քրիստոսի հանդեպ
  • Լուրը, որ պետք է հռչակենք
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Կդիմանա՞ աշխատանքդ կրակին
    1998 Դիտարան
  • Եհովայի հետ մտերիմ մնա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
1999 Դիտարան
w99 8/1 էջ 9–14

Օգնում ենք մարդկանց մոտենալ Եհովային

«Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով» (Յովհաննէս 14։6)։

1. Ի՞նչ պատվիրան տվեց հարուցված Հիսուսն իր աշակերտներին, և ի՞նչ արդյունքների են հասել Եհովայի վկաները՝ այդ պատվիրանին հնազանդվելով։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ պատվիրեց իր հետեվորդներին ‘աշակերտ դարձնել բոլոր ազգերին, նրանց մկրտել Հոր, Որդու և սուրբ հոգու անունով’ (Մատթէոս 28։19)։ Վերջին տասը տարիների ընթացքում Եհովայի վկաները ավելի քան երեք միլիոն անհատների օգնել են մոտենալ Աստծուն և մկրտել են նրանց ի նշան իրենց նվիրման և Աստծո կամքը կատարելու։ Որքա՜ն ուրախ ենք օգնել այդպիսի անհատներին մոտենալ Աստծուն (Յակոբոս 4։8)։

2. Շատ նորեկների մկրտվելու հետ մեկտեղ ի՞նչ երևույթ է դիտվում։

2 Շատ երկրներում բավականին մեծ թվով նոր աշակերտներ են մկրտվել, բայց, չնայած դրան, Թագավորության քարոզիչների թիվը համապատասխանորեն չի աճել։ Իհարկե, այս հաշվարկի մեջ չեն մտնում մահացածները (տարեկան մահացությունը կազմում է մեկ տոկոս)։ Բանն այն է, որ անցած մի քանի տարիների ընթացքում մեծ թվով անհատներ այս կամ այն պատճառներով ետ են կանգնել ճշմարտությունից։ Իսկ ինչո՞ւ։ Այս և հաջորդ հոդվածներում կքննարկենք, թե ինչ մղումներից ելնելով են մարդիկ մոտենում Եհովային, և ինչ պատճառներով ոմանք ետ են կանգնում ճշմարտությունից։

Մեր քարոզչության նպատակը

3. ա) Ի՞նչ նմանություն կա Հիսուսի աշակերտներին հանձնարարված առաքելության և Յայտնութիւն 14։6–ում նկարագրված հրեշտակի առաքելության միջև։ բ) Ո՞րն է Թագավորության ավետիսի հանդեպ մարդկանց հետաքրքրությունն արթնացնելու ամենաարդյունավետ կերպը, սակայն, միևնույն ժամանակ, ի՞նչ խոչընդոտ է առկա։

3 Հիսուսի աշակերտներին հանձնարարված է այս «վերջին ժամանակում» «արքայութեան աւետարանի» «գիտութիւնը» տարածել (Դանիէլ 12։4; Մատթէոս 24։14)։ Նրանց առաքելության նպատակը նույնն է, ինչ որ «Յայտնութիւն» գրքում նկարագրված հրեշտակինը, «որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին» (Յայտնութիւն 14։6)։ Երկրային ցանկություններով ողողված այս աշխարհում Աստծո Թագավորության հանդեպ մարդկանց հետաքրքրությունն արթնացնելու և նրանց դեպի Եհովան բերելու ամենաարդյունավետ կերպը դրախտ–​երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորության մասին պատմելն է։ Բայց նրանք, ովքեր ընկերակցում են Աստծո ժողովրդի հետ սոսկ իրենց մուտքը դեպի Դրախտ ապահովելու մտադրությամբ, կյանքի առաջնորդող նեղ ճանապարհի վրա հոգևոր առումով կայուն չեն կանգնած (Մատթէոս 7։13, 14)։

4. Հիսուսի և երկնքում թռչող հրեշտակի խոսքերի համաձայն՝ ո՞րն է մեր քարոզչական գործունեության նպատակը։

4 Հիսուսն ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Երկնքում թռչող հրեշտակը «յաւիտենական աւետիս» է հռչակում և երկրի բնակիչներին ազդարարում է. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ երկրպագեցէ՛ք երկնքի եւ երկրի եւ ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին» (Յայտնութիւն 14։7)։ Այս խոսքերից տեսնում ենք, որ ավետարանի քարոզչության բուն նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մոտենան Եհովային։

Մեր դերը Եհովայի գործում

5. Պողոսի և Հիսուսի ո՞ր խոսքերից է երևում, որ մեր կատարած գործը ոչ թե մեզ, այլ Աստծուն է պատկանում։

5 Գրելով իր օծյալ քրիստոնյա հավատակիցներին՝ Պողոսը խոսում է «հաշտութեան պաշտօնի» մասին, որ Աստված մարդկանց իր հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ։ Պողոսը գրում է. «Որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտուէք Աստծու հետ»։ Ինչպիսի՜ ջերմ խոսքեր։ Անկախ այն բանից՝ Քրիստոսի օծյալ դեսպանների շարքին ենք պատկանում, թե՝ երկրային հույս ունեցող պատվիրակների, ամեն դեպքում, երբեք չպետք է մոռանանք, որ մեր կատարած գործը Եհովայինն է, և ոչ թե՝ մերը (Բ Կորնթացիս 5։18—20)։ Իրականում Աստված է մարդկանց մոտեցնում իրեն և նա է ուսուցանում դեպի Քրիստոսը եկողներին։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ։ Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ» (Յովհաննէս 6։44, 45)։

6. Ինչպե՞ս է Եհովան նախապես ցնցում ազգերը, և, դրան զուգահեռ, ովքե՞ր են ապաստան գտնում իր երկրպագության «տան» մեջ։

6 Ինչպե՞ս է Եհովան այս վերջին օրերում մարդկանց իրեն մոտեցնում և նրանց առջև «հաւատի դուռը» բաց անում (Գործք 14։26; Բ Տիմոթէոս 3։1)։ Հիմնականում իր Վկաներին զորացնելու միջոցով, որպեսզի հռչակեն փրկության և իրերի այս չար համակարգի վրա գալիք դատաստանի լուրը (Եսայիա 43։12; 61։1, 2)։ Համաշխարհային այս քարոզը ցնցում է ազգերին և որպես նախազգուշացում հնչում այն դատաստանի, որը շուտով գալու է նրանց վրա։ Միևնույն ժամանակ, Աստծո աչքերում ‘ցանկալի’ մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս իրերի ներկա համակարգից և ապահովություն գտնում նրա ճշմարիտ երկրպագության «տան» մեջ։ Այս իրականությունը հրաշալի կատարումն է Անգե մարգարեի միջոցով Եհովայի հաղորդած խոսքերի, թե՝ «կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը. եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով» (Անգէ 2։6, 7; Յայտնութիւն 7։9, 15)։

7. Ինչպե՞ս է Եհովան բացում մարդկանց սրտերը և նրանց դեպի իրեն և իր Որդին բերում։

7 Եհովան բացում է այս աստվածավախ անհատների՝ ‘բոլոր ազգերի ցանկալիքների [«ընտրյալների», Հրեական հրատարակչական ընկերություն]’ սրտերը, որ անսան իր Վկաների խոսքերին (Անգէ 2։7; Գործք 16։14)։ Ինչպես առաջին դարում, այսօր էլ Եհովան երբեմն դիմում է իր հրեշտակների օգնությանը, որպեսզի առաջնորդի իր Վկաներին իրենից օգնություն աղերսող անկեղծ մարդկանց մոտ (Գործք 8։26—31)։ Իրենց հերթին, տեղեկանալով այն հոյակապ գործերի մասին, որ Աստված կատարել է իրենց համար իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, մարդիկ, Եհովայի հանդեպ սիրուց մղված, գալիս են դեպի նա (Ա Յովհաննէս 4։9, 10)։ Այո՛, Աստված մարդկանց դեպի իրեն և իր Որդին է բերում իր «ողորմության», «հավատարիմ սիրո» միջոցով (Երեմիա 31։3, տեսե՛ք նաև ՆԱ–ի տողատակի ծանոթագրությունը)։

Ո՞ւմ է Եհովան իրեն մոտեցնում

8. Ո՞ր հատկություններով օժտված մարդկանց է Եհովան դեպի իրեն բերում։

8 Եհովան դեպի իրեն և իր Որդին է բերում բոլոր նրանց, ովքեր փնտրում են Աստծուն (Գործք 17։27)։ Այդ մարդկանց թվին են պատկանում նրանք, ովքեր «հառաչում եւ ողբում են նորա [քրիստոնեական աշխարհի և ընդհանրապես ամբողջ աշխարհի] միջումն արած բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։ Նրանք գիտակցում են իրենց հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3)։ Այդ անհատները «երկրի խոնարհներն» են, որոնք կարող են հավիտյան ապրել Դրախտ–​երկրում (Սոփոնիա 2։3)։

9. Ինչպե՞ս է Եհովան տեսնում նրանց, «ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», և ինչպե՞ս է նրանց իրեն մոտեցնում։

9 Եհովան է մարդկանց սրտերը կարդացողը։ Այդ մասին են վկայում Դավիթ թագավորի՝ իր որդի Սողոմոնին ուղղված խոսքերը. «Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից» (Ա Մնացորդաց 28։9)։ Մարդու սիրտը և նրա ներքին տրամադրվածությունը տեսնելով՝ Եհովան նախօրոք գիտի՝ մեղքերի թողությանը և արդար, նոր համակարգում հավիտյան ապրելու հույսին վերաբերող իր կարգադրություններն արձագանք կգտնե՞ն արդյոք տվյալ անձնավորության սրտում, թե՝ ոչ (Բ Պետրոս 3։13)։ Վկաների կողմից քարոզվող իր Խոսքի միջոցով Եհովան իրեն և իր Որդուն է մոտեցնում նրանց, ովքեր հավատում են իրեն և «ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործք 13։48, ՆԱ)։

10. Ինչի՞ց է երևում, որ Եհովայի կողմից մարդկանց ընտրվելը կամ չընտրվելը նախասահմանում չէ։

10 Արդյո՞ք այն հանգամանքը, որ Եհովան է մարդկանց ընտրում դեպի իրեն բերելու համար, խոսում է նախասահմանման մասին։ Ոչ մի դեպքում։ Մարդկանց դեպի իրեն բերելը կախված է այդ անհատների ցանկությունից։ Աստված հարգում է նրանց ազատ կամքը։ Այսօր Եհովան մարդկության առջև դնում է այն նույն ընտրությունը, որը նա ավելի քան 3 000 տարի առաջ Մովսեսի միջոցով դրեց իսրայելացիների առջև. «Ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը.... Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը» (Բ Օրինաց 30։15—20)։

11. Ի՞նչ պետք է անեին իսրայելացիները, որպեսզի կյանքն ընտրեին։

11 Ուշադրություն դարձրեցի՞ք այն բանի վրա, որ իսրայելացիները պետք է կյանքն ընտրեին՝ ‘Եհովային սիրելով, նրա ձայնին լսելով և նրան հարելով’։ Երբ այս խոսքերը հնչեցին Մովսեսի կողմից, իսրայելացիները դեռ չէին մտել Ավետյաց երկիր։ Նրանք Մովաբի դաշտերում էին, պատրաստվում էին անցնել Հորդանան գետն ու մտնել Քանանի երկիրը։ Բնականաբար, նրանք երազում էին այն «լաւ ու լայնարձակ երկրի», «կաթ ու մեղր բղխող երկրի» մասին, որը շուտով պետք է ստանային, սակայն նրանց իղձերի իրականացումը կախված էր Եհովայի հանդեպ ունեցած սիրուց, նրա ձայնին լսելուց և նրան հարելուց (Ելից 3։8)։ Մովսեսը սա ավելի պարզեցված ասաց. «Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ’ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ’օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար» (Բ Օրինաց 30։16, ԷԹ)։

12. Ի՞նչ պետք է մեզ հուշի իսրայելացիների օրինակը քարոզչական գործունեության և ուսուցանելու մասին։

12 Մի՞թե վերոհիշյալ խոսքերը ոչինչ չեն հուշում մեզ այս վերջին օրերին մեր քարոզչական գործունեության և ուսուցանելու մասին։ Մեր մտքերն ուղղված են դեպի գալիք Դրախտ–​երկիրը և բնական է, որ ծառայության ժամանակ մարդկանց հետ զրուցում ենք հենց այդ հարցի շուրջը։ Սակայն, եթե ծառայում ենք Աստծուն եսասիրական միտումներից դրդված, ապա ո՛չ մենք, ո՛չ էլ մեր աշակերտները ականատես չենք դառնա այդ խոստումի իրականացմանը։ Իսրայելացիների նման, մենք էլ մեր աշակերտների հետ միասին պետք է սովորենք ‘սիրել Եհովային, լսել նրա ձայնին և հարել նրան’։ Իսկ մարդկանց դեպի իրեն բերելու գործում Աստծո համագործակիցները կհամարվենք միայն այն դեպքում, եթե մեր ծառայությունը կատարելիս միշտ մեր մտքում պահենք այս խոսքերը։

Աստծո համագործակիցներ

13, 14. ա) Ինչպե՞ս ենք Աստծո համագործակիցները դառնում՝ համաձայն Ա Կորնթացիս 3։5—9 խոսքերի։ բ) Ո՞ւմ աշխատանքի արդյունքն է Թագավորության քարոզիչների թվի աճը, և ինչո՞ւ է փառքը նրան պատկանում։

13 Պողոսը ներկայացրեց Աստծո հետ համագործակցությունը՝ բերելով այգի մշակելու օրինակը. «Ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը,— գրեց նա,— պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։ Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի. որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք» (Ա Կորնթացիս 3։5—9)։

14 Որպես Աստծո համագործակիցներ՝ մենք հավատարմորեն պետք է «ցանենք» «արքայութեան խօսքը» մարդկանց սրտերում, որից հետո լավ նախապատրաստված վերայցելությունների և Աստվածաշնչի ուսումնասիրությունների միջոցով «ջրենք» նույնիսկ չնչին հետաքըրքրությունը, որ կդրսևորեն մարդիկ։ Եթե «հողը», այսինքն՝ սիրտը, «բերրի» է, Եհովան կկատարի իր բաժին աշխատանքը՝ Աստվածաշնչի ճշմարտության «սերմը» նրա մեջ աճեցնելով ու դարձնելով արդյունավետ մի «բույս» (Մատթէոս 13։19, 23)։ Նա այդ անհատին դեպի իրեն և իր Որդին կբերի։ Հետևաբար, Թագավորության քարոզիչների թվի ներկայիս աճը, վերջին հաշվով, Եհովայի կատարած աշխատանքի արդյունքն է. նա, աճեցնելով ճշմարտության «սերմը», այդ մարդկանց բերում է դեպի իրեն և իր Որդին։

Շինություն, որը կանգուն կմնա

15. Ի՞նչ օրինակ է բերում Պողոսը, որպեսզի ցույց տա, թե ինչպե՛ս պետք է օգնել մարդկանց՝ իրենց մեջ հավատ զարգացնելու։

15 Մենք անչափ ուրախ ենք քարոզիչների գնալով աճող թվի համար և սրտանց ցանկանում ենք, որ մարդիկ շարունակեն սիրել Եհովային, լսել նրա «ձայնը» և հարել նրան։ Ինչ խոսք, ցավալի է, երբ ոմանք «սառում» են և ետ կանգնում ճշմարտությունից։ Ի վիճակի՞ ենք արդյոք կանխել դա։ Իր հաջորդ օրինակում Պողոսը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգնել մարդկանց, որպեսզի իրենց մեջ հավատ զարգացնեն։ Ահա թե ինչ է նա գրում. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։ Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի» (Ա Կորնթացիս 3։11—13)։

16. ա) Ի՞նչ տարբերություն գոյություն ունի Պողոսի բերած երկու օրինակների միջև։ բ) Ո՞ր դեպքում մեր կատարած աշխատանքի արդյունքը անբավարար կլինի և չի դիմանա կրակին։

16 Այգու մասին առակում Պողոսը ցույց է տալիս, որ բույսի աճը կախված է ցանողի բարեխիղճ վերաբերմունքից, կանոնավորաբար ջրելուց և, իհարկե, Աստծո օրհնությունից։ Առաքյալի հաջորդ օրինակը երևան է բերում աճմանը նպաստող մեկ այլ գործոն՝ թե իր կառույցի որակյալ լինելու հարցում ինչ պատասխանատվություն է կրում քրիստոնյան։ Արդյոք ամո՞ւր է իր դրած շինության հիմքը, վստա՞հ է, որ պիտանի հումք է օգտագործել։ Պողոսն ազդարարում է. «Իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում» (Ա Կորնթացիս 3։10)։ Դրախտում հավիտենական կյանքի հույսի մասին պատմելուց և տվյալ անձնավորության մեջ հետաքրքրություն արթնացնելուց հետո մեր ուսումնասիրությունը ինչի՞ վրա ենք կենտրոնացնում. միայն Աստվածաշնչի հիմնական ուսուցումների՞՝ շեշտը գլխավորապես դնելով այն բանի վրա, թե ի՛նչ պետք է նա անի հավիտենական կյանք ստանալու համար։ Մեր ուսուցանումը հիմնականում հետևյալ կե՞րպ է ընթանում. «Եթե ուզում եք հավիտյան ապրել Դրախտում, պետք է ուսումնասիրեք Աստվածաշունչը, հաճախեք ժողովի հանդիպումներին և մասնակցեք քարոզչական գործունեությանը»։ Եթե սա համապատասխանում է ճշմարտությանը, ապա այդ մարդու հավատը ամուր հիմքերի վրա չենք դնում, և մեր կառուցածը փորձությունների «կրակին» երկար չի դիմանա։ Դրախտային կյանքի հույսի և դրա դիմաց մի քանի տարի Աստծուն ծառայելու գաղափարն օգտագործելով՝ մարդկանց դեպի Եհովան բերելը նույնն է, ինչ շինարարության մեջ «փայտ, խոտ, եղէգ» օգտագործելը։

Սեր «սերմանեք» Աստծո և Քրիստոսի հանդեպ

17, 18. ա) Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդու հավատը դիմանա փորձություններին։ բ) Ինչպե՞ս կարելի է օգնել մարդուն, որպեսզի Քրիստոսն «ապրի» նրա սրտում։

17 Որպեսզի հավատը կայուն լինի, այն պետք է հիմնված լինի Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովա Աստծո հետ տվյալ մարդու ունեցած անձնական փոխհարաբերությունների վրա։ Քանի որ անկատար ենք, Աստծո հետ խաղաղ փոխհարաբերություններ կարող ենք ունենալ միայն իր Որդու միջոցով (Հռովմայեցիս 5։10)։ Հիշենք Հիսուսի խոսքերը. «Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով»։ Օգնելով մարդկանց հավատ զարգացնել՝ «ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է»։ Իսկ ի՞նչ է դրա մեջ մտնում (Յովհաննէս 14։6; Ա Կորնթացիս 3։11)։

18 Հիսուսին որպես հիմք դնել, և այդ հիմքի վրա մարդու հավատը կառուցել նշանակում է այնպես դասավանդել, որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրող անհատը Հիսուսի հանդեպ խորը սեր զարգացնի իր սրտում նրա՝ որպես Փրկչի, ժողովի Գլխի, սրտակից Քահանայապետի և իշխող Թագավորի մասին ձեռք բերած իր ողջ գիտելիքների հիման վրա (Դանիէլ 7։13, 14; Մատթէոս 20։28; Կողոսացիս 1։18—20; Եբրայեցիս 4։14—16)։ Դա նաև նշանակում է Հիսուսին այնքան կենդանի ներկայացնել, որ նա «ապրի» մարդկանց սրտերում։ Այդ մարդկանց համար ասված մեր աղոթքները պետք է նման լինեն Եփեսոսի քրիստոնյաների համար Պողոսի խնդրանքին. «Ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ.... որպէսզի.... ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք» (Եփեսացիս 3։14—17)։

19. Ի՞նչ կպատահի, երբ մեր աշակերտների սրտում սեր «սերմանենք» Քրիստոսի հանդեպ, սակայն դրա համար ի՞նչ է հարկավոր նրանց բացատրել։

19 Եթե մենք կառուցենք այնպես, որ սերը դեպի Քրիստոսը հետզհետե աճի մեր աշակերտների սրտերում, դա, բնականաբար, սեր կառաջացնի նաև դեպի Եհովա Աստված։ Մարդկության նկատմամբ Հիսուսի տածած սերը, զգացումները, կարեկցանքը Եհովայի հատկությունների ճշգրիտ դրսևորումներն են (Մատթէոս 11։28—30; Մարկոս 6։30—34; Յովհաննէս 15։13, 14; Կողոսացիս 1։15; Եբրայեցիս 1։3)։ Ծանոթանալով Հիսուսի հետ և ապա սիրելով նրան՝ մարդիկ սկսում են ճանաչել և սիրել նաև Եհովայինa (Ա Յովհաննէս 4։14, 16, 19)։ Աստվածաշունչ ուսումնասիրողներին հարկավոր է բացատրել, որ մարդկության համար Քրիստոսի կատարած բոլոր գործերի ետևում Եհովան է կանգնած, ուստի, Նրան ենք ուղղում մեր երախտագիտությունը, Նրան ենք փառաբանում և երկրպագում, քանի որ «Աստուած է մեր փրկութիւնը» (Սաղմոս 68։19, 20; Եսայիա 12։2—5; Յովհաննէս 3։16; 5։19)։

20. ա) Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց մոտենալ Աստծուն և իր Որդուն։ բ) Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

20 Որպես Աստծո համագործակիցներ՝ եկեք օգնենք մարդկանց սեր և հավատ զարգացնել իրենց սրտերում և մոտենալ Աստծուն ու նրա Որդուն։ Շնորհիվ դրա Եհովան ավելի իրական կդառնա այդ անհատների համար (Յովհաննէս 7։28)։ Քրիստոսի միջոցով ավելի սերտ փոխհարաբերություն հաստատելով Աստծո հետ՝ նրանք կսիրեն ու կհարեն նրան։ Այդ մարդիկ իրենց ժամանակը չեն խնայի, որպեսզի Եհովային սիրով ծառայեն, քանզի կհավատան, որ Նրա հրաշալի խոստումներն իրենց ժամանակին կկատարվեն (Երեմիայի Ողբերը 3։24—26; Եբրայեցիս 11։6)։ Այնուհանդերձ, ուրիշների մեջ հավատ, հույս և սեր մշակվելուն օգնելու հետ մեկտեղ, առաջին հերթին պետք է կարողանանք զարգացնել մեր սեփական հավատը, որպեսզի ամուր նավի նման ի վիճակի լինենք դիմադրելու կործանարար «փոթորիկներին»։ Իսկ այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» գիրքը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից, մեզ ծանոթացնում է Հիսուսի և իր միջոցով նրա Հոր հետ։

Կրկնողություն

◻ Ինչպե՞ս ենք հաճախ մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնում դեպի Թագավորության լուրը, սակայն ի՞նչ վտանգ գոյություն ունի։

◻ Ինչպիսի՞ անհատների է Եհովան բերում դեպի իրեն և իր Որդին։

◻ Ինչի՞ց էր կախված իսրայելացիների մուտքը Ավետյաց երկիր, և ի՞նչ կարող ենք դրանից սովորել։

◻ Ո՞րն է մեր դերը մարդկանց դեպի Եհովան և իր Որդին բերելու հարցում։

[նկար 10–րդ էջի վրա]

Թեև մարդկանց պատմում ենք Դրախտում հավիտյան ապրելու հույսի մասին, մեր քարոզչության բուն նպատակն է մոտեցնել նրանց Եհովային։

[նկարներ 13–րդ էջի վրա]

Մեր վերայցելություններն առավել արդյունավետ կլինեն, եթե լավ նախապատրաստված լինենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը